AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6483, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

19-րդ դարի 80-ական թվականներին միմյանց հետեւից ծնվեցին ու ասպարեզ իջան հայ քաղաքական կուսակցությունները` Արմենականը, Հնչակյանը եւ Դաշնակցությունը: Բոլոր երեք կուսակցությունների ծրագրերում էլ որպես ռազմավարական նպատակ հայ ժողովրդի ազատագրումն էր օսմանյան դժնդակ տիրապետությունից եւ կյանքի բարեկեցիկ պայմանների ապահովումը: Այդ ծրագրերի տարբերությունը սոսկ ազատությանը հասնելու միջոցների մեջ էր, այսինքն` մարտավարական: Այդ ժամանակաշրջանը հայոց պատմության ընդհանուր խորապատկերի վրա դիտարկելով հստակ երեւում է, որ բոլոր կուսակցություններն ունեին որոշակի քաղաքական նպատակ եւ ծրագրեր:

Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ 19-րդ դարավերջին առաջին երկու կուսակցությունները զգալիորեն թուլացան եւ ասպարեզում հիմնական գործող ուժը դարձավ ՀՅԴ-ն: Արմենականների գրեթե բոլոր կարող ուժերը 1896 թ. Վանի Մեծ դեպքի ժամանակ հերոսաբար կռվելով թուրք բարբարոսների դեմ` պաշտպան կանգնեցին անզեն ժողովրդին եւ խաբեությամբ զոհվեցին ս. Բարդուղեմիոս վանքի մոտ: Բավականին ընդգրկուն գործունեություն ծավալած ու հզորացած հնչակյաններն էլ սոցիալիզմի վարդապետության պատճառով գժտվեցին, իսկ կուսակցությունը տարափեղկվեց երկու մասի եւ կտրուկ թուլացավ:

20-րդ դարի առաջին երկու տասնամյակները հայ ժողովրդի համար փոթորկալից եղան: Երիթուրքերի կազմակերպած Մեծ եղեռնով հայ ժողովուրդը ցեղասպանվեց, իսկ նրա աշխարհասփյուռ հատվածներից գոյացավ Սփյուռքը: Աշխարհի չորս կողմերը նետված կոտորակված հայությունն իր կամքից անկախ հայտնվեց քաղաքական, տնտեսական, հոգեբանական, իրավական, լեզվական ու մշակութային տարաբնույթ պայմաններում: Ամենատարբեր պատմություն, ավանդույթներ, սովորույթներ ու կենցաղային բարքեր ունեցող ժողովուրդների ծոցում հայտնված հայության այդ հատվածների վիճակը նմանվեց խմոր, բետոն կամ ասֆալտ շաղախող ամանի բաղկացուցիչ նյութի: Իսկ հայտնի է, որ այդ միախառնման արդյունքում որպես կանոն ստացվում է շաղախ, որի բաղկացնող մասերի ինչ լինելը երբեմն մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինում պարզել:

Այլ խոսքով ասած, ջրից ջրհեղեղում հայտնված հայությունը կանգնեց կորսվելու իրական վտանգի առջեւ: Իսկապես, եթե օսմանյան տիրապետության եւ հատկապես երիտթուրքերի կառավարման շրջանում հայությունը «կարմիր» վտանգի մեջ էր, այսինքն` ֆիզիկական բնաջնջման էր ենթարկվում, ապա Եղեռնի սպանդից մազապուրծ եղած հայության հատվածների համար ոչ պակաս սպառնալիք էր եւ է՛ «սպիտակ եղեռնը», այսինքն` ձուլման վտանգը:

Առաջացած նոր պայմաններում բնականաբար կուսակցություններն այլեւս չէին կարող իրենց պայքարը հին ձեւերով ու մեթոդներով շարունակել: Այդ պատճառով էլ նրանք իրենց առջեւ ծառացած նոր խնդիրները լուծելու համար արմատապես փոխեցին գործելաձեւերն ու մեթոդները: Մեր խորին համոզմամբ, ստեղծված այդ նոր պայմանների ու հայությանն սպառնացող վտանգի դեմ պայքարելու գլխավոր խնդիրը լուծելու առաքելությամբ էլ 1921 թ. ծնվեց ու հրապարակ իջավ Ռամկավար Ազատական կուսակցությունը: Այն նախկինում հայոց մեջ զգալի գործունեություն ծավալած մի քանի կուսակցությունների համախմբման արդյունք էր եւ օրվա անհրաժեշտություն: Այդ կուսակցությունների գաղափարական ընդհանրությունները, կուսակցական կարող բոլոր ուժերի միակամությունը, ստեղծված իրավիճակի ու սփյուռքահայության առջեւ ծառացած խնդիրների ճիշտ եւ խորությամբ ընկալումը հնարավոր դարձրեց այդ միավորումը: Միանշանակ իրենց առջեւ դրված նպատակներն ու գործելաձեւերը փոփոխության ենթարկեցին նաեւ Հնչակյան եւ Դաշնակցություն կուսակցությունները:

Ժամանակը ցույց տվեց, որ «սպիտակ ջարդը» պակաս վտանգավոր չէր, քան «կարմիրը»: Այսպես, եթե օսմանյան սուլթանները պարբերաբար կոտորածներ կազմակերպելով, իսկ երիտթուրքերը Մեծ եղեռն իրականացնելով չկարողացան հայությանը բնաջնջել, ապա ընդամենը 40-50 տարի անհրաժեշտ եղավ մի շարք երկրներում հայտնված հայության նոր սերունդներից խլել նրա սովորույթներն ու հոգեկերտվածքը, հայոց լեզուն, նույնիսկ ուծացնել նրա հոգին կամ աղավաղել այն:

«Կարմիր ջարդի» դեպքում թշնամին հայտնի էր եւ տեսանելի: Այսինքն` ճանաչելով թշնամուն հնարավոր էր դառնում լավ կամ վատ նաեւ պաշտպանվել, անհրաժեշտության դեպքում զենքը նրա կրծքին ուղղել: Իսկ «սպիտակ ջարդի» ժամանակաշրջանում թշնամին անտեսանելի էր, աներեւույթ ու անգո: Ավելին, նա մոտենում էր նույնիսկ «բարեկամաբար», քաղաքակիրթ ձեւերով, նրբանկատորեն ու ժպտալով, հետեւապես շատ դժվար էր նրան դիմակայել, մատաղ սերնդին ասել, որ հեռու մնան այդ բարեկամությունից, չտարվեն այդ բարիքների չարիքներից:

Շատ լավ հասկանալով ստեղծված նուրբ ու վտանգավոր այդ կացությունը մեր քաղաքական առաջնորդներն ընտրեցին իմ կարծիքով այդ ամենից պաշտպանվելու լավագույն ձեւը. կուսակցությունները Սփյուռքի տարբեր օջախներում հիմնեցին դպրոցներ, հայեցի ակումբներ, հայկական թերթեր, քաջալերեցին ու տարածեցին հայկական մշակույթ եւ այլն: Հայ առաքելական եկեղեցին, որ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայկականության պահապան կռվաններից մեկն էր եղել, սատար կանգնեց այդ ձեռնարկներին, օգնեց եւ օժանդակեց այդ բարեհաջող ընթացքին: Արդյունքում աշխարհասփյուռ հայությունը կարողացավ աստիճանաբար ուղղել մեջքը եւ ոչ միայն պահպանել իր էությունն ու հայեցի դիմագիծը, այլեւ ստեղծել նոր արժեքներ: Աննախադեպ հզորացան հատկապես հայրենիքին մոտ գտնվող երկրներում (Սիրիա, Լիբանան եւ այլն) ծվարած հայության հատվածները, որոնք աստիճանաբար դարձան հայկականության հզոր հոգեւոր-մշակութային կենտրոններ:

Այդ ամենում անուրանալի դերակատարություն ունեցած հայ ավանդական կուսակցությունները կարողացան կատարել տվյալ պահին իրենց առաջնորդողի, ղեկավարի եւ ուղղություն տվողի առաքելությունը` ոչ միայն օգնել ու առողջ մեծացնել սփյուռքահային, այլեւ դաստիարակել նրան որպես իսկական հայ: Որովհետեւ սովորաբար լավ հայը նախ պիտի լավ մարդ լինի: Աննկարագիր, շահամոլ եւ նենգ հոգով մարդը չի կարող իսկական հայ կոչվել, քանի որ Սփյուռքում հայ լինել նշանակում է միշտ պատրաստ լինել դժվարությունների եւ զոհողություններ կատարել, անձնական շահը ստորադասել ընդհանրականին: Այլ կերպ ասած` քաջություն ունենալ եւ նույնիսկ վստահությամբ թիավարել տարաբնույթ հոսանքների դեմ: Իսկ հայ ավանդական կուսակցությունները տասնամյակներ շարունակ նպաստել են, որ առողջ ու համարձակ թիավարողներ ունենանք:

Մեր օրերում շատ բան է փոխվել. արդեն ունենք մեր երազանքի մարմնացում անկախ պետականությունը, գիտատեխնիկական ուժեղ պոտենցիալով հարուստ հայրենիք, ունենք հաղթանակած արցախյան պատերազմ, հարյուրամյակներ շարունակ զիջելու փոխարեն ունենք նաեւ առայժմ փոքր, բայց շատ կարեւոր հողակտոր Արցախի վերադարձի փաստ: Նախկին ընկճված, ցեղասպանված զոհի հոգեկերտվածքի փոխարեն ունենք հաղթողի, պահանջատիրոջ ու աշխարհի ամենազարգացած ժողովուրդների շարքում հպարտ ու հավասար քայլելու իրավունք, սակայն կարծում ենք, որ Սփյուռքում նաեւ կուսակցությունների կարիքը ունենք:

Նշենք, որ կուսակցությունները դասական բնույթով չենք պատկերացնում, այլ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կան այժմ: Այսինքն` ոչ թե որեւէ գաղափարախոսության կրքոտ հետեւորդներ, այլ որպես թիմային ու համախմբող կառույցներ, բարեկամների ու համախոհների ակումբ, որոնց հիմնական ու գլխավոր նպատակը հայապահպանությունը պիտի լինի նաեւ այժմ: Իսկ հայապահպանության դժվարին առաքելությունն իրականացնելու կարեւորագույն գործոններ են Հայրենիքի հետ ամուր կապի պահպանումը, կրթաքարոզչական ու կազմակերպական գործառույթների շարունակական իրականացումը, բազմալեզու լրատվամիջոցների ստեղծումը եւ այլն: Անչափ կարեւոր է նաեւ կուսակցությունների եւ Հայ եկեղեցու փոխսատարումը, որը շատ օգտակար է:

Մեր օրերում այլեւս պիտի համաչափ ու միասնական լինի նաեւ խոսքի եւ գործի համապատասխանությունը, անտարակույս խոսքին պիտի անպայման հետեւի գործը: Շատ կարեւոր է նաեւ այն, որ երբ որեւէ էական խնդիր առաջանա, բոլոր կուսակցությունները միասնաբար հանդես գան եւ բոլոր միջոցներով աշխատեն այդտեսակ խնդիրները հօգուտ հայությանը լուծել:

Փորձը ցույց է տվել, որ մեր երկարամյա գոյապայքարի ընթացքում չեզոք մնալը կամ հատվածական շահերով առաջնորդվելը մեծ վնասներ է հասցրել ազգին, իսկ խաղաղ տարիներին` առավել, քանի որ մշտարթուն ուծացում հրեշը ակնդետ հետեւում է յուրաքանչյուր նման իրավիճակում պատրաստ վճռական հարվածի: Հարկավոր է նաեւ մեկընդմիշտ գիտակցել, որ կուսակցական լինելը բնավ էլ չի նշանակում ազգի վերնախավը լինել: Ընդհակառակը, կուսակցականը միշտ պետք է քայլի ժողովրդի առջեւից, առաջնորդի նրան, ճիշտ ու անսխալ ուղիներ մատնանշի: Ինչը նշանակում է նաեւ հարվածն առաջինն ընդունել սեփական մարմնին, պատնեշել, որ այն ազգին չհասնի: Այսինքն` լինել զինվոր-հրամանատարի դերում եւ միայն այդ դեպքում ազգը կհետեւի նրանց, քանի որ չեզոք մնալը պարզապես ամոթաբեր կդառնա ու կդիտվի դասալքություն:

Կուսակցությունների պահպանումը նաեւ ենթադրում է մեկ այլ ոչ պակաս կարեւոր առաքելություն. երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությամբ արժանի հերթափոխ ապահովել: Հակառակ դեպքում կուսակցությունները կհայտնվեն պատեհապաշտ եւ գործից անտեղյակ մարդկանց ձեռքում եւ ոչ միայն հարցականի տակ կդրվեն դրանց գործունեությունը, այլեւ գոյությունն ընդհանրապես: Գաղտնիք չէ, որ կուսակցությունների ղեկին հայտնված պատահական մարդիկ չեն կարող արագ արձագանքել ազգին վերաբերող հրատապ հարցերին եւ համապատասխան լուծումներ գտնել ու պատվար դառնալ օտար ու ներքին ոտնձգությունների դեմ:

Մեր գոյապայքարի պատմությունն իսկապես ապացուցել է կուսակցությունների գոյության անհրաժեշտությունը: Կարծում եմ, դա այսօր էլ օրակարգային խնդիր է: Հատկապես Սփյուռքում, որտեղ կուսակցություններն ունեցել են նաեւ հսկայական դաստիարակիչ դերակատարություն: Մի առաքելություն, որն ավելի դժվար է, քան եկեղեցի ու դպրոց կամ գերեզմանատուն պահելը: Մի կարեւոր հանգամանք էլ կա. հայրենի իշխանությունները Սփյուռքի հետ մեծ ի մասամբ հարաբերվում են կուսակցությունների միջոցով, հետեւաբար որքան դրանք ուժեղ ու համախմբված լինեն, լավ տիրապետեն իրավիճակին ու ազգին վերաբերող հարցերին, այնքան հեշտ ու արդյունավետ կլինեն այդ հարաբերությունները: Հետեւությունը մեկն է. հայրենի իշխանությունները եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին շարունակաբար ու հետեւողականորեն քայլեր պիտի ձեռնարկեն Սփյուռքում կուսակցություններին ավելի համախմբելու ու ուժեղացնելու ուղղությամբ եւ ոչ թե հակառակը:

25.09-02.10.2017

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.