AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 5585, Տպվել է` 471, Ուղարկվել է էլ.փոստով` 194

ԽԱՉԱԳՈՂ 13

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Միայն առավոտյան աշխատեցինք տասնմեկ հոգով, նախաճաշից հետո, արտադրական խորհրդակցության ժամանակ Սաքոն հայտարարեց.

- Բետոնի վրա չորս հոգի հերիք է, ավել մարդ պետք չէ, երկուսը ներքեւը, երկուսըՙ վերեւը: Հրանտն ու Փայլակը գնում են կտուր կապելու: Ռազմիկը, Ոսկանն ու մի բանվորՙ սվաղի...

- Արա՞մը,- հարցրեց Ռազմիկը:

- Արամի համար ուրիշ գործ կա, Կամոյին տարեք, բայց չգիտեմ,- Սաքոն նայեց Ոսկանին,- կհասցնի՞ մենակ:

- Չհասցրեց, տուն ճամփի,- կարճ արձագանքեց հայրը:

- Չէ դե, ասում եմ, անփորձ է:

- Ես ի՞նչ անեմ,- հարցրեց Վարդանը:

- Դո՞ւ... գարաժում կմնաս:

Վարդանը որակազրկվեց:

- Բաժանումը մշտական չէ, հա էլ կտեղափոխվեք, ում կարիքը որտեղ զգացվի... Մի երկու օրից Հրանտն ու Փայլակը նորից կմիանան ձեզ... Հերթը հասավ Արամին: Դու մատակարար ես, Տոլիկի ավտոն տալիս եմ քեզ, քար է, ավազ է, ցեմենտ է, տախտակ... ինչ պետք եկավ, շտապ հասցնում ես, քո երեսից մի վայրկյան չկանգնեն... Հիմի ամենից առաջ մի թեթեւ ավտո ավազ տար սվաղողներին, իրենց ավազը քիչ է, հետո, ինժեների տունը գիտես, կողքը տուն ենք շինելու, հիմքը լցրած է, ջրի բաքը կքաշես, հին պահեստի ցեմենտը կտանես, լրիվ, ու ավազ... չորս ավտո էլ ավազ,- ասաց ու ինքն էլ չհավատաց,- հը, չորս ավտո չես բերի՞... Լավ, ինչքան կարողացար... Քեզ տեսնեմ, Արամիկ, վաղը սկսում ենք շարքը, ամեն ինչ պատրաստես, դասավորես տեղը տեղին, որ ցեխ ու քար տվողի գործը հեշտ լինի...

Մնացածն արդեն ինձ չէր վերաբերում, բահը թափքը գցելով անցա նստելու:

- Միասի՞ն ենք,- հարցրեց Տոլիկը շարժիչը միացնելով:

- Այո, ամբողջ օրը:

- Ո՞ւր կհրամայես:

- Գետափ, ավազի...

- Իսկ խանութի՞ց...

- Ոչ,- ծիծաղեցի,- խմելը թողել եմ:

- Օյ- օյ,- ցավակցաբար գլուխն օրորեց Տոլիկը,- շուտ ես հրաժարվում...

Աշխատանքի բաժանման ժամանակ համոզված էի, որ ամենալավը ինձ է բաժին ընկել (եթե նույնիսկ ուրիշ փողոց լիներ), բայց ավելի լավ էր, քան կարծում էի: Խորշի մոտ, որտեղից մի անգամ արդեն տարել էի ավազ, ծաղկաշատ հովտում վրաններ էին խփված, աղջիկներ էին երեւում, որոնք դեռ զգեստներով էին, բայց ամենայն հավանականությամբ շուտով գունավորելու էին մետաղափայլ ջուրը: Մի ուրիշ, ավելի օգտակար նորություն կար. շերեփը ավազին սեղմած էքսկավատոր էր կանգնել:

- Ո՞ւմ մեքենան է,- հարցրեցի Տոլիկին:

- Չգիտեմ, անծանոթ է... գնա, խոսիր, գուցե կբարձի...

- Ո՞ւր... ո՞ւր ես մտնում,- բղավեց տրակտորիստը,- հիմա մերը գալու է...

