AZG Daily #11, 24-03-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 6303, Տպվել է` 437, Ուղարկվել է էլ.փոստով` 197

ԽԱՉԱԳՈՂ 6

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատերի համար ավազ բերում էին հարեւան շրջանից: Հատուկ բետոնի ավազ էր, ոչ խոշոր եւ ոչ շատ մանր, փրկեց մեզ խճավազից, որի բերելը տեղական ափերից գրեթե ծախս չէր պահանջում, եւ սկզբում որոշել էին դրանով լցնել:

Հրանտի գործը բացվեց: Մի հոգու վերցնելով հետը, սովորաբար Գրիգորին, որը հեշտությամբ էր անցնում արանքներով, բետոնի կողապատերն էր կանգնեցում: Երկուսըՙ հյուսնության, երկուսըՙ քարհանք, Սաքոն հիմնարկի ոչ աշխատանքային ժամերին էր միանում մեզ, առավոտյան ու երեկոյան, հիմնական, ամենածանր աշխատանքը երեքիս ուսերին ընկավ, մեղանչած չեմ լինի, եթե ասեմ երկուսիսՙ իմ ու Շուլայի: Ցեմենտ կրելուց հետո Դավիթը քար էր գցում բետոնի մեջ, որը մենք լցնում էինք, անընդհատ լցնում... Անհավատալի էր թվում այդքան բետոնը ձեռքով անելը, բայց մինչեւ Չուլկինը բետոնխառնիչ ճարեր, մինչեւ հոսանք քաշեին, հուպ տվեցինք ու գնաց այդպես: Երբեմն Հրանտը աշկերտին ուղարկում էր մեզ մոտ, ինքն էլ էր գալիս, երբ շատ էր առաջ անցնում, կամ մի հոգի էր քարհանք գնում, որովհետեւ երեք հոգու, առավել եւս երկու բահի համար այդ աշխատանքն անչափ շատ էր:

Սկսում էինք վեցին, պարտադիր, իննին նախաճաշում, սովխոզի ճաշարանում, ճաշ մեկին, ապաՙ մինչեւ մութն ընկնելը... Առավոտյան էր ամենադժվարը, դեռ ուշքի չեկած կտրուկ անցում էր տեղի ունենում, սիրտս թպրտում էր մի ձեւի: «Յուղերդ են հալվում», ծիծաղեց Շուլան: Եվ, ինչ թաքցնեմ, սովածության չէի դիմանում, ստամոքսս աշխատում էր լվացքի մեքենայի ուժով, ուտելուց երկու ժամ հետո անհամբերությունն էր պտտվում այնտեղ:

Անգամ փորձվածների համար դժվար էր մեր աշխատանքը, չնայած ձեւեր էին թափումՙ իբր սովորական է եւ չի թվացնում: Ես էլ էի տարվել այդ խաղով, ցույց չէի տալիս, որ բահով անընդհատ աշխատելուց մեջքս ծռվում է, առավոտները սառը ջրով տրորելուց հետո են մատներս գործում, տուն մտնելով միանգամից չէի ընկնում մահճակալին, ինչպես Գրիգորն էր անում, շորերս փոխելով կես ժամի չափ համբերում էի, ուրախ ու թեթեւաշարժ ելումուտ անումՙ կարծես չի եղել ծանր աշխատանքային օրը, պատրաստ ամեն կատակի ծիծաղելու:

Շուլան կտրեց մազերս: Հոխորտացել էի մի ժամանակ, թե ուրիշ կերպ չեմ պատկերացնում ինձ, բայց ամբողջ օրը ցեմենտի ու ավազի մեջ հնարավոր չէր երկար մազերով, ու դուր եկավ այդպես: Ազատվեցի ակնթարթորեն կեղտոտվող խճճված զանգվածից, երեկոները մեկ-երկու շարժումով լվանում էի գլուխս սառը ջրով:

Օրերը տաքացել էին, բայց քամին միշտ կար: Փչում էր սովորաբար հարավ-արեւմուտքից, գժվեցնող քամի էր, չոր, երբեմն ցուրտ, անդուր ձայնով: Առավոտները տաք հագուստներով էինք դուրս գալիս, օրվա ընթացքում կամաց-կամաց թեթեւանում էինք: Անձրեւի հոտ չկար, կիրակուՙ նույնպես, շարունակում էինք նույն թափով:

Արագ վարժվեցի բահով աշխատելուն, գյուղական ծագումը օգնեց: Երբեմն Շուլայի հետ մրցման մեջ մտնելով կատաղածի պես վրա-վրա շպրտում էի բետոնը, Դավիթը բողոքում էր, որ չի հասցնում: Անսպասելի մի հայտնագործություն արեցի: Մարդիկ լինում էին աջլիկ կամ ձախլիկ, պարզվեց, որ ես ոչ մեկը չեմ, կամ երկուսն եմ միաժամանակ, հավանաբար իմ կիսագնդերը երկիշխանության կողմնակից էին: Բահը շատերի պես բռնում էի աջից ձախ, մի անգամ որոշեցի հակառակը փորձել: Համարյա նույն ձեւի կարողացա աշխատել, տարբերությունն աննշան էր, այն էլ անսովորությունից: Դրանից հետո հաճախ էի փոխում, կարծես նոր մարդ էր աշխատում:

- Էդ ո՞նց ես անում, - զարմացավ Շուլան:

- Մեկ է ինձ համար, - պարծեցա, - երկու կողմով հավասար աշխատում եմ:

Շուլան հեգնական շարժում արեց, այսինքնՙ մի կողմը իրեն լրիվ բավական է: Լավ ընտելացել էինք, ինչքան չլինի մոտ գյուղերից էինք եւ միշտ միասին էինք աշխատել ինժեների տան սվաղից բացի:

- Ուրեմն բնածին տաղանդ ես, - ծաղրեց Շուլան, - բա խոպան գալուց առաջ ի՞նչ էիր անում:

- Եսիմ, - ասացի, - ժամանակ էի անցկացնում:

- Հորդ հաշվի՞ն...

Չպատասխանելով շարունակեցի դարձնել ավազը:

Կալը պատրաստ էր, մի ավտո ավազ էինք բացել: Ջուրը գցելով փռվեցինք ավազի վրա: Այդ պահը խոսակցությունների պատճառ էր դարձել. Սաքոն պահանջում էր հանգստանալու փոխարեն հաջորդ կալը բացել: Նա ձգտում էր օգտագործել յուրաքանչյուր րոպեն, բայց երբ բացակայում էր, մեր ուզածով էինք անում:

- Շուլա, դո՛ւ ինչու ես խոպան եկել, - հարցրեցի:

- Ավտոյիս փողը պակաս է, - ծուռ ժպտաց նա:

- Ավտոյով կգնանք, - բարձր ասաց Դավիթը, - ես կքշեմ, Ալթայից Երեւան վըժժժժժ...

