AZG Daily #29, 28-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 49. ԿԾՈՒ ՏԱՔԴԵՂԻ ԿԾԱԾ ՏԵՂԸ ԿՍԿԾԱՑ, ԿԱՐԾԵՍՙ ՄԵԿԸ ԿՃՄԹԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 5656, Տպվել է` 459, Ուղարկվել է էլ.փոստով` 205

ԽԱՉԱԳՈՂ 11

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հաջորդ օրը նույնպես մերոնք շուտ վեր կացան, ես քնեցի այնքան, որ այլեւս հնարավոր չէր մնալ անկողնում, կեսօրին նոր իջա ներքեւ: Այսօր այգու ձեւավորված մասն էր բազմամարդ, ցնծագին աղմկում էր ծանրաբեռնված կարուսելը բարձրախոսի հետ մրցելով, թերեւս քիչ թույլ էին վոլեյբոլով հետաքրքրվողների ձայները... Իսկ մի սեղանի վրա (ես կարծում էի, թե գինեմոլների ընկերությունն է տեղադրել այդ սեղանները) խաղում էին շախմատ: Երեք ամիս Դիվինոյում էինք, մտքովս չէր անցնում, որ այստեղ կարելի է խաղալ շախմատ: Նույնիսկ ժամացույց կար, չէին օգտագործում, եւ վախենալով, որ պարտիան չափազանց երկար կտեւի, առանց այդ էլ մեկըՙ երիտասարդը, շատ էր մտածում, հարցրեցի.

- Ժամացույցով չե՞ք խաղում:

Մյուսը ուշադիր նայեց ինձ,- Դուք խաղո՞ւմ եք:

- Այո:

- Նիկիտին, արագացրու,- պահանջեց նա:

- Հիմա,- փնթփնթաց Նիկիտինը:

- Այստեղ, իմ կարծիքով, մտածելու կարիք չկա,- ասացի ես,- դիրքն անհուսալի է:

- Անհուսալի՞ է,- հարցրեց Նիկիտինը:

- Այո, ֆիգուրի գնով եք հետաձգում մատը:

- Օ՜,- ուրախացավ Նիկիտինի մրցակիցը եւ կրկնեց անհամբերությամբ,- դե արագացրու վերջապես...

Նիկիտինը նեղսրտած նայելովՙ ինձ զիջեց տեղը:

- Երե՞ք, թե՞ հինգ րոպե,- հարցրեց խաղընկերս:

- Ինչպես կուզեք,- ասացի արագորեն շարելով բարակավիզ ֆիգուրները:

Նա ընտրեց երկրորդը, եւ անմիջապես սկսեցինք շախմատային արագավազքը:

Առաջին պարտիան տարվեցի, կարծես ես չէի խաղացողը, ներկաների հետաքրքրությունը նվազեց, Նիկիտինը ժպտում էր, հաղթողը շփոթմունքս նկատելով հարցրեց.

- Ինչ- որ բան այնպես չէ՞:

- Այո,- պատասխանեցի անկեղծորեն:

- Միգուցե վաղուց չեք խաղացել:

Որտեղից որտեղ Հրանտն ու Շուլան հայտնվեցին, պարզ էր, որ առաջին հարցը հաշվի մասին էր լինելու:

- Ի՛, կրվե՞լ ես,- սպառնաց Հրանտը:

- Հուպ տուր, Մոծակ,- ոգեւորեց Շուլան:

- Խոսեք ռուսերեն,- ծիծաղեց մրցակիցս,- եւ չհուշեք նրան:

Երկրորդ պարտիայի սկզբնախաղում նրան գցեցի ծուղակի մեջ, որը ես ու Սեւակն էինք մշակել, եւս մի պարտիա, էլի մեկը, եւ երիտասարդ շինարարը անհաջող սկիզբը միայն ու միայն պատահականություն համարելով, համոզեց նույնը հանդիսատեսներին, որոնց մեջ նաեւ աղջիկներ կային, եւ հակառակորդին, որը համառորեն չէր ուզում համոզվել... Բնական է, յուրաքանչյուր շախմատիստ պարտության պատճառը որոնում է ոչ թե մրցակցի, այլ իր խաղի մեջ, քանի դեռ վերջնականապես չի պարզվել ուժերի հարաբերությունը, որի համար մի հանդիպումը քիչ է, բայց ես կարծես հասա դրան: Ինքս իմ խաղից հաճույք էի զգում... թեթեւ, սահուն, հստակ եւ կայծակնային խաղում գլխավոր զենքըՙ անսպասելի քայլեր, որոնք դահուկորդի առջեւ բուսած քարի պես ակնթարթային որոշում են պահանջում...

- Այո՜... սա արդեն ուրիշ բան է,- ասաց մի հոգի,- Անդրեյ Պետրովիչ, ճնշում է երիտասարդը...

- Այո,- համաձայնեց Անդրեյ Պետրովիչը,- իսկ սկզբում հավանաբար կատակում էր... թեկնածո՞ւ եք,- դիմեց ինձ:

- Ոչ:

- Առաջին կարգայի՞ն... բայց առաջին կարգայինին ես դժվար թե տարվեի, այն էլ այդպես:

Ստիպված էի անհամեստորեն խոստովանել, որ կարգ չունեմ:

- Եվ երբեք չե՞ք մասնակցել մրցումների:

- Մրցումների չեմ մասնակցել, բայց հինգ տարի նույն տանն եմ ապրել աշխարհի ապագա չեմպիոնի հետ:

- Օ՜... եւ ո՞վ է նա...

