AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՏՆՏԵՍԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 6392, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 2017 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոցենտ

Քաղաքագիտական վերլուծություն 2017 թ. համար

Տնտեսական իրավիճակը գնահատող զանազան իրավասու կազմակերպություններ հարապարակել են 2017 թ. առաջին վեց ամիսների տնտեսական իրավիճակի ցուցանիշները, որոնք հետաքրքիր նյութ են վերլուծության, ընդհանրացումների եւ տեսանելի հեռանկարի կանխատեսումների համար: Հայաստանի տնտեսության իրավիճակի իրական պատկերի իմացությունը լրացուցիչ կարեւորություն է ստանում նոր քաղաքական շրջանի նախաշեմին, որովհետեւ թե՛ շահագրգռված քաղաքական շրջանակներում, թե՛ հասարակական միջավայրում ընթացող քննարկումները մեծ մասամբ հիմնավորվելու են հենց այս տնտեսական իրողություններով: Մանավանդ որ տնտեսական իրավիճակի գնահատականը տալիս իշխանությունները հիմնվելու են այն լավատեսական կանխատեսումների վրա, որոնք թույլ են տալիս անելու անցած վեց ամսվա իրավիճակի մի ամբողջ շարք ցուցանիշներ:

Եվրասիական փորձագիտական ակումբը վերջին երկու ամիսներին ուշադրությամբ հետեւում է տնտեսական վիճակին, համեմատելով մեր ցուցանիշները ԵԱՏՄ անդամ-երկրների մասին տվյալների հետ: Մենք փորձում ենք քաղաքատնտեսական հիմնավորումներ ունեցող վերլուծությամբ պատրաստել նյութեր, որոնք քաղաքական եւ հասարակական դաշտին թույլ կտան դրանք ունենալ իրենց զինանոցում, եթե ցանկանում են լինել կոմպետենտ:

Լավատեսական կանխատեսում 2017 թ. համար

Եվրասիական տնտեսական միության տարածքի երկրների համար միջազգային հեղինակավոր բանկային, վարկային եւ վերլուծական կազմակերպությունները առաջին անգամ վերջին երեք տարում անում են լուրջ լավատեսական կանխատեսումներ: Դեռ անցյալ տարի սպասվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունում կդադարի տնտեսության անկման գործընթացը եւ երկիրը մուտք կգործի զարգացման փուլ: Բայց արդեն հուլիսին բոլորին պարզ էր, որ Ռուսաստանում տնտեսությունը կզարգանա ավելի արագ տեմպերով, քան տարվա սկզբում արված միջազգային կանխատեսումներն էին: Եթե այդ ամենը ճշմարիտ է եւ Ռուսաստանը ոտք է դնում կայուն զարգացման շրջան, ապա կարելի է կանխատեսել, որ ամենաբարվոք ազդեցությունը կունենա մեր տնտեսության համար: Մի քանի օր առաջ Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները հայտարարեցին, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը դրական ազդեցություն ունի Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի տնտեսությունների վրա: Ընդ որում, Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս այնպիսի աշխուժության նշաններ, որոնք էապես տարբերվում են հետխորհրդային տարածքի, այդ թվում թվարկված երկրների ցուցանիշներից: Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանն արձանագրում է արտահանման հետեւողական աճ: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքով այդ աճը կազմում է 21%: Եթե անցյալ, 2016 թ. մենք խոսում էինք այն մասին, որ Հայաստանից արտահանումը հասել էր պատմական մաքսիմումին, կազմելով 1,782 մլրդ. դոլար, ապա այս տարվա 6 ամիսների կտրվածքով արտահանումը կազմում է 994 մլն. դոլար: Իսկ սա նշանակում է, որ եթե արտառոց բան չպատահի, արտահանման ծավալը այս տարի կմոտենա 2 մլրդ. դոլարին: Այս ցուցանիշներից ոգեւորված մեր տնտեսական վերլուծաբանները խոսում են այն մասին, որ եթե մենք ուզում ենք ունենալ առողջ տնտեսություն, ապա արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 30%: Իսկ կառավարությունը էլ ավելի լավատես է եւ համոզված, որ կարող է հասնել նույնիսկ 40% ցուցանիշի:

Քիչ ուշ մենք կփորձենք հիմնավորել, թե ինչ սպասելիք կարելի է ունենալ արտահանման իրական խթանման գործընթացում, իսկ հիմա լոկ արձանագրենք, որ մեր արտահանման հիմնական ուղղությունները առաջին կիսամյակի արդյունքով Ռուսաստանը, Եվրոպական Միությունը, Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Վրաստանը եւ Շվեյցարիան են: Արտահանման հիմնական ապրանքներն են լեռնահանքային արդյունաբերության, սննդի արդյունաբերության արտադրանքը, թանկագին մետաղներն ու ոսկերչական արտադրանքը, ոչ թանկագին մետաղները, թեթեւ արդյունաբերության արտադրանքը: Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ամեն պատշաճ առիթով կրկնում է, որ ժամանակակից տնտեսության դեմքը եւ ուժը պատրաստի արտադրանքն է եւ դրանով է չափվում երկրի տնտեսական կենսունակությունը: Իսկ մեր պատրաստի արտադրանքի հիմնական սպառողը Ռուսաստանի Դաշնությունն է: Ընդհանրապես, եվրասիական տարածքի նշանակությունը մեզ համար գնահատելիս մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ ԵԱՏՄ շուկան է տեսանելի հեռանկարի մեջ մեր արտադրական հզորությունների ստեղծած արդյունքի սպառողը: Մինչեւ այդ, եթե մեր կարիքը ունեցող շուկայում մենք կայուն ու պատվավոր տեղ չգտնենք բարեբախտորեն մեզ համար նպաստավոր դարձած միտումների արդյունքում, այլ բաների, բանական այլընտրանքի մասին խոսելն ուղղակի անիմաստ է: Այդ շուկան է հնարավորություն տվել մեզ աննախադեպ աճեցնելու գյուղմթերքների վերամշակման արդյունաբերության եւ վերջին տարիներին համարյա մոռացված թեթեւ արդյունաբերության ոլորտների արտադրանքի ծավալները: Չնայած հայկական տնտեսության մեջ առկա նաեւ բացասական միտումներին, լավատեսական կանխատեսումները խոստանում են տարվա արդյունքում մինչեւ 5,2% տնտեսական աճ: Այս աճը հուսադրող կլինի լոկ այն մեծ տրամաբանության մեջ, որ մեզ մեր տնտեսության ցավոտ կողմերը բուժելու, առաջընթաց տնտեսական զարգացում ապահովելու համար պետք է ոչ պակաս, քան 7% տնտեսական աճ: Եթե պետական շինարարության մեջ ձեռնարկված բարեփոխումների արդյունքում մենք ունեցանք պետական համակարգ, որն ի վիճակի է ապահովելու նման աճ, կկարողանանք ասել, որ մեր պետական մեքենան արդյունավետ է: Այնպես որ 1-2 տարվա ընթացքում պետք է դուրս գալ հենց այդպիսի զարգացման մայրուղի:

Չգիտե՞նք, թե՞ չենք ուզում իմանալ

Ամառային երեւանյան շոգերին հայկական խորհրդարանի նոր ընդդիմություն հանդիսացող «Ելք» դաշինքի գործիչները նորից բացեցին Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու թեման: Թվում էր, թե անցած երկու տարիներին այս մասին այնքան է խոսվել, որ ամեն ինչ ասվել էր: Բայց արի ու տես, որ երիտասարդ գործիչները նոր թափով ուզում են վերաբացել այս թեման հասարակական քննարկման համար:

Մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետներս (քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավագետներ, միջազգայնագետներ, լրագրողներ, հասարակական գործիչներ) այս երեք տարվա ընթացքում 1000-ից ավել հոդված ու վերլուծական ենք գրել, հիմնավորելով, որ մեր երկրի համար անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորության հիանալի պատուհան է եւ ակտիվ ծավալման համար հիանալի բեմ: Բայց արի ու տես, որ ծուլությունից, գուցե չիմացությունից, գուցե չցանկանալուց բխող դանդաղկոտությամբ տեղյակ համարվող ատյանները այնպես են հակազդում այդ դիրքորոշումներին, որ չես հասկանում իրենք հավատո՞ւմ են իրենց մոտեցումներին, թե՞ դա անում են ստիպված: Կարելի էր կարծել, որ ես էլ, որոշ քաղաքական գործիչների ու քաղաքագետների նման, շանթ ու կայծակ եմ թափելու հայաստանցի ընդդիմադիրների գլխին նրանց հայտարարությունների եւ ոչ տեղեկացված լինելու համար: Բայց կլինի ճիշտ ընդհակառակը: Ես կարծում եմ, որ ավելի լավ է բացել մի նոր հրապարակային քննարկում Հայաստանի եվրասիական հեռանկարի վերաբերյալ, քան կոծկել այս թեման, գլուխը մտցնել ավազի մեջ, կարծես ոչինչ չի եղել: Ամեն դեպքում, հրապարակային քննարկումը աշնանային քաղաքական շրջանում գոնե թույլ կտա, որ մեր հասարակությունը զինվի եվրասիական ինտեգրման մասին այդքան պիտանի տեղեկություններով, զինվի լավատեսությամբ եւ իշխանություն-հասարակություն-բիզնես եռանկյունու մեջ ակտիվ դերակատարություն ստանձնելով նպաստի տնտեսության զարգացմանը, Հայաստանի շենացմանը, կենսամակարդակի դանդաղ քայլերով, բայց հետեւողական բարձրացմանը:

Մեր սոցիոլոգները ասում են, որ եվրասիական ինտեգրման երրորդ տարում ինտեգրման կողմնակիցների թիվը համեմատած 2013 թ. հետ նվազել է: Սակայն նրանք համոզված են, որ մեր հասարակության ավելի քան երկու երրորդը պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, աջակցում է եվրասիական ինտեգրման գործընթացին եւ հավանություն է տալիս հայ-ռուսական ռազմավարական դաշինքին: Այս բառերը գրում եմ առանձին-առանձին այն բանի համար, որ որեւէ մեկի մտքով չանցնի թյուրիմացության մեջ գցել մեր հասարակությանը, թե կարելի է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, բայց չլինել ԵԱՏՄ անդամ: Մեր սոցիոլոգները նաեւ կարծում են, որ Ռուսաստանի տնտեսության մեջ նկատված բացասական միտումները 2015 եւ մասամբ 2016 թթ. պատճառ դարձան տրանսֆերտների նվազման համար, հայ արտագնա աշխատողների եւ փոքր բիզնեսի համար Ռուսաստանի դերի նվազման համար: Իսկ հիմա իրավիճակը նորից փոխվում է: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքով տրանսֆերտները Ռուսաստանից անցյալ տարվա համեմատ աճել են 15,5%-ով եւ ունեն շարունակական աճի միտում: Ռուսական աշխատանքի շուկան կրկին մեծացման միտում ունի եւ համարյա վստահ կարելի է ասել, որ հայաստանցի արտագնա աշխատողների համար այն առաջվա պես ամենագրավիչն է լինելու:

Միայն զարմանալ կարելի է, որ մեր քաղաքական վերեւները եվրասիական ինտեգրման մասին շարունակում են խոսել զգույշ, կիսաձայն, ասես դա անում են լինելով ստիպված

Եթե լինենք անկեղծ, այս նույն պատկերը ԵԱՏՄ մյուս երկրներում էլ է, որտեղ տնտեսական գործընթացները ավելի բարդ եւ ոչ միանշանակ են: Հանուն արդարության, ո՞ւր են նշանակալից հեռուստատեսային հաղորդումներն ու ռադիոհաղորդումները եվրասիական ինտեգրման թեմայով: Հարցս հավասարապես վերաբերում է նաեւ Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին: Ինչո՞ւ մեր հասարակությունը զինված չէ ԵԱՏՄ-ի մասին այնպիսի գիտելիքով, որը Ռուսաստանի մյուս դաշնակիցներին էլ մեզ համար մտերիմ, սպասված եւ սրտամոտ կդարձնի: Ինչո՞ւ է անիմաստ մսխվում խորհրդային իրականության առանձին դրական կողմերի մասին առողջ հիշողությունը, առանց դառնալու նոր տնտեսական միության համար կիր ու շաղախ:

Կարեւորը երկրորդականից ջոկելով

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալները այս տարվա առաջին կիսամյակում անկում են ապրել: Այս միտումը բացատրվում է գյուղատնտեսության մեջ աշխատողների թվի նվազմամբ եւ էլի որոշ միտումներով: Սակայն ակնհայտ է, որ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում զարգացման լուրջ հնարավորություն ունի, որովհետեւ այդ ոլորտի արտադրանքը պահանջված է Ռուսաստանում: Ստիպված ենք կրկին փաստել, որ մոտակա 3-5 տարիներին Ռուսաստան-Արեւմուտք քաղաքակրթական բախումը, որը ստացել է նաեւ տնտեսական պատերազմի բնույթ, չի ավարտվելու: Սա ասում եմ ցավով, որովհետեւ հայերս անկեղծ կուզենայինք, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները վերադառնային գործընկերային դաշտ: Բայց այդպես չի լինելու:

Ռուսաստանը, առաջին անգամ հետխորհրդային իրականության մեջ լրջորեն ձեռնամուխ է եղել սեփական ինքնաբավ տնտեսություն կառուցելու գերբարդ գործընթացին: Ուրախությամբ արձանագրենք, որ այդ դժվարին ճանապարհին արձանագրվել են առաջին տպավորիչ հաղթանակները: Բայց գործընթացը շարունակվում է եւ հեռու է ավարտուն լինելուց: Մենք, իբրեւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից եւ մերձավորագույն գործընկեր ուղղակի պարտավոր ենք առաջարկել մեր ծառայությունները սննդի արդյունաբերության, վերամշակող արդյունաբերության, թեթեւ արդյունաբերության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներում երկկողմ համագործակցության համար: Այն, որ այս հեռանկարը միանգամայն իրական է, բարձրաձայնում են արդեն անգամ ամենահոռետեսները: Այս ոլորտում քայլերի հաջորդականության եւ հռչակվելիք նպատակների իրականացման գործիքների մասին կխոսենք հաջորդ համարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.