AZG Daily #15, 21-04-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 63. «ԸՍՏԱՀԱ՞Կ», ԹԵ՞ «ՍԸՏԱՀԱԿ»
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 6116, Տպվել է` 465, Ուղարկվել է էլ.փոստով` 213

ԽԱՉԱԳՈՂ 5

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

- Պա՛դ-յոմ:

Ոտքերիս ցփնված սառը ջրի ազդեցություն ունեցավ այդ կանչը, անմիջապես վեր թռա, ջարդված մարմինս հազիվ ենթարկվեց: Մատներս կռկել էին, դժվարությամբ բացեցի սուր ցավը ոսկորներիս մեջ զգալով, հետո էլ չէին ծալվում:

- Մի քիչ արագ շարժվեք, - բղավեց Սաքոն արդեն պատրաստ կանգնած:

Հոգնած ու անտրամադիր, կարծես գիշերը ամենեւին չէր եղել, հետեւեցի բրիգադին աչքի առաջ ունենալով երկար օրը:

- Արամիկ, - այդպես ինձ միայն մեր գյուղում էին անվանում, - ուրիշ կոշիկ չունե՞ս:

- Չէ, - պատասխանեցի դժբախտ կոշիկներիս նայելով:

- Ճաշարան գնալիս խանութից սապոգ առ:

- Ճաշարան գնալո՞ւ ենք...

- Կենտրոն կիջնենք... Գնալու եմ քարտուղարի մոտ, ինքն է կանչել, -պարծեցավ Սաքոն, - կասեմ ճաշարանի մասին...

- Հա, զբաղվի դրանով, - ասաց Հրանտը, - սովխոզի ճաշարանը շատ հարմար է... Չուլկինին էլ ասա, իրենք պարտավոր են հոգալ...

Արեւը չէր ծագել, հիմնարկում շարժում չկար, իսկ մենք սկսում էինք մեր աշխատանքային օրը: Ոչ ոք չէր ուզում գնալ ցեմենտի: Ես արդեն բետոնագործ էի համարում ինձ ու բահի պաղ կոթը բռնած տեղ գրավեցի հերթական կույտի մոտ:

- Էս ինչի՞ հասաք տեղ ու կանգնած մնացիք, - ասաց Սաքոն, - ո՞ւմ եք սպասում... Դավիթ, Գրիգոր, ցեմենտ բերեք... Հետ ու առաջ անելով օր չի մթնի...

Նրանք, ինչպես Շորն ու Շորշորը, դույլերն առած դանդաղ գնացին:

Մինչեւ նախաճաշ գործ չստացվեց: Գրիգորը լավ չէր փակել ջուրը, գիշերը հոսել էր, Սաքոն ավտոն տարավ լցնելու, թաղվել էր, ուշացավ: Գնացինք կենտրոն:

Փաստորեն մի ժամ վատնեցինք: Սովխոզի համեմատությամբ եռակի թանկ ճաշարանն անսնունդ ուտելիքով պատվեց մեզ, սոված վերադարձանք: Սապոգները օգուտ մնացին ինձ, բետոնագործին անհրաժեշտ այնքան, ինչքան թեթեւ չստերը վազորդին, եւ հագնելով իսկույն բետոնի մեջ խրվելու ցանկություն զգացի:

- Մենք պրծանք, - ասաց Շուլան, երբ կենտրոնական հարձակվողի պես մղվել էի առաջ եւ բահով ու ոտքերով միաժամանակ քշում էի բետոնը, - Արամը հիմքը կլցնի մենակ:

Հրանտը պարտք համարեց այդ խոսքը հաստատել բանահյուսության իր սիրած ճյուղից մի նմուշ ներկայացնելով, - էս ինչ է, որ չլցնի, ես սրա եղած-չեղածը... Ո՞ւր ես պահում ջուրը, այ տղա, - գոռաց Գրիգորի վրա, - ցեմենտի վրա պահի...

Սկզբում մտերմություն չկար բրիգադում, լարված ու խորթացնող պարապ օրերից հետո զարմանալի արագ մերվեցինք, հենց աշխատանքի անցանք: Բրիգադին չհարմարվելու վախն ու անհանգստությունը մոռացել էի, նույնիսկ Վարդանը հակակրելի չէր թվում: Այնպես էինք վերաբերվում իրար, կարծես վաղուցվա ծանոթներ լինեինք, պարզ, հասարակ եւ ուղղակի, առանց կաշկանդվածության կամ այն մտքի, թե խոսքը կվիրավորի մեկին: Լավագույն հարաբերությունն է, որպիսին, կարծում էի, միայն մոտ հարազատների եւ երկար տարիների շփում ունեցող մարդկանց միջեւ է հնարավոր: Եթե այդպես չլիներ, Հրանտի յուրաքանչյուր խոսքին կռիվ էր հաջորդելու:

Դե արի մոտս, վախ, քո չարը տանեմ,

Թե չէ քո սիրուց հալումաշ կլինեմ...

