AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 11107, Տպվել է` 1791, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՈՂԱԶԵՐԾՈՒՄՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Միգուցե խորհրդանշանական բան կա այն հանգամանքի մեջ, որ բանակը բարեփոխելու փաթեթը խորհրդարանում քննարկվում էր տասնութ տարի առաջ` 1999 հոկտեմբերի 27-ին, նույն խորհրդարանում կատարված արյունոտ ոճիրի տարելիցի նախօրեին: Բանակի հիմնադրումը եւ կայացումը կապվում են հոկտեմբերի 27-ին զոհ գնացած Վազգեն Սարգսյանի հետ: Իսկ Հայաստանի ազգային անվտանգության ու պաշտպանության առջեւ ծառացած նոր խնդիրները լուծել փորձող բարեփոխումների օրենսդրական կարգավորումներն այս օրերին խորհրդարանում ներկայացնում էր մի ուրիշ Սարգսյան`Վիգեն, որը նույնպես հավակնոտ ծրագրեր ունի ոլորտի վերաբերյալ, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը:

Հիշողության դասերը մինչեւ հիմա էլ նոր ծալքեր են մատուցում ու նոր հետեւություններ ծնում, որոնք բոլորն էլ, վստահ եմ, մի օր մեկտեղվելու ու ներկայանցվելու են հայերիս, ուշ թե շուտ:

Սա` ա՛յս օրվա խորհրդաբանությամբ:

Վերադառնանք հայոց բանակում զգալի փոփոխություններ նախատեսող երկու օրինագծերից` «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», հատկապես երկրորդին, քանի որ, չնայած խորհրդարաական թեժ քննարկումների լայն լուսաբանմանը, թեման առնչվում է ամեն ընտանիքի եւ մեր ընթերցողին եւս հետաքրքրում է:

Երկրորդ օրինագիծը, որը Վիգեն Սարգսյանը բնորոշեց որպես երկրի անվտանգությունն ու պաշտպանունակությունն ամրապնդող, մի շարք հայեցակարգային փոփոխություններ է առաջարկում ոլորտում:

Վիգեն Սարգսյանի խոսքովՙ նախագծի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ հայրենիքի պաշտպանությանը պետք է մասնակցեն եւ բանակում ծառայեն բոլոր զինապարտ անձինք, իսկ տարկետման իրավունքից օգտվելու կամ զինծառայությունից ազատման դեպքերը պետք է լինեն թափանցիկ եւ հասանելի հանրությանը:

Այդպիսով` հատկապես խստացումներ կան այն իրավահարաբերություններում, որոնք վերաբերում են զինվորական ծառայության ազատմանն ու զորակոչից տարկետումների տրամադրմանը: Պարտադիր զինվորական ծառայությունն, իհարկե, էլի քսանչորս ամիս է սահմանվում, բայց օրինագծով պայմանագրային կարգով ծառայության այլ ժամկետ եւս առաջարկվում է: Այսպես` աղմուկ հանած եւ ուսանողների որոշ շերտերի բողոքի ցույցերի պատճառ դարձած տարեկետում տալու կարգում պետպատվերով բարձրագույն կրթություն ստացողը կարող է տարկետումից օգտվել, եթե այնուհետեւ պատրաստ է ծառայելու որպես սպաՙ ստանալով սպայի աշխատավարձ եւ ուսման վարձի փոխհատուցում` այդ առումով ներմուծվում է պայմանագրի հիման վրա երեք տարվա ծառայություն: Զորակոչի ենթակա են տասնութ տարին լրացած բոլոր արական սեռի քաղաքացիները` մինչեւ քսանյոթ տարեկան հասակը:

Տարկետում տրվում է, փաստորեն, միայն առողջական վիճակից կամ ընտանեկան պայմաններից ելնելով, նաեւ` նպատակային ուսումնառության համար, իսկ ահա ուսանողներին տարկետում տրվում է, եթե նրանք ՊՆ-ի հետ կնքում են վերը նշված քաղաքացիաիրավական պայմանագիր` ուսումնառությունից հետո զինվորական ծառայություն անցնելու ՊՆ նշած վայրում եւ պայմաններով:

Այս օրենքով սոցիալական երաշխիքներ կան սպայական կազմի համար` սկսած աշխատավարձին համապատասխան կենսաթոշակներից մինչեւ անտոկոս կամ անկանխավճար տրամադրմամբ (դրանք փոխհատուցում է ՊՆ-ն) հիպոթեքային բնակարաններ: Ըստ նախարարի` հաշվարկն այնպիսին է , որ քսան տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողը, օգտվելով մատչելի հիպոթեքային ծրագրից, մարելու է մայր գումարի 90 տոկոսը, իսկ արդեն ծառայության երրորդ-չորրորդ տարում սպան կարող է այս ծրագրով բնակարան ունենալ:

Փորձ է արվել փոփոխել նաեւ առողջական վիճակի հետազոտման եւ բժկական փորձաքննության կարգերը` հիվանդությունների ցանկը ՊՆ-ի փոխարեն կառավարությունն սահմանելու, փորձաքննության պատասխանատվությունը վերահասցեագրվելու է տարածքային պոլիկլինիկաներին, այդպիսով` համապատասխան հաձնաժողովին կամ ժողովրդի աչքում կոռուպցիայի այս օղակին չեզոքացնելով: Իսկ թե ինչ կստացվի դրանից` դա դեռ գործնականում պետք է կյանքի ուղղեգիր ստանա եւ հետո առարկայանա:

Իհարկե, բոլոր այս փոփոխությունները արվում են նրա համար, որ ի վերջո գրավիչ դարձնեն հայոց բանակում ծառայությունը, իսկ որ ավելի կարեւոր է`զորակոչման, տարկետումների տրամադրման, բանակից ազատման հարցերում արդարություն հաստատվի, այդպիսով նաեւ նվազեցնելով կոռուպցիան բանակում եւ մերձբանակային սպասարկման բոլոր մակարդակներում: Նախագիծը ներկայացնող ՊՆ նախարարը հավատացած է, որ այս օրնսդրական փոփոխություններով հնարավոր կլինի գոնե գլոբալ բարեփոխումների անցումն ապահովել: Եւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթներում նույպես տարբեր մոտեցումներով առկա էր փոփոխություններին սատար կանգնելու մոտիվը:

Փոփոխությունների ոգուն կողմ, բայց նախաձեռնությանը հավատ չընծայող ընդդիմախոսները (Մանե Թանդիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարությանը, Գեւորգ Գորգիսյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ այլք) չէին հավատում, որ այս օրենսդրությամբ հնարավոր է արդարություն հաստատել զորակոչման պրակտիկայում, եւ միայն սոցիալական անապահով խավին բաժին չհանել հայոց սահմանների պաշտպանությունը, ինչպես նաեւ բանակում վերացնել այժմ առկա լայնածավալ կոռուպցիան: Ն. Փաշինյանը մի վիճակագրություն բերեց, որով տարկետումների առյուծի բաժինը ոչ թե ուսումը շարունակելու պատրվակով ծառայությունից ազատման հիմքով է, այլ առողջական պատրվակների, եւ դա հատկապես լայնորեն օգտագործել են պաշտոնյաների զավակները` ծառայությունից ազատվելով: Նրա կարծիքով այս հնարավորությունը օրենքի ընդունումից հետո եւս մնալու է, այս իմաստով անհասկանալի է բանակը բակալավրերից, այսինքն` տարբեր մասնագիտությունների մարդկանցից զրկելու հեռանկարը:

Ըստ Վիգեն Սարգսյանի` ուսանողներին տարկետման իրավունքից զրկելը եւ բանակ տանելը խանգարիչ հանգամանք չի կարող լինել այն ուսանողների համար, որոնք հաստատ որոշել են գիտությամբ զբաղվել, նրանք դա կանեն բանակից վերադառնալուց հետո: Իսկ օրենքում առկա` պայմանագրային ծառայության նոր կարգը, հակառակը, թույլ կտա բանակը համալրել տարբեր մասնագետներով:

Հիշեցնենք, որ ուսման նպատակով տարկետման իրավունքը վերացնելու խնդիրը տարբեր պարբերականությամբ հաճախ փորձել են լուծել պաշտպանության նախարարները, Վազգեն Սարգսյանը ներառյալ, ու դա մի քանի անգամ արժանացել է խորհրդարանականների կասեցնող դիմադրությանը, որոնցից շատերի ականատեսը եղել է տողերիս հեղինակը, ընդհուպ Ազգային ժողովի նախագահի հրաժարական:

Այս դեպքում, սակայն, կասեցնողներ չկային, եղած փոքրաթիվ ընդդիմախոսներն էլ արժանացան պաշտպանության նախարարի անսպասելի ու խիստ անձնավորված հակահարվածին:

Ուրիշ բան, որ, հա, մեր երկրի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական վիճակը զգոնացնում եւ պահանջում է մոտեցումների խստացում, կամ ինչպես հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանն էր ասում` համակարգային փոփոխություններ, սակայն այդ փոփոխությունները զուտ օրենսդրական նոր իրավահարաբերությունների սանդղակի ձեւավորմամբ միայն չեն ստացվի, եւ գործնականում, ինչպես Մանե Թանդիլյանն էր ձեւակերպել` չեն վերացնի բանակում «զոն նայողների» կաստան կամ սոցիալական անարդարությունը` գնացուցակն է փոխվելու ընդամենը, ինչպես որ բանակից ազատվելու գները ժամանակին յոթ հազար դոլարից հասան տասնհինգ հազարի:

Իսկ տարկետման իրավունքի վերացումը փողատերերի ու պաշտոնյաների զավակներին բանակից ազատելու գործընթացը լիովին եւ բացարձակապես տեղափոխելու է առողջապահական համակարգ:

Ճիշտն ասած` մեզ խիստ զարմացրեց Վիգեն Սարգսյանի նյարդային արձագանքը փոքրաթիվ ընդդիմության ընդդիմախոսությանն օրենքի նախագծին`նրա ներկայացուցիչների քողազերծման տեսքով: Պարզ է, որ Վ. Սարգսյանի նախորդ աշխատատատեղերը թույլ էին տալիս , որ նա տիրապետի դույզն-ինչ դերակատար քաղաքական ուժերից յուրաքանչյուրի անդամների մասին լիարժեք, այդ թվում անձնական տեղեկատվության, դա հավասարապես վերաբերում է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր շրջանակներին: Սակայն այդ տեղեկատվությունից օգտվելը` ընդդիմախոսներին ոչնչացնելու համար, պիտի որ լավ տոնի նշան չհամարվի, մանավանդ, որ նա դա ընտրովի արեց` մոռանալով «գլխավոր» ընդդիմախոսին: Նա մատնանշեց «Ելք» դաշինքի անդամներից Էդմոն Մարուքյանի` նույն ժամանակահատվածում ե՛ւ սովորելու, ե՛ւ ծառայելու զարմանալի փաստը, Արարատ Միրզոյանի` մեկ օր անգամ չծառայելով ՊՆ-ից պատվոգիր ստանալու պարագան: Իսկ «Ելքի» ղեկավար նիկոլ Փաշինյանին, ով գլխավոր կոռուպցիան ոչ թե գիտությամբ զբաղվելու ասպիրանտական պարագան էր համարում, այլ առողջական կեղծ խնդիրներով բանակից ազատումը, եւ նշում էր բանակում չծառայելու համար երկրից բացակա հազարից ավելի հետախուզվողներին, հակադարձեց. «Ձեր նշած հետախուզվողների զգալի մասն այն անձինք են , որոնց քսանյոթ տարին առաջիկայում լրանալու է: Նրանք սպասում են, որ տարիքը լրանա եւ մեր կողմից ընդունված օրենքի ուժով բերեն-թուլափայ գցեն բանակին` համարելով, որ իրենք իրենց սահմանադրական պարտքը կատարել են, ինչպես առաջնագծում ծառայած երիտասարդներ: Ընկել եք հոգեւոր ճեմարանում ծառայող տասնութ հոգու հետեւից, կարծես մեր Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման եւ սահմանների անձեռնմխելիության համար»:

Մի կողմից լավ է այս քողազերումը, ով չգիտի` կիմանա ում հետ գործ ունի, մյուս կողմից` հենց Ազգային ժողովի դահլիճը գոնե չորեքշաբթի օրերին լի է մեծամասնությամբ չծառայած պատգամավորներով ու նախարար-փոխնախարարներով. ո՛ր մեկի կենսագրությունն ուսումնասիրում ես` տարկետման իրավունքից է օգտվել, բա սա ո՞վ ասի, եթե ոչ չծառայած ընդդիմադիրները:

Բացի այդ` ընդդիմադիր եք կերտել, որ քողազերծե՞ք, դիմացեք:

Եւ բացի այդ` գործընթացներին հետեւող մեր իրազեկ հայացքով` տարկետման իրավունքի այս խստացման դեմ բողոքը դեռ թափ է հավաքելու, քանի որ մեր կարծիքով էլ դա ամենալավ որոշումը չէ եւ նվեր է իշխանության համար պայքարի պատրաստվող զանազան շրջանակների, այն էլ` այս պահին:

Ի դեպ` այս քննարկումներից հետո խորհրդարանը հանգիստ ու անվրդով անցավ Հայաստանում պարտադիր սպանդանոցային մորթ կազմակերպելու իրավական հիմքերի ապահովման օրենսդրական փոփոխություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.