AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 7614, Տպվել է` 1701, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱԳԱՂԹԵՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արտագաղթի մասին խոսելիս մենք սովորաբար այդ խնդիրը դիտարկում ենք մեծ պատկերի մեջ, որպես զանգվածային մի երեւույթ, որը սպառնում է մեր ազգային-պետական գոյությանը: Սակայն մեծ թվերի մեջ մոռանում կամ չենք նկատում միավորները, շերտերը, այդ թվումՙ մեր անչափահաս երեխաներին ու պատանիներին, որոնք պիտի կազմեին, կարո՛ղ էին կազմել մեր ապագան:

Առայժմ մի կողմ թողնելով դեպի Մ. Նահանգներՙ դեպի ազգերի, լեզուների, մշակույթների այդ մեծագույն ձուլարան, ինչպես նաեւ դեպի թարմ արյան կարիք ունեցող ծերացած եվրոպական երկրներ գաղթողների պարագան, կենտրոնանանք անծայրածիր Ռուսաստանի տարբեր քաղաքներ ու բնակավայրեր գնացողների մեջ նկատվող ընդհանրական մի խնդրիՙ նրանցից ոմանց երեխաների վիճակին:

Մեր թերթը առիթ ունեցել է Մոսկվայում բնակվող իր թղթակցի միջոցով անդրադառնալու Հայաստանից արտագաղթած հասարակ մարդկանց դժվար կյանքին, նրանցից շատերի չարքաշ առօրյային, շինարարական ծանր աշխատանքի մեջ իրենց կյանքը մաշեցնող, առողջությունը վրա տվող մեր ազգակիցների վիճակին: Սակայն առաջին անգամ նախորդ շաբաթ էր, որ անդրադարձանք արտագաղթի ամենալուրջ հետեւանքներից մեկիՙ Ռուսաստան արտագաղթողներից շատերի զավակների խնդրինՙ որպես ահազանգ: (Տեսՙ «Ազգ», 03.11.17, «Բախտի քմահաճույքին մատնված հայ երեխաները դրսում», Վաղինակ Ֆրանկյան):

Ահազանգողը Լոռու մարզից Ռուսաստան մեկնած նախկին մանկավարժ եւ կրթական գործիչ է, որ խմբագրություն այցելելով պատմում էրՙ բառացիորեն փողոց գցված մեր անչափահասների մասին: Ինչ-ինչ պատճառներով- ընտանիքի քայքայում, նյութական անձուկ պայմաններ, դպրոցից վտարում կամ ինքնավտարում, փողոցային հրոսակախմբերի եւ այլ ազդեցություններ- հայտնվել են անհանդուրժելի պայմաններում, ենթակաՙ ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության, ոմանք վարակված սեռական տարբեր հիվանդություններով:

Ցնցող էր Մոսկվայի թաղամասերից մեկի ոստիկանության մի աշխատակցից մեջբերած մոսկվայաբնակ մեր ազգակցի խոսքերը. «Հայերդ այս քաղաքում չունե՞ք որեւէ ապաստան կամ կենտրոն, որ էս տղաներին ու աղջինկերին տանենք հանձնելու»: Պարզվում էՙ իրոք չունենք: Հետեւաբար ոստիկանները մեր երեխաներին տանում-հանձնում են տարբեր սոցծառայությունների կենտրոններ, որտեղ բնավ վստահ չենք կարող ասել, թե նրանց ի՛նչ է սպասում:

Ի՞նչ անել ուրեմն: Կրկին դիմել մեր կառավարությա՞նը, որն ընդհանրապես չի սիրում գործ ունենալ դեռեւս անկազմակերպ հայկական համայնքների հետ: Նորի՞ց դիմել Հայ եկեղեցուն, որն այժմ գերզբաղված է էլիտա~ր կրթարաններ ստեղծելու գործով: Հայ մեծահարուստների՞ն, որոնք կարող են իրենց որդու կամ դստեր ամուսնության արարողության համար մեկ օրում ծախսել 10 միլիոն դոլար, բայց եւ հետեւաբար առիթ չունեն տեսնելու փողոցում հայտնված անչափահասներին:

Միակ ելքը, իմ կարծիքով, որը փաստված է սփյուռքի տարբեր գաղութների հաջող փորձով, հայկական համայնքների կազմակերպումն էՙ սկսելով հենց Ռուսաստանի մայրաքաղաքից: Ավելի ճիշտՙ ինքնակազմակերպումից: Գիտեմ, դա շատ դժվար է, քանի որ հայաստանցիները խորհրդային հասարակարգի պայմաններում կորցրել են համայնքային կյանքի գիտակցությունը- վկա՛ լոսանջելեսահայությունըՙ ի տարբերություն ամերիկյան միեւնույն քաղաքներում բնակվող պարսկահայությանը կամ պոլսահայությանը: Վկա՛ Աբխազիայում բնակվող եւ բնակչության մեծամասնությունը կազմող հայ ազգաբնակչությունը, որը չի կարողանում անգամ մեկ ներկայացուցիչ ունենալ երկրի գործադիր իշխանություններում: Վկա՛ Ռուսաստանի հայությունը, որը հակառակ իր թվաքանակին (ըստ նախագահ Պուտինիՙ ավելի քան 3,5 միլիոն) եւ նյութական բարվոք վիճակին, չի կարողանում որեւէ պատգամավոր ընտրել Պետդումայում:

Իսկ ո՞վ պետք է կազմակերպի նրանց: Առաջին հերթին հենց իրե՛նք: Դա ինքնաբուխ եւ ինքնափրկիչ շարժում պետք է լինի նախեւառաջ: Այնուհետեւ դրան կարող են, ստիպվա՛ծ կլինեն մասնակցել եւ օժանդակել հայկական պետությունը, Հայ եկեղեցին, հայ մեծահարուստները: Եվ այդ շարժումը կարող են սկսել միայն նրանք, ովքեր առաջին հերթին կհավաքեն անտերուդուս մնացած մեր անչափահասներին, կպատսպարեն նրանց հայկական կենտրոններում կխնամեն ու կդաստիարակեն նրանց հայկական ոգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.