AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 5208, Տպվել է` 649, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԸՆԴՈՒՆԵԼ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ասում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը

«Հայաստանը հենվում է երիտասարդների ուժի վրա» վերնագրով հարցազրույց է հրատարակել «Լայպցիգեր ֆոլքսցայթունգը»ՙ մայիսի 29-ին ներկայացնելով Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի տեսակետները մեր երկրում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության վերաբերյալ: Թերթը հիշատակում է, թե դեսպանն անցնող շաբաթ Լայպցիգի համալսարանում դասախոսությամբ է հանդես եկել, եւ օգտվելով այդ առիթից նրա միջոցով է ուզում տեղեկացնել Հայաստանում կատարվածՙ այսպես կոչված «թավշյա հեղափոխությանը» հաջորդած փոփոխությունների մասին: Հարցուպատասխանն ուրվագծում է նաեւ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ դեսպանի պարզաբանումը: «1994-ի հրադադարից ի վեր երկու երկրներում էլ սերունդ է աճել, որ փխրուն խաղաղության պայմաններում ապրել է սովորել: Մեր պարտականությունն է այդ սերնդին պատրաստել հակամարտության երկարաժամկետ, խաղաղ եւ կառուցողական հանգուցալուծմանը: Խոսքն այստեղ ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին է: Մարդիկ պիտի հնարավորություն ստանան հանրաքվեի միջոցով որոշելուՙ ինչպես են պատկերացնում իրենց ապագան», ծանուցում է դեսպան Սմբատյանը :

Թերթը զրույցին կից ներկայացրել է Աշոտ Սմբատյանի կենսագրականըՙ «1969-ին Երեւանում ծնված, 2015- ից Բեռլինում պաշտոնավարող ՀՀ դեսպանը լավագույնս է ճանաչում Գերմանիան, առանձնահատուկՙ Սաքսոնիա երկրամասը, քանի որ Հայաստանում մաթեմատիկա սովորելուց հետո, 1990-ին գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կրթաթոշակով նախ տեղափոխվել է Դրեզդենի տեխնիկական, այնուհետՙ Լայպցիգի համալսարան: Տնտեսագիտական կրթություն է ստացել նաեւՙ ուսումնառելով Բեռլինի Հումբոլտ համալսարանում: 1999-ից 2008-ին որպես ռեֆերենտ աշխատել է ՀՀ դեսպանությունում, այնուհետ նշանակվել է դեսպանության գրասենյակի ղեկավար: Հայաստանի արտգործնախարարությունում աշխատելուց հետո 2014-ին վերադարձել է Բեռլին» :

«Լայպցիգեր ֆոլքսցայթունգի» հարցազրույցն անշուշտ ավելի ուշ է լույս տեսել, քան սոցցանցերում, ապա մայիսի 25-ին հայաստանյան 2ՙ «Առավոտ» թերթում դեսպան Սմբատյանի մասին քննադատություն պարունակող ծավալուն հարցազրույցն ու «Հայկական ժամանակում» տեղադրված բաց նամակը: Առանց անդրադառնալու այդՙ «չխմբագրված» տեքստերի բովանդակությանը, չենք կարող չսրբագրել դրանցից հատկապես մեկը: «Առավոտը» գրում էՙ «Հարցազրույց Գերմանիայում քաղապաստան գտած միակ հայիՙ Ավետիս Սադոյանի հետ»: Ծանոթ չլինելով Սադոյանի կենսագրությանը, չենք կարող պնդել, թե հատկապես որտե՛ղ պիտի փնտրել նրա բացառիկությունը, սակայն համոզված ենք, որ շատ հայեր թե՛ Սադոյանից առաջ, թե՛ հետո, քաղաքական ապաստան ստացել են ԳԴՀ-ում, եւ սա անշուշտ մենաշնորհ չէ: «Ազգ»- ում մեր լրագրությունը պաշտոնյաներին հենակ չի եղել, ոչ էլ ընդդիմության բարձրախոսն է լինելուՙ առանց փաստերը ստուգելու: Դեսպանին, ինչպես յուրաքանչյուրիս, առարկայական քննադատելն ոչ միայն արտոնված է, այլեւՙ օգտակար, բայցՙ այս պարագայում նախ լսենք նրան.

