AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5788, Տպվել է` 500, Ուղարկվել է էլ.փոստով` 228

ԽԱՉԱԳՈՂ 17

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կղզու մոտ էլի լողացողներ կային, իմ հայտնվելը կասկածի տեղիք չէր տալու: Ինայենք կղզու այս կողմում էին, նրան իսկույն գտա լողացողների մեջ, եղբոր ու մի քանի աղջկա հետ, Նինան դարձյալ չկար, փոքրիկին անխնա շահագործում էին: Հանվելով, գետափին հագնված երեւալՙ նույնն է, թե հրավերքին ներկայանալ լողազգեստով, ծխախոտ վառեցի, արդեն սեփական տուփ ունեի, բուլղարական «Օպալ», ու նստեցի ծառի տակ, «Վիլիսից» հեռու, այն ծառի տակ եւ այն տեղի դիմաց, որ ահազդու եւ հաճելի պահերը հիշեցրին: Այդտեղ նստելու համար քիչ հետո նկատողություն արեցին ինձ: Սպայի սիրտը չտարավ, որ կինն ու քույրը ինչ-որ մեկիՙ հենց այն հայ տղայի աչքերի առաջ մերկանան ջրից: Ի դեպ, նա փոխանակ առաջինը բարձրանալու եւ օգնելու աղջիկներին, ներքեւից էր հրում նրանց:

- Նստել է եւ չի մտածում ձեռք մեկնել,- ասաց Ինան ափ ելնելով:

- Վատ տեղ ես ընտրել,- ասաց ավագ լեյտենանտը դուրս չեկած:

- Այսի՞նքն:

- Չհասկացա՞ր:

Ինան ժպիտով սպասում էր պատասխանիս:

- Ներեցեք,- դիմեցի աղջիկներին ու փոխեցի տեղս:

- Դու չե՞ս վախենում այս տեղերից,- հարցրեց Ինան:

- Ինչո՞ւ վախենամ, երբ դու այստեղ ես:

Ավագ լեյտենանտը զարմանքով նայեց քրոջը:

- Մենք այստեղ հանդիպել ենք,- ասաց Ինան,- գետի հատակին...

- Հատակի՞ն,- ծիծաղեց հարսը:

- Այո, նա տիղմի մեջ մի բան էր կորցրել, եւ եթե ես չհասնեի, հավանաբար որոներ հավիտյան:

- Գտա՞վ:

- Չգիտեմ, իրեն հարցրու:

- Գտա եւ շուտով կորցրեցի,- ասացի:

- Նորից տիղմի մե՞ջ,- խնդաց Ինան:

- Այս խոսակցությունը վերծանման կարիք ունի,- ասաց եղբայրը:

- Ինչո՞ւ, ի՞նչն էր անհասկանալի:

- Անհասկանալի է, թե դու ինչ կապ կարող ես ունենալ սրա հետ:

- Կոպտում ես, եղբայրս, արդեն երկրորդ անգամ... եւ ոչ միայն նրան... դա քո աստղերը չի ավելացնի: Դու ի՞նչ իրավունքով ես այդպես վերաբերվում իմ ծանոթներին:

- Նույնիսկ ծանո՞թ եք:

- Մտածո՞ւմ ես, թե ինչ ես խոսում, եթե ծանոթ չլինեինք, ի՞նչ կապ կունենայինք:

- Սաշա, ինչպե՞ս չես ամաչում,- ամոթանքը լրացրեց կինը:

- Դուք հավանաբար ստիպեք ներողություն խնդրել... Աղջիկնե՜ր, բավական է,- ձայն տվեց նա լողացողներին,- դուրս եկեք, գնում ենք:

- Մի քիչ էլ մնանք, Սաշա, սիրելիս,- խնդրեց մեկը,- ջրի մեջ այնպես լա՜վ է...

- Կատարե՛լ հրամանը...

Ինան չհետեւեց նրան: Աղջիկները թաց-թաց «Վիլիսի» մեջ մտան:

- Ինա,- կանչեց ավագ լեյտենանտը, ապարդյուն, ավտոն կիսապտույտով մոտեցավ մեզ,- Ինա, քեզ ենք սպասում...

- Ես չեմ գալիս,- ասաց Ինան:

- Շորերդ կտանեմ...

Ինան ուսերը թոթվեց:

Ես, իբր այդ ամենը ինձ չի վերաբերում, ջրին էի նայում, «Վիլիսը» շարժվեց, Ինան մնաց: Քիչ հեռու ուրիշ աղջիկներ էլ կային:

- Շորերդ չտվե՞ց,- հարցրեցի:

- Գցել է այնտեղ:

- Ես կբերեմ:

- Թող մնա, լողանալու եմ հիմա,- նա պառկեց կրծքի վրա ու գլուխը թեքելով հարցրեց,- ի՞նչ ես կարծում, ինչու մնացի...

- Չկամեցար եղբորդ ենթարկվել:

- Ուրիշ ենթադրություն չունե՞ս:

- Չեմ համարձակվում...

- Եվ ճիշտ ես անում,- ծիծաղեց նա,- իսկական պատճառն ասե՞մ, չէի ուզում այս շոգ օրը հյուրերի հետ տանն անցկացնել... Իսկ դու ի՞նչ չէիր համարձակվում ենթադրել

- Եթե կռահել ես, ինչո՞ւ ես հարցնում:

- Տարօրինակ է, քեզ հետ ոչ մի կերպ սովորական խոսակցություն չի ստացվում, անպայման հարց ու պատասխան, կարծես թենիս ենք խաղում... Աղջիկներին զբաղեցնել չգիտես:

- Չի՞ կարելի հակառակն անել, որտե՞ղ է գրված, որ տղան է զբաղեցնելու աղջկան:

- Եղավ: Պառկիր, սիգարետն ու լուցկին չմոռանաս... ծխող աղջիկների մասին նույն կարծիքի՞ ես:

- Ասեմ այոՙ կթվամ համառ, ոչՙ կմտածես, որ հաճոյանում եմ: Ո՞րն ասել:

- Ինչ որ մտածում ես:

- Անկեղծ ասած, ծխող աղջիկների մասին որեւէ կարծիք չի եղել, այն ժամանակ պատահաբար ստացվեց, դու հարցն այնպես տվեցիր, որ պատասխանն ինքնին եկավ...

