AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 12375, Տպվել է` 1512, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ԿԱՐԻՔ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ակտիվ քաղաքական ժամանակաշրջանի մեկնարկը,նոր խորհրդարանի գործունեության վերսկսման հետ զուգահեռ, բնականաբար պետք է նորացներ ամռանը քնած խոսակցությունները վարչապետի հաջողել-չհաջողելու մասին. ժամանակը թռավ, Կարեն Կարապետյանի մեկ տարվա վարչապետությունը լրացավ, կառավարությունն արդեն հաշվետվություն է ներկայացնում, շուտով դա կհայտնվի խորհրդարանում, առավել առարկայական դարձնելով առայժմ ԶԼՄ-ների մակարդակով գեներացվող այս հարցը: Այս համատեքստում են նաեւ վարչապետին խորհրդարանում ուղղված հարցերը` Եվրոպա այցելել-չայցելելու կամ ԵՏՄ-ում Հայաստանի գտնվել-չգտնվելու հեռանկարի տեսակետից, որոնց ի վերջո վարչապետը տվեց անհստակ պատասխաններ:

Միայն վարչապետից (ով էլ որ նա լինի) պահանջել փոփոխությունները, երբ մնացած ամեն ինչում իրերի դրության փոփոխության նշույլ անգամ չի դրսեւորվում, ճիշտ չէ: Վարչապետները կարող են տարբեր պրոֆեսիոնալ հմտություններ ունենալ կամ չունենալ, բայց դրանք չափելի են միայն այն դեպքում, երբ նրանց ձեռքերն ազատ են աշխատելու համար, եւ այդ մասին ոչ թե սոսկ հայտարարությունն է առկա, այլ նաեւ գործնական հնարավորությունը: Եթե արտոնյալներն առանձին պետություն են, ողջ Հայաստանն` առանձին, իսկ ռեսուրսն էլ արտոոնյալների ձեռքում է, ո՞ւմից եւ ի՞նչ պահանջել: Ո՞ւմ եւ ո՞ր հատկանիշը համեմատել: Այո, կարող ենք համեմատել տարբեր վարչապետների` խորհրդարանում լրագրողների հետ շփվելու եղանակը, դա եւս ցուցիչ է: Ասենք Անդրանիկ Մարգարյանը չէր հեռանում խորհրդարանի միջանցքից, մինչեւ լրագրողները չէին հոգնում իրեն հարցեր ուղղելուց: Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Սարգսյանը նույնպես չէին խուսափում որեւէ հարցի պատասխանել: Կարեն Կարապետյանն ավելի քչախոս է, եւ խորհրդարանում առանձնապես չի սիրում լրագրողների հարցերին պատասխանել: Սակայն լրագրողների հարցերին պատասխանելն ընդամենը իմիջի մաս է, ոչ թե տնտեսությունն աշխատեցնելու գործիք: Բացի այդ էլ` ինչ խոսես, եթե ինքդ էլ չգիտես, թե ինչ է լինելու մի քանի ամիս հետո, աշխատելու ե՞ս, թե ոչ: Անգամ ամենատարրական որոշումները հավանաբար ներկա վարչապետը քարտ-բլանշ չունի միայնակ կայացնելու, եւ դա երեւում է ամեն ինչում: Այնպես որ անհասկանալի է` Հայաստանում չփոխված բարքերի պարագայում անսովոր վարչապետ կամ սուպերմեն ու բեթմեն պահաջելը: Երբ վարչապետ են նշանակում փոփոխությունների հույսով, իսկ հետո նրան ասում են` այս ու այն մարդիկ անձեռնմխելի են, այսինքն նրա ձեռքերը կապում են, սուտ է նրանից որեւէ փոփոխություն կամ համակարգ փոխել սպասելը:

Չնայած` իրականում միգուցե ժամանակ առ ժամանակ մեզանում վարչապետ են փոխում հե՛նց այդ նպատակադրմամբ, որ տարիներով առկա ստատուս-քվոն չփոխվի:

Տնտեսական-մենաշնորհային ստատուս -քվոն պահպանելու գործելակերպը ծածկում-քողարկում են վարչապետների ձախողման վրա ամեն բան դուրս գրելով, մինչեւ կստացվի մի նոր երկարաժամկետ կայուն-ճահճացած վիճակ, որը Հայաստանին ոչինչ չի տա, իսկ վերնախավին կտա ամեն ինչ:

Եւ այստեղ ոչ մի կապ չունեն ոչ խորհրդարանական համակարգը, ոչ էլ Սահմանադրությունն ավելի բարեկարգ դարձելը, չէ՞ որ դրանք ընդամենը գրոտած թուղթ են, իսկ մեր կյանքն այլ կանոններով է կառավարվում:

Խորհրդարան-կառավարություն առաջին հարցուպատասխանը, փաստորեն, առավել ընդգծեց երկու բան, որոնք մինչեւ այժմ էլ երեւում էին առկայծումներով, բայց հիմա հաստատապես տեսանել են:

Առաջին` վարչապետն այդպես էլ չուզեց դառնալ քաղաքական գործոն, առանց որի նրա պաշտոնն առանց շրջանակի նկար է հիշեցնում, որի վերաբերյալ դիտողը երբեմն դժվարանում է կարծիք կազմել:

Երկրորդ` վարչապետը հաշտվել է այն մտքի հետ, որ ինքը ինքնուրույն խաղ չի կարող տանել, այլ միայն նախապես գծած սահմանների մեջ պետք է մանեւրի:

Այս երկու գործոններն արդեն շատ էական ազդակներ են պարունակում այն հարցի առումով` հաջողե՞լ է վարչապետն այս մեկ տարում, թե՞ ոչ:

Իհարկե, Հայաստանին դեռեւս ոչ դեֆոլտ է սպառնում, ոչ մոտակա ամիսների անկայուն վիճակ` թոշակներն ու աշխատավարձերը ժամանակին վճարվում են, ներդրումներ այնուամենայնիվ կան, չնայած ոչ ցանկալի մակարդակով, տնտեսությունը, չնայած մենաշնորհային, այնուամենայնիվ, աշխատում է, իսկ թե առաջիկա ամիսներին կսկսվե՞ն ներհամակարգային վերբեռնումները, թե՞ կշարունակենք մնալ օրենսդրության` նոր Սահմանադրությանը համապատասխանեցման մոտեցումների մեջ միայն, իսկ գործնական կյանքն այլ կլինի, կախված կլինի էլի նույն վերնախավից:

Շարժառիթ ունի՞ վերնախավը փոխվելու: Հարցին բարոյական մոտեցմամբ նայելիս վերնախավը ոչ մի ներքին շարժառիթ չունի փոխվելու, քանի որ ամեն մեկն իր համար իր գերշահույթն է ստանում, մի երկու ձախողվածից գնում նրա բիզնեսները, միացնում-մեծացնում իրենը, բյուրեղացնում-նեղացնում բիզնես- քվոտայի հնարավորությունների դուռը: Սակայն նույն վերնախավը հասկանում է, որ դա հավերժ չի կարող շարունակվել` արտաքին խաղացողներից ստացվող ազդակների պատճառով: Հիմա, քան երբեւէ, վերնախավն իր ցանկություններով միայն չի կարող առաջորդվել, ինչպես որ շատ տարիներ է եղել, ու այս իրավիճակում պետք է սահմանափակի իր անհագ ցանկությունները: Միայն ինչ արժե այն տեղեկատվությունը, որ նոր` 2018 բյուջեում արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսված է 140 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ այդքան գումարով մեր բյուջետային ծախսերը կկրճատվեն, իսկ հետագա տարիներին պարտքի սպասարկման գումարներն անշեղ աճելու են: Գումարվելու են միջազգային գործընկերների նոր պահանջները` շուկան բաց պետք է լինի, որ տնտեսությունը շնչի, ու ներդրողները գան. ԵՄ նոր համաձայնագիր, ամերիկյան ու չինական խոստումներ` նրանք հո չեն կարող գալ ու բախվել մեր հավերժական մենաշնորհային արգելապատնեշներին ու հերթական անգամ հեռանալ: Վարչապետ Կարապետյանն երեկ անկեղծացել է «Փոքր անցումային տնտեսություններ, տեղային պատասխաններ համընդհնուր մարտահրավերներին» միջազգային ֆորումում, թե` «հենց անցնում ես պրակտիկ աշխատանքի թե՛ խոշոր ընկերությունում, թե՛ կառավարությունում` հաճախ բախվում ես իրականությանը, որ կան գործոններ, որոնց առկայությամբ տեսությամբ առաջարկվող վիրտուալ մոդելներն ակտուալ չեն»: Հա, էլ ոնց է խոստանում` «մենք կառուցելու ենք անկախ, արդար, անվտանգ ու խելացի Հայաստան»: Վերջին էպիտետներից յուրաքանչյուրը թաղված է համակարգային անհաղթահարելի խոչընդոտների կույտում, ու չգիտենք` ոնց է կառուցելու այդպիսի Հայաստան վարչապետը, որն անգամ իրեն հագցրած զսպաշապիկը չի հանում` մի փոքր խախտելու արտոնյալների արտոնությունների սահմանը... Մնում է ֆորումին ուղղած նրա կոչը վերադարձնել իրեն. պարոն վարչապետ, որեւէ հեղինակությունից մի վախեցեք եւ փորձեք փոխել իրերի ներկա դրությունը, այցելեք, իրոք, արեւմտյան երկրներ, առանց վախենալու այնտեղ ստեղծեք Ձեր օրակարգերը, արգելափակոցները հաղթահարեք, վերբեռնեք (ռեսթարթ) ծրագիրը` համակարգիչը, Հայաստան անունով, ինչպես ասում ենՙ կախված է: Այլապես խորհրդարանում Ձեզ երեսով են տալու, թե ձախողել եք արեւմտյան օրակարգերը, ընդ որում` դա անելու են ոչ առանց օրակարգերը թելադրող վերնախավի հրահրման: Եթե , իհարկե, նախապես չեք համաձայնել զսպաշապիկին եւ թելադրվող խաղի կանոններին` դրսի ու ներսի:

Մեր պատգամավորները, եթե այդքան մտահոգ էին ներդրումների ու արեւմտյան օրակարգերի մասով, գոնե կառավարությանը հարց ուղղեին մի քանի օրից գումարվելիք Հայաստան-Սփյուռք համաժողովի մասին, հետաքրքրվեին, թե ինչ պետք է հասկանալ համահայկական համակարգող խորհուրդ ստեղծելու մտադրության տակ, արդյո՞ք դա մի նոր ներդրողների ակումբ է լինելու, չէ՞ որ համաժողովին շատ հարուստ ու գործարար հայեր են հրավիրվել արեւմուտքից եւ ողջ աշխարհից: Թե այդ համաժողովն ի վերջո վարչապետի համակարգումից դուրս է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.