AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 86. ԽԱՅԹԸ ԽԹԱՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 20401, Տպվել է` 1201, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼ, ՀԵՏՈ` ԿԵՐԵՎԱ...

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչեւ ապրիլի կեսը Հայաստանը պետք է ունենա նոր նախագահ ու նոր վարչապետ: Ասել է, թե` Նոր տարուց անմիջապես հետո սահուն մտանք նախընտրական փուլ, եւ դրա առաջին հայտածումը Հայաստանի գործող նախագահի` կառավարության տնտեսական բլոկի համար պատասխանատուների հետ հանդիպելն ու թանկացումները կասեցնող գործիքակազմից խոսելն էր: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդակցության ոչ հրապարակային մասում նախագահը պահանջել է ամեն գնով կասեցնել թանկացումները: Հավանաբար մինչեւ ապրիլ նախագահին հարկավոր է կայուն տնտեսական ու սոցիալական ֆոն` իրագործելու համար իշխանության վերբեռնման ոչ հեշտ ու ոչ միանշանակ գործընթացը, նախապես պլանավորած բոլոր դետալներն իրականություն դարձնելու համար, ու հաստատ շատ այսպիսի մտահոգ խորհրդակցությունների ականատեսը դեռ շատ անգամ կլինենք մինչեւ ապրիլ:

Իսկ որ իշխանության որոշ թեւերի էլ շատ հարկավոր է անկայուն ֆոնը, կամ ֆորս մաժորի ու սոցիալական լարումների մասին խոսքուզրույցը` սեփական նպատակներն իրականություն դարձնելու համար, դա էլ կարելի է նորմալ համարել եւ դիտարկել մրցակցության համատեքստում: Քանի որ իշխանությունն իրենով անելու հավակնություններ, նույնիսկ մեր տիպի երկրում, երբ թվում է` ամեն ինչ կենտրոնացված կառավարվում է մեկ բեւեռից, միշտ էլ կարող են լինել: Միայն թե մեր` վաղուց ոլորտ առ ոլորտ մեջ-մեջ արված տնտեսությունը ո՛չ տեսական բնույթի խորհրդակցություններով նորմալ տեսքի կբերվի, ո՛չ մենաշնորհատերերի ագահությունն է հնարավոր առանց գործուն հակամիջոցների զսպել, ո՛չ էլ այդպիսի քայլերով ժողովուրդն է այլեւս խաբվում: Եթե տասնյակ տարիներ շարունակ տեղի ունեցած անթիվ հանձնարարականներով ու խորհրդակցություններով հնարավոր լիներ մեր երկրի տնտեսավարման բովանդակությունը փոխել, ապա էլ ինչու էինք հասնում այն պահին, որ աճուրդի դնենք վերջին ունցվածք-պետական պահուստները: Եթե միջազգային կառավարման ոլորտի մի մրցանակաբաշխություն լիներ` որոշելու համար խորհրդակցություն անցկացնելու գծով համաշխարհային չեմպիոնին, ապա հայ պաշտոնյաներն, անկասկած, առաջատարներն ու հաղթողը կլինեին, քանի որ նրանցից շատ ոչ ոք խորհրդակցություն չի անցկացնում ու ցուցում չի տալիս իր ենթականերին: Բայց դրանից հայերս ավելի լավ չենք ապրում:

Անկեղծ ասած, ի տարբերություն շատ ուրիշների, ես համոզված եմ, որ անկախությունից ի վեր իշխանությունների փոխանցման առումով Հայաստանում անակնկալ ոչինչ տեղի չի ունեցել, եւ ամեն անգամ նախագահական ընտրություններին ամեն ինչ հստակ նախագծվել, հղկվել եւ իրագործվել է: Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի` շատերի համար անսպասելի հրաժարականի պարագայում: Իրականում Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ արդեն պարզ էր նրա չընտրվելը, դեֆակտո իշխանությունն արդեն ուրիշներն էին կիսում, սակայն արդեն իսկ տնտեսական լծակներ ձեռք գցած մարդիկ կորցնելու բան ունեին, ու նախապատրաստվեց իշխանության անցավ հանձնումը, ու հենց այդ պատճառով Տեր-Պետրոսյանն իր կրկին նախագահ դառնալուց մի քանի ամիս հետո միայն հրաժարական տվեց: Նույնը տեղի է ունեցել հետագայում, այն դեպքում, երբ դեռ ժողովուրդն ուներ երկրի նախագահին ուղիղ ընտրելու իրավունք, միեւնույն է, ամեն ինչ այնպես էր կազմակերպվում, որ իշխանությունը սահուն հանձնվում էր ներսում ու դրսում կայացած համաձայնությունների արդյունքում նախանշված մարդուն: Այս անգամ ժողովուրդը, սահմանադրական փոփոխությունների ընթացքում առհասարակ զրկվել է ուղիղ ընտրության իրավունքից` նա ոչ նախագահ է ընտրում, ոչ վարչապետ, ոչ Ազգային ժողովի նախագահ, այդ գործառույթները նա հանձնել է իրեն լիովին այդպես էլ չներկայացնող կուսակցություններին եւ ընդհանրապես հայտնվել հանդիսատեսի դերում (ահա այսպիսի՛ ժողովրդավարական փոփոխություններ ներկա Սահմանադրությամբ): Այս դեպքում անտրամաբանական կլիներ, որ նախագահ եւ վարչապետ ունենալու հարցում ամեն ինչ դետալ առ դետալ չհաշվարկվեր եւ չխաղարկվեր, ոչինչ դրան արդեն չի խանգարում, դրսի ուժերի հետաքրքրությունները ներառյալ:

Այսինքն` ներքին համաձայնություններն ու արտաքին թելադրանքներն արդեն իսկ օրենսդրությամբ կաշկանդված չեն, իսկ բուն ընտրության գործընթացն էլ ոչ մի կապ չունի հանրության հետ արդեն իսկ, թողնված լինելով գործող քաղաքական ուժերի բարոյականության ու կարողականության կամ անբարոյականության ու անկարողականության հույսին: Մի փոքր դիտարկենք վարչապետի եւ նախագահի ընտության հնարավոր տարբերակները, որոնք, իհարկե, իրականություն դառնալու տարբեր աստիճանի շանսեր ունեն:

Միայն մի թեթեւ հիշեցնենք այս երկու պաշտոնների համալրման ժամկետներն ու տեխնիկական մանրամասները:

Հայաստանի նախագահը, որին ընտրելու է Ազգային ժողովը պատգամավորների ձայների երեք քառորդով, իր լիազորությունները կստանձնի արդեն ապրիլի 9-ին: Ազգային ժողովում ներկայացված ուժերը նախագահի թեկնածու են առաջադրելու փետրվարի վերջին, իսկ մարտի սկզբին կկայանա նախագահի ընտրությունը: Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների մեկ քառորդը, այնպես որ հասկանալի է, որ սեփական թեկնածու ունեցող «Ելքը» (Արտակ Զեյնալյան) առաջադրման համար աջակցություն էր ակնկալում «Ծառուկյան դաշինքից», որը նա չստացավ եւ հազիվ թե կարողանա նախագահի թեկնածու առաջադրել: «Ծառուկյան դաշինքն», իհարկե, կարող է սեփական թեկնածու առաջադրել, ու միգուցե դա ցուցափեղկային առումով դիտարժան կդարձներ ընտրությունը, սակայն իշխանությունը կարող է դրա մեջ վտանգ տեսնել նախօրոք իր որոշած թեկնածուին անցկացնելու առումով` ընտրության համար հարկավոր է 79 ձայն, եւ իրեն հայտնի գործիքներով խանգարելու է կամ արդեն խանգարել է այդպիսի առաջադրմանը: ՀՅԴ-ի պարագան պարզ է, չնայած` այս կուսակցության համակրանքը չունեցող թեկնածուն պետք է ամեն կերպ նրան կարճ ժամանակում դուր գալու քայլեր անի: Թեկուզ խորհրդանշանական լիազորություններով, բայց բարձր քվեի շեմ հաղթահարած անձը պետք է որ համարվի կոմպրոմիսային նախագահ, ու միգուցե գործնականում ավելի մեծ դեր ունենա, քան լիազորություններով նախատեսված է:

Որ նորից աչքի ես անցկացնում Սահմանադրությունը` տեսնում ես, որ նոր վարչապետի ու նոր նախագահի լիազորությունները, կոնկրետ մարդկանց նկատի առնելով, բալանսավորված բաշխել են այդ երկու պաշտոնների միջեւ: Իհարկե, նախագահի ընտրության այլ փուլեր եւս նախատեսված են` առաջին ընտրությունը չիրականանալու պարագայում, անգամ ԱԺ ինքնալուծարում է նախատեսված` այս գործը գլուխ չբերելու համար, սակայն մեր կարծիքով բանն անգամ երկրորդ փուլին չի հասնի, չնայած քվեարկության բարձր նշաձող է սահմանված` «Ծառուկյան դաշինքը» կապահովի այդ բարձր տոկոսը:

Դրանից հետո հրաժարական է ներկայացնելու ներկա կառավարոթյունն` իր վարչապետով: Ապրիլի 9-ից հետո, երբ Հայաստանի նոր նախագահը ստանձնած կլինի իր լիազորությունները, ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի սեփական թեկնածու եւ երկրի վարչապետ ընտրեն: Վարչապետին տրվելիք ձայների անցողիկ շեմ նախատեսված է այնքան, որքան այժմ կազմում են իրար հետ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին` ձայների կեսից ավելին, այսինքն կոալիցիան միայնակ կարող է ապահովել վարչապետի ընտրությունը: Այնուամենայնիվ` ընտրված վարչապետին Հայաստանի նոր նախագահն է իր հրամանագրով վարչապետ նշանակելու: Այսինքն` տեսականորեն հնարավոր է, որ նախագահը անտեսի խորհրդարանի ընտրությունը եւ վարչապետ չնշանակի, սակայն Հայաստանի պարագայում անգամ երազում դա հնարավոր չէ պատկերացնել: Ու դրանից հետո կնշանակվի այն կառավարությունը, որի վերաբերյալ այլեւս պիտի որ չասեն ժամանակավոր, ու որին բաժին կհասնի ծանր վիճակում գտնվող տնտեսություն ունեցող, թանկացումների ու դծգոհության նոր ալիքով խցված, աննախադեպ ծավալի արտագաղթով դատարկվող, արտաքին անկայունություններով շրջապատված Հայաստանի խաչը:

Ովքեր են նախագահի եւ վարչապետի հավակնորդները

Ժամանակին նախագահի հնարավոր թեկնածուների մասին ենթադրություններ էին արվում ե՛ւ Բակո Սահակյանի, ե՛ւ Արկադի Ղուկասյանի, ե՛ւ Գագիկ Հարությունյանի վերաբերյալ: Սակայն ժամանակի ընթացքում այդ ենթադրությունները խամրեցին, իսկ Գագիկ Հարությունյանի մասով, եթե անգամ նրա կամ ղեկավարության մտքի ծայրով անցել է այդ գաղափարը, այժմ նոր արտահոսքով չեզոքացվում է դա` ինչ-որ դատական անկախ խորհրդի նախագահի պաշտոն է ստեղծվում նրա համար: Այդպիսով ավելի խելքին մոտիկ է թվում` Էդվարդ Նալբանդյանի նախագահ դառնալու վերաբերյալ արտահոսքը, սա այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանն է դառնում վարչապետ: Վերջինս կունենա շատ լիազորություններ, այդ թվում պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատար լինելու լիազորությունը, ու այդքան լիազորությունների կենտրոնացումը նրա ձեռքում կարող է արտաքին ոլորտում աշխատանքի ոչ լիարժեք բալանսավորման խնդիր առաջացնել, մինչդեռ Էդվարդ Նալբանդյանը կարող է արտաքին դիվանագիտության իրավիճակին լիարժեք հետեւել ու պետք եղած դեպքում սինքրոնացնել քայլերը վարչապետի հետ: Սա մանրամասն մտածված փոխլրացման սցենար է հավանաբար, որն ամիսներ առաջ ընդհանրապես անհնար կարելի էր համարել, հիմա արդեն, երբ ԵՄ համաձայնագիրն էլ է ստորագրվել, առավել հավանական է թվում:

Զուգահեռ կարող է լինել պահեստային` անսպասելի սցենար. վարչապետ դառնում է լրիվ անսպասելի մարդ, վերջին օրերի զարգացումները հուշում են, որ դա կարող է լինել Սերժ Սարգսյանի մոտիկ շրջապատից, այլապես նա իր ելույթներում չէր ասի` մենք նայելու ենք, պետք է այնուայն անել: Գիտեմ, որ այս տարբերակը շատերն են անհնար համարում հենց միայն այն պատճառով, որ ժամանակին Հայաստանի առանցքային պաշտոնների զանազան հավակնորդների միտումնավոր եւ հետեւողականորեն կա՛մ անհետացրել են ասպարեզից, կամ խոչընդոտել են նրանց առաջխաղացումը, այսինքն` այդպիսի թեկնածուներ գոնե հասարակության համար տեսանելի մակարդակում չկան: Բայց որ հետ նայենք` Սերժ Սարգսյանը տարբեր ժամանակներում մի քանի անսպասելի որոշումներ է կայացրել, որոնց անսովորությունը կամաց-կամաց մոռացվել է: Այնպես որ` «անհնարինը` հնարավոր» տարբերակը երբեք պետք չէ բացառել: Բացի այդ` հավանաբար ներկա վարչապետը լիովին չի կորցրել հույսը, որ աջակցություն կստանա հայտնի կենտրոններից, գործող անձանցից կամ շրջանակներից. սա էլ որոշ առումով սցենար լինելու իրավունք ունի: Բոլոր դեպքերում` խաղն սկսված է, դիտարժան պահեր կպարունակի հայերիս հանդիսատես հատվածի համար:

Երեւի նկատեցիք, որ նախագահ Սարգսյանի վերջին երկու հրապարակային ելույթները եւ վերջին հեռուստահարցազրույցը հարուստ էին այնպիսի մտքերով, որտեղ առկա էր ապառնիի շունչը: Թանկացումների դեմ պայքարելու հանձնարարականները, տնտեսավարողների ագահությունից խոսելու նոր շեշտը նույնպես իշխանության մոտակա ռեսթարթի շունչն ունեն իրենց մեջ, որտեղ բացակա չէ գործող նախագահը: Ակնհայտորեն` վարչապետի գլխավոր ֆավորիտը նա է: Սակայն Սարգսյանը Սարգսյան չէր լինի, եթե պահեստային տարբերակներ եւս չնախագծեր: Բացի այդ` գոնե նա հասկանում է, որ ինչ-որ պահի հեռանալն անխուսափելի կդառնա, որ անվերջ հնարավոր չէ մնալ, ու դա պետք է անել ճիշտ ժամանակին, թիկունքն ապահով պահելով, ու ոչ թե ֆորս-մաժորով կամ հարկադրաբար: Միգուցե նա մտածում է իշխանությունն անցավ հանձնելու մասի՞ն, ինչին ականատես ու մասնակից է եղել նա ոչ մեկ անգամ, եթե ոչ հիմա, ապա վեց- ութ ամիս հետո ապրիլից, որը նույնպես բացառել չի կարելի: Հարցն այն է, թե ո՞ւմ, եւ արդյոք մենք, հայերս, չնայած ԵՄ մտնելու ձգտումներին, նույնպես պետք է տեղավորվենք արեւելյան համարվող այն սցենարների մեջ, ըստ որոնց երկրի կառավարումը դուրս չի գալիս մերձավորներով իշխանությունը միմյանց փոխանցելու արատավոր սխեմայից:

Միայն թե իշխանություն ստանալ- փոխանցելը, եթե այն երկրի վիճակը չի բարելավում, կարող է շուռ գալ ստացող-փոխանցողների դեմ: Իրանի նման երկրում են բունտ անում, բա այսքան աղքատացած, տրանսպորտային թանկացումների սպասման մեջ շունչը պահած երկրում, որտեղ արդեն էն անհույս ընտանիքների նման սեւ օրվա համար պահած ոսկին են գրավ դնում, սկսում ենք պետական գանձարանի պահուստները քամուն տալ ու վաճառել (դե գիտեք` ամբողջ աշխարհում թանկարժեք քարերն ու իրերը հնանալուց անտիկվար ու ավելի թանկարժեք են դառնում, Հայաստանում կորցնում են արդիականությունն ու արժեքը), կարծում եք, թե բունտ ու բողոք հասունալ չեն կարո՞ղ: Ասենք էդ սեւ օրվա համար պահած մեկուկես միլիարդն էլ ծախսեցիք, ի՞նչ է հաջորդելու, գոնե գիտե՞ք:

Թե ո՛ր սցենարով կզարգանան իրադարձությունները` բոլորի համար ակնհայտ եւ այլընտրանք չունեցո՞ղ, թե՞, այնուամենայնիվ, նորին մեծություն անսպասելիությունը նայում է ծակուծուկերից, շատ ժամանակ չի մնացել բացահայտելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.