AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 2743, Տպվել է` 398, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՎԱՑՅԱԼ ԱՊԱՏԻԱ

ՆԱԻՐ ՅԱՆ

Սովորական ապրիլի 9 է. Կիեւյան կամրջով սովորականի նման առօյա երթեւեկություն է: Մարզահամերգային համալիրի շրջակայքը մարդաշատ է, իսկ ոստիկանները սովորականից շատ են: Երթուղային տաքսու վարորդը մի հայացք գցեց համալիրի կողմն ու դարձավ ուղեւորներին. «Ժողովուրդ, թազա նախագահը երդվեց-պրծավ. 100 դրամը տալիս սուսուփուս իջնում եք. գոնե մի հատ ասեքՙ շնորհավոր»: Կողքին նստած միջին տարիքի տղամարդը վրա բերեց. «Ուստա ջան, ի՞նչ թազա նախագահ, մատրյոշկի սիստեմով կառուցված իշխանություն ունենքՙ մեկը մյուսի միջից է դուրս գալիս, բայց մեկ էՙ բոլորն էլ գլխավորի մեջ են հավաքված, գլխավորի մեջ են մտած էլի: ...Պահի, պահի, իջնեմ, ուստա ջան, դե թազա նախագահդ շնորհավոր»:

Վարորդն իրեն-իրեն շարունակեց. «Այ ախպեր, ես դպրոցում լավ չեմ սովորել, մի առարկա եմ սիրել մենակՙ մեր պատմությունը: Ու գիտեմ, որ թագավորական 4 դինաստիա ենք ունեցել: 5-րդն էլ մեր օրերում ստեղծվեց, մեր աչքի առաջ. վա՞տ է: Քանի՜ դար հետոՙ նոր դինաստիա. ժողովուրդ ջան, շնորհավոր հայոց թագավորական 5-րդ դինաստիա»: Վարորդի պատմական էքսկուրսը երթուղայինն աշխուժացրեց: Մարդիկ զսպված ժպիտ ու ծիծաղ փոխանակեցին: Վարորդը շարունակեց. «էն 4 դինաստիաներից խելքս էդքան էլ չի հասնում, բայց 5-րդի մասին մի բան հաստատ գիտեմՙ սրա սերմը ցանովի էՙ բազմամյա»: Ասաց, խոր հոգոց հանեց ու մինչեւ վերջին կանգառ էլ բան չխոսեց: Մի բան հստակ նկատելի էրՙ այն, ինչ կատարվում էր մարզահամերգային համալիրում, մարզահամերգային համալիրից դուրս գտնվող տարածքի, մթնոլորտի, կյանքի ու աշխարհի հետ ոչ օրգանական, ոչ անօրգանական որեւէ կապ չուներ: Մարդիկ Կիեւյանից այն կողմ նայում էին օտարվածի աչքերով:

Նոր նախագահ, վարչապետ, լուծարված կառավարություն, Ազգային Ժողով, Նիկոլ Փաշինյանի, մյուս ընդդիմադիր համարվողների ցույցեր ու բողոքներ. քաղաքական տարբեր շրջանակներում, նաեւ մտավորականության մեջ այս օրերի իրադարձությունները քննարկման, կարծիքների փոխանակման թեմա դարձան:

Դավիթ Գասպարյան (գրականագետ)- Քաղաքական փոփոխություններն այլեւս ժողովրդի մեջ փոփոխութունների հույսեր չեն ծնում: Երեխա, թե մեծՙ իրենց համար հստակեցրել ենՙ ամեն ինչ վերարտադրվում է: Ունենք նոր նախագահ, բայց երկրի իշխանությունները չեն փոխվում: Այդպես եղել է անկախությունից սկսած, այդպես շարունակվում է հիմա: Ինչքան էլ ասենք, թե պատերազմող, շրջափակված երկիր ենք, ինչքան էլ արդարացումների համար պատճառներ բռնենք, երկիրը գերակա խնդիրներ պիտի դրած լինի իր առջեւ: Նախՙ պետք է տնտեսություն ունենա, պետք է արտագաղթի դեմն առնի: Իսկ դրա համար պետք է ունենա ազգային ծրագիր: Դպրոցներ բացելու փոխարեն, դպրոցները փակում ենք, համայնքները շատացնելու փոխարեն, համայնքներ ենք միացնում: Մինչեւ մեր իշխանությունները դեմքով շուռ չգան դեպի ժողովուրդը, ոչինչ չի փոխվի: Մեր աննման ժողովրդին վայել չէ այս ապրելակերպը: Մի կողմում ծաղկող հարստություն, պալատներ, քաղաքական ռոմանտիզմ, մյուս կողմումՙ իրական թշվառություն, անկում, հուսահատություն, ամեն օր սահմանից ծանր լուրՙ զոհվել էՙ անուն-ազգանուն-հայրանուն, ցավակցում ենք: Ընդամենը: Մինչեւ ե՞րբ, ո՞վ պիտի պատասխան տա սրա համար:

Ռազմիկ Դավոյան (բանաստեղծ)- Անցած 10 տարիներին անուրանալի ձեռբերումներ ենք ունեցել: Սերժ Սարգսյանի ուշադրությունը գլխավորապես սեւեռած է եղել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը: Հայաստանը դարձավ ցեղասպանության դեմ պայքարի դրոշակակիր: Հռոմի Պապի պատարագն ահռելի երեւույթ էր, որ եղավ Սփյուռքի կրոնական կազմակերպությունների ու Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Կազմավորվեց մեր բանակը, որ կարեւորագույն ձեռքբերում էր: Հրաշալի կարգախոս ունենցանքՙ ազգ-բանակ, հրաշալի է նաեւ այն, որ գյուղատնտեսությունը եւս մեր իշխանությունները հռչակել ենՙ որպես առաջնահերթություն: Սրանք իրագործելու համար մեխանիզմներ են պետք: Սերժ Սարգսյանն այսուհետեւ ունենալով ԱԺ-ի ընկերակցությունըՙ կարող է կառավարությունը կարգի բերել: Ես հավատում եմ եւ վստահում եմ:

Ֆերդինանտ Առաքելյան (քանդակագործ)- Իշխանության ու ժողովրդի մեջ կարմիր գիծ է քաշվելՙ անջրպետ: Ժողովուրդը պիտի սիրի իշխանությանը, իշխանությունը պետք է սիրի ժողովրդին. սա ամենակարեւոր նախապայմանն է: Ահագնանում է արտագաղթը. իսկ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում, որովեհեւ աշխատանք չունեն: Բայց պիտի հույս ունենանք, որ իշխանության օղակում տեղի ունեցող փոփոխությունները պետք է դրական փոփոխություններ բերեն. հույս ունենանք, որովհետեւ սրանից վատ այլեւ չի կարող լինել: Ոչ մի բարդ բան չկա, որ մեր երկիրն իդեալական դառնա. ունենք աշխատասեր ժողովուրդ, ղեկավարները պետք է լավը լինեն ու վերջ:

Սարգիս Բաղդասարյան (ուսանող)- Ես Ռուսաստանում եմ ծնվել: Ինչո՞ւ եմ ծննդավայրս նշում, որովհետեւ 90-ականներին հայրս ու մայրս ամուսնացել են, մեկնել Ռուսաստանՙ արտագնա աշխատանքի. այնտեղ էլ ես ու քույրս ծնվել ենք: Հետո մորս հետ տեղափոխվել ենք Հայաստան, հայրս էլի մնացել է Ռուսաստանում: Ես Լոռիից եմ. մեր գյուղում համարյա մարդ չկա, մենակ ծերերն են մնացել: Գյուղն էլ Վրաստանին կպած է, եթե դատարկվի, վրացիներն են տիրանալու գյուղին էլ, մեր եկեղեցուն էլ. առանց այդ էլ նրանք հայտարարում են, թե Քոբայրավանքը քաղկեդոնական է: Կասե՞քՙ ինչու ենք ես ու քույրս Ռուսատանում ծնվել: Կասե՞քՙ ինչու պետք է հայրս ու մայրս չարքաշ աշխատանքով մեզ Ռուսատանում պահեն, մինչեւ հիմա էլ ընտանիքս Ռուսաստանից ուղարկած փողերով ապրի, բայց ես հայկական բանակում ծառայեմ: Հորս ուղարկած փողերով տարեկան համարյա 1 միլիոն դրամ ուսման վարձ եմ փակում: Ուսումս ավարտեմ, գնալու եմ Ռուսաստանՙ հորս մոտ: Այս ամենը ձեզ պատմում եմ, որ վերջում ասեմՙ ինձ համար միեւնույն է, թե ով կլինի Հայաստանի նախագահը, ով կլինի վարչապետը: Ես քաղաքագիտություն եմ ուսանում ու քաղաքագիտության լեզվով ասածՙ մեր ժողովրդի քաղաքական դատապարտման վերջնագիրը ստորագրված է:

Էլեն Դավթյան (մանկապարտեզի դաստիարակչուհի)- Հիմա ինձ հարցնում եք, թե ինչ կարծիք ունեմ մեր երկրի իշխանական թեւում կատարվող փոփոխությունների մասին. ասեմՙ շատ չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ: Նոր նախագահի հետ մեծ հույսեր չեմ կապում, որովհետեւ որքան գիտեմ, նա Սերժ Սարգսյանի մարդն է, բնական է, նրան էլ պիտի լսի ու ենթարկվի: Իսկ ընդհանրապես ապագայի, ավելի ճիշտՙ լավ ապագայի հետ առանձնապես հույսեր չեմ կապում: Երեխաներս դրսում են, ես ու ամուսինս էլ աշխատում-ապրում ենք: Այ եթե երեխեքս այստեղ լինեին, ես այսքան հանգիստ չէի խոսի: Մի բան ասեմ. մանկապարտեզը մեր երկրի մանրակերտն է: Գիտե՞քՙ օրական քանի՜-քանի աննորմալ պատմություններ ենք լսում երեխաներիցՙ իրենց ընտանիքների մասին: Բաժանություններն են շատացել, երեխաների հայրերը երկրում չեն, ծայրահեղ աղքատ ու շատ հարուստ ընտանիքներ կան: Պատկերացնո՞ւմ եքՙ երեխաներ ունենք, որոնք մանկապարտեզում են տաք ճաշ ուտում, շաբաթ-կիրակի սոված են մնում: Էլ ի՞նչ ասեմ սրանից ավել:

Նկարիչ , որն իր անուն-ազգանունը չասաց- Ոչ թե վախենում եմ, դրա համար չեմ անունս ասում, այլ անդեմ, աննկարագիր մարդ եմ դարձել: Չնկարել չեմ կարող. ձեռքերս այրվում, քոր են գալիս, երբ չեմ նկարում: Բայց այն էլ ասեմ, որ մեր երկրում ամենաողբերգական վիճակում նկարիչներն են հայտնվել: Գրողի գիրքը շատ-քիչ վաճառվում է, դերասանը մեկումեջ գործ ունի, ռեժիսորն էլ. շատ վատ վիճակում են նաեւ կոմպոզիտորները: Մեր գործերը չեն առնում: Վերջին նկարս 10 տարի առաջ եմ վաճառել: Տղաս ու հարսս որ դրսից չօգնեն, ազնվությամբ եմ ասումՙ սովամահ կլինեմ: Ինչ որ մեր երկրում կատարվում է, այս անպատժելիության, անարխիայի մեղավորը մենք ենք, մեկըՙ ես: Ժամանակին, երբ ընդդիմությունն ընդդիմության նման էր ու ոտքի էր հանում ժողովրդին, չմիավորվեցինք, հիմա էսօրվա ընդդիմությունը եթե փայտով ինձ տանիցս հանի, միտինգի տանի, չեմ գնա: Որովհետեւ գիտեմ, որ դերասանություն են անում. բոլորն էլ իշխանությունների գրպանից են դուրս եկել: Աչքս էլ չեմ ճպպացրել, թե ով կլինի Հայաստանի նախագահը, վարչապետը, կառավարության կազմում ովքեր կլինեն: Ամեն բան վերջացել է, հույս ունենալու համար հույս էլ չունենք ախր:

Արթուր Ապրեսյան (համակարգչային օպերատոր)- Այսօր կարդացի, որ Արտաշես Գեղամյանը նոր նախագահի երդման օրն անվանել է սուրբ օր: Ասել է, որ սուրբ է նաեւ այն օրը, երբ ԱԺ-ը Սերժ Սարգսյանին վարչապետ կընտրի: Աշխատանքի տեղը կարդացինք, ահագին ծիծաղեցինք, բայց իրականում լաց լինելու բան է: Ժամանակին Գեղամյանը մոլի ընդդիմադիր էր, կուրծք էր ծեծում, ամբիոններից իշխանությունների ալան-թալանի մասին վկայող խոսուն թվեր ասում: Գիտե՞ք ինչն է սարսափելի, որ մարդիկ խոսելու, բողոքելու, պայքարելու, ընդդիմանալու ցանկություն չունեն: Ապատիայի մեջ են, մի տեսակ ընդարմացած, լուռ, անկենդան, անժպիտ: Բոլորը բացակա են: 2,5 միլիոն մարդ իր երկրում է, բայց բացակա, հայացքըՙ դուրս: Բողոքելու, չլռելու իմաստ չեն տեսնում. միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, էլ ինչի՞ համար խոսեն ու բողոքեն: Գիտեինք, որ ընտրություններն էլ են ձեւական, կեղծված: Բայց ժողովուրդը ինչ-որ տեղ, ինչ-որ պահի իրեն կարեւորված էր զգումՙ թեկուզ որպես ընտրազանգված: Ձեւական ընտրություններն էլ օրենքով վերացրին, ժողովուրդն ո՞վ է, որ ձայնի իրավունք ունենա, նախագահ ընտրի: Մի խոսքովՙ մեր օդերը վերջնականապես փակել են, պլոմբն էլ վրան դրել: Չես ուզո՞ւմՙ բարի ճանապարհ: Էսքան բան:

Հասարակաության մեջ տիրող մթնոլորտը, տրամադրությունները միասեռ ու միատարր են: Ակներեւ էՙ նույն հասարակության ներսում ինչ-որ կուտակումներ են եռում: Միայն արտաքուստ է թվում, թե ժողովուրդը լուռ է, համակերպված ու հանդուրժող: Իրականում այսպես տրամաբանող, իր կյանքը, շրջապատը, երկիրն այսպես վերլուծող հասարակության համար ոչինչ էլ միեւնույն չէ: Նա ուղղակի սպասում էՙ մինչեւ ուր են ձգվելու իշխանության ձեռքերը, է՞լ ինչքան է բացվելու նրա ախորժակը, սեփական ժողովրդի հանդեպ ատելությունն ու արհամարհանքն ուր են հասնելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.