- Հակառակվելու համա՞ր:

- Գուցե... Համենայն դեպս, ինձ թվում է, որ ծխելուց աղջիկների շուրթերը չեն քաղցրանում:

- Օ՜, առաջադիմում ես... Դու երբեւէ փորձե՞լ ես շուրթերի համը:

- Պատահել է:

- Չեմ հավատում:

- Չե՞ս հավատում, մինչդեռ համոզված էի, որ անհրաժեշտության դեպքում ինքդ վկայություն կտաս:

- Ե՞ս...

- Քեզ չե՞մ համբուրել,- դողէրոցքի մեջ շշնջացի ես:

- Ջրի մե՞ջ... այդ ինչ համբույր էր, որ չեմ զգացել... Ես ծխում եմ, չէ՞, խոսքը մաքուր շուրթերի մասին է... Բայց դու, խեղճ տղա, վառվում ես ամբողջովին, քեզ հարկավոր է հովացնել... Բացի դրանից, խոստացել եմ լողալ սովորեցնել... Միգուցե վախենում ես...

- Ոչ, խեղդվելու դեմ իմունիտետ եմ ձեռք բերել:

- Հրաշալի է,- ծիծաղեց Ինան,- գնանք:

Ջուրը թշշաց, տժտժաց, բայց չհովացրեց:

- Մի՞թե դու ամենեւին լողալ չգիտես,- հարցրեց Ինան մինչեւ կուրծքը ջրի մեջ կանգնած:

- Ինչո՞ւ... ես երեք ձեւ գիտեմ:

- Որո՞նք են:

- Փոքր ժամանակ գորտալող էինք տալիս, այսպես...

- Դա մոտավորապես բրաս է:

- Իսկ սա՞:

- Չգիտեմ, առաջին անգամ եմ տեսնում: Երրորդը ցույց տուր:

- Երրորդին տիրապետում եմ կատարելապես, բայց համագործակցություն է պետք, դու գնա, քո հետեւից գամ...

- Մինչեւ աշխարհի ծա՞յրը...

- Մինչեւ գետի ծայրը կգամ:

- Դու մինչեւ կղզին արի:

- Կգամ:

- Պետք չէ,- լրջացավ Ինան,- բախտի հետ չեն խաղում:

- Ես չեմ խաղում, վստահ եմ, որ կհասնեմ:

- Իսկ եթե վախենաս...

- Իսկ եթե չվախեցա ու եկա՞...

- Ինքդ քեզ համար մրցանա՞կ ես սահմանում:

- Քո համաձայնությունը չանտեսելով:

- Իրոք առաջադիմել ես... Դե, մանչուկ, վիճակը գցված է: Զգուշացնում եմ, խեղդվեցիր, չեմ մոտենալու:

Ինան, վարպետությունն էր ցուցադրում, պառկեց ջրի երեսին այնպես, ինչպես ես կպառկեի գետնին, ծալեց ոտքերն ու ճկունորեն շարժվեց առաջ:

Մի վայրկյան իսկ չտատանվել, հրահանգեցի ինքս ինձ, հիմա կամ երբեք... Բուքսիրի ճոպանի պես ձգվեցի նրա հետեւից: Չգիտեմՙ բրաս էր, կրոլ, դելֆինալող, թե սիրալող, լողում էի...

- Այսքան հեշտ է եղել, չեմ իմացել,- պարծեցա ծառանալով,- կարող եմ նույնիսկ քայլել...

- Չխոսես,- զգուշացրեց Ինան,- սրան տես, նոր Քրիստոս է լույս ընկել:

Մի ումպ ջուրը, որի համին ծանոթ էի, խելոքացրեց ինձ, իսկ շուտով պարզ դարձավ, որ ոգեւորությունս ոչ միայն չափազանցված, այլեւ անհարկի էր: Կեսն էլ չէի անցել, անընդհատ աջ ու ձախ շրջվելուց աչքերս շաղվեցին, գլուխս պոկվում էր, առաջին վայրկյանների պատահաբար բռնած համաչափությունը վերածվում էր անմիտ չփչփոցի եւ, որը սոսկալի էր ու նույնպես ծանոթ, հուսալքման: Անցա գորտալողի, հանգիստ էր համեմատաբար, սակայն չափազանց դանդաղ էի առաջանում: Կղզին էլ այնքան հեռու էր... Դու համառ չես, Ինան էր ասում, կյանքի համար պետք է պայքարել, իսկ դու հեշտությամբ խեղդվում ես...

- Դիմանո՞ւմ ես,- հարցրեց Ինան:

Չպատասխանեցի, ամբողջ էությամբ տրվել էի չխեղդվելուն եւ ի վիճակի չէի տարբեր գործողություններ կատարելու: Ինան այլեւս հետ չնայելով լողաց արագորեն... լքեց անխիղճը... ես էի ու նենգ Նեմիսը, տղա ես, դիմացիր... Գալարուն մի բան փաթաթվեց ոտքիս, տագնապահար թպրտոցով ազատվեցի, օձն էր պակաս այդ պահին, բայց այստեղ, ասում են, օձ չկա... Ինան մոտենում էր կղզուն, իսկ ինձ դեռ շա՜տ կար... բայց ավելի քիչ, քան անցել էի... Եթե այսքան եկել էի, կարողանում էի լողալ...

Եվ հանկարծ ոտքս գետնին դիպավ: Փոքր-ինչ շունչ առնելով, քանի դեռ Ինան չէր սկսել քայլել սաղր տեղին հասնելով, «Ավազահանքերի գեներալները» կինոնկարի մեղեդին սուլելով եւ այլեւս չստուգելովՙ գետինն ինձ հե՞տ է արդյոք, թե պատահական ցցվածք էր, փրկության խութ, որին հաջորդում է նորից մարդակուլ խորխորատը, վարպետորեն եւ ծուլորեն լողացի դելֆինա-գորտա-սիրա եւ մնացած բոլոր տեսակների խառնալողով:

- Չե՞ս խեղդվել,- շրջվելով հարցրեց Ինան:

- Խեղդվել եմ...

