AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 55. ԴԱՂՁԸ ԴԵ՞Ղ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7224, Տպվել է` 1617, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՅԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԴԱԼՄԱՅԻՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջիկա գարնանը սկսելու ենք կառուցել Հայաստանը: Տեղն արդեն կաՙ ընդհանուր առմամբ 9,2 հեկտար տարածք եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Դե, որոշվել է, որ այսՙ շուրջ 30 հազար քկ-ն չափից դուրս շատ է Հայաստանի համար, մանավանդ որ մարզերում ոչ նոր բաներ են կառուցվում, ոչ էլ հներն են պահպանվում, եւ պետք է խտանալՙ տեղավորվելով ավելի փոքր տարածքի մեջ: Որտե՞ղ, իհարկե խոշոր մոլիՙ տվյալ պարագայումՙ Դալմա Գարդեն մոլի հետեւում, Դալմայի այգիներին հարող տարածքում, որպեսզի համ առեւտուր անենք, համ էլ կանաչ լինի: Չի բացառվում, որ նախագծի հեղինակները կարողանան այնպես անել, որ կառուցվելիք Հայաստանը նաեւ ծով ունենա, կամ գոնե մի գետ անցնի միջով...

Մի խոսքով Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությունը մշակել ու ներկայացնում է Նոյ ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Թաղամասում ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջաններըՙ Սյունիքը, Շիրակը, Լոռին, Արագածոտնը, Վայոց ձորը, Գեղարքունիքի հարցում որոշ բարդություններ կան, քանի որ Սեւանը տեղաշարժել մի քիչ հավանական չի թվում: Ինչպես նախագծի հեղինակներն են ասումՙ նախատեսված է մշակել փողոցների համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել գորգագործություն, նկարչություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր:

Այս ամենն արվում է մշակութային տուրիզմի զարգացման համար, ընդ որումՙ հեշտացնելով մեր երկիր ժամանող զբոսաշրջիկի գործը: Բանն այն է, որ եթե չլինի այս թաղամասը, ապա Հայաստան ժամանած զբոսաշրջիկը, օրինակ Գորիսը տեսնելու համար, պետք է Գորիս մեկնի, իսկ երբ կառուցվի Նոյը , ապա Գորիսը տեսնելու համար մարդը կգնա Նոյ թաղամաս, ու կշրջի այնտեղ կառուցված Գորիսի թաղով, օրինակՙ Գորիսի: Նախնական գնահատմամբ Երեւանում Հայաստան կառուցելու այս ծրագրի համար նախատեսված է եղել 150 միլիոն դոլար, հիմա, սակայն, ասում են, որ կարելի է մոտ 100 միլիոն դոլարով էլ կառուցել, ավելի կոնկրետՙ 98 միլիոնը լրիվ բավարար կլինի, չնայած այդ պարագայում հնարավոր է Ապարանի հատվածում հանրահայտ Գնթունիկը չկառուցվիՙ փողը չբավարարելու պատճառով: Ի դեպ, թե ինչ պետք է կառուցել եւ ինչըՙ ոչ, որոշելու է հանրությունը: Ստեղծվել է կայք, որտեղ կարող են այցելել բոլոր ցանկացողները եւ հարցերին պատասխանելով առաջարկել ինչ-որ շենք անպայման կառուցել, ինչ-որ շենք ոչ մի պարագայում չկառուցել, մի խոսքովՙ եկող գարնանից, երբ կսկսվի Նոյի շինարարությունը, Հայաստանը կառուցելու ենք ազգովին, ընդամենը 98 միլիոն դոլարով:

Ներդրողներ արդեն իսկ նշմարվում են. Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտարարել է, որ նախագծով հետաքրքրված են ամերիկյան AECOM եւ SWA, բրիտանական ARUP, լիբանանյան ERGA ընկերությունները, որոնք, ինչպես հիմնադրամն է հատուկ շեշտումՙ զբոսաշրջության ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ:

Ես, իհարկե դժվարանում եմ ասել, թե օրինակ SWA-ն աշխարհի ո՞ր մայրաքաղաքում է տվյալ երկրի մինի պատկերը ստեղծել, եւ դա որքանո՞վ է նպաստել տվյալ երկրում տուրիզմի զարգացմանը, ամեն դեպքում հիմնադրամը այս կարեւոր հարցը չի մանրամասնել: Փոխարենը Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ-Ավագյանը հայտարարել է, որ Նոյը կհեշտացնի Հայաստան մտնող զբոսաշրջիկի գործը. նա Երեւանում կծանոթանա, ենթադրենքՙ Շիրակի համ ու հոտին, տեսքին, ու հրապուրվելով կայցելի Գյումրի: Իսկ թե զբոսաշրջիկը Գյումրիում ինչ պետք է տեսնիՙ հեչ կարեւոր չէ: Գյումրիում, կամ Գորիսում, Գորիսում, կամ Սեւանում, Սեւանում, կամ Եղեգնաձորում,... Ի դեպ, մեր մարզերն, օրինակ ճարտարապետական իրենց ուրույն ոճն ունե՞ն, ասենք Կապանում այլ շենքեր են, Իջեւանում ա՞յլ, եթե ոչ, եւ մենք գիտենք, որ ոչ, ապա ինչպե՞ս է Նոյում զբոսնող զբոսաշրջիկը հասկանալու, որ ինքը հիմա Կապանում է, իսկ հիմաՙ Իջեւանում:

Եւ ուրեմն ի՞նչ կլիներ, եթե այդ 98 միլիոնով նույն Իջեւանում կամ Կապանում թանգարաններ (օրինակ) կառուցվեին կամ պահպանվեին, որպեսզի զբոսաշրջիկներն այդ քաղաքներում տեսնելու բան ունենայինՙ սար ու ձորից բացի: Լավ, ենթադրենք մարդը եկավ Հայաստան, գնաց Նոյ , խենթացավ Գորիսով ու գնաց Գորիս. ի՞նչ է այնտեղ տեսնելու, բացի այն ամենից, ինչն արդեն տեսել է Նոյում , իսկ Նոյում , պարզ է, քաղաքների ամենագրավիչ հատվածներն են կառուցելու: Է, էլ ինչո՞ւ մարդը հավելյալ գումար ծախսի, հասնի հեռավոր մարզեր, որոնք, իմիջիայլոց, Հայաստանի պարագայում այդքան էլ հեռավոր չեն դրանք մեկտեղելու համար, եթե այն ամենն ինչն արժի, որ տեսնի մարզերում, արդեն իսկ տեսել է Երեւանում, դեռ մի բան էլՙ ճոխացրած:

Երկի՞րն է շատ մեծ, որ արհեստականորեն խտացնում ենք, թե՞ ջրհեղեղ է սպասվում, որ Նոյին ենք կանչում: Ի դեպ, ջրհեղեղի մասին, նոր թաղամասում կարելի՞ է, որ նաեւ Արարատ լեռը լինի, թե՞ դրա համար հավելյալ 98 միլիոն դոլար է պետք... Եթե ոչ, ապա հոգ չէ, Այվազովսկիիՙ Նոյն իջնում է Արարատից նկարի անունը կփոխենքՙ Նոյը դուրս է գալիս Դալմայից : Մանավանդ որ այնքան ենք փոքրացել, որ ավելի հավանական է երկրորդը, քան առաջինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.