AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 40. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԽՄԲԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5967, Տպվել է` 439, Ուղարկվել է էլ.փոստով` 216

ԽԱՉԱԳՈՂ 15

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Մատակարարի գործը, որն առաջին օրն այնպես ուրախացրել էր, անխղճորեն քշում էր ինձ տարբեր տեղեր: Խարամ բերեցի շարքի համար, ապա միացա աղյուս բերողներին: Այդ օրը գոնե երեկոյան աշխատեցի Անտառային փողոցում, հաջորդ օրը ամբողջովին հատկացվեց քարին: Առաջ Տոլիկն աշխատում էր ութից վեցը, իր սովորական աշխատանքային օրն էր, այժմ, հավելյալ վարձատրումով իհարկե, առավոտից իրիկուն մեզ հետ էր: Պարզվում է, որ ութից վեցը դեռ չի նշանակում առավոտից իրիկուն: Շաբաթ օրը նույնպես միայն երեկոյան հաջողվեց լինել Անտառային փողոցում:

Բետոնագործները, բացի Վարդանից, եւ Հրանտն ու Փայլակը վերադարձել էին գարաժ: Կտուրը կապել էին, թիթեղը ընդհանուր ուժերով էինք խփելու: Տան վրա մնացել էին երեք վարպետ եւ Կամոն, երբ ես եկա, աղյուսներն էին պատուհաններից ներս լցնում:

Միջնորմներն էին շարում: Ոչ այնքան մեծ, կիսված տունը մեզ համար անսովոր փոքր սենյակների էր բաժանվում:

- Վանդակներ են,- ծիծաղեց Ռազմիկը,- մեր մի սենյակը էս տնից մեծ է:

- Տաքության համար է,- ասաց Ոսկանը,- նույնիսկ օդանցք չեն թողնում:

Մենակ ցեխ էինք տալիս, բայց էլի դժվար էր երեք շարողի հասցնել ոլոր-մոլոր ճամփաներով: Ռազմիկը կամրջակներ գցեց, որպեսզի առանց ելեւէջների անցնենք դռներով:

Նինայենց տան դիմաց հոր «Վիլիսը» կանգնեց: Ինան իջավ, որն անշուշտ առաջինն էր աչքովս ընկնելու, հայրը, մի զինվորական, դժվար թե ինձնից մեծ լիներ, եւ մի ուրիշ աղջիկ: Դիմավորելու եկած Նինան համբուրվեց նրանց հետՙ հույս ներշնչելով, որ այս զինվորականը իրենց արյունից է:

- Օհո, այստեղ արդեն կառուցո՞ւմ են,- ասաց Ինան մեր կողմը նայելով:

- Իսկ դու գիտեի՞ր,- ծիծաղաձայն հարցրեց քույրը:

Վարդանը մալան էր պտտում դատարկ դույլի մեջ, Ռազմիկը նույնպես ցեխ չուներ, շտապեցի Կամոյին օգնելու, եւ շատ չանցած ուժերի հարաբերակցությունը նորից հօգուտ մեզ թեքվեց:

- Ջահելները լավ են աշխատում, չէ՞,- ասաց Ռազմիկը:

- Մենակ ցեխ են բերում, ինչ կա, որ չհասցնեն,- փնթփնթաց Վարդանը:

- Գիքորն էլ էր մենակ ցեխ բերում, սիրտ չէի անում ուզեի...

- Մեղք է էդ տղեն,- ասաց Ոսկանը,- Գիքորի օրն է ընկնելու վերջում:

- Բա Սաքոյի անունը իմացե՞լ եք,- ծիծաղեց Ռազմիկը,- Շուլան դրեց երեկ... Բազազ Արտեմ...

- Բազազ Արտե՞մ,- քրքջաց Վարդանը,- այ էդ մեկով աչքս մտավ դդում գլուխը, ոնց էլ գտել է,- նա ծռվելով նայեց դռան միջով,- ինչի՞ եք էդքան ցեխ սարքել... շաբաթ օր է, մի քիչ շուտ գնանք տուն...

Նոր կալը կիսել էինք, որ մի կողմը ջուրը շուտ ծծվի, չոր մասը առանձնացնելով խառնեցի ավազին:

- Սը՜ս,- ասացի Կամոյին, որը նայում էր զարմացած,- իրենց չասես, մինչեւ ութը հարկավոր է ցեխը վերացնել:

Նինայի հայրն ու զինվորականը եկան: Արդեն չգիտեմՙ ում անունը շեշտեմ, Նինայի՞ հայրը, թե՞ Ինայի:

- Կառուցո՞ւմ ենք,- հարցրեց հայրը:

- Այո:

- Ո՞վ է ձեր ավագը:

- Մտեք ներս:

- Ցե՜խ,- կանչեցին ներսից:

Ես ու Կամոն բեռնավորված հետեւեցինք նրանց:

- Աստված օգնական,- բարձր ձայնով ողջունեց հայրը:

- Աստված ասաց, որ դուք օգնեք,- պատասխանեց Վարդանը:

- Կօգնե՜նք... բայց հիմա ձեր օգնությունն է պետք... Ձեր տախտակները մի օրով տվեք մեզ, երկուշաբթի առավոտյան ամեն ինչ տեղում կլինի:

- Տարեք, բայց չկտրեք:

- Հասկանալի է... Իսկ ո՞վ է ձեզնից Ա. Հակոբյանը:

- Ա. Հակոբյա՞ն,- հարցրեց Վարդանը, որը ներկայանալով որպես ավագ կարծում էր, թե բոլոր հարցերին ինքն է պատասխանելու:

- Ես եմ,- ասացի:

- Թերթում գրել էին, որ չեմպիոն ես դարձել,- շարունակեց հայրը,- որդիս ցանկանում է խաղալ հետդ...

