AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



ՆՈՐ ԳԻՐՔ

Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 12048, Տպվել է` 1190, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՎԱԼՈՎ ՓՈՔՐ, ԱՍԵԼԻՔՈՎ ՀԱՐՈՒՍՏ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Երբեմն լույս են տեսնում աշխատություններ, որոնք ծավալուն ու էջաշատ են լինում, սակայն ասելիքով ոչ այնքան հարուստ: Լինում է նաեւ հակառակը` էջերը քիչ են լինում, գիրքն էլ` ընդամենը գրքույկ, սակայն ասելիքով ու թարմությամբ այնքան հարուստ ու տարողունակ, որ հաճելիորեն զարմացնում են: Ասվածն ամբողջությամբ վերաբերում է մերօրյա ժրաջան ու արդյունավետ աշխատող պատմաբաններից Արարատ Հակոբյանի վերջերս լույս տեսած նիհարիկ, բայց ասելիքով ու բարձրացրած հարցերով հարուստ «1937 թվականը Հայաստանում: Քննական դիտարկումներ քաղաքական բռնաճնշումների 80-ամյա տարելիցի առիթով» մենագրությանը:

«Մուտք»-ից, տասներեք բաժիններից եւ «Ամփոփում»-ից բաղկացած 92 էջանոց սույն ուսումնասիրության մեջ քննության են առնված 1937 թվականին ինչպես ողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ այդ միության բաղկացուցիչ մաս կազմող ՀԽՍՀ-ում ծայր առած մեծամասշտաբ բռնաճնշումների (ՐպտՐպրրՌÿ) կործանարար ալիքը, դրանց առաջացման պատմաքաղաքական եւ գաղափարական ակունքներն ու հիմքերը, իրականացման մեթոդաբանությունը, ԽՍՀՄ առաջնորդ Ի. Ստալինի մեղավորության աստիճանը, հասարակ քաղաքացիների ընկալումները, վախի ու մատնությունների մթնոլորտը, բազմաթիվ կեղծ ու հնարովի մեղադրանքները, ցուցմունքներ կորզելու անմարդկային մեթոդները, Եռյակների գործունեությունը եւ այլ բազմաթիվՙ ցայսօր լուսաբանման կարիք ունեցող հարցեր:

Հայտնի է, որ դեռեւս ԽՍՀՄ վերջին տարիներին եւ հատկապես նորանկախ հանրապետության արշալույսին ծայր առավ նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ ու հակասական, կամ այլ խոսքով` «պատմության սեւ եւ սպիտակ» էջերը վերանայելու, նոր մոտեցումներով ու մեթոդաբանությամբ հասկանալու եւ վերաիմաստավորելու շարժում: Իր առջեւ դրված խնդիրը պարզաբանելով հեղինակը նշում է. «Գիտության բարոյականությունը պահանջում է 8 տասնամյակների հեռվից ...քննել ու գնահատել... Հայաստանը պատած քաղաքական մեծ աղետի հասնող 1930-ական թթ., հատկապես 1937 թ. (իբրեւ խորհրդանշող տարեթիվ) մեծ տեռորի` քաղաքական բռնաճնշումների իրական պատճառները, դրա գաղափարական-քաղաքական ակունքներն ու հիմքերը» (էջ 3) եւ այլ հանգամանքներ:

Առաջին` «Ո՞վ է մեղավորը» իմ կարծիքով ամենակարեւոր հարց-վերնագիրը կրող բաժնում հեղինակն ամբողջությամբ խորամուխ լինելով ժամանակի ու խնդրի էության մեջ` նախ հերքում է խորհրդային պատմագիտությունից փոխանցված այն պնդումը, թե այդ բռնաճնշումների քաղաքականությունը «զուտ Իոսիֆ Ստալինի գործունեության հետեւանք էր» (էջ 5): Հեղինակը շեշտում է, որ ռեպրեսիաների, սոցիալիզմի ու կոմունիզմի տեսլականներին ու քաղաքականությանը ընդդիմացողներին վերացնելու կուրսը բխում էր «մարքս-լենինյան ուսմունքից, դրա կրող Բոլշեւիկյան կուսակցության գաղափարական, ծրագրային հիմնադրույթներից ու կենտրանացված կիսառազմականացված կանոնադրական հիմնադրույթներից» (էջ 5):

