AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 9282, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ՄԵԾ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

Պ.Ք.

Արեւմուտքցի հեղինակավոր փորձագետներից մեկըՙ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Պյոտր Դուտկեվիչը ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում հետեւյալ կերպ է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքականությունն Անդրկովկասում. «Թրամփն առհասարակ որեւէ ռազմավարություն չունի այդ տարածաշրջանում, նրան չի հետաքրքրում Կովկասը, ինչպես որ ամբողջ հետխորհրդային տարածքը: Եթե Օբաման արտաքին քաղաքականության մեջ հստակ ռազմավարություն ուներ, ապա Թրամփը դա չունի: Նրան չի հետաքրքրում արտաքին քաղաքականությունը, նա ուզում է զբաղվել ԱՄՆ-ի զուտ ներքին գործերով: Թրամփը չի ուզում աշխարհաքաղաքական խաղ խաղալ, որի համար անհրաժեշտ են համբերություն, հստակ վերլուծություն, որոնք նա չունի: Ուստի նրա օրոք մենք Կովկասում չենք տեսնի ակտիվություն: Փոխարենը Ռուսաստանն ակտիվ կլինի, բայց նրա հաջողությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես կկարողանա լեզու գտնել տեղական վարչակազմերի հետ»:

Նախ խոսենք հստակ ռազմավարության մասին: Անդրկովկասում արտաքին խաղացողների ցանկը լավ հայտնի է. Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ԱՄՆ, Եվրոմիություն: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը զգալիորեն թուլացավ, ինչը լայն հնարավորություններ ստեղծեց մյուս խաղացողների համար: Դեպի տարածաշրջան աճապարեց Թուրքիանՙ ներկայանալով իբրեւ արեւմտամետ աշխարհիկ պետություն, ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ հավանական մասնակից: Սակայն Արեւմուտքին անհանգստացրեց Անկարայի պանթյուրքկան նախագիծը: Բացի դրանից, ակտիվացավ Իրանըՙ վերհիշելով, որ տարածաշրջանը ժամանակին մասամբ եղել է ոչ թե Օսմանյան, այլ Պարսից կայսրության կազմում: Բայց Թեհրանում լրջորեն անհանգստացան, երբ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը դրսեւորեց իրանական Ադրբեջանիՙ Ատրպատականի հետ միավորվելու նկրտումներ: Այդ պահից սկսյալ, պաշտոնական Թեհրանը Արցախի հարցում սկսեց աջակցել Երեւանին: ԱՄՆ-ում ու Եվրոպայում սկսեցին մտահոգվել, որ կարող է բռնկվել թուրք-իրանական պատերազմ, ինչը թերեւս հանգեցներ պետությունների մասնատմանը, որպիսին տեղի ունեցավ 1990-ականներին Բալկաններում: Ընդսմին, Անկարան իր հետ դեպի տարածաշրջան էր քաշում ՆԱՏՕ-ին: Ուրիշ բան էլ է եղել: Երբ Բաքուն սկսեց դեպի Թուրքիա էներգետիկ միջանցքներ ստեղծել մինչ Իրանը պատժամիջոցների էր ենթարկվում, Թեհրանը դա գնահատեց որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն նախաձեռնությանը տիրելու փորձ, այլեւ Արեւմուտքին տարածաշրջան բերելու ձգտում: Այդ պատճառով Թեհրանը մի շարք միջոցներ ձեռնարկեց, որպեսզի Ռուսաստանին եթե տարածաշրջան չվերադարձնի էլ, ապա գոնե այնտեղ ուժեղացնի նրա ազդեցությունը հանուն ուժերի հավասարակշռության վերականգնման: Դրա նպատակն էր Արեւմուտքին թույլ չտալ Իրան մուտք գործել հյուսիսից: Եվրոմիությունը ընթանում էր ԱՄՆ-ի նավարկուղիովՙ ջանալով ժողովրդավարություն կառուցել տարածաշրջանում: Իսկ Վաշինգտոնի համար Անդրկովկասը ծայրամասային կենտրոն էր, սեփական աշխարհաքաղաքական շահերի հատման վայրՙ ավելի կարեւոր խնդիրների ծագման պայմաններում: Խոսքը «Մեծ Մերձավոր Արեւելքի» ստեղծման մասին է, որը ենթադրում է որոշ պետությունների մասնատում, ինչը դրսեւորվեց «արաբական գարնան» երեւույթի մեջ:

Ուստի տարբեր պատճառներով Անդրկովկասի կայունությամբ շահագրգռություն դրսեւորեցին միայն Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Պատահական չէ, որ ավելի ուշ Սիրիայի ուղղությամբ երեք երկրները սկսեցին համատեղ գործել, քանի Անկարայի եւ Թեհրանի համար գերակայությունը ոչ թե Անդրկովկասն է, այլ մերձավորարեւելյան խնդիրները: Թուրքիան հանձին քրդերի բախվեց սեփական պոտենցիալ «Ղարաբաղին»: Իրանի առջեւ վտանգ ծագեց հարավից, երբ ԱՄՆ-ը իր արաբ դաշնակիցների հետ ձեռնամուխ եղավ հակաիրանական դաշինքի ձեւավորմանը: Այսպիսով, Կասպիական-Սեւծովյան տարածաշրջանում փաստորեն գոյացավ աշխարհաքաղաքական վակուում, որի լցմամբ մեծ չափով պետք է զբաղվի Ռուսաստանը, բայց որով շահագրգռված չեն Ադրբեջանն ու Վրաստանը:

Ռուսաստանցի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքէջում այն տեսակետն է արտահայտում, որ Վաշինգտոնը կփորձի տարածաշրջանում հաստատել իր պայմանական ներկայությունը, միչդեռ Եվրոմիությունը նույնիսկ տեսականորեն չի նախատեսում իր կազմում ընդգրկել Թուրքիային եւ Անդրկովկասի երեք հանրապետություններին: Տվյալ հեռանկարն ունի կոնկրետ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որն առայժմ հստակորեն չի ուրվագծվում:

Տեսանելի ապագայում Անդրկովկասի զարգացման հեռանկարները կախված են մի շարք գործոններից: Սիրիայի պատերազմը մոտենում է ավարտին, դրան զուգընթաց ավարտվում է Մերձավոր Արեւելքում ամերիկացիների հարուցած ճգնաժամի բազմամյա փուլը: Եվ տարածաշրջանում ինչպիսին էլ լինեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մտադրությունները, այդ փուլի արդյունքը կարող են դառնալ փոփոխությունները ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Անդրկովկասում: Հանգույցների թվում են Սիրիայի խնդիրը եւ քրդական հարցը, որն առնչվում է Անկարային, Բաղդադին եւ Թեհրանին: Կարեւոր է, թե այս ուղղությամբ երեք պետություններն ինչպիսի հարաբերություններ կունենան Ռուսաստանի հետ: Տեսականորեն Ռուսաստանը կարող է անցնել փոխհարաբերությունների նոր մոդելի զարգացմանը, օրինակՙ Թուրքիայի հետ: Քրդական հարցում եւ Հյուսիսային Կիպրոսի խնդրում Անկարային աջակցելովՙ կարելի է ակնկալել, որ նա կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, ինչպես նաեւ կփոխի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ինչ վերաբերում է Անդրկովկասի երկրների վերնախավերի հետ համաձայնության հասնելու Մոսկվայի հնարավորությանը, հետխորհրդային զարգացման տարիներին այդ պետությունները կորցրել են խորհրդային սոցիալ-տնտեսական միատարրությունը, ինչը սկսել է առաջին պլան բերել քաղաքական, պատմական, գաղափարախոսական եւ մտավոր-քաղաքակրթային տարբերությունները: Սակայն նկատի ունենալով, որ ներկա պայմաններում Մերձավոր Արեւելքը եւ Անդրկովկասը հաղորդակից անոթների բնույթ են ստացել, մեծ խաղը դեռ առջեւում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.