- Ոգի՞դ է հառնել հատակի տիղմից:

- Այո, ջրահեղձի ոգին ջրե աչքերով...

- Դե գնա դարձյալ տիղմ ուտելու,- Ինան մի քար հանեց եւ շպրտեց,- չէ, ոգի չես... Ապրես, հույս չունեի, թե տեղ կհասնես:

Հույս չուներ եւ թողեց ինձ գետի մեջտեղում:

- Ափսոս, տարածությունը կարճ էր,- հոխորտացի,- քո հետեւից լողալով օվկիանոսն էլ կկտրեմ...

- Դե լավ, ձեւեր մի թափի, կեսից այս կողմ երեխան էլ չի խեղդվի:

Կեսի՞ց... ուրեմն այնտեղ, երբ մազ էր մնացել, որ խեղդվեի, նո՞ւյնպես կարելի էր կանգնել:

- Դա վերացնո՞ւմ է պարգեւը:

- Ոչ թե պարգեւը, այլ մրցանակը, հաշվի առ, պարգեւի հույս չունենաս:

- Մրցանակն ի՞նչ է:

- Այստեղ մի փտած արմատ կամ թռչնաբույն կգտնենք...

- Առաջին կղզին է, որտեղ ոտք եմ դնում,- ասացի ցամաք ելնելով,- անուն չունի՞...

- Կաշալոտ... Երեք տարեկան կաշալոտ է, առաջ այստեղ ծանծաղուտ էր:

- Ջուրն այդքան նվազե՞լ է:

- Ոչ, վերեւում կիսեցին գետը:

- Այն ժամանակ է՞լ էիք այստեղ լողանում:

- Կաշալոտի ծնվելուց հետո սկսեցինք գալ:

- Լավ տեղ է, եւ ավազն է լավ, իսկական սվաղի ավազ է:

- Օ՛հ, շինարարը խոսեց... արի, դեղին ավազ ցույց տամ:

Մետրաչափ բույսերի միջով մտանք փոքրիկ բացատը, ափերից անտեսանելի, դեղնակարմիր, փայլուն ավազով, որի վրա կարծես երեխաներ էին խաղացել, թունելներ, ամրոցներ ու այլ կառույցներ էին երեւում:

- Մեր արեւահարվելու տեղն է,- ասաց Ինան պառկելով:

- Ավազը դեղին չէ, մազերիդ գույնին է:

- Մազերս ի՞նչ գույնի են:

- Ավազի:

- Շարունակիր... Ես սիրում եմ, երբ խոսում են, իսկ ես չեմ լսում:

- Դեմքդ արեւի տակ է, չի՞ ազդում...

- Հարցեր մի տուր, խոսիր... Քիչ այն կողմ տար...

- Արեւ՞ը...

- Ինձ:

- Քաշե՞մ,- տարակուսեցի:

- Էխ դո՜ւ,- Ինան ծիծաղելով գլորվեց:

Նա մի քանի րոպե պառկեց, բերանքսիվայր, գլուխը ստվերի մեջ, աչքերը փակ, մարմինը արեւին եւ աչքերիս հանձնած, իսկ ես չգիտեի ինչ անել:

Եթե մի շարժում, կես քայլ անեի կամ ծնկի իջնեի, կհայտնվեի նրա վերեւում, այդքան մոտ էր եւ մատչելի, անհավատալիորեն, մերկ, թաց, տափակած, ոսկեգույն դարձած մազերով, ծոծրակի եւ ուսերի պեպենները կլանած արեւայրուկով, որը նրան վերածել էր շեկ մուլատուհու, մարմնից միայն գույնով զատվող պարզ լողազգեստով, կապույտ, սպիտակ երիզով, իսկ մեջքին իրար կապված երկու ծոպեր էին ընդամենը, այդ լողազգեստն էր խեղդվելուս պահի վերջին պատկերներից մեկը, մնացած ամբողջ աշխարհից առանձնացած, այս կախարդական կղզում...

- Ինչո՞ւ կանգնած մնացիր,- հարցրեց:

Ծնկի եկա ու ձեռքերս մտցրեցի ավազի մեջ:

- Տաք է, չէ՞:

- Այո, այս բացատին նույնպես կարելի է անուն տալ. թավա, կածանը պոչն է...

- Մենքՙ տապակվող ձկնիկներ:

- Այո, վառո՞ւմ է:

- Վառում է... ծածկիր ինձ ավազով,- պահանջեց:

Ձեռքերս միացրի ու դռդռացնելով, իբր բուլդոզեր եմ, քշեցի ավազը նրա վրա, մյուս կողմից նույնպես, եղունգի ծայրով իսկ չդիպչելով նրան:

- Ինչքա՞ն կդիմանաս այս բարուրի մեջ:

- Դու նաեւ մանկաբա՞րձ ես:

- Այո:

- Բազմակողմանի զարգացած տղա ես, ժուռնալիստ, շախմատիստ, շինարար, մանկաբարձ, շուրթերի մասնագետ...

- Ես ոչ մեկը չեմ:

- Բացառությամբ վերջինի՞:

- Հատկապես վերջինը չեմ:

- Հապա ո՞վ ես դու:

- Չգիտեմ:

- Աստված իմ, ինչքան ծիծաղելի ես,- քրքջալով նստեց Ինան,- դե, գնանք...

- Ո՞ւր:

- Տուն:

- Ինչո՞ւ:

- Մեծանաս կհասկանաս:

- Ա՜... կարծես գլխի եմ ընկնում,- ասացի նույնպես կանգնելով,- շնորհակալ եմ, որ օգնեցիր:

- Գնացի՞նք,- քմծիծաղեց նա:

- Ոչ:

- Մնում ես այստե՞ղ:

- Այո... քեզ հետ...

