AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 36. ԿԱՆԱՑ ՍՐԱՀ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



Տեղադրվել է` 2017-09-07 22:58:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 6967, Տպվել է` 1747, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎԱՆԻՐ ԻՆՁ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԾ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց մի շարք ցնցող հայտարարություններ: Հարկ է նկատել, որ Պուտինը հաճախ է նման հայտարարություններ անում, բայց որպես կանոն դրանք արվում են տարին մի քանի անգամ, ոչ թե շաբաթվա մեջՙ երեքը: Ինչեւէ: ՌԴ նախագահը նախ ցնցեց ԱՄՆ-ին եւ անձամբ տիկին Մելանի Թրամփին: Պատասխանելով հարցին, թե չի՞ հիասթափվել արդյոք ինքը Թրամփից, Պուտինն ասել է. «Դոնալդ Թրամփն իմ հարսնացուն չէ, որ ես նրանից հիասթափվեմ, կամ ոչ»: Հավաքվածները բնականաբար մի լավ ծիծաղել են, անգամ նրանք, որոնց այս կատակը ծիծաղելի չի թվացել, եւ լրագրողը կոնկրետացրել է հարցը. «Պարոն նախագահ, ուղղակի հետաքրքրական է, թե ինչո՞ւ չի ստացվում արդյունավետ կառուցողական երկխոսություն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Պուտինն էլ պատասխանել է. «Գիտե՞ք, բավականին բարդ է երկխոսել նրանց հետ, ովքեր շփոթում են Ավստրիանՙ Ավստրալիայի հետ»: Հիշեցնեմ, որ այս երկու երկրները միմյանց հետ շփոթել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերըՙ Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդի հետ զրուցելիսՙ 2008-ին: Իսկ, թե ի՞նչ կապ ունի Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հետ, Պուտինը գիտի, եթե իհարկե նա էլ Բուշ կրտսերին չի շփոթում Թրամփի հետ:

Ավելի ուշ Պուտինից հետաքրքրվել են, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանըՙ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված: Ակնհայտորեն կատակելու տրամադրված ՌԴ նախագահը պատասխանել է. «Մենք իհարկե դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, բայց կարծում ենք, որ Փհենյանի դեմ պատժամիջոցները չեն կարող արդյունավետ լինել այս հարցում: Կարծում եմ, որ Փհենյանն ավելի շուտ խոտ կուտի, քան կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Հետեւաբար նրանց հետ պետք է երկխոսել»: Ու մինչ ներկաները պատկերացրել են, թե ինչպես է Կիմ Չեն Ընը առաջնորդում հյուսիս-կորեացիներինՙ դեպի խոտառատ դաշտավայրերը, որպեսզի այնտեղ «երկխոսի» միջուկային զենք չսիրող գերտերությունների ղեկավարների հետ, Պուտինից հետաքրքրվել են այս անգամ ուկրաինական թեմայով: Լրագրողին հետաքրքրել է, թե ի՞նչ է մտածում Ռուսաստանըՙ Ուկրաինային ժամանակակից զենքով զինելու ԱՄՆ նպատակների մասին: ՌԴ նախագահը պատասխանել է. «ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը էլ ավելի կվատթարացնի իրադրությունը: Մենք կարծում ենք, որ անթույլատրելի է զենքի մատակարարումըՙ հակամարտության գոտի»:

Ցավոք այդ պահին ներկաների թվում ոչ մի հայ, կամ թեկուզ ադրբեջանցի չի եղել. հետաքրքրական կլիներ նրանց... լռությունը:

Թե ինչպիսի՞ արձագանք կստանան աշխարհում Պուտինի այս հայտարարությունները, դեռ պարզ չէ, օրինակ Թրամփն ի՞նչ կասի, իսկ որն ավելի հետաքրքրական էՙ կանի՞, կամ Կիմ Չեն Ընը ե՞րբ է պատրաստվում ուղիղ եթերում, ամբողջ աշխարհի առջեւ միս ուտել եւ վերջապես պատրաստվո՞ւմ են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որ հայ-ադրբեջանական հակամարտություն գոյություն չունի, հետեւաբար հակամարտության գոտի չկա, եւ ուրեմնՙ Ռուսաստանն այո, զենք է մատակարարում, բայց ոչ թե հակամարտության գոտի, այլՙ խաղաղասեր հարեւաններինՙ բացառապես խաղաղ նպատակներով, մեկինՙ հարձակողական, մյուսինՙ պաշտպանական: Մի բան է պարզՙ Հայաստանը չի մասնակցել Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-իՙ «Ճկուն ոգի» կոչվող զորավարժություններին եւ այդ որոշումը «ինքնիշխան երկրի որոշում է»: Փոխարենը Հայաստանը մեծ սիրով մասնակցել է Աստրախանում ԱՊՀ հակաօդային ուժերի զորավարժություններին եւ դա նույնպես «ինքնիշխան երկրի որոշում էր», այս պարագայում նաեւՙ «մեր պետության շահերից բխող»: Այսինքն ԱՊՀ-ի եւ կամ ՀԱՊԿ-ի զորավարժություններին պարտադիր մասնակցության որոշումները ցույց են տալիս, որ մեր երկիրն ինքնիշխան է, ճիշտ այնպես, ինչպես մեր ինքնիշխանությանը ցույց են տալիս ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումները: Բայց այստեղ մի մանրուք կա. երբ Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՆԱՏՕ-ի հիշյալ զորավարժությանը, ռուս փորձագիտական դաշտը անմիջապես արձագանքեցՙ նշելով, որ «Հայաստանը շատ ճիշտ որոշում է կայացրել, քանի որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունը դեմ է Հայաստան-Ռուսաստան համատեղ զորախմբի մասին համաձանագրին», ինչը բոլորովին վերջերս անցավ ՌԴ-ի բոլոր օրենսդիր մարմիններով ու ստացավ Պուտինի ստորագրությունը: Այսինքն, Ռուսաստանի հետ ստեղծելով համատեղ զորախումբՙ մենք այլեւս չենք կարող մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եւ դա «մեր ինքնիշխան երկրի որոշումն է»: Ի դեպ, ՆԱՏՕ-ն մեր չմասնակցությունից առանձնապես չնեղվեց. զորավարժությունների մասնակից պետությունների դրոշներից արագորեն հանվեց մերը, եւ փոխարենն ավելացվեց Ադրբեջանի դրոշը, այն պարագայում, երբ Ադրբեջանն այդ զորավարժություններին, ի տարբերություն մեզ, հրավիրված չէր: Հիմա Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն են Վրաստանումՙ ՆԱՏՕ-ին ապացուցում, որ ճկուն ոգի ունեն, իմիջիայլոց, ճկուն ոգիՙ «հայերեն թարգմանաբար» նշանակում էՙ դուխ, ոչ այնքան զինվորների, որքան երկրի, պետության: Բայց կարող ենք հանգիստ լինելՙ ադրբեջանցիները դեռ չեն ապացուցել, ընթացքի մեջ են:

Իսկ մեզ մնում է ցնցվել Պուտինի հերթական հայտարարություններով: Ամոթ բան չէ, ամբողջ աշխարհն է ցնցվում, օրինակ, երբ Թրամփը լսել է, որ Պուտինի հարսնացուն չէ, մազերը բիզ-բիզ են կանգնել, իսկ Մելանի Թրամփը վերջին օրերին հասարակության աչքին չի երեւում, քանի որ Սպիտակ տանը նստածՙ արտասվում է: Ավելին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը գիրք է գրել իր եւ Պուտինի շփումների մասին: Գրքի վերնագիրն էՙ «Անվանիր ինձ Վլադիմիր Մեծ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.