AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2013, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ

ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվողՙ ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանի հոդվածը լույս է տեսել «Foregn Policy Journal»-ում, մայիսի 4-ին

Մինչ գրում եմ այս տողերը, Հայաստանում իշխանությունների դեմ զանգվածային խաղաղ ցույցերը շարունակվում են Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։ Այն ուղղված է ժողովրդականություն չվայելող վարչապետ Սերժ Սարգսյանի, որն ստիպված եղավ հրաժարական տալ, եւ իր Հանրապետական կուսակցության դեմ, որ դեռեւս մեծամասնություն է կազմում երկրի Ազգային ժողովում։ Ժողովուրդը կուսակցության քաղաքագետներին եւ օլիգարխներին մեղադրում է երկրի հարստությանը տիրանալու, քաղաքացիական իրավունքները խախտելու, դատական համակարգն ու քաղծառայությունները ոչ պատշաճ մակարդակի մատուցելու, տաղանդավոր սփյուռքահայերին անտեսելու, Հայաստանի բազմաթիվ խնդիրներին (կաշառակերություն, գործազրկություն, անբարվոք տնտեսություն, արտագաղթ, եւ այլն) լուծում չկարողանալ գտնելու մեջ։

Հակառակ ցեղասպան Թուրքիայի եւ թյուրք-մահմեդական Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ լինելուն, քրիստոնեական Հայաստանն ու կրտսեր եղբայրՙ Արցախը (Ղարաբաղի Հանրապետությունը) շարունակում են գոյատեւել շնորհիվ հայ ժողովրդի հաստատակամության եւ զինված ուժերի մարտունակության։

Հայաստանը մեր երկրի (ԱՄՆ-ի) վաղեմի բարեկամն է, եւ մենք ամերիկացիներս պարտավոր ենք հասկանալ այդ։

Ինչո՞ւ է Հայաստանը կարեւոր

Ընթացիկ հեղափոխությունը զուտ տեղական եւ զուտ հայկական հեղափոխություն է։ Արտաքին ուժերըՙ երկրներ, թե կազմակերպություններ, ո՛չ նախաձեռնել, ոչ էլ վերահսկել են այն։ Բայց, ինչ խոսք, գերտերություններն ունեն իրենց դիրքորոշումը, գուցե չբարձրաձայնված, ներկա ճգնաժամի վերաբերյալ։

Ռուսաստանի համար հեղափոխությունը նողկալի է։ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը մեծապես կախյալ լինի իրենից, բնական գազի, ատոմակայանի եւ էլեկտրամատակարարման, ներդրումենրի, ժամանակակից զինատեսակների, Ռուսաստան աշխատանքի մեկնելու եւ, ինչու չէ, նաեւ յուրացված փողերը ռուսական բանկերում ավանդ դնելու առումներով։ Շարունակվող կոռուպցիան Հայաստանում հեշտացնում է Ռուսաստանի գործըՙ ճանապարհ բացելով կաշառելու, ահաբեկելու եւ շանտաժի ենթարկելու անազնիվ ղեկավարներին եւ օլիգարխներին (հիմնականում Հանրապետական կուսակցությունից)։ Ռուսաստանը ռազմակայան ունի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանում։

Ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան շահագրգռված վերահսկելու իր փոքր դաշնակցին։ Որովհետեւ առանց Հայաստանի Ռուսաստանը կկորցնի վերահսկողությունը ամբողջ Կովկասի, Կասպից ծովի եւ հավանաբար նաեւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ։ Իսկ այդ դեպքում «Արեւմտյան դաշինք» կոչված Ա.Մ.Ն.-ՆԱՏՕ-ԵՄ-Թուրքիա համաստեղությունը կներխուժի այդ տարածաշրջանը եւ Մեծ Արջի քթի տակ ՆԱՏՕ-ն բաժան-բաժան կանի այն։ Այնպես որ, Ռուսաստանը շատ ավելի կարիքն ունի Հայաստանի, քան սովորաբար բարեհաճում է խոստովանել։

Տարիներ առաջ Արեւմտյան այդ դաշինքը ներխուժեց Վրաստան, ներդրեց միլիարդավոր դոլարներ։ Այժմ Վրաստանը ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալ, որպեսզի պաշտպանի իրեն Ռուսաստանից։

Կոռումպացված եւ բռնատիրական վարչակարգով Ադրբեջանը, որը հարուստ է նավթով ու գազով, նույնպես ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Անցած 27 տարիների ընթացքում Արեւմտյան այդ նույն դաշինքը անթիվ-անհաշիվ միլիարդներ է ներդրել Ադրբեջանի էներգետիկայի, բանկերի, հյուրանոցների, ավիագնացության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։ Նաեւ կառուցել է նավթի ու գազի խողովակաշարեր Ադրբեջանական կասպիականից Վրաստանի միջով դեպի Թուրքիա եւ դրանից էլ այն կողմ։ Նախատեսվում է խողովակաշարերը հասցնել մինչեւ Եվրոպա։