Հաղորդալար բռնող մարդու պես, որը չգիտիՙ լարի մեջ հոսանք կա՞, թե ոչ, գրկեցի նրան, բայց ծիծաղն ու մեջքի ճկուն փախսը մնացին գրկիս մեջ, խույս տալով վազեց, թերեւս ոչ այնքան արագ, կածանի մոտ հասա, հիմա էլ չէր ուզում շրջվել, արմունկն էր դեմ տալիս, ուսը, մի անգամ քիթը, եւ համառորեն, քմահաճորեն, ինչպես արդեն եղել էր, շո՜ւտ, երազիս, խուսափում էր համբույրից... Գրկախառնված ընկանք ավազի վրա եւ, Ինան, օ՜, ուժեղ էր, թփերի մեջ գլորվեցինք: Կամակոր օձաձկան եւ բռի գայլաձկան գոտեմարտում քաշերի տարբերությունն ի վերջո իր խոսքն ասելու էր: Կաշկանդելով նրան մայր հողի օժանդակությամբՙ համբուրեցի քիթը, կզակը, բերանի անկյունը եւ վերջապես, իմ ջանքերո՞վ, թե՞ իր հոժարությամբ, շուրթերը... Առաջինըՙ հպանցիկ, երեսանց, երկրորդըՙ հայտ, բռնությունը դարձավ գգվանք, վարանոտ, ձերբազատվող, մաքառումըՙ կիսաբաց շուրթերի դողդոջուն սպասում եւ սիրաշահ մաշկի աղվամազի պես նկատելի հուզում, տղայաբար պայքարող մարմինների կոշտությունըՙ փափուկ հալոցք, երրորդըՙ վերջինը, քանզի կտրվելու միտք չունեի, ազատ անկում... Կա նաեւ անհայտ անկում, այդ պահին իմացա, երբ, անհասկանալի էՙ ինչու եւ ինչպես, չոր գետնին հայտնվեցի...

Ինան մրմունջ ժպիտը շուրթերին ինձ էր նայում:

- Արի,- շշնջաց:

Ենթադրելով, որ կոպտության համար պատժեց (եւ ապացուցեցՙ հեշտությամբ կարող է պաշտպանվել), պարկեշտորեն ու քնքշանքով գրկեցի... Պարկեշտությունը ցնդեց... ջրից դուրս լողալու մի շարժումով փաթաթվեց ինձ, գրկվեց, իսկ ես զարմանալի երկատմամբ կամ ընկալման շփոթով, կարծես միաժամանակ ե՛ւ մազերն էի շոյում, խիտ ու առաձգական, ե՛ւ մեջքը, տաք ու խլվլան, թիկունքի նուրբ ոսկորները խաղացկուն, կպա շուրթերին չհավատալով, որ ես եմ իրոք եւ այս պահն է, կոպտաքնքուշ սիրո, խեղդված ձայների, թարմության ու մաքրության բույրի, կառչուն մարմինների, տոչորանքի շիկացած պարույրի մեջ... Ի՜նչ անփորձություն եւ վարանում, երբ բնությունն է ճամփա հարթում տապկլտվող շուրթերի, ազատագրված ուռուցիկ ու ցնծուն խլրտոցների, խորքից քամվող հառաչանքի ու ընդառաջի հրայրքով... ցայտնոտային վայրասլաց պահի, խորքասասան խլիրտի ու միաձուլման գերապրումով... եւ այրացնում աստծո գառին միանգամից թռած ու տարիների կյանք տված ժամանակով, փափկած մազերի շոյանքով ու խոնջափայլ գետի շշուկով օծված, հատակին հասած քարի պես հանդարտ, կասկածը սրբող գաղտնի հպարտությամբ... Պայծառ օդի հատիկավոր մուժը, ջարդված ցողունի շեղ ստվերը սիրելի դեմքին, քրտինքի, որը նաեւ իմ քրտինքն էր, ասեղնափոշու մանրիկ ցանը, գրեթե փակ աչքերի մլմլացող հայացքը, օդի մեջ սեւ կետերՙ մլակները, մի ուրիշ կասկած, որը շատ ավելի շուտ էր ծագել եւ կասկած էր մնում լոկ հույսի շնորհիվ, այդ մլակների ու նրա աչքերի պես մլմլացող, հառնող-հանգչող, բայց ոչ տանջող եւ մտահոգող, որովհետեւ խանդի ժամանակը չէր, թեեւ պարզ էր, անհայտ հուշարարի թելադրանքով եւ ոչ թե ստուգված փորձով ու իմացությամբ... եւ անրջանքը, վերապրումը հենց նոր տեղի ունեցածի...

- Ո՞ղջ ես,- հարցրեց Ինան փարվելով ինձ,- մանչուկս խոսելու ուժ չունի՞... Աստված իմ, մե՜րկ մերկ եմ, եթե հանկարծ որեւէ մեկը գա...

- Ներողություն խնդրելով հետ կդառնա,- ասացի ձայնս չճանաչելով:

- Ներողություն պետք չէ, թող անձայն գնա... նեղո՞ւմ եմ քեզ...

- Ես ամբողջությամբ քո տրամադրության եւ քո տակ եմ:

- Շնորհակալ եմ, կեսդ բավական է... Ես ծա՞նր եմ:

- Թեթեւ՜...

- Անկշի՞ռ:

- Ըհը:

- Սիրո՞ւմ ես ինձ:

- Իհարկե:

- Իհարկե ո՞չ:

- Իհարկե այո:

- Վերա Լեբեդեւային չե՞ս սիրում:

- Չէ:

- Ստախոս,- համբույրով,- ուզում ես քնե՞լ:

- Ինչո՞ւ...

- Հապա ինչո՞ւ չես գրկում ինձ:

- Պետք է գրկե՞լ, խնդրեմ:

- Ռոբոտիկ,- կամացուկ ծիծաղեց նա այտը երեսիս հպելով:

Միառժամանակ մնացինք այդպես, սիրտ սրտի, շունչ շնչի, մեկմեկու երես ծածկելով արեւից, թմրած, ընդարմացած, խոնջանքի ու արթմնի երազի, անթեղված կրքի մարմանդ վայելքով... Ուսի վրայից տեսնում էի մեջքի նեղլիկ ու նուրբ հունը, լողազգեստի սպիտակ հետքը, որն արեւառության վրա ցուցադրում էր մարմնի բնական գույնը, նրբագեղ ոտքերը, կրունկը կապող կյանքի ջիղը, ձեռքերս շոյում էին նրան, շոյում էի նրան մտովի, համբուրում էի, հպում էի շուրթերս մազերին, այտին, պարանոցին, եւ նրա մաշկը պատասխանում էր, համբուրվում էր...