- Եթե վաղը չաշխատենք, այգում խաղալու եմ Բելիկովի հետ... Եկեք:

- Վաղը չեմ կարող,- ասաց որդին:

- Ուրեմն հետաձգվում է, առիթ կգտնենք հավանաբար:

- Երկուշաբթի հնարավո՞ր է:

- Ոչ, մենք ուշ ենք վերջացնում:

Տախտակները տանելուց հետո տղան մի շիշ օղի բերեց:

- Սա ձեզ,- ասաց,- տախտակների համար

- Պետք չէ,- հրաժարվեցի ես:

- Ինչո՞ւ...

- Տարեք, պետք չէ:

Իսկ նա դրեց ավազին...

- Լեյտենանտ,- բահը շշի վրա պահելով ասացիՙ նրա կոչումը ցածրացնելով,- տանո՞ւմ ես, թե՞ չէ...

- Չեմ հասկանում, ի՞նչ կա...

Մի խեղճ ծլնգոց, եւ ավազը թրջվեց զուլալ ճերմակով:

- Հիմար,- ասաց ավագ լեյտենանտը,- ինչո՞ւ ջարդեցիր:

Եթե շիշը չջարդեի, թերեւս նույն վրդովմունքը բահը նրա գլխին ուղղեր... Հիմա էլ ուղղեց, բայց սոսկ վախեցնելու համար, այդ ընտանիքի անդամների հետ ոչ մի կերպ սովորական խոսակցություն չէր ստացվում:

Նա ուսերը թոթվելով քմծիծաղեց ու գնաց:

- Կազյո՛լ,- բացականչեց Կամոն:

Ավագ լեյտենանտը մի աղյուս դրեց հարմար տեղում, ձեռքի հարվածով կիսեց եւ արդեն համոզված, որ վերջին խոսքն ինքն ասաց, հեռացավ:

- Կարատեիստ է,- ակնածանքով շշնջաց Կամոն,- բա որ մեզ խփեր...

- Մեզ որ այդպես չէր կիսի,- քրթմնջացի ես ոչ պակաս երկյուղած:

Կամոն վերցրեց աղյուսի կտորներն ու տարավ վարպետներին ցույց տալու:

- Տեսեք անջատվածը ոնց ջարդեց ձեռքով:

- Ո՞վ,- հարցրեց Վարդանը:

- Լեյտենանտը... ուզում էինք կռվել հետը, մարդը ուժը ցույց տվեց ու գնաց:

- Կտա կսպանի, ինչ գործ ունեք... Ինչի՞ էիք կռվում:

- Արաղ էր բերել, Արամն ասացՙ հետ տար, չտարավ, Արամն էլ ջարդեց շիշը:

- Արամն ինչի էր ջարդում, մեզ էր հարգել, հո իրեն չէր հարգել, որ ջարդում էր:

- Ի՞նչ հարգանք,- ասացի դույլերը ձեռքերիս մտնելով,- ողորմություն էր տալիս:

- Աստված, դու գեղացու զարգացածից ազատես... Արա, հլը քեզ նայի, իրեն նայի... համբալություն չէ՞ արածդ:

- Քո ասածն ի՞նչ է,- կոպտորեն ընդհատեցի նրան,- արաղ ես ուզում, իրիկունը կտամ:

- Ես քո արաղի՞ն էի մնացել...

- Բա էլ ի՞նչ ես ասում:

Էդ ինչի՞ ես վեր-վեր թռնում:

- Վերջ տվեք,- ասաց Ռազմիկը,- Վարդա՛ն... Արամ, ցեխ բեր:

- Ինչ Վարդան,- չես տեսնո՞ւմ ոնց է խոսում հետս:

- Ո՞նց եմ խոսում... ոնց որ դու ես խոսում, պատասխանում եմ:

- Դու ինձ համբերությունից չհանես:

- Տո արաղի տիրոջ մերը, բերողինն էլ վրեն,- գոռաց Ռազմիկը,- թողեք գործ անենք...

Սոսկալի ճղճղոց լսվեց:

- Խոզ մորթեցին,- կռահեց Ռազմիկը:

Լավրովների ամբողջ ընտանիքը դրսում էր: Ներկա կազմն էր ինձ հայտնի, միգուցե էլի շառավիղներ կային: Ավագ լեյտենանտը խոզն էր խանձում, կինը (հավանաբար) հետեւում էր այդ գործողությանը, հայր Լավրովը, ինչպես վայել է նման ծավալի մարդուն, տիրաձայն կարգադրություններ էր անում, Նինան ու տատը հավեր էին փետրահանում, Ինան էր պարապ-սարապ ֆռֆռում...