- Ի՞նչ ես բղավում,- իջնելով մոտեցա նրան,- մինչեւ ձերը գա, մերը կբարձես:

- Կարգը գիտե՞ս,- հարցրեց նա:

- Իհարկե,- պատասխանեցի կռահելով ուզածը:

- Քանի՞ ավտո ես տանելու:

- Շատ... վաղը նույնպես:

- Ավտոն հիսուն կոպեկ... ընդունված գին է:

Մեքենան երեք հարվածով ազատեց ինձ քսան րոպե քրտնելուց:

- Հաշիվը վերջո՞ւմ,- հարցրեցի տրակտորիստին:

- Վերջում,- համաձայնեց նա:

Հազիվ էինք հեռացել գետափից, աղջիկները, կարծես թշնամաբար տրամադրված, կանգնեցրին մեզ:

- Դուք շա՞տ եք գնալ- գալու,- հարցրեց պարագլուխը:

- Ընդամենը մի շաբաթ,- կիսով չափ խցիկից դուրս գալով պատասխանեցի ես:

- Մի շաբա՞թ,- ծվծվաց մեկը,- ճիշտ այնքան, որքան մնալու ենք այստեղ... եւ ամեն օր կո՞ւլ տանք ձեր փոշին:

- Մեղավոր ենք, բայց ի՞նչ անենք:

- Մյուս կողմով գնացեք:

- Սա ի՞նչ մանկապարտեզ է,- ջղայնացավ Տոլիկը, հապա կորեք այստեղից... սրանց տես, նոր գերատեսչություն է լույս ընկել:

- Ինչո՞ւ եք գոռում:

- Ինչպես չգոռամ, երբ հիմարություն եք դուրս տալիս... հազարավոր այսպիսի տեղեր կան գետի ափին, որտեղ ոչ մի մեքենա չի մտնում, ինչո՞ւ եք ճանապարհի կողքը ընտրել...

- Այստեղ գեղեցիկ է:

- Հո՜... գեղեցի՜կ է...

- Դույլեր չունե՞ք,- ասացի,- ջրեք ճանապարհը:

Իմ անկեղծ խորհուրդը ծաղր համարեցին:

- Սրանց անհնար է հասկացնել,- ասաց ծվծվանը,- մեխեր շարենք ճանապարհին...

- Տեսեք ինքներդ ծակված չգնաք այստեղից,- Տոլիկը գազ տվեց, եւ նրա հին, օրորվող թափքով ավտոն պոկվեց տեղից խտացրած ամպի շիթը խառնելով հողե ճանապարհից շատրվանող փոշուն:

Մոտ տասը րոպեից գյուղ մտանք, ապաՙ նեղ ու թեք, ոստոտ Անտառային փողոցը, որի տներից մեկում ապրում էր խատուտիկ Ինան:

Հրանտին ու Փայլակին տեսանք, կարմիր աղյուսով շարած պատերի վրա չափումներ էին անում, Հրանտը գոռաց ձեռքը թափ տալով, բայց դեռ նրանց չմոտեցանք:

Սվաղի բրիգադը գործում էր խթանված եռանդով: Սաքոն էր այդտեղ, վիթխարի կալ էին սարքել, որի մոտ բահը ձեռքին կանգնել էր նա, իսկ Կամոն Ռազմիկի տաշտակը ցեխ էր լցնում: Ամենից առաջ հայացք գցեցի Ոսկանի սվաղածինՙ իսկույն որոշելով գնահատականը: Ընտիր աշխատանք էր, ապակու պես հարթ, «քառակուսին» նույնպես թերացված չէր:

- Վարպետ Ռա՛զ.- անմիջապես արտահայտվեցի ես,- էլ չես ծեփո՞ւմ վռազ- վռազ:

- Էլ մի ասա,- վրա բերեց Սաքոն կարծես նման բանի էր սպասում,- թեւերի տակ հավկիթ են դրել...

Ռազմիկը անվրդով շարունակեց ծեփել: Ծեփեց տաշտակի ամբողջ ցեխը, կոկեց ու նոր միայն դարձավ Սաքոյին.

