AZG Daily #2, 19-01-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



ԱՆՑՈՒՄ

Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 4222, Տպվել է` 1189, Ուղարկվել է էլ.փոստով` 0

2018 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎՙ ԻՆՉ ԿՏԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Սկսվող 2018թ.-ը կարող է շրջադարձային լինել Հայաստանի Հանրապետության համար քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ միջազգային հարաբերությունների զարգացման առումով: Նման արմատական փոփոխության պատճառը Հայաստանի անցումն է նախագահական համակարգից խորհրդարանականի, ինչը նշանակում է, որ փոխվում է պետության հետագա զարգացման թե՛ ներքաղաքական եւ թե՛ արտաքին քաղաքականության ողջ տրամաբանությունը, այստեղից բխող հետեւանքներով:

Հայաստանի անցումը խորհրդարանական համակարգին միշտ չէ, որ դրական է ընդունվել, շատերը կարծում են, որ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության համար վտանգավոր է նման «ճոխությունը» եւ որ նախագահական համակարգիՙ կարծր ուղղահայացի գոյության պայմաններում, ավելի կենտրոնացված իշխանության առկայությամբ, կարող է հեշտ դիմակայել թշնամու հնարավոր ոտնձգություններին: Մյուս կարծիքն այն է, որ նախագահական համակարգը հնարավորություն է տալիս նախագահի անձի շուրջ կենտրոնացնել պետության ու ազգի մոբիլիզացիոն ողջ ռեսուրսը, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս հաղթահարել ճգնաժամերը եւ ներքին տարաձայնությունները, որոնք կարող են ծագել այս կամ այն պատճառով:

Այստեղ կարեւոր է սակայն շեշտել, որ համաշխարհային ներկա փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագահական ուժեղ համակարգի պայմաններում ժողովրդավարությունը հետին պլան են մղվում եւ փոխարենը գալիս են ավտորիտար համակարգերը կամ բռնապետությունները: Թերեւս կա երկու բացառություն. դա ԱՄՆ-ն է ու Ֆրանսիան, պետություններ, որոնք չնայած իրենց նախագահական բավականին ուժեղ համակարգերի, այնուամենայնիվ մնում են ժողովրդավար: Նման բացառությունը կարելի է բացատրել առաջին հերթին կառավարման ժողովրդավարական մշակույթի եւ իշխանության տարբեր թեւերիՙ գործադիր, օրենսդիր եւ դատական, հավասարակշռման հստակ մեխանիզմների առկայությամբ, որոնք պաշտպանված են սահմանադրությամբ:

Սակայն այս բացառություններից բացի նախագահական մնացած համակարգերը իրականում ավտորիտար քաղաքական համակարգ կառուցելու լավագույն ձեւն են, որից էլ օգտվում են շատ պետություններիՙ մեկ քաղաքական ուժի, իսկ շատ հաճախ մեկ քաղաքական կլանի ու ընտանիքի բացարձակ իշխանությունը հաստատելու համար: Եթե հետեւենք հետխորհրդային շրջանի պետությունների պատմությանը, ապա նրանց ճնշող մեծամասնությունը հենց այսՙ «նախագահական» ճանապարհով գնացին, փաստացիորեն ստեղծելով ավտորիտար քաղաքական ռեժիմներ այդ պետություններում:

Ավտորիտարիզմը հետխորհրդային համակարգում զարմանալի չէր, քանի որ պետականության, առավել եւս ժողովրդավարական պետության կառուցման մեխանիզմները եւ մշակույթը ԽՍՀՄ նախկին շատ հանրապետություններին ծանոթ չէր: Նրանք էլ փաստացի կրկնեցին այն քաղաքական համակարգը, որին նրանք ծանոթ էին: Այստեղ կարեւոր է շեշտել, որ չնայած խորհրդային կառավարման համակարգը իր ձեւով խորհրդարանական համակարգ էր, սակայն կոմունիստական կուսակցության ու նրա գլխավոր քարտուղարի ինստիտուտների առկայությունը ու դրանց բացարձակ իշխանությունը այն ավելի մոտ էր դարձնում հենց նախագահական համակարգին, հետեւաբար բնական էր, որ շատերը սկսեցին կառուցել նախագահական հանրապետություններ:

Անցումը խորհրդարանական համակարգի, ինչին ներկայումս գնում է Հայաստանը եւ ինչը փաստացի տեղի կունենա այս տարվա ապրիլին, երբ դե յուրե դադարեն գործել նախկին նախագահի լիազորությունները եւ սկսի գործել արդեն մարտին խորհրդարանի կողմից ընտրված նախագահը, սկիզբ է դնում քաղաքական կառավարման նոր մշակույթին: Հիմնական հարցը, որ այս պարագայում ծագում է, թե ինչքանով ենք մենք պատրաստ ընդունել այս նոր համակարգը եւ ձեւավորել ու հարմարվել կառավարման նոր մշակույթին:

Այստեղ թերեւս արժե հիշել, որ Առաջին հայկական հանրապետությունը, որը ձեւավորվեց 1918թ. եւ որի հարյուրամյակը նշում ենք այս տարի, իր ձեւի մեջ խորհրդարանական էր: Խոսելով առաջին հանրապետության մասին, շատ մասնագետներ հակված են կարծելու, որ վերջինիս կործանման պատճառը հենց այդ համակարգն էր եւ անընդունակությունը ստեղծելու մեկ միասնական հզոր իշխանություն: Սակայն այստեղ հանուն ճշմարտության պետք է փաստենք, որ առաջին հանրապետությունը իր կործանման պահին, փաստացի դադարել էր խորհրդարանական լինելուց եւ ամբողջ իշխանությունը զավթել էին իշխող քաղաքական ուժիՙ Դաշնակցության կողմից, որի բյուրոն էլ փաստացի կառավարում էր այդ պետությունը մինչեւ նրա մայրամուտը:

Երբ կործանվեց ԽՍՀՄ-ը, անկախացած Հայաստանը նույնպես խորհրադարանական պետություն էր եւ իրական իշխանությունը պատկանում էր Գերագույն Խորհրդին: Այդ շրջանում Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ համարվում էր ժողովրդավարության կղզյակ Հարավային Կովկասում: Սակայն այդ կղզյակը դատապարված էր կործանման, երբ իշխող քաղաքական ուժըՙ ՀՀՇ-ն, որոշեց անցում կատարել դեպի նախագահական համակարգ:

Համոզված եմ, որ դա ռազմավարական մասշտաբի սխալ էր, ինչն էլ հանգեցրեց Հայաստանում կառավարման ավտորիտար քաղաքական ռեժիմի հիմնադրմանը: Այս իրադարձությունից 25 տարի հետո նման շրջադարձըՙ դեպի խորհրդարանական համակարգ, թերեւս կարելի է գնահատել դրական, որը սակայն դեռ չի նշանակում, թե երկրում անմիջապես կհաստատվի ժողովրդավարական համակարգ, սակայն դա լուրջ քայլ կլինի այդ ուղղությամբ:

Ի դեպ խոսելով խորհրդարանական համակարգի մասին, կարելի է պատմական մի էքսկուրս եւս կատարել: Շատ պատմաբաններ համարում են, որ իրականում կառավարման, այսպես կոչված, խորհրդարանական համակարգի տարրեր Հայաստանում գոյություն ունեին շատ ավելի վաղուց եւ հիշատակում են Շահապիվանի հայտնի կանոնագիրքը: Հիշեցնենք, որ 5-րդ դարում հայկական թագավորության փաստացի կործանումից հետո Շահապիվան ավանում Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ հավաքվեցին հայ նախարարական տների բոլոր ներկայացուցիչները: Ընդունված կանոնակարգը փաստորեն սահմանում էր նաեւ կառավարման նոր համակարգ, որին մասնակցում էին նախարարական տների ներկայացուցիչները եւ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները: Կառավարման կոլեկտիվ պատասխանատվության այդ համակարգը կարելի է ասել գոյություն ունեցավ մինչեւ Հայաստանում Բագրատունիների իշխանության հաստատումը, թեեւ նրանց ընդունած կանոնակարգը եւ օրենքները ապրեցին դարեր շարունակ եւ ապա իրենց ավարտուն տեսքը ստացան Մխիթար Գոշի հայտնի դատաստանագրքում:

Ինչեւէ, անցումը խորհրդարանական համակարգի Հայաստանում դեռ նոր-նոր է սկսվում եւ թե այն ինչ հաջողություններ կգրանցի իր զարգացման մեջ, այս պահին դժվար է ասել, սակայն այն նոր հնարավորություններ է բացում մեր երկրում քաղաքական կառավարման համակարգ կառուցելու համար: Այդ համակարգի հիմնական խնդիրը պետք է դառնա իշխանության հանդեպ վստահության բարձրացումը ժողովրդի մեծամասնության կողմից եւ զարգացման հստակությունը ու կառավարման թափանցիկ համակարգի ներմուծումը:

Խորհրդարանական համակարգը, ի տարբերություն նախագահականի, շատ ավելի ճկուն է եւ հետեւաբար ավելի դիմացկուն հնարավոր ճգնաժամերի եւ պատերազմների ժամանակ, որոնք կարող են լուրջ սպառնալիք դառնալ մեր պետականության համար առաջիկա մի քանի տարիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.