Ես այնպիսի բան հիշեցի, որ անկարող էի ծիծաղս զսպել:

- Ինչո՞ւ ծիծաղեցիր,- իսկույն հարցրեց Ինան:

- Ասե՞մ:

- Անպայման:

- Մեր կուրսից մի տղա իրեն դուր եկած աղջիկների մասին խոսելիս, երբ սրտի ցանկությունն էր հայտնում, միշտ ավելացնում էրՙ ա՜խ, ջրից հեռու մի տեղ ձեռս ընկնես... Եվ հիմա հանկարծ մտքովս անցավ. ինչո՞ւ ջրից հեռու, երբ ջրի մոտ շատ լավ է...

- Տես,- մազերս քաշեց Ինան,- ինչպես փչացավ համեստ պատանին... Այ թե ինչի մասին են խոսում տղաները, պատմում են, պարծենում են... Դու է՞լ ես պարծենալու:

- Իհարկե:

- Չհամարձակվես, լսո՞ւմ ես, երբեք չանես...

- Իհարկե, երբեք, կատակեցի:

- Խոստացիր, երդվիր այն աղջկա անունով, ում սիրել ես:

- Քո՞:

- Կեղծավոր, այն սեւուկ աղջկա...

- Նա սեւուկ չէ:

- Շեկլի՞կ է:

- Շեկլիկ էլ չէ:

- Անունն ի՞նչ է:

- Լուսիկ:

- Դե, պատմիր: Սիրե՞լ ես նրան:

- Այո:

- Հիմա սիրո՞ւմ ես:

- Այո:

- Իսկ ի՞նձ...

- Այո:

- Հիշեցիր, որ ռոբոտ ես, այո՞:

- Այո: Ի դեպ, մեր հարեւանների տանը ռոբոտ կար: Փոքր ընտանիք էր, հայր, աղջիկ, տղա: Աղջիկը գնաց Լենինգրադ, սովորելու, հայրը տղայի համար ռոբոտ բերեց, դայակ-դաստիարակ, տղային էր հետեւում եւ զանազան գործեր անում: Ռոբոտը նրանց տանը ընթերցանությամբ տարվեց, գիշերներ էր լուսացնում, եւ, չերկարացնեմ, ամեն մի գրքում սիրո մասին կարդալով, ժամադրություններ լուսնալույս բացատներում, խոստովանություններ, թաշկինակներ, պարահանդեսներ, համբույրներ...

- Ի՞նչ...

- Այո... շշուկներ, ինքը նույնպես տենչում է սեր եւ սրտի դիցուհի ընտրում բժշկի աղջկան... Հայրը բժիշկ էր: Արձակուրդին աղջիկը գալիս է տուն, մեր ռոբոտը սիրահարվում է մինչեւ վերջին պտուտակը: Առավոտները ծաղիկ է դնում լուսամուտին, սիրազեղ հայացքով... օ՜... ա՜խ, վա՜խ... ճաշերը դառնում են աղի կամ անալի, իսկ գիշերները բանաստեղծություններ ու նամակներ է գրում, որոնցից մեկն ի վերջո համարձակվում է կցել հերթական ծաղկեփնջին... Պաշտելի Լաուրա, այն օրից, ինչ հայտնվել եք Դուք, հանգիստ չունեմ, քուն չունեմ եւ այլն, աղաչում եմ, երեկոյան եղեք այգու նստարանի մոտ, եթե մի փոքր գութ եք զգում Ձեզ սիրող սրտի նկատմամբ... Եթե չգաք, ես չգիտեմ, թե ինչ կլինի... Զարմացած ու վախեցած Լաուրան գնում է հոր հետ եւ տարաբախտ սիրահարին գտնում անշնչացած, ծաղկեփունջը ձեռքի մեջ...

- Դժբախտ... Ես կգնայի մենակ ու ժամանակին, տեսնեի այդ ռոբոտը ինչ է անելու...

- Նա կպատառոտեր քեզ:

- Իսկ ես կխեղդեի նրան...

- Այսպե՞ս...

........................................................

- Մեր մյուս հարեւանների տղան կույր էր,- շունչ քաշեցի ես,- նույնպես սիրահարված Լաուրային, որին երբեք չէր տեսել, եւ տեսնում է երազում...

- Էլի պատմիր ձեր հարեւանների կյանքից, կարծես գտել եմ քեզ խոսեցնելու հնարը:

- Միգուցե հագնվես... այդ ագռավներն ու ճայերը չափից դուրս հետաքրքրասեր են:

Ինան, մերկությունը մասնատած երկու կապույտ ծվեններով, որոնք բարեբախտաբար, ինչպես եւ ես, անվնաս էին մնացել քրքրման սիմֆոնիայի ժամանակ, պառկեց նույն դիրքով, եւ մենք շարունակեցինք հետզհետե նոր ուժ ծնող գուրգուրանքը...

- Խոսիր,- ասաց նա,- ձայնդ շատ հաճելի է, գիտե՞ս... Պատմիր ինչ ուզում ես...

- Մեր հարեւաններից ամենանշանավորը Գիրուկ Տիկինն էր, այդպես էին անվանում նրան, Գիրուկ Տիկին, մկանուտ, շիկամազ, տաքսու վարորդ... Հայտարարություն լսելով, թե գեղեցկության պալատում նոր բաժին է բացվել, որտեղ էլեկտրոնային սարքը որոշում է ամենաճիշտ սանրվածքը դեմքին, կազմվածքին ու հայացքին համապատասխան, փորձում է բախտը... Մեքենան նրան խորհուրդ է տալիս... սափրել գլուխը:

- Սափրո՞ւմ է:

- Նա այդտեղ կռիվ է գցում, ծեծում է բաժնի աշխատողներին, գեղեցիկ աղջիկներին հմայիչ սանրվածքներով, բայց ջղայնության մեջ իրեն էլ է վնասում, ապակու բեկորները ծակծկում են գլուխը, տանում են նրան հիվանդանոց եւ կտրում մազերը:

- Դա պատմվածքի է նման... Հարեւաններիդ կյանքն ես պատմում, հա՞, թե՞ քո ստեղծագործությունները... սիրահարված ռոբո՜տ, կո՜ւյր... պաշտելի՜ Լաուրա... իսկ գուցե Լուսիկ, հը՞...