Ցեխը վերջացավ, գնացինք: Խաչմերուկի մոտ Սաքոն կտրեց մեր առաջը ավտոյով:

- Էս ո՞ւր,- բղավեց նա խցիկի միջից:

- Տուն,- ասաց Ռազմիկը,- ցեխը պրծավ:

- Ցեխը պրծավ, նոր ցեխ չի՞ սարքվի... Երկու ժամ օր կա դեմը:

- Հիմի հո հետ չենք դառնա:

- Նստեք, գնանք բետոն անելու:

Մրից ելանք, մրջուրն ընկանք: Մինչդեռ ես կինոյի հույսով էի էտել ցեխը:

Բետոնագործները նույնպես վերջացրել էին աշխատանքը: Տրակտորիստը, որը Տոլիկի պես աշխատում էր մեր գրաֆիկով, շուտ էր գնացել, որովհետեւՙ դե շաբաթ օր է, ձեր մերը...

- Ինչի՞ թողեցիք գնա,- հանդիմանեց Սաքոն,- աշխատելու է մեզ հետ ինչքան ուզենանք, դրա համար փող է ստանում:

- Է, հա՜,- ձգեց Հրանտը,- ի՞նչ անեինք, զոռո՞վ պահեինք:

- Հա՛... բա հիմի ի՞նչ, օրը ցերեկով տո՞ւն գնանք... Եկեք քարերը մոտեցնենք պատին:

- Ախպե՜ր,- ձեռքը շարժեց Վարդանը,- ուրիշ բան չգտա՞ր... Քեզ համար ի՞նչն է կարեւոր. էնքա՛ն որ զբաղվե՞նք, թե՞ գործ անենք:

Խոսելով կամաց-կամաց շարժվեցինք դեպի տուն: Ինձ այդ շարժումն էր պետք, վազեցի ճանապարհին հաշվելովՙ որ գործողությանը ինչքան ժամանակ հատկացնել կինոյին հասնելու համար. երկրորդ սեանսը սկսվում էր տասին: Մի՞թե որեւէ մեկը արագությամբ կգերազանցի խոպանի բրիգադում աշխատող կայծակնային խաղի սիրահար շախմատիստին: Մինչ կհասնեի խոհանոց, ծրագիրը պատրաստ էր եւ ճշգրտորեն իրականացվեց:

1. Ջուր տաքացնել (Հրանտի սարքած ջեռուցիչով, որը մի դույլ ջուրը երեք րոպեից դղրդացնում էր):

2. Մի բան ուտել, մինչեւ ջուրը տաքանա:

3. Գլուխ լվալ. չորս րոպե (սրբվելով հանդերձ):

4. Սափրվել. երկու րոպե:

5. Ոտքերս լվալ, եղունգներ կտրել եւ այլն. երեք րոպե:

6. Հագնվել, ատամները մաքրել, սանրվել. հինգ րոպե:

7. Էլի մի բան ուտել. հինգ րոպե:

8. Ճանապարհըՙ տասներկու րոպե (եթե հարկ լիներ, ավելի շուտ կհասնեի):

Սկսել էի ուղիղ իննին, այս գործողությունները պահանջում էին երեսունչորս րոպե, եւս մի քանի րոպե տրամադրեցի ուտելուն, իսկ մնացած ժամանակն անձեռնմխելի էր, որը պիտի անցկացնեի ակումբի մոտ, դիտելով, հոգնելով, իբր ձանձրանում եմ մտնելուց առաջ:

Երբ կազմ ու պատրաստ վերադարձա խոհանոց, մերոնք նոր-նոր սեղան էին նստում, Կամոն, գրեթե անճանաչելի, այնպես ուռած էին այտերը, պզզալով դուրս նետվեց ձեռք ու ոտքով ինչ-որ բան արտահայտելով, եւ դեռ մի բութը շարունակում էր գործել...

- Զգույշ կլինեք, Արամ ջան,- ասաց Ոսկանը,- դեսուդեն չընկնեք...

Ահա թե ինչ էր ուզում հասկացնել Կամոն:

- Գնացի՞նք,- հարցրեց նա ներս ընկնելով:

Այդ տղան անտարակույս ինձ չէր զիջում արագությամբ, մեկուկես րոպեում ոչ միայն փոխել էր շորերը, այլեւ խոսելու ունակությունն էր վերստացել:

- Շուտ է,- ասացի մտածելով, թե ինչպես ազատվեմ նրանից:

Խաթարված հաճույքը նույնիսկ տհաճության է վերածվում, իսկ Կամոյի ընկերակցությունը հենց այդ խաթարումն էր: Խուսափելու միակ ձեւը չգնալն էր, բայց մեկ էլ եսիմ երբ առիթ լիներ, եւ համակերպվելով (իսկ համակերպումը միշտ նպաստում է ախորժակին) ամենայն արագությամբ շարունակեցի թեւավոր ապագայի խժռումը: Յոթական ձու կերանք ես ու Կամոն: Փայլակը սեփական պահանջները մոռացած պլշած աչքերով մեզ էր նայում: Արդեն կշտացել էի, բայց ի հեճուկս նրա պահածո բացեցի:

- Ըհը,- գլխով արեց Կամոն օրինակիս հետեւելով:

- Խառնեցիք իրար, կթունավորվեք,- ասաց Փայլակը:

- Թունավորվելն ի՞նչ է,- հարցրեց Կամոն:

- Սրանց ստամոքսը բետոն լցնես, կմարսեն,- խրախուսաբար ժպտաց Սաքոն:

Վերջացնելուց հետո արագորեն մաքրեցի դիմացս, այս անգամ նույնպես Կամոն հետ չմնաց, հաց ու պանիր վերցնելով վեր կացանք:

Ոսկանը մի անգամ եւս զգուշացրեց, դուրս եկանք:

- Ես արագ եմ քայլում,- ասացի Կամոյին:

- Ինձնից արա՞գ...