- Հոժար չե՞ս, որ քո սարքած ցեխով էսքան սվաղում եմ:

- Ցեխը լավ չէ՞... ասա՛... ասա, փոխեմ... ջրի՞ է, պնդի՞ է... հը, ձեն հանի,- գոռաց Սաքոն բահը կալի մեջ պտտելով,- խեղդեմ, է՜, խեղդեմ ձեզ ցեխի մեջ... Դուք ինչ սվաղող եք, բանվոր քնեցնող եք դուք... Տար, Կամո ջան, տար, թող կշտանան:

- Երկուսի մոտ էլ կա,- ասաց Կամոն:

- Տա՜ր... ոնց թե կա... տար, թող իրենք չուզեն, գլուխներին կլցնես...

- Հորս գլխի՞ն,- վախեցավ Կամոն:

- Հա, հորդ բերանը գինի լցնեմ... Արամի՛կ, ի՞նչ գործի ես:

- Հեչ,- ասացի,- ձեզ եմ նայում:

- Չորս րոպե կորցրիր մեզ նայելով... թռի ավտոն: Գետափին տրակտո՞ր կար:

Զարմանալու եւ հետաքրքրվելու կարիք չկար, թե ինչպես կռահեց. շուտ էի եկելՙ մեկ, ավազը շատ էրՙ երկու, երրորդՙ ցախերն ու արմատներն ակնբախ էին դարձնում, որ ձեռքով չի բեռնվել ավտոն:

- Ավազի գնա նորից,- ասաց նա,- ցեմենտը հետո կբերես:

Գնացինք հյուսների մոտ: Հրանտը, կարծես ես էի բրիգադիրը, գոռգոռոցով դիմավորեց ինձ:

- Տախտակ չկա, չորսու չկա, ինչո՞վ գործ անենք:

- Դրանք ի՞նչ են,- ասացի փայտեղենի դարսակները ցույց տալով:

- Դու ի՞նչ ես հասկանում ինչ է ինձ պետք,- գոռաց նա,- տուր ավտոն գնամ հիմնարկ...

- Չեղավ, վարպետ ջան, ավազի եմ գնալու, տրակտոր է աշխատում, Սաքոն ասաց, որ ամեն ինչ թողնեմ ու ավազի գնամ...

- Լավ,- արագորեն կողմնորոշվեց Հրանտը,- դու ինձ տար հիմնարկ, ես կջոկեմ ինչ որ պետք է, հետ գալուց կգցենք ավազի վրա,- եւ Տոլիկի առարկությունը հաշվի չառնելով նստեց կողքս:

Չորս ավտո ավազ բերելուց հետո գնացի ցեմենտի: Գյուղտեխնիկայի հին պահեստը գյուղի կենտրոնում էր, որը նկարվելու հնարավորություն էր ընձեռում, վաղուց ցանկանում էի խոպանային հիշատակ ունենալ, հենց իմ ուզած տեսքով էի, չսափրված, ցեմենտոտ (այն էլ ինչպես) ու անպայման բերետով:

Վերադարձին աչքս, ինչպես եւ նախորդ երթերին, բակերին էր, պատուհաններին, Ինային տեսնելու հույսով, բայց նա չկար, չէր երեւում:

Ավազի մեծ շեղջի վրա ինժեների աղջիկն էր խաղում:

- Օ՜հ, Տանյան է հայտնվել,- ասացի խցիկից իջնելով:

- Օ՛յ, ինչպես փոշոտվել եք,- ուրախ բացականչեց նա:

- Դու ուզո՞ւմ ես փոշոտվել:

- Չէ, մամաս կբարկանա:

- Հեռու գնա, հիմա այս քեռին ռումբ է պայթեցնելու:

Տոլիկը հետ տվեց մեքենան ու դանդաղորեն, որպեսզի միանգամից չթափվի, բարձրացրեց թափքը: Թաց թափքին կպած ցեմենտի մի մասը միայն սահեց ներքեւ, մնացածը ստիպված էի բահով քաշել:

- Հիմա՞ ուր,- հարցրեց Տոլիկը:

- Բաքը տար լցնելու, իսկ ես ցեմենտը հավաքեմ...