Այդ բռնաճնշումների ստալինյան որակումը հեղինակն ընդունում է սոսկ պայմանականորեն` այն իմաստով, որ այդ զանգվածային բռնությունները տեղի են ունեցել հիմնականում նրա ղեկավարման 30 տարիների ընթացքում: Ցույց տալով, որ բոլշեւիկներն իշխանության գալու առաջին իսկ պահից որդեգրեցին պրոլետարիատի դիկտատուրայի հիմնադրույթը եւ աստիճանաբար այն դարձրին իրականություն: Հեղինակը պարզաբանում է, որ այդ դիկտատուրան աստիճանաբար յուրացրեց կուսակցության վերնախավը (էլիտան), իսկ այնուհետեւ` նրա առաջնորդ Ստալինը: Գործիչ, որն առաջնորդվում էր «հեղափոխական բարոյականությամբ», որն ինքնին ենթադրում էր ամենից առաջ ուժի գործադրում եւ բռնություն: Հեղինակը պնդում է, որ այդ գործընթացը պայմանավորված չէր Ստալինի անձով ու նրա մարդկային որակներով եւ շեշտում է, որ նրա փոխարեն ով էլ դառնար առաջնորդ` նույն կերպ էր վարվելու: Իհարկե, ասվածի մեջ ճշմարտություն կա, սակայն ճշմարիտ է նաեւ այն, որ ուժեղ անհատները շատ մեծ դերակատարություն են ունենում պատմությունը կերտելու գործում: Այնպես որ հեղինակի այս միանշանակ պնդմանը վերաբերում ենք վերապահումով:

Իսկ այն հարցին, թե ինչու հենց Ստալինի ղեկավարման շրջանում նման մեծ ծավալներ ընդունեցին բռնաճնշումները, հեղինակը տալիս է «ստույգ» պատասխան. «Նրա ղեկավարման շրջանը համընկավ սոցիալիզմի արագընթաց կառուցման կուսակցության ծրագրի հետ» (էջ 7), որը ենթադրում էր բոլոր «դասակարգային թշնամական տարրերի» արագ վերացում:

Անդրադառնալով հետստալինյան շրջանին, հեղինակն իրավացիորեն նշում է, որ վախի գործոնը հետագայում էլ պահպանվեց, իսկ հետապնդումները դարձան ավելի քողարկված: Իրականությունն այն է, որ ԽՄԿԿ 20-րդ համագումարում անձի պաշտամունքը քննադատվեց կիսատ-պռատ, ամեն բացասականը վերագրվեց Ստալինի անձին, որով փորձ արվեց փրկել կուսակցության հեղինակությունը: Հեղինակի պնդմամբ, սակայն, կուսակցության ամբողջ վերնախավն անվերապահորեն ունի «պատասխանատվության իր մասնաբաժինը» (էջ10):

«Քաղաքական բռնությունների առաջացման պատմաքաղաքական ակունքները» բաժնում հեղինակը Ռուսաստանի պատմության խորը իմացությամբ պատմական էքսկուրս կատարելով եզրակացնում է, որ պարզապես այդ երկրում պահպանվեց «կապը հնի եւ նորի միջեւ» եւ ընդամենը «վերականգնվեց նախկին ցարական կայսրությունը նոր` ԽՍՀՄ անվանումով» (էջ 14) եւ միանգամայն տեղին վկայակոչում է Լ. Շանթի հայտնի բնորոշումը, որ «Ռուսաստանում միանգամայն բնական ու անխուսափելի էր բոլշեւիզմի, այսինքնՙ սոցիալական ցարիզմի երեւան գալը»: (Շանթ Լ., Մեր անկախությունը, Ե., 2011, էջ 13):