Երգեց Հրանտը բահը եղանակին համապատասխան շարժելով:

- Սոված փորին երգելը լավ է, չէ՞,- ասաց Շուլան:

- Ինձ ի՞նչ կա, - Հրանտը չէր եկել ճաշարան, - ես մի շաբաթ չուտեմ, պետքս չէ...

- Ճաշին էլ չես գալո՞ւ...

- Նոր եկաք,- իր ամենացածր ձայնով ասաց Հրանտը, - էլի ուտելու մասին եք մտածո՞ւմ:

- Առողջ տղամարդը մաքուր օդին ինչի՞ մասին կմտածի:

- Գործի մասին...

- Ես էլ գիտեմ էս մարդը խելք ունի, - սա Շուլայի սիրած խոսքն էր, ինչպես եւ մեկ ուրիշըՙ հը, նորություն իմացանք, - գալիս են կաքավները, - ասաց Շուլան հետ քաշվելով, որ Դավիթը դատարկի դույլերը:

Հիմնարկի կողքով խճուղին էր ձգվում, որով մենք եկանք Դիվինո: Ուրիշ հետաքրքրություն չունենալով անցնողներին էինք նայում, եթե ուշադրության արժանի էակներ էին լինում:

- Փի՛շտ, - գոռաց Շուլան, երբ կանայք մեր դիմաց հասան:

- Չես ամաչո՞ւմ, - նախատեց նրան Հրանտը:

- Սկիզբը դու ես դրել, - ծիծաղեց Շուլան ու նորից գոռաց, այս անգամ Դավթի հետ:

- Մեկը հաշվապահության Լյուբան է... խայտառակ եղաք...

- Հա... ինքն է... տուտուզից իմացա՞ր, Ճղճղ...

Հրանտը բահը խփեց ջրի շիթին, Շուլան ընկրկեց ու մեղքը քավելու համար կանչեց կանանց հետեւից.

- Փիսո, փիսո...

Մի ինքնաթափ մոտեցավ մեզ ու կանգնեց: Խցիկից գլուխը հանեց չափազանց նիհար, ծալմլված երեսով վարորդը:

- Ի՞նչ կհրամայեք, - հարցրեց նա:

- Ի՞նչ հրամայենք, - զարմացավ Հրանտը:

- Մի բան հրամայեք...

- Քնի, - մատը տնկեց Հրանտը:

- Ես էլ հենց դա էի ուզում անել...

Ասածն արած էր, պառկեց խցիկի մեջ ու չերեւաց այլեւս... մինչեւ Սաքոյի գալը:

- Ինչի՞ եք կանգնեցրել ավտոն, - չմոտեցած բղավեց նա:

- Էս էլ է հիվանդ, - ասաց Հրանտը, - ավտոյի հետ ի՞նչ գործ ունենք, ավտոյի տիրոջ մերը...

- Մեր ավտոն է, այ տղա, - ծիծաղեց Սաքոն:

Սաքոն ինչպե՞ս կընդուներ, եթե ես նրան «այ տղա» ասեի:

- Տվել են մեզ ու մեզ,- ասաց Սաքոն, - առավոտից իրիկուն մեզ հետ է լինելու:

- Լավ է, - ասաց Հրանտը:

- Լավն էլ խո՞սք է, շրջանում ուրիշ բրիգադ կա՞ սեփական ավտո ունեցող:

- Է, ի՞նչ անեինք ավտոն, որ ասում եսՙ պարապ եք կանգնեցրել:

-Երկու հոգի ավազի գնացեք:

- Ի՞նչ ավազ...

- Ինժեների տունը սվաղենք, դրսից...

- Իբր շատ ենք, երկու հոգու էլ ավազի ես ուղարկում, ցեմենտ բերե՞նք, թե՞ բետոն լցնենք...

