AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 8. ԿՅԱՆՔԻ ԿԵՆԱՑԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



ՏԵՍԱԿԵՏՆԵՌ

Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3151, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆ

ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ, Պատմաբան, վերլուծաբան

Այժմ Մերձավոր Արեւելքն աշխարհաքաղաքական ուժերի բախումների թատերաբեմ է դարձել: Հակամարտությունների հիմնական առանցքը կազմում են մի կողմից ԱՄՆ-ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաեւ Թուրքիայի Հանրապետությունը: Վերջինս այս բլոկում ժամանակավոր կարգավիճակով է, քանի որ լուրջ հակասություններ ունի այդ բեւեռի պետությունների հետ: Այստեղ հատվում են նշյալ երկրների շահերը եւ նկրտումները: Դաժան եւ անզիջում պայքար է մղվում ազդեցության ոլորտների, էներգակիրների (հատկապես նավթի) եւ հաղորդակցական ուղիների համար: Ահա քաղաքական այս համատեքստում է խաղարկվում Քրդական հարցը:

Պետք է արձանագրել, որ քրդերը երբեւէ չեն ունեցել պետություն եւ պետականության գիտակցություն, քանի որ չունեն հայրենիք եւ քոչվոր ժողովուրդ են: Արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ կիրառում են «թափառակենցաղ խաշնարած» առումով: Քրդերը հիմնականում սուննի մահմեդականներ են (մասամբՙ շիա, նաեւ հարում են եզիդների, ալի-իլահի աղանդներին) եւ բնակվում են գլխավորապես Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Սիրիայում եւ հարակից երկրներում: Այն էլ նշենք, որ նրանք առաջին անգամ հիշատակվում են XII դ. գրավոր աղբյուրներում; Նախկինում «Քուրդիստան» կամ «Քրդստան» անվանումը կիրառվում էր լոկ ազգագրական առումով: Քրդերը, գիտակցված թե ակամա, դարձել են այլ ուժերի ձեռքին գործիքՙ ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Այդպես եղավ հայերիս համար ճակատագրական 1910-ական թվականներին, երբ Մեծ եղեռնի հուդայական ուժերի հեղինակած սցենարն իրականացվեց թուրքերի եւ քրդերի ձեռքով: Սա շատ թանկ նստեց քրդերի վրա, քանի որ հայերի հարցը լուծելուց հետո թուրքերը ձեռնամուխ եղան նրանց բնաջնջման քաղաքականությանը:

Փաստորեն Քրդական հարցը քաղաքական օրակարգ է մտել աշխարհաքաղաքական որոշակի հարցեր լուծելու համար, այդ թվում նաեւՙ Հայկական հարցը չեզոքացնելու նպատակով: Այժմ փորձ է արվում քրդական պետություն ստեղծելու ի հակակշիռ Իրանի: Ուղեղային կենտրոնների սցենարներով այժմ Հայկական հարցը նրբորեն փոխարինվում է Քրդական հարցով, որն ավելի վերահսկելի եւ կառավարելի է: Հայ քաղաքական միտքը պետք է սթափ եւ խոհեմ լինի, որպեսզի կուլ չգնա այս խաղերին: Հակառակ պարագայում մենք կունենանք լրջագույն խնդիրներ եւ ոչ հայանպաստ իրավիճակ:

Քրդական հարցի նկատմամբ շատ ագրեսիվ եւ թշնամական քաղաքականություն է որդեգրել Թուրքիայի Հանրապետությունը: Եթե թուրքական իշխանությունները որոշեն ներխուժել Իրաքյան Քրդստան եւ տեղում «լուծել» քրդերի հարցը, ապա նրանք հընթացս կարող են բնաջնջել սիրիահայերին եւ անգամ մահմեդական հայերին: Սա իրական եւ լուրջ սպառնալիք է, որը կարող է թանկ նստել մեզ վրա: Իսկ քրդերի նկատմամբ Թուրքիայի նման պահվածքը տրամաբանական է եւ հիմնավորված, քանի որ իր երկրում (հիմնականումՙ Արեւմտյան Հայաստանի տարածքներում) առկա է 20 միլիոն քրդական բնակչություն, եւ քրդերը նաեւ ներկայացված են թուրքական խորհրդարանում:

Մեր տեղեկություններովՙ ցավոք, քաղաքական մեր թիմը լուրջ եւ ծրագրված ձեւով ոչինչ չի ձեռնարկում եւ անում: Նմանօրինակ կրավորականությունը եւ զուտ հայեցողական դիրքորոշումը ոչ մի լավ բան չեն խոստանում: Մենք աշխարհաքաղաքական խաղերում կարող ենք հայտնվել լուսանցքում եւ կանգնել կոտրած տաշտակի առջեւ: Այս իրավիճակը կարող է վիժեցնել Հայկական հարցի լուծումը եւ նույնիսկ վտանգել մեր պետականությունը: Նման գործելակերպով քաղաքական մեր միտքը պարտություն կրեց անցյալ դարասկզբին, եւ մենք կորցրինք պատմական մեր հայրենիքի մեծ մասը: Իսկ մենք դասեր չենք քաղում անցյալից:

Քրդերի տեղայանացման եւ արհեստական հայրենիք ստեղծելու բազմաթիվ փորձեր են կատարվելՙ ի հաշիվ այլ ժողովուրդների, նաեւՙ հայերի պատմական տարածքների: Օրինակՙ որոշ «քաղաքական գործիչներ» եւ «մասնագետներ» նրանց նույնականացրել են կուտիների (Կորդուքի մեր նախնիների) հետ, իսկ նրանց համար հայրենիք են համարել Մեծ Հայքի Կորդուք նահանգը կամ աշխարհը: Մինչդեռ քրդերը Հայկական լեռնաշխարհ են ներխուժել եւ հաստատվել հարավային նահանգներում միայն XI- XII դդ.: Բայց սա սնամեջ եւ անհեթեթ տեսակետ է, քանի որ ոչ մի կապ չի կարող լինել թափառական ժողովրդի եւ մեծ քաղաքակրթություն կերտած ազգի միջեւ: Դրանք հակոտնյա հասկացություններ են եւ հեռու պատմական իրականությունից:

Այժմ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում իրականացվում է «Մեծ Մերձավոր Արեւելք» եւ «Նոր Մերձավոր Արեւելք» քաղաքական դավադիր սցենարը, ըստ որի պետք է կատարվեն սահմանային վերաբաժանումներ, պետությունների տարածքային փոփոխություններ եւ նոր պետությունների ստեղծում: Հրապարակի վրա եղած Քրդական հարցն այս շարժառիթով է մտցվել քաղաքական խաղերի մեջ: Դա երբեք էլ քրդերի երազանքը եւ ազգային տեսլականի մարմնավորումը չի եղել: Սա պետք է հստակ իմանալ: Եվ քաղաքական այս մութ գործարքներն ընդամենն ունեն հանցավոր մի շարք խմբերի շահերն սպասարկելու նպատակՙ հարստացնելով եւ հզորացնելով այդ շրջանակներին: Պարզապես փոխվում են շահագործման եղանակները եւ ձեւերը, քանի որ հրապարակի վրա եղած մեթոդաբանությունն այլեւս իրեն սպառել է: Սա է Քրդական հարցի լուծման քաղաքական տեխնոլոգիան:

Մեկ կարեւոր հանգամանք եւս: Պատմական հանգամանքների բերումով եւ մեր քաղաքական վերնախավի անձեռնհասության պատճառով բազմաթիվ հայեր, հզոր ու տեւական պայքար մղելուց հետո, ստիպված էին քրդանալ: Սա ապագա մեր ծրագրերի իրականացման համար հաշվառման ենթակա խնդիր է: Մեր կարծիքովՙ այդ հատվածի մի ստվար մասը պահպանել է ազգային իր ինքնությունն ու դիմագիծը, որն զգալիորեն մեծացնում է մեր հնարավորությունները: Մենք պետք է զգույշ լինենք եւ մեր հոգածության դաշտում պահենք այս եւ թուրքացած հատվածները, որպեսզի նրանք չդառնան օտար (նաեւՙ հակահայկական) ծրագրերի իրականացման գործիք: Սա ենթադրում է նրբամտություն, խորհրդապահական մոտեցում եւ գործնական եռանդուն ջանքեր:

Մեր համոզմամբՙ ժամանակն է կազմակերպել մտքի մեր բանակը, որը կներդաշնակեցնի հայեցակարգային, ռազմավարական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր մոտեցումները: Մեզ անհրաժեշտ են մտքի զորավարներ եւ խելամիտ առաջնորդներ: Այս բանակը ի զորու է պաշտպանել մեր պետականությունը եւ հայությանը: Իրական քաղաքականության պահանջն է, որ մենք պետք է համագործակցենք ե՛ւ թուրքերի, ե՛ւ քրդերի հետՙ ելնելով ազգային մեր նպատակներից եւ տեսլականից, ինչպես նաեւ կոնկրետ հանգամանքներից: Մենք պետք է կարողանանք գործուն դարձնել Արեւմտյան Հայաստանում բնակվող քրդերին, որպեսզի հասնենք մեր ազգային նպատակների իրականացմանը: Դա ենթադրում է ճկուն եւ կշռադատված քաղաքական թիմ, որը պետք է կարողանա ներդաշնակվել փորձագիտական ինստիտուտի հետ եւ խաղարկել բազմաքայլ կոմբինացիաներ: Հետագա ձախողումներից խուսափելու համար մենք պետք է ձեւավորենք ազգային ընտրանին, որն ի վիճակի է ստեղծել ազգային պետություն եւ ի չիք դարձնել մարտահրավերները: Շատ պետություններ գործում են համակարգային եւ ծրագրված ձեւով, որի շնորհիվ էլ հասնում են արդյունքների: Մեզանում առայժմ բացակայում են համակարգային մոտեցումները, որոնք շատ կարեւոր են դրական լուծումների համար:

Քրդական հարցն առայժմ չի լուծվում, քանի որ միջազգային համատեքստը դա թույլ չի տալիս: Փաստորեն հանրաքվեն չընդունվեց: Դա սոսկ մի փորձ էր, որը հանդիպեց տարածաշրջանի պետությունների դիմադրությանը: Քիրքուկի եւ Հյուսիսային Իրաքի վիճահարույց այլ տարածքների գրավումը վերջ դրեց սիոնիստական ուժերի հրահրած քրդական նկրտումներին: Նավթի այս կենտրոնը, այսինքնՙ Քիրքուկը, տնտեսական մեծ նշանակություն պետք է ունենար ապագա պետության համար: Քրդերն իրենք երբեք էլ կազմակերպված չեն գործել, քանի որ ապաշնորհ են պետություն կերտելու բարդ գործում եւ դժվար են կողմնորոշվում աշխարհաքաղաքական գործընթացներում: Նրանք ընդամենը հայտարարեցին անկախության իրենց իրավունքի մասին: Կարծում ենք, որ մոտակա ժամանակներս սպասվում են նոր զարգացումներ եւ քաղաքական նոր սցենարներ:

Մեր կարծիքովՙ Ռուսաստանի եւ Իրանի ներկայությունը տարածաշրջանում ունեցավ վճռորոշ դեր այս հարցում: Բայց ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները դեռ կարող են քայլեր անել: Քաղաքական մեր թիմը պետք է մշտապես պատրաստ լինի անակնկալ զարգացումների եւ ունենա պատրաստի ու մշակված լուծումներ, քանի որ դեպքերը սրընթաց զարգացում են ունենում: Այժմ Մերձավոր Արեւելքը հիշեցնում է եռացող կաթսա, որը որեւէ պահի կարող է պայթել եւ կտրուկ փոխել իրավիճակը: Կարող են ամենաանսպասելի շրջադարձեր կատարվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.