AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2183, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

(մաս երկրորդՙ արտաքին քաղաքականություն)

«ԱԶԳ» թերթի խմբագրությունում 10 օր առաջ տեղի ունեցավ երկխոսություն-քննարկում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, որը որոշակի կրճատումներով շարունակում ենք ներկայացնել մեր ընթերցողին: Առաջին մասըՙ ներքին քաղաքականության վերաբերող, տպվել է նախորդ համարում:

Ա.Մ.- Թրամփի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը, որի մասին խոսում էր դեռ նախընտրական շրջանումՙ հարաբերությունների բարելավումն էր Ռուսաստանի հետ եւ շեշտում էր, որ կա մեկ ուղղություն, որի շուրջ նրանք կարող են համագործակցելՙ դա պայքարն էր ահաբեկչության դեմ. կարո՞ղ ենք մենք դա գնահատել որպես տապալված ուղղություն իր արտաքին քաղաքականության մեջ:

Ս.Ս.- Ռուսաստանի հետ հարաբերությունները ցավոք սրտի չգնացին համագործակցության ուղղությամբ: Թրամփը համոզված էր, որ այդ համագործակցությունը աշխարհի մի քանի խնդիրներՙ սիրիական, կորեական, ուկրաինական ճգնաժամերի լուծման միջոց են, սակայն նրանք (Ռուսաստանը եւ ԱՄՆ) գնացին տարբեր ճանապարհներով, նամանավանդ մեղադարանք կա, որ Ռուսաստանն է օգնել Թրամփին հաղթել ընտրություններում: Այդ մեղադրանքները դեռ մեղադրանք են, կա հատուկ դատախազ, որը զբաղվում է այս հարցովՙ թե ինչքան է Թրամփը անձամբ կապված եղել Ռուսաստանի հետ: Բնական է, եթե բավարար ապացույցներ լինեն, դրանք կդառնան հանրության քննարկման առարկան: Ըստ էության, երբ դեմոկրատների ու Հիլարի Քլինթոնի էլ-փոստարկղերը կոտրվեցին եւ դրանցում մեղադրվեց Ռուսաստանը, սկսվեց հակառուսական ալիք, որի մեջ ներգրավված էին ոչ միայն դեմոկրատները, այլեւ հանրապետականները: Թրամփը հասկանալի է, որ չի ընդունում այդ մեղադրանքները, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները Կոնգրեսն ըստ էության վերցրեց իր ձեռքը եւ ընդունեց նոր սանկցիաներ, որոնց տվեց օրենքի ուժ, այսինքն Թրամփին հնարավորություն չտալով դրանք (պատժամիջոցները) հանել եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել: Միաժամանակ կարող ենք նկատել, որ օրինակ Թրամփի վարչակազմը, ի տարբերություն Օբամայի, առանձնապես հետաքրքրված չէ ուկրաինական հարցով: Նույնը նաեւ սիրիական հիմնախնդիրն է, որտեղ նույնպես Թրամփի անդմինիստրացիան այնքան ակտիվ չէ, այսինքն մեծ հաշվով Ասադի դեմ չի էլ պայքարում: Նրա հիմնական նպատակը Իրանն է: Դրանով է պայմանավորված Սաուդյան Արաբիային զինելը, մարդկության պատմության ամենախոշոր զենքի վաճառքի գործարքը, որն արժեցավ 360 մլրդ. դոլար: Այս տրամաբանությունից է ելնում նմանօրինակ խոր համագործակցությունը Իսրայելի հետ, նրա դերի կարեւորումըՙ որպես տարածաշրջանային գերտերություն, Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք, ֆինանսական, ռազմական, հետախուզական աջակցությունը: Այս ամենը նշանակում է, որ Իսրայելի միջոցով ԱՄՆ-ն տարածաշրջանում իր քաղաքականությունն է իրականացնում:

Ա.Մ.- Եթե չեմ սխալվում է Երուսաղեմի ճանաչումը բոլոր ամերիկյան նախագահների նսխընտրսկսն խոստումն էր, ինչպես օրինակ Հայոց ցեղասպանության հարցը, սակայն միայն Թրա՛մփը գնաց այդ քայլին:

Ս.Ս.- Ճանաչման եւ դեսպանության տեղափոխման մասին օրենք կար ընդունաված դեռ 1995թ. Կոնգրեսի կողմից, սակայն բոլոր նախագահները վեց ամիսը մեկ դա հետաձգում էին ու այդ որոշումը չէր իրականացվում:

Ա.Մ.- Եթե խոսում էնք արտաքին քաղաքականության մասին, որոնք են նրա հիմնական հետաքրքրությունները եւ ինչ տեղ է այստեղ զբաղեցնում մեր տարածաշրջանը, կարծիք կա, որ հայկական լոբբին այս անգամ ձախողվեց Թրամփի հետ իր աշխատանքում:

Ս.Ս.- Ովքեր են արտաքին քաղաքականությունը իրականացնում, նախ դա իր փեսան էՙ Քուշները, որը Մերձավոր Արեւելքի քաղաքական պրոցեսների կոորդինատորն է, ով լինելով ծագումով հրեաՙ այդ քաղաքականությունը իրականացնում է Իսրայելի հետ համատեղ: Կան երեք գեներալներ, ովքեր մեծ ազդեցություն ունեն Թրամփի արտաքին քաղաքականության վրա, մանավանդ ռազմական դիվանագիտության եւ համագործակցության ոլորտում. խոսքը Մաքմաստրի մասին է, ազգային անվտանգության հարցով խորհրդական, Քեյլիի մասին ՙ աշխատակազմի ղեկավար եւ Մատիսի պաշտպանության նախարար, իհարկե նաեւ պետքարտուղար Թիլերսոնի, որոնք միասին մեծ ազդեցություն ունեն Թրամփի արտաքին քաղաքականության վրա: Հենց այս անձանց միջոցով է մշակվել Աֆղանստանի ռազմավարությունը, որը իսկապես կարեւոր է, քանի որ ԱՄՆ պատմության ամենաերկար պատերազմն է: Այս թիմը նաեւ ներակայացրեց Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը լուրջ խնդիրներ հաստատող փաստաթուղթ է: Հիմա եթե այս գլոբալ խնդիրներից գանք մեր տարածաշրջան, ապա ԱՄՆ-ը այստեղ ունի հետեւյալ հետաքրքրությունները. Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ունի կարեւոր նշանակություն որպես դեպի Աֆղանստան օդային միջանցք: Երկրորդ կարեւոր ուղղությունը Թուրքիան է, նրանց հարաբերությունները հիմա լարված են, բայց ինչքան էլ նրանց հարաբերությունները վայրիվերումներ ունենանՙ Թուրքիան ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ, հատկապես ընդդեմ Իրանի հարցում, ունի կարեւոր նշանակություն:

Ա.Մ.- Եթե չեմ սխալվում, դու էիր գրել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների այսօրվա մակարդակը ամենացածրն է, որն երբեւիցե եղել է այդ երկու պետությունների միջեւ:

Ս.Ս.- Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը վաղ թե ուշ կլինիՙ կնստեն, կխոսեն, լեզու կգտնեն: Թուրքիան բնականաբար մնալու է դաշնակից, նրանց հարաբերությունների բարելավումը անխուսափելի է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը իրենց համար մնալու է որպես success story եւ հարաբերությունները այս պետության հետ կշարունակվեն զարգանալ: Իրանի հետ թշնամությունը կշարունակվի, հատկապես եթե ԱՄՆ-ը դուրս գա միջուկային պայմանագրից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այսօրվա հարաբերությունների որակը կարող ենք գնահատել որպես լճացում: Ոչինչ չի փոխվում, շարժ չկա, չենք գնում հետ, բայց առաջընթաց էլ չկա, չկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն, չկա հանդիպումներ նախագահ-նախագահ, արտգործնախարար-պետքարտուղար, պաշտպանության քարտուղար-պաշտպանության նախարար: Նախագահը մեկ տարի առաջ խոսել եւ շնորհավորել է Փենսին ընտրության կապակցությամբ, Նալբանդյանը մեկ անգամ էլ հեռախոսով խոսել է Թիլերսոնի հետ, նրան շնորհավորել նշանակման կապակցությամբ: Սա խոսում է այն մասին, որ օրակարգը հարուստ չէ:

Ա.Մ.- Այսինքն ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմի հետ մենք քննարկման օրակարգ չունենք:

Ս.Ս.- Այստեղ խնդիրը միայն վարչակազմի հետ չէ, բացի նրանից, որ վարչակազմը պրագմատիկ է, հստակ գիտի թե ումից ինչ է ուզում, բացի նրանից, որ վարչակազմը ասում է, որ ինքն այլեւս օգնություն չի տրամադրելու: Այս տարի ամերիկացիներից ստանում ենք պատմական ամենացածր օգնությունը, որը կազմում է 6.8 միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախկինում մի քանի տասնյակ միլիոնների օգնություն էինք ստանում: ԱՄՆ-ը Հայաստանից ոչինչ չունի ստանալու, ու եթե ոչինչ չունի ստանալու, ինչո՞ւ պետք է մեզ ինչ-որ բան տա, օգնի ու ֆինանսական աջակցություն ցույց տա: Այսինքնՙ մի մարդու, որը բիզնեսային մտածելակերպ ունի, մենք չունենք ոչինչ առաջարկելու:

Ա.Մ- Ժամանակին, երբ սկսվեց համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներումՙ խաղաղապահության բնագավառում, դա բացատրվում էր հենց այդՙ ինչ-որ բան տալու տրամաբանությամբ. սա հիմա աշխատո՞ւմ է:

Ս.Ս.- Աշխատում է, բայց մենք չենք կարող դրանով բավարարվել: Թրամփը եւ պետքարտուղարը սեպտեմբերի 21-ին ուղերձ են հղել մեզ եւ շնորհակալություն հայտնել խաղաղապահ առաքելություններում մեր մասնակցության համար: Հետեւաբար մենք պետք է հետեւություն անենք եւ հասկանանք, որ իրենց համար այս ուղղությունըՙ խաղաղապահ գործունեությունը, կարեւոր է հատկապես Աֆղանստանում ու ոչ միայն այնտեղ, ու եթե մենք իրենց աջակցում ենք, ապա մի բան էլ մենք կարող ենք ստանալ: Հաջորդ ուղղությունը Սիրիայից եկած փախստականների հարցն է, քանի որ այստեղ մենք լուրջ աջակցություն ենք տրամադրել նրանց, այստեղ սիրիահայ մեծ համայնք կա: Օրինակ Թուրքիան իր տարածքում պահելով Սիրիայի էթնիկ թուրքերին եւ նրանց տալով փախստականի կարգավիճակըՙ միլիարդավոր դոլարների օգնություն է ստացել ՄԱԿ-ից եւ ԵՄ-ից, իսկ մենք ոչ մի օգնություն չենք ստանում: Սա էլ մի ուղղություն է, որտեղ մենք կարող ենք իրենց հետ աշխատել: Հաջորդ կարեւոր ուղղությունը երկկողմ առեւտրի զարգացումն է, հիմա որոշակի ակտիվոթյուն կա, բայց դա հիմնականում արտահանում է. խոշոր ամերիկյան ներդրումներ եղել է միայն 2014-ինՙ Որոտան ՀԵԿ-ում: Այսինքն պետք է օգնությունը փոխարինվի ներդրումներով, եւ այսօրվա վարչակազմի համար դա ավելի ընկալելի ու հասկանալի կլինի:

Ա.Մ.- Թրամփի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղությունը Չինաստանն է, որը նաեւ հստակ կերպով նշվեց իրենց նոր ռազմավարության մեջ: Թրամփի նախընտրական շրջանում հստակ կերպով կային նաեւ հակաչինական շեշտադրումներ: Այս ուղղությամբ կա՞ն ինչ-որ փոփոխություններ:

Ս.Ս.- Քանի որ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցը գլոբալ տնտեսական քաղաքականության մեջ Չինաստանն է, այստեղ լուրջ խնդիրներ կան, քանի որ սա նոր մարտահարավեր է ԱՄՆ-ի համար շատ ավելի հեշտ է գործակցել ոչ թե 2-րդ տնտեսությունը ունեցող պետության, այլ ասենք Ռուսաստանի հետ, որը առաջիկա 30 տարում 2-րդ տնտեսությունը չի դառնա: Երբ իր ընտրվելու առաջին օրը Թրամփը Թայվանի նախագահի հետ է խոսում, դա յուրահատուկ մեսիջ է: Հետո բնականաբար նստում եւ պայմանավորվում են, Չինաստանի նախագահը եկավ պայմանավորվեցին. համագործակցությունը շարունակվում է: Միաժամանակ հարկային նոր օրենսդրությամբ շատ ընկերություններ հետ են գալիս ԱՄՆ, մասնավորապես հենց Չինաստանից: Օրինակՙ Apple ընկերությունը հետ է բերում իր գործարանները եւ 300 մլրդ դոլարի ներդրում է իրականացնում, ինչը բնականաբար հարվածում է Չինաստանի տնտեսությանը: Այսինքն շատ ուրիշ ամերիկյան ընկերություններ, որոնք ներդրում էին կատարել Չինաստանում, կարող են հետ գալ եւ արդեն ներդրում անել ԱՄՆ-ում: Երկու գերտերությունները բնականաբար շարունակելու են համագործակցել, սակայն ունենալու են որոշակի անհամաձայնություններ, ասենքՙ Պակիստանի եւ Կորեական խնդիրների ուղղությամբ եւ այլն, բայց խորքային առճակատում, ինչպես Ռուսաստանի պարագայում է, չի լինի:

Ա.Մ.- Եթե ամփոփելու լինենք Թրամփի մեկ տարինՙ հիմնական հաջողությունները եւ ձախողումները, կարճՙ ինչպես կգնահատես: Այնուամենայնիվ նրա շուրջ սկանդալները շարունակվում են:

Ս.Ս.- Մեկ տարվա ընթացքում Թրամփի անվան շուրջ ստեղծվեցին տասնյակ սկանդալներ, մի մասի համար կար հիմք, մի մասը շինծու էր, եւ նա կարողացավ այդ կեղծ լուրերըՙ fake news կոնցեպտով օգնատագործել այդ լրատվամիջոցների դեմ: Առաջին տարվա ընթացքում նա մեծ մարտահրավերների հետ էր բախվում, առաջին հերթինՙ որովհետեւ նրան չէր վստահում ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իր իսկ կուսակցությունը: Նա այդպիսով ցույց էր տալիս, որ իր համար առաջինը Ամերիկան է: Նրա լուրջ ձեռքբերումների մասին արդեն խոսեցինք, դա տնտեսական, հարկային բարեփոխումներն էին, գործազրկության մակարդակը պատմական մինիմումի վրա է գտնվում: Կարեւոր է, որ աֆրո-ամերիկյան բնակչության մեջ նույնպես գործազրկությունը ամենացածր մակարդակի վրա է: Հետեւաբար հաջողություններից առաջնային է հենց ներքին տնտեսական բնագավառում: Պետք է նշենք, որ արտաքին մարտահարավերները կան ու դրանք չեն պակասելու, օրինակՙ ինքը ուզում էր հեռանալ Աֆղանստանից, սակայն նրա գեներալները համոզեցին, որ այս վիճակում չի կարելի թողնել եւ հեռանալ, իսկ նա պահանջեց հստակ ռազմավարություն, ինչից հետո միայն համաձայնեց մնալ:

Ա.Մ. - Այսինքն եթե ամփոփելու լինենք, կարող ենք ասել, որ կան հաջողություններ ներտնտեսական քաղաքականության մեջ, ապա արտաքին քաղաքականության մեջ ավելի շատը մարտահրավերներն են:

Ս.Ս.- Կարող ենք ասել, որ ԱՄՆ քաշվում է ներս, զարգացնում է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, մեքենաշինությունը, բիզնեսը, եւ երբ ավելի հարուստ դառնաՙ ավելի ակտիվ կզբաղվի նաեւ արտաքին քաղաքական հարցերով, իսկ հիմա ինքը կենտրոնացել է հիմնականում ներքին խնդիրների լուծման վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.