AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



ՎԻՃԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6737, Տպվել է` 438, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐԱՀՈ՞ՒՆՋ, ԹԵ՞ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ամառը հնագիտական պեղումների շրջան է. մի շարք հնավայրերում տարբեր արշավախմբեր են աշխատել, այդ թվումՙ Սիսիանի Զորաց Քարեր հուշարձանի տարածքում: Այստեղ պարբերաբար են պեղումներ կատարվում. հնավայրը մեծ է, արտաքնապես հուշում է, որ հողի տակ պատմամշակութային բազում շերտեր կան թաքնված: Բացի այդ, այն տասնամյակներ շարունակ տարակարծությունների տեղիք է տվել ու նոր եզրակացությունների կարիք ունի:

Վերջին տարիներին Զորաց Քարերում բացի պեղումներից, կատարվել են նաեւ չափագրման, տեղզննման աշխատանքներ: Հնավայրը համակողմանի ուսումնասիրման կարիք ուներ, պետք է հստակեցվեր գոյատեւման ժամանակաշրջանը, պատկանելությունը, մշակութային փոփոխությունների հաջորդականությունը: Եվ ամենակարեւորըՙ անհրաժեշտ էր լույս սփռել հայտնաբերված վիճահարույց դամբարանի վրա, որը մի խումբ գիտնականների կարծիքովՙ հնագույն աստղադիտարան է, մյուսների պնդմամբՙ ոչ երբեք:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ստորգետնյա ճանապարհ, որը տանում է դեպի քսան քմ. տարածք ունեցող դամբարան: Բացի այդ, դամբարանախցում հայտնաբերվել են չորս տարբեր ժամանակաշրջաններ բնորոշող գտածոներ: Դրանք թույլ են տալիս եզրակացնել, որ այստեղ հուղարկավորություններ են կազմակերպվել, ընդ որումՙ նույն տեղում, բայց տարբեր ժամանակաշրջաններում: Հայտնաբերված վաղագույն նյութերը պատկանում են Ք.ա. 18-17 դարերին: Դրանք միջինբրոնզեդարյա խեցեղենի բեկորներ են: Այնուհետեւ ավելի ուշՙ Ք.ա. 15-14-րդ դարերում նույն դամբարանի տարածքում կառուցվել է ուշբրոնզեդարյա շինություն, որտեղ եւս թաղումներ են կազմակերպվել: Ուշբրոնզեդարյա դամբարանի վրա էլ արդեն Ք.ա. 11-9-րդ դարերում կառուցվել է վաղերկաթեդարյա դամբարան: Նույն տարածքում հայտնաբերվել են մինչեւ մեր թվարկության առաջին դարին վերագրվող մանկական հուղարկավորության հետքեր: Պեղումներից պարզ է դարձել, որ դամբարանը թալանվել է: Հնագետներն այս եզրակացությանն են հանգել, որովհետեւ թեեւ այդ տարածքում ակնհայտորեն սոցիալական բարձր դիրք ունեցեղ անձանց թաղումներ են տեղի ունեցել, բայց գտածոները սակավ են ու համեստ: Հնագետների կարծիքովՙ այստեղ չէին կարող չլիներ ազնիվ մետաղներից պատրաստված զարդեր: Հավանաբար գողոնը հիմնականում հենց դրանք են եղել: Թալանից փրկվել են 4-5 արկղ խեցեղենի բեկորներ, նույնքան կենդանիների ու մարդկանց ոսկորներ, մետաղական տեգեր, երկաթե դանակ, բրոնզե ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, ջնարակած ուլունքներ: Թալանի պատճառով հնագիտական շերտերը նույնիսկ իրար են խառնվել. արկղերում կողք կողքի հայտնվել են տարբեր դարաշրջանների թվագրվող կենդանական ու մարդկային ոսկորներ:

Դամբարանախուցը ծածկված է եղել մի քանի տոննա կշռող սալաքարով, որը տեխնիկայի միջոցով տեղափոխել են, որպեսզի հնարավոր լինի պեղումներ կատարել: Ընդ որումՙ հայտնաբերված գտածոները ստիպում են ենթադրել, որ Սյունյաց այս հատվածը կապված է եղել Իրանի հյուսիս-արեւմուտքի հետ, որովհետեւ հայտնաբերված ուլունքների կրկնօրինակները գտնվել են նաեւ Իրանի նշված շրջանում:

Դամբարանի տարածքում հայտնաբերված ամենաթարմ գտածոները մ.թ. 12-13-րդ դարերի են: Թալանի հետեւանքով խառնված նյութերի վերջին շերտում հայտնաբերվել են միջնադարյան խեցեղենի մնացորդներ, Անիից, Դվինից բերված ապակե ապարանջանների բեկորներ: Գիտնականները հակված են կարծելու, որ դամբարանը թալանվել է մոնղոլների կամ թաթարների արշավանքների ժամանակ: Նրանք ենթադրում են, որ դեպի հսկայական դամբարանախուց տանող ստորգետնյա ճանապարհը ծառայել է տեղաբնակների փախուստի համար: Հնագետները համոզված են, որ երեք մետր բարձրությամբ դամբարանը նրանց թաքստոցն է եղել:

Հնագիտական պեղումների վերջնարդյունքը դեռ պարզ չէ, բայց մի բան հստակ է, որ քսան քմ. տարածքով դամբարանախուցն ամփոփում է Ք.ա. 18րդ դարից մինչեւ մ.թ.13-րդ դար ընկած հազարամյակների տեղեկություններ ու պատմամշակութային հսկայածավալ նյութ:

Տասնամյակներ շարունակ հնչող այն տեսակետը, թե Զորաց Քարերը հնագույն աստղադիտարան են, հնագետները չեն պաշտպանում: Պեղումների մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանը աստղադիտարանի վարկածը համարում է հեքիաթ ու վառ երեւակայության արդյունք: Ինչ նպատակով են հնավայրում տեղադրվել ուղղահայաց անցքավոր քարերը, նրա մեկնաբանությունն այլ է: Աշոտ Փիլիպոսյանի կարծիքովՙ այդ քարերը պաշտպանական նշանակություն են ունեցել, այսինքնՙ մոնղոլ-թաթարների արշավանքի ժամանակ պատնեշի դեր են կատարել: Նա նշում է, որ անգամ ձորում քարհանքն են գտել, որտեղից բերվել են քարերը: Քարհանքը հնավայրից 700 մ. հեռավորության վրա է: Հնագետի կարծիքովՙ քարերը սկզբում ծառայել են որպես դամբարանների ծածկասալեր: Քարերը բրգաձեւ են. վերեւի հատվածն ավելի բարակ է, ներքեւինըՙ հաստ: Բարակ հատվածում անցքեր են արվել, որոնք հղկվել-մշակվել են, որպեսզի կենդանական կաշվից հյուսված հաստ պարան անցկացնելովՙ դրանք հնարավոր լինի եզների օգնությամբ քարշ տալ դեպի դամբարանադաշտ: Այս ամենը մեզանից չորս հազարամյակ առաջ է եղել, իսկ հետո սալաքարերը պատերազմների ժամանակ դամբարանախցերի վրայից վերցվել են, ուղղահայաց կանգնեցվելՙ որպես պատնեշ: Եվ որպեսզի իրենցից 700 մ. հեռու գտնվող քարհանքից նոր քարեր չբարձրացնեն, մեր նախնիները հեշտ միջոց են գտելՙ դամբարանների ծածկասալերն են տեղից հանել, ուղղահայաց դրել: Աշոտ Փիլիպոսյանը հավաստիացնում է, որ դաբարանախցերից մեկի վրա հորիզոնական դրված նման անցքավոր մի սալաքար են գտել: Իսկ քանի որ պատնեշ-քարերն արդեն իսկ անցքեր են ունեցել, հավանաբար դրանք ծառայել են որպես թշնամու գործողություններին հետեւելու դիտանցքեր: Հնագետները փաստում են, որ պեղումների ժամանակ աստղադիտարանի ո՛չ խողովակներն են գտել, ո՛չ էլ այլ սարքեր:

Հնագիտական հայտնագործությունների վրա արված հիմնավորումների հետ համաձայն չեն ակադեմիկոս Պարիս Հերունու համոզմունքները կիսողները: Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը վկայակոչում է դեռեւս 1980-ականներին Օնիկ Խնկիկյանի աշխատությունը, ըստ որիՙ Զորաց Քարերը հնագույն աստղադիտարան են: Ընդ որումՙ Օնիկ Խնկիկյանը պատմել է, որ դեռ այն ժամանակ մի խումբ գիտնականներ իրեն ստիպել են աշխատության միջից հանել աստղադիտարանի փաստն ապացուցող հատվածները, բայց ինքն անդրդվելի է եղել ու չի հանել: Օնիկ Խնկիկյանից հետո աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանն է նույն համոզմունքը հայտնել. նրան հաջորդել է ակադեմիկոս Պարիս Հերունին, որի հայտարարությունը նաեւ միջազգային արձագանք ստացավ. արտասահմանյան լրատվամիջոցները հետաքրքրվեցին Հայաստանով ու Քարահունջում ռեպորտաժներ, ֆիլմեր նկարահանեցին: Երբ Հերունին ողջ էր, Քարահունջի աստղադիտարան լինելու տեսակետի դեմ ոչ մի տարաձայնություն, հակափաստարկ չէր հնչում, համենայն դեպսՙ բարձրաձայն ու հրապարակավ: Որոշ հնագետներ իրենց կասկածները շշուկով էին արտահատում. ընդամենը: Հիմա դաշտն ակտիվացել է: Անկախ այն բանից, որ միջազգային հարթակներում եւս պաշտպանում են Զորաց Քարերիՙ աստղադիտարան լինելու տեսակետը, մեր հնագետները ժխտողական դիրքորոշում ունեն: Նրանք առաջնորդվում են հողի տակ եղած նյութերով, հակառակորդ բանակըՙ հողի վրա եղածով:

Մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը Պարիս Հերունուց հետո սկսել է Քարահունջի ուսումնասիրությունները: Եթե Հերունին ասում էր, թե աստղադիտարանը 7,5 հազար տարեկան է, ապա մաթեմատիկոսը հավաստում է, որ այն ավելի հին էՙ 14 000 տարեկան: Նա պատրաստ է իր հաշվարկները բացատրել յուրաքանչյուրին, միայն թե պետք է համբերություն եւ ժամանակ ունենալ լսելու համար:

Բացի Զորաց Քարերի հնագիտական ու պատմամշակութային արժեքի շուրջը ծավալված անհամաձայնություններից, հակասություններ կան նաեւ հնավայրի տարիքը գնահատելու մեջ: Փաստորեն ըստ հնագիտական հետազոտություններիՙ Զորաց Քարերը 4000 տարուց ավելի չեն, ըստ Պարիս Հերունուՙ 7,5 հազար տարեկան են, իսկ ըստ մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանիՙ 14 000: Ընդ որումՙ վերջինը նմանություններ է տեսնում Արեւմտյան Հայաստանի Պորտասարի եւ Քարահունջի աստղադիտարանների միջեւ: Նրա կարծիքով երկուսն էլ Կարապի համաստեղության տեսքով են կառուցված ու թվագրվում են նույն ժամանակաշրջանին: Մաթեմատիկոսը ցավ է ապրում, որ երբ 2012 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել էր աստագիտության տարի, թուրքերը Պորտասարի վերաբերյալ «Թուրքական աստղագիտական ժառանգությունը» թեմայով Եվրոպայի քաղաքներում երկու ցուցահանդես են կազմակերպել: «Ես դիմեցի մեր հնագետներին, հարցրիՙ իսկ մենք չե՞նք ուզում մասնակցել ու հակադարձել թուրքերին, որ Պորտասարը հայկական աստղագիտական ժառանգություն է: Նրանք պատասխանեցինՙ զահլա կա՞»:

Մաթեմատիկոսը կոչ է անում բոլորին ուղղակի գնալ Քարահունջ (ի դեպՙ նա չի ընդունում Զորաց Քարեր անունը), փորձել քարերի անցքերից նայել երկնքին: Նա վստահ է, որ բոլորն էլ կարող են դիտել աստղերը: «Բոլոր քարերի վրա հատուկ տաշվածքներ կանՙ արմունկը , գլուխը, դաստակը, ոտքը հարմար դնելու համար: Այսինքնՙ այդ քարերը հարմարեցված են մարդու ուղղահայաց դիրքին, որպեսզի աստղերը դիտելը հեշտ ու արդյունավետ լինի: Ինչպե՞ս կարելի է կասկածի տակ առնել մեծ գիտնականների, այդ թվումՙ արտասահմանյան հետազոտողների համոզմունքները: Աշխարհը Քարահունջն ընդունել է որպես Հայկական լեռնաշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկըՙ չհաշված Պորտասարը: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի մեր հարուստ պատմության ու մշակույթի այս նշանակալի էջը հերքենք: Ավելի ապազգային ի՞նչ կարող է լինել, ասեք»,- վրդովվում է Վաչագան Վահրադյանը:

Թե ինչ համաստեղություններ են եր-ացել քարերի անցքերից մեզանից հազարամյակներ առաջ, ու մեր նախնիներն աստղագիտական ինչ հետազոտություններ, ձեռքբերումներ են ունեցել, մաթեմատիկոսը մեծ կար-որություն չի տալիս: Մեկնաբանում է հետեւյալ կերպՙ հազարավոր տարիներ առաջ անգամ աստղերի ծագմանը, շարժերին հետեւելը կրոնածիսական նշանակություն է ունեցել: Մեր նախնիները գուցեեւ աստղագիտական ուսումնասիրություններ չեն կատարել, բայց քարերի անցքերից հետեւելով աստղերի ծագմանն ու համաստեղությւոնների փոփոխություններինՙ այդ ամենը պաշտամունքի են վերածել: Հիմա, երբ տեխնիկական սարքավորումներով են ուսումնասիրվում աստղերը, քարերի անցքերից աստղերին հետեւելը ծիծաղելի է թվում, բայց հենց սա է ժամանակակից աստղադիտարանի հնագույն նախատիպը, որը հերքելն ու ժխտելը, ըստ մաթեմատիկոսի, կնշանակի արհամարհել մեր տեղաբնակ նախնիների ստեղծած հնադարյան մշակույթն ու քաղաքակրթությունը:

Ինչպե՞ս կլուծվեն եւ արդյո՞ք կլուծվեն հնագետների ու աստղաֆիզիկոսների միջեւ ծագած խնդիրները. փաստն այն է, որ առայժմ նրանց տեսակետերը չեն համընկնում, ու նրանք պարբերաբար հանդես են գալիս հակընդդեմ ելույթներով ու պարզաբանումներով: Պատճառն այն է, որ հողի տակ եղածը հողի վրա եղածի հետ ընդհանրություն չունի. հողի տակ գտնվող դամբարանը այլ քաղաքակրթություն ու պատկեր է ցույց տալիս, հողի վրայի ուղղահայաց քարերըՙ բոլորովին այլ: Մեկըՙ անդրշիրիմյան կյանք, մյուսըՙ անեզր տիեզերք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.