AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 3708, Տպվել է` 420, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԿԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները թռչում են. թվիթերով այս կարգի սպառնալիքներ գրող ղեկավարներին անգամ կարելի է խելագար համարել: Լավ է` չորեքշաբթի մի փոքր շունչ քաշեցինք, խելագարին համոզել են դեռ տնտղել` քիմիական զենք եղե՞լ է Սիրիայում, կամ եթե եղել է` Ասա՞դն է դա կիրառել, թե՞ նրա հակառակորդները` պղտորելով ջրերը եւ Թրամփին հակելով Սիրիային հարվածելուն: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը չորեքշաբթի երեկոյան հայտարարեց, թե ԱՄՆ-ը դեռ ուսումնասիրում է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցները: ԱՄՆ-ի հարվածը մի փոքր կուշանա երեւի կամ միգուցե Թրամփի փոխարեն մտածողները նրան կհասկացնեն, որ նա, այդպիսով, սպառնում է ողջ աշխարհին, համենայնդեպս` Թրամփը նոր գրառում է արել թվիթերում, թե հարձակման ժամկետ ինքը չի նշել: Այնպես որ` այս մի քանի օրն էլ կարելի է հանգիստ զբաղվել մեր ներքին ինտրիգների թելերը քաշողներով ու մեր ներսի մուկնուկատուով` մինչեւ տեսնենք: Դե իսկ եթե Թրամփը հարվածի Սիրիային, ու Ռուսաստանը պատասխանի, հետագա տարածաշրջանային Սոդոմ-Գոմորը բոլորս էլ պարկերացնում ենք, Հայաստանին նույնպես անհանգստությունների մեծ բաժին կհասնի: Արդեն իսկ 80 տոկոսով իրեն նորից ընտրված նախագահ հայտարարած Ալիեւով մեր ռազմասեր դրկիցի մշտական թրամփային ախորժակը երբեք չի փակվում, անգամ եթե ապրիլյան պատերազմը մի լավ քացախ էր դրա համար:

Դառնանք մեր ներքին պուճուր օրակարգին:

Հեքիաթին հյուր

Չնայած Հայաստանում գլխավոր թեման մնում է էլի վարչապետի խնդիրը, ու այդ պաշտոնում ՀՀԿ-ն արդեն ասել է, որ առաջադրում է Սերժ Սարգսյանին, ընդդիմության նիկոլփաշինյանական խումբը, նրան աջակցող մի շարք անհատներ եւ ուժեր էլ բողոքի երթ ու ցույցեր են անցկացնում` «Մերժիր Սերժին» կարգախոսով, բայց, միեւնույն է` մեր կարծիքով նախ արժի անդրադառնալ Հայաստանի նոր նախագահի պարագային: Երդմնակալությանն ու նրա վերաբերյալ հանրության հակասական զգացողությունների մասին չխոսենք, քանի որ ուզած թեմա Հայաստանում հիմա մի երկու օրում հնանում է: Սակայն որ հետաքրքրությունն Արմեն Սարգսյանի անձի շուրջ չի նվազում` սա փաստ է: Դա նախ արտահայտվում է ողջ աշխարհում առկա նրա բիզնեսների, Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության հակասականության մասին հրապարակումներով, ապա տարբեր շրջանակներից հնչող այն հույսով, որ ի վերջո Արմեն Սարգսյանը միգուցե կկարողանա Հայաստանում շարժել անշարժը, չնայած տարիներ տեւող անշարժությանը: Այնպես որ` նոր նախագահի գրասենյակից եկող լրահոսի հանդեպ այս օրերին հասարակությունը զգայուն է` մարդիկ փորձում են հետեւություններ անել նրա առաջին նշանակումներից, առաջին քայլերից: Ո՞ւմ է ընտրելու իր շրջապատ որպես Արմեն Սարգսյանը, կամ ի՞նչ քայլեր է նախաձեռնելու` դրանից կարելի է եզրակացնել, թե ուզո՞ւմ է նա փոխել ինչ- որ բան, թե անաղմուկ տեղավորվելու է արդեն եւ վաղուց հաստատված տնտեսաքաղաքական ստատուս-քվոյում: Առաջին հրամանագրերով նա իր խորհրդականներ է նշանակել դիվանագետի եւ գիտնականի, այսինքն` նախ կարեւորել է արտաքին դիվանագիտությունն ու առաջավոր գիտությունը: Հետո որոշել է, որ միլիոնուկեսից մի փոքր պակաս նախագահական աշխատավարձը տրամադրելու է բարեգործությանը, ու բացի այդ` ապրելու է մայրաքաղաքի իր տանը, ինչպես որ եվրոպացի շատ ղեկավարներ պաշտոնի անցնելուց հետո շարունակում են ապրել իրենց բնակարաններում (ի դեպ` այդպես վարվեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը): Եթե նկատի առնենք կառավարական կացարանի անհատույց եւ անհապաղ տրամադրումը Սերժ Սարգսյանին` զուգահեռները ծնվում են ինքնին: Արմեն Սարգսյանն ասում էր, թե նա առաջնորդելու է փոփոխություններն իր վարքով, միգուցե սա անհուսալի խեղաթյուրված բարքերով Հայաստանի դեպքում վստահություն չներշնչող, այդուհանդերձ` դեռ աշխատող արժեթո՞ւղթ է:

Բայց բարոյական դասերը հենց ամենից ավելի չեն ներվում Հայաստանում, այնպես որ մենք փոփոխությունների մեծ հույսեր չփայփայելով, ողջ հասարակությանը զուգահեռ, այնուամենայնիվ, դեռ հետեւենք Արմեն Սարգսյանի քայլերին`չշտապելով եզրակացություններ անել, ու նույնիսկ մեր կողմից էլ հանրությանը հեքիաթներին հավատալու առիթ տրամադրենք: Հեքիաթից զրկել հասարակությանն այս դժվարին ժամանակում, նշանակում է փակել նրա շնչելու օդը: Այնպես որ` մի հեքիաթ էլ մենք առաջարկենք:

Ասենք` կարող է Արմեն Սարգսյանը ոչ թե բարեգործություն անել, այլ հենց բիզնեսում իր հաջող պատմության մեջ անհրաժեշտ դրույթ բարեգործական ու կրթակազմակերպչական ծախսերը փոխատեղել առավել առարկայական ծախսով. նա միգուցե Հայաստանը դիտարկելով իր ապագա բիզնեսների ծաղկման վայր որպես` սկսի մի բան, որը կփրկի Հայաստանն ահռելի արտաքին պարտքից: Ահա, հասանք հեքիաթին`միգուցե նոր նախագահն իր անձնական բիզնեսների շահույթից մի շատուշատ կլորիկ գումար կզոհաբերի` ստեղծելով Հայաստանի պարտքի փակման հիմնադրամ, նրան անմիջապես կհետեւի Ռոբերտ Քոչարյանը` միջազգային գնահատականներով իր չորս միլիարդ դոլարի կես միլիարդը զոհաբերով, նույն կերպ կվարվեն Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք, ու մեկ էլ, ինչ իմանաս, հոպ, Հայաստանի արտաքին պարտքի յոթ միլիարդը կհավաքվի-կմարվի, մեր երկիրը կկարողանա իր կյանքը մաքուր էջից նորից սկսել: Իսկ Հայաստանին փրկած գործարարներն էլ կդառնան հայերի աչքի լույսը, բնականաբար` նրանց բիզնեսները կծաղկեն հենց Հայաստանում, ու զոհաբերած ֆինանսները տասնապատիկով կվերադառնան նրանց: Այ, սա կլինի բարեգործություն, սա կլինի սեփական երկրի փրկություն:

Բիզնեսը, ճիշտ է, հայրենիք չունի, բայց հայրենիքը բիզնեսին պետք է, եթե այնտեղից ուզում ես շահույթ ստանալ: Իսկ բարեգործության անվան տակ մսխվող գումարներն ընդհանուր հաշվով ոչինչ չեն փոխում մեր կյանքում:

Գունավոր խորհրդարան

Այս շաբաթ ինչ-որ պահի մեր խորհրդարանի ներսում դեղնականաչ էր` «Ելքի» նիկոլփաշինյանական թեւի ներկայացուցիչները որպես պայքարի միջոց գունավոր նյութ արձակող ձողիկներ էին այրել, բա: Դե որ Թրամփը թվիթերով պատերազմ հայտարարի, մերոնք էլ գունավոր գազ կլցնեն խորհրդարանի դահլիճում, էլի, աշխարհը փոխվում է, հո անշարժ չի: Հետն էլ մի նոր առիթ ստեղծվեց` «Ելքի» երկու թեւերի միջով մանեւրող սեւ կատվի համար` մարուքյանականները նեղվել էին, որ իրենց ակցիայի մասին չեն ասել ու անակնկալի են բերել հենց ԱԺ դահլիճում: Խորհրդարանի փոքրիկ ընդդիմությունը ձեռքից գնում է, վերջնականապես:

Այս շաբաթ խորհրդարանում մի տարօրինակ բան էլ է կատարվել` առաջին ընթերցում է անցել «Դեղերի մասին» օրենքի այն լրացումը, որով բժշկական հաստատություններին, ու նախ` հիվանդանոցներին իրավունք է վերպահվում ստացիոնար բուժման համար անհրաժեշտ դեղերը ներկրել (այ քեզ բան` հիմա հիվանդանոցը բուժհիմնարկ է, թե՞ բիզնես կառույց): Ի դեպ` սա նախաձեռնել են խորհրդարանականները, ԱԺ բժիշկ-խոսնակ Արա Բաբլոյանի հովանավորությամբ, իսկ կառավարությունը դեմ է եղել դրան: Իհարկե կյանքը, եւ մեր`հիվանդանոցներում հիվանդներին ներկայացող նոր փորձությունները ցույց կտան այս օրինագծի օգտակարությունը կամ վնասակարությունը շարքային հիվանդի համար, որը, նաեւ խորհրդարանականներից ոմանք էին այդպես արտահայտվում, այդպիսով դառնալու է հիվանդանոցի եւ նրա պարտադրած դեղերի պատանդը: Կամ գուցե իրոք տեղ կգտնի օրինագծի հեղինակների այն ենթադրությունը, թե մրցակցություն կլինի, դեղերը կէժանանան` հիմա ընդամենը հինգ-վեց ներկրողների մոնոպոլիա է: Իսկ մենք ընդամենն արձանագրենք հերթական զարմանալի իրավիճակը, երբ ձախ ձեռքը չգիտի, թե ինչով է զբաղված աջը (ձախը կառավարությունն է, աջը` ԱԺ-ն):

Իսկ ավելի կարեւոր իրադարձությունն ԱԺ-ում, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի քննարկումն ու վավերացումն էր, որը հավանաբար շուտով կառնչվի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքին (հունիսի 1-ից): Խնդիր չդնելով այստեղ նորից խորանալ 3000 էջ պարունակող համաձայնագրի դրույթների մեջ, ասենք, որ մոտակա ամիսների ընթացքում, երբ ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես վավերացնեն համաձայնագիրը, միգուցե մարմին ստանա հայերիս երազանքներից մեկը` առանց վիզայի եվրոպական երկրներ այցելելու վերաբերյալ: Ճիշտ է, այդ ուղղությամբ բանակցություններն անհարթ չեն, եվրոպական կողմին անհանգստացնում է այլ` երրորդ կողմի համար Հայաստանով Եվրոպա տարանցիկ միջանցք առաջանալու պարագան: Հայերս էլ ունենք այս դեպքում զանգվածաբար Եվրոպա մեկնել-չվերադառնալու հեռանկարը, որ կրկնվել է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի դեպքում, սակայն բոլոր պարագաներում սա անդարձելի վիճակ է, ու դրական լույսն այս ուղղությամբ բացասականից շատ է:

Հայկական կողմի պատրաստած Խղճի ազատության օրենքի մերժումը եվրոպական պատասխանատուների կողմից եւս մտահոգիչ եւ մեր ներքին խնդիրներին խառնվելու ոչ դրական դիպված է, սա էլ դեռ համաձայնագրի բերած հակասությունների համատեքստում է, ինչպես ուրիշ մանր-մունր խնդիրներ, որոնք բազմած են համաձայնագրի տարբեր տողատակերում: Սակայն տնտեսական հեռանկարի, Հայաստանը կոռուպցիայից գոնե մասամբ ազատելու, մեր երկրի բոլոր ոլորտներում արմատական փոփոխություններ իրականացնելու հնարավորության առումով գոնե դրական սպասում Հայաստան-ԵՄ համաձայնագրից կա:

Ուրիշ բան, ինչպես խորհրդարանում իշխանության ընդդիմախոսներն էին վախենում, ամեն ինչ կարող է վերջանալ միայն թղթերով կամ տնտեսական ներդրումների, տնտեսական ենթակառուցվածքները զարգացնող ծրագրեր ֆինանսավորելու փոխարեն`գուցե Հայաստանը հեղեղվի մեր կյանքին խորթ բարքերը քարոզելու համար նախատեսված ահռելի գրանտային գումարներով: Եւ իշխանությունն էլ կամք չդրսեւորի կոռուպցիայի ողնաշարը կոտրելու, ինչպես որ Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էր մտահոգվում: Բայց ճանապարհը սա է, բացի այդ` հավասիացում կա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից` ողնաշարներ կոտրվելու են: Եթե, իհարկե, խոսքը շարքային հայերիս ողնաշարներին չի վերաբերում:

Մի խոսքով` արդեն ունենք վավերացրած մի թուղթ, որով պետք է Հայաստանում իբր տեղի ունենա այն բոլորը, որին միշտ խոչընդոտել է ներկայիս իշխանական համակարգը: Գումարած, որ ատոմակայանի ճակատագիրն է անորոշ դառնում, Ադրբեջան-ԵՄ կնքվելիք համաձայնագրով Արցախին սպառնացող դրույթ կարող է ամրագրվել` հակամարտությունների կարգավորման Ադրբեջանին հարմար ձեւակերպում ներառելով, չնայած եվրոպական տարատեսակ հավաստիացումներին, որ այդպիսի բան չի լինի:

Բոլոր դեպքերում գնացքը ճանապարհ է ընկել, գնացքն ընդունող կայարանների պատրաստությունը մեզանից է կախված:

Միակը

Իսկ ԱԺ գունավոր ակցիայի բուն հասցեատերը` Սերժ Սարգսյանն անդրդվելի է, նա ՀՀԿ-ի միակ թեկնածուն է վարչապետի պաշտոնի համար: Թեեւ, մենք, այնուամենայնիվ, մտածում էինք, թե քաղաքական գործչի փորձառությունն ու լավ շախմատ խաղացող մարդու նրա ներքին ձայնը պիտի նրան հակեին տասնամյա կառավարումից հետո արժանապատվորեն հանգստի մեկնելու տարբերակին, քանի որ Հայաստանի դժվարությունների մի նոր, աշխարհաքաղաքական ու տնտեսական մարտահրավերների առումով աննախադեպ փուլ է սկսվում, որի պարագայում որեւէ ղեկավար, այն էլ տասն տարի ղեկավարածը եւ բնակչության զգալի շերտի դծգոհությանն արժանացածը, դժվար դիմանա: Բայց հավանաբար լրագրողի տրամաբանությունն այլ է, տնտեսական լծակներով հավասարակշռված ու ներքին պայմանավորվածություններով կառավարվող կառուցվածք-իշխանության տրամաբանությունն` այլ. Սերժ Սարգսյանը որոշել է մնալ` մեզանից ու բոլորից լավ իմանալով, որ դա իրեն դժվարությունից բացի այլ բան չի բերելու: Կամ`վստահելի անձանց չի տեսել այդ պաշտոնի համար, կամ` մոտակա ամիսների ու տարեվերջի համար պահեստային սցենար ունի:

Այս շաբաթ օրը ՀՀԿ խորհուրդը պաշտոնապես կներկայացնի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ արդեն երեքշաբթի` ապրիլի 17-ին Ազգային ժողովը նրան կընտրի այդ պաշտոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.