AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 7989, Տպվել է` 1592, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՈՒ ՀԵՌԱՀԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

«Եթե հայը զենքը սրած չպահի ու հրաժարվի իր հակառակորդին սպանելուց, ապա հակառակորդը կսպանի հային:

Այդպես է պատմության օրենքը, հատու զենք ունեցողն է հավերժության ճամփորդ դառնում:»

Մովսես Խորենացի


Ռազմական բարեփոխումների շուրջ Ազգային ժողովում վերջին շրջանում սկսված քննարկումները ցավոք սրտի այդպես էլ հանրային արձագանք չեն ստանում, մեր ԶԼՄ-ներին ավելի շատ հետաքրքրում է, թե գործող վերնախավի այս կամ այն անդամը արդյոք ծառայե՞լ է բանակում, թե՞ ոչ, եւ թեՙ նախկին նախարարի տիկինը սոցիալական ցանցում ի՞նչ է գրում եւ ո՞ւմ մասին: Սա այն դեպքում, երբ առաջարկված փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են պետության պաշտպանության հզորացման եւ անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններին:

Խնդիրը ոչ միայն բանակի հզորացումն է, այլ արագ փոփոխվող տարածաշրջանում Հայաստանի մրցունակության բարձրացումը ռազմավարական մի նոր հարթության վրա, ինչը կարող է ապահովել պետության անվտանգությունը նոր սպառնալիքների ու մարտահրավերների պայմաններում: Իսկ որ իրավիճակը փոփոխվում է, կարծում եմ, որ դա առանձին ապացուցման կարիք չունի. խնդիրը անվտանգության սպասվող փոփոխությունների դինամիկայի պայմաններում նոր, ժամանակակից մարտահրավերներին պատասխանելու ունակ Զինված ուժերի ստեղծումն է, ինչը, անկեղծ լինենք, մի խնդիր է, որը վաղուց արդեն հասունացել է, սակայն ցավոք սրտի միայն վերջին մեկ տարվա ընթացքում է օրակարգ մտել, այն էլ` պայմանավորված ապրիլյան դեպքերով:

Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ քան երբեք, հետեւաբար, նմանատիպ քննարկումներ, հատկապես մասնագետների ներգրավմամբ, պետք է վաղուց սկսվեր, սակայն, ինչպես նշեցին, այսօր մամուլին այս թեման առանձնապես հետաքրքրական չէ: Դա չի նշանակում, թե այն հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելու դեպքում, քննարկում, առավել եւս բանակի զարգացմանն ուղղված խնդիրների վերաբերյալ, պետք չէ կազմակերպել: Բարձրացված մի շարք խնդիրներ, որոնցից, օրինակ, պարտադիր զինծառայության հարցն է, բուռն քննարկումների եւ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:

Պարտադիր ծառայությունը կարեւորագույն խնդիրներից է, քանի որ հայրենիքի պաշտպանությունը, խոսքն առաջին հերթին ռազմական պաշտպանության մասին է, պետք է դառնա պարտադիր բոլոր քաղաքացիների համար ու այստեղ արտոնյալներ չեն կարող լինել, քանի որ այդպիսիների հայտնվելու դեպքում խախտվում է ոչ միայն արդարության, այլ, ինչն ավելի կարեւոր է, հայրենիքին ծառայելու պատվաբերության ու բացառիկության սկզբունքը:

Այստեղ թերեւս կարելի է համեմատություն անցկացնել, օրինակ, Կիլիկյան Հայաստանի հետ, որտեղ ծառայությունը բանակում, հատկապես ազնվականության համար, պարտադիր էր, իսկ ոչ ազնվականների համար հնարավորություն ու ճանապարհ վերեւ բարձրանալու համար: Մաս կազմել հայոց այրուձիինՙ նշանակում էր լինել էլիտար զորքերում, ուր ցանկանում էին մուտք գործել բոլորը, անկախ իրենց կարգավիճակից եւ հնարավորություններից:

Մեր այսօրվա իրականության պայմաններում հայկական բանակում ծառայության խնդիրը պետք է դառնա այն բացառիկ պարտականությունն ու իրավունքը, ինչի առաջ հավասար են բոլորը: Ահա այս գաղափարի ներմուծումն է, որ ոչ միայն պարտադիր, այլեւ պատվաբեր է դարձնում ծառայությունը: Լինել հայրենիքի պաշտպանը պատվաբեր է, եւ այս գաղափարը պետք է շարունակաբար ներմուծվի մեր հասարակության մեջ: Ցավոք, այս գաղափարի հիմնական խոչընդոտը գործող վերնախավի կողմից բանակից զանգվածաբար խուսափելու, թեկուզեւ օրինական կարգով, երեւույթն է: Այստեղ պետք է նշենք, որ թեկուզեւ օրինական ճանապարհով չծառայածը պետք է հեռու լինի պետական համակարգից, քանի որ այդպիսով վարկաբեկում է հենց այդ համակարգը:

Վերջին տասնամյակներում թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունների կողմից ձեւավորվել էր հակառակ մտայնությունը, եւ շատերը, ըստ հնարավորության, փորձում են խուսափել ծառայությունից: Հետեւաբար սկսված բարեփոխումների գործընթացը պետք է ստանա առողջ հանրության մտածող այն հատվածի աջակցությունը, ով հասկանում է, որ պետության պաշտպանությունը պետք է պարտադիր լինի բոլորի համար, անկախ սոցիալական կամ ֆինանսական հնարավորությունից:

Չծառայելը պետք է լինի խարան, որը բոլորին անխտիր կստիպի խուսափել այդ խարանը կրելուց, քան խուսափել բանակում ծառայելուց: Զինվորական կրթությունը պետք է պարտադիր դառնա դեռ պատանեկության շրջանից եւ դեռ դպրոցում պետք է ներգրավել բոլորին, անկախ սեռից, նմանատիպ պատրաստության ու ուսման համար: Զինվորական պատրաստության ու կրթության խնդիրը պետք է լինի շարունակական, եւ արդեն բուհերում պարտադիր կերպով պետք է վերականգնվեն ռազմագիտության ամբիոնները եւ բանակից վերադարձող եւ ուսումը շարունակող տղաները կարողանան խորացնել իրենց գիտելիքներըՙ հետագայում սպայական կոչումներ ստանալու հնարավորությամբ:

Սա մի համակարգ է, որը ժամանակին գործում էր դեռ ԽՍՀՄ-ի տարիներին, եւ ռազմագիտության ամբիոնների վերականգնումը միայն կնպաստի զինվորական կադրերի, հատկապես սպաների, պատրաստման գործընթացին: Այս գործընթացն իր հերթին կնպաստի պահեստազորի սպաների պատրաստման գործին, ինչը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Հետեւաբար, պարտադիր ծառայությունն էլ ավելի է կարեւորվում, որպես նույն այդ պահեստազորի ստեղծման ամենաարդյունավետ ճանապարհ, իսկ որ պատերազմի ելքը որոշում է պահեստազորըՙ հատկապես բարձր պատրաստություն ունեցող, սա արդեն հայտնի ճշմարտություն է:

Այստեղ թերեւս կարեւոր է շեշտել, որ ընդհանրապես պահեստազորի ստեղծման հարցը ռազմավարական խնդիր է` պայմանավորված պետության պաշտպանության մակարդակի բարձրացման հետ, հետեւաբար այս խնդիրը օրենսդրական առանձին կարգավորման հարց է, ինչը, հույս ունեմ, անպայման մաս կկազմի ազգ-բանակ կոնցեպտին: Շրջապատված լինելով ագրեսիվ հարեւաններով, Հայաստանը պարտավոր է ստեղծել ազգային պաշտպանության իր համակարգը, որը համահունչ կլինի առկա ու սպասվելիք այն մարտահրավերներին, որոնք անընդհատ հասունանում են տարածաշրջանում:

Հայկական բանակին մաս պետք է կազմեն ոչ միայն 18-20 տարեկան տղաները, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիները: Ծառայությունը Շվեյցարիայի օրինակով պետք է սկսվի 18 տարեկանում, իսկ ավարտվի միայն 50 անց: Հայաստանի բոլոր քաղաքացիները, անկախ սեռից, պետք է տիրապետեն զենք կրելու արվեստին: Բանակը մեր առօրյայի մաս պետք է կազմի ու լինի նույնքան սովորական, ինչպես ուսումը դպրոցում, բուհում կամ ամենօրյա աշխատանքը եւ այլն:

Սկսված բարեփոխումների գործընթացը պետք է վայելի ողջ հանրության աջակցությունը: Պաշտպանության ներկա նախարարի կողմից առաջ քաշված ազգ-բանակ սկզբունքը պետք է շարունակաբար քարոզվի ու բացատրվի հասարակության բոլոր շերտերին: Պետք է կատարվի այդ սկզբունքի շարունակական մշակում ուղղված բանակ-հանրություն կապի հզորացմանը եւ, այսպիսով, զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:

Ինչպես կասեր Խորենացինՙ «հատու զենք ունեցողն է հավերժի ճամփորդը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.