Հրանտը պատի մյուս կողմում նեցուկներն էր ստուգում, գլուխը երեւաց այնտեղից:

- Ի՞նչ է,-բղավեց նա,- ի՞նչ ես քեզ ճղում,-ապա ինքն անմիջապես ճղեց,-ելեք, արա, բետոնը չորացավ:

Հրանտի սիրտը չէր տանում, երբ մի րոպե նստում էինք, իսկ ինքը միշտ մի բան գտնում էր ձեռի հետ զբաղվելու:

Դավիթը ձեռնոցները հագնելով մտավ ներս, որտեղ քարն էր թափված, ես ու Շուլան կանգնեցինք նեղ ու երկար կալի ծայրերի մոտ:

- Չի ծծել, - ասաց Շուլան իր կողմից վրա տալով, - Ճղճղն էլի փչացրեց բետոնը:

Ես նույնպես կողքի չոր ավազը լցնում էի ջրի մեջ, տակից բետոնի թաց ալիքը սողաց ոտքերիս վրա, այս կողմը ցածր էր, լավ խմորվել էր, բահով մի երկու անգամ խառնեցի, սկսվեց ռիթմիկ մարմնամարզությունը. բահը խրում էի բետոնի մեջ, կտրելով մի պահ հապաղում թափ առնելու համար ու ձգվելով կամ ճկվելով, նայած որտեղ էի լցնելու, շպրտում էի պատի մեջ: Վերջին կալն էր ճաշից առաջ, Հրանտն ու Գրիգորը եկան համալրելու: Նրանք խառնում էին բետոնն ու մոտեցնում մեզ, մենք լարումից թափ առած խլում էինք պատրաստի բետոնն ու կարծես դեռ այնքան չհոգնած միահեւք լցնումՙ իրար ընդառաջ գնալով, բահերը երբեմն բախվում էին օդի մեջ:

- Քարերը պատերին չկպցնես, - բղավեց Հրանտը հույս չունենալով, թե Դավիթը մի գործ անսխալ կանի:

- Չորս հոգով լցնում եք, - բողոքեց Դավիթը, - չեմ հասցնում:

- Դու էլ գնա, - ասաց Գրիգորին:

Հրանտը, այդքան բարյացակամ իմ նկատմամբ եւ փաղաքուշ կարծես, Դավթին ու Գրիգորին միայն կարգադրություններով էր դիմում:

Տոլիկի ավտոն եկավ քարով բեռնված: Ռազմիկը բահ վերցնելով իսկույն մտավ աշխատանքի մեջ, Վարդանը ծանրումեծ, սիգարետ բռնած ձեռքով ցուցումներ էր տալիս Տոլիկին որտեղ թափել քարը: Բեռնաթափումը ղեկավարելուց հետո Հրանտի աշխատանքն էր ստուգում, ուրագը ձեռքն առած գնաց պատի երկարությամբ խփելով տախտակներին, որոնց արանքներից ցեմենտաջուր էր դուրս տվել:

- Ջրի եք անում, - դժգոհ ասաց նա, - կուռեցնի պատը:

- Իմ կապած պատը չի ուռի, - կտրեց Հրանտը:

- Կապածի համար չեմ ասում, բետոնն է ջրի:

- Երկու հոգով բետոն են լցնում...

- Երկու հոգով են լցնում, - թոնթորաց Վարդանը, - քար կտրելուց դժվա՞ր է բետոնը...

- Ո՞վ ասաց դժվար կամ հեշտ... Հեշտ բան չկա, ամեն ինչ դժվար է:

- Չէ, քո ասելով մենք պարապ պառկել ենք:

- Էս մարդը հիվանդ է, - դարձավ Հրանտը Ռազմիկին, - ես ձեր գործի մասին բան ասե՞լ եմ:

- Որ լսեմ, ականջներիս չեմ հավատա, - ասաց Ռազմիկը, - գործ է, մի տեղ դժվար կլինի, մի տեղ հեշտ, դժվա՞ր է, հերթով կանենք, ի՞նչ կա դրա մեջ, որ կռիվ եք սարքում:

- Չհավատաս ես կռիվ սարքեմ:

- Ուրեմն ե՞ս եմ սարքում, - գրգռվեց Վարդանը:

- Դե լավ, գնացինք ճաշարան, - հանկարծահաս վեճին Շուլան վերջ տվեց կալի տեղը հարթելով:

Ես սապոգները փոխեցի կոշիկներով, որոնք միշտ բերում էի հետս, եւ անհապաղ գնացի, որպեսզի հերթից առաջ ընկնեմ: Առաջին օրերին ընդհանուր ծախսը Սաքոն էր անում, նա հաճախ չէր գալիս մեզ հետ, փողը տվեցին ինձ: Որպես ջահել ես էի խանութ գնում ու ճաշարանում հերթ կանգնում: Փոխարենը տնային գործերից էին ազատել ինձ:

Սովխոզի աշխատողները չէին եկել: Մի սեղան էր զբաղեցրած, Լիզայի աղջիկն էր, հաստագեղ Նատաշան երկու տասնյոթ-տասնութ տարեկան աղջիկների հետ: Իմ սրընթաց մուտքը ծիծաղ առաջացրեց, տեսքս էլ պակաս չէր, բոբիկ ոտքերիս շորեերես կոշիկներ, ցեխոտ տաբատ, ձախ ծնկից քիչ վերեւ բահի կոթի մաշած տեղով, կարճաթեւ վերնաշապիկ առանց կոճկելու, կապած տուտերով, սեւ բերետը աչքերիս քաշած:

- Այսօր ինչքա՞ն, - սովորական ժպիտով հարցրեց Լիզան:

- Յոթ, - ես դադար տվեցի սպասելով, որ լցնի ափսեները, շարունակեցի, - տասնչորս բաժակ կաթ, տասնչորս բաժակ հումսեր, այդքան հյութ, կարկանդակ երեսուն հատ, - հետեւում քրքիջ պոռթկաց,- ինչո՞վ է կարկանդակը...

- Մսով եւ կաղամբով, որի՞ց:

-Մսով, մեկական էլ կաղամբով, չի խանգարի: Կաթն ու հումսերը շաքարով, խնդրում եմ:

- Նրանք ոնց որ երեխաներ լինեն, - Լիզան ծիծաղելով դիմեց աղջիկներին, - կաթը շաքարով են խմում:

- Այդքանը ի՞նքն է ուտելու, - ասաց աղջիկներից մեկը:

Շարեցի երկու սեղանի վրա:

- Ձեզ օգնե՞նք, - նույն աղջիկն էր, հարդագույն մազերով, ծիծաղկուն ու չարաճճի, համոզված, որ վաղուց արդեն մեծ է ինքը:

- Բերելիս էի օգնության կարիք զգում, - ասացի, - մնացածը ես կհոգամ:

- Դուք այդքան շատակե՞ր եք, - հարցրեց նա արմունկները սեղանին դնելով:

Եթե Նատաշան ասեր, մի պատասխան կգտնեի, բայց նա կարծես հմայում էր ինձ:

- Կարմրեց, - քմծիծաղեց Նատաշան:

- Բայց դա ամենեւին չի փակում նրա ախորժակը, - ասաց երրորդը:

Իրոք, չիմանալով ինչ անել, ապավինել էի գդալին:

- Տեսեք,-չարամտորեն շարունակեց Նատաշան,- շատակերությունից նրա կոշիկը պատռվել է:

Քանի որ սկսել էի լռելով, շարունակեցի անձայն ուտել: Իբր աղջիկները քիչ էին, Լիզան էլ մեջ ընկավ:

- Լսիր, - ասաց նա, - դու սիրելո՞ւ ես աղջկաս:

- Ուտող աղջիկներին չեմ սիրում, - վերջապես դուրս եկա համրությունից:

- Իսկ ես չեմ ուտում, - ասաց հարդագույն մազերովը, - ես առհասարակ շատ քիչ եմ ուտում...

- Ձեր աղջի՞կն է, - հարցրեցի Լիզային:

- Ոչ, մյուսն է իմը, աղավնյակս, բայց նրանք փոքր են...

- Ի՞նչ ես ասում, մա, - բողոքեց կրտսեր աղջիկը, - դպրոցն ավարտել ենք արդեն... Նինան նույնիսկ ինստիտուտի քննություն է տալու:

- Իսկապես, - ծիծաղեց մայրը, - մոռացել էի...

