AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 109. ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԳԻՆԻ ԼՑՆՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ

Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 6273, Տպվել է` 1698, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Պահեստազորի կատարելագործումը առաջնահերթություն է

Պաշտպանության նախարարության նոր ղեկավարության կողմից սկսված ռազմական բարեփոխումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն` պայմանավորված ոչ միայն Զինված ուժերի արդիականացման անհրաժեշտությամբ, այլեւ պետության զարգացման հեռանկարների հստակեցման առումով: Հայաստանը վաղուց արդեն կարիք ուներ ռազմական դոկտրինի վերանայման, որը կարտացոլացնի տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ կհամապատասխանի այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք կան ու հասունանում են տարածաշրջանում: Նմանատիպ փաստաթուղթը չի կարող ունենալ դեկլարատիվ բնույթ, այն պետք է հստակ կերպով մատնանշի զարգացման հիմնական ուղղությունները եւ այն նպատակակետերը, որոնց պետք է հասնել որոշակի ժամանակահատվածում:

Հայաստանում տարիներ շարունակ ընդունված նման փաստաթղթերում միշտ էլ պակասել է այդ հստակությունը եւ դրանք լի են եղել անորոշ ու անիմաստ բառակապակցություններով, որոնք ոչ միայն չեն արտահայտում ստեղծված իրավիճակը, այլեւ չեն հստակեցնում այն ուղղությունը, որը գերակա է եղած մարտահրավերներին պատասխանելու համար: Գաղտնիք չէ, որ արցախյան համակամարտությունը հստակեցրել է հարեւան պետությունների հետ մեր հարաբերությունների որակն ու մակարդակը, եւ դա երկարաժամկետ իրավիճակ է, որն էլ պետք է արտացոլվի սկսված ռազմական բարեփոխումների համատեքստում:

Սակայն այդ բարեփոխումները կլինեն ոչ լիարժեք, եթե չարտացոլվեն նաեւ պետության տնտեսական, քաղաքական ու նաեւ բարոյահոգեբանական այն փոփոխություններում, որոնք անհրաժեշտ են երկրում այդ ռեֆորմներին աջակցման համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար: Ուսանողության կողմից այս օրերին սկսված դասադուլները հենց արտացոլում են բարոյահոգեբանական այդ մթնոլորտի բացակայությունը, երբ տարիներ ու տասնամյակներ շարունակ գիտության զարգացման անվան տակ հարյուրավոր երիտասարդներ ազատվել են ծառայությունից, հասկանալի է, որ գիտությունն էլ առանձնապես չի զարգացել, սակայն նրանց համար «լուծվել» է բանակում չծառայելու խնդիրը:

Հասկանալի է, որ սա լուրջ խոչընդոտ է նմանատիպ լայնամասշտաբ բարեփոխումերի անցկացման համար, առավել եւս կա այն թյուր կարծիքը, որ դա իրականացվում է միայն բանակի համալրման խնդիրը լուծելու նպատակով: Այսինքն սա մի խնդիր է, որը պետք է լուծվեր դեռ 90-ական թվականներին, արցախյան պատերազմից անմիջապես հետո, սակայն այն ժամանակվա ղեկավարությունը, չնայած Վազգեն Սարգսյանի պնդումներին, չունեցավ համապատասխան կամք ու հեռատեսություն հասկանալու համար ապագայում Հայաստանի գլխին կուտակվելիք պրոբլեմները եւ արդեն այն օրերին դրա լուծման հիմքերը դնելու անհրաժեշտությունը:

Արդյունքում բանակից խուսափելը դարձավ օրակարգային խնդիր շատ-շատերի համար, եւ ովքեր ունեին ֆինանսական կամ այլ տիպի ռեսուրսներ, դրանք գործածում էին, որ իրենց զավակները չհայտնվեն ՀՀ Զինված ուժերում: Հակառակ իրավիճակը, որ բանակում չծառայելը ամոթ է, իսկ ով, նույնիսկ օրինական կարգով, չի ծառայել, ապա տեղ չունի պետության կառավարման համակարգում, չի ստեղծվել, ինչը եւ թելադրում է այն օրակարգը, որը ձեւավորվում է այս օրերին:

Սակայն հանուն ճշմարտության պետք է նշել, որ անկախ ներհայաստանյան իրավիճակներից ու զարգացումներից, ռազմաքաղաքական միջավայրը տարածաշրջանում փոխվում է, եւ ստեղծվում ու մեր առաջ ցցվում են նոր մարտահրավերներ, որոնց հայկական բանակը իր կառավարման ներկա համակարգով պատասխանել չի կարող: Հատկապես ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց այն խնդիրները, որոնք կան Հայոց զինված ուժերում եւ որոնք շուտափույթ ու արմատական վերանայման ու վերափոխման կարիք ունեն:

Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը , ռազմական բարեփոխումների շարքից առանձնացրեց մի քանիսըՙ օրենսդրական դաշտի ձեւավորում, զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր, կառավարման արդյունավետության բարձրացում, մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվումՙ ռազմական կրթություն), զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր, բնակարանավորում, բուժսպասարկում, «Վետերանների եւ զորացրվող զինծառայողների հարցեր», զոհվածների եւ հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:

Ամբողջովին կիսելով այս մոտեցումները, այնուամենայնիվ նշենք, որ պահեստազորային բանակի ստեղծման հարցը նախարարի կողմից մատնանշած օրակարգից բացակայում է, ինչը խոսում է այն մասին, որ այս կոմպոնենտի կարեւորությունը շարունակվում է անտեսվել, ու հիմնական ուշադրության կենտրոնում է գործող բանակի հզորացումը, ինչը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է մարտունակ բանակ ունենալու համար: Պահեստազորային հզոր բանակ ունենալու հարցում հետաքրքրական է հատկապես շվեյցարական փորձը, որն անցնելով դարերի փորձառության միջով իր կենսունակությունն է ապացուցել:

Համեմատության համար ասեմ, որ շվեյցարական գործող բանակը ընդամենը 25 հազար է, որի հիմքը սպայակազմն է, սակայն անհրաժեշտության դեպքում այդ թիվը ընդամենը 24 ժամվա ընթացքում կարող են հասցնել 600 հազարի, իսկ 72 ժամից` մինչեւ 1.7 միլիոնի: Եվ ահռելի այդ բանակը շփոթված ու պատերազմելը մոռացած ամբոխ չէ, այլ փայլուն կերպով կազմակերպվածՙ զենքին ու տեղանքին լավ տիրապետող զինվորականների ստորաբաժանումներ, որոնք կարող են ոչ միայն պաշտպանական, այլեւ հարձակողական պատերազմ մղել անհրաժեշտության դեպքում:

Այդ պետությունում նման արդյունավետության հասել են տասնամյակներ աշխատանքով, այդ պահեստազորի զորակոչը կազմակերպելու եւ այն անընդհատ մարզելու միջոցով: Իսկ նման զորակոչ տեղի է ունենում մեկ կամ երկու տարին մեկ անգամ երկու շաբաթով եւ դա արդեն իսկ բավարար է համապատասխան ռազմական մարզավիճակը պահպանելու համար: Նկատենք, որ մինչեւ պահեստազորին մաս կազմելը Շվեյցարիայի բոլոր քաղաքացիները, պարտադիր կերպով, անցնում են ռազմական ծառայություն, եւ այնտեղ տարկետումներ չկան: Դա նաեւ չի խանգարում գիտության կամ տնտեսության զարգացմանը այդ երկրում:

Ինչեւէ, սա նաեւ ռազմական արդյունավետ կառավարման արդյունքներից է, ինչը պակասում է մեզ, երբ մենք ականատես ենք լինում զինվորների, որոնք իրենց ծառայությունն անցնում են սահմանային-մարտական զորամասերում եւ ապա զինվորների, որոնք ծառայության անվան տակՙ թիկունքում, իսկ երբեմն ՊՆ միջանցքներումՙ որպես «ծառայող» զինվորներ:

Պահեստազորային բանակի ստեղծումը պետք է ռազմավարական խնդիր դառնա Հայաստանի համար: Գործող ու արդյունավետ կերպող կառավարվող պահեստազորն է ապագա հաղթանակների գրավականը: Մանավանդ որ մենք ունենք այդ ավանդույթը, հանձինս կամավորական տասնյակ ջոկատների, որոնք հաղթանակ բերեցին արցախյան պատերազմում. հարկավոր է վերականգնել այդ ավանդույթները եւ գնալ պահեստազորային ռազմակայանների ստեղծման ճանապարհով, ինչը հիմք կհանդիսանա պահեստազորի պարբերական հավաքների ու մարզման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.