- Դրա համար էի ավտոն շուտ ուղարկել, որ ինչքան պետք է, կրեիք ցեմենտ:

- Երկու մետրից ավտոյո՞վ բերենք:

- Բա ավտոն ինչի՞ համար է... Լավ, մի հոգի թող գնա ավազի... Ո՞վ է գնում:

- Ես կգնամ, - շտապ ասաց Դավիթը:

- Կգնաս գետափ, Տոլիկը գիտե ավազի տեղերը, մանր ավազ կբարձես, մաքուր ավազ, քարոտ չլինի:

Դավիթը ուրախացած բահը գցեց թափքն ու վազեց նստելու:

- Ո՞ւր, Դավիթ, - կանչեց Սաքոն, - ցեմենտ բերեք, նոր գնա... Արամիկ, գնա հետը բարձի... Շուտ արեք, որ ճաշարան եք գնալու:

Դժվարանում եմ ասելՙ ցեմենտի փոշին բացում է ախորժակը, թե՞ փակում, որովհետեւ ստուգելու համար պետք է լինել ոչ սոված եւ ոչ կուշտ, ու չգիտեմՙ առողջարար է, թե՞ վնասակար, որովհետեւ եթե փորկապ է առաջացնում, լավ է փորլուծի դեմ, բայց հաստատ գիտեի, որ ճաշի անունը ցեմենտապուր է...

- Գնացի՞ր քարտուղարի մոտ, - հարցրեց Հրանտը:

- Հա, խոստացավ ճաշարանի համար...

- Ինչի՞ էր կանչել...

- Տուն է ուզում շինել...

- Քյավառցիները թող սարքեն, քանի՜ բրիգադ ունի Միշան...

- Նրանք ասֆալտի գործ են անում:

- Դու ի՞նչ ասացիր:

- Տեսնենք... էս էլ իրենք, - ասաց Սաքոն, երբ մի մեծ խումբ մտավ ճաշարան:

Քյավառցիներն էին, նշանավոր Միշայի մարդիկ, մաքուր շորերով, դեռ աշխատանքի չէին անցել: Նրանք բարեւեցին մեզ, չնայած առաջին անգամ էինք տեսնվում, հայը հային միանգամից կճանաչի:

- Լուսամուտի մոտ նստածներն ովքե՞ր են, - հարցրեց Հրանտը, երբ քյավառցիները նրանց էլ բարեւեցին:

- Վրացի են... կողքի սեղանի մոտ էլ չեչեններ են նստած, մեզնից հետո ամենաշատը նրանք են:

- Ոնց էլ հերիքում է աշխատանքը...

- Աշխատա՞նքը... աշխատողները չեն հերիքում... լավ գործեր կան, որ ոչ մի բրիգադ չի վերցրել:

- Բա դու ոնց աշխատանք չէիր գտնում:

- Ես չէի ուզում գյուղտեխնիկայից դուրս գալ:

- Հա, լավ հիմնարկ է:

- Շրջանի ամենալավ հիմնարկն է... Չուլկինի պես փող տվող չկա, ես լավ գիտեմ բոլորին:

Սաքոն չեկավ հիմնարկ, Դավիթը գնաց ավազի, մենք շարունակեցինք բետոնը: Ճիշտ անցած օրվա կրկնությունն էր, երեկոյան հավաքվեցինք բրիգադով, Սաքոն ոչ այնքան նրբամտորեն հասկացրեց Դավիթին, որ մի ավտո ավազը պետք է ավելի արագ բարձել, ապա մնացած ժամերը աշխատեցինք ահավոր արագությամբ:

Առավոտյան Սաքոն ասաց Վարդանին ու Ռազմիկին.

- Առայժմ քար պետք չէ, հիմքը պրծնենք, նոր... ինժեների տունը կսվաղեք, շենքի իրենց մասը: Որ պատռի, տրաքի, մի օրվա գործ է: Բանվոր ո՞ւմ եք ուզում:

- Արամը թող գա, - ասաց Վարդանը:

- Դուք գնացեք... ճաշարան չհասած մի փողոց կա ձախի վրա, էս ներքեւից է սկսվում, Կենտրոնականն անցնում, հասնում է գետափ... քսանչորս համարն է, Տոլիկը գիտե: Արամ, դու մնա, որ ցեմենտ տանես...

Սաքոն Տոլիկի ավտոն քշեց ցեմենտի մոտ:

- Շատ չբարձես, - ասաց, - մի տոննա...

- Մենք ավտոյով չկրե՞նք, - հարցրեց Դավիթը:

- Չէ, կուշանա...

