AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ

Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 11891, Տպվել է` 1191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՈՐՈՆՈՂ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Insider, AGBU)

Թե ինչպես Ադամ Գաբլանյանը (Kaplanian) նորագույն տեխնոլոգիաների միջոցով հասնում է առեւտրական հաջողությունների

Ավանդապահ ընտանիքներում հաճախ հանդիպող ավագ եւ նոր սերունդների միջեւ ծավալվող մասնագիտության ընտրության վիճաբանությունները չեն շրջանցել նաեւ Գաբլանյանների ընտանիքին: 1970-ական թվականներին հասակ առնելով Հալեպումՙ Ադամը պայքարել է գերդաստանի առաջին բժիշկը դառնալու ծնողների ակնկալությունների դեմ եւ հետեւելով ֆիզիկայի հանդեպ ցուցաբերած իր բուռն կրքին, ընտրել ծնողների բնութագրմամբ անհեռանկար եւ ոչ շահութաբեր մի ասպարեզ, որը գործ ուներ բնության երեւույթների ընդհանուր օրինաչափությունների, բացարձակ տարածության եւ ժամանակի հարցերի ուսումնասիրությունների հետ:

«Այդ հարցերն ինձ գրավում էին: Իսկ ծնողներս գտնում էին, որ խենթ եմ, որ չեմ ընտրում բժշկի հեռանկարային մասնագիտությունը: Դժվար էր նրանց ընդդիմանալը», խոստովանում է Ադամ Գաբլանյանը զրուցելով ՀԲԸՄ-ի «The Insider» պարբերականի աշխատակցի հետ:

Իր երազանքների իրականացման համար տասնութ տարեկանում նա տեղափոխվել է ԱՄՆ, Կալիֆոռնիա, եւ ընդունվել Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանը: Չնայած հետագայում ֆիզիկայի դասախոս դառնալու իր ծրագրից հրաժարվել է, եւ ճարտարագետի մասնագիտությունն է ընտրել, Մ. Նահանգներ տեղափոխվելու որոշումն այդուհանդերձ ճակատագրական դեր է խաղացել իր կյանքում:

Այսօր Գաբլանյանը տեխնիկական կիրառումների բնագավառում նշանակալի հաջողությունների հասած ինժեներ-ձեռնարկատեր է, որին ներկառուցված հիշողության սարքերի եւ միկրոչիփերի նախագծման (microchip design and embedded memory) առաջամարտիկ են համարում: Նա իր անունով 15 արտոնագիր (պատենտ) ունի եւ շուկայական պահանջարկի նուրբ հոտառություն: Համացանցի բուռն զարգացման տարիներին (1990-ականների երկրորդ կեսին) նա վիրաժ-լոջիքի (Virage Logic) համահիմնադիրներից է եղել, որն ամենաարդիական եւ բարձրորակ սարքավորումներ է մատակարարել տեխնոլոգիական համապատասխան ընկերություններին: Չորս տարի անց նա պատասխանատու գործադիր պաշտոններից մեկն է ստանձնել NASDAQ-ի ֆոնդային բորսայի այդ ընկերությունում, որը հետզհետե ընդլայնելով իր գործունեությունը, 700-ից ավելի աշխատուժով դարձել է ներկառուցված հիշողության սարքերի համար առաջին մատակարարը աշխարհում:

«Ես շատ մեծ ռիսկերի եմ դիմել եւ դժվարին որոշումներ ընդունել, բայց բարեբախտաբար դրանց մեծ մասը ճիշտ որոշումներ են եղել», հիշում է Ադամը:

Այդ որոշումներից մեկն էլ նա ընդունել է Երեւանում, հայ ինժեներ-տեխնոլոգների հետ հայկական կոնյակ ըմպելիս: Տպավորված իրեն հյուրընկալողների տաղանդով եւ գիտելիքների պաշարով, նա տեղնուտեղը որոշել է իր ընկերության մասնաճյուղը բացել Հայաստանում: Տնտեսական ճգնաժամի այդ տարիներին, երբ էլեկտրական հոսանքի խափանումները մշտական բնույթ էին կրում, նա գիտակցում էր, որ գործի ընդունելով խիզախող մասնագետների, նեցուկ էր կանգնելու բազմաթիվ ընտանիքների: Բայց նրա մտքով չէր կարող անցնել, որ իր որոշումն այդքան արագ ցանկալի արդյունքներ էր տալու եւ հայ ինժեներների իր թիմն այնպիսի բարձրորակ արտադրանքներ էր թողարկելու, որ հնարավոր լիներ դրանք վաճառել «Toshiba» եւ «Apple» ընկերություններին: Այդ արտադրանքների մեջ էին «Apple-iPod-ի» առաջին սերնդի մեջ օգտագործված 3 միկրոչիփերը: Տարիների ընթացքում հայկական մասնաճյուղը առաջնակարգ տեղ զբաղեցրեց վիրաժ-լոջիքի արտադրանքների ոլորտում, եւ Գաբլանյանը կարողացավ համոզել «Սինոպսիսի» նման այլ ընկերություններիՙ գործունեություն ծավալելու Հայաստանում: «Կարծում եմ կարեւոր դեր եմ խաղացել ստեղծելու, հիմնելու մի ոլորտ, որը 15-20 տարուց փոքրիկ «Սիլիկոն վալի» (Silicon Valley) է դառնալու Հայաստանում, լայն հնարավորություններ բացելով ինչպես հայերի, այնպես էլ տարածաշրջանային այլ ժողովուրդներիՙ իրանցիների, սիրիացիների, ռուսների համար», նշել է Ադամ Գաբլանյանը:

Գլոբալ տնտեսական զարգացմանը խթանելուն առընթեր նա ավելի շատ ժամանակ եւ ֆինանսական օգնություն է սկսել հատկացնել հայկական համայնքին: 2015-ին գլխավորել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցային շրջանի Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը, նպաստել հազարավոր դոլարների հանգանակությանը եւ միջոցառումների կազմակերպմանը: Այնուհետեւ դարձել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ «զարգացման հանձնախմբի» նախագահը: Իր կնոջՙ Ռիտայի հետ հիմնել է կրթաթոշակ 25 սիրիահայ ուսանողների ուսման վարձքը հոգալու համար:

Երախտապարտ լինելու զգացումը հատուկ է նրան: «Հաջողություններիս համար պարտական եմ ՀԲԸՄ-ին», հիշում է նա այն օրերը, երբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կրթաթոշակ է հատկացրել իրեն, որպեսզի հաճախի Նաճարյան-Գյուլբենկյան վարժարանը: «Այդ վարժարանն ու հարակից գործող ակումբը ավելին են տվել ինձՙ քան սովորական կրթությունը: Նրանք ինձ սովորեցրել են ժողովների մասնակցել, արձանագրություններ կազմել եւ թիմային աշխատանք կատարել- այսինքն այն բոլորը, ինչ ես կատարում եմ այժմ կորպորատիվ աշխարհում: Այդ պատճառով էլ շատ կարեւոր է վերադարձնել այդ բոլորը եւ օգնել ուրիշներինՙ կայանալու իրենց ասպարեզներում», համոզված է նա:

Վիրաժ-լոջիքից հեռանալուց հետո, փոխանակ հանգստի մասին մտածելու նրա գիտելիքի ծարավն ու աշխատասիրությունը մղել են նրան հիմնելու «ICON Communications» ընկերությունը Հայաստանում, որը մատչելի եւ անլար համացանցային կապ է տրամադրում լայն հասարակությանը: Հետագայում «Memoir Systems-ի» եւ «Plasma Si» ընկերությունում զբաղեցնելով բարձր պաշտոններՙ առեւտրական նշանակալի հաջողություններ է արձանագրել: «Սիրում եմ լուծումներ որոնել ու գտնել: Առանց դրանց կյանքն անիմաստ է դառնում», անկեղծանում է նա:

Ներկայիս Գաբլանյանը կենտրոնացած է «Neural interface implants-ի»ՙ նյարդային համակարգի փոխկապակցող ցանցի ստեղծման աշխատանքների վրա, նյարդաբանների, ֆիզիկոսների, ծրագրակազմի, էլեկտրական եւ մեխանիկայի բնագավառների ճարտարագետների հետ նա փորձում է տեխնոլոգիական հարմար սարքեր ստեղծել նյարդային համակարգի խախտումներ ունեցող հաշմանդամների համար: Դրանք պրոթեզներ պետք է լինեն շարժունակության սահմանափակումներ ունեցողների համար: Նա «Paradromics-ի» (Սան Խոսե, Կալիֆոռնիա) վրա աշխատող թիմի նախագահն է: «Ես ուղեղի աշխատանքների մասին չէի մտածել, բայց կռահեցի, որ միկրոչիփերն ու ֆիզիկան կարող են միլիոնավոր մարդկանց կյանքը մի փոքր տանելի դարձնել», խորհրդածում է նա եւ չնայած իր այս նոր ընկերությունը դեռեւս սկզբնական փուլում է գտնվում, նա համոզված է, որ հետագայում նորանոր ճյուղեր կարող են բացվել դրա շնորհիվ:

Միշտ կատարելագործելու, նորը հայտնաբերելու ցանկությունը երբեք չի լքում նրան: Միայն ափսոսում է, որ հայրը շուտ վախճանվեց եւ չտեսավ որդու հաջորդական հաջողությունները: Ինչ վերաբերում է մորը, նա այժմ Երեւանում է ապրում (2011-ից ի վեր) եւ անշուշտ փոխել է իր վերաբերմունքը Ադամի բժիշկ չդառնալու որոշման նկատմամբ: «Նա այժմ երջանիկ է, որ ես բժիշկ չդարձա», ծիծաղելով ասում է Գաբլանյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.