Տանյան մոտենալով հարցրեց,- դուք այստեղ տո՞ւն եք կառուցելու:

- Այո, նոր հարեւաններ կունենաք:

- Իսկ ե՞րբ կվերջացնեք:

- Մի ամսից:

- Մի ամսի՞ց,- զարմացավ նա:

- Մենք պատերը կսարքենք, ծածկը, կսվաղենք, ինչպես ձեր տունը սվաղեցինք, հետո ուրիշ աշխատողներ կգան, զանազան գործեր կանեն, ապա կհայտնվեն ձեր նոր հարեւանները:

- Իսկ ովքե՞ր են նրանք:

- Չգիտեմ, Տանյա, հայրիկդ կիմանա, մենք տներ ենք կառուցում նրանց աշխատողների համար:

- Էլի՞ տներ եք կառուցելու:

- Մինչեւ աշուն կառուցելու ենք, ահա այս պարապուտում... Քո կարծիքով քանի տուն կարելի է շինել մինչեւ այնտեղ:

- Մինչեւ Լավրովների տո՞ւնը...

Լավրովնե՞ր... Եթե այս փողոցում ուրիշ Լավրովներ չկան, Ինայի բույնը հայտնաբերված է, այն էլ ամենամերձ հարեւանությամբ:

- Երկու,- ասաց Տանյան:

- Ճիշտ է, երկու, մի տուն էլ ուրիշ տեղում:

Լավրովների տնից փողոց դուրս եկավ մի կին, դեռատի մի աղջիկ դույլը ձեռքին վազելով հասավ նրան, այս կողմը ուղղվեցին... Նրանց մոտենալու հետ համոզվում էի, որ աղջիկն Ինայի քույրն է: Աշխատանքը դադարեցնելով սպասողաբար նայեցի նրանց, ակնհայտ էր, որ մեզ են մոտենում:

- Երիտասարդ, մի քիչ ցեմենտ կտա՞ք,- բարեւելուց հետո խնդրեց կինը:

- Խնդրեմ,- ասացի,- ինչքա՞ն է պետք:

- Մի դույլ, տղաս:

Ես դույլը վերցնելով մտցրեցի ցեմենտի մեջ, անզգույշ, ցայտեց ցեմենտը աղջկա ծնկներին, ժպտալով մաքրեց ու իմ ներողությանը գլխի շարժումով պատասխանեց: Չհասկացա, թե ինչ էր նշանակում այդ շարժումը, բայց դույլը հանձնելիս նորից նայեցի աչքերին հուսալով, որ կժպտա էլի... Ժպտաց... Հմայիչ էր Ինայի քույրը, ոչ նրա պես նիհար, բայց թարմաշող, փթթուն ու առանց պեպենների...

- Սիրահարվեցի՞ր,- ժպտաց կինը:

- Նման մի բան,- մռթմռթացի շփոթված... Ինայի հետ ինքնավստահ էի, մինչեւ իսկ սանձարձակ (եւ ինչի՞ հանգեցրեց դա), իսկ այս նորավարտ աղջնակը, որը չէր համարձակվել մենակ գալ ցեմենտ ուզելու, թեեւ մեր առաջին հանդիպմանը, ճաշարանում, չարաճճի էր ու համարձակ, դարձնում էր ինձ այնպիսին, ինչպիսին էի անհիշելի ժամանակներում (մինչեւ խոպան գալս):

Ծիծաղեցին մայր ու աղջիկ,- շնորհակալություն ցեմենտի համար,- մայրն ասաց, ու գնացին:

Սաքոն էր գալիս, կուզիկ, գլուխը կախ, իր արագ քայլվածքով... իսկ կուզիկն արագ քայլելիս ուղտի է նմանվում:

- Մեր բրիգադիրն է,- ասացի Տանյային:

- Սա՞,- ակնբախ թերահավատությամբ հարցրեց փոքրիկ աղջիկը:

- Տոլիկն ո՞ւր է,- հեռվից հարցրեց Սաքոն:

- Ջրի գնաց:

Սաքոն տեղանքը զննելով ծխախոտ վառեց,- շատ լավ ես թափել ավազը, ապրես, ցեխ տվողի գործը հեշտացրել ես... Որտե՞ղ ես ուզում աշխատել, Արամիկ, գարաժո՞ւմ, թե՞ մեր չարհեստավորների հետ...