Մի՞թե նրա տարիքում ես էլ այդքան մեծամիտ էի:

- Էդ գ...ը ի՞նչ էր ուզում քեզնից,- Վարդանին նկատի ուներ:

Կամոն, ինչպես Երեւանի գրեթե բոլոր պատանիները, ժարգոնային շեշտադրությամբ էր խոսում:

- Մի ծռմռի բառերը,- ասացի:

- Ո՞նց եմ ծռմռում,- զարմացավ նա չհասկանալով, թե ծռելն ու մռելն ինչ կապ ունեն բառերի հետ:

- Գողավարի ես խոսում:

Նա փչեց ամբարտավանորեն:

- Կամո,- ասացի կանգ առնելով,- ուզո՞ւմ ես, որ միասին կինո գնանք:

- Հա:

- Ուրեմն փոխի խոսելուդ ձեւը:

- Լավ, ես էլ քեզ ծխել պիտի սովորեցնեմ,- եւ մի տուփ «Էրեբունի» տվեց ինձ:

Հինգ հոգու համար կինոնկարը չցուցադրեցին, մտանք այգի:

Դեռ օրալույս էր (Սաքոն հիմա ինքն իրեն կերավ), ամպամածության չափ մթագնած երկինքը ծառերին հակված լիզում էր հոծ սաղարթները, որոնց մեջ անթիվ ագռավներ էին խլվլում մայրական ստիպումից խուսափելով, թե շուտ է, հիմա կպարեն. մի քիչ նայենք վերեւից...

Պարի տաղավարում լարեր էին քաշում, կարուսելն էր պտտվում աղջիկների քմահաճույքով, ձայներ էին հնչում քողարկված նստարաններից, Կամոն խառնվեց ֆուտբոլ խաղացող մատնաչափիկներին, նրան վժժոցով քշեցին, ապա դդըլբը-շխկուդխկի նախերգանքը ազդարարեց Դիվինոյի շաբաթերեկոյի սկիզբը:

Տոմսավաճառ կնոջ հետ կատակներ փոխարինող Թենգիզը դիմավորեց մեզ.

- Ողջույն, հայրենակից... Սա ո՞վ է:

- Նորեկ է,- ասացի:

- Նո՞ր ես եկել... Բարեւ, բիճո, հայկական սիգարետ բերե՞լ ես:

Կամոն, ըստ երեւույթին գրպանները լի էին «Էրեբունու» կանաչ տուփերով, մեկն էլ Թենգիզին տվեց:

- Շնորհակալություն, բիճո,- ուրախացավ նա,- ռուսերեն գիտե՞ս:

- Հասկանում է,- ասացի ես,- դժվարանում է խոսել:

- Նկատի կունենամ,- ժպտաց Թենգիզը:

Թե ինչպես նկատի ունեցավ, քիչ անց իմացանք: Նստած նայում էինք պարողներին (քույրերը չկային), քսանհինգ, գուցե եւ երեսուն տարեկան մի կին, երկար շրջազգեստով, փոքր-ինչ կուզիկ, փոքր-ինչ մաշված, բայց ոչ կորամեջք, այլ բարեկազմ ու միանգամայն դուրեկան, հարցրեց.

- Կարելի՞ է այստեղ նստել:

- Խնդրեմ,- թեթեւակի բարձրանալով ասացի ես, քանի որ իմ կողքի տեղն էր թափուր:

- Շնորհակալություն,- նա հայացքը չհեռացնելով հասկանալի դարձրեց, որ միայն տեղավորվելը չէր նպատակը,- ես Ձեզ ռուսերեն եմ սովորեցնելու,- ժպտաց կինը զննելով ինձ:

Երբեմն դժվար է քայլ գտնելը:

- Դուք ամենեւի՞ն չեք խոսում ռուսերեն,- փսփսաց կինը:

- Ես ռուսերեն խոսում եմ ավելի լավ, քան գերմաներեն:

- Իսկ գերմաներե՞ն,- զարմացած հարցրեց նա:

- Գերմաներենՙ ավելի լավ, քան բուլղարերեն:

- Իսկ բուլղարերե՞ն:

- Բուլղարերենս գերազանցում է իսպաներենին:

- Իսկ իսպաներե՞ն:

- Ահա, հենց սկզբից պիտի հարցնեիքՙ Դուք ամենեւի՞ն չգիտեք իսպաներեն:

- Իսպաներե՞ն...

- Ճիշտ այնչափ, ինչքան պորտուգալերեն:

- Հիմա հետ գնանք,- ծիծաղեց նա,- եթե երկու լեզու գիտեք ճիշտ նույնչափ, ուրեմն երկուսն էլ չգիտեք ամենեւին, մի քիչ բուլղարերեն գիտեք, քիչ ավելի լավՙ գերմաներեն, եւ բավականաչափ, ինչպես արդեն համոզվեցի, ռուսերեն... Նշանակում է, կամ ինձ խաբել են, կամ ուրիշի եմ մոտեցել...

- Արագ հաշվարկ էր, շախմատի՞ստ եք...