Բրիգադը ներս լցվեց, ես արագացրի, որ դուրս գամ աղջիկների հետեւից: Նրանք մոտեցան կանգառին: Հեծանիվով մի աղջիկ էր գալիս, որի աղյուսագույն շրջազգեստը բնավ չէր արդարացնում իր գոյությունը, խանձված մազերը, աներեւակայելիորեն խճճված, կարծես մի ավտո ցեմենտ էր թափել, տնկվել էին գլխի վրա, վզին եւ ուսերին պեպեններ էին երեւում, ներդաշնակ մազերին եւ զգեստին: Մի խոսքով, այլանդակի մեկն էր, բայց հրապուրիչ այլանդակ էր:

- Նինա, - կանչեց նա, - գնա տուն, մաման քեզ է սպասում:

Հարդագույն մազերովը քիթը կնճռոտելով դժգոհ նայեց, բայց աղջիկը հեռանում էրՙ օդի մեջ հստակորեն ընդգծելով արտառոց մազերը:

Հաց ու պահածո գնեցի եւ քայլեցի դեպի հիմնարկ:

Ընդամենը մի քանի օր առաջ հով, նոր սկսվող գարնանային եղանակ էր, որը ամռան գալը դեռ չէր խոստանում: Որպես օրենք երեք-չորս օրը մեկ փոխվում էր եղանակը, եւ այս հանկարծակի շոգը չէինք համարում ամռան սկիզբ, որը Ալթայում հավանաբար սեպտեմբերին էր լինելու:

Ճաշին հաջորդող ժամը մեր չարչարանքի ժամն էր: Ընդունած մեծաքանակ հեղուկը, որի բաժակներն այնպես անփութորեն թվարկում էի ճաշարանում, արագորեն դուրս տվեցՙ մսաջրի պես ծանր քրտինքով ողողելով մեզ: Հակառակի նման քամի չկար: Ես մնացել էի կիսավարտիքով, մյուսները կիսովին էին մերկ: Դավիթը քայլում էր ոտքերը լայն բաց արած, տնքտնքոցով:

- Վայթե շեքերը հարվել են, - ասաց Շուլան:

- Նա ինչ խոպան գալու բան է, - քրթմնջաց Հրանտը, - տեղից չի կարողանում շարժվի... Կամ մեկելը, - Գրիգորը, - չեն դիմանա, տուն կգնան երկուսն էլ:

- Հա, Գրիգորը չի դիմանա, - դանդաղ ասաց Շուլան նայելով ցեմենտի կողմը, որտեղ Գրիգորը դույլերն էր լցնում, - քաղաքի տղա է, ինչ դիմանա:

- Մեղքս տանում է դրան, ուժ չունի... Տես ոնց է բերում, թեւերը կպոկվեն... Ասա ինչ գործ ունես խոպան ես գալիս, աշխատի, էլի, գործարանում հանգիստ, ոչ թե ուրիշի վզին նստի:

Գրիգորը վերջապես տեղ հասավ ու դատարկեց դույլերը:

- Փռում ես, - դիտողություն արեց Հրանտը, - մի տեղ լցրու:

- Մի տեղ լցնեմ, կդարձնեք միանգամից, - կատակեց Գրիգորը:

- Բա փռում ես, ցեմենտ քիչ է խառնվում:

- Ախ, վարպետ ջան, հնարավոր չէ՞ առանց ցեմենտի անել բետոնը:

- Գնա, Չուլկինին ասա, - ծիծաղեց Հրանտը:

Գրիգորը լուռ նայում էր, թե ինչպես անգթորեն խառնում ենք ցեմենտը, գլուխն օրորելով գնաց դույլերը կախ գցած:

- Ցեմենտոտ արեք, - ասաց Հրանտը, - դրանց որ լսենք, պատերի տակ կմնանք:

- Փողի արարկու չկա՞, - հարցրեց Շուլան:

- Երեկ փող են բաժանել:

- Ինքը կստանա՞ առանց մեզ:

Հրանտը չպատասխանեց:

Հաջորդ կալը բացեցինք: Ես գնացի խմելու ջուր բերելու, դժբախտաբար լավ, սառը ջուր էր, չափազանց շատ էինք խմում:

- Էնքան խմեցինք, ջրխելառ եղանք, - ասաց Շուլան դույլը Հրանտին հանձնելով:

- Կես գցիր,- ասաց Հրանտը, - փոր էլ չունես, ո՞նց ես էդքան խմում:

Դույլը պտտվեց փոխանցվելով, վեր կացանք: Այդ կալը լցնելուց հետո չհանգստացանք: Աշխատելու ամենալավ ժամանակն էր, շոգը կոտրվել էր, բայց նորից սովածություն էի զգում: Փաստորեն օրվա մեծ մասը սոված էի մնում: Ընթրիքի համար գնած հացերը տուն չէի տարել, ծխելու դադարից օգտվելով պոկեցի մի մեծ կտոր: Ես միշտ վառված կողերով հաց էի ընտրում, չոր ու խրթխրթան: Հրանտը բողոքում էր, որ իր ատամների բանը չէ, իսկ խմորե միջուկ ուտելուց զզվել է արդեն, բայց միայն ես չէի վառված կող սիրում, հաց կտրելու ժամանակ փախցնոցի էր:

- Մի քիչ էլ ինձ տուր, - խնդրեց Դավիթը:

- Բեր ուտենք, Մոծակ, - ասաց Շուլան:

Թե ինչո՞ւ էր այդ անունը կնքել ինձ եւ ոչ թեկուզ Գրիգորին, որին լիովին կբռներ: Մոծակի համար փոքր-ինչ խոշոր էի, Շուլայի լայնքը չունեի, բայց բրիգադում միայն Դավիթն էր ինձնից բարձրահասակ:

- Ինչ կսկուց հաց է,- ասաց Շուլան ամենալավ կողն ամբողջովին վերցնելով:

Երկու հաց տեղնուտեղը վերջացրինք:

- Ինչի՞ խանութից բան չենք բերում, - ասաց Շուլան, - գործի վրա կուտենք մեկ-մեկ:

Ես ի գիտություն ընդունեցի: Մտքովս անցել էր, մտածում էիՙ չեն համաձայնի:

Սաքոն գրասենյակից դուրս գալով մոտեցավ մեզ:

- Դուք օրական քանի՞ անգամ հաց ուտեք, - ծիծաղելով ասաց, բայց ակնարկը կար նորից:

Նա բահը մտցրեց կալի մեջ ու ասաց, - պահ, ոնց է խխմել, - ապա անմիջապես խառնեց մի գլխից ու սկսեց լցնել, - քարն ուշացավ, - կանչեց նա:

Դավիթն ու Գրիգորը փութկոտ ներսի կողմն անցան:

Իսկապես, լավ բետոն էր, խառնելու կարիք գրեթե չէր զգացվում, բացի դրանից, Սաքոյի ներկայությունը միշտ արագացնում էր աշխատանքը: Կալ կալի հետեւից լցնում էինք վայրկյաններ միայն հանգստանալով: Վարդանն ու Ռազմիկը չթեթեւացրին մեր աշխատանքը: Սաքոն բրիգադը երկու մասի բաժանեց, չորսով կալ էին բացում, մենք լցնում էինք անընդհատ: Հերթականը հսկայական մի կալ էր, երկու ավտո ավազ էին միանգամից խառնել:

- Եկեք միասին լցնենք, - ասաց Սաքոն հույս առաջացնելով, թե վերջինն է լինելու:

Եթե մինչեւ ինը լցնեինք, կհասցնեի կինոյի երկրորդ սեանսին, բայց ավելի շուտ վերջացրինք, իննից քսան պակաս: Վերջացավ կինոյի հույսը, բայց չէի կռահում, որ հաջորդն էլ վերջինը չէ:

- Բերեք մի հատ էլ սարքենք, - ասաց Սաքոն:

Ձայն հանող չեղավ: Հոգնած էինք անչափ, սակայն ոչ ոք չէր ուզում խոստովանել: Ռազմիկը լուռ վերցրեց դույլերն ու գնաց ցեմենտի, Դավիթն ու Գրիգորը հետեւեցին նրան: Կալը պատրաստելուց հետո մութ էր: Սաքոն ուղղեց ջրի ավտոն, վառեց լույսերը: Ուժ չէր մնացել, բետոնի սովորական չափը, որ մի քանի ժամ առաջ գցում էի թեթեւորեն, փթեր էր կշռում: Թաքուն հույսով բահը մտցնում էի բետոնի մեջ ու սեղմում ծնկիս, որ ջարդվի գոնե, բայց կեչու անզգա փայտը դիմանում էր: Աչքերս շաղվում էին, թվում էրՙ կընկնեի ուր որ է, եւ համարյա չզգալով կատարում էի նույն շարժումները: Ավտոյի լույսի տակ լողում էին ճոճվող ստվերները: «Գիշերային սատանաների պարը», ծագեց մտքիս մեջ, բայց նորից համաչափ, մեխանիկական գործողությունն ամբողջովին բթացրեց ինձ, եւ բահը բռնած ձեռքերիս հոգնությունից ու մեջքիս տնքացող ցավից բացի ոչինչ այլեւս չէի զգում: Վերջում աշխուժացանք, հոգնած, ուժասպառ մկանների վերջին բռնկումն էր, մի քանի րոպեի աշխատանք էր մնացել, եւ ի մի բերած ուժերով կրծում էինք այդ րոպեները:

Վերջացնելուց հետո Վարդանը ցուցադրաբար նայեց ժամացույցին:

- Տասնմեկն է ժամը, - ասաց, - սրանից հետո էսքան աշխատող չկա, հազար անգամ չենք ծնվում:

Սաքոն ձայն չհանեց:

Գործիքները հավաքելով դանդաղ գնացինք տուն: Սովորաբար վերջացնում էինք տասին կամ մի քիչ շուտ, հոգնում էինք անշուշտ, իսկ այսօր բթացել էինք ծեծված թաղիքի պես, ընթրելու չգնացինք նույնիսկ:

Սաքոն թուղթ ու գրիչ առած նստեց սեղանի մոտ, մի որոշ ժամանակ հաշիվներ էր անում, հետո հանեց փողի կապոցը, բաժանեց ութ տեղ ու ասաց.

- Վերցրեք, ամեն մեկիդ վեց հարյուր ռուբլի... ուրախությունով ծախսեք:

Վարդանը փողը տեղավորեց, մի պահ կանգնեց անորոշ, նստեց Սաքոյի կողքին ու կամաց խոսեց:

- Չէ, ի՞նչ ես ասում, - լսեցի Սաքոյի ձայնը, - թղթերը բանկ չեն տարել, ես իրենց աշխատողների փողից եմ ստացել...

- Ես քեզ բան չեմ ասում, Սաքո ջան, ամեն տեսակի մարդ կա, ինչի՞ վաղը մեկը կանգնի ասի, թե Սաքոն փողս կերավ...

Ալարում էի շորերս հանել, ընդարմության մեջ պառկել էի մեջքի վրա, ոտքերս հատակին:

- Մոծա՛կ, վեր կաց, շորերով չքնես, - ձայն տվեց Շուլան:

Ես քնած ձեւացա:

- Այ տղա, ել...

- Նորություն իմացանք, - քրթմնջացի հազիվ ուղղվելով:

- Հը, խոպանը ո՞նց է, էլ չե՞ս գա...

- Ինչ կա որ, - բլբլացի ես, - ինձ ինչ է եղել...

- Ինչ խոպան, արա, է, - ասաց Հրանտը, - ես սրա մերը...

Գրիգորը խռմփացրեց: Նիհար, չսափրած դեմքը խղճալիորեն գցել էր ուսին, մազերը ցեմենտից չէին մաքրվել: Այնպես էր դռդռացնում փոքրիկ քթով, որ զարմանում էի, թե ինչպես ուղեղը չի պայթում:

Հոգնածությունից չէի կարողանում քնել: Այսպիսի մի քանի օր եւ ամբողջ հյութս կքամվի: Ծիծաղելի էր առաջին օրերի ոգեւորությունը, որ խոպանի աշխատանքը այնքան էլ ծանր չէ եւ հեշտությամբ եմ տանում:

Սենյակում օդը ծանրացել էր, լուսամուտների մոտ քնողները չէին համաձայնում օդանցք բացել, գիշերները հաճախ պաղ քամի էր փչում: Շնչառության ձայներն ու խռմփոցները հանգիստ չէին տալիս: Այդ ամենի հետ լսում էի ավազին քսվող բահի ձայն... հետո բահը դանդաղ վեր էի հանում...

- Քար գցեք, - գոռաց Հրանտը, - ջուրը փախավ, Արամ... Բահն ինչի՞ ջարդեցիր:

- Ես չեմ ջարդել, - մրմնջացի:

- Դե, շուտ արա, շուտ, ցեխը քարացավ...

- Ջուրն էլ, ցեխն էլ, - հայհոյեցի ես:

- Ի՞նչ, - չռեց աչքերը Հրանտը, - էդ ո՞ւմ ես ասում...

- Բա ինչ, - ասացի, - թող քնեմ...

- Ի՞նչ քնել, - գոռգոռաց Հրանտը, - բետոնը մնաց...

Ես նորից բահը խրեցի բետոնի մեջ, բայց չկարողացա բարձրացնել: Կառչուն ու անբաժանելի զանգվածը ինչ-որ ծանր կենդանու ուժով քաշում էր բահը ներքեւ... հանկարծ ջարդվեց բահը... Ձեռքիս կտորը շպրտեցի ու Հրանտից թաքնվելու համար պատի մյուս կողմն անցա... Այնտեղ պեպենոտ աղջիկն էր կանգնել շրջազգեստը ձեռքերով վեր քաշած:

- Ո՞ւր գնաց, - բղավեց Հրանտը:

Աղջիկը ժպտաց, որ այդպես վախենում եմ Հրանտից, ու ցած թողեց շորը... որը գետին ընկավ: Ոչ մեկս չշարժվեցինք, բայց զգացի, որ գրկել եմ նրան... նա քմահաճորեն չէր ուզում համբուրվել, խուսափում էր ծիծաղելով... Ես նրան սեղմեցի գրկիս մեջ... ակնկալվող համբույրի փոխարեն խարազանվեց բիրտ ձայնըՙ օձի գալարների պես արձագանքվելով ականջներիս մեջ...

Սաքոն «պադյոմ» էր տվել:

Շաբաթ-կիրակի գրասենյակի տանիքը նորոգեցինք: Երկու տարի առաջ Սաքոն էր ծածկել, ոչ այնքան որակով, որպեսզի հետո նորոգվի: Ձյութ, երրորդ եւ հինգերորդ համարներ, բերել էինք մի քանի օր առաջ, մեծ ավտոկռունկ էր պետք, որն այս օրերին կարող էր գալ:

Ես ու Հրանտը վեր կացանք չորսին: Հրանտը շուտ էր զարթնում ու պառկած ծամոն էր ծամում, իսկ եթե մտքին փչեր դուրս գալ, փայտե նալիկներով բետոնե հատակին գռգռացնում էր Գրիգորի խռմփոցից ոչ պակաս, Շուլան ամեն առավոտ սպառնում էր վառել դրանք: Հրանտի հետ շուտ ելնել ինքս ցանկացա, ուզում էի փորձել ամեն ինչ:

Ձյութը կտրում էինք կացիններով ու լցնում մեծ կաթսայի մեջ, որի տակ ավտոդողեր էինք վառել: Սկզբում դժվար էր, արագ էինք աշխատում, որ արեւածագի հետ ձյութը չփափկի, հետո միայն կրակին էինք հետեւում:

- Գնա ձեն տուր, - ասաց Հրանտը:

Ես վազեցի «պադյոմ» կանչելու մտադրությամբ, Սաքոն արթուն էր. չհամարձակվեցի ոտնձգել նրա իրավունքներին:

- Պրծա՞ք, - հարցրեց նա:

- Ըհը:

- Վասյան եկե՞լ է:

Ես նոր մտածեցի, որ իսկապես, եթե կռունկավարը չի եկել, բրիգադին արթնացնելը միտք չունի: Բայց Սաքոն ձգվեց արմունկի վրա ու հաստ ձայնով ազդարարեցՙ պադ-յոմ: Վեր կացան դանդաղ ու ճլորած, ուրեմն ես էլ այդպես տգեղ էի առավոտները: Գրիգորը համարյա չէր երեւում ծածկոցի տակ, Սաքոյի ձայնից գլուխը վեր թռավ բարձից, ապա անկողնուց ելավ անսովոր մի ձեւով, կարծես ոտքը չէր ենթարկվում նրան, քաշեց, միացրեց մարմնին տնքոցով, հետո մյուսը:

- Օ՜ֆ, - թառանչեց նա ու իսկույն զգաստանալով մի եղանակ սուլեց:

Մինչ նրանք հագնվում էին, մի քանի կոնֆետ գցեցի բերանս:

- Ցո՞ւրտ է, - հարցրեց ինձ Դավիթը:

- Չէ:

- Տելո չվերցնե՞մ:

Ամառային օրվա համար ավելորդ բեռ էր, բայց ես թողեցի նրա հայեցողությանը:

- Հագնեմ, չէ՞, - շարունակեց Դավիթը:

Ինչ անում էր, հարցնում էր երեխայի պեսՙ անե՞մ, թե չէ... կամ եթե բան էր պատմում, վերջում հարցնում էրՙ հը, ճիշտ չէ՞... Հոգի էր հանում, մինչեւ պատասխան չստանար:

- Չհագնե՞մ, - գլուխ չհանեց նա:

Արդեն ծիծաղս չէի կարող զսպել, բարեբախտաբար ուրիշ առիթ եղավ:

- Վայ քո... Ճղճղ, - ձայնը գլուխը գցեց Շուլան կոշիկները փնտրելով:

Հրանտի բացակայությունը չփրկեց նրան, այս առավոտվա բաժինը հեռակա ստացավ:

Իմացան, որ Վասյան չի եկել, դանդաղ էին շարժվում: Սովորաբար այդ ընթացքըՙ լվացվել, հագնվել, զուգարան, վազելով էր կատարվում: Վերջապես հավաքվեցինք գրասենյակի մոտ: Արեւածագի ժամն անցել էր, բայց չգիտես ինչու արեւը չէր երեւում, ամպ էլ չկար, Հրանտն էր հավանաբար ոտքով շպրտել մի անկյուն, ինչպես Շուլայի կոշիկները: Նստել էր լուրջ ու դեմքը բարձր, ձեռքի փայտով կրակն էր խառնում ռետինի թանձր մուրը վերեւ ուղարկելով:

Աշխատեցինք նախաճաշից հետո: Ես ներքեւում էի, ձյութը լցնում էի տակառի մեջ եւ ուղարկում իրենց, կրակն էի թեժացնում, իսկ եթե ընկնում էր կաթսայի մեջ, տոլի մի մեծ կտոր մոտս էր, բերանը փակելով խեղդում էի: Դժվար չէր, նույնիսկ հաճելի էր կրակի հետ խաղալը, թոքերս էին խաշվում, հաճախ էի վազում ջրի, եւ այդ տապին աշխատում էի տաբատով, առանց այդ էլ ծիծաղող դեմքեր էի տեսնում հաշվապահության պատուհաններում, աշխատում էին շաբաթ օրը: Բաժանել էինք գրասենյակի կանանց: Վարդանը, պարզ է, թմբլիկ Լյուբային վերցրեց, եւ մնացածներըՙ համապատասխանաբար: Ես զուրկ էի մնացել, քանի որ միակ նիհար կնոջը տվել էին Հրանտին: Մանկական խաղ էր, երբեմն գոռում էինքՙ Շուլա, սիրածդ եկավ, Վարդան, քոնը զուգարան գնաց: Հրանտն էր ջղայնանում, կամքին հակառակ էինք վզին փաթաթել: Չէի վշտացել այդ բաժանումից, ինձ համար նրանք չափազանց մեծ էին, ես իմ հրապուրանքն ունեիՙ խայտաբղետ աղջիկը... զբաղմունք էր դարձել, անկողին մտնելով մի կես ժամ մտածում էի նրա մասին, ափսոս, երազը չէր կրկնվում: Ճաշարանի ճանապարհին աչքս գցում էի շուրջս, բայց այն օրվանից հետո չէի տեսել, սիրահարվելու նշան էր, նրան տեսնելու պահանջ էի զգում, ընդսմին եւ ուրիշներին էի նկատում: Շատ էին լավերը, ոսկե շրջանն էր նրանց, անհոգորեն թեթեւ հագնված, ինչ-որ կիսազգեստ, սոսկ ենթարկվելով սովորությանը, թե անհրաժեշտ է մի բան հագնել, թրեւում էին գետափի ճանապարհին կամ բլբլում ճաղաշար ցանկապատերին կռթնած:

Լիզան այլեւս չէր հետաքրքրվում ինձնով, նրա աղջիկը չքվել էր տեսադաշտից:

«Բելուխայի» մի անկյունում, մուտքը դրսից, գարեջրի կետն էր: Հենց շարվում էին ավտոները փողոցում, գիտեինք արդեն, գարեջուր են ստացել: Վարորդներին գարեջուր կարելի էր, չէին տուգանում: Մարիա էր վաճառողի անունը, հաճախորդները նրան Կույս Մարիա էին անվանում, այսինքնՙ գարեջրամոլների եւ անպտուղ կապերի հովանավոր: Ճաշից հետո մտանք, պատահաբար հերթ չկար: Մերոնք մի շնչով դատարկեցին գավաթները, ես ու Վարդանը մնացինք: Ես հին սովորությամբ դանդաղ էի խմում, Վարդանը հատուկ նպատակ ուներ:

- Էլի լցնե՞մ, - հարցրեց Կույսը:

- Լցրու, - Վարդանը գավաթը մոտեցրեց, - ջահելին բավական է, - հասկացնելով, որ շատ մնացի:

Վարդանը փորը հենեց սեղանին ու աչքերը Կույսին սեւեռած հարցրեց, թե քանի անգամ է ապրել տղամարդկանց հետ:

Վարդանը ծանոթություն հաստատելու անսովոր ձեւ էր կիրառում, որը ոչ մի դասագրքում չէր գտնվի:

- Չեմ հաշվել, - աչքերը չթարթելով, ինչպես շնաձուկ, որը մանր մի ձկնիկ է կուլ տվել առանց զգալու, պատասխանեց Կույսը:

Շարունակությունը չլսելով մտածում էի, որ դժվար թե Վարդանը հաջողության հասնի... եւ սխալվում էի: Երեկոյան նա սափրվեց, անուշահոտվեց ու գնաց, մի շիշ օղի գրպանում: Այնպիսի պահի ծլկեց, երբ Սաքոն ներսում չէր: Մյուսներն էլ կարծես չնկատեցին, հաց ուտելու ժամանակ նոր Հրանտը հարցրեց.

