AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



ՔԱՂԱՔԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 11937, Տպվել է` 1791, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն մեծապես պայմանավորված է արդյունաբերության ցուցանիշներով

2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ աճի տեմը նվազել է: Երկու ամիս առաջ, հունվար-հուլիս ամսվա տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 6,2 տոկոս էր: Տարեսկզբից տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպ էր գրանցվում, ընդ որումՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դարձյալ բարձր ցուցանիշների նկատմամբ: Եթե նկատի ունենանք, որ կառավարության ներկայացուցիչների կողմից տարեկան 4,5-5 տոկոս տնտեսական աճն են իրական համարում, ապա 5,1 տոկոսը այս տրամաբանության մեջ տեղավորվում է, բայց եթե նկատի ունենանք, որ աճի տեմպը նվազել է, ապա դա մտահոգություններ է առաջացնում:

Մտահոգիչ է առաջին հերթին տնտեսության կարեւորագույն ճյուղում ՙ արդյունաբերության մեջ արձանագրված աճի տեմպի որոշ նվազումը: Եթե 7 ամիսների արդյունքով արդյունաբերության ծավալներն աճել էին 12,7 տոկոսով, ապա 9 ամիսների ցուցանիշովՙ 11,9 տոկոսով: Միաժամանակ, արդյունաբերությունը շարունակել է մնալ այն երեք ճյուղերից մեկը, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում: Չափազանց կարեւոր է, որ հենց այս ճյուղի աճի տեմպը կրկին բարձրանա կամ առնվազն պահպանվի այս մակարդակի վրա, որովհետեւ առաջին հերթին արդյունաբերական զարգացման միջոցով է հնարավոր տնտեսության ընդհանուր ու որակյալ աճը եւ կենսամակարդակի իրական բարձրացումը: Արդյունաբերությունում աճի տեմպի նվազումը համանման անդրադարձ է ունեցել նաեւ արտահանման աճի տեմպի վրա: 9 ամիսների արդյունքում Հայաստանից արտահանումը աճել է 19,1 տոկոսով, որն, իհարկե լավ ցուցանիշ է, բայց այստեղ եւս 7 ամիսների արդյունքով աճը 21,6 տոկոս էր:

Տնտեսության մյուս ճյուղերից առեւտրի շրջանառությունն ավելացել է ՙ 12,5 տոկոսով, ծառայություններինըՙ 12,8 տոկոսով: Այս ճյուղերում աճի տեմպն ավելացել է: Եթե առեւտրի դեպքում դա վկայում է միայն տնտեսության մյուս ճյուղերի աճի եւ արտերկրից մասնավոր փոխանցումների ավելացման մասին եւ տնտեսական կացության վրա առանձնապես դրական ազդեցություն չի թողնում, ապա ծառայությունների, մասնավորապես զբոսաշրջությանն առնչվողների աճի տեմպի ավելացումը որոշակի դրական արդյունք տալիս է: Մասնավորապես, շուրջ 20-25 տոկոսով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացումը հավելյալ արտարժութային ներհոսք է բերել եւ ապահովել այս ճյուղում գործող ընկերությունների գործունեության աշխուժացմանն ու զարգացմանը:

Տնտեսության մյուս երկու ճյուղերում, ցավոք, տնտեսական անկում է արձանագրվել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 9,9 տոկոսով, շինարարության ծավալըՙ 6,4 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն ծավալների անկումը կառավարության համար երկրորդ լուրջ մտահոգություն պետք է լինի արդյունաբերության աճի տեմպի նվազումից հետո: Թերեւս գյուղատնտեսության նկատմամբ պետական աջակցության ծրագրերը ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ հավելյալ քայլեր կատարելու կարիք կա:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ ծավալները յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա համեմատ աճում են, բայց անցյալ տարվա 9 ամիսների ընդհանրական ծավալի համեմատ անկում են արձանագրում: Նախատեսված ներդրումային ծրագրերի իրագործման դեպքում գուցե վերջապես այս ճյուղը դուրս գա տարիներ շարունակվող անկումից:

Ելնելով այս ցուցանիշներից եւ միտումներից, կարելի է ենթադրել, որ տնտեսական աճի ներկայիս տեմպը էապես չի փոխվի: Դրական է, որ մեծամասամբ հենց արդյունաբերությամբ է պայմանավորվում տնտեսական աճի ցուցանիշըՙ այս ճյուղը ծավալներով երկրորդն է առեւտրից հետո: Սակայն այս պարագայում արդյունաբերական ծավալների նվազումն էլ անմիջականորեն անդրադառնալու է տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի վրա: Հետեւաբար, այս ճյուղի զարգացումը պետք է համարվի գերակայությունՙ այդ բառի լայն եւ ամբողջական իմաստով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.