- Ոչ... հաշվիչ կենտրոնում եմ աշխատում:

- Կա՞ այստեղ նման կենտրոն:

- Կա, եթե աշխատում եմ:

- Ի՞նչ եք հաշվում:

- Թե տարեկան քանի վրացի է գալիս:

- Ես, ի գիտություն, հայ եմ:

- Օ՜, հայերը շատ են...

- Դուք Թենգիզի խնդրանքո՞վ եք մոտեցել մեզ:

- Այո,- ժպտաց նա:

- Աշակերտը ես չեմ, ընկերս է:

- Բայց նա շեկ է...

- Բոլոր հայերը սեւահե՞ր են...

- Եվ փոքր, երեւի դեռ չի սափրվում:

Կամոն անհանգիստ շարժվեց:

- Բայց Դուք նրան լեզու եք դասավանդելու:

- Իրոք,- ժպտաց կինը,- մոռացել էի:

- Հետն ի՞նչ խոսեմ,- հուզված շշնջաց Կամոն:

- Այդ մասին ինքը կմտածի,- եւ ռուսերեն ավելացրի,- խնդրեմ, զավակներս, դասն սկսված է, այս պայմաններում ամենադժվար լեզուն կարելի է սովորել մի երեկոյում:

- Աշակերտից է կախված,- ասաց կինը վեր կենալով,- բայց նա չի համարձակվում:

- Գնա,- արմունկով բզեցի Կամոյին:

Կամոն խոր շունչ քաշեց ու ոտքի ելավ:

Ծաղկուն ժամն էր տաղավարում, պարում էին խռնված, իրար քսվելով, պարում էին գրկված, թռվռալով, ով ինչպես կամենար, ոտքեր էին տրորվում, օ՜, ինչ փույթ, զույգեր էին բախվում, նորե՜ն համեցեք, շենշող բարեկազմությունն էր անհոգ հմայքների, տենչերի ու շրշյունների խառնապտույտում... Իսկ դու շախմատդ խաղա, զրույցները վերածելով քայլ ու պատասխանի, իբր փորձված ես, վայելած եւ ըստ այդմՙ սանձարձակ...

Զգեստափոխված ավագ լեյտենանտը, նոր աղջիկը թեւին փարված եւ Ինան որպես սիրահար զույգի պահապան (Նինային հավանաբար թողել էին գործ անելու) տաղավար մտան:

- Ողջո՜ւյն, Սաշա,- երգի բառերի հետ երգեց շիկահեր, չորչորուկ աղջիկը:

Ինայի եղբայրը ձեռքով արեց, տղաներն ու աղջիկները, որոնց ղժղժալու առիթ էր պետք, վանկարկելով միացան երգչուհուն, եւ նվագախումբը ամենայն եռանդով արձագանքեց:

- Երջանկության պար,- հայտարարեց երգչուհին,- պարում են նորապսակները, վա՜լս...

Պարողները հետ քաշվեցին, Սաշան ու կինը առաջացան հանդիսավոր, դանդաղասահ, բայց եւ ծիծաղկուն, այս արարողությանը ավելի կատակով վերաբերվելով, քան ակնածանքով, եւս մի զույգ ասպարեզ եկավ, ըստ երեւույթին նույնպես երջանկության հավակնորդներ:

- Երջանկությունը միայն նրա՞նց,- զրնգուն գոչեց մի աղջիկ,- ես էլ եմ ուզում երջանկանալ,- եւ լամպով հրապուրված թիթեռնիկի պես, ճերմակազգեստ, հերարձակ, ձեռքերը տարածած, զույգերի շուրջը պտտվեց:

Եթե պարել իմանայի, եթե...

Մի տղա, որին եթեները չէին կաշկանդում, ձեռքերը պարզած սպասեց աղջկան, վերջինս բախվեց նրան (կամ փարվեց), ահավասիկ, խնդրեմ, սիրո սկիզբը «Մոսֆիլմի» ոճով...

- Երջանկության պար, պարում են բոլորը,- խռովությանը ենթարկվեց երգչուհին:

Չէ՞ որ ես նույնպես երջանկության իրավունք ունեմ, ճակատի՞ս են գրված անկյունի մութը եւ զվարճացող երեխաներին դիտող անտարբեր ծերուկի դիմակը, լողալ չիմանալով Նեմիսի խորքերը հասա Ինայի հետեւից, իսկ այստեղ ի՞նչ է սպառնում ինձ, շատ-շատ մերժում կամ թուքումուր եւ ապաշնորհ տղայի անուն... Ճակատագիր է, ասացի տեսնելով, որ պարողներից հետ մղված Ինան այս կողմ է եկել, բարենպաստ քամի, ինչ լինելու է, թող լինի... Ափսոս, փողկապ չէի կապել...

Ինան կողքանց նայեց ինձ:

- Բարեւում եմ փրկարարիս,- խոսեց մի հոգի իմ ներսից:

Մի ակնարկ, մի ժպիտ, ընդառաջի հյուլե խաժ աչքերում, եւ ես կգրկեի նրան, մի պատասխան հակառակ բնույթի, գոռոզաշուրթ քմծիծաղ, մի կաթիլ քամահրանք, եւ հո՛պ, մնաս բարով, իմ խատուտիկ, պուտպուտիկ, պուտպուտուրիկ...