- Էս ո՞ւր է Ճոռոն:

Միայն ես գիտեի նրա տեղը:

Ընթրիքն առատ էր: Սաքոն յուղ-պանրի գործարանից կարագ ու պանիր էր բերել, Շուլան կապվել էր մոտիկ տների հետ ու ապահովում էր մեզ կաթով ու հավկիթով: Կարտոֆիլն ու պահածոն արհամարհված մնացին սեղանի ծայրին: Հրանտը կարագը քսում էր հացին, ավելացնում պանրի շերտը, գդալով շաքարավազ էր ցանում եւ ուժեղ սննդի այդ խառնուրդը խածուխում անում կաթի հետ:

- Ծակոսկրե՞լ ես, - ասաց Շուլան մոռանալով, որ իր ձեռքինը ծավալով ու բովանդակությամբ չի զիջում:

- Ի՞նչ ես ասում, - լի բերանով ասաց Հրանտը, - թող հաց ուտենք:

- Քո տարիքի մարդուն քաղցրը լավ չէ:

- Վերջացրո՛ւ:

- Մեղր կուզե՞ք, բերեմ, - հարցրեց Սաքոն:

- Դու միս բեր, - ասաց Շուլան:

- Սառնարանում տեղ կա՞, որ միս բերեմ:

- Նկուղ փորենք, - առաջարկեց Ռազմիկը, - սառնարանից լավ կպահի միսը:

- Անցյալ տարի պահեստապետը հինգ հարյուր ռուբլի տվեց, չփորեցի, - խնդաց Սաքոն, - հիմի ձրի փորե՞մ...

- Լավ ասիր, - ծիծաղեց Ռազմիկը, - մեր տունը սվաղելու ժամանակ ափսոսանքով էի հաշվում մետրերն ու ճիշտ, մտածում էի, որ ձրի գործ եմ անում:

- Գաջո՞վ սվաղեցիր:

- Մեզ մոտ ավազով ո՞վ է սվաղում... Էստեղ ի՞նչ արժե սվաղը...

- Երկու ռուբլի:

- Էժան է:

- Ինչ սվաղ ենք անում, որ էժան չլինի, հասարակ սվաղ, ծեփի անցի... ուրիշ տեղ ավելի թանկ արե՞լ ես:

- Ես չորսով էլ եմ արել:

Սաքոն հեգնական ծիծաղեց:

- Շան տղա լինեմ, - երդվեց Ռազմիկը, - սվաղն էլ քո ասածի պես, կոլոլում անցնում էինք:

- Որտե՞ղ:

- Յակուտիայում, չորսով սվաղն էինք անում, տասովՙ բետոնը:

- Խորանա՞րդը տասը ռուբլի:

- Չէ, քառակուսին:

- Դե լավ, դու տվիր անցար... մենք էլ բետոն ունենք, թե երեքով հաջողացնեմ, գոհ կմնամ, ուր մնացՙ տասը ռուբլի...

- Չեն հավատում, - մեզ դիմեց Ռազմիկը, - քառասուն տոկոս մենակ հյուսիսային էր հասնում մեզ...

- Էլի չեմ հավատում, ուրեմն դուք մետրին վեց ռուբլի՞ եք ստացել:

- Ստացել ենք տասը ռուբլի, իսկ մաքուր բետոնը արժեր հինգ ու հիսուն:

- Եսիմ ինչ տեղ եք ընկել... ինչքա՞ն բերեցիր:

- Հինգ ու կես:

- Էդ գներով հինգ ու կե՞ս:

- Երեք ամիս ենք աշխատել, լավ չէ՞:

- Լավ է, - ասաց Հրանտը, - հերու ես վեց ամսվա բերեցի հինգ հազար:

- Բայց ուտելիք չկար, օրը մի անգամ էինք ճաշարան գնում, էն էլ բանի պետք չէր:

Հրանտը դույլով ջուր դրեց գազին:

- Ամանները լվամ, - նեղսրտած ասաց, - խոզի պես ենք ապրում...

- Աման լվալը քո գործը չէ, - ասաց Սաքոն:

- Թողնեմ հոտե՞ն:

- Չի հոտի, տղերքից մեկը կլվա:

- Ես կլվամ, վարպետ ջան, - պատրաստակամորեն ասաց Գրիգորը:

- Տունն էլ է հարկավոր կարգի բերել, աղտի մեջ կորել ենք:

- Հերթապահությունը կփրկի մենակ, - ասաց Ռազմիկը, - թե չէ իրար ենք թողնում:

- Գրիգորի հերթը սկսվեց, - ծիծաղեց Սաքոն:

- Ինչքա՞ն ժամանակով, - հարցրեց Գրիգորը:

- Մի շաբաթ:

- Անեմ...

- Մնացած ձվերը խաշի լրիվ: Առավոտյան կուտենք, ճաշարանում սրանից լավ բա՞ն են տալիս, կարագ, հավկիթ, պանիր, էն էլ ի՜նչ պանիր, սանատորիայի ուտելիք է, մի բաժակ էլ կաթ կամ թեյ... Ասում եմ, առավոտները տանը հաց ուտենք... Ախր, ճաշարան գնալով շատ ժամանակ ենք ծախսում, մի ժամ տեւում է, ութ հոգին անում է ութ ժամ, օրը երկու անգամ, ոնց որ մի հոգի չաշխատի մեզնից:

- Ցերեկն է՞լ ճաշարան չգնանք, - հարցրեց Շուլան:

- Կուզեք, ցերեկն էլ տանը կուտենք, ամեն ինչ կբերեմ...

- Դու հազիվ ուտելիք հասցնես, - ծիծաղեց Շուլան, - էլի մի հոգի պարապ կմնա, ավելի լավ չէ՞ ճաշարանը...

- Չեմ հասկանում, Լիզայի շնիցե՞լն է համով, թե կարագն ու հավկիթը:

- Ամեն օր կարագ ու հավկիթ կուտվի՞:

- Ոնց էՙ հոտած միսը կուտես ամեն օր, կարագն ու հավկիթը չես ուտի:

- Շուլայի համար Լիզայի շնիցելն է համով, - ծիծաղեց Հրանտը:

- Դրա համա՞ր ես կպել ճաշարանին:

- Է՜, - Շուլան չշարունակելով սենյակ գնաց:

- Խաշե՞մ, - զգույշ հարցրեց Գրիգորը:

- Խաշի, -մեր հույսերին վերջ տվեց Սաքոն:

Նախաճաշն ամենից առաջ աշխատանքի ընդմիջում էր, որ բանթողի պես ուրախացնում էր առավոտյան պոռթկումից հետո, իսկ ճաշարան գնալը մեր օրվա միակ հետաքրքրական իրադարձությունն էր: Ինչ սկսել էինք գարաժը, անհնար էր կինո գնալ կամ դուրս գալ պարզապես: Աշխատում էինք, քնում, որպեսզի արթնանալով շարունակենք աշխատել:

Այսօր Վասյայի շնորհիվ շուտ էինք տուն եկել, ընթրիքը վերջացրինք ոչ թե սովորականի պես տասնմեկն անց, այլ տասին, իսկամբիլի սիրահարները երկար ժամանակից հետո խաղալու հնարավորություն ունեցան: Նույն զույգերով էին խաղում, Շուլան ու Հրանտը, Սաքոն ու Ռազմիկը: Խաղում էին ձեռ առնելով, բողոքներով, պարզաբանումներով եւ ծաղկազարդումներով:

Ես հանեցի ճամպրուկի մեջ ու ներքնակի տակ ճխտած աղտոտ շորերը, մի ժամվա եռանդագին աշխատանքից հետո վերադարձա սենյակ ուրախ, որ իրագործեցի այդ անսպասելի ու հերոսական վճիռը:

- Ապրես, Արամ, - գովեց Հրանտը, - մեծ գործ արեցիր...

Եվ իսկույն աղմկեց, Շուլայի վեցնոցի վրա Սաքոն մեկնոց էր խփել հարսանիք անելով, որը նույնն է, ինչ մարսը նարդու մեջ:

- Անգլուխ անասնակեր, - բղավեց Հրանտը հազիվ խաղաթղթերը Շուլայի ճակատին չշպպացնելով, - ինչի՞ նշմար չես տալիս:

- Տվել եմ, - արդարացավ Շուլան, - վառա աչքով անելով:

- Տո քո աչքը միշտ ճտած է, ես ի՞նչ իմանամ, թե աչքով ես անում:

- Լավ, հերիք ճղես քեզ, մեկ է, մենք առաջ ենք:

- Առաջ ենք... սրանք ո՞վ են, որ հարսանիք անեն, հիմի պրծել էինք:

- Տվեք իրար, - ուրախացավ Դավիթը մահճակալի զսպանակները գետնին հասցնելով:

- Ընկերոջ կորած եմ, - շարունակում էր Հրանտը, - ես մենակ երեք հոգու դեմ ո՞նց խաղամ...