- Գուցե եւ Լուսիկ:

- Իսկ իմ մասին գրելո՞ւ ես:

- Անպայման:

- Ի՞նչ ես գրելու:

- Թե ինչպես չքնաղ աղջիկը փրկեց ինձ եւ ոչ միայն կյանք, այլեւ երջանկություն պարգեւեց:

- Սքանչելի է, անունս չփոխես:

- Բայց դու պահանջում էիր ոչ մեկին չպատմել:

- Գրածին ով կհավատա, կասենՙ հորինե՜լ է:

- Ազատությո՞ւն ես տալիս:

- Չափի ու պատշաճության սահմաններում, կգրեսՙ ես համբուրեցի նրա աչքերը, ամոթխած աղջիկը թարթիչները խոնարհելով շիկնեց:

- Սիրո եւ գրականության մեջ հողաչափությունը տեղ չունի,- մեծամտորեն ասացի ես,- գրելու եմ եղածը:

Ինան կանգնեց,- ձայներ չեն լսվում, ոչ ոք չի մնացել հավանաբար, շորերը տարած չլինե՞ն:

- Ավելի լավ, կմնանք այստեղ:

- Արեւը հիմա կմտնի, արի անցնենք:

- Ո՞ւր,- վեր թռա ես:

- Տուն չգնա՞նք,- միամիտ զարմանքով ասաց նա,- ի՞նչ ենք կորցրել այստեղ:

- Չես կորցրե՞լ,- մոտեցա եւ դողացող ձայնով, երբ գրկում էի նրան, շշնջացի նորից,- չես կորցրե՞լ...

Ինան դիմադրելով էր տեղի տալիս, կուրծքը հպվեց, ապա սեղմվեց, ազդրերի փափուկ դողն զգացի, ճկունորեն ամփոփվեց բարակ մեջքը, եւ նա խաղին վերջ տալով փաթաթվեց, գալարուն, վարարուն, սիրահոժար... Ո՛չ անթիվ համբույրներն էին եղել, ո՛չ քրքրման սիմֆոնիան, համբերությամբ, տվայտանքով այս պահին էինք սպասել... Կանգնած համբուրվելն իր համն ունի (Դիմովիչն էր ասում տաք օղու մասին), մյուսից վատ չէր, նույնիսկ գերազանցում էր ձեւային հմայքով... սքանչելիորեն էր գրկվում նա... թեեւ ի՞նչ ունեի համեմատելու. քաշքշուկներ ու մանկական համբույրներ դպրոցում, կիսատ-պռատ երեկո հանրակացարանում, սոսկ մխիթարություն, թե ես էլ ինչ-որ բան տեսել եմ, լսածը, կարդացածը, գիշերային ջղաձիգ ապրումները, բայց դե դրանք, նաեւ առաջինները, ծանծաղ պատկերացումներ էին տվել... եւ Լուսիկը... չդիմադրող, շիկնած, շփոթված, դեմքը կողքի պահած, մոր ձայնիցՙ Լո՜ւս, որտեղ ես, խուճապահար...

- Ոչ,- ազատվեց Ինան,- ինձ սպասում են:

Ես չհասկանալով մղվեցի նորից:

- Ինձ սպասում են... հյուրեր կան տանը:

- Ես էլ եմ քո հյուրը:

- Դու մտածիր, թե ոնց ես գետն անցնելու,- ծիծաղեց նա:

- Գե՞տը ...

- Կխեղդվես, անմիտ:

- Ես երկու անգամ համարյա խեղդվել եմ հանուն քեզ եւ միշտ կհամաձայնեմ նույն պայմանով...

- Համարյայով կհամաձայնես, իհարկե:

- Եվ առանց համարյայի...

- Դե, դե,- ծիծաղելով ձեռքերը պատվարեց նա,- որոշ բաներ մոռացել եսՙ ենթարկվել, չհակաճառել...

- Մոռացել եմ եւ չեմ հիշելու...

- Եթե խնդրե՞մ,- ձեռքերիս մեջ ժպտաց Ինան:

- Բայց ինչո՞ւ:

- Եթե խնդրե՞մ,- կրկնեց նա:

- Իզուր չի ասված, որ կանայք լիակատար հաղթանակի հասան մայրիշխանության վերացումից հետո,- դժգոհ երեխայի պես մռթմռթացի ես:

- Իսկ տղամարդիկ հաղթում են վեհանձնությամբ,- բացականչեց նա դեպի ջուրը գնալով,- մեկընդմիշտ հիշիր, սա իմ խորհուրդն է, տղամարդկանց սիրում են ոչ թե ուժի կամ տաղանդի, այլ բնավորության համար...

- Շնորհակալություն,- նրա հետեւից ջուրը մտա,- ես, դժբախտաբար, վեհանձն ասպետ չեմ... Հնարավո՞ր է խորհրդով կամ սեփական ցանկությամբ փոխել բնավորությունը:

- Դու, հուսով եմ, դրա կարիքը չունես:

- Եթե չունեմ, ինչո՞ւ էիր խորհուրդ տալիս:

- Թենիսն սկսվե՞ց:

- Այո:

- Գիտե՞ս ինչու,- բերանը ջրի երեսին պահելով ասաց նա,- ես ուզում եմ, որ սիրեն քեզ, հետո, ձեզ մոտ, իսկ այստե՛ղ,- բարձրացրեց ձայնը սպառնալից,- դես ու չեն չընկնես, դու ինձ դեռ չես ճանաչում:

-Դու էլ ինձ չես ճանաչում, գիտե՞ս...

Ինան թողեց, որ քիչ մոտենամ իրեն, ու նոր լողացՙ անընդհատ նույն տարածությունը պահպանելով:

- Այդպես,- խրախուսեց նա,- հանգիստ, համաչափ, շունչ քաշելիս ձգվիր վերեւ ու առաջ...