Արդեն յուրացրած խոպանի պատվիրաններից մեկը, որ ցեմենտի գործը բանվորի պարտականությունն է, սկսեցի բարձել չիմանալով սակայն, թե ինչ ծավալ ունի մի տոննա ցեմենտը: Դժբախտաբար ուշ եկավ Տոլիկը, պարզվեց, որ համարյա երկու տոննա եմ բարձել:

Քիչումիչ մաքրվելով ցեմենտից, անհրաժեշտ պիտույքները գցեցի թափքը, Տոլիկը գազ տվեց, մի քանի րոպեից մտավ Սաքոյի ասած փողոցն ու կանգնեց մի տան մոտ, ըստ նշանների վերջերս կառուցված:

Վարդանն ու Ռազմիկը չէին երեւում: Դավթի բերած ավազի վրա մի աղջիկ էր խաղում, որի քունը չէր տարել հանուն այդ խաղալիքի: Մայրը դուրս եկավ, ինժեների կինը, բարեւեցի:

- Բարեւ Ձեզ, - ժպտաց նա, - այսօր սկսելո՞ւ եք:

- Այո... մերոնք չե՞ն եկել:

- Ոչ, ոչ ոք չի եկել:

- Ավազի մոտ թափե՞մ, - հարցրեց Տոլիկը:

- Այո... թերեւս այս շորերը հավաքեիք, որպեսզի չփոշոտվեն:

Կինը արագ ու թեթեւորեն հավաքեց:

- Դուք առաջին տարի՞ն եք այստեղ, - հարցրեց նա, երբ Տոլիկը ազատվելով գնաց:

- Այո:

- Մեր տունը Սերգեյն է կառուցել, Դուք չկայիք...

Իհարկե չկայի, եւ մտքովս չէր անցնում, որ Ալթայի Դիվինո գյուղի Անտառային փողոցում մի տուն է կառուցվում, որի տանտիրուհին, ոչ երիտասարդ, համենայն դեպս այն տարիքի, որ առավոտյան հարդարանքից առաջ տան հոգսերի մասին է մտածում, բայց եւ ոչ անհրապույր մի կին, տեսնելու է ինձ այդ տան մոտ, ցեմենտոտ շորերով ու սեւ բերետով:

- Հիմա ի՞նչ եք անելու, - հարցրեց նա տեսնելով, որ չեմ մտածում աշխատանքը սկսելու մասին:

- Անկեղծ ասած, չգիտեմ:

- Դուք շինարար չե՞ք:

- Երրորդ օրն եմ աշխատում շինարարության մեջ:

- Իսկ առաջ ի՞նչ էիք անում:

- Սովորում էի, - ակամա պատասխանեցի:

- Այդպես էլ կռահել էի, - ժպտաց նա, - կներեք, եթե հետաքրքրասեր թվամ, - որտե՞ղ եք սովորել:

Մի ներողությունը բավարար է թվում մարդկանց, որ իրենց ուզած հարցերը տան, ասենք, կանանց կարելի է:

- Ժուռնալիստիկայի բաժնում:

- Օ՜... եւ ավարտե՞լ եք:

Զարմանալի է, թե ինչպիսի հարգանք է առաջացնում իմ մասնագիտությունը:

- Այո, ավարտել եմ:

Վարդանն ու Ռազմիկը երեւացին փողոցում: Ես բահը ձեռքս առա իբր ինչ-որ բան եմ սկսելու:

- Էդ մարդը չասաց, թե որ ճաշարանի մոտ է տունը, - նեղսրտած խոսեց Վարդանը, - բարի լույս, տանտիրուհի...

- Բարեւ ձեզ:

- Գնացինք մինչեւ կենտրոն, նորից հետ դարձանք ոտքով... ցեխ չես սարքե՞լ:

- Չէ, նոր եկա...

- Ռուսերեն խոսեք, - ժպտալով պահանջեց կինը:

Կնահաճ Վարդանը անմիջապես նորից անցավ ռուսերենի, - դե, սկսում ենք աշխատանքը, - փքվեց նա, - Արամ, շաղախ պատրաստիր...