- Կարեյան Սեւակ... Շուտով աշխարհը կիմանա նրա մասին:

- Հանճա՞ր է:

- Դեռ ոչ, ձեւավորման մեջ է:

- Քանի՞ տարեկան է:

- Տասնյոթ:

- Եվ ինչի՞ է հասել:

- Առայժմ վարպետ է:

- Ընդամե՞նը:

- Այո, բայց գրոսմայստերներին հաղթող վարպետ... մի քանի ամիս առաջ Հայաստանի չեմպիոն դարձավՙ հետեւում թողնելով բոլոր գրոսմայստերներին ու միջազգային վարպետներին:

- Կարեյա՞ն... Ես նրա մասին կարդացել եմ «64»- ում:

Մենք, իհարկե, միայն զրուցելով չէինք զբաղված: Հրանտն ու Շուլան համոզում էին, որ բավական է, թե չէ հանկարծ կպարտվեմ, բայց ես այնպիսի բան էի գտել, որ ոչ մի ջինսի հետ չէի փոխի: Նրանք գնացին (աջակցության համար շնորհակալ էի, բայց չափն անցնում էին), մենք շարունակեցինք այդ հնագույն, հրաշալի խաղի սիրահարներին լավ հայտնի հափշտակվածությամբ: Հնագո՞ւյն... հրաշալիՙ անտարակույս. հնագույնը չի բռնում, որովհետեւ սա այն շախմատը չէր, որ շղարշազգեստ հարճերի հետ վայելքի դանդաղկոտությամբ խաղում էին արեւելքի երանամիտ իմաստունները, ինչպես նաեւ կապտօղակ ծխամորճներով այտամորուսավոր ջենտլմենները, որոնք կարմիր սլաքի ահը չունենալով գլուխ էին ուռեցնում ամեն քայլի...

- Ներեցեք, Անդրեյ Պետրովիչ,- մեր սեղանին մոտեցավ մի աղջիկ,- սկսում ենք:

- Վերջացնենք,- ասաց ու ձեռքը մեկնելով ներկայացավ,- Բելիկով... Դուք այս ամռան հայտնությունը եղաք, մինչեւ սեպտեմբեր Ձեզ հանգիստ չեմ թողնի:

- Խնդրեմ,- ժպտացի ես,- ցավոք, հանգստյան օրերին միայն:

- Նկատի ունեցեք, ամեն ժամի ես պատրաստ եմ... Մեր տունը ակումբի մոտ է, ում հարցնեք, ցույց կտան, կարող ենք դպրոցում խաղալ, այստեղ... որտեղ կամենաք...

- Իսկ այսօ՞ր...

- Ինչպես թե... հենց հիմա խաղալու ենք... քանի՞ հոգի կա,- հարցրեց Բելիկովը աղջկան:

- Ինը,- պատասխանեց աղջիկը, որն, ի դեպ, գեղեցիկ էր:

- Ահա տասներորդը...

- Որտե՞ղ եք աշխատում,- հարցրեց ինձ աղջիկը:

- Գյուղտեխնիկայում:

- Գյուղտեխնիկայից մի մասնակից էլ կար, չի եկել:

- Ինժեներն է,- ասաց Բելիկովը,- Բառնաուլ է գնացել,- իսկ աղջիկը չկա՞:

- Նա գնացել է քննություններ հանձնելու:

- Քննություննե՞ր,- զարմացավ Բելիկովը,- նա պետք է մի քննություն հանձներ:

Սկսվեց Դիվինոյի բաց առաջնությունը: Ես ու Բելիկովը հեշտությամբ հաղթելով մյուսներին (պարծենկոտություն չլինի, իմ խաղով հետաքրքրվողներն ավելի շատ էին), հասանք մեր պարտիային, որը հանդիսատեսների խնդրանքով, ինչպես նաեւ մեր ցանկությամբ, վերջում էին գցել: Թեթեւ դադարից հետո գրավեցինք մեր տեղերը, հանդիսատեսները, մի սեղանի համար ավելի շատ, քան հիսուն հազարը ստադիոնում, շրջապատեցին մեզ, ձգվելով ու ծռվելով արանք էին գտնում, որ գոնե մի աչքով տեսնեն տախտակը, մի մանչուկ ծառը մագլցեց, ես, հուզված ու փոքր- ինչ տագնապահար (ինչքան չլինի, իմ առաջին մրցումն էր, եւ այդքա՛ն վճռական պարտիա, բացի դրանից, Բելիկովն ակնարկել էր, որ իրեն հաղթում էի արագությամբ, իսկ սա արդեն իսկական շախմատ է), այդուամենայնիվ, գրեթե լիովին վստահ հաղթանակին, որովհետեւ սպիտակներով էի խաղում, եւ վերջապես, լուրջ պարտիա, թե հինգրոպեանոց, նույն խաղն է, նույն շախմատը, կատարեցի առաջին քայլը:

- e2- e4,- հրճվանքով հայտարարեց շողաչ մանչուկը վերեւից:

Բելիկովը, առաջին անգամ, ընտրեց Ուֆիմցեւի պաշտպանության g6- ով սկսվող տարբերակը: Ինչ խոսք, նման պարտիայում նա պիտի դիմեր իր ամենահուսալի սկզբնախաղին, եւ եթե մինչ այդ չէր օգտագործել, ուրեմն պահել էր վճռական պահի համար, իբրեւ տակտիկական անակնկալ... Միանգամայն հաճելի անակնկալ էր, իմ սկզբնախաղը ցուցադրելու առիթ, եւ ես առանց տատանվելու առաջ մղեցի h- ի զինվորը:

- Այս ի՞նչ է,- կարծես հեգնանքով ասաց Բելիկովը,- այդպես խաղո՞ւմ են:

Ես ձայն չհանեցի:

- Դե, ասենք, այսպես,- եւ պատասխանեց դիմացի զինվորի քայլով:

Սեւակի վերլուծումներն ապացուցել էին, որ տարբերակն այնքան խոստումնալից չէ, ինչքան ինձ էր թվում, բայց մի շարունակություն սպիտակներին հոյակապ գրոհ էր ընձեռում: Հենց այդ շարունակությունը ստացվեց մեր պարտիայում: Սպիտակները թուլացնում են արքայական թեւը, զինվորի զոհաբերությամբ նախապատրաստում նաեւ փղի զոհաբերությունը, երկար տեղափոխություն են կատարում, մինչդեռ սեւերի արքան տառապալից անորոշության մեջ ցցվում է կենտրոնում բանջարանոցի խրտվիլակի պես, իսկ թագուհու թեւի ֆիգուրները ուշացումով են գալիս օգնության... Այս ամենի իրագործումը դժվար չէր: Սկսած չորրորդ քայլից, որը չի կարելի սխալ համարել, բայց կարծես թելադրում է հինգերորդՙ վտանգավոր, եւ վեցերորդՙ սխալ քայլերը, Բելիկովը պիտի ճգնելով գտներ (կամ չգտներ), ինչը ես անգիր գիտեի, եւ իմ մի քանի րոպեի դիմաց կես ժամ ծախսել էր արդեն: Մնացած կես ժամը չփրկեց նրան: Պարտությունն ընդունելով անմիջապես անցավ վերլուծության, թե կարո՞ղ էր արդյոք արգելել փղի զոհաբերությունը կամ դրանից հետո այլ կերպ խաղալ: Կարող էր, բայց սխալն ավելի շուտ էր եղել, որը ուշ թե շուտ սպիտակներին առավելություն էր տալու:

- Ի՞նչ տարբերակ էր սա,- հարցրեց Բելիկովը:

- Հայկական... հայկական գրոհ...

Անվանումը նույնպես առանձնահատուկ էր, շախմատային սկզբնախաղերը սովորաբար կոչվում են պաշտպանություն, պարտիա կամ սկիզբ, իսկ սաՙ հենց այդպես, գրոհ, հանկարծակի եւ հախուռն:

- Առաջին անգամ եմ լսում... գիտեմ ռուսական, ֆրանսիական, անգլիական, իսպանական, իտալական, բայց հայկական, այն էլ գրոհ... ինչ ճիշտ, ճիշտ, առիթ չէր եղել:

- Ոչինչ,- ծիծաղեցին կողքից,- մինչեւ սեպտեմբեր դեռ շատ առիթ կլինի:

- Ձեր անունը, հայրանունը եւ ազգանունը,- դիմեց ինձ աղջիկը:

Մրցանա՛կ էին տալու ինձ:

Պատվոգրի մեջ նա գրեց (նրա ձեռագիրը ինքնին հաճելի հիշատակ էր լինելու Դիվինոյից). «Շնորհվում է Ա. Ս. Հակոբյանին երիտասարդության օրվան նվիրված մրցաշարում առաջին տեղը գրավելու համար»: Շախմատային ժամացույց տվեցին նաեւ, իսկ Բելիկովինՙ պատվոգիր եւ Ֆիշերի գիրքը:

Բելիկովը առաջարկեց հանդիպել մյուս կիրակի, եթե մինչ այդ հնարավորություն չունենամ: Ես մի քիչ էլ մնացի հետաքրքրված երկու նոր շախմատիստների հայտնվելով, որոնք սակայն եկել էին հատկապես իրար հետ խաղալու, եւ ըմբոշխնելով փառքի շշուկները (այս տղա՞ն... ի՞նչ ես ասում... հաղթե՞ց Բելիկովին... օ՜...), երկու մրցանակի տեր դարձած, չհաշված մանրահատիկ ձեռագիրն ու Դիվինոյի շախմատասերների վերաբերմունքը, դատարկված տոնավաճառի միջով գնացի գետափ: Երեխաներն էին լողանում այստեղՙ չվախենալով վտանգավոր փոսի հարեւանությունից, ընտանեկան պատկառելի զույգեր, եւ սագերն էին լվացք անող կանանցից պահանջում չաղտոտել ջուրը: Ամառային վտակը դանդաղահոս էր, ոլորանի մոտ գրեթե կանգնած ջրով, իսկ ավելի վերեւում, որտեղից անցա, քարերը երեւում էին: Եռանկյունաձեւ, բոբիկ ոտքերի սիրահար մարգագետինը, որի կանաչ երեսին կրծքազարդերի պես կպել էին ցաքուցրիվ թփուտները, իսկ լայնացող կողմում անտառն էր, ձգվում էր մինչեւ սարերի ստորոտը, ուր Նեմիսն էր հոսում, լայն, ջրառատ, սրընթաց ու ահաբեկող... մինչդեռ շատ էին լողացողները, որոնք վերեւից հանձնվում էին հոսանքին ու ծիծաղով, բղավոցներով սլանում... Երկատված գետը խորշի պես մի տեղ էր ստեղծել, որտեղ լողացող չկար, արհամարհված էր:

Զգուշությամբ առաջ գնացի, մինչեւ ջուրը հասավ ուսերիս, ու սկսեցի իմ սովորական լողը: Խաբվելով, թե մենակ եմ, չփչփացնում էի անհոգորեն, երբ հանկարծ կղզյակում աղջիկների տեսա, որոնք մինչ այդ պառկած էին հավանաբար: Նրանցից մեկը ձեռքով կանչեց ինձ: Դեմ չէի, բայց ամենաքիչը հիսուն մետր լողալ երբեք չէի համարձակվի, թեկուզ պեպենուհին սպասեր ինձ այնտեղ: Նրանք լողանում էին կղզյակի մյուս կողմում, ձայները գալիս էին, կարծես նրա ձայնն էլ էր... Քիչ հետո եկան այս ափը, նա էր...

Ես պառկած էի բերանքսիվայր, նրանք բարձրացան զառիթափը, Ինան ցատկոտեց մի ոտքի վրա, որպեսզի ականջի միջից ջուրը թափվի...

- Տես ինչ տղա է,- ասաց նա,- ծաղիկ է քաղել...

- Ինչ ծաղիկ,- արհամարհանքով նետեց մեկը,- բուժախոտ է:

Ունեի մի փունջ, դեղին, մանր ծաղիկ էր, սրոհունդ կամ արեւքուրիկ (զուր չէի կարդացել բուսանունների բառարանը), ասում էին, որ լավ է սրտին, թոքերին, աղիքներին եւ այլն: Հրանտի համար էի քաղել, հավաքում էր ու չորացնում, չնայած դեռ շուտ էր:

- Դու ինչո՞ւ ես մենակ պառկել այստեղ,- հարցրեց մի ուրիշը:

- Իսկ ո՞ւմ հետ պառկեմ,- անմիջապես պատասխանեցի կայծակնային խաղի ազդեցությամբ:

Քրքջացին:

- Մի՞թե չկա... ահա, թեկուզ սրա հետ,- նա պեպենոտին առաջ հրեց:

- Նա չի ուզում,- մռթմռթացի ես:

- Ի՞նչ գիտես... փորձե՞լ ես...

- Ախ այդ դո՞ւ ես,- Ինան մոտեցավ, կարծես ծեծելու միտք ուներ,- Եսենին ես ուզում, հա՞,- հարցրեց չարանենգորեն,- Դոստոեւսկի ես կարդում, ուսյա՜լ ես... եւ այդքանից հետո լկտիաբար կինո ես հրավիրում...

- Ինչո՞ւ լկտիաբար,- կմկմացի:

- Ինա, թող նրան, տես ինչպես է կարմրել:

Թո՛ւհ, չէի կարծում, որ կարմրած կլինեմ:

- Ես հիմա նրա ականջները կքաշեմ,- սպառնաց Ինան ու իրոք, ծնկի եկավ:

Ես խփեցի նրա ձեռքին, ընկերուհիները փռթկացին:

- Կամաց, վայրենի... անունդ ի՞նչ է...

- Քեզ ինչ:

- Անունդ ասա,- հրամայաբար կրկնեց նա:

- Պառկելու համար անո՞ւն ես հարցնում:

- Ինչ ասացի՞ր...

Նման մի երկխոսություն երեկ էր եղել, իմ ու դիլիջանցի Մնացի միջեւ, այս անգամ դժվար թե խուսափեի տուրուդմփոցից:

- Ինչ ասացի՞ր... մեկ էլ ասա...

- Դուր եկա՞վ...

Հանկարծ նա քաշեց մազերս... ես վեր թռա, բայց նրանք վրա թափվելով գետնեցին ինձ նորից:

- Աղջիկներ, չթողնեք փախչի,- բղավեց Ինան ու գլուխս թեւի տակ առավ:

Դեռ չհասկանալովՙ կատակ է, կռիվ, մի կողմ շպրտեցի ոտքերս բռնողին, ձեռքս մի փափուկ բան ընկավ, այնպես սեղմեցի, որ տերը ճղճղաց հալածական սագի ձայնով, մեկին էլ գլորեցի, բայց Ինան կպել էր ինձ զանցառելով հետեւանքը համարյա մերկ մարմինների եռակցման... այդպես էլ ոտքի ելա նրան գրկած պահելով: Ընկերուհիները ճիչ- աղաղակով հարձակվեցին... Ո՞վ էր նրանց ուշադրություն դարձնողը, ոչ էլ հարվածներն էի զգում: Ինան հրճվագին բացականչություններով ինչ- որ շարժումներ էր անում, կարծեմ մազերս էր քաշում կամ պարզապես խայտում էր... Ի՞նչ անցավ մտքովս, որ զառիթափից գետը նետվեցի նրան հետս տանելով: Ջրի մեջ Ինան բաժանվեց ինձնից, ես սկսեցի բխկբխկացնել: Աղջիկների ձայներից նա հետ նայեց ու մոտեցավ: Այդտեղից չէինք կարող դուրս գալ, ինձ տարավ ներքեւ, ուր ծառի ճյուղերը կախվել էին ջրի վրա:

- Լողալ չգիտեիր, ինչո՞ւ թռար...

Չպատասխանեցի, վախս անցել էր, ափսոսում էի, որ դուրս ենք գալիս: Ճյուղերից բռնելով ափ ելա, ապա քաշեցի նրան... Ինչքա՜ն տեղին էր սայթաքելը, գրկված ջուրն ընկանք... Այստեղ ոտքերս գետնին էին հասնում, բաց չթողեցի նրան...

- Մենք գնա՞նք,- հարցրեցին վերեւից:

Դեռ այստե՞ղ էին:

- Գնացեք,- պատասխանեց Ինան,- ես սրան լողալ եմ սովորեցնելու:

- Իհարկե, իհարկե...

Իսկ մի աղջիկ ասաց,- ինքդ չխեղդես նրան...

Խրախուսված, որ հենց ինքը հեռացրեց նրանց (եւ անբավարար փորձից), ձեռքերս գցեցի կոնքերին զարմանքի մի ակնթարթով, թե ինչպիսի ուռճացող ընդգրկումներ է պահանջում նրա բարակ մարմինը...

- Դե, դե... էլ ի՞նչ կուզեիր,- խույս տվեց նա ու, հավանաբար էլի խելառ քամին էր փչել, հեռու լողաց,- եթե կարող ես, արի,- ծաղրեց գետի խորությանն ապավինած:

Լողալ սովորեցնելու լավագույն ձեւն էր: Առանց երկար- բարակ մտածելու, ինչպես շախմատային հասարակ մի քայլ կանեի, զարկվեցի ջրին ու փափուկ հողի մեջ ընկած բազմափորիկի պես շարժելով այն ամենը, ինչ հնարավոր էր շարժել, չփչփոցով, դռդռոցով (ներքին այրման շարժիչն էլ միացավ) առաջ մղվեցի...

- Ո՞ւր, անխելք,- բղավեց վախեցած ու ինքը դեպի ինձ եկավ:

Հասնելով նրան կառչեցի ուսերից:

- Բաց թող, հիմար,- նորից ձայնը գցեց նա,- կխեղդվենք...

«Անխելքի» մեջ ինչ- որ հաճելի բան կա, մինչդեռ «հիմարը» աններելի վիրավորանք է, փաթաթվեցի նրան, հեշտ չէր ջրիմուռի պես դյուրաթեք մարմինը ձեռքերի մեջ առնել, ու ջրախառն մի համբույր պարգեւեցի, թե՞ կորզեցի... Վերջինը երեւի, որովհետեւ անձնական փորձից գիտեի ինչ է պետք օդից զրկված մարդուն... Գիտելիքներ ձեռք բերելու առիթը չէի կորցնում, այդ պահին էլ իմացա ինչ են զգում սուզաբադերը համբուրվելիս... Ջուրը ծածկեց մեզ, տհաճ համը սարսափի առաջին զգացողությունը եղավ, երկրորդըՙ որ մենակ եմ մնացել: Ե՞րբ պոկվեց Ինան, քաշքշո՞ւկ էր մերը, սիրախա՞ղ, վաղուց էր, հեռու, չեղած... Հեղձուկից ու ականջներիս դժժոցից անտանելի սիրտխառնուկ սկսվեց, բայց սոսկալին հանկարծահաս միտքն էրՙ խեղդվո՜ւմ եմ, որի ծնած աղաղակը լռվեց ջրի նոր կլանումով... Աջ կրունկիս մեջ ցավը շշատեց, եւ մինչ կըմբռնեի, թե հատակին եմ հասել, կծկվեց մարմինս մղվելով փրկարար հպումը եւ կատապուլտվեց վերեւ, վերեւ... Ահավոր շառաչով, որը երբեք չեմ մոռանա, կարծես մածուցիկ ջրի վիթխարի գունդը շալակիս խփվեցի կարմիր արեւին եւ կուրացումին հաջորդող պահին անհավատալի ու վերահաս իրողությունից զարհուրած, ընդլայնված ճիգով ու սիրտ պայթեցնող հուսահատությամբ ընկալելով կյանքը, որն ինձնից դուրս էր, անտառի ու մարգագետնի միաձուլված կանաչը, զառիթափի շերտերը, գետի լուսավոր մակերեսը, ճերմակերիզ կապույտ լողազգեստն ու արեւից բռնկված մազերի խուրձը, դանդաղորեն, թեւերս փռելու, լայնանալու, չսուզվելու, չհավատալու բզկտող ձգտումով թաղվեցի կրկին ավշե զանգվածի մեջ... Ջուրը լցվում էր բերանս, խանգարելու ուժ, աստված իմ, չկար...

