AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 37. ՀԱՅՈՑ ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



ԸՆԴԴԵՄ ԲՈԼՈՐԻ

Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3279, Տպվել է` 482, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՂՊԱՏԻ ԵՎ ԱԼՅՈՒՄԻՆԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Պ.Ք.

ԱՄՆ-ի հակաչինական նոր մաքսատուրքերն ավելի շատ ուղղված են Եվրոպայի դեմ

Ալյումինի եւ պողպատի ներմուծման վրա ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերը ուղղված են գլխավորապես ՉԺՀ-ի, այլ ոչ թե Եվրոմիության դեմ, հավատացնում են Վաշինգտոնում: Պեկինում դրան առայժմ շատ հանգիստ են արձագանքում: Չինաստանը չի ձգտում ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմ սանձազերծել, սակայն արդեն դաշնակիցներ է փնտրում, առաջին հերթինՙ Եվրոպայում, գրում է գերմանական Der Spiegel շաբաթահանդեսը:

Թրամփը վստահ է, որ ինքը գիտե, թե ով է պատասխանատու ԱՄՆ-ում ներկայումս գոյություն ունեցող բարդությունների համար: Նա գտնում է, որ ՆԱՏՕ-ի գծով եվրոպական սնանկ դաշնակիցներից բացի դրանում մեղավոր է Չինաստանը: «Չինաստանը մեր թշնամին է, նա ուզում է մեզ ոչնչացնել», գրել էր Թրամփը իր Twitter-ում 2011-ի հուլիսին:

Պետության օժանդակությամբ արտադրվող չինական էժանագին ապրանքները հեղեղել են համաշխարհային շուկանՙ այնտեղից դուրս մղելով ԱՄՆ-ին: Թրամփի կարծիքով հարկավոր է վերջ դնել այդ վիճակին. խոսքը մասնավորապես պողպատի եւ ալյումինի մասին է: Արդեն իսկ պողպատի վրա սահմանվել է 25 տոկոս, ալյումինի վրաՙ 10 տոկոս հավելյալ մաքսատուրք:

Պեկինում բավական զուսպ արձագանքեցին: «Եթե բոլոր երկրները այդպես վարվեին, դա անկասկած լրջորեն կազդեր միջազգային առեւտրի վրա», հայտարարեց ՉԺՀ ԱԳՆ մամլո քարտուղար Հուա Չունինգը : ՉԺՀ ղեկավարությունը ԱՄՆ-ին հորդորեց կատարել Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջները, սակայն չխոսեց հնարավոր պատասխան միջոցառումների մասին:

Asia-Pacific Management Consulting-ի չին փորձագետի կարծիքովՙ Չինաստանը չի մասնակցի ԱՄՆ-ի դեմ ուղղված տնտեսական պատերազմին, քանի որ ներկայումս բավարար ուժեր չունի դրա համար: Փորձագետը նաեւ նշում է, որ Չինաստանի կայունությունը զգալի չափով պայմանավոված է տնտեսական աճի արագ տեմպերով, իսկ առեւտրական հակամարտույթունը միշտ վնասում է երկու կողմերին: Եթե հակամարտությունն անդրադառնա երկրի տնտեսական աճի վրա, ապա դա ճակատագրական կդառնա ՉԺՀ Կոմկուսի վրա:

Փորձագետի կարծիով, Չինաստանը ԱՄՆ քայլերին կարձագանքի ռազմավարական տեսանկյունից: Նրա խոսքերովՙ դրան կնպաստի դաշնակիցների որոնումը Եվրոպայում: Չինաստանն ակտիվացնում է ջանքերը Եվրոմիության հետ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման նպատակով եւ կձգտի մեկուսացնել ԱՄՆ-ին, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Դոնալդ Թրամփը:

Չինաստանից բացի, ԱՄՆ-ի դեմ առեւտրական պատերազմի է նախապատրաստվում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկը հանդիսացող Ճապոնիան, ինչպես նաեւ Կանադան: Ըստ որոշ փորձագետների, բարձր մաքսատուրքերից կտուժի նաեւ Ռուսաստանի տնտեսությունը:

Ի տարբերություն Չինաստանի, Եվրոմիությունը բավական կտրուկ հակազդեց նոր մաքսատուրքերին: Սակագնային նոր կարգավորման առնչությամբ հատկապես մտահոգ է Գերմանիան, քանի որ այդ երկրի արդյունաբերությունը սերտորեն կապված է ամերիկյան շուկաների հետ:

ԵՄ-ը արդեն հայտարարել է, որ եվրոպական արդյունաբերության պաշտպանության համար կձեռնարկվեն անչափ վճռական միջոցներ: Այդ մասին հայտարարեց Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը : Ռեգնում գործակալությունը տեղեկացնում է, որ Եվրոմիությունը արդեն քննարկում է այն արտադրանքների ցանկը, որոնց նկատմամբ եվրոպացիները կհաստատեն պատասխան միջոցներ: Դրանց թվում են Bourbon վիսկին, Harley Davidson մոտոցիկլետները, ինչպես նաեւ ԱՄՆ-ում աճեցված լոլիկն ու կարտոֆիլը:

Ժան Կլոդ Յունկերը ափսոսանք է հայտնել ամերիկացիների սահմանած նոր բարձր մաքսատուրքերի կապակցությամբ, որոնք ուղղված են ԱՄՆ-ի արդյունաբերության զարգացմանը, բայց չեն արդարացվում այդ երկրի ազգային անվտանգության տեսակետից: «Ներհովանավորությունը չի կարող մեր ընդհանուր խնդիրների պատասխանը լինել պողպատաձուլական արդյունաբերության մեջ: Լուծումներ առաջարկելու փոխարենՙ այդ քայլը կարող է միայն բարդացնել իրավիճակը: Տասնամյակներ շարունակ Եվրոմիությունը ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցն էր անվտանգության ասպարեզում: Մենք ձեռքներս ծալած չենք մնա, երբ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը սպառնում են եվրոպացիների հազարավոր աշխատատեղերի»:

Թրամփը նոր մաքսատուրքերը պատճառաբանում է 2017 թ. ապրիլից մինչեւ 2018-ի փետրվար ԱՄՆ առեւտրի նախարարության անցկացրած հետազոտության արդյունքներով: Նախարարությունը Թրամփին ներկայացրած հաշվետվության մեջ պնդում է, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման մեծ ծավալները սպառնում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը եւ առաջարկում է համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Սակայն Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփի բարձր մաքսատուրքերի իրական պատճառը պայքարն է մրցակից երկրների դեմ: Ազգային անվտանգության հետ կապված ամեն մի արդարացում շատ անհամոզիչ է: ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերովՙ երկրի պաշտպանական կարիքները կազմում են ԱՄՆ բյուջեի 3 տոկոսից ոչ ավելին, եւ հնարավոր է ձեռք բերել երկրի պաշտպանության համար անհրաժեշտ պողպատն ու ալյումինը:

Առեւտրի գծով եվրոհանձնակատար Սեսիլյա Մալմստրեմը նշում է, որ Եվրոմիությունը սովորաբար խուսափում է «առեւտրական պատերազմ» բառակապակցությունից եւ բացեիբաց չի խոսում պատասխան միջոցառումների մասին: Սակայն պողպատի դեպքում ԵՄ հակազդեցությունը շատ լուրջ կլինի:

ԱՄՆ-ի այդ ձեռնարկումները բացասական ազդեցություն կգործեն եվրոատլանտյան հարաբերությունների եւ համաշխարհային շուկաների վրա: Բացի դրանից, դրանք կավելացնեն ծախսերը եւ կսահմանափակեն պողպատ ու ալյումին օգտագործող ամերիկացիների ընտրությունը, ներառյալ այդ ապրանքները ներմուծող ճյուղերի հնարավորությունները:

ԱՄՆ-ին պողպատի խոշորագույն մատակարար Կանադան Թրամփի ձեռնակումը համարում է անընդունելի: Ավստրալիայի առեւտրի նախարար Սթիվեն Չիոբոն հիասթափություն է արտահայտել ամերիկյան բարձր մաքսատուրքերի կապակցությամբ եւ նշել է, որ իր երկիրն ուզում է զերծ մնալ մաքսատուրքերի վճարումից:

Այս պայմաններում Ռուսաստանը չափազանց զուսպ դիրք է բռնել: Փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ բարձր մաքսատուրքերից Ռուսաստանը, իհարկե, կտուժի, բայց պակաս չափով, քան Չինաստանն ու Եվրոմիությունը: Ռուսական ընկերությունների մեջ կարող են տուժել ԱՄՆ-ում ակտիվներ ունեցղ Evraz, ծխԾԽ եւ «Խողովակային մետալուրգիական ընկերությունը»: 2017 թ. Ռուսաստանը ԱՄՆ է արտահանել 2,5 մլն տոննա պողպատ, որը կազմում է երկրի պողպատաձուլական արտադրանքի 9 տոկոսը:

Համաշխարհային տնտեսության տեսանկյունիցՙ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Oxford Economics-ի փորձագետների կարծիքով, եթե ԱՄՆ-ը դուրս գա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտուց (NAFTA) եւ նոր սակագներ հաստատի Չինաստանից, Հարավային Կորեայից ու Տայվանից պողպատի ներմուծման վրա, ապա 2018 թ. համաշխարհային տնտեսական աճը կկազմի ընդամենը 2,5 տոկոսՙ ավելի վաղ կանխատեսված 3,2 տոկոսի փոխարեն: 2019 թ. համաշխարհային տնտեսական աճի տեմպերը է՛լ ավելի կդանդաղենՙ հասնելով 1,5 տոկոսի:

Մի շարք փորձագետներ նշում են հնարավոր բացասական հետեւանքները հենց ԱՄՆ-ի համար: Այսպես, Bloomberg-ի փորձագետ Ջուլիանա Լին ասում է, թե դեռ վաղ է դատողություններ անել, թե ով կտուժի պողպատի ներմուծման նոր սակագնից, բայց արդեն նկատելի է ԱՄՆ-ում նավթահանույթի տեմպերի դանդաղումը: Նրա կարծիքով, դրանից առավել շատ կշահեն Ռուսաստանը եւ ՕPEC-ի երկրները: «Ներկայիս դեպքերը պետք է ուրախացնեն Մոսկվային, Թեհրանին եւ Կարակասին»:

Խոսելով իր բարձր մաքսատուրքերին Երոմիության կտրուկ հակազդեցության մասին, Թրամփը սպառնացել է, որ «եթե եվրոպացիները հակամիջոցներ ձեռնարկեն ներմուծվող ամերիկյան ապրանքների դեմ, ապա ԱՄՆ-ը պարզապես հարկեր կսահմանի եվրոպական ավտոմեքենաների վրա, որոնք ներկայումս անարգել մուտք են գործում Ամերիկա: Եվրոպացիներն անհնարին են դարձնոմ մեր ավտոմեքենաների եւ այլ ապրանքների մուտքը եվրոպական շուկա»: Թրամփը իր երկրի եւ Եվրոմիության առեւտրական հարաբերությունները բնութագրել է որպես հսկայական անհավասարակշռություն:

ԱՄՆ-ի ու Եվրոմիության միջեւ հնարավոր առեւտական պատերազմի կապակցությամբ մտահոգություն է արտահայտել նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեվեդոն : Նրա խոսքերով, «առեւտրական պատերազմը չի համապատասխանում որեւէ երկրի շահերին»:

Թրամփի բարձր մաքսատուրքերը եւ ԵՄ պատասխան ներհովանավորիչ միջոցառումները կարող են նպաստել նաեւ եվրոպական վերնախավի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների սերտացմանը: Դա կարող է ազդել ինչպես Մոսկվա-Բրյուսել առեւտրատնտեսական հարաբերությունների, այնպես էլ միջպետական շփումների մակարդակի վրա, այդ թվումՙ Ռուսաստան-Գերմանիա-Ֆրանսիա եռանկյունու մեջ: Բացի դրանից, եվրոատլանտյան հարաբերությունների վատթարացումը եվրոպացիների շրջանում կարող է մեծացնել հետաքրքրությունը ինչպես ԵԱՏՄ-ի եւ BRICS-ի նման կազմակերպությունների, այնպես էլ Չինաստանի առաջարկած «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.