- Մեկ է,- ասացի չուզենալով բացվել:

- Ժիր բանվոր է պետք... Դավիթն ու Գիքորը չեն հասցնի, չնայած ինչ մի շարող են որ...

Երկու հոգու չէ, ամբողջ բրիգադին քար ու ցեխ կհասցնեի:

- Տոլիկին կուղարկես գյուղտեխնիկա,- ասաց Սաքոն,- դու գնա իրենց մոտ: Գործ չեն անում, արհեստավոր չեն, առավոտից հիսուն քառակուսի բան են սվաղել, ես դրանց արհեստավո՞ր ասեմ... էս աղջիկն ո՞վ է...

- Ինժեների աղջիկն է:

- Մամադ տա՞նն է,- հարցրեց Սաքոն:

- Ոչ,- դժկամորեն պատասխանեց Տանյան ու ավազոտ կոշիկները հանելով բոկոտն վազեց դեպի տուն:

Նինան իրենց բանջարանոցից ձեռքով կանչեց ինձ: Արագորեն մոտեցա: Նա վարունգով ու լոլիկով լի դույլն անցկացրեց ճաղաշար ցանկապատից:

- Ձեզ համար եմ քաղել, վերցրեք:

- Շատ չէ՞,- ուրիշ բան չգտա ասելու:

- Չէ՞ որ դուք ուտելիս օգնություն չեք խնդրում,- ծիծաղեց Նինան:

Չէի թողնի, որ այդքան ժամանակ ծանր դույլը պահեր անհարմար դիրքով:

- Ինան տանը չէ՞,- հարցրեցի դույլը վերցնելով:

- Ինա՞ն,- ինչ խոսք, նա զարմացած էր,- Բառնաուլում է Ինան:

- Ե՞րբ է գալու:

- Դուք ծանո՞թ եք:

- Այո:

Չլիներ այդ սվաղը, Սաքոյի հայացքը չլիներ, խոսեինք այդպես անընդհատ, արանքում մի ցանկապատ, չար Ինայից հեռու, մեզ կապող բախտին հլու, անակնկալ հառնած բախտին, պարտական մի դույլ ցեմենտին, վարունգով միջնորդված, ցանկապատով միջնորմված... Օհո, դարձնել չափածո...

- Արա՜մ,- բղավեց Սաքոն:

Սպասում էի այդ ձայնին եւ վախենալով, որ աքսորվեմ գարաժՙ գրասենյակի կանանց ու լարերին թառած սեւասեւ ագռավների անսփոփ հարեւանությամբ, կամ քարհանքՙ մաղձոտ Դիմովիչի հետ խաշած օղիով մրմուռս լալու, ասացի Նինային.

- Հետ բերելիս դույլը կդնեմ այդտեղ...

- Դուք չիմացաքՙ երբ է գալու Ինան,- ծիծաղեց նա:

- Ե՞րբ...

- Իսկ ես չգիտեմ,- ասաց ու ծիծաղեց նորից, կարծես վերագտել էր չարաճճիությունը:

Մինչեւ հյուսներին հասնելը ոտանավորն էի վերլուծում:

- Մրո՛տ Մոծակ,- ուրագը տնկած գոռաց Հրանտը նոր-նոր կապվող տանիքից,- ի՞նչ ես բերում:

- Վիտամին,- ասացի ձեռքս արեւին պահելով:

- Այ տղա, վարունգի մեջ վիտամին չկա, իննսունչորս տոկոսը ջուր է...

- Դե իջեք, մեկ-մեկ հատ վարունգ խմենք...

- Էլ ինչի՞ իջնենք, տուր վերեւ,- Հրանտը կախեց մետաղալարը,- մեզ մո՞տ ես եկել, թե՞ շարունակելու ես...

- Շարունակելու եմ:

- Դե մի քանի տախտակ տուր, նոր գնա: Պատին դեմ արա, մենք կքաշենք: Կբարեւես ... բանթողին կսպասենք ձեզ:

- Ճաշարան չե՞նք գնալու:

Ընթրիքը ճաշարանում մտել էր մեր օրակարգի մեջ, բայց հաճախ տարաձայնությունների պատճառ էր դառնում, ինչպես նախաճաշը մի ժամանակ:

- Գործիդ գնա... հաց ուտել չկա, մինչեւ սվաղը չպրծնեք, տուն չգաք...

