AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 61. ՀԱՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՈՒՅՍ ԼԻՆԵԼ, ՀԱՄ ԷԼՙ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2018-02-15 23:27:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2069, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼՈՒ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Չնայած ռուս-վրացական հարաբերությունների ներկա խրթին իրավիճակին, ռուսաց լրատվամիջոցներում քիչ չեն հրապարակումները Վրաստանի ներկա քաղաքական անցուդարձի մասին: Դրանց հեղինակները ե՛ւ վրացիներ են, ե՛ւ ռուսներ ու ռուսաստանցի հրեաներ: Արտգործնախարարի տեղակալների մակարդակով երկու երկրների միջեւ վարվող բանակցությունները առայժմ ընդհանուր առմամբ անպտուղ են, քանզի ռուսներն իրենց մոտեցման մեջ աներկբա են` մոռացեք ձեր կողմից «օկուպացված տարածքներ» համարված Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին, եթե ուզում եք մեզ հետ երկխոսություն վարել: Վրացիներն էլ սպասում են, որ ռուսներն իրենք հանդես գան որեւէ «հաշտարար» առաջարկություններով, սակայն այդպիսիք առայժմ չկան: Ավելին, օրերս հայտարարվեց, որ Հարավային Օսիայի «զինված ուժերը» դառնում են ռուսական բանակի ստորաբաժանումներից մեկը: Կարելի է չկասկածել, հաջորդ քայլը կլինի հանրաքվեի անցկացումը եւ Ռուսաստանի կազմում միասնակամ Օսիայի (առանց «Հյուսիսայինի» ու «Հարավայինի») կազմավորումը: Գործում է մեծ քաղաքականության հանրահայտ սկզբունքը` գլխավորը ուժն է, դիվանագիտությունը սոսկ միջոց է, ոչ միշտ արդյունավետ:

Գիտակցո՞ւմ են հարեւան վրացիները իրեց սխալը, որ իրենց անհուն ամերիկասիրությամբ ու եվրոպասիրությամբ այնուամենայնիվ չպիտի բացահայտ հակամարտության մեջ մտնեին անծայրածիր Ռուսաստանի հետ, ինչպես ռուսներն իրենք են ասում` չզարթնեցնեին քնած արջին: Նույնիսկ ռուսաստանյան հրապարակումներում կորցրած տարածքների համար ցավն ու դառնությունը ակնհայտ են, սակայն ամեն ինչ բարդվում է արկածախնդիր Միշիկո Սաակաշվիլու վրա, որ նա «ամերիկյան գործակալ» էր, «պրիմիտիվ ռուսատյաց» եւ այլն:

Նորերս ռուսաստանյան «Колокол России» ինտերնետային հրատարակությունը վերլուծել էր «Գրուզինֆորմ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլու «խոհերը» այս թեմայի շուրջ ու այն մասին, թե ինչպես են ամերիկացի հետախույզները գործում Վրաստանում եւ... Հայաստանում: Սկզբում փորձագետը հավաստում է, որ իրական չէ սպասել, որ նույնիսկ այնպիսի փոքր մի երկիր, ինչպիսին Վրաստանն է, կարող է դուրս մնալ այնպիսի խոշոր պետության ազդեցությունից, ինչպիսին ԱՄՆ-ն է, սակայն այն պարագան, որ Վրաստանը կատարում է նրա բոլոր հրամաններն ու ցուցումները, միանգամայն կործանարար է: Սակայն, մյուս կողմից, չնայած Հայաստանը սերտորեն ինտեգրացված է Ռուսաստանի հետ, անդամակցում է ՀԱՊԿ-ին, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանը «բացառություն է» ամերիկացիների համար եւ ոչինչ չի արվում նրան Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու նպատակով:

Հրապարակման ընդհանուր մտայնությունն այն է, որ, ճիշտ է, վրացիներս կորուստներ ունեցանք ի հետեւանք միակողմանի կողմնորոշման, սակայն ո՜վ ասաց, որ հայերը եւս չեն ընկնի եվրոպացիների ու ամերիկացիների թակարդը: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ նրանց նպատակը մեկն է`դուրս վռնդել Ռուսաստանին Անդրկովկասից:

Սկզբում նշելով, որ ամերիկացի հետախույզները Անդրկովկասում իրենց պարտականությունները կատարում են դիվանագետի քողի տակ (անցել են Շտիրլիցների ռոմանտիկ ժամանակները), Խիդիրբեգիշվիլին անուն առ անուն ներկայացնում է Վրաստանում ԱՄՆ-ի, զանազան ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններին, այն մեծաթիվ «դիվանագետներին», որոնք իրականում շռայլ ֆինանսավորումով հակառուսական քայքայիչ գործունեություն են իրականացնում «հիշասարքերի ու դիվանագիտական պաշտպանության ներքո»: Հազիվ թե իմաստ ունենա վերարտադրել այն տարբեր մակարդակների դիվանագետների անունները, որոնք հիշատակվում են հոդվածում: Նշվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների ազդեցությունը Վրաստանի ղեկավարների վրա սկսվել է տակավին Էդուարդ Շեւարդնաձեի ժամանակներից եւ այսօր էլ նրանցից շատերը համարվում են «Սորոսի սաները»:

Այնուհետեւ վրացի փորձագետը անցնում է Հայաստանին եւ նույնպես անուն առ անուն նշում այս անգամ արդեն Երեւանում ամերիկյան դեսպանատան աշխատակից, այդ թվում նաեւ բարձրաստիճան, «հետախույզ-դիվանագետներին»: «ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության հետ կապերից չեն խորշում առանձին հայ ընդդիմադիրներ եւ կառավարության անդամներ»: Թեեւ, երբ հարցը վերաբերում է բարձրաստիճան չինովնիկներին, տոնն արդեն անվերապահ չէ:

Խիդիրբեգիշվիլին հանգամանորեն անդրադարձել է նաեւ ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությանը Վրաստանում եւ Հայաստանում. «Այնտեղ, որտեղ կան ամերիկյան դեսպանատներ, մեծ փողեր են շրջանառվում, ստեղծվում է ոչ կառավարական կազմակերպությունների լայն ցանց, որոնք բոլորն էլ, իհարկե, ԱՄՆ-ի գործակալներն են եւ իրականացնում են նրա քաղաքականությունը»: Նշվում է, որ նման կազմակերպությունների թիվը Վրաստանում մոտ 5 տասնյակ է, Հայաստանում անցնում է 60-ից:

Ռուսաստանյան հիշյալ ինտերնետ-հրատարակությունն իր հերթին Անդրկովկասում ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությունը մերկացնելու նպատակով մեջբերել է նաեւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանի տեսակետը. «Անդրկովկասում Ամերիկայի արտաքին քաղաքականության նպատակն է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին: Եվ դրան հասնելու համար գործի են դրվում բոլոր խորամանկումները` ե՛ւ հավաքագրումը, ե՛ւ վախեցնելը, ե՛ւ հեղինակազրկումը եւ այլն: ԱՄՆ-ը Հայաստանի անկախության հենց սկզբից ակտիվ աշխատանք է կատարում եւ արդեն ունի ճյուղավորված ցանց, ներառյալ ոչ կառավարական կազմակերպություններն ու չինովնիկները, որոնց միակ նպատակն է ինչ գնով էլ լինի Հայաստանը պոկել-անջատել Ռուսաստանից»:

Ի դեպ, վերջերս «Ազգը» յուրօրինակ հետեւություն էր արել, նույնպես առնչված Ռուսաստանին, որ այդ երկրի որոշ շրջանակներ խիստ միակողմանի մոտեցում ունեն առ Հայաստան, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմանի շահեր են հետապնդում եւ որ եթե Ռուսաստանը կորցնի Անդրկովկասի իր դաշնակցին, ապա ստիպված պիտի մոռանա իր 200 տարվա քաղաքականությունը այս տարածքներում:

Սիրելի «Ազգ»ականներ, երբեք չի մոռանա: Դուք էլ մի մոռացեք, որ քաղաքականությունը ի սկզբանե համեմատել են մարդկության հնագույն արհեստի հետ: Հայաստանի ներքին քաղաքականության մեջ նման երեւույթներ չե՞ք նկատում: Հերթական անգամ հարցնենքՙ ինչի՞ց եւ ումի՞ց է փախել-արտագաղթել Հայաստանի բնակչության գրեթե կեսը, այն էլ ավելի շատ հենց անշնորհակալ Ռուսաստան: Եվ որտեղի՞ց ձեր մեջ այդքան պարզունակ պատրանքներ ռազմական գերտերության եւ էկոնոմիկայով ու ծավալով փոքր պետության դաշնակցային հարաբերությունների «հավասարության» մասին: Բացառություններ չեն լինում: Գուցե արդյունքի՞ հասնենք մեր ներքին կյանքում, նոր միայն սպառնանք խոշոր տերությանը: Ռուսները գլխավոր դաշնակցային պարտավորությունը տեսնում են այն բանում, որ իրենց ռազմական ներկայությամբ ապահովում են Հայաստանի անվտանգությունը 80 միլիոնանոց թուրք-ազերական հրոսակախմբերի հավանական ագրեսիայից (մի կողմ դնենք առանձին միջադեպերը): Ումի՞ց են զգուշանում նրանք, երբ հայտարարում են Էրիվանի խանությունն ազատագրելու քաղաքական ու ստրատեգիական նպատակի մասին, բայց գործնական քայլեր չեն ձեռնարկում: Չմոռանանք, որ Ղարաբաղն էլ է «տարածք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 16-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.