- Բարեւ,- ասաց նա այնպիսի ձայնով, որ չգիտեիՙ գրկե՞մ, թե «հոպը» գործողության մեջ դնեմ:

- Պարե՞նք,- շարունակեց այն անձը:

- Կրկի՞ն անձնազոհություն,- քմծիծաղեց Ինան:

- Այո:

- Սովորե՞լ ես պարել:

- Կարեւոր չէ:

Խաղի մեջ էինք մտնում:

- Ոչ,- ասաց Ինան:

- Կարեւո՞ր է...

- Ոչ, չեմ պարում:

- Կսովորեցնեմ...

- Նաստյային է՞լ էիր խոստանում:

- Նաստյան ո՞վ է:

- Ընկերոջդ հետ է հիմա պարում:

- Ինչպես տեսնում ես, ընկերոջս հետ է պարում:

- Իսկ ի՞նչ էիք խոսում փսփսալով:

- Ո՞վ է բամբասել:

- Ինքս եմ տեսել:

-Տեսել ես դրսից... այսքան մարդկանց մեջ նկատել ես ինձ ուրիշի հետ խոսելիս... ուրեմն խանդում ես դու,- պոռթկուն հրճվանքով ասացի ես:

- Ե՞ս,- քրքջաց նա,- ես խանդե՞մ... Այ միջնադարյան բթամիտ պատանի...

Նա մոռացել էր, որ վիրավորանքը յուրահատուկ ռեակցիա է առաջացնում իմ ներսում, ձեռքերը բռնելով քաշեցի...

- Այ քեզ լկտիություն,- խուսափելով ասաց Ինան,- արյունը գլխի՞դ է խփել...

- Ինա, նա ուզում է քեզ բռնաբարե՞լ,- քիթը խոթեց մի աղջիկ,- միլիցիա կանչե՞մ...

- Մանկական սենյակի պետին է հարկավոր կանչել,- ասաց Ինան:

Աղջիկը խնդմնդալով հեռացավ:

Բոցը թղթի էր, մարեց մի փչելով, սպառված ու հանկարծահաս հոգնությամբ, որպիսին երբեք չէի զգացել ժամեր շարունակ շախմատ խաղալով կամ այստեղ, մեր գերծանր աշխատանքի ժամանակ: Կատարելապես անտարբեր, թե ինչ կմտածի Ինան, արդեն առանց խաղի, պատի տակ քաշվելով նստեցի, գրպանիս սիգարետի տուփը կպավ արմունկիս... եւ... Ինան նստեց կողքս...

- Ծխո՞ւմ ես,- ասաց նա:

- Այո,- այդպես ճիգով գետափին էի խոսում, փրկվելուց հետո,- հյուրասիրե՞մ...

- Հիմա չէ... եղբորս մոտ չեմ ուզում:

- Ա՜... եղբայր էլ ունես...

- Կռվել ես հետը, չե՞ս ճանաչում... Ինչո՞ւ էիր մեծամտացել:

- Կարեւոր չէ,- մռթմռթացի ես:

- Իսկ դու համառ չես... ես այն ժամանակ էլ զգացի, խեղդվում էիր առանց պայքարի... Մի՞թե այդպիսի տղամարդը կնոջը նեցուկ կլինի:

- Ես նեցուկ չեմ,- ասացի,- ոչ էլ հենակ:

- Ուրիշին նեցուկ լինելով դու ես ամրանում...

- Այն աղջկա ասածն անելով կդառնայի՞ համառ, նեցուկ...

- Այդպիսի բաները կարմրելով չեն ասում:

- Իսկ ինչպե՞ս... լկտիորե՞ն... հաճելի՞ է...

- Իրոք լկտիանում ես... Գիտե՞ս, դու անշուշտ խելացի տղա ես, զարգացած, բայց երեխա ես, ավելի ճիշտՙ տհաս...

- Զարգացած եւ տհա՞ս...

- Այո: Դու խոսում ես վարժ, պատասխաններդ արագ են, բայց կարծես դաս ես պատասխանում կամ դեր խաղում: Դու մորուքավոր պատանի ես,- ծիծաղեց Ինան,- դեն գցիր մորուքդ եւ մնա քո մանկական այտերով, հավատա, աղջիկն է ասում, այդպես ավելի դուրեկան կլինես:

- Ինչո՞ւ է աղջիկը մտահոգված:

- Որովհետեւ դու ինձ, այնուամենայնիվ, դուր ես գալիս:

- Այնուամենայնի՞վ...

Կամոն ու Նաստյան, որ անընդմեջ պարում էին, մոտեցան մեզ: Կամոն, ուսումնառությունն ակնհայտորեն սրտովն էր, աշխույժ էր ու անկաշկանդ:

- Եթե երիտասարդները պարելու փոխարեն խոսում են, նշանակում է այստեղ մի բան կա,- ասաց Նաստյան,- փոխե՞նք, Ինա...

- Փրկել եմ, որ փոխե՞մ,- ծիծաղով պատասխանեց Ինան:

- Ես ուզում եմ քեզնից փրկել նրան:

Կամոն հիմարաբար ժպտում էր:

- Ինքն ի՞նչ կարծիքի է,- շարունակեց Նաստյան:

- Նրա կարծիքը կարեւոր չէ,- ասաց Ինան,- նա կապված է ուխտով:

- Սիրո ստրո՞ւկ... սքանչելի է,- ծիծաղեց Նաստյան:

- Ո՛վ ասաց սիրո...

- Հապա ինչի՞...

- Գրական կերպարներ էինք վերլուծում, նա Ալյոշա Կարամազովն է, եսՙ Գրուշենկան...

