AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 105. ԶԱՆԳՎԱԾԵՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ՎՐԱՅՈՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԱՌԵՎԱՆԳԵՑԻՆ ՄԻ ՏՆԱՆԿ ՄԱՐԴՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4082, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱԿ-Ը ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՐԱՄՓԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱ. ԻՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Պ.Ք.

Բիզնեսի առումով այցն անարդյունք էր, բայց քաղաքականապես փոխեց Թրամփին

1984 թվականն էր: Գեներալ Վլադիմիր Կրյուչկովը ԽՍՀՄ ՊԱԿ-ի ամենաբարձր պաշտոններից մեկն էր զբաղեցնում: Նա ղեկավարում էր առաջին գլխավոր վարչությունը, որը պատասխանատու էր արտաքին հետախուզության համար:

ՊԱԿ-ը բախվում էր մի շարք բարդությունների: Նախ եւ առաջ, Վաշինգտոնում նախագահի պաշտոնում էր կոշտ գծի կողմնակից Ռոնալդ Ռեյգանը: ՊԱԿ-ը նրա երկու նախորդներինՙ Ջերալդ Ֆորդին եւ Ջիմի Քարտերին համարում էր թույլ քաղաքական գործիչներ: Ռեյգանն ուրիշ էր: Այդ ժամանակ ՊԱԿ-ում քննարկում էին ԽՍՀՄ-ին հավանական կանխիչ միջուկային հարված հասցնելու ԱՄՆ-ի մտադրությունը:

Ըստ երեւույթին, հենց այդ ժամանակ էր, որ խորհրդային հետախուզության ուշադրությունը գրավեց երիտասարդ Դոնալդ Թրամփը: ՊԱԿ-ի գաղտնի արխիվներում հավանաբար մինչեւ օրս թաքնված է այն հարցի պատասխանը, թե այդ ամենը երբ եւ ինչպես սկսվեց:

Թրամփի առաջին այցը Մոսկվա տեղի ունեցավ 1987 թվականին: Բրիտանացի նախկին հետախույզ Քրիստոֆեր Ստիլը պնդում է, թե Կրեմլը հինգ տարի «աչքի տակ է ունեցել» Թրամփին, մինչեւ որ վերջինս 2016թ. հաջողության հասավ նախագահական ընտրություններում: Հետեւաբար դա սկսվել է 2011 կամ 2012 թվականին:

Իրականում Խորհրդային Միությունը հետաքրքրվել է Թրամփով արդեն երեք տասնամյակ առաջ: Արտերկրում խորհրդային գործակալների աշխատանքի արդյունավետության բարձրացման շրջանակներում Կրյուչկովը պահանջեց հավաքագրել հնարավորինս մեծ թվով ամերիկացիների:

Ավելի վաղ, ՊԱԿ-ում կադրեր հավաքագրելիս հենվում էին գլխավորապես ամերիկյան արհմիութենական ակտիվիստների վրա, որոնք կողմնակից էին կոմունիստական գաղափարախոսությանը: 1980-ականների կեսերին նման անձանց թիվը նվազել էր: Ուստի ՊԱԿ-ի սպաները ստիպված էին առավել ակտիվորեն օգտագործել նյութական խթանըՙ փողը:

Կրյուչկովը արտերկրի գործակալներին ուղարկած հրահանգներում նշում էր, որ հարկավոր է հավաքագրել նաեւ քաղաքական եւ հասարակական նշանավոր գործիչների, գործարարների ու գիտնականների, որոնք կգործեին ի նպաստ ԽՍՀՄ-ի: Պետք է օգտագործվեին նաեւ Չեխոսլովակիան եւ արեւելագերմանական լրտեսական ցանցերը:

Հայտնի չէ, թե ՊԱԿ-ում երբ է հայտնվել Թրամփի գործը: Բայց արեւելաեվրոպական հետախուզության գրառումներից կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել արդեն 1977 թվականին: Հենց այդ ժամանակ Թրամփն ամուսնացավ չեխոսլովակյան մոդել Իվանա Զելնիչկովայի հետ: Վերջինս հետաքրքրություն էր ներկայացնում ինչպես Չեխոսլովակիայի հետախուզության, այնպես էլ ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի համար:

Սառը պատերազմի տարիներին չեխ գործակալները հայտնի էին իրենց պրոֆեսիոնալիզմով: Չեխ եւ հունգար սպաները գաղտնի գործողությունների էին մասնակցում մասնավորապես ԱՄՆ-ում եւ Լատինական Ամերիկայում:

1970-ականների սկզբին Զելնիչկովան մեկնեց Կանադա, ապա Նյու Յորք: 1977թ. ապրիլին 28-ամյա մոդելը ամուսնացավ Թրամփի հետ: 2016թ. գաղտնազերծված փաստաթղթերի համաձայն, չեխ հետախույզները հետեւել են ամուսնական զույգին, ընթերցել են Զելնիչկովայիՙ հորն ուղարկված նամակները, որը հետախույզ չէր, բայց կապ ուներ չեխական գաղտնի ոստիկանության հետ: Ենթադրվում է, որ չեխական հետախուզությունը իր տվյալները կիսել է մոսկովյան գործընկերների հետ: Անձամբ Թրամփի խոսքերովՙ Մոսկվա մեկնելու գաղափարը իր մեջ ծագել է գործարար Լեոնարդ Լաուդերի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ, որին ներկա էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինը: Վերջինիս դուստր Նատալյան կարդացել էր Նյու Յորքում գտնվող Թրամփ Թաուերի մասին: Այդ մասին Թրամփը տեղեկացնում է իր «Գործարքներ կնքելու արվեստ» գրքում: «Մի իրադարձությունը հանգեցրեց մյուսին, եւ հիմա ես խոսում եմ Կրեմլից ոչ հեռու գտնվող շքեղ հյուրանոցի կառուցման եւ խորհրդային կառավարության հետ գործընկերության մասին», գրում է Թրամփը 1987թ. տպագրված իր գրքում:

Սակայն Թրամփը ներկայացրել է ԽՍՀՄ դեսպանի հետ իր ծանոթության ոչ լրիվ պատկերը: Զրույցի ժամանակ Դուբինինը հայտարարել էր, որ Նյու Յորքում իր նկատած առաջին բանը Թրամփի աշտարակն է եղել:

Դեսպանի դուստր Նատալյան նկատում է, որ Թրամփը հուզական մարդ է եւ զգացվել է դեսպանի այդ ակնարկից: «Հորս հետ կայացած հանդիպումը Թրամփի վրա ազդեց ինչպես մեղրը մեղվի վրա»:

Թրամփը իր գրքում նաեւ գրում է. «1987թ. հունվարին ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Դուբինինից ստացա նամակ, որտեղ Մոսկվայից լավ լուրեր կային: Ապա ասվում էր, որ միջազգային տուրիզմի գծով խորհրդային առաջատար հիմնարկություն Գոսկոմինտուրիստը հետաքրքրություն է հանդես բերել Մոսկվայում հյուրանոցի կառուցմամբ ու կառավարմամբ զբաղվող համատեղ ձեռնարկության ստեղծման նկատմամբ»:

«Ռեգնում» գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգներում անվանի շինարարներն ու կառուցապատողները շատ էին: Ինչո՞ւ Մոսկվան հետաքրքրվեց հենց Թրամփով: Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Վիկտոր Սուվորովի խոսքերովՙ ՊԱԿ-ը գլխավորում էր Թրամփի վկայակոչած «Ինտուրիստ» գործակալությունը, որը ՊԱԿ-ի մասնաճյուղն էր եւ միաժամանակ ԽՍՀՄ պաշտոնական տուրիստական կառույցը: Նրա խնդիրն էր ստուգել եւ վերահսկել ԽՍՀՄ այցելող բոլոր զբոսաշրջիկներին:

Բիզնեսի առումով Թրամփը ոչինչ չշահեց Մոսկվա կատարած այդ եւ հետագա ուղեւորությունից: Սակայն նա Նյու Յորք վերադարձավ քաղաքականության մեջ իր տեղի ուրիշ ընկալմամբՙ արդեն ոչ թե որպես քաղաքապետ, նահանգապետ կամ սենատոր: Թրամփը սկսեց խորհել նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.