AZG Daily #1, 12-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-12-21 22:59:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 10536, Տպվել է` 2926, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ 5 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2017 թվականը մոտենում է ավարտին, եւ արդեն հրապարակվածՙ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 11 ամիսների ցուցանիշները կարող են հիմք դառնալ ընթացիկ տարվա առնչությամբ նախնական եզրակացություններ անելու: Տարվա ընթացքում պարբերաբար անդրադառնալով այս թեմային, իրատեսական էինք համարել տարեկան առնվազն 5 տոկոսին մոտ տնտեսական աճի հավանականությունը: Դա պայմանավորված էր ինչպես համաշխարհային տնտեսությունում առկա բարենպաստ միջավայրով, մեր հիմնական գործընկեր երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության մեջ արձանագրվող դրական տեղաշարժերով, այնպես էլՙ երկրի ներսում իրականացվող տնտեսական քաղաքականությամբ:

Հարկ է նկատի ունենալ նաեւ անցյալ տարվա ցածրՙ 0,2 տոկոս տնտեսական աճը, որի ֆոնին ավելի հեշտ էր դառնում համեմատաբար բարձր տնտեսական աճի ցուցանիշ ապահովելը: Հունվար-նոյեմբերին արձանագրված 7,3 տոկոս տնտեսական ակտիվության աճը, ինչի մասին հրապարկել է ազգային վիճակագրական ծառայությունը, ինչ-որ տեղ պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով: Այդուհանդերձ, տնտեսական ակտիվության բարձր աճ չէր արձանագրվել 2012-ից հետո, իսկ դրանից առաջ էլՙ վերջին անգամ բարձր աճ էր արձանագրվել 2008-ին: Հետաքրքրական զարգացումներ կան ըստ տնտեսության ճյուղերի արձանագրված ցուցանիշներում:

Նախՙ պետք է արձանագրել շինարարությունում արձանագրված թեկուզ փոքրիկՙ 0,3 տոկոս աճը, քանի որ վերջին անգամ այս ճյուղը աճ էր ունեցել 2008-ին, իսկ դրանից հետո գտնվել է մշտական անկման մեջ: Ամենայն հավանականությամբ, տարեկան ցուցանիշներում եւս շինարարությունը կպահպանի արձանագրած միտումը, ինչը կդառնա այս տարվա տնտեսական ցուցանիշների հիմնական նորույթը:

Հաջորդը արդյունաբերության արտադրանքի աճն էՙ 12,3 տոկոսով: Ողջ տարվա ընթացքում տնտեսության թերեւս կարեւորագույն ճյուղը պահպանեց աճի կայուն ցուցանիշը, ինչը ամենաարժեքավոր գործոնն է ներկայացված ցուցանիշների մեջ:

Դժբախտաբար, գյուղատնտեսությունում արձանագրվել է անկումՙ 3,9 տոկոսով, ինչը հատուկ ուշադրության առարկա պետք է դառնա հաշվի առնելով այս ճյուղի նշանակությունը թե՛ ընդհանրապես տնտեսության համար, թե՛ սոցիալական առումով:

Առեւտրի շրջանառությունն ամենամեծ աճն է արձանագրելՙ 14,4 տոկոսով, ինչը առանձնապես ուրախանալու առիթ չէ, քանի որ այն չի ստեղծում ավելացված արժեք եւ հիմնված լինելով հիմնականում ներմուծված ապրանքների սպառման վրա, Հայաստանից գումարային արտահոսքի աճի պատճառ է դառնում:

Ծառայությունների ծավալը նույնպես աճի բարձր ցուցանիշ է արձանագրելՙ 14,2 տոկոսով, եւ այստեղ հատկապես արեժքավոր է զբոսաշրջության եւ դրան առնչվող ոլորտներում արձանագրված զգալի առաջընթացը եւ համապատասխանաբարՙ գումարային ներհոսքը Հայաստան:

Վիճակագրական ծառայությունը ծավալների էական աճ է արձանագրել Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունումՙ 26,4 տոկոսով, որից հետո այն կազմել է մոտ 5 մլրդ 784 մլն դոլար: Ներմուծման աճն ավելի առաջանցիկ է, քան արտահանմանըՙ 28 տոկոսով եւ կազմել է 3 մլրդ 770 մլն դոլար: Այնուամենայնիվ, արտահանման աճը եւս տպավորիչ էՙ 23,5 տոկոսով, իսկ ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարըՙ ավելի քան 2 մլրդ 13 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից այս տարվա 11 ամիսներին արտահանումն ավելացել է գրեթե 400 մլն դոլարով:

Ինչ վերաբերում է միջին ամսական աշխատավարձին, ապա այս տարվա 11 ամիսներին այն բարձրացել է միայն 2,6 տոկոսով եւ կազմել մոտ 189 հազար դրամ: Մասնավոր հատվածում աշխատավարձն աճել է 3,6 տոկոս եւ կազմել գրեթե 226 հազար դրամ, իսկ ահա պետականումՙ մնացել է անփոփոխ եւ կազմել 159 հազար դրամ: Կարող ենք արձանագրել, որ տնտեսական աճի անդրադարձը մասնավոր հատվածում աշխատողների աշխատավարձերի վրա դեռեւս մեծ չէ, իսկ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում կառավարությունը նախատեսում է 2019-ից ոչ շուտ, հիմնավորելով դա անհրաժեշտ տնտեսական հիմքերի ստեղծմամբ: Մյուս կողմից, ներկա պահին նման հնարավորության բացակայությունը պայմանավորված է նաեւ եկող տարվա բյուջեում պաշտպանության ոլորտի ծախսերի կտրուկ բարձրացմամբ, որի անհրաժեշտությունը թերեւս լրացուցիչ բացատրությունների կարիք չունի:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ տնտեսական աճի համեմատաբար բարձր ցուցանիշը որոշ փոփոխություն է արձանագրել տնտեսության կառուցվածքումՙ նկատի ունենալով արդյունաբերության եւ ծառայությունների, մասնավորապես զբոսաշրջության ոլորտի բարձր, ինչպես նաեւ շինարարության փոքրիկ աճը: Սակայն, նկատի ունենալով գյուղատնտեսությունում արձանագրված անկումը եւ առեւտրի ծավալներիՙ մյուս ճյուղերի համեմատ աճի ամենաբարձր ցուցանիշը եւ համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղը լինելու հանգամանքը, չենք կարող արձանագրել, որ տնտեսության կառուցվածքում արմատական որակական փոփոխություն է տեղի ունեցել:

Ամեն դեպքում, արդեն հիմա կարող ենք ասել, որ 2017-ը ընդհանուր առմամբ բարենապաստ տարի էր Հայաստանի տնտեսության համար եւ առաջիկա տարիներին նման ընթացքով գնալու դեպքում դրական անդրադարձները սոցիալ-տնտեսական վիճակի վրա նկատելի կլինեն :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 22-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.