Շուլայի բախտից այս անգամ նրանք հարսանիք արեցին խաղն իրենց օգտին ավարտելով:

- Գնացեք խաղալ սովորեք,- արհամարհանքով նետեց Հրանտը,- միանգամից բարձրագույն խումբ եք ուզում մտնել:

- Լավ հա, - ասաց Սաքոն, - բախտի բերմամբ տարաք:

Շուլան այդ հաղթանակը եւս գրանցեց տետրում: Հաշիվ էին պահում, որ տարվող զույգը Նովոսիբիրսկում ռեստորան տանի:

- Ռազմիկը լավ չի խաղում, - հանկարծ ասաց Սաքոն, Ռազմիկը քմծիծաղեց, - Շուլայից դժգոհ ես, բեր փոխենք նրանց:

- Հա, Շուլան Ռազմիկի փոխարեն, ես էլՙ քո, ձեր թիմը լավ կուժեղանա, - սրամտեց Հրանտը:

Դավիթն այնպես քրքջաց, որ մարմնի ամենածանր տեղը հատակին կպավ: Ցնցումից վեր թռավ քնած Գրիգորը:

- Ախ, մամա ջան, - հառաչեց նա ու նորից ընկավ անուժ:

- Տունդ շինվի, - Սաքոյին դիմեց Հրանտը, - էս խեղճ Գիքորին ինչի՞ ես բերել խոպան:

Մականուն ստանալուց հետո Հրանտը հոգում էր, որ մյուսները զուրկ չմնան այդ պատվից: Ինձ էլ աչքաթող չարեց, թեեւ կնքված էի արդեն: Մոծակը քիչ էր, նաեւ Մրոտ դարձա, հաճախ երկուսը միասին էր օգտագործումՙ Մրոտ Մոծակ...

- Ի՞նչ անեմ, - ասաց Սաքոն, - ձմեռը գլուխս տարավ, գամ հա գամ...

- Մեղքի տակ ես ընկնում... մի ամսվա մեջ վրեն բան չի մնացել...

- Ո՞ւմ վրա է մնացել որ, - ցավով արձագանքեց Դավիթը:

Ես սկսել էի նիրհել, Դավթի տրտունջը ծիծաղեցրեց:

- Էն մի հոգավորը չեկավ, - ասաց Հրանտը հանվելով:

Սաքոն փակեց դուռը եւ լույսը մարելով պառկեց:

- Փակեցի՞ր, - մթան մեջ հարցրեց Հրանտը, - բա որ գա...

Սաքոն ձայն չհանեց:

Վարդանի գալը եւ թե ով էր բացել դուռը, չէի իմացել:

- Ո՞ւր էիր գիշերը, - հարցրեց Սաքոն:

Վարդանը զարմանքով նայեց նրան, - տանն էի, ուր էի... մի քիչ ուշ եկա:

- Ժամը չորսը մի քի՞չ է... որ քեզ փորձանք պատահեց, ո՞վ է պատասխան տալու:

- Երեխա՞ եմ, ինչ է...

- Մի խոսքով, վերջինը լինի, - ասաց Սաքոն:

- Ինչի՞, հո կալանավոր չենք, տեղ գնալու իրավունք չունե՞նք:

- Տեղ ես գնում, տասնմեկին արի տուն...

- Տասնմեկին գործն ես պրծնում...

- Ուրեմն պառկի, հանգստացի... աշխատանքի մեջ հոգնած մարդը գիշերները քաշ չի գա:

Վարդանը սրտմտած նայեց նրան ու լուռ գնաց դեպի դուռը:

- Ո՞ւր, - կանչեց Հրանտը, - ճաշարան չենք գնում:

- Լույսը չբացված հաց ուտել կլինի՞, - ասաց Վարդանը, - էս ինչ նոր կարգ եք մտցրել:

Իսկապես, կուլ չէր գնում, իսկ առանց նախաճաշի օրը տարի թվաց:

Գիշերային հերթափոխն էր ազդել, ռեժիմի փոփոխումը, թե ուրիշ ինչ, Վարդանը քար չուղարկեց, երեկոյան եկավ կիսաբեռ ավտոյով: Խմել էր Տոլիկի ու քարհանքի բանվորի հետ եւ մոռացել, թե ինչի համար է գնացել: Ես սպասում էի, որ Սաքոն շան լափ կլցնի նրա գլխին, բայց առանձին խոսեց հետը, իսկ առավոտյան ինձ ուղարկեց քարի:

Քարհանքը Դելկինոյի մոտ էր, տարիքոտ մարդ էր աշխատողըՙ Դիմովիչը, տարօրինակ ծռված արմունկով, լավ չընդունեց ինձ:

- Քարի՞ ես եկել:

- Այո:

- Դե, ջարդիր:

Ես գիտեի, որ իմ գործը բարձելն է, իսկ նա այսօր ոչինչ չէր արել եւ չէր ուզում անել: Հարցական նայեցի Տոլիկին, ուսերը թոթվեց: Վարդանին փոխարինելով խախտել էի խմիչքի ընկերությունը, եւ նրանց չէր հետաքրքրում, թե ինչ եմ տանելու այստեղից: Բարեբախտաբար մտքովս անցավ զննել շրջակայքը, բլրակների մեջ քարի կույտեր կային, Տոլիկն ասաց, որ Դելկինոյի սովխոզինն են:

- Նո՞ր են հավաքել:

- Չէ, աշնանը:

- Երեւի իրենց պետք չէ, որ մինչեւ հիմա չեն տարել:

- Տես հա, - զգուշացրեց նա:

Բայց ես ջարդելու ցանկություն չունեի, եւ կես ժամից թափքը լցվեց:

- Ի՞նչ արեցիր, - արթնանալով բղավեց Դիմովիչը, երբ ավտոն շարժվում էր, - դրա համար քեզ դատի կտան:

- Դու չես տեսել, - ծիծաղելով մոտեցա նրա վերաբերմունքը փոխելու հույսով:

- Խորամանկ հայ, - ժպտաց,- կխմե՞ս հարյուր գրամ:

Այդ արեւին օղին պատկերացրի հալած ռետինի տեսքով:

- Չեմ խմում, - ասացի:

- Օ՜... հազվադեպ երեւույթ է... բայց միգուցե խմե՞ս...

Ես նորից համեստորեն հրաժարվեցիՙ աշխատելով չդիպչել նրա զգացմունքներին:

- Ինչպես կուզես, - լցրեց բաժակը, - շոգ է այսօր...

Մի ավտո էլ սովխոզի քարերից ուղարկեցի: Դիմովիչը ճաշից հետո աշխատեց: Քարերը միաձույլ էին թվում, զանգվածային, իսկ նա գտնում էր աննկատելի շերտերն ու քանդում, ես ծանր մուրճով ջարդում էի մեծ կտորները:

- Ճիշտ չես խփում, - ասաց նա, - հապա ջարդիր սա:

Ես ամբողջ ուժով խփեցի:

- Էխ, քարիդ մերը, - ծիծաղեց Դիմովիչն ու լինգի թեթեւակի հարվածով քարը երկու մասի բաժանեց, - տեսնո՞ւմ ես այս մուգ գիծը, շերտն է, եթե կամաց խփես այդտեղ, քնքշորե՜ն, կբացվի կնկա ոտքերի պես...