Բարեբախտաբար երկու բահ էի բերել, Ռազմիկը լուռ գործի անցավՙ օրինակ ծառայելով, թե ինչ է պետք անել: Ցեմենտն ու ավազը միասին շուռ տվեցինք, ապա, տափակեցնելով այդ բլրակը, ավազե մի տաշտ ստացվեց, մեջը ջուր լցրինք:

- Էսքան բան, - ասաց Ռազմիկը հասկացնելով, որ կռահել է անփորձությունս, - թող ջուրը լավ քաշի, մի գլխից խառնելով կբերես:

Վարդանը լուսամուտներին փայտեր էր ամրացնում, որ սվաղելիս անկյուններն ուղիղ դուրս գան, - ջուրն իզուր լցրիք, - ասաց նա, - ճաշարանի ժամ է:

- Էս երկու իշաոտնուկն ես բերե՞լ, - հարցրեց ինձ Ռազմիկը:

- Հերիք չէ՞, - ասաց Վարդանը, - միանգամից առաջ կքաշենք տախտակներով, - դե դուք կապեք, մինչեւ ես պրծնեմ, ճաշարան գնանք:

Տասին նոր սկսեցին սվաղել:

- Սաքոն իմացավ կաթված կստանա, - ծիծաղեց Ռազմիկը:

- Ինքն է մեղավոր, ուղարկեց եսիմ ուր:

Վարդանը գետնի վրա էր աշխատում, Ռազմիկը բարձրացավ վերեւ:

- Բեր տեսնենք ինչ ձեւի ցեխ ես սարքել, - ասաց Վարդանը ոտքավոր տաշտակը հարմարեցնելով, որի մեջ դատարկեցի դույլերը, -պնդի է, - չհավանեց նա, - շարքի ցեխ ես բերել:

Իսկույն ջուր ավելացրի եւ արագորեն խառնելով Ռազմիկի համար տարա: Մոտ տասը րոպե անընդհատ կրում էի, նրանք եռանդով ծեփում էին կարծես որոշելով ստուգել, թե կհասցնե՞մ իրենց, հետո հանկարծ պահանջեցին այլեւս չբերել: Յուրաքանչյուրը սվաղել էր մի քանի մետր, առաջին շերտն էր, սեւ սվաղը, այժմ հարթելու էին, որի համար շատ քիչ ցեխ էր պետք: Աշխատանքի նման ընթացքը դուր եկավ ինձ, բահին հենված հետեւում էի նրանց: Արհեստ սովորելու միտք ունեի, իսկ նրանց արածը հեշտ էր թվում:

- Դու էս պահերը օգտագործի, - դիտողություն արեց Վարդանը, - նոր ցեխի պատրաստություն տես, որ ցեխը ցեխից չկտրվի:

Վարդանի խորհուրդը իր դեմ գործեց: Տոլիկի ավտոյով եկավ Սաքոն, իսկ իմ վարպետները քիչ բան ունեին ցույց տալու:

- Է՞ս է ձեր սվաղածը, - հռոմեացի վերակացուի պես հարցրեց Սաքոն ձեռքերը կանթելով:

- Բա որ գյուղը ոտքի տակ տանք, ե՞րբ սվաղենք, - նրա հեգնանքին ընդդիմացավ Վարդանը:

- Ո՞նց:

- Չասիրՙ որտեղ է տունը, հասանք մինչեւ ներքեւի ճաշարան:

- Լավ, - ընդունեց Սաքոն, - ենթադրենք մի ժամ իմ հաշվին, դրանից հետո՞ ինչ եք արել...

- Քի՞չ է:

- Ոչ թե քիչ է, այլ հեչ բան է:

- Դե լավ, է, - կատակի տվեց Վարդանը, - առաջին օրով մի սկսի, թող գործ անենք:

- Գործ անելն է իմ ուզածը:

- Երկու վարպետի մի բանվոր ես տվել, - անամոթաբար ասաց Վարդանը, - ինչքան ցեխ բերի, որ մեզ հասցնի...

Այ թե անազնիվ մարդ էր պանրաջրով լեցուն այդ տակառը... բայց Սաքոյին խաբելը հեշտ չէր:

- Բանվորը որ ձեզ չհասցներ, նոր կալ չէր բացի, - ասաց, - աշխատեցրու սրանց, Արամիկ, բանվորն է վարպետին առաջ քշում, տար ցեխը, թող իրենք չուզեն, դու տար...