Հետաքրքրական է Իսրայելի պարագան։ Իսրայելն իր նավթի պահանջի 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից եւ նրան է վաճառում միլիարդավոր դոլարների արժողությամբ զինամթերք։ Բացի այդ ամերիկա-հրեական կոմիտեի նման հրեական գլխավոր կազմակերպություններ մշտապես քաղաքական աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին, մինչ մի խումբ հրեա լրագրողներ անարդարորեն կշտամբում են Հայաստանին ամերիկյան եւ միջազգային մամուլի էջերում։

Պանթյուրքիզմի ճանապարհը

Թուրքիայի երկարամյա երազանքն է եղել պանթյուրքական ճանապարհ բաց անել Թուրքիայից Ադրբեջան եւ ապա դեպի Կենտրոնական Ասիայի երեք թյուրքական երկրներըՙ Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան։ Արեւմտյան դաշինքը թաքուն ներգրավված է այդ ծրագրինՙ շահագործելու տարածաշրջանի էներգապաշարները, որպեսզի իր դիրքերն ամրապնդի, ինչպես նշվեց, Ռուսաստանի քթի տակ։

Գերակշռապես քրիստոնյա Վրաստանը Արեւմուտքի համար Կովկաս մուտք գործելու դարպաս է ծառայում։ Իհարկե, Վրաստանը դեռեւս մնում է ռուսական ճնշումների ներքո։ Ապացույցՙ Ռուսաստանի օժանդակությունը Վրաստանից անջատված Աբխազիային եւ Հարավային Օսիային, ինչպես նաեւ Վրաստանի պարտությունը 2008-ի ռուս-վրացական պատերազմում։ Բայց այդ ճնշումները անիմաստ կդառնան, եթե, այդուամենայնիվ, Ռուսաստանը կորցնի Հայաստանը։ Այդ դեպքում Ռուսաստանն այլեւս ռազմաբազա կամ գործողություններ ծավալելու որեւէ այլ հենարան չի ունենա Կովկասում։ Ավելին, եթե Հայաստանը դուրս գա ռուսական կախվածությունից (էներգիայի եւ ռազմական առումներով), ապա Ռուսաստանը քիչ հնարավորություն կունենա ճնշելու Հայաստանին, մանավանդ որ երկու երկրները չունեն ընդհանուր սահման։

Դեպի Կասպից ծով (որտեղ կտեղակայվի ՆԱՏՕ-ի նավատորմը) եւ Կենտրոնական Ասիա ճանապարհը այսպիսով բաց կլինի Արեւմտյան դաշինքի երկրների առաջ, որն էլ հավանաբար կտեղավորվի Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով։

Ռուսաստանը կկորցնի նաեւ Հյուսիսային Կովկասի մահմեդական տարածքները (Չեչնիա, Դաղստան, եւայլն)։ Այնպես որ Ռուսաստանի համար Հայաստանն ունի կենսական նշանակություն։ Նրա համար Հայաստանը կենաց-մահու խնդիր է, քանի որ, ըստ ասույթի, «եթե Հայաստանը ձեռքից գնա, կգնան նաեւ Կովկասը, Կասպիականը եւ Կենտրոնական Ասիան»։

Դժբախտաբար, հայերից շատերը, որոնք Ռուսաստանին համարում են քրիստոնյա «ավագ եղբայր», չեն գիտակցում, որ ռուս-հայկական հարաբերությունները պետք է նմանվեն երկկողմ պողոտայի։

Հայաստանի երկընտրանքը

Արեւմուտքին հարելու քայլից ետ պահելու համար Ռուսաստանը շողոքորթում է Ադրբեջանին նշելով, որ վերջինս «ռազմավարական գործընկեր» է (որն իրականում այդպես չէ) եւ նրան զենք է վաճառում, որն էլ Ադրբեջանը օգտագործում է ընդդեմ Հայաստանի եւ Արցախի։ Ռուսաստանը նաեւ փորձում է հրապուրել Թուրքիային, որպեսզի դուրս բերի նրան Արեւմտյան դաշինքից։ Բայց նման բան չի լինելու։ Թուրքիան եւ Ադրբեջանը («մեկ ազգ, երկու պետություն») պատմականորեն Ռուսաստանի թշնամիներն են։ Բայց Ռուսաստանի նման քայլը նյարդայնացնում է Հայաստանին։

Հայաստանի գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է։ Հայերը հիշում են 1915-23 թվերի ցեղասպանությունը եւ բազմաթիվ հակահայ կոտորածները, որոնք վերջին 150 տարիների ընթացքում իրականացրել են թուրքերն ու ազերիները։ 1991-ից ի վեր Թուրքիան քանիցս սպառնացել է հարձակվել Հայաստանի վրա։ 1993-ին Թուրքիան եւ Ռուսաստանի Դումայի չեչեն-մահմեդական խոսնակը ծրագիր էին մշակել ներխուժելու Հայաստան, իսկ Ռուսաստանը մի կողմ էր քաշվել։ Մյուս կողմից Թուրքիան նաեւ զինում է Ադրբեջանին եւ մարզում-վերապատրաստում նրա զինվորներին։ Ազերիները նույնպես կոտորածներ են իրականացրել հայերի դեմ։