Քարհանքի աշխատանքը հեշտ թվաց, իսկ Վարդանն ասում էր, թե բետոնից դժվար է: Բարձելու ժամանակ աշխատում էի տենդորեն, բայց Տոլիկի գնալ-գալը գրեթե մի ժամ էր տեւում... մի ժամ բետոնի երկու-երեք րոպեանոց հանգիստների փոխարենՙ երանություն էր: Դիմովիչը չէր ուզում այդ ժամերին շահագործել ինձ, արեւի տակ պառկելով զրուցում էինք, իսկ եթե պատրաստի բեռ չէր լինում, օգնում էի նրան: Դժվար էր քանդելը, ծանր լինգը ձեռքերիս մեջ ցատկոտում էի քարից քար, կսկծացնող քրտինքով ողողված, բեկորները ծակծկում էին սրունքներս, բայց հաճելի էր, գրողը տանի:

Մարդկանց արագ ընտելանալու զարմանալի հատկություն էի ձեռք բերել: Ավելի զարմանալի էր, որ ինքս էի միանգամից ուրիշների համակրանքն առաջացնում: Ուրեմն մինչ այդ չէի ճանաչել ինձ կամ նոր էի դարձել այդպիսին: Երկու ամիս չկար, ինչ այս նոր աշխարհում էի ու անընդհատ տարբերություններ էի գտնում նախկինի հետ համեմատած: Եթե առաջ հարմարվում էի ստիպված ու արտաքուստ միայն, այժմ ինքնիրեն ստացվում էր պարզապես: Մի հիմնական շրջապատ էի ունեցել, մտավորականության ու արվեստի արանքում, եւ այնտեղ իշխող վերացական մտածողության փոխարեն, ոչ զուրկ ձեւականությունից, պարզ հարաբերությունների աշխարհն էի ընկել ու շատ ավելի լավ էի զգում:

Առաջին տպավորությունից թթված ու մաղձոտ Դիմովիչը շուտով բարեկամացավ հետս: Ամեն ինչին ծաղրանքով էր վերաբերվում, ինքն էր, իր չոր գլուխը, առանց հարազատների, Կարպատներից էր եկել, ենթադրում էի, որ աքսորվել է շատ տարիներ առաջ: Կյանքն ապրած մարդ էր, նմանները մի ձեւի վերանում են իրականությունից, հարբեցողի ու բանաստեղծի խառնուրդ էր ստացվել: Այնուամենայնիվ կառչուն մի բան կար մեջը:

Նրա մոտ մի կին էր գալիս Դելկինոյից, Տանեչկան, իր պես չորուցամաք, սակավախոս, հեզ ու միամիտ: Նստում էին միասին, խմում ու լռում, ինչպես քառասուն տարվա ամուսիններ: Այդքանով չէր սահմանափակվում նրանց մտերմությունը, մի անգամ անհետացել էին կանաչների մեջ, հետո եկավ օրորվելով, ծուռ արմունկը տնկած:

- Տեսնո՞ւմ ես, - ասաց հեգնանքով, - էս օրին եմ, բայց մեջս դեռ կա...

- Քանդիր, քանդիր, - ասացի, այդ խոսքը նա էր շատ ասում, մասնագիտական կարգախոս էր դարձրել:

- Ամբողջ աշխա՞րհը քանդենք:

- Քանդիր, թե չէ կտրոն չեմ տա:

Խոսք էր, ասում էի: Եթե չքանդեր, դատարկ չվերադառնալու համար անելու էի նրա գործը: Ուրիշ բան, երբ հիմնարկներից էին գալիս իրենց բանվորներով: Նրանք հանգիստ սպասում էին, մինչեւ Դիմովիչը բեռ պատրաստեր: Բայց նա գլուխ պահող չէր, եռանդով աշխատում էր սովորաբար, իսկ օգնելս արդյունք տալիս էր: Պատահում էր, մեքենաները կուտակվում էին հանքի մոտ, առաջ ինձ էր բաց թողնում:

Չորս ավտո ուղարկում էի օրական: Այդքան էր եղել նաեւ երկուսի ժամանակ, իսկ մենակ մնալուց հետո Վարդանը կեսն էր իր պլանը համարում:

Առավոտները, քարհանք գալուց առաջ, բենզակայան էինք մտնում: Մի երիտասարդ կին էր աշխատում այնտեղ, գեղեցիկ եւ գիրուկ, հայտնի իր զվարթ կյանքով: Մի անգամ նա մոտեցավ Տոլիկի հետ:

- Նրան հարցրու, - ասաց Տոլիկը ցույց տալով ինձ:

- Դե, ջահել, - ժպտաց Դինան, - մի քանի րոպեսով ավտոն կտա՞ս մեզ:

- Չեմ կարող, - պատասխանեցի:

- Մի համառի, - շարունակում էր ժպտալ նա չհավատալով, որ կմերժեմ, - Տոլիկը կգնա այն կնոջ հետ, ես ու դու կմնանք այստեղ, - եւ աչքով արեց:

- Չէ, - կտրուկ ասացի, - կուշանանք... գնացինք, Տոլիկ:

- Օխ, դու, - չարացավ նա, - դու առաջին հայն ես, որ այդպես վերաբերվեցիր ինձ...

- Դուք հաճա՞խ եք գործ ունեցել նրանց հետ:

«Դուքից» չեմ կարողանում հրաժարվել, ավելորդ էր այստեղ:

- Համենայն դեպս, ոչ երբեք քեզ հետ:

- Էլ ինչի՞ մասին է խոսքը, - մեծամտորեն ասացի ես:

- Բայ-բայ, - ծաղրեց նա, - աստված տա անձրեւի տակ մնաս:

Հայտնի ճշմարտություն է, աստված սիրում է անառակ կանանց, առաջին ավտոյից հետո հարավ-արեւմուտքում թափ տվեց իր ծանր վերարկուն:

- Փոթորիկ է գալիս, - ասաց Դիմովիչը, - չենք հասցնի փախչել:

Տոլիկը շուտ չէր վերադառնա, իսկ քարհանքում պատսպարվելու տեղ չկար: Այնպիսի անձրեւ էր, որ փոքր ժամանակ ասում էինքՙ շըպը-շըպը: Դիմովիչը թաքնվել էր անջրանցիկ թիկնոցի տակ, ես կանգնել էի մի ծերպի սեղմված, մարմնիս կեսը միայն պաշտպանելով, վերեւից չռռում էր պղտոր կավաջուրը: Ամառային օրվան խաբվելով վերնազգեստ չէի բերել, շուտով սկսեցի դողացնել:

- Արի այստեղ, - կանչեց Դիմովիչը:

Նա թիկնոցը փռեց մեծ քարերի վրա, վրանի պես բան ստացվեց, որի տակ կուչուրեցինք հազիվ տեղավորվելով, ապա պայուսակից հանեց անբաժան շիշը:

- Հը, մաքուրիկ... կխմե՞ս մի բաժակ...

- Լցրու, - ասացի:

- Չէ, դու մարդ կդառնաս, - խրախուսեց նա ու ասաց քնքշանքով, - խմիր... երեսն էլ չի ծռմռում, քեզ հետ կարելի է խմել... ահա ձուկ:

Ինքը խմեց, երկար, հանգամանալից ու ամենայն մանրամասնությամբ:

- Սա ինչ է, - արտաշնչեց նա, - անցած տարի, հունվարին, երեք օր անընդհատ անձրեւ էր գալիս:

- Հունվարի՞ն:

- Այդպես պատահեց, - ծերունավարի ասաց նա:

Անձրեւը կտրվեց, քամին շարունակվում էր: Դիմովիչը գնաց Դելկինո թիկնոցը թողնելով ինձ, բայց չէի տաքանում: Տոլիկը երեքին եկավ, քարհանք չմտավ, վախեցավ չկարողանա դուրս գալ: Հետը ուտելիք էին ուղարկել, ճանապարհին վերջացրի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.