Սաքոն եկավ, թուքումրեց ու գնաց: Մի ժամանակ լուռ աշխատեցին վարպետները: Վարդանի տրամադրությունն ընկել էր, մանավանդ որ Ռազմիկն ավելի շատ էր սվաղել:

- Մեկ ջրի ես բերում, մեկ պնդի, - վերջապես զայրույթն ինձ ուղղեց նա, - մի հանգի ցեխ բեր մարդավարի աշխատենք:

- Հիմի ջրի՞ է, թե՞ պնդի, - ասացի խառնելը դադարեցնելով:

- Պնդի է:

- Մենակ քո ցե՞խն է պնդի, - չդիմացա ես:

- Շատ մի խոսի, - գոռաց նա, - ինչ ասում են, արա:

- Պնդի է, Արամ, - ասաց Ռազմիկը,-բաց մի քիչ:

- Ցե՜խ, - կանչեց Վարդանը:

- Ինձ էլ բեր, - ասաց Ռազմիկը:

Մինչ ես դույլերն էի լցնում, Վարդանը նորից բղավեցՙ ցե՜խ...

Ինչքան ուզում է ճղեր իրեն, առաջ Ռազմիկի համար տարա: Վարդանը ձայն չհանեց, բայց նեխած դեմքից զգացի, որ չարություն պահեց: Դրանից հետո նա արագացրեց ծեփելը հաճախակի «ցեխ» կանչելով, Ռազմիկըՙ նույնպես, կես ժամի չափ լավ վազեցրին ինձ: Բայց այդպես չէին կարող երկար ծեփել, սվաղը կչորանար, եւ մի-մի դույլ ջրալի ցեխ պահանջելով կոկելուն անցան: Քրտինքս սրբելով մոտեցա պատշգամբին, որտեղ աղջնակն էր հայտնվել եւ հետաքրքրությամբ իմ աշխատանքին էր հետեւում:

- Անունդ ի՞նչ է, - հարցրեցի:

- Տանյա, - գլուխն ուսին գցելով պատասխանեց նա:

- Ջուր չե՞ս տա ինձ, Տանյա:

Նա մտավ ներս ու վերադարձավ կրծքին մի սափոր սեղմած:

- Ահա, - ասաց նա, - մայրիկս կվաս տվեց,-եւ վազելով իսկույն բաժակներ բերեց:

- Բեր խմենք, Արամ, - ասաց Վարդանը անհամբեր:

- Տար, Տանյա:

- Դուք չե՞ք ուզում, - հարցրեց նա:

- Առաջ տար թող այդ ցմփորը խմի, - ցածր ասացի ես, - նա շատ է քրտնել:

- Չէ, առաջ Դուք խմեք, - ամենայն լրջությամբ ասաց Տանյան:

Երեխայի ցանկությունը շոյեց հոգիս, հաճույքով ենթարկվեցի նրան:

Օրվա մեծ մասը Տանյանՙ իմ առաջին ծանոթը Դիվինոյում, ինձ հետ անցկացրեց, եւ թեպետ ճաշից հետո դժվարացավ աշխատանքը, տան շուրջն էի պտտվում, ժամանակ գտնում էի նրան զբաղեցնելու համար: Պատրաստակամ զրուցակից էր, ամենակարեւորը, որ ամեն թեմա հետաքրքրում էր նրան, ե՛ւ կատակին դեմ չէր, ե՛ւ լուրջ խոսակցությանը:

Սվաղը, իհարկե, չվերջացրինք, կես օրվա գործ մնաց ի դժբախտություն ինձ: Սա բետոնից հեշտ էր, բայց բետոնի ժամանակ արհեստավոր փնջող չկար, բահ ֆռռացնելու վարպետություն էր պահանջվում, որը յուրացրել էի արդեն, եւ Հրանտի ու Շուլայի պես մարդկանց Վարդանն էր փոխարինել, որին նույնիսկ ցեխ տալը նվաստացուցիչ էի համարում, իսկ նա ծառայություն էր ուզում: Որոշելով խոպան գալ նման բաներ ունեի աչքի առաջ եւ այդքան մեծամիտ չէի, որ չկարողանայի հարմարվել երբեմն հնազանդվելով, երբեմն չլսելու տալով, երբ նրա պահանջները գործին չէին վերաբերում, կամ ճղճիմության աստիճան բծախնդիր էր դառնում: Ինչեւէ, կես օրն էլ հաղթահարվեց, եւ վերադառնալով գյուղտեխնիկաՙ միացյալ ուժերով եզրափակեցինք հիմքը: Չորս օր տեւեց այդ ուղղանկյուն պտույտը, խճավազի բազմաթիվ կույտեր բետոնվեցին, գիշերները, քնի մեջ, հաճախ էի լսում բահին կպչող քարերի ձայնը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.