AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 11982, Տպվել է` 1191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՈ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ո՞Չ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունվարի 8-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Ու չնայած այս իրադարձությունը, ինչպես նաեւ այն, որ 120 երիտասարդ դիմում է ներկայացրելՙ մասնակցելու ՊՆ-ի «Ես եմ» ծրագրին, շատ կարեւոր են, ոչ պակաս կարեւոր է եւ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կենտրոնակական զինվորական հավաքակայանում կռացել ու կապել է զինվորի կոշիկի թելերը, բայց մենք կխոսենք հունվարի 7-ի իրադարձությունից: Այդ օրը, ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով դիպուկահարի կրակոցից զոհվում է ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը: Նկատելով կատարվածըՙ Վաչեին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե. Մուսինյանը, ապաՙ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ. Վանյանը, ովքեր հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով վիրավորվել են: Մուսինյանն ու Վանյանը տեղափոխվել են զինհոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վտանգ այլ տեղ է սպառնում. պարզվում է, որ երբ սահմանին վիրավորներ ենք ունենում, ինչը, ցավոք սրտի, սովորական բան է դարձել մեզ համար, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում, ապա նպատակահարմար չէ նրանց վիրավորվելու լուրը հաղորդելը: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ, հարգելի պարոն Հովհաննիսյանիՙ այդկերպ մենք հակառակորդին հստակ փաստ ենք ներկայացնում իր աշխատանքի արդյունավետության մասին : Պատկերացրեցի՞ք: Այսինքն հակառակորդը կրակում է մեզ վրա, վիրավորում է մեր տղաներին, բայց մենք այդ մասին չպետք է տեղեկացնենք, քանի որ հակառակորդը կկարդա, որ մենք վիրավորներ ունենք ու կուրախանա, որ իր աշխատանքն արդյունավետ է ավարտվել: Դե այսինքն մեր հակառակորդը խորը միջնադարում է մնացել, երբ թշնամի բանակները միմյանց կորուստների մասին իմանում էին բացառապես թշնամու ճամբարի տեղեկատվությունից, ինքը հիմաՙ 21-րդ դարում չունի բավարար միջոցներ իր աղբյուրներով ճշտելու իր իսկ աշխատանքի արդյունավետությունը ու ամեն անգամ կրակելուց հետո անհամբեր սպասում է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությանըՙ հայ վիրավորների մասին, որ հրճվի:

Անկեղծ ասածՙ ես մինչեւ հիմա գիտեի, թե մեր հակառակորդը հրճվում է ոչ թե այն ժամանակ, երբ մեր զինվորները վիրավորվում են, առավել եւս, երբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այլ այն ժամանակ, երբ զոհվում են: Մինչդեռ, ինչպես ՊՆ հարգարժան խոսնակն է ասումՙ զոհերի մասին ՀՀ ՊՆ-ն հայտնում է, այդ լուրերը թաքցնելու իմաստը չկա, իսկ այ վիրավորների մասին նպատակահարմար չէ, քանի որ հակառակորդը...

Լավ, ենթադրենք չենք հայտնում, այ հենց հունվարի 7-ի դեպքը: Հայտնում ենք միայն, որ զոհ ունենք, չենք հայտնում այն մասին, որ նրան փրկելու համար անձնվիրաբար մարտի են նետվել հրամանատար սպան ու ծառայակիցը, հետեւաբար չենք հայտնում, որ վերջիններս վիրավորվել են, ինչի հետեւանքով հասարակությունը չի իմանում, որ մեր օրերում, մեր բանակում անձնազոհություն դեռ կա, բայց այդ մարդկանց հարազատները պետք է չէ՞ զինհոսպիտալ գնանՙ նրանց տեսության: ՊՆ-ն առաջարկում է, որ հարազատները գաղտնի՞ գնան զինհոսպիտալ, գուցե գիշերնե՞րը միայն գնան, սեւ մգացված մեքենաներով, որ հանկարծ չտեսնեն, թե ովքեր են: Գուցե այդ վիրավորների հիվանդասենյակներն է՞լ քողարկեն այնպես, որ վիրավորները չերեւան, կամ գոնե նրանց ստացած վերքերը չերեւան... Հարգելի, անգամ սիրելի ՊՆ, դարըՙ 21-րդն է, երբ սեփական կորուստը, ձախողումը, թերացումը թաքցնելը հետամնացություն է: Ու հիմա, երբ մենք սկսել ենք բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր, մի տեսակ ճիշտ չէ հետամնաց մնալը, բանն այն է, որ հնարավոր չէ արդիականանալՙ մնալով հետամնաց, այստեղ եւ-եւ-ը հաստատ չի գործում, այստեղ հաստատ կամ-կամն է:

Մյուս կողմիցՙ ուրախալի է, որ ՊՆ հարգարժան խոսնակը նաեւ նշել է, որ մենք, այսինքնՙ ՊՆ-ն, հաղթահարել է բարդույթը եւ տեղեկատվություն տրամադրելու հարցում աշխատում է թափանցիկՙ չթաքցնելով որեւէ զինվորի զոհվելու փաստը: Զոհվելու, ոչ վիրավորվելու: Տպավորություն այնպիսին է, որ հակառակորդը մեր զինվորների զոհվելու փաստից չի ուրախանում, դա նրա արդյունավետ աշխատանքը չի ապացուցում, իսկ ուրախանում է, երբ մերոնք վիրավորվում են...Ի դեպ, 2017-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ունեցել է 59 զինծառայողի կորուստ: Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները անցյալ տարվա իրենց կորուստների մասին չեն տեղեկացրել, ինչը փաստորեն, չի նշանակում, որ մենք այդ մասին չգիտենք:

Իրականում մեր հակառակորդը շատ լուրջ է ու շատ բան իմանում է առանց մեր ասելու, մեր ժողովուրդն էլ, դրա համար էլ շարունակում է որդիներին ուղարկել բանակՙ անկախ նրանից, թե թերթերն ինչ են գրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.