AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2127, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ Է

Պ.Ք.

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված գլխավոր թեմաներից մեկը հունվարի 29-30-ը Սոչիում անցկացված Սիրիացիների ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներն են: Դրա ավելի քան 1600 մասնակիցները ներկայացնում էին Սիրիայի հասարակության բոլոր խավերը: Ամփոփիչ եզրակացության մեջ ընդգծվում է, որ հանրապետության ճակատագիրը տնօրինելու է բացառապես դրա բնակչությունըՙ ժողովրդավարության հիման վրա եւ առանց արտաքին միջամտության: Համաժողովում Ռուսաստանին հաջողվեց գործի դնել Սիրիայում հաշտեցմանն ուղղված աշխատանքները:

Լավ սկիզբը գործի կեսն է: Սիրիացիները նույնպես օգտագործում են այս ասացվածքը եւ կարեւորում են առաջին քայլի նշանակությունը: Կոնգրեսի որոշումը նշանակալի առաջընթաց քայլ է: Գլխավոր արդյունքն այն է, որ մոտ ժամանակներս ստեղծվելու է հանձնաժողով, որը կզբաղվի Սիրիայի նոր սահմանադրության մշակմամբ կամ հնի բարեփոխմամբ: Դրա հիման վրա հետագայում երկրում կանցկացվեն ընտրություններ:

Հանձնաժողովի ստեղծման հետ կապված այս արդյունքը թիվ 2254 բանաձեւով կներկայացվի ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին, այդ մասին լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը , որի ելույթը Կոնգրեսի մասնակիցներն ընդունել էին մեծ ոգեւորությամբ:

Սա պատասխան է արեւմուտքում ոմանց տարածած այն պնդումներին, թե Սոչիի համաժողովը կարող է խանգարել Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններին: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան , ընդհակառակը, գտնում է, որ կոնգրեսը շարունակություն է եւ նոր խթան փոխզիջման հասնելու համար:

Սահմանադրական հանձնաժողովը կազմված կլինի մոտ 150 հոգուց եւ կընդգրկի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք մասնակցում են Ժնեւի բանակցություններին, փորձագետների, երկրի քաղաքացիական հասարակության, ցեղերի, կանանց ներկայացուցիչների: Պետք է լինի էթնիկական եւ կրոնական խմբերի համապատասխան ներկայացուցչություն, նշել է Սիրիայի գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան:

Կոնգրեսի ամբիոնից նա Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի իշխանություններին շնորհակալություն է հայտնել Սոչիի համաժողովի կազմակերպման համար. պատերազմի հետեւանքով իրարից մի քանի տարի բաժանված սիրիական ուժերը առաջին անգամ իրար հետ խոսեցին անմիջկանորեն, առանց միջնորդների, արձանագրում է ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքը:

Ըստ դե Միստուրայի, Ռուսաստանը բավական մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի քաղաքական կարգավորմանն ուղղված փորձերը վերաճեն իրական գործողությունների: Ռուսաստանն ակտիվորեն օժանդակում է Ժնեւյան գործընթացին: Ռուսաստանը կարող է շատ բան անել, մասնավորապես, կարող է Սիրիայի իշխանություններին օգնել հասկանալու, որ քաղաքական գործընթացի համար անհրաժեշտ են ջանքեր եւ բանակցություններ: Եվ Ռուսաստանը անում է դա:

Աստանայի եւ Ժնեւի բանակցություններից Սոչիի կոնգրեսի գլխավոր տարբերությունը մասնակիցների կազմն էրՙ ոչ միայն իշխանությունների, այլեւ ամենատարբեր ըդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:

«Այստեղ մենք կարողացանք հավաքել պաշտոնական իշխանության, կառավարող կուսակցության, ներքին եւ արտաքին ընդդիմության, Սիրիայի հասարակական կյանքում շատ կարեւոր նշանակություն ունեցող ցեղերի ներկայացուցիչների», հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Հաշվի առնելով մասնակիցների մեծ թիվը, խոսակցությունն այնքան էլ դյուրին չէր:

«Դա ինքնին հասկանալի է, քանի որ սիրացիներին հարկավոր էր երկխոսություն, եւ առաջին երկխոսությունը չէր կարող զերծ լինել վեճերից, բայց նրանք պետք վարժվեն իրար, որպեսզի ընդհանուր համաձայնության հասնեն բոլոր նպատակներում», ասել է «Մոսկվա» պլատֆորմի առաջնորդ Կադրի Ջամիլը :

Ի դեպ, պատվիրակություններից մեկը փորձել էր ձախողել բանակցությունների անցկացումը:

Անկարայից եկած 80 հոգանոց պատվիրակությունը ակնհայտորեն ոչ կառուցողական դիրքորոշում ուներ եւ ակնհայտ էր, որ հակված էր ոչ թե համերկրացիների հաշտեցմանը, այլ հետագա պառակտմանը, թերեւս նաեւ կոնգրեսի աշխատանքի ձախողմանը, ասել է ՌԴ նախագահի Սիրիայի գծով ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը :

Սակայն ձախողման փորձը տապալվեց. Կոնգրեսը կատարեց իր խնդիրը: Սահմանադրական հանձնաժողովի մեջ կմտնեն ինչպես Կոնգրեսի մասնակիցներ, այնպես էլ Սոչի չժամանած սիրիացիներ: Հանձնաժողովի անդամների վերջնական ցանկ դեռ գոյություն չունի:

«Սպուտնիկ» ռադիոկայանի տեղեկությունների համաձայնՙ նոր սահմանադրության մեջ մասնավորապես նախատեսվում են ներկայիս միակուսակցական համակարգի փոխարեն բազմակուսակցական համակարգի ստեղծում, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացում:

«Աստանա» պլատֆորմի ներկայացուցիչ Ռանդա Կասիսը հայտարարել է, որ ինքն արդեն սկսել է Սիրիայի նոր սահմանադրության նախագծի ստեղծման աշխատանքները:

Փորձագետներից շատերի կարծիքովՙ Սոչիի կոնգրեսը կազմակերպելովՙ Ռուսաստանը մտադրություն է ունեցել փոխարինել ԱՄՆ-ին որպես աշխարհի ամենաակտիվ տերության եւ միաժամանակ այնպես փոփոխել դիվանագիտական գործընթացը, որ այն հարմարեցվի քաղաքական եւ ռազմական իրողություններին:

The New York Times թերթը այն տեսակետն է հայտնում, թե Սոչիում գլխավոր բանակցողներն էին ՄԱԿ-ը եւ Ռուսաստանը: ՄԱԿ-ը համաձայնեց, որ Սիրիայի գծով իր հատուկ ներկայացուցիչ դե Միստուրան մասնակցի Սոչիի կոնգրեսին, եթե Ռուսաստանը դադարի այդ քաղաքը Ժնեւի բանակցություններին փոխարինողի դեր հատկացնելու փորձերից:

Սոչիի հանդիպումից երկու օր առաջ Դամասկոսում Սիրիայի արտգործնախարարը հարյուրավոր պատվիրակների հորդորել էր հանդիպման ժամանակ խոսել ոչ թե Սիրիայի նոր սահմանադրության ստեղծման մասին, այլ քննարկել 2012 թ. ընդունված սահմանադրության փոփոխությունների հարցը, չանդրադառնալ երկրի բանակին եւ գաղտնի ծառայություններին եւ, առաջին հերթին, նախագահի փոփոխման խնդրին:

Թուրքիայում ապրող ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեկնեցին Սոչի, բայց սկզբում հրաժարվեցին դուրս գալ օդանավակայանիցՙ տեսնելով, որ պաստառների վրա պատկերված է Սիրիայի ներկայիս դրոշը, այլ ոչ թե նախկինը, որը դարձել էր հեղափոխության խորհրդանիշը:

Դեռ վերջերս Սիրիայում հաշտությունն անհնար էր թվում, բայց ճանապարհն արդեն բացված է, եւ դա անվիճելի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.