AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 53. ԱՂԱԼՈՒՑ ԱԼՅՈՒՐ Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՄԱԼԻՑՙ ՄԱՏԱՂ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 3980, Տպվել է` 527, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր յուրահատուկ բրենդի «ձիթենու ճյուղն» է պարգեւել Սիրիային: Նոյի ժամանակներից ձիթենու ճյուղը խաղաղության հոմանիշն է եղել, կամ խաղաղություն նախաձեռնող խորհրդանշան: Բայց Էրդողանի ձիթենու ճյուղը քաոս է առաջացրել տարածաշրջանում: Թուրքիայի ներխուժումը Սիրիա ինքնին միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այն թույլատրված չէր ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ո՛չ էլ որեւէ այլ միջազգային մարմնի կողմից: Ավելին, ինքնիշխան մի պետության տարածք ներխուժելու պատճառաբանությունը ամբողջովին կեղծիք է: Աֆրինում հարյուրավոր քաղաքացիների սպանությունը, շենքերի եւ հնությունների ռմբակոծումը Անկարայի բնութագրմամբ քրդական «ահաբեկչական» կառույցների ոչնչացման նպատակ են հետապնդում, որպեսզի Սիրիայի հետ իր սահմանն անվտանգ մնա:

Քրդերը պատմական նշանակության մարտեր մղեցին տարածաշրջանում Մ. Նահանգների ռազմական եւ քաղաքական օժանդակությամբՙ ոչնչացնելու համար «Իսլամական պետությունը»: Երկար ժամանակ Մ. Նահանգներն ու Թուրքիան սուր քննադատում եւ հակադրվում էին միմյանց, որովհետեւ մարտադաշտում պաշտպանում էին հակառակորդ կողմերին: Քրդերն արդարացիորեն ակնկալում էին, որ այդքան զոհողություններից հետո Մ. Նահանգները կվարձատրի նրանցՙ թույլ տալով, որ Աֆրինում եւ Մանբիջում հաստատեն իրենց ինքնավար անկլավը: Մ. Նահանգները նախ վստահեցրեց իր «հավատարիմ» դաշնակից Թուրքիային, որ կզինաթափի քրդերին, որպեսզի նրանք չկռվեն թուրքական զինված ուժերի դեմ կամ չտեղափոխեն իրենց զենքերը Թուրքիա: Նման պայմանավորվածություն գործի էր դրվել ֆրանսիացիների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, երբ նրանք զինաթափեցին հայ լեգեոնականներին Արարայի ճակատամարտից (1918) հետո եւ Կիլիկյան Հայաստանը դարձավ դյուրամատչելի թիրախ քեմալական զորքերի համար: Բայց ներկա դարում եւ այն էլ սիրիական ճահճուտում զինաթափումը երկյուղալի գործ է: Այդ պատճառով էլ Մ. Նահանգները քրդերին թողել եւ թուրքերի քմահաճույքին: Վերջիններս էթնիկական զտման եւ հողատարածքների յուրացման պատերազմ են մղում:

Նախքան Աֆրին ներխուժելը Թուրքիան պետք է, որ իր մտադրությունների մասին տեղեկացրած լիներ Մ. Նահանգներին եւ Ռուսաստանին, որոնք երկուսն էլ իշխող ներկայություն են տարածաշրջանում, բայց չեզոք դիտորդի դերն են ստանձնել Թուրքիայի իրականացրած կոտորածի պարագայում:

Բոլոր նկատառումներով Թուրքիան երկար է մնալու այնտեղ, որովհետեւ հեռանալու դեպքում քրդերն ի վերջո, այս կամ այն միջոցներով, կերտելու են իրենց ինքնավար անկլավը Թուրքիայի սահմանին: Նրանք նպատակասլաց են եւ հաստատակամ:

Թուրքիան իր անկոչ զորքերն ունի նաեւ Իրաքում: Բաղդադը մեղմացրել է իր բողոքները թուրքական ներկայության հանդեպ, որովհետեւ լուռ համաձայնության է եկել Թուրքիայի հետ որպեսզի խոչընդոտի անկախ Քուրդիստանի գոյառումը իր սահմաններում: Երբ Էրդողանն սկսեց բողոքել 1916 թվի Սայքս-Պիկոյի համաձայնության դեմ, որը սահմանում էր Օսմանյան կայսրության արաբական տիրույթների բաժանումը Անգլիայի եւ Ֆրանսիայի միջեւ, նա պահանջ դրեց, որ «անարդարացիորեն» Իրաքին վերապահված նավթով հարուստ Քիրքուկի շրջանը հանձնվի Թուրքիային: Միջազգայնագետները նրան համարեցին արդի ժամանակների Դոն Քիշոտ, սակայն Էրդողանն իր Օսմանյան փառասիրություններին եւ մտադրություններին չափազանց լուրջ է վերաբերվում: Երբ «Մահմեդական եղբայրները» զավթեցին իշխանությունը Եգիպտոսում եւ Մոհամմեդ Մուրսիին նախագահ ընտրեցին, Էրդողանին թվաց, թե Եգիպտոսի հետ գաղութային հարաբերությունների ժամանակները վերադառնում են: Այսօրվա լարված հարաբերությունները նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսիի վարչակազմի հետ արդյունք են Էրդողանի վրդովմունքին, որ իր երազած «մեղրամիսը» շատ հանկարծակիորեն ընդհատվեց:

Թուրքիան այսօր ռազմաբազաներ ունի Քաթարում եւ Ջիբութիում (Կարմիր ծով) եւ տարածաշրջանում իրեն պահում է որպես գաղութարար գերտերության: Մ. Նահանգներն ու Եվրոպան իրենց շահերի եւ քաղաքական նպատակների համար բաժան-բաժան արեցին նախկին Հարավսլավիան եւ անօրինական ծնունդ Կոսովոն նվիրեցին Թուրքիային, որի ազդեցությունը մեծանում է Բալկաններում, քանի որ ՆԱՏՕ-ի զորքերը մեկուսացրել են «պոչամաս» հանդիսացող Սերբիային:

Բուլղարիան Հայաստանի հետ պատմական հարաբերությունների երկարամյա պատմություն ունի: Անդրանիկ Օզանյանը բուլղարացիների կողքին կռվել էր երկիրը Օսմանյան լծից ազատագրելու համար եւ այնտեղ էլ արժանացել զորավարի կոչմանը: Բուլղար ազգային բանաստեղծ Պեյո Յավորովը ողբացել էր իր ժամանակին Հայոց ցեղասպանությունը, բայց այսօր Բուլղարիայի խորհրդարանը չի կարողանում այդ ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել, որովհետեւ խորհրդարանի թուրքական ֆրակցիան Էրդողանի մեքենայությունների գործիքն է դարձել: (*)

Չար մարդիկ երբեք հիմար չեն լինում: Նրանք օժտված են ամուր բանականությամբ եւ մահ ու ավեր են պատճառում մարդկությանը, գործի դնելով ամենատարբեր մեքենայություններ: Էրդողանը կարողացավ գտնել իր տեղը երկու ընդդիմադիր ուժերիՙ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ եւ անխափան առաջ է շարժվում: Նա Թուրքիայի մոլեռանդ շրջանակներում է մեծացել, բայց շատ լավ գիտի ինչպես իր խաղաթղթերը բանեցնել համաշխարհային թատերաբեմում: Գիտի ինչպես ոգեշնչել թուրք հասարակայնությանը, մինչ ինքը նավարկում է միջազգային ջրերում:

Թուրքիան խարիսխ է գցել Հյուսիսային Կիպրոսում 1974-ից սկսած եւ Էրդողանի կառավարությունը մտադիր է այնտեղ մնալ ընդմիշտ, մինչ դիվանագետները գլուխ են ջարդում մի ելք գտնելու համար: Միջազգային հասարակությունն էլ, իր հերթին, փոխանակ մեղադրելու զավթող կողմին, Հունաստանին է կշտամբում «լեզու չկարողանալ գտնելու» համար: Ֆրանսիական մի ասացվածքՙ «L՛appetit vient en mangeant», որ նշանակում էՙ ախորժակը ուտելիս է բացվում, ճշգրիտ կերպով բնութագրում է Էրդողանի վիճակը: Կիպրոսի 38 տոկոսին տիրանալուց, Իրաքից եւ Սիրիայից տարածքներ պոկելուց հետո, այսօր էլ աչքը դրել է Թուրքիային սահմանակից հունական կղզիների վրա: Հարցն առաջացավ անցյալ դեկտեմբերին Էրդողանի Աթենք կատարած այցի ժամանակ: Հունաստանի սնանկացած կառավարությունը ուրիշ բարձրաստիճան պաշտոնյայի չէր գտել եւ հրավիրել էր այդ պարծենկոտին: Վաթսունհինգ տարվա ընդմիջումից հետո Էրդողանն առաջին թուրք նախագահն էր, որ Հունաստան էր այցելում դեկտեմբերի 7-8-ին: Իր այցի ժամանակ նա անխնա վիրավորեց իրեն հրավիրողներին, մեղադրեց Հունաստանի կառավարությանը թուրք փոքրամասնությունների կրոնական իրավունքները խախտելու մեջ եւ պահանջեց, որ իրեն հանձնեն այն թուրք զինվորականներին, որոնք նախորդ տարվա հեղաշրջման փորձից հետո ապաստանել էին Հունաստանում: Ավելին, նա կոչ արեց վերանայել 1923 թվի Լոզանի պայմանագրիը: Դրան Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պատասխանեց ասելով «Լոզանի պայմանագիրը սահմանում է Հունաստանի ինքնիշխանությունն ու տարածքները, եւ դա, ինչպես նաեւ Եվրոպական Միությունը մեզ համար բանակցային հարցեր չեն»:

Նույնիսկ Թուրքիայի քաղաքական առաջնորդներն էին զարմացել, որ Էրդողանն այդ պայմանագրի վերանայումն է պահանջում, քանի որ ցարդ այդ պայմանագրիը խիստ կարեւոր եւ փոփոխության չենթարկվող փաստաթուղթ է համարվել, որովհետեւ փրկել է Թուրքիային ամբողջովին մասնատվելուց: Այդ պայմանագիրը փոխարինել էր 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի պայմանագրին, որ փաստորեն զրկել էր Օսմանյան կայսրությունն իր տարածքներից: Դարդանելի նեղուցները ապառազմականացվել էին եւ դրվել միջազգային վերահսկողության ներքո: Հաստատվել էր Քուրդիստանի ինքնավարություն ունենալու իրավունքը, եւ Հայաստանը ճանաչվել էր որպես ազատ ու անկախ եւ շատ ավելի ընդարձակ պետություն: Պաշտպանվել էին նաեւ ասորի փոքրամասնության իրավունքները: Հունաստանին էր վերադարձվել պատմական քաղաք Զմյուռնիան (Իզմիրը) եւ Վենիզելոսի կառավարությանը հանձնարարվել էր հինգ տարվա ընթացքում հանրաքվե անցկացնել եւ պարզել քաղաքացիների կամքը:

Մուսթաֆա Քեմալը, ինչպես Հիտլերը, բայց նրանից առաջ, պատերազմում երկրի կրած ստորացումը օգտագործելով ժողովրդին մղեց ազատագրական պայքարի, զրկելով սուլթանին եւ նրա կառավարությանը բոլոր իշխանություններից եւ իր Միլլի շարժումը դարձնելով եվրոպացիների հետ բանակցելու գլխավոր կողմ: Նա Լոզան ուղարկեց Իսմեթ Ինյոնյուինՙ Սեւրի պայմանագրի շուրջ դարձյալ քննարկումներ անցկացնելու համար: Եվրոպացիները իրենց շահերից ելնելով հեշտությամբ զիջեցին թուրքական պատվիրակության պահանջների առաջ, եւ հայերն ու քուրդերը (որոնք բանակցությունների ընթացքում պահանջներ էին ներկայացնում գրեթե միեւնույն տարածքների նկատմամբ) կորցրեցին Թուրքիայում ազգային ինքնավարություն ունենալու իրենց իրավունքները: Փոխարենը կրոնական իրավունքների աղոտ խոստումներ տրվեցին հայկական համայնքին: Աթաթուրքին հաջողվեց նաեւ ետ ստանալ Կարսն ու Արդահանը ռուսներից, որոնք այլեւս Արեւմուտքի հետ դաշնակիցներ չէին եւ օգնում էին թուրքերին:

Էրդողանը ցանկանում է պայմանագիրը վերաքննարկել իր հայեցողությամբ, այսինքն պահանջելով հունական կղզիների կցումը Թուրքիային: Նա մտադիր չէ վերականգնել Սեւրի պայմանագրի բոլոր դրույթները: Թուրքիայի նախագահի «ռեւիզիոնիզմն» իր արտահայտությունը գտավ նաեւ ներքին քաղաքականության ասպարեզում: Նա Քեմալ Քիլիջդարօղլուի Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը մեղադրեց այդ կղզիները Հունաստանին կցելու համար:

Թուրքիան եւ Հունաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներ են, սակայն այդ գործընկերությունը ոչնչով չի նպաստում լուծելու Կիպրոսի հարցը: Նրանք ռազմական բազմաթիվ հակամարտությունների միջով են անցել, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարությունը միշտ էլ Հունաստանին վերաբերվել է որպես թույլ ու աղքատ բարեկամի:

Էրդողանը ուշի ուշով հետեւում է համաշխարհային քաղաքականությանը եւ տեսնելով, թե ինչպես է այն թեքվում դեպի անպատժելիությունը, հաշվարկում է իր հետագա անելիքը: Քանի որ նրա աննկուն կամքը եւ հետեւողականությունը մինչ օրս հաջողությամբ է պսակվել Կիպրոսում, Իրաքում եւ Սիրիայում, հնարավոր է, որ նա այդ կղզիներին կտիրանա Լոզանի պայմանագրի դրույթների շուրջ բանակցելով կամ առանց դրա: Այնպես որ հանդուրժողականությանը կողմնակից քաղաքական աշխարհը պետք է հետեւի Էրդողանի հաջորդ քայլերին եւ գուցե մեղադրի Հունաստանին, որ ժամանակին Թուրքիային չի հանձնել այդ կղզիները...:

Թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)

*) Թեեւ, ավելացնենք «Ազգ»ի կողմից, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը օրերս իր Հայաստան պաշտոնական այցի ընթացքում թերեւս ամենաերկար ժամանակը անցկացրեց Ծիծեռնակաբերդի հուշարձանում ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ անվանական ծառ տնկեց Հիշատակի ծառուղում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.