Պրոֆեսոր Ա. Հակոբյանը հետաքրքրական դիտարկումներ ու եզրահանգումներ է կատարում աշխատության երրորդ` «Հիմնահարցի պատմագրությունը եւ հասարակական ընկալումները» աղբյուրագիտական հարուստ հենքով գրված բաժնում: Վկայակոչելով մեծ թվով արխիվային եւ փաստագրական նյութեր, ինչպես նաեւ բազմաթիվ հայրենի ու օտար հետազոտողների աշխատություններ` հեղինակը 1960-80-ական թվականները հիմնախնդրի տեսանկյունից բնութագրելով մոռացության, 1990-ականները` ամբողջատիրության վերացման տարիներ, նշում է, որ մեր օրերում նկատելի է խորհրդային անցյալի փառաբանման, «խորհրդային երանելի ժամանակներին», անգամ ստալինյան «կարգուկանոնի» վերադարձին ձգտելու» վտանգավոր տենդենց եւ ոչ պակաս ավելորդ զգուշավորություն` հանկարծ «չնեղացնեն հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխավորին» (էջ 23-24-25):

«Վախի մթնոլորտը եւ մատնությունների մեխանիզմը» բաժնում հեղինակը պարզաբանելով ժամանակին տարածված այն թյուր տեսակետը, թե իբր Ստալինը տեղյակ չի եղել նման բռնաճնշումներին` միանշանակ գրում է. «Նա այդ մասին քաջ տեղյակ էր» (էջ 29): Իսկ թե ինչու եւ ինչպես էին տեղի ունենում այդ դաժանությունները, հեղինակը պատճառաբանում է այն իրողությամբ, որ խորհրդային իրավակարգի համար ավելի առաջնային է եղել «սոցիալիստական սեփականության պահպանությունը, իսկ մարդու, անձի, անհատի դեմ ոտնձգությունը` երկրորդային» (էջ 30): Այդ բանի հետեւանքով էլ դասակարգային թշնամու դեմ հայտարարված անզիջում պայքարի ընթացքում վերից-վար ձեւավորվեց վախի ու անվստահության մթնոլորտ: «Մարդիկ,-գրում է հեղինակը,- իրենց արած-չարածի, արարքների ու գործերի համար մատնել են իրար, քանզի հասարակական-քաղաքական մթնոլորտն էր այդպիսին»(էջ33):

Հեղինակին հատուկ մանրամասն պատճառաբանված հիմնադրույթներով եւ պատճառահետեւանքային կապերի բացահայտումներով «Ձերբակալությունների եւ մեղադրանք ներկայացնելու «հիմքերը» եւ մեթոդաբանությունը» բաժնում ներկայացված են քաղաքական ենթատեքստով մարդկանց ձերբակալելու, հարցաքննելու եւ մեղադրանք ներկայացնելու ամենատարածված մեթոդները: Ցույց են տրված, որ դրանց հետեւում մշտապես կանգնած է եղել «Կարմիր միապետ» եւ «Ռուսաստանի դիկտատոր» Իոսիֆ Ստալինը (էջ 38):

Մեծաքանակ քրեական գործերի եւ այլ աղբյուրների ուսունասիրության արդյունքում հեղինակը եզրակացնում է, որ ամենատարածված մեղադրանքն այն էր, թե կուսակցական-պետական որոշ գործիչներ պատկանել են «հեղափոխական, աջ-տրոցկիստական, ազգայնական խմբին կամ կազմակերպությանը» (էջ 39) եւ նշում, թե ինչպես մի շարք պետական ու մշակութային գործիչներ զոհ գնացին այդ հնարովի մեղադրանքների պատճառով:

«Հատվածականության գործոնը բռնաճնշումներում» բաժնում հեղինակը շեշտում է այն կարեւոր իրողությունը, որ դրանք հատվածական էին եւ նույն ուժգնությամբ չեն կիրառվել ԽՍՀՄ-ի բոլոր մասերում: «Հարցաքննությունների շարժընթացը եւ արձանագրությունների նմանությունը», «Ցուցմունքներ կորզելու եղանակները», «Դատավարություն անցկացնող դատական ատյանների եւ մի քանի բնորոշ դատավարությունների մասին» բաժիններում հեղինակը խորազննին կերպով բացահայտում է այդ բռնաճնշումներն իրականացնելու դաժան մեթոդներն ու ձեւերը:

Դոկտոր Ա. Հակոբյանը ցայսօր վիճահարույց մեծ թվով հարցերի է փորձել պատասխանել «Բռնաճնշումների ենթակա մարդկանց ձերբակալությունների խմբաքանակների (լիմիտի) պլանավորման մասին» բաժնում: Նա իրավացիորեն նշում է, որ «զավեշտի հասնող դրսեւորումներ էին», երբ Կենտրոնից լիմիտավորված առաջադրանք էր իջեցվում որեւէ տարածաշրջանի համար, թե որքան մարդ պետք է ձերբակալվեր եւ թե դրանցից քանիսը պետք է գնդակահարվեին: Այսպես, 1937թ. հուլիսի 11-ի ՀամԿ(բ)Կ կենտկոմը Հայաստանի համար իջեցրել էր 500 մարդու գնդակահարելու առաջադրանք (էջ 63), որը ոչ միայն գերազանցվում է 200-ով, այլեւ Ա. Միկոյանի ՀԽՍՀ-ն «մաքրող» հանձնախմբի կողմից կենտրոն դիմում է ներկայացվում, որպեսզի «թույլատրվի լրացուցիչ գնդակահարել եւս 700 մարդու» (էջ 64): Այդ ամենի արդյունքում, հեղինակի ասելով, 1938 թ. կենտրոնի առաջադրանքը գերակատարվել է. «2000-ի փոխարեն ձերբակալվել է 3153 մարդ, որից գնդակահարվել է 1390-ը, իսկ մնացածն աքսորվել են» (էջ 65): Իսկապես, տխուր ու ցավալի զավեշտ:

Հաջորդ` «Նկատառումներ Ա. Ամատունու գործի վերաբերյալ», «Մի դրվագ Աբրահամ Գյուլխանդանյանի եղբոր դատական գործից» եւ «Մի քանի դիտարկումներ ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի եռյակի դատավարությունների մասին» բաժիններում հեղինակը մասնավոր գործերի օրինակներով ավելի համոզիչ ու հիմնավոր է դարձնում իր ասելիքը, ցույց տալիս, որ այդ բռնաճնշումները իրավական տեսակետից վավերացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված դատարանները` Եռյակները: Դրանց դատական նիստերը տեւել են մի քանի րոպե, իսկ դատավճիռների ճնշող մեծամասնությունը եղել է գնդակահարություն: Ինքնին խոսուն փաստ, որ այդ նիստերը ձեւական բնույթ են կրել եւ սոսկ կատարվել է իշխանությունների հատուկ պատվերը: Այլապես մեկ նիստում «լսել 124 մարդկանց լինել-չլինելու հարցը վճռող գործեր» (էջ 77-78) կամ «միայն նոյեմբեր ամսին 644 մեղադրյալից 434-ին դատապարտել գնդակահարության» (էջ 79) (աշխատանքում վկայակոչված են մեծ թվով նաեւ այլ օրինակներ) ուղղակի կրկնակի զավեշտ էր եւ ուրիշ ոչինչ: Հեղինակը ցավով է արձանագրում, որ որպես անվստահելիներ հետապնդումների էին ենթարկվում նաեւ դատապարտվածների հարազատ-բարեկամները:

Աշխատության «Ամփոփում»-ում ի մի են բերված ուսումնասիրության արդյունքները եւ կատարված են բավական համոզիչ եւ գիտագործնական եզրահանգումներ:

Ինչպես յուրաքանչյուր աշխատություն, ներկայացվողն էլ զերծ չէ մանր-մունր տեխնիկական թերություններից. առկա են երկարաշունչ նախադասություններ, յուրաքանչյուր բաժին կարող էր լինել առանձին աշխատության թեմա եւ այլն, որոնք բացարձակապես չեն ստվերում նյութի գերազանց իմացությամբ, փաստառատ հենքով, բարեխիղճ շարադրանքով եւ գիտական հասուն եզրակացություններով հարուստ սույն ուսումնասիրությունը: Կարծում եմ, հեղինակը կատարել է իր առջեւ դրված նպատակը` լուսաբանել մեր պատմության սպիտակ էջերից մեկը եւ կատարել իր առաքելությունը` դաս տալ սերունդներին եւ զերծ պահել նրանց ապագայում հնարավոր սխալներից:

18.12.2017-06.01.2018

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.