AZG Daily #6, 16-02-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-18 23:27:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 4386, Տպվել է` 790, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՏԱԾՈՒՄՆԵՐ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ով է նա, ով է նա...

Խոսելով այն մասին, թե երկրի չորրորդ նախագահը պետք է լինի մեկը, որը քաղաքականությամբ չի զբաղվել, կուսակցական չի եղել, նախագահ Սարգսյանը, փաստորեն խոտանում է ե՛ւ այժմ գործող խորհրդարանական կարգը, ե՛ւ համամասնականով ընտրությունը: Այն դեպքում, երբ բոլոր իրենցից բան ներկայացնող անձանց ժամանակին կուսակցականացրել են, այդ թվում` բոլոր նրանց, ովքեր կարող էին հավակնել նախագահի պաշտոնին: Ի դեպ` Սահմանադրությամբ պահանջ է միայն նախագահի պաշտոնավարման ընթացքում որեւէ կուսակցության անդամ չլինելը, անցյալում քաղաքականությամբ չզբաղվելու մասին Սահմանդրությոընը պահանջ չի դնում:

Մտքի ծայրով այդ պաշտոնին տարբեր ժամանակներում հավակնողները ժամանակի ընթացքում քաղաքականությամբ զբաղվելու պատճառով արժեզրկվեցին կամ նրանց «օգնեցին» արժեզրկվել` Սեյրան Օհանյանը, Վիկտոր Դալլաքյանը (ականջը կանչի), անուններ կարող եք հիշել ըստ նախընտրությունների ու ճաշակի: Ով մնաց` հա, Վազգեն Մանուկյանն արդեն իսկ կուսակցական համակարգից է եկել (նրա թեկնածության մասին խոսում է Ազատ Արշակյանը), Ռալֆ Յիրիկյանին մամուլի մի հրապարակում է թեկնածու դարձրել, բայց նա ընկալվում է սոսկ հաջողակ գործարար որպես: Սակայն բանն անգամ անունները չեն: Պատահական չէ, որ վերլուծական շրջանակները նախագահ Սարգսյանի ասածի մեջ հակասություններ են որոնում: Միթե տարօրինակ չէ՞, որ երկրում նախապես հայտարարվում է մի կարգ, երբ դերակատարում ունենալու համար մարդը պետք է կուսակցական լինի, հիմա ասում են` ապագա նախագահը պետք քաղաքականությամբ զբաղված չլինի, այսինքն` լուսնից իջած լինի:

Անձամբ ես դեմ եմ կուսակցապետությանն ու կուսակցական համակարգի գերիշխանությանը եւ իմ հրապարակումներում այդ մասին բազմիցս արտահայտվել եմ, սակայն երբ երկրում գործում են խաղի ա՛յդ կանոնները, ուրիշ կանոններով առաջնորդվել բարձրագույն պաշտոնը համալրելիս` սա կարծում եմ, նոնսենս է: Այդ ունիկալ, ապաքաղաքական եւ ապակուսակցական մարդը ո՞ւմ նախագահն է լինելու, արդյոք ոչ կուսակցական համակարգով աշխատող պետությա՞ն, կամՙ կուսակցական Ազգային ժողովի քվեին ինչպե՞ս է սպասելու այդ համակարգի հետ կապ չունեցող նախագահի թեկնածուն: Մի խոսքով` աբսուրդ: Մյուս կողմից` չի մոռացվել նաեւ, որ ժամանակին նախագահ Սարգսյանն էր դեմ 100 տոկոս համամասնական կարգին եւ խոստացավ այդ կարգի առկայությամբ վարչապետ չաշխատել: Այս երկու ամսում կարգ է՞ փոխվելու, 100 տոկոս համամասնական կարգը վերանայվելո՞ւ է :

Իսկ սփյուռքում ճանաչված լինելու կամ հետագիծ ունենալու պարագան խիստ հարաբերական է, նայած ինչն է հետագիծ համարվում: Կամ ինչպես է սփյուռքն այս կամ այն անձին ճանաչում, քանի որ սփյուռքն էլ առաջվա սփյուռքը չէ` ավանդական սփյուռքին գումարվել է Հայաստանից գնացած դժգոհների շատ ստվար մի զանգված, որին ամենեւին էլ հեշտ չէ բավարարելը:

Լուրջ հետքն էլ հարաբերական է, քանի որ մեր ժողովրդի կյանքում շատ լուրջ հետք թողած մարդիկ կան` ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումներով, նայած ո՞ր դիտակետից ես նայում: Իսկ որ ասվում է, թե պետք է անկողմնակալ անձ լինի` ո՞վ կարող է անկողմնակալ անձ լինել, երբ մի անկողմնակալ դատավոր անգամ երկրում ճրագի լույսով չես գտնի, էլ ուր մնաց` նախագահի թեկնածու: Անուն, բարձր հեղինակություն ում մոտ ունենա` պաշտոնյաների՞, թե՞ հասարակության, կամ բարձր հեղինակություն ունեցող է մնացե՞լ որ, բոլորին արժեզրկել են մեկ առ մեկ` կոմպրոմատներով, արտահոսքերով: Բացի այդ` ով բարձր հեղինակություն կարող է դիտվել վերեւում, ներքեւներում ընդհանրապես կարող է ընդունելի չլինել:

Հիմա դառնանք երկրի ներսում ու դրսում ճանաչելի լինելու պահանջին, որը վերծանելիս մամուլը հիշել էր (մենք կասեինք` ուղղորդվա՛ծ) Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Իսկ ո՞վ է նրան ճանաչում երկրի ներսում, մենք անգամ չգիտենք, թե ինչ է նա մտածում իր երկրի, նրա ժողովրդի, տնտեսության, արտագաղթի մասին, եթե անգամ նա ինչ-որ գնահատականներ հնչեցրել է իր կարճ վարչապետության շրջանում, կամ առատ ժպիտներ է բաշխել, դրանք մոռացվել են: Եթե Հայաստանի նախագահը ճանաչում ու հարգում է նրան` դա իհարկե, անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ մի երկրի նախագահը լինելու, որտեղ բացի նրան ճանաչող երկու-երեք ղեկավարներից, նրան չճանաչող երեք միլիոն մարդ էլ է ապրում: Երկու-երեք մարդու ճանաչելով` մի ողջ կուսակցություն նրա թեկնածությունը պետք է քննարկի՞ (թեկուզ որ ասվում է` այլոց թվում): Շատ էլ որ Անգլիայի արքունիքին մոտ կանգնած անձ է, ու մեր նախագահի պաշտոնն էլ Անգլիայի թագուհու պաշտոն է լինելու:

Ո՞վ մնաց, որ կուսակցական չի, բայց նրան երկրի դրսում ու ներսում ճանաչում են: Որոնում-չենք գտնում, Էդվարդ Նալբանդյանի մասին գրել ենք, բայց այս թեկնածուի մասին տրամադրություններ ստուգող արտահոսքին էր հենց հաջորդել Արմեն Սարգսյանի մասին արտահոսքը: Ո՞վ, ո՞վ, միտք ենք չարչարում` հա, Սամվել Կարապետյանին դրսում ու ներսում ճանաչում են, բայց հազիվ թե նրան նկատի ուներ նախագահ Սարգսյանը` անգլերեն չգիտի, համ էլ նրա ինչին է պետք Հայաստանում Անգլիայի թագուհի լինել: Շառլ Ազնավուրն էլ կուսակցական չի, վայ, էս ինչ եմ ասում, հա, Ռոբերտ Քոչարյանը... որ երիտասարդ թոշակառու լինելու հեչ ցանկություն չուներ, լուր չկա՞ նրանից: Քիմ Քարդաշ..., վայ, լեզուս չորանար, ախր դրսում ու ներսում ճանաչված անկուսակցական չի մնում: Իսկ եթե ընդամենը երկու էական արտահոսքերին նայենք Էդվարդ Նալբանդյանի եւ Արմեն Սարգսյանի մասով, ստիպված ենք կոպիտ բարքերի` Հայաստանի վերնախավում ընդունված ձեւերին դիմել. իհարկե` աշխարհում «ասողը» Մեծ Բրիտանիան է, ու այդ առումով կարող է թվալ. թե Մեծ Բրիտանիայի արքունիքին մոտ կանգնածը ամենահավանական թեկնածուն է , սակայն Հայաստանում (նկատի ունեցեք, որ այս դատողությունը սրտի ծակոցով ենք անում) «ասողը» ռուսական արքունիքն է, իսկ նրան մոտ է կանգնած Նալբանդյանը: Նույնիսկ եթե Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» է տեղափոոխվել, սա եւս էաբար չի կարող ազդել նախագահի այդ թեկնածուին նախընտրելու համար: Ինչպես տեսնում եք` անգամ այս պաշտոնին աշխարհաքաղաքական ենթատեքստով չնայելու շռայլությունը հայերիս տրված չէ: Եւ չի բացառվում, որ բոլորովին այլ անուն է թաքնված «ասողի» մտքում:

Մինչ մենք այս դատողություններով էինք զբաղված` ՀՀԿ-ն երեկ երեկոյան պետք է որոշեր` ում է երկրի նախագահի թեկնածու առաջադրելու, համենայնդեպս այդպես է գրել մամուլը, չնայած մեր տեղեկություններով` այդ որոշումը կայացվելու է շաբաթ օրը:

Իսկ ընդհանրապես` այս ամենը տեղավորվում է ոչինչ չփոխելու-հասարակությանը զբաղեցնելու` Հայաստանի վերնախավի վերջին տարիներին որդեգրած գործելակերպի համատեքստում: Այժմ մարդկանց կզբաղեցնեն նախագահի թեկնածուի շուրջ մտատանջանքներով, հետո` վարչապետի, հետո` նոր կառավարություն կկազմեն, հետո քառասուն օր կառավարության նոր ծրագրից կխոսեն, հետո մի քիչ էլ ԱԺ նոր նախագահ ունենալու անհրաժեշտությունից ու նոր ինտրիգ կնախապատրաստեն, հետո արձակուրդ կգնան, հետո արձակուրդից հետ կգան ու այդպես կհոսի հայկական ժամանակը ողջ 2018 թվականին: Մինչեւ տեսնեն ինչ են անում` ներկա քվոտաներն ու տնտեսության այս մենաշնորհային վիճակն էլի երկարաձգելու համար: Թանկացումները կխեղդեն մեզ, բայց կմխիթարվենք այդժամ արդեն նոր վարչապետի ասած թվերով, որ ընդամենը երկու-երեք տոկոսանոց թանկացումներ են, ու դրա համար պետք չէ հավատալ սեփական աչքերին ու սառնարանին:

Տեսախցիկների երկիր Հայաստանս

Այս խորհրդարանն աչքերը փակած ինչ օրենք ասես կարող է ընդունել, որ նախաձեռնում է կառավարությունը, նույնիսկ չխորանալով, թե մինչեւ ուր կարող է հասնել օրենքի գաղտնատակը: Դրա վկայությունն առաջին ընթերցմամբ այս շաբաթ ընդունված «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունն է, որով ոստիկանությանն իրավունք է վերապահվում հանցագործություն կանխելիս կամ բացահայտելիս կիրառել նկարահանող եւ լուսաձայնագրող սարքեր, այլ խոսքով` տեսագրել ու ձայնագրել անձին ու կատարվողը: Ընդ որում` դա կարող է արվել նաեւ ճանապարհային անվտանգությունը ապահովելու պատրվակով: Հանրային վայրերում նույնպես ըստ նպատակահարմարության տեղադրվելու են տեսախցիկներ: Օրենքը կիրառելիս մասնավոր կյանքին միջամտելու սահմանները դեռ հստակեցվելու են կից ակտերով, սակայն սրանից արդեն իսկ լավ հոտ չի փչում: Ճիշտն ասած` արդեն իսկ տեսանկարահանումը լայնորեն կիրառվում էր` նախ ճանապարհային անվտանգության տեսախցիկների նյութը երբ ուզել-օգտագործել են, ապա` հանրահավաքների դեպքում, ինչու չէ` տարբեր օպերատիվ տվյալների իրացումը նկարահանելու միջոցով, իբր կայքերի ու հեռուստատեսությունների մասնավոր հետաքրքրությունների սահմանում: Սակայն օրենքով սահմանված չէր նկարահանումն ու լուսաձայնագրումը որպես հանցագործության կանխման եւ բացահայտման գործիք կիրառելը, ու ամեն անգամ դրա համար վճիռ էր հարկավոր: Հիմա, փաստորեն, դա արդեն դառնում է ոստիկանության լեգիտիմ աշխատանքի մաս` շատ հանրային վայրերում կարող են անվտանգության նկատառումներով տեսախցիկներ ու «ժուչոկներ» տեղադրվել, եւ աստված գիտե, թե ինչ նկատառումով այնտեղի նյութը կօգտագործվի իրականում, չնայած փոփոխության նախագծում եղած արգելանքին: Իհարկե, այդ նկարահանումների ու ձայնագրությունների հրապարակման եւ պահպանության վրա սահմանափակումներ են դրվելու, սակայն այն հանգամանքը, որ ուզած վայրում անվտանգության նկատառումով տեսախցիկ է դրվելու արդեն իսկ օրենքի թույլտվությամբ, զրոյացնում է սահմանդրության այն դրույթը, որով իրավական ուզած գործողություն սահմանափակվում է մարդու իրավունքներով: Ծագում է նաեւ այն հարցը, թե արդյոք մինչեւ այժմ արված բոլոր տեսակի նկարահանումները ապօրինի՞ են կատարվել եւ անձնական կյանքի միջամտության տիրույթո՞ւմ են եղել, քանի որ միայն հիմա են դրանք թույլատրվում օրենքով. սա հարցի տեսքով ձեւակերպեց պատգամավոր Արտակ Զեյնալյանը : Փոփոխության հեղինակ կառավարությունն, ի դեմս փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի , պնդում է, որ սա անձի դեմ չի օգտագործվելու, սահմանադրությամբ էլ, չնայած, հասարակական կարգի պաշտպանության եւ անվտանգության նկատառումներով կարող են նաեւ անձնական կյանքին միջամտել: Իհարկե, ընդդիմադիր պատգամավորներն ասում էին, որ մարդու իրավունքների տեսակետից խնդիր ունի փոփոխությունը, ոչ մի երաշխիք չկա, որ այդ նյութով անձնական կյանքի տիրույթ չեն մտնի եւ անձին շանտաժ չեն անի, հատկապես անցանկալի քաղաքական գործիչներին ու մարդկանց վերահսկողության տակ պահելու նկատառումով, եւ նախագծի` ԱԺ մարդու իրավունքների եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովով էլ անցնելու խնդիր պիտի լուծվի, սակայն, միեւնույն է, փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Արդյոք իշխանությունը ապրիլից առաջ դիմակայությունների ու ֆորս- մաժորի վախեր ունի եւ այդ ձեւով է ապահովագրում իրեն` մանավանդ օրենքի նախագիծը հրատապության կարգով քննարկվեց եւ ընդունվեց: Ուրիշ բան, եթե այդ տեսախցիկներն արդեն օրենքով տեղադրվեին նախարարների ու բարձրաստիճան ոստիկանների կաբինետներում, ինչպես ծաղրեց Արարատ Զուրաբյանը , այ այդ ժամանակ միգուցե մի շարք հանցագործություններ ու կոռուպցիոն երեւույթներ կանխվեին: Համենայնդեպս` այս փոփոխությունը, բացի առարկայական անհարմարությունից` հոգեբանական անհարմարություն էլ է պատճառում` այսուհետեւ ոչ ոք ապահովագրված չի լինելու նրանից, որ ինչ-որ անհասկանալի անվտանգության նկատառումներով իրեն գաղտնի տեսախցիկ չի հետեւելու այս անգամ արդեն օրենքով (չնայած օրենքով ամրագրված է, որ ոստիկանը պետք նախ զգուշացնի տեսանկարահանման մասին), ու այդ առումով հանրային կյանք վախի մթնոլորտ չի մտնի:

Է՞ս է խորհրդարանական վերահսկողությունը

Հայաստանի խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել էր տասներեք պատգամավոր` «Ելքից» ու «Ծառուկյան դաշինքից»: Այս պատկերը համարյա նույնությամբ կրկնվում է նոր խորհրդարանի` արդեն գումարված մի քանի նիստերին: Մնում ես արմացած-զարմացած: Այն դեպքում, երբ ասում են, թե անցել ենք կամ անցնում ենք խորհրդարանական կարգի, ու գործադիրի վերահսկողությունը Ազգային ժողովի ձեռքում է, եւ այլ բարձրագոչ արտահայտություններ: Լավ, մեծամասնություն-կոալիցիայի կուսակցություններից ոչ ոք հարցնելու բան չունի՞ կառավարությունից, կառավարության քայլերը լիովին բավարարո՞ւմ են նրանց, կամ միգուցե ինչ-որ բան կարելի՞ է հուշել մենակ մնացած կառավարությանը: Թե՞ վերահսկողական գործառույթը լիովին հանձնվել է իրենց ընդդիմադիր անվանողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 19-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.