AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6323, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՈՍԿՎԱ - ԷՐ-ՌԻԱԴ. ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ՆԱՎԹԸ

Պ. Ք.

Սալման թագավորը գալիս է Մոսկվա

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ԶԼՄ-ներին հայտնել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի Մոսկվա կատարելիք այցի մասին: Նրա խոսքերովՙ սպասվում է, որ այդ այցելությունը նոր, հուժկու խթան կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Ռուսաստանը շահագրգռված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում եւ մասնավորապես Սիրիայում երկխոսության շարունակմամբ: Դա բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է:

Ուրիշ, օրինակՙ ամերիկյան աղբյուրների համաձայն, թագավորը մտադիր է պաշտպանություն հայտնել Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունների գործընթացին, քննարկել Քաթարի հարցը, էներգետիկ անվտանգությունը եւ նավթահանույթը կրճատելու եւ OPEC-ի շրջանակներում նավթի գները պահպանելու հարցերը: Դա կլինի Սալմանիՙ որպես թագավորի առաջին այցը Ռուսաստան:

Երկու երկրներն ունեցել են տարբեր մակարդակի շփումներ, որոնց ընթացքում գնահատական է տրվել ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ Մերձավոր Արեւելքի իրադրությանը: Բայց այժմ, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, բացի էներգետիկ համագործակցությունից, Մոսկվան եւ Էր-Ռիադը ունեն նաեւ քաղաքական մերձեցման այլ պատճառներ: Թագավորի եւ նախագահ Պուտինի հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ ամբողջ Մերձավոր Արեւելքի իրադրության հետագա զարգացման վրա:

Այս կապակցությամբ հարկ է ուշադրություն դարձնել հետեւյալ կարեւոր գործոններին: Այցը տեղի կունենա այն պահին, երբ արդեն Անկարա է այցելել նախագահ Պուտինը, որից հետո սկսեցին ուրվագծվել Անկարայի ու Մոսկվայի հնարավոր մարտական դաշինքի հիմնական գծերը: Ամերիկյան Newsweek շաբաթահանդեսը (այժմՙ համացանցային) նշում է, որ չնայած մերձեցմանը, տարածաշրջանում երկրներից յուրաքանչյուրն ունի իր երկարաժամկետ շահերը: Սիրիայի ուղղությամբ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը, իսկ Քաթարի ճգնաժամի պատճառով ի հայտ է եկել նաեւ Թուրքիա-Քաթար-Իրան դաշինքը: Տեսականորեն որեւէ խոչընդոտ չկա այդ երկու դաշինքների միջեւ համագործակցություն հաստատելու համար, ինչը նկատելիորեն կբարելավեր Սաուդյան Արաբիայի շուրջը տիրող իրավիճակը:

Էր-Ռիադը խնդիրներ ուներ Բարաք Օբամայի վարչակազմի հետ, որը օժանդակել էր Իրանի միջուկային ծրագրին նվիրված Վիեննայի բանակցություններին: Երբ այս տարվա մայիսի 21-ին Էր-Ռիադում նախագահ Թրամփը գլխավոր թշնամի անվանեց Իրանին, սաուդցիներից շատերին սկսեց թվալ, թե հակադիր իրավիճակ է ստեղծվում: Բայց հետո պարզ դարձավ, որ Վաշինգտոնը փորձում է միմյանց ընդհարել տարածաշրջանի սուննի եւ շիա գլխավոր պետություններին: Շուտով ծագեց նաեւ Քաթարի հետ կապված հակամարտությունը, որը լարվածության գոտի ստեղծեց Պարսից ծոցումՙ ուժեղացնելով Իրանի ազդեցությունը: Թեեւ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը խզեցին հարաբերությունները Քաթարի հետ, դա սկզբունքորեն ոչինչ չփոխեց:

Իրանի դեմ Վաշինգտոնի ծրագրած նոր հարձակումը ձախողվեց, Սպիտակ տունը խճճվեց դիվանագիտական ցանցերում: Իսկ Սաուդյան Արաբիան հասկացավ, որ իրեն նոր լուծումներ են հարկավոր իշխող գահատոհմում ուժերի վերադասավորման պայմաններում, սկսվեց երկրի ոչ այնքան բացահայտ վերակողմնորոշումը իր ավանդական ամերիկամետ կեցվածքից: Ռուս-սաուդյան հարաբերությունների համար դա շատ բան էր նշանակում: Մինչեւ վերջերս երկկողմ կապերի հիմքը համագործակցությունն էր էներգետիկայի ոլորտում, որը ոչ միշտ էր փոխակերպվում մերձավորարեւելյան խնդրների դրական լուծումների: Սակայն նոր պայմաններում անհնար է հարաբերությունները սահմանափակել միայն նավթային հարցերով:

Հարկ է լինում հաշվի առնել նաեւ քաղաքականության եւ անվտանգության խնդիրները: Բացառված չէ, որ Մոսկվան որպես միջնորդ հանդես գա Էր-Ռիադի եւ Թեհրանի հարաբերությունների կարգավորման գործում: Սաուդցիների համար դա կարող է դրական լինել, եթե սաուդցի պաշտոնյաներից մեկի խոսքերով ասած, «Վաշինգտոնը երես թեքի Սաուդյան Արաբիայից»: Ամեն դեպքում, կասկած չի հարուցում, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան պատրաստ են հաղթահարել երբեմնի տարաձայնությունները եւ գործել հանուն ընդհանուր շահերի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.