AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 6697, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇԻ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ

Ի՞նչ կարելի է ասել Ղազախստանի մասին: Դա երիտասարդ, բայց բավականին հավակնոտ հանրապետություն է, ետխորհրդային երկրներից մեկը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ ու բարձր հայտարարում է իր մասին միջազգային թատերաբեմում: Օրիգինալ նախաձեռնություններ, հակամարտությունների խաղաղ կարգավորում, միջտարածաշրջանային ինտեգրում, ակտիվ մասնակցություն միջազգային կազմակերպությունների աշխատանքին, շրջակա միջավայրի պաշտպանությունՙ ահա ոչ լրիվ ցուցակն այն ամենի, ինչում նա աչքի է ընկել եւ ինչով ձեռք է բերել լայն ճանաչում:

Սկսել, թերեւս, արժե միջուկային զինաթափման քաղաքականությունից, որը հանրապետությունը հայտարարել էր դեռ իր կայացման տարիներին: Խորհրդային Միության փլուզումից հետո երկրին բաժին հասավ աշխարհում իր մեծությամբ չորրորդ միջուկային զինանոցը: Սակայն այն ժամանակ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով դրանից քիչ առաջ գլխավորել էր երկիրը, անսովոր քայլ արեցՙ փակեց ղազախստանյան տարածքում գտնվող Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտը: Դրանից հետո հանրապետությունը ստորագերց Լիսաբոնի արձանագրությունը, իրականացրեց սպառազինությունների կրճատում, իսկ ավելի ուշ միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:

Թերեւս արժե ընդունել, որ նման անսովոր քայլեր այս պետությունը Անկախության տարիներին քիչ չի արել: Դրանցից մեկը կարելի է համարել մայրաքաղաքի տեղափոխումը երկրի հարավից հյուսիս, ընդ որում այդ գործընթացը սկսվեց այն տարիներին, երբ հանրապետությունը դեռ գտնվում էր լուրջ ճգնաժամում: Այժմ նոր մայրաքաղաք Աստանան գերժամանակակից քաղաք է զարգացած ենթակառուցվածքով եւ ուրույն ճարտարապետական դիզայնով: Դրանում կարողացան անձամբ համոզվել «ԷՔՍՊՈ-2017» ցուցահանդեսի մի քանի միլիոն այցելուները անցած ամռան ընթացքում: Սակայն դեռ չշտապենք առաջ: Ետխորհրդային տարածքում Ղազախստանը լայնորեն հայտնի է որպես ինտեգրացիոն գործընթացների նախաձեռնող եւ շարժիչ: 90-ական թթ. վերջից, հմտորեն օգտագործելով իր աշխարհաքաղաքական դիրքը, երկիրը հետեւողականորեն հանդես է եկել ամուր տնտեսական, քաղաքական եւ ռազմական միջպետական կապերի ստեղծման օգտին: Ղազախստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Համագործակցության շանհայան կազմակերպության ստեղծման գործում: Տասը տարուց ոչ պակաս էր հարկավոր, որպեսզի ետխորհրդային հանրապետությունների մի մասը միավորվեր միասնական տնտեսական տարածքում: Սկզբում մաքսային ոլորտումՙ Մաքսային միություն, իսկ այնուհետեւ առեւտրականՙ Եվրասիական տնտեսական միություն: Ավելորդ է ասել, որ այդ միավորման գործում մասշտաբային դերակատարություն ունեցավ եւ Ղազախստանի Հանրապետությունը: Երկրի ակտիվությունը եւ համաշխարհային քաղաքականության մեջ նրա բարձր դերը նկատել եւ գնահատել են: Հանրապետության հեղինակության յուրօրինակ ճանաչում կարելի է անվանել Ղազախստանի նախագահությունը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) 2010թ.: Քիչ ավելի ուշ հենց Ղազախստանը գլխավորեց Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ): Հենց Աստանայում էր, որ Իսլամական համաժողով կազմակերպությունը (ԻՀԿ) փոխեց իր անվանումն ու ձեւաչափը:

Տարեցտարի, աստիճանաբար Աստանան ավելի հաճախ դարձավ տարբեր մակարդակի միջազգային բազմաթիվ ժողովների, հավաքների եւ համաժողովների համար տարածք: Գործարարներ եւ ֆինանսիստներ, ներդրողներ եւ համաշխարհային ու ավանդական կրոնների առաջնորդներ, վարչապետներ եւ պետությունների ղեկավարներ... Չեզոք, կողմնորոշված դեպի բազմավեկտոր քաղաքականությունՙ Ղազախստանի Հանրապետութունը ամենահարմարը դարձավ հանդիպումների եւ բանակցությունների, համաձայնագրերի ստորագրման եւ հռչակագրերի ընդունման համար: Միանգամայն տրամաբանական է, որ նման մոտեցման պարագայում խիստ ժյուրին հենց Աստանային տվեց իրավունք անցկացնելու Միջազգային մասնագիտացված «ԷՔՍՊՈ-2017» ցուցահանդեսը, որը նվիրված էր այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը: Ղազախստանը փայլուն լուծեց իր առջեւ դրված խնդիրը: Ցուցահանդեսին մասնակցեցին հարյուրից ավել երկրներ եւ մեկ տասնյակից ավել միջազգային կազմակերպություններ: Հավաքվեցին լավագույն բնապահպանական-տեխնոլոգիական մշակումներ, Ղազախստանի մայրաքաղաք այցելեց մի քանի միլիոն մարդ, աշխատանքի արդյունքում ստորագրվեցին բազմամիլիոն պայմանագրեր: Ավելի լավ միջոց իր մասին հայտարարելու իբրեւ տնտեսապես կայուն եւ բարեկեցիկ պետություն, չէր էլ կարելի մտածել:

Հարկ է նշել, որ Ղազախստանը բնավ չի բավարարվում ձեռք բերվածով: Չնայած արտաքին չեզոքությանն ու խաղաղասիրությանը, երկիրը միջազգային թատերաբեմում ճանաչում ձեռք բերեց նաեւ իբրեւ մեր ժամանակի մարտահրավերների դեմ անհաշտ մարտիկ: Խոսքը նաեւ «21-րդ դարի սոցիալական ժանտախտի» մասին է, որպիսին է միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը: Ելույթ ունենալով Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանումՙ հենց Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն է առաջարկել ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո միասնական համաշխարհային ցանց այդ արմատական դրսեւորումներին դիմակայելու համար: Ճիշտ է նաեւ, որ Ղազախստանի կողմից այն ժամանակ կոփվեցին բազմաթիվ համաշխարհային մասշտաբի համարձակ գաղափարներ: Առաջարկությունները վերաբերում էին անդրազգային արժույթի ստեղծմանը, ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխմանը ասիական մայրցամաք, Կազմակերպության բարեփոխմանը եւ այլն:

Նախաձեռնությունների համարձակությունը եւ դիրքորոշման կայունությունը գնահատվեց: Զարմանալի չէ, որ երկու տարի անցՙ 2017թ., Ղազախստանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ, ինչպես նաեւ այնտեղ գլխավորեցին մի շարք Կոմիտեներՙ մասնավորապես, 1267 Արգելամիջոցների Կոմիտեն «ԻԼԻՊ»-ի («ԴԱԻՇ») եւ «Ալ-Ղաիդայի» հանդեպ, որը վերահսկում է ՄԱԿ-ի ԱԽ-ի արգելամիջոցների իրագործումը վերոհիշյալ միջազգային ահաբեկչային կազմակերպությունների եւ ֆիզիկական այն անձանց հանդեպ, ովքեր կապված են ահաբեկչական գործունեությանը:

Այս տարին ընդհանրապես Ղազախստանի համար դարձավ նշանակալից: Այսպես, Աստանայում ստեղծվեց հատուկ բանակցային հարթակ սիրիական հարցով: Այժմ այն հաջող եւ արդյունավետ աշխատում է, զուգահեռ նմանատիպ հարթակի, որը ձեւավորված էր ավելի վաղ Ժնեւում: Սակայն արժե նշել, որ հատկապես ղազախստանյան մայրաքաղաքում է ձեռք բերվել մի շարք սիրիական տարածաշրջաններում կրակի դադարեցման մասին համաձայնությունը: Այժմ, ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության ԱԳՆ-ը, Աստանայում նախապատրաստվում են բանակցությունների հերթական ռաունդին, իրականացվում է ակտիվ աշխատանք կողմերի միջեւ վստահության միջոցառումների ամրապնդման ուղղությամբ, ինչի արդյունքը պետք է դառնա հակամարտության աստիճանական դեէսկալացիան:

Ամփոփելով, կարելի է նշել, որ ունենալով բավականին համեստ ստարտային դիրքեր, Ղազախստանին ռեկորդային ժամանակահատվածում (քառորդ դարից քիչ ավել) հաջողվեց անցնել այն ճանապարհը, որի վրա ուրիշ երկրներ ծախսում են հարյուրամյակներ: Ուրեմն ինչո՞ւմ է նման հաջողության գաղտնիքը:

- Մեր պետությունը չի հավակնում մեծ տերության կարգավիճակի, ինչպես Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը, - հայտարարել է ղազախստանյան առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն իր ելույթներից մեկում: - Բայց մենք մեր հնարավորությունների չափով ազդում ենք աշխարհում իրադարձությունների ընթացքի վրա, իրականացնում ենք միջնորդություն հակամարտ իրավիճակներում, որպեսզի հաշտեցնենք կողմերին, առաջ ենք մղում նախաձեռնություններ տարածաշրջանային ինտեգրման գծով, որոնք թույլ են տալիս պահպանել խաղաղությունը եւ հնարավորություն են ստեղծում խաղաղ զարգացման համար:

Երեւի հենց սա է Ղազախստանի քաղաքականության ամենահստակ եւ տարողունակ ձեւակերպումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.