Հետապնդումն արդյունք չտվեց, իզուր էին ջանքերս, իզուր էր նաեւ Ինայի անհանգստությունը (եւ հուզիչ), Նեմիսը, մեր սիրո վկան, թե՞ միջնորդը, նկատելիորեն փոխել էր վերաբերմունքը եւ հոգատարությամբ մաքրագործելով, անարեւ օդից պղտորափայլ, բայց տաք ու հուսալի, զեփյուռից թեթեւակի ուռճացած ալյակների գուրգուրանքով տանում էր մեզ ափ... Նա միակ վկան չէր, «Օպալի» տուփին, որն անփութորեն գցել էի շորերիս վրա, եւ որի մեջ երկու սիգարետ էին թողել, գրված էր. «Շնորհակալություն, Ինա», ապացույց, որ ոմանք տեսել են կամ գլխի ընկել, գիտեն... Եվ գրիչսՙ տուփի վրա:

- Անպիտաններ,- ծիծաղեց Ինան պպզելով,- գոնե այս երկուսը թողել են... թաց մատներով չհանես, հետո կծխենք,- նա սրթսրթաց ու գրկեց ինքն իրեն:

- Մրսո՞ւմ ես,- հարցրեցի:

- Չէ, արդեն չէ, քո մաշկն է փշաքաղվել:

Արմունկներից բռնելով կանգնեցրի նրան:

- Ի՞նչ ես անում,- կկոցեց աչքերը, թե ժամանա՞կ գտար:

Վերնաշապկով սրբեցի դեմքը, ժպտաց, ուսերը, իրանը, հմայվելով թաց, ողորկ ու ձիգ մաշկի հպումից, հնազանդությունից, ժպիտից, որ խաղում էր շուրթերին ու երկարուկ աչքերում, հեգնանք չէր, ոչ էլ փաղաքուշ զեղում, գուցե երկուսից քիչ-քիչ, երիզած հիմնականը, ճառագողը, նորը... մանկությանս երազանքն էր հառնել, երբ անգիտակցորեն տենչում էի խորությունը ծովի, կամ օդապարիկն էր քշվում քամուց, տեսնում էի նրա աչքերում, կայծկլտուն, զարմանքով, թերահավատությամբ ու զմայլանքով նայող աչքերում, որոնց գույնը երբեք չէի որոշել, որովհետեւ մի գույն եւ մի երանգ չէր, կամ մի գույն էր, միայն թե խառնուրդՙ կանաչի, ցանկության ու Նեմիսի ջրի, եռացող ձյութի պղպջակների պես ուռուցիկ բիբերով, որոնք կաթելու էին ուր որ է... Ինան չէր նա, ուրիշ աղջիկ էր, այն Ինան չէր, որ հեծանիվով մոտենում էր կանգառին, գետափին ու պարի տաղավարում հոգուս հետ խաղում, փրկում ու տանջում, նույնիսկ քիչ առաջվանը չէր, որ գործողություններս ղեկավարելով տղամարդկանց շարքը մտցրեց ինձ, ուրիշ էր նա, ոչ թե պահի անկրկնելիության բանաձեւով կամ հմայված աչքերի խաբկանքով, այլ նորի ծնունդով, սպասված, բայց հայտնությամբ անսպասելի, դանդաղ աճող, բայց ծաղկումով անակնկալ, անծանոթ, անանուն, բայց որոշակի, իրական, ինչպես իրական էր նա, թաց մաշկը, հպումը...

Նա էլ ինձ սրբեց, թեեւ ընդդիմացա, բայց նա ցանկանո՜ւմ էր, ասաց ժպտալով եւ իմ վերնաշապկով, որն արդեն թաց էր ու տրորված, սրբեց ուսերս ու կուրծքս, նույն ժպիտով, չարաճճի, քնքուշ, հեգնո՞ղ, գուցե ձեռ էր առնում, թե՞ անկեղծ, վերացած, որը թույլատրում է ամեն քմահաճույք ու վերաբերմունք, ապա հագավ շրջազգեստը, նստեց վերգետնյա արմատին ու սիգարետ պահանջեց... Նստեցի կողքին, գետնին, սիգարետները վառելուց հետո պահեցի տուփը, ի հիշատակ, թեեւ առանց այդ էլ հիշվելու էր այս օրը, ցմահ, կետակերպ կղզին, նա...

Անվերջ խոսելու մարմաջն էր բարձրանում շշի բուկը խեղդող ջրի պես, կշտացել էի մորուքից, թենիսից, կարճ, պարզունակ պատասխաններից ու հեգնոտ հարցերից, բլբլալ, շաղակրատել, շշնջալ մազերի մեջ, թեւի տակ զգալով նրան, ստվերված գետին ու աղոտացող կղզուն նայելով...

Պեպենների դասավորությունը հանգիստ չէր տալիս, զարմանալի է, չէի հիշում կամ ուշադրություն չէի դարձրել, կուրացել էի, թե՞ ցնդել...

Նա հարցեր էր տալիս, ես պատասխանում էի, նա փսփսում էր, ես լսում էի, դժգոհում էր ձեռքերիս կոշտուկներից, ես շոյում էի, նա լռում էր, ես շնչում էի մազերը, ծոծրակը, ուսերի փայլը, ծոցի տաք հեւքը, ուռչում էր գետը խո՜ր խշշոցով, մոռացվել էին հյուրերը, եղբայրը, արար աշխարհն էր մոռացվել, վաղուց սահել էր նա իր արմատից, շորն էր սահել մի ուսից, շեղակի գրկված, ոչ գետնին եւ ոչ էլ օդի մեջ, ծիծաղելիս գլուխը երբեմն հետ գցելով, որպեսզի հիանամ չքնաղ ուսերով ու շեշտված պարանոցով, բայց ոչ այնքան, որ շուրթերս չհասնեն, նա օրորվում էր, թրթռում էր մեղմ ճոճումից, ժպտում ու կարկաչում... Իսկ ես ոչ շուրթերս էի ուզում զուրկ պահել, ոչ աչքերս, ես ուզում էի գիտակցորեն ու ամենայն պարզությամբ ըմբոշխնել նրան, դանդաղորեն, կաթիլ առ կաթիլ, ամբողջ էությամբ ու ընդլայնված ակնթարթով... Այդպես զգացել էի սարսափը, ձգված վայրկյանների ահավոր տանջանքը, զգացե՞լ էի արդյոք, թե՞ անընդգրկելի էր, անպարփակ, անեզր... ինչպես սաՙ երանության ու զմայլանքի, կրքի ու գեղեցկության մերձեցումը, անընդգրկելի ինչ-որ մի չափով, եւ այդ չափը, որը չի բավարարում կատարյալ պարզությանը, որը փրկում է մարդուն սարսափի, գուցե նաեւ երջանկության պահին, վարակելով, տիրելով ու վարարելովՙ ի տարբերություն սարսափի պահի, երբ միշտ նվազ է ու վերջին հույս, սրբում էր ամենայն ճիգ ու խաղ, ենթակայության, զսպման ու ընկալման, խոսելու մարմաջը խեղդում ընդհատ ձայներով, շշուկներով ու անիմաստ բառերով, պարուրում էր, պոռթկում ափեափ խփվելով...