- Պարոն Սմբատյան, «Ազգում» մեկ անգամ առիթ ունեցել ենք Ձեզ ներկայացնելու: Թեեւ Ձեր կենսագրականն էլ կցել էինք մեր զրույցին, այնուհանդերձ որոշ հարցեր հստակեցնենքՙ ելնելով վերջին օրերին ֆեյսբուք սոցցանցում շրջանառվող որոշ օգտատերերի բողոքներից, որ հրապարակվել են նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում: Ավետիս Սադոյանը նշում է, թե «չունենալով համապատասխան կրթություն, չտիրապետելով նույնիսկ անգլերենին, դեսպան եք նշանակվել»:

- Չէի ցանկանա այս հարթակն օգտագործելՙ առանձին անձանց պնդումներին հակադրվելու եւ դրանք մեկնաբանելու համար: Իմ կրթության, ինչպես նաեւ մասնագիտական գործունեության մասին յուրաքանչյուր անձ կարող է անարգելք տեղեկանալ ԳԴՀ- ում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջում. Որեւէ գաղտնիք չկաՙ ուսանել եմ Երեւանի պետական, ինչպես նաեւ Բեռլինի Հումբոլտ, Դրեզդենի եւ Լայպցիգի համալսարաններում: Իսկ 2012-ին դիվանագիտական հմտություններս հարստացրել եմ նաեւ ԳԴՀ արտաքին գերատեսչության դիվանագիտական ակադեմիայում:

- Հիշում եմՙ 2016- ի հունիսի 2-ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչումից անմիջապես հետո Ավետիս Սադոյանը Ձեզ շնորհավորելով ասացՙ եթե Բեռլինում մի հատ էլ հայկական եկեղեցի սարքեք, էլ Ձեզ հասնող չի լինի, պարոն Սմբատյան ջա՛ն: Ես էլ անմիջապես հակադրվեցիՙ «ո՞վ ասաց, թե ՀՀ դեսպանից մեր պահանջը նման նվազ սահման պիտի ունենա»: Եթե, ինչպես ներկայացվում է «Առավոտ»-ում, ՀՀ իշխանություններից հալածված ու ԳԴՀ - ում քաղաքական ապաստան գտած մարդը, գերագնահատում, գովաբանում կամ մեղմ ասածՙ հաճոյանում է իրեն հալածող երկրի իշխանության ներկայացուցչին ի դեմս Ձեզ, հետո կտրուկ փոխում վերաբերմունքը, դրա տակ սովորաբար անձնական շահախնդրություն պիտի փնտրել: Ճի՞շտ եմ կռահում, թե՞ սխալվում եմ:

- Ինչպես արդեն նշեցի, բնավ չէի ցանկանա նման որակի բանավեճերի մեջ մտնել: Ձեր նշած փաստերն արդեն իսկ խոսում են իրավիճակի մասին: Լրացուցիչ մեկնաբանության կարիք այստեղ չկա:

- Պարոն Սմբատյան, նույն սոցցանցի մեկ ուրիշ օգտատերՙ Հայկ Ավետիքյանը բաց նամակ է հղել ՀՀ արտգործնախարարինՙ քննադատելով մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանում Արցախի մասին իր բնութագրմամբ Ձեր խայտառակ դասախոսությունը: «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր բաց նամակը: Նախՙ Ձեր խոսքի, ներկայացրած քարտեզների մասին. ի՞նչն է այդպիսի սուր արձագանքի առիթ տվել:

- Քննադատությունը, եթե այն հիմնավորված եւ անձնավորված չէ, միշտ պատրաստ եմ ընդունել: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ առաջարկների, գաղափարների կամ քննադատության առջեւ բաց եմ: Հիշյալ նամակին ծանոթացել եմ մամուլից եւ ափսոսում եմ, որ հեղինակը ակնհայտորեն կանխատրամադրված է մոտեցել իմ դասախոսությանըՙ թիրախ դարձնելով կոնտեքստից կտրված որոշ մտքեր: Ի դեպ հայկական լրատվամիջոցներից tert.am- ը մայիսի 30-ին արդեն հրապարակել է հիշյալ միջոցառման վերաբերյալ կազմակերպչի կարծիքը: Անկախ սրանիցՙ մենք շարունակելու ենք Լայպցիգի համալսարանի հետ համագործակցությունը, եւ այդ ոլորտում ունենք հավակնոտ նպատակներ:

- Հայկ Ավետիքյանն անհրաժեշտ է համարում նշել, որ ցանկություն է ունեցել դասախոսության վերաբերյալ իր մտահոգությունները Ձեզ ուղարկել, սակայն պարզել է, որ Դուք ֆբ-ի օգտատեր չեք: «Միգուցե նրան բացատրեք ֆեյսբուքի կարեւորությունը եւ դրանից օգտվելու հմտություններ փոխանցեք մարդուն», դիմել է նա արտգործնախարար Զոհրապ Մնացականյանին: Անձնական տվյալների պաշտպանության թույլ մեխանիզմնե՞րն են Ձեզ վանում ֆբ-ից, թե՞ նախընտրում եք սոց. այլ հարթակ: Նույն մտահոգությունները Ձեզ ուղարկե՞լ են ասենք էլեկտրոնային նամակով կամ փոստով, ինչը Գերմանիայի պարագայում հաղորդակցության դեռեւս կիրառելի, ընդունված ուղիներ են:

- Ձեր նախորդ հարցում խոսելով նամակագրի մասինՙ ասացիք, որ «սոցցանցի օգտատերերից մեկը» նամակ է հղել... Կներեք, «սոցցանցի օգտատեր» չեմ, ես պաշտոնապես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը Գերմանիայի Դաշնությունում: Սոցցանցի առավելությունները գիտեմ. դեսպանությունը եւս ֆեյսբուքում պաշտոնական էջ ունի, ինչպես նաեւ ապահովված է հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցներով: Հայտարարում եմ, որ որեւէ աղբյուրով ինձ որեւէ նամակ չի հասել: Կարծում եմՙ հարգարժան նամակագիրը տեղյակ է հաղորդակցության հնարավոր բոլոր միջոցների մասին:

- Պարոն դեսպան, սոցցանցերում դժգոհության մյուս առիթը ապրիլի 30-ին Բեռլինում կայացած ցույցն է, որն ի տարբերություն ապրիլի 21-ին առավել բազմամարդ բողոքի ակցիայի, չի արտոնվել անցկացնել դեսպանության առջեւ: Երկրորդի ժամանակ ոստիկանությունը ոչ միայն նկատելի մեծ թվակազմ է ունեցել, այլեւ ճանապարհը պատնեշել է փշալարով:

- Գերմանիայում հանրահավաքների դեպքում ոստիկանության ուժերի քանակի, ինչպես նաեւ նրանց գործողությունների վրա որեւէ դեսպանություն որեւէ ազդեցություն չունի: Այս ամենը կարգավորվում է Գերմանիայում գործող համապատասխան օրենսդրությամբ: Ոստիկանության գործողությունները հիմնվում են մասնակիցների նախապես հայտարարված թվի, վայրի եւ այլ հանգամանքների վրա: Դեսպանության շենքի դիմաց գործում է մանկապարտեզ, եւ ոստիկանությունն այդ օրը, որն աշխատանքային էր, նաեւ ապահովել է ծնողների կողմից երեխաներին անվտանգ դիմավորելու պրոցեսը: Ինձ պարզապես զարմացրեց որոշ անձանց հայտարարություններն այն մասին, թե դեսպանությունը փշալարեր է տեղադրել եւ ոստիկանություն հրավիրել: Ես երկխոսության եւ բանավեճի մեծ ջատագով եմ, իսկ նման անհիմն պնդումները կարճաժամկետ էմոցիաներ առաջացնելու միտում ունեն: Իմ հայրենակիցներին պարզապես կխնդրեիՙ տեղի չտալ նման էմոցիաներին:

- Պարոն Սմբատյան, Ձեր կարծիքով, ինչու՞ են Ձեր դեմ նման արշավ նախաձեռնել:

- Թույլ տվեք չհամաձայել Ձեզ հետ. որեւէ արշավ չկա: Ինչպես լուրաքանչյուր հանրային գործիչ, ես եւս ապահովագրված չեմ վերոհիշյալ դեպքերից. հաճելի չէ, իհարկե, բայց մեր բնականոն աշխատանքը որեւէ կերպ չի խաթարվում: Շարունակում ենք մեր ծառայությունը հայրենիքինՙ անելիքներ շատ կան:

- Ժողովրդավարությունը հարգող Գերմանիայում քննադատությունը սկսվում է ինքնաքննադատությունից: Ձեզ ուշադիր լսում ենք:

- Ժողովրդավարությունը քաղաքական կատեգորիա է, ինքնաքննադատությունըՙ անձնային որակ: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ աշխատանքը նախ եւ առաջ աշխատանք է ինքդ քեզ վրաՙ քննադատող, խիստ եւ պահանջկոտ: Եթե չունենայի այդ հատկանիշը, թերեւս չլինեի այնտեղ, որտեղ այսօր եմ: Պարզապես խնդրում եմՙ ինքնաքննադատությունը չշփոթել անվստահության հետ, քանզի վստահ գործելն իմ մասնագիտական կյանքում կարեւոր դեր է խաղում: Իբրեւ ինքնաքննադատություն թերեւս առանձնացնեմ մի օրինակ. Շատ եմ կարեւորում, որ սկսած նախաձեռնությունը պարտադիր հաջողությամբ պսակվի, սակայն ցավոք, դիվանագիտության մեջ գործադրված ջանքերը երբեմն, կախված փոփոխական պարամետրերից, բացարձակ արդյունք չեն տալիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.