Ըստ երեւույթին այդպիսի հրահանգ էր տրվել եւ սվաղողներին, հեռվից նկատվում էր ինչ արագությամբ են աշխատում:

- Արամը եկավ,- ուրախացած բացականչեց Ռազմիկը:

Ոսկանը չարտահայտվեց, բայց պակաս ուրախ չէր, որովհետեւ քրտինքի մեջ կորած կիսամերկ Կամոյի տեսքն ինքնին վկայում էր պատանու վիճակը: Առաջին հայացքից պարզ էր, որ ինքն է ավելորդ չարչարանք ստեղծում: Մեծ կալը, որի մասին ինքնահավանությամբ խոսում էր Սաքոն, եւ որի մի գլուխն էին միայն բանեցրել, չորացել էր, Կամոն ամեն դույլի համար շաղախում էր առանձին:

- Մի փոքր դադար տվեք,- ասացի վարպետների մոտ տանելով Նինայի տված դույլը,- հարյուր քսանյոթ վայրկյան... մինչեւ դուք վիտամին ընդունեք, մենք կալը կբացենք...

Ջուր ավելացրի կալին եւ վերնաշապիկս հանելով գործի անցա: Ըստ Ռազմիկի դասերի կալը պետք է բացել մի կողմից եւ ոչ թե միանգամից ամբողջը խառնել, բայց այս անգամ, հաշվի առնելով արտակարգ դրությունը, որոշեցի հակառակն անել, եւ Ռազմիկն էլ հավանություն տվեց:

- Դե որ լրիվ խառնում ես, մի հատ ծխեմ,- ասաց նա,- ծխի, վարպետ...

Ոսկանը հաճույքով համաձայնեց,- այ դու երկար արեւ լինես, Արամ ջան:

Ամբողջ կալը շուռ տալուց հետո խառնելու կարիք այլեւս չէր զգացվում, լցնում էինք ու տանում, եսՙ Ռազմիկի համար, Կամոնՙ հոր, երկուսն էլ շատ արագ էին աշխատում, Ռազմիկը ծեփում էր մեծ մալայով, որը նա շպրտան էր անվանում, Ոսկանի ձեռքինը հատուկ շերեփ էր, առաջին անգամ էի տեսնում այդ գործիքը, որի առավելությունը շուտով պարզ դարձավ: Ոսկանը դույլի միջից վերցնում էր ցեխը շերեփով եւ դաստակի ճկուն շարժումով, որը վարակեց ինձ այդ ձեւը յուրացնելու ցանկությամբ, խփում էր պատին շպրտանի ծեփածի կրկնակի մեծությամբ:

Ընթրելու չգնացինք, պլան էրՙ այսօր սվաղը վերջացնել անպայման: Մի բան, որն առավոտյան անհավատալի էր, բայց արդեն, կարելի է ասել, գերմարդկային ջանքերի շնորհիվ հնարավոր էր թվում... Այնուամենայնիվ, ուր որ է մութը կընկներ, իսկ կարճ պատերից մեկը դեռ անսվաղ էր:

Հրանտն ու Փայլակը եկան օգնության: Մինչ այդ դժվար էր ենթադրել, որ հնարավոր է քամել ավելին, քան անում էին Ռազմիկն ու Ոսկանը, բայց Հրանտը սվաղի իր հոսքային եղանակով այնպիսի՜ եռուզեռ առաջացրեց...

Փայլակը նոր կալ էր սարքում, նրա պարտականությունն էր նաեւ քիչ հետո լաստակ ապահովել վերեւը սվաղելու համար, ես լցնում էի դույլերը, Կամոն կրում էր, Ոսկանը ծեփում էր, Ռազմիկը հարթում էր, Հրանտը կոկում էր, եւ ինչ արագությամբ լցնում էի, նույն արագությամբ դատարկվում էին դույլերը: Փաստորեն կալը վերջացրինք այնքան ժամանակում, որքանում ես կհաշվեի, թե քանի բահ ցեխ կլինի, ըստ որում, արագ հաշվելով:

- Տասնյոթ րոպե տեւեց,- ասաց Ոսկանը,- չէի հավատա...