- Մանկապարտեզից հետո գիրք չեմ կարդացել... Իսկ դու անցած տարի ես ավարտել, չէ՞: Էլ ինչի՞դ է պետք վերլուծությունը:

- Այնպես...

- Գնանք, գետափին վերլուծեք:

- Ոչ, ես տուն եմ գնալու,- ասաց Ինան:

- Իհարկե... վերլուծությունից մարդու քուն է տանում:

Նրանք դուրս եկան:

Ինայի հարսը մոտեցավ:

- Չե՞մ խանգարի,- ժպտադեմ ասաց նա:

- Դե սա մեր հարեւանությամբ աշխատող բանվորներից է,- ասաց Ինան,- ով Սաշայից օղին չէր վերցրել... Սաշան ո՞ւր է:

- Ընկերների հետ է:

- Ես գնում եմ,- ասացի կանգնելով:

- Ինչո՞ւ այդպես հանդիսավոր,- ծիծաղեց Ինան:

- Այդպես ստացվեց... Իմիջիայլոց, ես,- մի խումբ անցավ մեր ու պարողների արանքով, ստիպված նստեցի, բայց միայն նախադասությունն ավարտելու համար,- ես Ալյոշա Կարամազով չեմ, ոչ էլ Դուքՙ Գրուշենկա... Դուք նման եք Նաստասյա Ֆիլիպովնային...

- Ինչո՞ւ,- ժպտաց Ինան:

- Որովհետեւ... Գրուշենկան գիրուկ էր, իսկ Դուք նիհար եք:

- Նստիր,- ձեռքս բռնելով ասաց Ինան, հաշվի չառնելով, որ ես իրեն մեծարում եմ «Դուքով»,- եւս մի հարցի պատասխանիր ու գնա... Գրուշենկան, Նաստասյա Ֆիլիպովնան, ասացիր, Սոնյան, Կատյա Մասլովան... Պա՞րզ էՙ ով որ գրքից է...

- Այո:

- Ո՞ւմ կսիրեիր դու:

- Հարկավոր է ծխել,- ասացի:

- Ծխիր... Մտածելու ժամանակ էլ եմ տալիս... Իսկույն զգացվում է, որ սկսնակ ես:

Ես նրա պահանջը հիշելով մեկնեցի տուփը:

- Տալիս ես ի՞նձ:

- Այո... Ինչքան հասկացա, պատահաբար չասվեցին այդ անունները: Նախ եւ առաջ ես այդ խմբի մեջ Սոնյայի փոխարեն կմտցնեի Նատաշա Ռոստովային:

- Ինչո՞ւ:

- Սոնյայի տեղն այդ խմբում չէ: Եթե ինձ պարտադրեին սիրել անպայման այդ երկուսից մեկին, Նատաշային կամ Սոնյային, ապաՙ Սոնյային:

- Ուրեմնՙ Սոնյայի՞ն:

- Ոչ...

- Իսկ Ագլայայի՞ն,- հարցրեց հարսը:

- Ոչ... ես նրանից երեւի վախենայի...

- Ապուշն էլ էր վախենում,- քրթմնջաց Ինան:

- Ես կսիրեի Վերա Լեբեդեւային:

- Ո՞ւմ,- զարմացավ հարսը:

- Վերա Լեբեդեւային... Կա այդպիսի մի փոքրիկ, աննշմար աղջիկ, էջերի մեջ թաքնված...

- Բարի, քնքուշ, անուշիկ, հոգատար... եւ հիմար,- ասաց Ինան:

- Հարցերը վերջացա՞ն... Խնդրում եմ հայտնեք Ձեր ամուսնուն,- ասացի հարսին, որը հետաքրքրությամբ ինձ էր նայում,- եթե նա միտքը չի փոխել, ես պատրաստ եմ խաղալու:

- Կասեմ,- ժպտաց նա:

- Ցտեսություն:

- Ցտեսություն,- նա ասաց, Ինան ձայն չհանեց:

Տաղավարից դուրս գալով ծառերի մեջ մտա, որտեղ նստարանը բարեբախտաբար ազատ էր, եւ սպասեցի Կամոյին: Շուտով երաժշտությունը դադարեց, ցրվեցին: Հավանաբար հենց այդ լռությունը բերեց Նաստյային ու Կամոյին, եկան գետի կողմից ու տաղավարին չմոտենալով ծառուղի մտան: Բաժանվեցին մուտքի մոտ, Նաստյան ակումբի կողմը գնաց, Կամոնՙ ձախ: Մի քանի վայրկյանում հասա նրան:

- Չե՞ս գնացել,- ուրախ բացականչեց նա,-սիգարետ տուր...

- Չունեմ, տվեցի աղջիկներին:

- Ես էլ Նաստյային տվեցի,- ծիծաղեց Կամոն:

- Գետափի՞ն էիք:

- Հա:

- Ի՞նչ էիք անում:

-Գզում էի... նոր որ գնացինք, իրար կողքի նստած ջրին էինք նայում, մի բան ասաց, չհասկացա, մեկ էլ թռավ ընկավ գիրկս ու լեզուն մտցրեց բերանս...

Ծիծաղեցի:

- Հա՛... հորս արեւ... ծծերը բացեցի, ասացՙ կա՞թ ես ուզում...

- Հետո՞:

- Գցեցի տակս ու գզեցի... բայց չթողեց բոզը, ասում էՙ միանգամից չի կարելի...

