AZG Daily #27, 14-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 12. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԲԱԽՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



IT ՈԼՈՐՏ

Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 5151, Տպվել է` 381, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Կ. ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՐՄԱԹ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ»

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Հայաստանում IT ոլորտը պաշտոնապես համարվում է առաջնային: Արդյոք դա այդպես է, եւ ինչպես են այդ ոլորտի մասնագետները գնահատում իրավիճակը: Հայաստանի դպրոցներում Արմաթ (Armath) լաբորատորիաների գործարկման ծրագրի շուրջ առաջացել են խնդիրներ եւ այդ հարցի պարզաբանման համար զրուցել ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի ղեկավար

Կարեն Վարդանյանի հետ, որ սոցիալական ցանցերով դիմել էր հանրությանը` խնդրելով օգնել Արմաթ լաբորատորիաների ուսուցիչների աշխատավարձերի հանգանակման հարցով:


- Պարոն Վարդանյան, կարո՞ղ եք մեկնաբանել Արմաթ լաբորատորիաների շուրջ ստեղծված իրավիճակը եւ ինչու եք այս հարցում դիմել հանրությանը, քանի որ հայտնի է, որ կար համաձայնություն նախկին կառավարության հետ եւ, ինչպես հասկանում եմ, այն փաստորեն չի գործում: Կարո՞ղ եք ասել, թե որ պահից սկսած նոր կառավարությունը հրաժարվեց օգնել ձեզ:

- Կարելի է ասել` հենց առաջին րոպեից, որովհետեւ հենց սկզբից մենք կառավարությանը դիմել էինք այդ խնդրով, ու նաեւ բոլոր այն խնդիրներով, որոնք կան ոլորտի զարգացման շուրջ: Նախորդ կառավարության հետ մենք հուշագիր ստորագրեցինք եւ կար բանավոր պայմանավորվածություն, որ որքան լաբորատորիա սարքենք` դասատուների, խմբակավարների աշխատավարձը կապահովի: Այդ պահին մենք ունեինք 160 լաբորատորիա, եւ դրանց ուսուցիչների աշխատավարձը հաշվարկվել էր տարեկան մոտ 120 միլիոն դրամ: Մենք այսօր 160-ին գումարել ենք եւս 65 խմբակ, ու դրանց աշխատավարձը հարցականի տակ է ու ստիպված ենք մեր միջոցներից օգնել, բայց դա մեզ ֆինանսապես մաշում է, կարող է նույնիսկ սնանկացնել:

Խնդիրները առաջացան այն պահից սկսած, երբ մենք Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասացինք, որ իր փոխվարչապետը միջազգային կառույցների հետ բանակցությունների ժամանակ առաջին հերթին սակարկում է IT ոլորտի շահերը: Սա արդեն երկրորդ դեպքն է, մեկը` «դեմ եմ»-ի շարժումն էր, հիշո՞ւմ եքՙ կենսաթոշակայինի հետ կապված, իսկ երկրորդը` ընդունվել է հարկային օրենսդրություն եւ էլի նույնըՙ սպիտակ դաշտում աշխատող եւ բարձր աշխատավարձ ստացողների հարկերը 10%-ով ավելացել էր, եւ մենք բանակցությունների ժամանակ խնդրեցինք, որ այդ պաշտոնյային չուղարկեն մեր շահերի հետ կապված բանակցությունների, որովհետեւ նա փոխանակ օլիգարխներինՙ սեւ դաշտում աշխատողներին բերի օրենքի դաշտ, IT ոլորտին է վնաս հասցնում մեզ ստիպելով գնալ ստվեր: Եվ պարզվում է, որ այդ ժամանակվանից կառավարության ղեկավարը չի սիրում, որ իր հետ ուղիղ են խոսում, տղամարդավարի, եւ, հնարավոր է, որ դա էր պատճառը նաեւ, որ տուժեց մեր Արմաթ ծրագիրը: Գուցե, չգիտեմ, ինձ մոտ այդ տպավորութունը կա, քանի որ իրենք ենթարկվում են միջազգային ֆինանսական կառույցներին Հայաստանի ապագայի առումով:

- Եթե կարելի է, մի փոքր ավելի մանրամասն խոսենք բուն Արմաթ ծրագրի մասին. ի՞նչ է դա եւ որո՞նք են նրա առավելությունները, հեռանկարները ՀՀ-ի համար:

- Արմաթը կոմպլեքս ինժեներական լաբորատորիա է, որը միաժամանակ մի քանի տարբեր գիտելիքներ է տալիսՙ իրար հետ փոխկապակցված: Խոսքը վերաբերում է ծրագրավորման, ռոբոտաշինության, եռաչափ մոդելավորմանը, ինքնուրույն տարբեր էլեկտրոնային սարքերի մասով, եւ այդ գիտելիքների հետ միասին Արմաթ լաբորատորիայի մեջ կան գործիքներ, որոնցով կարելի է ռեալիզացնել ե՛ւ համակարգչային, ե՛ւ կոնստրուկտորական լուծումներ, եռաչափ տպիչ կա եւ SNS մեքենա, կա նաեւ ֆրեզերային հաստոց, եւ երեխաները սովորում են: Ինչի համար է այդպես ընտրված. խնդիրն այն է, որ այսօր աշխարհում կա մոտավորապես 3 միլիոն թափուր աշխատատեղ IT ոլորտում, եւ շատ երկրներ են կռվում, որ այդ 3 միլիոնը բերեն իրենց երկիր: Սակայն այդ 3 միլիոն աշխատատեղերը համասեռ գործեր չեն. դրա ամենամեծ մասը սովորական կոդավորում է, իսկ 20 տոկոսըՙ բարդ ինժեներական կոմպլեքս խնդիրներ: Օրինակ, հիմա կա շատ զարգացած ինտերնետ օֆ թինգ (Internet of Things-IoT) ծրագիրը, որով, օրինակ, ինտերնետով կարող եք կարգավորել ոչ միայն տան սառնարանի աշխատանքը, այլեւ ջուրը, օդափոխումը, լույսը ձեր բնակարանում եւ այլն: Հիմա ինտերնետով կարելի է կարգավորել նաեւ աշխատանքը գործարանում, ինչը բավականին բարդ ինժեներական կոմպլեքս խնդիրների լուծում է պահանջում: Այդ ոլորտը հիմա ամենաարագ զարգացողներից է եւ այն պահանջում է ինժեներական կոմպլեքս գիտելիք, եւ միայն ծրագրավորմամբ դրանից չես պրծնի. ե՛ւ ցանց պիտի իմանաս, ե՛ւ ծրագրավորում, ե՛ւ էլեկտրոնիկա, ե՛ւ ինչ-որ կառավարում, որի տեխնոլոգիան պետք է իմանաս:

- Այսինքն կարող ենք ասել, որ Արմաթը ապագային ուղղված գիտելիքներ եւ լուծումներ է առաջարկում:

- Այո, ինչո՞ւ է հենց այս ուղղությունը մեզ համար հրապուրիչ: Բանը նրանում է, որ կոմպլեքս ինժեներական լուծումները չեն ենթարկվում արհեստական բանականությամբ լուծման, իսկ մյուս ծրագրավորման հարցերը ենթարկվում են, եւ կա կարծիք, որ առաջիկա մի քանի տարիներին, օրինակ, Հնդկաստանը, որը ծրագրավորման հզոր երկիր է, մի 30-40 տոկոս կորուստ կունենա, որովհետեւ իրենք հենց այդ պարզ հատվածի վրա են աշխատում, որը արհեստական բանականությունը ինքը կարող է ավտոմատ անել: Դրա համար մենք գնում ենք ավելի բարդ սխեմայով եւ դրա պրոեկցիան Արմաթ լաբորատորիաներն են: Այսինքն, բարդ մտածողություն, կոմպլեքս մտածողություն, երկրորդըՙ գործիքակազմն է: Ինչու ենք այդ գործիքակազմը վերցրել: Երեխաները սկսում են ամենապարզից, որը կոչվում է Սքրեչ (Scratch) ծրագիր, որը մենք թարգմանել ենք հայերեն եւ ձեւափոխելով կոչել ենք Աղվես: Դա տալիս է պատկերացում զուգահեռ ծրագրավորման մասին, երբ պրոցեսները զուգահեռ են գնում, կատարվում են շատ ավելի արագ, որի մասին ոչ մի համալսարան գիտելիք չի տալիս ոչ միայն մեր երկրում, այլեւ դրսում, շատ քիչ տեսական նյութ կա, երեխաները տեսնում են, թե ոնց է զուգահեռ ծրագրավորումը աշխատում:

Մյուս գործիքը ռոբոտներն են: Գիտեք, այսօր ամբողջ կյանքը գնում է դեպի ավտոնոմ սարքավորումներ. դա անօդաչու թռչող սարքերն են, տաքսիներն են, Տեսլա-ի (Tesla) անվարորդ մեքենաներ են- այսօր բոլոր ավտոարտադրողները դա անում են եւայլն: Դրա համար ռոբոտաշինությունը դրա մեջ կա:

Մյուս խնդիրը: Ենթադրվում է, որ մոտակա 10 տարիներին Չինաստանից եկող ապրանքները պակասելու են, որովհետեւ եռաչափ տպող սարքերը զարգանալու են եւ մարդուն, օրինակ, եթե պետք է բաժակը, ապա նա այն տպելու է, այլ ոչ թե սպասելու է, թե երբ է գալու Չինաստանից: Օրինակ մեր երեխաները, եթե ինչ-որ մաս փչանում է, այլեւս նորը չեն առնում, այլ այն տպում են ու տեղադրում համապատասխան սարքում: Օրինակ, բռիլոկներ են տպում մեր Սեւանի խմբակում եւ այն վաճառում են, եւ դա նաեւ ծնողների մտայնությունն է փոխում. եթե մինչ այդ ծնողը մտածում էր երեխան հաշվապահ կամ իրավաբան դառնա, հիմա այլ բան է մտածում: Մենք նաեւ երեխաներին սովորեցնում ենք էլեկտրական սարքեր պատրաստել: Ունենք SNS ու ֆրեզերային հաստոցներ: Այսօր աշխարհը գնում է բազմաչափ գործիքերի ստեղծման, հիմա արդեն 7 չափանոց գործիքներ կան եւ այլն: Ու այս գործիքակազմը մտածված է, իրար հետ կապված է եւ կարեւոր է, որ այն բաց ծրագրավորման կոդով է աշխատում, որ երկիրը չդառնա մեծ ընկերությունների գերին: Այդ պատճառով մենք հրաժարվեցինք մեր լաբորատորիաներում Լեգո-ի կիրառումից: Մեր երեխաները ծառայելու են բանակում, իսկ ինչպես ապրիլյան պատերազմը ցույց տվեց, դա բարձր տեխնոլոգիաների պատերազմ է, եւ Արմաթի երեխաները դրան պատրաստ ենՙ աշխատել բարձր տեխնոլոգիական զենքերի ու զինատեսակների հետ:

- Այս առումով մի հարցՙ արդյոք Արմաթ լաբորատորիաները կիրառելի՞ են ԲՈՒՀ-երում, դուք կարո՞ղ եք գործիքակազմ պատրաստել նրանց համար, կա՞ այդպիսի ծրագիր:

- Օրինակ, շատ ընկերություններ համալսարանի շրջանավարտներին երբ ընդունում են, քննություն են անցկացնում Արմաթ ծրագրով, որովհետեւ այն ավելի լավ է պատկերացում տալիս, քան միայն զուտ կոդավորում իմանալը, որովհետեւ համալսարանը միայն կոդավորում է սովորեցնում: Բացի այդ, մենք երկու նոր ավելացում ունենքՙ մեկը անօդաչու թռչող սարքերի լաբորատորիաներն են, որոնցով երեխաները սովորում են անօդաչու թռչող սարքեր նախագծել: Այսինքն Արմաթը նաեւ լուծում է պետական անվտանգության հարց, քանի որ պատրաստում է երիտասարդների, ովքեր կարող են կառավարել եւ սպասարկել այդ սարքերը: Երկրորդ ավելացումը բիոքիմիական լաբորատորիաներն են, որպեսզի երեխաները նյութի եւ կենսաբանական խնդիրների լուծման կարողություն ունենան:

- Իսկ ի՞նչ է իրականացվում այդ անօդաչու սարքերի ասպարեզում:

- Անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա մենք 4 հատ տարբեր մարզերում կկիրառենք, մեր լավագույն խմբակներում ու կամաց-կամաց կընդլայնենք:

Մի քանի սկզբունք ունենք. ինչպես ասացի, դա բաց կոդով աշխատելն է, խմբակները բոլորն անվճար են, մեզ ստիպում են կառավարությունից, որ եթե փող եք ուզում, ապա խմբակները վճարովի դարձրեք: Բայց դա կարծում եմ ճիշտ չէ, կարող է մի մասը հնարավորություն ունենա, սակայն 50 տոկոսից ավելին դա չի կարող: Այս ոլորտը շատ նման է ադամանդագործությանն, այն իմաստով, որ Արմաթը մի գործիք է, որ թույլ է տալիս սովորական զանգվածից առանձնացնել ադամանդները, որտեղ կան ե՛ւ խոշոր, ե՛ւ մանր, բայց մեծաքանակ ադամանդներ, եւ որտեղ երկրորդը կարծում եմ ավելի կարեւոր է: Մեր ծրագրերը այնպիսին էին, որ ուզում էինք կառավորության հետ համագործակցելով մինչեւ 2019թ. ամբողջ Հայաստանը ծածկել բոլոր դպրոցները: Ցավոք, հասկացանք, որ լուրջ աջակցություն չենք կարող ստանալ:

- Դուք նաեւ այս լաբորատորիաները սկսել եք արտահանել. Հնդկաստանի հետ ունեք արդեն կնքված պայմանագիր. ի՞նչ փուլում է այդ համագործակցությունը:

- Առաջին պայմանագիրը որպես պիլոտային պրոյեկտ կնքեցինք Հնդկաստանի եւ Ուգանդայի հետ: Հնդկաստանում, որտեղ անցկացվում էր 2018 համաշխարհային կոնգրեսը, որտեղ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության (World Information Technology and Service Alliance-WITSA) վարչության նիստի ժամանակ, ընդմիջմանը, այդ կազմակերպության լիդերների ներկայությամբ ստորագրեցինք այդ պայմանագիրը եւ հիմա ավելի գործնական բանակցությունների մեջ ենք: Սկզբից կլինեն երեքական լաբորատորիաներ թե՛ Հնդկաստանում, թե՛ Ուգանդայում: Եթովպիայի հետ արդեն մոտ ենք նմանատիպ պայմանագրի ստորագրմանը, բանակցություններ ենք վարում նաեւ Սոմալիի, Քենիայի ու Նիգերիայի հետ, բանակցում ենք նաեւ Դոմինիկյան հանրապետության եւ Բանգլադեշի հետ: Գրեթե ոչ մի երկրում նմանատիպ լաբորատորիաներ չկան, որովհետեւ առաձին-առաձին սովորեցնում են ծրագրավորում, ռոբոտաշինություն կամ եռաչափ մոդելավորում, սակայն դրանց միասնական ուսուցման համակարգ իրենք չունեն:

- Մի հարց ռազմական կրթության առումով: ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը խոսում է որոշ զորամասերում «Թումո» կենտրոնների ներդրման մասին, սակայն ավելի պրակտիկ չէ՞ այս լաբորատորիաների ներմուծումը բանակում, հատկապես մարտական զորամասերում:

- Մենք ունենք պայմանավորվածություն նախարարի հետ, որ Արմաթը պետք է ներդնենք բանակում, հուսով եմ այդ պայմանավորվածությունը կաշխատի: Բացի այդ, Արմաթի ամբողջ ռազմական ներուժը կներկայացվի ArmHiTec-ում, եւ այնտեղ մենք Արմաթը կներկայացնենք որպես ռազմական դպրոցների համար լուծում: Նոր որակի զինվորների պատրաստման համար, իմիջիայլոց ասեմ, որ մեր հաջողությունը դրսում հիմնականում պայմանավորված է հենց ռազմական կիրառման իմաստով, օրինակ հետաքրքրությունը Հնդկաստանում պայմանավորված է ռազմածովային ուժերի դպրոցներում դրանց ներդրման համար: Ավելացնեմ, որ որպեսզի մենք մեզ չգովենք, մենք երրորդ կողմին հետազոտություն ենք պատվիրել, քանի որ սկսել ենք 2014-ից, ու շատ երեխաներ, որոնք մեր շրջանավարտներն են, մոտ 300-ն են, եւ Գրանդ Թորնթոն (Grant Thornton) խորհրդատվական ընկերությունը կատարեց այդ հետազոտությունը նրանց շրջանում եւ հետեւյալ տվյալները ստացանքՙ Արմաթի շրջանավարտները չեն արտագաղթում, 86%-ը ընդունվել են համալսարաններ, 46%-ը ե՛ւ սովորում է, ե՛ւ աշխատում, միայն 19%-ն է, որ գնացել են այլ ուղղությամբ, մնացածը` բնագիտական:

Բացի այդ, ըստ Գրանդ Թորնթոնի հաշվարկի, այդ լաբորատորիաներից յուրաքանչյուրը 10 տարվա կտրվածքով տալիս է մինչեւ 290-300 միլիոն դրամ օգուտ, ընդ որումՙ տասը տարվա մեջ ընդամենը 34 միլիոն ծախս է անում, ինչը նշանակում է մոտ 270 միլիոնի օգուտ է տալու, այսինքն եթե բոլոր դպրոցները միացնենք, ապա մենք կունենանք 300 միլիարդ դրամից ավելի օգուտ, ընդ որում այստեղ հաշվարկված չէ դրա ազդեցությունը տնտեսության վրա, Գրանդ Թորնթոնը գրել է, որ դա ուղղակի ազդեցությունն է, իսկ անուղղակի ազդեցությունը պետք է 2,3-ով բազմապատկել: Այս տվյալները կառավարությունը գիտի ու զարմանալի է, թե ինչու չեն ուզում բարձր տեխնոլոգիաներից օգուտ ստանալ, այլ ցանկանում են հանքարդյունաբերությունից ու տուրիզմից օգուտ ստանալ, անհայտ է, չնայած նաեւ պարզ է:

- 2019-ին Հայաստանում համաշխարհային կոնֆերանսի (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային միության) անցկացման հարցում կա համագործակցություն իշխանությունների հետ:

- Ստեղծվել է պետական հանձնաժողով, մեզ հետ Հնդկաստան եկավ կապի, տրանսպորտի եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության փոխնախարարը եւ ինքն էլ տեսավ, թե դա ինչ միջոցառում էր: Հիմա պետք է համապատասխան հատկացումներ անեն, 2019-ի համար մտցնեն ծախսերը բյուջեի մեջ, ընդհանուր ծախսերը կազմում են 3.5 միլիոն, սակայն օգուտները ավելի մեծ են եւ նույնիսկ ընդհանուր IT-ի աճը, որը տարեկան 25% է, ավելանա նույնիսկ 5%-ով, ապա օգուտը կլինի մոտ 25-30 միլիոն դոլար: Բացի այդ, դրական իմիջ կստեղծվի Հայաստանի համար որպես IT երկիր, որովհետեւ գալու են աշխարհի IT-ի մոտ 2500 լիդերները: Կարեւոր միջոցառում է, եւ մենք էլ պատրաստ ենք այն պատվով իրականացնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.