Ի՞նչն է ամենավատ բանը. մինչ այդ, համոզված էի, Սաքոյի «պադյոմը», հիմաՙ ավտոյի ձայնը... Մոտեցավ, մոտեցավ, մարեց զառիթափի վրա, մեր գլխավերեւում, եւ հնչեց չոր ու բարակ տիտիտըՙ տիտ-տիտ, տիտ, տիիի՜տ...

- Սաշան է,- ասաց Ինան,- այդ տղան միանգամայն զուրկ է չափի զգացումից:

Շրխկաց դռնակը, Սաշա Լավրովը երեւաց լույսի մեջ, դժվար թե տեսնում էր մեզ, բայց համոզված ձայն տվեց.

- Ինա՛:

- Ի՞նչ,- ցասկոտ պատասխանեց քույրը,- ո՞վ էր խնդրել, որ եկար:

- Մայրիկը:

- Մայրի՞կը,- կարկամեց Ինան:

- Այո, երբ իմացավՙ որտեղ ես եւ ում հետ:

- Ո՞ւմ հետ... Եթե հարեւան Պետյան լիներ, կարելի՞ էր...

- Ինա...

- Ի՞նչ...

- Հարկավոր է գնալ, արի:

- Բայց ես մենակ չեմ, երկուսիս կտանե՞ս:

- Ո՞ւր տանել նրան, մեր տո՞ւն:

- Կարծում եմՙ ոչ:

- Ես ոտքով կգնամ,- ցածրաձայն դիմեցի Ինային, իսկ նա անմիջապես հայտարարեց.

- Ինչո՞ւ ոտքով, երբ ավտոյի մեջ տեղ կա: Դե, եղբայրս, տանո՞ւմ ես մեզ:

- Ես հանձնարարություն եմ կատարում,- ասաց եղբայրը,- նստեք:

Նստեցինք հետեւում, իրար մոտիկ, ինչպես սիրահար զույգը տաքսու մեջ, Ինայի չարությունը բռնել էր, եղբայրը, ողջամիտ ու անտարբեր եվրոպացի, քրոջ ինքնուրույնությունը հարգող, բայց ղեկը բռնած ձեռքերից մեկը ուշ թե շուտ կարատեի հատու հարվածով պատժելու էր ինձ, իսկույն գազ տվեց, «Վիլիսը» թափահարվելով, ոստոստելով, ճամփով չէր քշում, հեռացավ գետից, սիրելի Նեմիսից...

Իրենց փողոցում եղբայրն ասաց.

- Միգուցե նա այստեղից շարունակի...

- Դժվա՞ր է մինչեւ գյուղտեխնիկա գնալը,- նետեց Ինան:

Այդքանը, ուրիշ ոչ մի բառ, եղբայրը մթագնել էր, քույրըՙ հանդարտվել, ես... ես բարեկիրթ տղա եմ, չեմ խառնվում մարդկանց ընտանեկան գործերին... Ես բարեկիրթ տղա եմ, եւ եթե ինձ ավտոյով տուն են տանում, պարտավոր եմ շնորհակալություն հայտնել:

Սաշա Լավրովի շունչը կտրվեց, ձեռքերը բարձրացան ու ընկան ղեկին, իսկ Ինան... վստահ էի, որ ժպտում էր... Ես նայելու էի նրա դեմքին, որպեսզի տեսնեի այդ ժպիտը, եւ ստուգելուց բացի ես պարզապես նայելու էի նրա դեմքին, թեկուզ քառասուն հազար կարատեիստ ու լեյտենանտ եղբայրներ...

«Վիլիսը» նետվեց առաջ, իսկ ես հազիվ չգլորվեցի ասֆալտից ներքեւ:

Ահա գյուղտեխնիկայի դարպասը, մոտիկ ցեխափոսը, որը մոռացել էի, հիշեցրեց, դիսպետչերանոցը պահակի խցիկով, Վասյայի կնոջ հերթն էր այսօր, անցա ճաղերի միջով, թեեւ գիտեի, դարպասը փակ չէր, շունը հաչելով մոտեցավ...

- Բայկա՛լ,- սաստեց կինը եւ հարցրեց,- հանգստանո՞ւմ էիք այսօր:

- Այո,- պատասխանեցի:

- Լավ ման եկա՞ր:

- Ոչինչ:

- Շո՜ւտ ես տուն գալիս:

- Քնելու ժամանակն է,- ծիծաղեցի:

- Այո՜, դժվար է ձեր աշխատանքը...

Նա զրուցելու ցանկություն ուներ, բայց ես շտապում էի, մեր կացարանի տասնմեկերորդ մասն էր պետք ինձ, ժանգոտ մահճակալս, Կամոն նեղացած կնայի, «Մոծակ, եկա՞ր,- կհարցնի Շուլան,- կրեցի՞ր», ես մի երկու րոպե բզբզալուց հետո պառկեմ տեղիս մեջ, գլուխս պատին մոտեցրած, թող մտածեն, թե հարբած է կամ պարտվել է, օրվա երկրորդական իրադարձությունները շրջանցելով հասնեմ այն պահին, երբ Ինան գրողի ծոցն ուղարկեց եղբորը, հյուրերին եւ հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ մնացի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.