AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 8944, Տպվել է` 1448, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Որքան մոտենում է հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ամենակարեւոր իրադարձության` պետականության վերականգնման կամ որ նույնն է` Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, այնքան թեժանում են խոսակցություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են`

ա) Որո՞նք էին այն քաղաքական եւ միջազգային նախադրյալները, որոնք նպաստեցին հայոց պետականության վերականգնմանը,

բ) Ո՞ր քաղաքական ուժերի ջանքերով իրականություն դարձավ հայության երկարդարյա երազանքը,

գ) Ինչո՞ւ ՀՀ Առաջին Հանրապետության կյանքն այդքան կարճատեւ եղավ,

դ) Արդյո՞ք ժառանգական կապ կա Հայաստանի Առաջին, Երկրորդ եւ Երրորդ Հանրապետությունների միջեւ,

ե) Արդյո՞ք այդ երեք հանրապետությունները եղել են միմյանց հակադիր կարգավիճակում եւ արդյո՞ք դրանցից յուրաքանչյուրի մյուսին բացասման արդյունքում է ծնվել հաջորդը:

Սրանք եւ սրանց ածանցյալ մեծ թվով հարցերին մեկ լրագրային հոդվածի սահմաններում ամբողջովին պատասխանելը դժվար է, սակայն ձեռնպահ մնալով փաստական եւ այլ բնույթի վկայակոչումներից, կփորձենք հնարավորինս ներկայացնել մեր մոտեցումները:

Ինչ վերաբերում է պետականության վերականգնման նախադրյալներին, ապա նշենք, որ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, որ այնքան շատ մարդկային եւ նյութական ռեսուրսներ խլեց ու հերոսացման հազարավոր օրինակներ տվեց, ի վերջո մի օր պետք է պսակվեր հաջողությամբ: Իսկ Առաջին աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային պայմաններն ուղղակի նպաստեցին, որ շուրջ 600-ամյա ընդմիջումից հետո հայ ժողովրդի ամենանվիրական բաղձանքն իրականություն դառնար: Կարեւոր էր այն իրողությունը, որ երբեմնի գերհզոր Օսմանյան եւ Ռուսական կայսրությունները, որոնց տիրապետության ներքո էր գտնվում երկփեղկված հայությունը, կործանվեցին եւ առհավետ հեռացան պատմության թատերաբեմից: Հակառակ դրան, ցեղասպանության գեհենով անցած, բայց իր կենսունակությամբ առանձնացող հայությունը կարողացավ լարել վերջին ուժերը, հաղթել մայիսյան հերոսամարտերում եւ իր ձեռքով կռել իր կենսագրության փայլուն էջերից մեկը` վերստեղծել իր պետականությունը:

Իսկ թե հատկապես ո՞ր քաղաքական ուժերի մասնակցությամբ կամ ղեկավարությամբ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսի 28-ը, կարծում եմ հարցադրումն այնքան էլ գիտական չէ եւ որեւէ քննադատության չի դիմանում: Նախ` նման հարցադրումն արդեն սխալ է եւ բազմաթիվ ու բազմատեսակ ենթադրությունների տեղիք կարող է տալ: Հետո էլ հստակ է, որ հայոց պետականությունը վերականգնվեց ամբողջ հայ ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում: Իհարկե, դեպի պետականություն տանող ճանապարհին տարբեր ժամանակներում տարբեր դերակատարություն են ունեցել այս կամ այն քաղաքական ուժերը, եկեղեցին, հասարակական-քաղաքական շրջանակները եւ նույնիսկ անհատներ, սակայն դրանցից որեւէ մեկին առանձնացնելն ու ավելի կարեւորելը եւ մյուսների գործունեությունն ստվերելը միանգամայն սխալ մոտեցում կլինի: Դրանք բոլորն էլ հայ ժողովրդի ներկայացուցիչներն են եւ ավել կամ պակաս չափով իրենց ներդրումն են ունեցել պետականության կերտման գործում:

Միանգամայն սխալ հարցադրում է նաեւ այն, թե արդյո՞ք այդ երեք հանրապետությունները հանդիսանում են միմյանց ժառանգորդները: Նախ` այդ երեք հանրապետություններն էլ կերտել է հայ ժողովուրդը: Միակ տարբերությունը թերեւս նրանում է, որ դրանց ակունքներում կանգնած են եղել տարբեր քաղաքական հայացքների տեր գործիչներ, որոնք իրենց գործունեությամբ փորձել են պատմության շարունակական ընթացքում նպաստել հայ ժողովրդի բարգավաճման գործին: Իհարկե, պատմական հեռվից դիտարկելիս ակներեւ են դառնում նրանց կատարած դրական եւ ոչ ժողովրդահաճո գործերը, սակայն դա չի խոչընդոտում նշելու, որ նրանք եղել են իրենց գործի նվիրյալները, գործել են անկեղծ եւ այն հաստատ համոզվածությամբ, որ իրենց քայլերով միանշանակ նպաստում են հայության առաջընթացին: Ավելին, այդ երեք հանրապետությունները ոչ միայն չի կարելի հակադրել միմյանց, այլեւ անհրաժեշտ է դրանք դիտարկել մեկ ամբողջության մեջ ու որպես միմյանց օրգանական շարունակություն:

Անհեթեթ է պնդել նաեւ, որ այդ հանրապետությունները ծնվել են միմյաց բացասման արդյունքում: Պարզապես դրանք պատմաքաղաքական եւ միջազգային տարբեր պայմանների ու իրավիճակների արգասիք են եղել եւ գործել (վերջինը գործում է նաեւ այժմ) են ոչ այնքան բարենպաստ արտաքին շրջապատման մեջ: Իսկ այդպիսի բարդ ու դժվարին իրավիճակում գործելիս դժվար կամ գրեթե անհնարին է սխալներն ու բացթողումները բացառելը: Այնպես որ, հստակ է ու պարզորոշ. Հայաստանի երեք հանրապետություններն էլ ծնվել են դժվարին պայմաններում, հաղթահարել, իսկ Երրորդն այժմ էլ հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ ու վստահաբար քայլում է դեպի լուսավոր ապագան:

Այսօր էլ, հայոց պետականության վերականգնման նվիրական 100-ամյա հոբելյանի նախաշեմին, երբ մեր երկրում առկա են բազում դժվարություններ ու խնդիրներ, երբ ցանկացած վայրկյան առկա է պատերազմը վերսկսելուիրական վտանգը, երբ սոցիալական դժվարություններն ու շարունակվող արտագաղթը կազմալուծում են երկիրը, երբ անընհատ աճող արտաքին պարտքն ու տասնամյակներ շարունակվող շրջափակումը դժվարացնում են հանրապետության տնտեսության նորմալ գործունեությունը, մեր ժողովուրդը լի է վճռականությամբ ոչ միայն դրանք հաղթահարելու, նախորդ` Առաջին եւ Երկրորդ հանրապետությունների լավագույն ավանդույթները շարունակելու, այլեւ հաղթանակած ու հպարտ առաջ քայլելու: Միայն թե այս անգամ այն տարբերությամբ, որ մեր ընթացքն այլեւս շարունակական է լինելու եւ առհավետ:

13.09.2017

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.