Հայերը շատ լավ գիտեն այս պատմությունները։ Արեւմտյան դաշինքի անդամ երկրները փորձում են վստահեցնել Հայաստանին, որ Թուրքիայի նպատակները չարամիտ չեն։ Նրանք իրենք էլ նույնիսկ վերանայում են իրենց ստորաքարշական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, այն բանից հետո, երբ վերջինս վերադարձել է իր ավանդական բռնատիրական ռեժիմին եւ ճնշումներին երկրի ներսում եւ շարունակում է դաշնակցել Սիրիայում ջիհադիստների հետ։

Հայերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը շատ հեռուն կգնա Թուրքիային եւ Ադրբեջանին սիրաշահելու գործում եւ դրանով իսկ կդավաճանի Հայաստանին։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Թուրքիան օգտագործելով բոլշեւիկյան Ռուսաստանի իրեն տրամադրած զինատեսակները կոտորեց ողջ մնացած հայերին եւ հարձակվեց անկախ Հայաստանի հանրապետության վրա։ Ռուսաստանը նաեւ Ադրբեջանին նվիրաբերեց հայկական որոշ տարածքներ, ներառյալ Արցախն ու Նախիջեւանը։ Ավելին, Ռուսաստանը խոչընդոտեց, որ Հայաստանը Սեւրի պայմանագրի դրույթներով վերատիրանա Արեւմտյան Հայաստանին (ներկայիս արեւելյան Թուրքիայի տարածքին)։ Ոչինչ չի խանգարում, որ Ռուսաստանն այսօր էլ Հայաստանի հետ վարվի նույն ձեւով։

Հնարավոր է, ուրեմն, որ Հայաստանը թեքվի դեպի ՆԱՏՕ, որպես պաշտպանի։ Բայց դա ռիսկոտ է։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր ռազմական կարողությամբ բազում անգամներ գերազանցում է Հայաստանին։ Իսկ Արեւմուտքը, չնայած հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր տարիների պատմականորեն կարեկից է եղել քրիստոնյա հայերին, խոստովանենք, որ սովորաբար նրանց միայն մարդասիրական, եւ ոչ թե ռազմական, օգնություն է ցույց տվել։

Համենայնդեպս, հնարավոր է, որ Հայաստանը փոխի իր դիրքորոշումը, եթե Ռուսաստանը շարունակի Հայաստանին վերաբերվել որպես «շախմատային ֆիգուրայից» մի փոքր ավելի սուբյեկտի։ Ռուսամետ մի գրող հենց այնպես էլ (շախմատային ֆիգուրա) անվանել էր Հայաստանին։

Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի Արեւմուտքի երկրների (բացի Թուրքիայից) հետ, եւ վերջերս գործընկերության պայմանագիր կնքեց Եվրոմիության հետ։ Արեւմուտքը, հավանաբար, հույս ունի, որ ներկայիս կատարվող հեղափոխությունն ու ներքին ազատագրումը մարդկանց մի օր կստիպի երես թեքել Ռուսաստանից։

Տնօրինելով իր սեփական ճակատագիրը

Ռուսաստանի սիրեցյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փորձում է Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես հակա-ռուսաստանյան, հետեւաբար երկրի անվտանգությանն սպառնացող անձնավորության։

Բայց, Փաշինյանը հստակ եւ հասատատակամորեն նշել է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցությունը շարունակվելու է առանց փոփոխության, եւ Հայաստանը չի դուրս գալու ոչ Եվրասիական տնտեսական միությունից, ոչ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

Հանրապետական կուսակցության պնդումները, որ Փաշինյանը նախընտրում էր ժամանակին Եվրոմիության հետ համագործակցել, աբսուրդ են, որովհետեւ դեռ 2013-ին այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն էլ պատրաստ էր համաձայնություն կնքել Եվրոմիության հետ։

Հայերը գնահատում են, անշուշտ, Ռուսաստանի օգնությունը, բայց մերժում են դա որպես անառարկելի փաստ ընդունել եւ մի անգամ եւս հուսախաբ լինել կամ դավաճանության ենթարկվել։

Հայաստանի ժողովուրդը պարզապես ցանկանում է ավելի հզոր, ուժեղ, ինքնավստահ եւ ապահով լինել ամեն առումներով։ Հայաստանցիները նաեւ ցանկանում են, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերի արդար կերպովՙ հավասարը հավասարի սկզբունքով։

Սա ոչ հակառուսական դիրքորոշում է, ոչ էլ արեւմտամետ։ Սա պարզապես գործելու ճիշտ ձեւն է։

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.