Քիթս քսվում էր մի բանի, քարի երեւի, թաց, տաք ու կլոր քարի, բայց ինչո՞ւ էր քթիս տակ, ինչո՞ւ էր խշշում, եւ ինչու էր գորտը ճանկռում մեջքս...

- Դատարկվեցի՞ր,- լսեցի գորտի ձայնը:

Միանգամայն անհասկանալի հարց, որի պատասխանը գտնելու փորձ չարեցի, որովհետեւ չգիտեիՙ իրո՞ք ասվել էր, եթե ասվել էր, ինչի՞ց էի դատարկվելու, եւ հետո, բացարձակապես անզոր էի, զզվելի ծանրությամբ գետնին սեղմված...

Ոլորում էին ինձ... արեւի ճառագայթները մեխվեցին աչքերիս մեջ, կապտավուն էակը հակվեց ներքեւ հանգստացնող ստվեր գցելով եւ... մատները բերանս մտցրեց... գրողը տանի, լեզուս էր պոկում...

- Ուշքի ես եկե՞լ,- բացականչեց Ինան, նա էր կապույտ գորտը,- իսկ ես ուզում էի արհեստական շնչառություն տալ...

Նա տեղաշարժեց ինձ, որպեսզի գլուխս բարձր կողմում լինի, նայելով գետին, ինչպես թունավորվածը կնայի իր փսխուկին, հասկացա վերջապես, որ ես այնտեղ չեմ, այլ այստեղ, քարերին պառկած...

- Հիմա ինչպե՞ս ես,- հարցրեց Ինան մազերս շոյելով:

Ուզում էի գլխով անել, բայց աչքերս փակեցի հազիվ:

- Անխելք տղա,- ասաց նա ձեռքը շարունակ գլխիս պահելով,- մի՞թե այդպիսի անմտություն կանեն:

Տեղին կլիներ հիշեցնել, որ առաջինն ինքը արեց:

- Անմտությունից չէր,- մրմնջացի,- սա պատիժ էր...

- Պատի՞ժ...

- Այո... Սամոյի համար...

- Ո՞ւմ... լավ, լավ, հետո կասես,- շորերս բերեց,- հագնվիր...

- Այսպես լավ է:

- Հագնվիր, պետք է... սիգարետ չունե՞ս:

- Չէ:

- Ծխող չե՞ս:

- Չէ:

- Ափսոս, ծխել էի ուզում: Օ՜, պատվոգի՞ր են տվել քեզ... Հակոբյանը դո՞ւ ես...

- Այո:

- Իսկ անունդ գուցե կասե՞ս:

- Արամ,- հառաչեցի:

- Առա՞մ...

- Ա- րամ:

- Ա- ռյա՞մ...

Ըստ երեւույթին դիտմամբ էր աղավաղում, զվարճացնելու համար:

- Ինչպե՞ս հանեցիր ինձ:

- Դե այդտեղ խորունկ չէ... ամենակարեւորը, որ չէիր խանգարում... այստեղ բերելն էր դժվար, շատ ծանր ես...

- Ջուր խմելուց եմ ծանրացել...

- Չէ, շատ չէիր խմել,- ծիծաղեց նա ջրի հետքը ցույց տալով,- վախենում էիՙ թունավորվել ես:

- Ջրից թունավորվո՞ւմ են:

- Այո... ինչո՞ւ չես հագնվում:

Հագնվելու համար պետք էր շարժվել, որին ի վիճակի չէի, այնուամենայնիվ, չուզենալով այդքան թույլ երեւալ, նստեցի, գլուխս պտտվեց, հագա վերնաշապիկը: Կրունկիս ցավը հիշեցրեց, որ այնտեղ էլ ինչ- որ բան կարգին չէ:

- Ոտքդ կտրել ես,- ասաց Ինան,- ջարդված շիշ է եղել, մեր գետի սովորական դժբախտությունը... հավանաբար չես զգացել... սարսափելի՞ էր:

- Ժամանակ չեղավ... բայց մի պահՙ այո... սոսկալի էր:

- Հենց դա է կործանում մարդկանց, այդ պահը... այնպես գոռացիր...

- Գոռացե՞լ եմ:

- Այո, երբ ջրի երես ելար... Զարմանում եմ, ինչո՞ւ լողալ չես սովորել... մեր գյուղում չկա մարդ, որ լողալ չիմանա... Դու գյուղո՞ւմ ես ապրում, թե՞ քաղաքում:

- Մեծացել եմ գյուղում, ապրում եմ քաղաքում, Երեւանում:

- Մի՞թե ձեր այդ գյուղը լողանալու տեղ չուներ:

- Կար մի գետակ, կտրվեց, ջրամբար սարքեցին...

