AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 15. ԷԳՈՒՑ ԻՆՔՆԱՀՈՂ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2002, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՆՈՒՇ ՍԻԴՔԻ ԲԵՅՙ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ «ՄԱՅՐԸ»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

1901 թվականի սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում բացված համաամերիկյան ցուցահանդես-տոնավաճառում ԱՄՆ պետական օրհներգը նախագահ Վիլյամ Մքքինլիի խնդրանքով երգել է մի օտարահպատակ քսանամյա հայազգի երգչուհի:

Նույն ցուցահանդեսում ԱՄՆ նախագահի վրա արձակված մահացու կրակոցի ժամանակ Մքքինլիից ոչ հեռու գտնվել է դարձյալ այդ նույն երիտասարդ հայուհին:

Նաՙ Հրանուշ Սիդքի Բեյը , ԱՄՆ-ում հանդես եկած առաջին հայազգի երգչուհին էր, որը ելույթներ է ունեցել մինչեւ անգամ երկրի ամենապատվավորՙ Նյու Յորքի Քարնեգի Հոլում, սակայն նրա անունը չի հիշվում ո՛չ ամերիկահայությանը, ո՛չ սփյուռքահայ երաժիշտներին նվիրված աշխատություններում:

Օրիորդական ազգանվամբՙ Աղաջանյան, նա ծնվել է 1881-ին, Կոստանդնուպոլսում, հայ հոր եւ ֆրանսուհի մոր ընտանիքում: Մանկուց ստացել է երաժշտական կրթություն, օժտված եղել գեղեցիկ մեցցո-սոպրանոյով: Ուսանել է ծննդավայրի Ամերիկյան քոլեջում, որտեղ ծանոթացել եւ մտերմացել է թուրք դիվանագետ Սիդքի (Սըդքը) Բեյի հետ: Երկուսի ընտանիքներն էլ դեմ են եղել նրանց ամուսնությանը. 19-րդ դարի վերջի Օսմանյան կայսրությունում բացառվում էին ամուսնությունները մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ: Շուտով Սիդքի բեյը նշանակվել է Վաշինգտոնում օսմանյան հյուպատոսարանի երկրորդ քարտուղար եւ Հրանուշի հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ նրանք ամուսնացել են ու ապրել մինչեւ իրենց կյանքի վերջը: 1898-ին ծնվել է նրանց միակ զավակըՙ Ռուստեմը, որը հետագայում դարձել է ոստիկանապետ:

ԱՄՆ-ի օսմանյան դիվանագիտական կորպուսում Հրանուշը եղել է միակ կինը, որը տիրապետել է անգլերենին: Իմացել է նաեւ հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իտալերեն եւ իսպաներեն: Արտաքնապես աչքի չընկնող, սակայն արիստոկրատ ու դյուրահաղորդ Հրանուշն արագ մտերմացել է ամերիկյան քաղաքական գործիչների, ընդսմինՙ նախագահ Մքքինլիի եւ նրա տիկնոջ հետՙ դառնալով սիրված դիվանագիտական «տանտիրուհի»: Նա պարել է Սպիտակ տանը եւ հաջող ելույթներ ունեցել որպես երգչուհի: Կարելի է ենթադրել, որ Հրանուշի ամուսինը բավականին առաջադեմ է եղել, որ չի խոչընդոտել կնոջ բեմական գործունեությանը: Քարնեգի Հոլի ելույթներից հետո Հրանուշն անգամ հրավիրվել է երգելու Մետրոպոլիտեն օպերայում, սակայն այդ հրավերը մերժել է:

1908-ին սուլթանական ռեժիմը տապալվել է, եւ իշխանության գլուխ եկած երիտթուրքերը Սիդքի Բեյին նշանակել են Նյու Յորքում օսմանյան գլխավոր հյուպատոս: Այդ պաշտոնում նա մնացել է վեց տարի: Վրա է հասել Առաջին աշխարհամարտը: Սիդքի ամուսինները հետեւում էին Օսմանյան կայսրությունում ծավալվող իրադարձություններին: Իր քրիստոնեությանն ամուր կառչած եւ իր հայությունը մշտապես շեշտող Հրանուշը որոշել է այլեւս չվերադառնալ ծննդավայր, որտեղ իր ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել: Սիդքի բեյը հրաժարվել է իր պաշտոնից. ամուսիններն ընդունել են ամերիկյան քաղաքացիություն եւ իրենց ընկեր Էհսան Քարադաղի հետ սկսել են զբաղվել արեւելյան գորգերի առքուվաճառքով: 1923 թվականին Նյու Ջերսիի բլուրների վրաՙ Չեթհեմ Թաունշիփում, Բեյերը գնել են հողատարածք եւ սկսել զբաղվել այգեգործությամբ: Շուտով նրանց հարեւանըՙ բռնցքամարտիկ Ֆրենքի Ուելշը, խնդրել է իր բացակայության ժամանակ հետեւել իր մարզական հյուրատան աշխատանքներին: Հրանուշն անմիջապես համաձայնվել է եւ արագ ըմբռնել այդ գործի նրբությունները: Մեկ տարի անց նա իրենց ավտոտնակը վերածել է մարզադահլիճի, որն այնուհետեւ ընդլայնվելովՙ ստեղծել է մարզական ճամբար: Այստեղ մեծ մրցույթներից առաջ ժամանակավորապես ապրել եւ մարզվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները: 1920-1930-ական թվականներին ԱՄՆ-ի սպորտային շրջանակներում հայտնի դարձած այդ ճամբարում մարզվել են տարբեր երկրների 90-ից ավելի նշանավոր մարզիկներ, որոնց մեջՙ Ջին Թանին, Բաթլինգ Սիքին, Փոլ Բերլենբախը, Միքի Ուոքերը, Պաոլինո Ուզդոմը, Պրիմո Կամերան, Ջեք Ջոնսոնը, Թո Լուիսը, Բադի եւ Մաքս Բեյերները, Ֆրեդի Քոչրանը, Ջեք Դեմփսին, Թոմի Ֆորը, Մաքս Շմելինգը - այլք: Այս երիտասարդ տղամարդիկ, որոնք իրենց հացը վաստակում էին քիթումռութ ջարդելով եւ որոնցից շատերն ունեին վայրագ մականուններ, չէին քաշվում իրենց բնակավայրի միակ կնոջՙ այդ կրթված անձնավորության, նախկին օպերային երգչուհու, սիրող կնոջ եւ մոր: Հրանուշը խիստ է եղել իր գործի մեջ, բայց մայրական հոգատարությամբ է վերաբերվել այդ կոշտուկոպիտ տղամարդկանց, որոնք նրան սիրով անվանել են Մադամ Բեյ, համարել են իրենց մայրը ու հնազանդվել են նրա հաստատած կարգուկանոնին: Նրանք չպետք է ալկոհոլ գործածեին, պիտի արթնանային ժամը վեցին, յոթին նախաճաշեին, հինգին ճաշեինՙ սնվելով Բեյերի տանը, որտեղ Հրանուշը պատրաստում էր տարբեր ժողովուրդների համեղ ուտեստներ, իսկ մնացած ժամերին զբաղվում էին մարզումներով: Մարզիկներին թույլատրված էր երբեմն գնալ Նյու Ջերսիի Սամիթ բնակավայրի թատրոնը, թուղթ խաղալ, ռադիո լսել եւ անգամ երգելՙ Մադամ Բեյի դաշնամուրի նվագակցությամբ: Արգելված էր հայհոյելը եւ «հյուրեր» (այսինքնՙ կանանց) ընդունելը: Ժամը տասին լույսերը մարում էին, բոլորը պարտավոր էին պառկել քնելու: «Հրաշալի կյանք էՙ ճանաչել այս ուժեղ տղաներին, հետեւել նրանց տրամադրությանը եւ փորձել առանց խանգարելու մայրություն անել նրանց»,- խոստովանել է Մադամ Բեյը: Նա սիրով մականուններ է տվել իր տղաներին, օրինակ Ջին Թանիին անվանել է «իմ հղկված զմրուխտ», իսկ Միքի Ուոքերինՙ «իմ առյուծասիրտ փոքրիկ Միքի»...

Մադամը երբեք չի գնացել դիտելու իր տղաների մենամարտերը, քանի որ չի դիմացել նրանց ծեծկռտուքների դաժան տեսարաններին: Լրագրողները, բռնցքամարտի մարզիչները, մարզական մենեջերները հաճախ էին այցելել «Մադամ Բեյի մարզական ճամբարը» (հայտնի որպես պարզապես «Բեյզ»)ՙ հասկանալու, թե ինչպես է գաղթական մի արեւելքցի կին կարողանում առանց ցնցումների իրականացնել այդ ոչ կնոջական գործը...

Սիդքի բեյը մահացել է 1937-ին, Մադամ Բեյըՙ 1942-ին, Մորիսթաունում (Նյու Ջերսի), սրտի կաթվածից, ընդամենը վաթսուն տարեկանում, որից հետո վերոհիշյալ Էհսան Քարադաղն է մեկ տասնամյակ շարունակել մարզական ճամբարի գործը:

2016-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Ջին Պանտալոնեի «Մադամ Բեյզ. բռնցքամարտիկների լեգենդների տունը» գիրքը: Այն աշխույժ պատումի եւ բազմաթիվ լուսանկարների միջոցով վերհանում է մարզաշխարհի մենեջմենթի եւ առհասարակ գործարար կանանց մեջ ռահվիրա հանդիսացած Հրանուշ Աղաջանյան Սիդքի Բեյի կամ պարզապես Մադամ Բեյի հետաքրքրաշարժ կյանքն ու գործունեությունը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.