- Վերեւն ավելի շուտ կպրծնեք,- ասացի ես,-լուսամուտներ են, ներքեւից էլ բարձր եք սվաղել:

- Գետնի վրայի գործն ուրիշ է,- ասաց Ոսկանը,- եթե նույն ձեւի աշխատենք, քսան րոպեի բան է...

Նոր կալը պատրաստ էր, Փայլակի հարմարանքըՙ նույնպես, հարվածային եռյակը բարձրացավ վերեւ:

- Ցեխը շատ եք սարքել,- որոշեց Ոսկանը փորձված աչքով,- կավելանա:

- Հերն էլ անիծած,- պատասխանեց Փայլակը, որը Հրանտի կոկածն էր տրորում ձեռնոցովՙ անհարթությունները կորցնելու համար,- չպակասի, ավելանալը չի խանգարի...

Ուղիղ քսան րոպե հետո գործն ավարտված էր: Եղած-չեղածը հավաքեցինք իրար գլխի, որ հետո ավտոյով տանենք, ու ճամփա ընկանք:

Խոստացել էի դույլը դնել ցանկապատի տակ, բայց, անքննելի է պահի թելադրանքը, հատկապես երբ սիրո պես մի բան է սողոսկում տղայի հոգին: Դռնակը վստահորեն բացելով, կարծես մորաքրոջս էի այցելում, առաջացա դեպի ծաղկազարդ անդաստակը... Մի չնախատեսված հանգամանք դուրս եկավ բնից, տարտամ սպառնալիքը նենգ մռութին, երախը բաց մի մեծ շուն: Մանկուց մեջս հավատ էր ամրացել, թե շներից չեմ վախենում, բայց այժմ առաջ գնալուն հաջորդելու էր ընկրկումը պատռված տաբատով, եթե հաջողվեր ընկրկել, ուստի դույլը թողնելով այդտեղ խոհեմաբար նահանջեցի:

Մերոնք նոր կառույցն էին քննարկում:

- Երկու բաժնո՞վ է,- հարցրեց Ոսկանը:

Հրանտը հաստատեց:

- Լրի՞վ ենք սարքելու:

- Պատերն ու ծածկը:

- Քանիսո՞վ է վերցրել:

Հրանտն ստիպված էր խոստովանել, որ չգիտի,- մարդու բան ասո՞ւմ է որ,- շարունակեց նա,- գիտեինք, որ տուն ենք սարքելու, կմախքը մենակ... Էդքան բան... Առավոտ ելանք, մենք էլ ձեզ պես, ուղարկեց ամենքիս մի տեղ... Տոլիկի ավտոյով ինքը չէ՞...

- Բա էլ ով,- ասաց Ռազմիկը,- եկել է ավտոյով տուն տանի...

- Հա՛... ցավը կտրել էր:

Տոլիկի ավտոն, կես թափք աղյուսով, կանգնեց մեզ մոտ:

- Պրծա՞ք,- հարցրեց Սաքոն դուրս գալով:

- Պրծանք,- ասաց Ռազմիկը:

- Ապրեք... Ամեն օր ուրախացնեիք ինձ... Դե նստեք ավտոն:

- Սաքո,-ասաց Ոսկանը,- խուլ պա՞տ ենք շարելու:

- Հա, բա ոնց...

- Գիտե՞ս ինչքան աղյուս կգնա:

- Հիսուն հազար:

- Իսկ եթե դրա կեսով շարենք...

- Ո՞նց... լցոնո՞վ...

- Հա, շլակ լցնենք:

- Ուզում էի պանելով ծածկել:

- Էլի ծածկի, ամուր պատ կլինի:

- Առավոտյան կխոսեմ Չուլկինի հետ, տանտերերն էլ պիտի համաձայնություն տան:

- Չուլկինը կհամաձայնի, շինանյութ ես տնտեսում, տանտերերին էլ է ձեռնտու, տաք կլինի...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.