- Այստեղ կսովորես, խոստանում եմ... Ինքդ ասա, ի՞նչ էիր անելու, եթե ես խեղդվեի:

Չպատասխանեցի, բայց նայելով նրան համոզվում էի, որ անձնազոհությունը, որին միշտ թերահավատորեն էի վերաբերվում, գոյություն ունի:

- Տեսնո՞ւմ ես, դժվար է որոշել, նույնիսկ այն բանից հետո, երբ փրկել եմ քեզ... Չմտածես, թե երեսով եմ տալիս... որովհետեւ իմ արածը քաջագործություն չեմ համարում:

- Դու ուզում ես իմանալ ինչպե՞ս կվարվեի...

- Այո, շատ է հետաքրքրում:

- Եթե դու ինձ փրկած էլ չլինեիր...

- Դե, դե,- խրախուսեց նա ժպիտով:

- Թեկուզ ուրիշ աղջիկ լինեիր (այս անգամ էլ պեպենները խլվլացին)... ոչ, ամենայն անկեղծությամբ, չեմ կարող ասել, թատերական է ստացվում, ավելի լավ էՙ ստուգես...

- Խեղդվե՞մ...

- Այո:

- Եվ դու կփրկե՞ս ինձ:

- Կամ կփրկեմ, կամ կխեղդվենք:

- Զառանցանք է,- ծիծաղեց նա:

- Համաձայն եմ, դրա համար էլ չէի ուզում ասել:

- Չէիր ուզում, բայց ասացիր... միամիտ չես:

- Այո, կեղծում էի:

- Վիրավորվեցի՞ր:

- Ոչ:

- Ինձնից չի կարելի վիրավորվել, չմոռանաս, դու իմ պարտապանն ես, այժմ եւ ընդմիշտ:

- Ցմա՛հ:

- Ոչ, ցմահՙ նշանակում է բեռ, ընդմիշտ ասելով նկատի ունեի այն ժամանակը, որ այստեղ կանցկացնես:

- Ցմահ:

- Չհակաճառել... Հիմա կորոշենք պարտքի չափը: Սիրած աղջիկ ունե՞ս...

........

- Լռությունը կասկածելի էր:

- Կար... սիրո չվերածվեց, չգիտեմ ինչու... Նա ամուսնացավ:

- Լավ, իմ պահանջն էՙ չհակաճառել ու ենթարկվել: Անհամաձայնության դեպքում կարող ես նորից խեղդվել:

- Փաստորեն ստիպում ես համաձայնել:

- Թող այդպես լինի: Հիմա գնանք:

- Բայց դու խոստացար լողալ սովորեցնել:

- Հետո... մի որոշ ժամանակ դու պիտի հեռու մնաս ջրից:

Նա հագավ շրջազգեստը, որը, ինչպես եւ մյուս աղջիկների շորերը, չէի նկատել, ու այծի պես բարձրացավ զառիթափը:

- Հարկավոր էր օգնե՞լ,- հարցրեց նա:

- Ոչ, չեմ ուզում նոր պարտքի տակ ընկնել:

- Իսկ ինձ այլեւս ոչինչ պետք չէ, որովհետեւ ենթարկվելը ներառում է ամեն ինչ:

- Ամեն ի՞նչ...

- Դե լավ, գրեթե ամեն ինչ... մի բորբոսնած անկյուն թողնում եմ քեզ, ուրիշի հետ ամուսնացած սիրեցյալիդ կհիշես... երբեմն:

Եթե խոսքն իրեն շուռ գար, քանի՞ անկյուն էր պահանջելու:

- Ձեր պայմանը թույլատրո՞ւմ է նախաձեռնություն:

- Նայած:

- Այսօրվա կինոն սուզակների մասին է, իմ կարծիքով, գործնական պարապմունքներից առաջ...

- Դու էլ ի՞նչ է, կինո հա կինո...

- Ուրիշ ի՞նչ կա այս գյուղում... Ճաշարան, որի ցուցակը երեք կետից է բաղկացած, պարենային խանութներ անփող հարբեցողների հերթապահությամբ...

- Դե, դե...

- Մեր կառույցները ցույց կտամ...

- Հը...

- Եթե հետաքրքրեն...

- Երեկոյան արի այգի, այնտեղ, իմիջիայլոց, պարում են...

- Փողկապո՞վ:

- Այսօրՙ ոչ:

- Պարզ է... բայց պարել չգիտեմ:

- Իսկ ի՞նչ գիտես դու:

- Շախմատ խաղալ:

- Էլ...

- Էլ... նոր եմ սովորում:

- Ենթադրում ես, որ նաեւ պարե՞լ կսովորեցնեմ:

- Ոչ, պարելը բացառված է:

- Բացառվա՞ծ է, իսկ ո՞ւր մնաց պայմանը:

- Ամեն ինչի համաձայն եմ, պարելուց, խնդրում եմ, ազատիր ինձ:

- Ինչո՞ւ:

- Ոտքս ցավում է...

Լավ քայլ գտա:

- Լավ, բավարարված եմ, առայժմ: Լողալ եւ պարել սովորելը պարտադիր է: Լավ է գոնե, որ ռուսերենը սովորեցնելուց ազատեցիր ինձ: Ի՞նչ կրթություն ունես: Լավ ես բլբլում, առոգանությունդ է մատնում, բավական կոպիտ, բայց վերջավորություններն անսխալ ես ասում... եւ զարմանալի է, կովկասցու առոգանությամբ չես խոսում...

