AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 104. ՀԱԿԱՄԵ՞Տ ԵՍ, ԹԵ՞ ՀԱԿԱՌԱԿ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ԽՈՐՔԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7217, Տպվել է` 284, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Համարվում է, որ սիրիական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը նրա աշխարհագրական դիրքն է, որը նպաստավոր է Պարսից ծոցից էներգակիրները տարհանելու համար դեպի Միջերկրական ծով եւ ապա Եվրոպա: Այս ուղղության յուրացման շուրջ պայքարը սկսվել է դեռ անցած դարի սկզբից, սակայն կարելի է ասելՙ իր գագաթնակետին հասավ վերջին տարիներին, երբ տարածաշրջանի մի շարք պետություններ, սուննի իսլամի հետեւորդները, Արեւմուտքի աջակցությամբ որոշեցին գահընկեց անել Բաշար Ասադի իշխանությունը Սիրիայում:

Մինչ նշված իրադարձությունները, իրավիճակը տարածաշրջանում փոխվել էր եւ ամերիկյան ներխուժման հետեւանքով Իրաքում իշխանության էին եկել շիա մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժերը: Փաստորեն ԱՄՆ-ի ջանքերով տարածաշրջանում ուժեղացել էր Իրանի ազդեցությունը այնքան, որ վերջինիս կողմից առաջ քաշվեց Իսլամական գազամուղի գաղափարը, որի նպատակն էր Պարսից ծոցի Հարավային Պարս կոչվող գազի հանքավայրից այդ էներգակիրը արտահանել դեպի Միջերկրական ծով: Երկարատեւ բանակցությունների արդյունքում 2011թ կնքվեց Իրան-Իրաք-Սիրիա համաձայնագիրը գազամուղի կառուցման շուրջ:

Ըստ շատ մասնագետների, հենց այս պայմանագիրը խթան հանդիսացավ, որ Պարսից ծոցի սուննի մի շարք երկրներ` Սաուդյան Արաբիան եւ Քաթարը, սկսեցին ակտիվ կերպով ֆինանսավորել տարբեր տիպի սուննի ծայրահեղական խմբավորումները, որոնք էլ, Թուրքիայի ակտիվ ջանքերով, կազմակերպեցին երկարատեւ ու արյունալի պատերազմ Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Իրանական գազամուղի ծրագիրը ուղղակի հակասության մեջ էր մտնում սաուդցիների կողմից նույն ուղղությամբ դեպի Միջերկրական ծով ձգվող գազամուղի կառուցման ծրագրերին:

Մինչ այդ, 2009թ Ասադը մերժել էր Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի առաջարկը գազամուղ կառուցելու դեպի Եվրոպա, որը պետք է անցներ Հորդանանով, Սիրիայով, ապա հասներ Թուրքիա: Գազամուղների կառուցման շուրջ 2009-2011թթ ընթացող բանակցությունների արդյունքներն էլ, կարելի է ասել, կանխորոշեցին Սիրիայի ճակատագիրը, քանի որ դեպի Արեւմուտքՙ դեպի Միջերկրական ծով ու Թուրքիա անցնող բոլոր ճանապարհները, ինչպես ասում են, անցնում են Սիրիայով:

Ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական համակարգում, այսպես կոչված շիական առանցքը գնալով կարեւոր ուժ էր ձեռք բերում, իսկ գազամուղի, հետագայի համար նաեւ Պարսից ծոցը Միջերկրականին կապող երկաթգծի կառուցումը կարող էր այդ առանցքին աշխարհառազմավարական նշանակություն տալ: Սա էր պատճառը, որ նավթի ու գազի հսկայական պաշարներ ունեցող պետությունները սկսեցին ֆինանսավորել տարբեր տիպի ահաբեկչական խմբավորումներին Ասադի ռեժիմը տապալելու համար:

Հարձակումը Սիրիական Արաբական հանրապետության վրա պայմանավորված էր նաեւ այն փաստով, որ իշխանության ղեկին գտնվող ալավիական (իմաՙ շիական) ռեժիմը փոքրամասնություն (20%) էր կազմում այդ պետությունում, հետեւաբար այն ի տարբերություն Իրաքի, ամենախոցելի կետն էր շիական այս առանցքում: Այդ հաշվարկով էլ կատարված գործողություններն էլ պայթեցրին այդ պետությունըՙ հանգեցնելով հարյուր հազարավոր զոհերի եւ միլիոնավոր գաղթականների:

Աշխարհաքաղաքական այս պայքարում Ռուսաստանի շահերը ուղղակիորեն համընկան շիական ուղղության հետ, որը, ինչպես հայտնի է, չուներ եւ չունի ամերիկամետ դիրքորոշում եւ որը կարող էր գործել ի հակառակ Վաշինգտոնից եկող հրահանգների: Սա էր պատճառը, որ սաուդցիների եւ ռուսների բանակցությունները Սիրիայի ճակատագրի շուրջ ավարտվեցին անհաջողությամբ: Ըստ արաբական որոշ լրատվամիջոցների, բանակցություններից հետո Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Ասադից հետո ով էլ որ գա իշխանության, լինելու է մեր ձեռքի տակ»:

Սա էր նաեւ պատճառներից մեկը, որ Ռուսաստանը եւ Իրանը ակտիվ կերպով ներգրավվեցին Սիրիական ճգնաժամի մեջ, այսպիսով, փաստորեն, փրկելով Ասադի ռեժիմը կործանումից: Սա նաեւ հնարավորություն տվեց պահպանել շիական առանցքը եւ Իրան-Իրաք-Սիրիա համագործակցության հնարավորությունը էներգակիրների արտահանման ու երկաթուղու կառուցման հարցում:

Չինականՙ «Մեկ ճանապարհ-մեկ գոտի» ծրագիրը, որն այդ պետության համար ունի աշխարհառազմավարական նշանակություն եւ որը բազմամիլիարդանոց ներդրումներ ու եկամուտ է խոստանում, նույնպես համընկավ շիական առանցքի հետ, քանի որ պաշտոնական Պեկինը ամերիկյան ազդեցությունը շարունակում է դիտարկել որպես սպառնալիք իր շահերին, այդ թվում նաեւ` էներգետիկ խնդիրներում: Այս համընկնումներն էին պատճառը, որ Չինաստանը սիրիական ճգնաժամում, ելնելով իր շահերից, կարելի է ասել ավելի շատ շիամետ դիրքորոշում դրսեւորեց, ինչը նույնպես իր ազդեցությունը ունեցավ այս հարցի հանգուցալուծման վրա:

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Սիրիա նշանավորեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակի հաստատումը եւ խաղի նոր սկիզբը, որտեղ նորից էներգետիկ գործոնը եւ տարանցման հնարավորությունները առաջին պլան են մղվում: Իզուր չէ, որ Սիրիայի տրանսպորտի նախարարը արդեն հայտարարել է, որ առաջնային նշանակություն ունի այդ պետության տարանցիկ ու երկաթուղային հնարավորությունների ընդլայնումը, որի նպատակն է կապվել թե՛ Իրաքի եւ թե՛ Իրանի երկաթուղային ցանցին: Ըստ սիրիացի նախարարի, մոտավորապես 5 մլրդ. դոլար կպահանջվի ավերված երկաթգծի վերականգնման համար, ինչը հնարավորություն կտա միանալ եւ կարեւորագույն մաս կազմել չինական Մետաքսի ճանապարհին:

Սա նաեւ նշանակում է, որ սկսվում է սիրիական ուղիով նավթագազային տրանսպորտային հաղորդակցությունների նոր համակարգի համար պայքարը, որով հավասարապես շահագրգռված են թե՛ Իրանը, թե՛ Իրաքը եւ թե Ռուսաստանը, իսկ վերջինիս ազդեցությունը հատկապես ընդգրկուն է այդ պետությունում: Սակայն այս գործընթացում աճող է նաեւ Չինաստանի ազդեցությունը, որը կարող է դառնալ հետպատերազմյան Սիրիայի վերականգնման հիմնական հովանավորը եւ հենց նրա ղեկավարությամբ առաջնություն կտրվի այդ պետության տրանզիտային հնարավորություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.