AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017



Տեղադրվել է` 2017-10-12 23:21:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 12902, Տպվել է` 1698, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՐՁՈՐԻ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԴՊՐՈՑՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ

Շուրջ 10 տարի է, ինչ Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միությունը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան N-1 միջնակարգ դպրոցում իրականացնում է «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, որի շարունակականությունը հնարավոր է դառնում սփյուռքի մեր հայրենակից թեքեյանցիների մասնակցությամբ թե՛ անհատապես, եւ թե՛ ընտանիքների ու կազմակերպությունների կամավոր աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գործնականորենՙ բարոյապես եւ նյութապես խրախուսել ուսուցիչներինՙ իրենց տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաեւ բարձրացնել ուսուցչի վարկանիշը, դերն ու նշանակությունը հասարակության մեջ, քանզի հենց նրա ուսերին է ծանրանում վաղվա քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու բարդ ու պատասխանատու գործը:

Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչները միշտ լավատեսությամբ են նայում ապագային, խաղաղության երազանքով ապրելովՙ ապացուցում, որ արժանի են ուսուցիչ լինելու բարձր կոչմանը, քանզի նրանք անմնացորդ նվիրված են իրենց գործինՙ անտեսելով պատերազմական գոտում առկա բոլոր խնդիրնեն ու դժվարությունները:

Այս տարի էլ ծրագրի շրջանակում դպրոցը կրկին հյուրընկալեց Հայաստանում Ամերիկայի եւ Կանադայի ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանին եւ Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանին :

Այցելության խորհուրդը երկակի էրՙ«Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, եւ Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան Սարօ Արմէն Մանուկեան ֆոնդի օժանդակութեամբ հիմնանորոգված դասարանի բացման արարողությունը:

Այցելության առաջին մասում ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նման ջերմ վերաբերմունքի համար եւ մեծ երախտիքով ընդունեցին իրենց հայրենակիցների նվերները, որոնք հավաքվել էին թեքեյանցիների նվիրատվություններից: Ուսուցիչները աստիճանաբար հավաքվում էին Մոնրեալի Թեքեյան Մշակութային միության Սարօ Արմէն Մանուկյան հիմնադրամի կողմից վերանորոգված եւ բարեկարգված դասարանում: Վերանորոգված դասասենյակի բացման պատիվը ընձեռվեց Վարուժան Սիրապյանին եւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին:

Արցախի Քաշաթաղի շրջանի «Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի եւ գրականության նորոգված դասասենյակի բացման արարողությանը Արտուշ Մխիթարյանը ներկաներին փոխանցեց վարչակազմի ղեկավար Ս. Վ. Խաչատրյանի շնորհավորական ուղերձը, եւ «Մոնթրէալի Թէքէեան մշակութային միության Սարօ Արմեն Մանուկյան Ֆօնտ» -ին պարգեւատրեց շնորհակալագրովՙ բարեգործական այս քայլի համար:

Շնորհակալագիրը ստացան Գայանե Մուրադյանն ու Վարուժան Սիրապյանըՙ խոստանալով փոխանցել ֆոնդի ներկայացուցիչներին:

Ներկաները հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը, իսկ դպրոցի շրջանավարտ Անի Դավթյանը , որն այսօր արդեն դպրոցում դասավանդում է հայոց լեզու եւ հայ գրականություն, օրն ավելի հիշարժան դարձնելու համար կազմակերպել էր գեղեցիկ դաս-միջոցառում նվիրված Համո Սահյանին: Դպրոցի մեկ այլ շրջանավարտ Ֆիրուզա Արզումանյանն էլ միջոցառումը ամփոփեց Ալեքսանդր Հեքիմյանի «Հայրենական» երգի գեղեցիկ կատարմամբ: Հայոց լեզվի եւ գրականության հիմնանորոգված այս դասասենյակում պարբերաբար կանցկացվեն հայ գրողներին նվիրված դաս-միջոցառումներ:

Այնուհետեւ ավագ դպրոցի աշակերտների խնդրանքով Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը անցկացրեց դասՙ նվիրված Արշակ Չոպանյանին: Բանախոսը ներկայացրեց Արշակ Չոպանյանի կյանքն ու գրական, մշակութային եւ ազգային գործունեությունը: 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հովսեփյանը ներկայացրեց հայ անվանի մեծերի խոսքերը նվիրված Արշակ Չոպանյանին, իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Դանիելյանը արեւմտահայերենով արտասանեց հեղինակի ստեղծագործություններից:

Վարուժան Սիրապյանը հաճելիորեն զարմացած էր, որ դպրոցի աշակերտներն Արշակ Չոպանյանի մասին այդքան տեղեկացված էին: Հյուրը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի կառուցվածքին եւ պատմությանը:

Հագեցած օրը եզրափակվեց դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանի ելույթով, որն ընդգծեց. «Դպրոցի հիմնանորոգման խնդիրը մնում էր հրատապ, եւ դպրոցի աշակերտները եւս արժանի են ուսանել բարվոք կրթական միջավայրում: Տարիներ շարունակ անլուծելի համարվող այս հարցին առաջինն արձագանքեց ԹՄՄ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, ում ջանքերի շնորհիվ էլ հարցը լայն արձագանք ստացավ սփյուռքում: Որոշվեց դպրոցի վերանորոգումը իրականացնել քայլ առ քայլ: Առաջին քայլի հեղինակը Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան Սարօ Արմէն Մանուկէան ֆոնդն էր, եւ լիահույս ենք, որ այն կունենա իր տրամաբանական շարունակությունը: Այսօր արդեն կան հովանավորներ, ովքեր ցանկություն են հայտնել իրականություն դարձնել մյուս դասարանների նորոգումը»:

Այսպիսով, հույս ունենանք, որ ծրագիրը կլինի շարունակական եւ մի օր կիրականանա դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների երազանքըՙ դպրոցը տեսնել նորոգված, հարմարավետ եւ լուսավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 13-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.