- Անգլիացո՞ւ... ավելի լավ էՙ իսպանացու...

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ իսպանուհիները չքնաղ են, թուխ ու ճկուն...

- Ես ճկուն չե՞մ,- քմայքով ասաց նա ու ձգվելով օրորվեց,- հը, ինչո՞ւ ես չռել աչքերդ...

- Թքած իսպանուհիների եւ նույնիսկ մուլատուհիների վրա,- քրթմնջացի ես մոտենալով նրան:

- Հիշիր պայմանը,- բացականչեց նա ձեռքերը խաչաձեւ դեմս պահելով:

- Պայմա՞նը...

- Այո, պայմանը... ենթարկվել, չհակաճառել...

- Թքած պայմանի վրա էլ...

Սա ասվեց, իհարկե, նախորդի շարունակությամբ:

- Ախ դու լկտի ես, հանդուգն եւ սանձարձակ, իսկ ես կարծում էի, անմեղ, դաստիարակված պատանի ես... Ուրեմն ի՞նչ, պայմանը ուժի մե՞ջ է... եթե ոչ, նամակ գրիր Իսպանիա...

- Իսպաներեն չգիտեմ:

- Այսինքն ենթարկվո՞ւմ ես:

- Առաջարկություն:

- Ասա:

- «Ենթարկվելը» փոխենք «համաձայնելով»:

- Օ՛հ, տղամարդկային ինքնասիրությունն ընդվզեց... Ո՛չ, բեկանման ենթակա չէ:

- Իսկ չարաշահմա՞ն:

- Ինչո՞վ եմ չարաշահել,- ծիծաղեց նա,- առայժմ ես պաշտպանվում եմ... Հիմա հարցին պատասխանիր: Ինձ հետաքրքրում է քո կրթությունը:

- Ութամյա դպրոց եմ ավարտել:

- Փչան, ինձնից լավ ես խոսում ռուսերեն եւ ձգտում ես համոզել, որ նույնիսկ միջնակա՞րգ չես ավարտել...

- Ռուսերեն սովորել եմ ավելի շուտ, քան դպրոց կգնայի, չորս տարեկանից, ռուս էր ուսուցչուհին, հինգ տարի մեր տանն ապրեց, հետո Տոլստոյի գրքերն էի թարգմանում...

- Դպրոցո՞ւմ էիր թարգմանում:

- Ոչ, իմ կյանքի հետագա տարիներին,- փքված ասացի ես:

- Երբ տեղափոխվեցիր Երեւա՞ն:

- Այո:

- Իսկ ի՞նչ էիր անում Երեւանում:

- Երեւանո՞ւմ... սովորում էի համալսարանում, ժուռնալիստիկայի բաժնում:

- Կոլեգաներ ենք,- զարմացավ թե ուրախացավ նա,- ես բանասիրականն եմ ավարտել:

Մոտենում էինք վտակին:

- Արի վերեւ գնանք,- ասաց Ինան,- այնտեղ կամուրջ կա:

- Ձեր տունը վերեւո՞ւմ է:

- Անտառային փողոցում, գիտե՞ս...

- Մենք այնտեղ աշխատել ենք, մի տուն սվաղեցինք:

- Գիտեմ, տեսել եմ...

- Շուտով կգանք էլի, տներ ենք կառուցելու... Կարելի՞ է ձեր բանջարանոցից գողություն անել:

- Շուն ունենք, կաղլիկ... Ինչո՞ւ ես այդքան արագ քայլում, կողքս ծակեց...

- Ծխելուց է:

- Օհո:

- Ի՞նչ:

- Ծխող աղջիկներին չե՞ս սիրում:

- Դու կսիրեի՞ր ներկվող տղաներին:

- Երեկոյան հայկական սիգարետ կբերես... «Արին... բե՞րդ»...

- Որտեղի՞ց գիտես այդ անունը:

- Անցյալ տարի ձերոնցից մեկի հետ էի ման գալիս...

Խաղն ավարտվեց բացված շախով:

- Ի՞նչ պատահեց,- հեգնեց նա,- ո՞տքդ է ցավում:

- Ոչ:

- Հապա ի՞նչդ:

- Ոչ մի տեղս:

- Մի՞թե:

- Ինչո՞ւ... քո կարծիքով ես ինչ- որ հո՞ւյս ունեի...

- Ֆո՛ւհ... ինչքան կոպիտ ես...

- Դու կոպիտ չե՞ս... ինչո՞ւ ես պատմում արկածներդ:

- Ահա, կամուրջը երեւաց, գնա՛...

- Ի՞նչ նշանակություն ունի կամուրջը, առանց դրա չէի՞ կարող գնալ:

- Գնա, գնա, դու ինձ այդպիսին պետք չես...

- Իսկ ինչպիսի՞ն պիտի լինեի...

- Շատ խոսեցիր,- ասաց նա, շրջվեց ու արահետով անտառ մտավ:

Ըստ սիրային վարվելակարգի ես պարտավոր էի ներում խնդրել (ծնրադի՞ր), բայց դեռ այդքան չէի հասունացել, որ խեղդեի ցավը հանուն գործնական նպատակի... կար ցավը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.