- Իսկ դու փորձվա՞ծ ես, թե գլուխ ես գովում:

- Ե՞ս,- ծիծաղեց Կամոն,- Երեւանում ես հարեւանիս աղջկա հետ էի լողանում...

- Որտե՞ղ:

- Իրենց տանը:

- Տնեցիները գիտեին, չէ՞:

- Չես հավատո՞ւմ,- կրկին երդվեց Կամոն,- իրենց բաղնիքը մեր պատին էր կպած... Մարդու չասես, Արամ, հորս ականջը չընկնի: Ես նրան շուտվանից էի ձեռ գցում... Դասերից հետո իրենց տանը մարդ չէր լինում, իրար հետ էինք պարապում:

- Ձեր դասարանցի՞ էր:

- Հա, բայց ինքը գերազանցիկ էր... Ձենով կարդում էր, ես խաղում էի հետը, գլուխս բան չէր մտնում... ամորֆ մարմիններ,- ծիծաղեց Կամոն:

- Ի՞նչ:

- Դասն էր կարդում, ես պառկել էի գլուխս ոտքերին դրած... խալաթը կամաց-կամաց վերեւ էի քշում, գիրքը դեմ էր տվել աչքերին ու կարդում էր, իբր չի զգում ինչ եմ անում... Կարդում պրծնում էր, նորից էր կարդում, մի քանի անգամ կարդաց... Խալաթը հասցրի գրքին, ասացՙ ի՞նչ ես անում: Ասիՙ հեչ, դու կարդա... Ի՞նչ կարդամ, ասաց, շորերս հանեցիր... Հլը չեմ հանել, ասի ու քաշեցի խալաթը... Մի նեղ զեհ էր հագը, ուրիշ բան չկար... Ձենը գցեց, ճվճվաց, բայց պաչեցի թե չէ, ձենը կտրեց... Մյուս օրը դասի չեկավ, մի շաբաթ հետս չէր խոսում... Դպրոցում, փողոցում իրար չէինք մոտենում, քիթ ու մռութ էր անում, երբ ուրիշների մոտ խոսում էի հետը, բայց հենց տանը մենակ էր մնում, լուսամուտից ձեռքով էր անում... Ինչ ասես չէինք անում: Հենց մի նոր ձեւ իմանում էինք, փորձում էինք... Մարդ եկավ իրենց տուն, բարեկամի աղջիկը գյուղից, թշերը կարմիր, հաստ ու դոդոշ, մածուն խմելով պարապում էր տանը նստած...

- Կյանքը շարունակվեց բաղնիքո՞ւմ:

- Ըհը... Մտնում էր բաղնիք ու դուռը բաց թողնում, սողալով գնում էի... Մի անգամ ստուգեց լուսամուտից, թե հո չեմ երեւում սողալիս: Մերը ասում էրՙ մեր Նարինը ժամերով լողանում է... Բայց բաղնիքում լավ չէր:

- Քանի՞ տարեկան ես, Կամո:

- Տասնութի մեջ եմ:

- Հերդ ասում էրՙ նոր է ավարտել դպրոցը:

- Մի տարի մնացել եմ: Ո՞ւր է, ավտոն առնենք, անցնեմ մեր դպրոցի փողոցով, տրաքվեն դասատուները, տեսնենք ո՞վ է անգրագետ անասունը...

- Ո՞վ է ասել:

- Հայոցի ուսուցչուհին... Կյանքս կերել էր գրավորներով, Նարինն էլ չէր թողնում մոտը նստեի, որ արտագրեի... Դու ի՞նչ էիր խոսում էն պեպենոտ աղջկա հետ:

- Գրքերի մասին էինք խոսում:

- Ախր գիտեմ, որ կարեւոր գործերը թողած ստից բաների մասին կխոսեք...

- Լուսամուտները մութ են... քնել են...

- Բա էս ժամին քնած կլինեն:

Որոշակի մեծամտություն էի նկատում նրա խոսքերի մեջ, համբերում էի, մինչեւ պարզեիՙ արժե՞ր նրա հետ ընկերություն անել...

Սովորական գիշերային ծանր օդն էր սենյակում: Կամոն մագլցեց վերեւ, Շուլան ձեռքը երկարել էր մեր արանքի աթոռի վրա ու քնել էր համարյա գլուխը կախ գցած: Կախեցի շորերս սավանի տակ եւ պառկեցի չմոռանալով նախապես ստուգել մահճակալի անձեռնմխելիությունը:

Ինան այսօր սիրալիր էր, ներել էր, մոռացել եւ կարծես դեմ չէր, որ մեր միջեւ, այնուամենայնիվ, մի բան լինի... Սակայն հիշեցրեց պայմանը, երբ Նաստյան կատակով, գուցե եւ լուրջ, սակարկում էր նրա հետ... Նաստյան եւ Նարինը... ինչո՞ւ խղճացի այդ աղջկան... Նախա՞նձ էր, խա՞նդ, ցա՞վ... խլվլաց, ծվծվաց, ձենը կտրեց... Նարինը դպրոցական սրճագույն զգեստով... Լուսիկն էլ էր այդպիսի շոր հագնում... Բարալիկ վիզը բոլորակ, ժանեկազարդ օձիքի մեջ, հուզաթաթավ աչքերով, գլուխը մի փոքր թեքած... Այդ լուսանկարը վերադարձրած գրքերից մեկի մեջ էր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.