AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5892, Տպվել է` 454, Ուղարկվել է էլ.փոստով` 194

ԽԱՉԱԳՈՂ 18

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հրաշալի գիշեր էր:

Շուտ արթնացա, վախենում էի, թե Սաքոն կխուժի աշխարհս: Գիշերը չէի նկատել, որ սենյակում չէ: Մի քանի մահճակալ դատարկ էր: Հրանտն էր արթուն, գլուխը ձեռքին հենած պառկել էր, ծամոնը բերանում:

- Արդեն գործի՞ են գնացել,- հարցրեցի:

- Ինչ գործ, արա, Սաքոն փախավ ու փախավ, սրանք էլ խմած գնացին աղջիկներից ներողություն խնդրելու:

Աղջիկների՞ց... նոր տեղը բերեցի երեկվա դեպքերը, շա՜տ հին պատմություն էր:

-Դու որտե՞ղ էիր,- հարցրեց Հրանտը:

- Ես շուտ եկա...

- Գիտեմ քանիսին ես եկել, քնած չէի... մի բան արի՞ր:

- Հա, կրեցի,- հանգիստ ասացի մեջքի վրա փռվելով:

- Տո Մոծակ,- պոռթկաց Հրանտը,- ո՞ւմ ես խաբում, իրիկունը դասատուդ քեզ էր ման գալիս, դու շախմատ էիր խաղում, հա՞...

- Բելիկո՞վը:

- Հա:

Լավ է, Շուլան զարթնեց:

- Թողեք քնենք,- նետեց նա:

- Պադյոմ,- գոռաց Հրանտը,- վեր կացեք...

Նա ցնցեց Դավթի մահճակալը, արթնացնելով նաեւ Փայլակին: Մահճակալները կպած էին, իրար չսիրելով հարեւան էին դարձել: Ոսկանն աչքերը բացել էր, Կամոն էր անհողդողդ, վեր թռավ հաջորդ բղավոցից:

Սաքոն մտավ, բարեւեց ու անցավ նստեց իր տեղին:

- Չկա՞ն,- հարցրեց նա:

- Ջենտլմեն տղա են,- քիչ առաջվա հեգնանքով ասաց Հրանտը,- գնացել են մեղքերը քավելու:

- Ես դրանց,- հայհոյեց Սաքոն չգիտես կանանց, թե բացականերին:

Դռան մոտ մի դույլ ձու կար: Շուլան նստեց աթոռին, մի քանի հատ խմեց: Ասեղով ծակում էր ձուն երկու կողմից ու բերանով քաշում:

Նորությունը հետաքրքրեց, արագ հագնվեցի:

- Բա որ փչացած եղավ,- կասկած հայտնեց Հրանտը:

- Փչացածը չի գա:

- Առանց աղի՞:

- Էս էլ աղը,- Շուլան մի պտղունց գցեց բերանն ու մեկն էլ խմեց,- կոկտեյլ է:

- Շատ լավ խմվում է,- հաստատեցի:

- Հա՞,- ոտքերն իջեցրեց Դավիթը,- Արամ ջան, մի քանի հատ բեր...

Մինչ Ռազմիկի ու Գիքորի գալը դույլը կես գցեցինք:

- Չեկավ,- Սաքոյին պատասխանեց Ռազմիկը:

- Չի աշխատելո՞ւ:

- Գլուխ չհանեցի:

- Չենք խնդրի:

Տոլիկի ավտոյով թիթեղ տարանք Անտառային: Ինայենց բակում շարժում չկար: Ինձ ու Կամոյին քարհանք ուղարկեցին անխիղճները:

Դիմովիչը մաղձոտ էր, ինչպես ամեն երկուշաբթի:

- Շուտով կսկսեն ընտանիքներով գալ,- Կամոյին տեսնելով մռթմռթաց նա:

Վեց ավտո բերեցինք հեշտ ու հանգիստ: Տոլիկն էլ էր թթված, նեխած կարտոֆիլի գույն էր ընդունել Դիմովիչի պես:

Անտառային փողոցում փայլփլում էր թիթեղապատ կտուրը: Մյուս տան շարքը վերջացնում էին: Առանց Վարդանի լավ գործ էր արվել:

Սաքոն չթողեց վայրկյան իսկ սպասեմ, հաջորդ տան հիմքն էի փորելու:

- Հողի գործ է, կարոտած կլինես,- ասաց,- հողը ներսը կլցնես, լայնությունըՙ երկու բահ ու կես, ավել չփորես:

- Խորությո՞ւնը...

- Մինչեւ հասնես կավաշերտին... Մի էդքան էլ խորություն:

Ընդհուպ մոտեցել էի Ինայենց բակին, բայց նա չէր երեւում: Հայր ու որդիՙ աչալուրջ պահապանները, ահեղատես շրջում էին բակում հասկացնելով, որ իրենց տունն իրենց ամրոցն է: Շունը հեռվից հեռու ժանիքներն էր ցույց տալիս, Նինան էր երբեմն վազվզում:

Վերջապես երեւաց: Հոր «Վիլիսը» մոտեցավ, ավագ լեյտենանտը, կինն ու քույրերը դուրս եկան տնից:

Ինժեների աղջիկն իրենց բակում խաղում էր: Կանչեցի, եկավ վազելով:

- Տանյա,- կռանալով ասացի,- մի խնդրանք ունեմ,- աղջիկն ուրախացավ,- գնա այն մեքենայի մոտ, մի քիչ ման արի, միգուցե մեկնումեկը քեզ բան կասի:

- Հատկապես ո՞վ,- հարցրեց Տանյան:

- Ինան,- ընկերության մեջ ոչ մի գաղտնիք:

- Ես Նինային եմ սիրում,- քմահաճորեն ասաց Տանյան, բայց գնաց:

Նստեցի հիմքի եզրին, ծխելով հետեւում էի: Աղջիկներն ավտոյի մոտ սպասում էին, Տանյան գնաց, եկավ, կանգնեց, «Վիլիսի» շարժվելուց հետո վերադարձավ:

- Այդ Ինան անհասկացող աղջիկ է,- թրմփալով մոտս նստեց Տանյան,- ոչ մի ուշադրություն չդարձրեց:

Անհասկացող է, որ գլխի չի ընկել:

- Ստիպված ես դիմեցի...

- Տանյա...

- Այո, ես հարցրեցիՙ Ինա, դու ինձ ասելու բան չունե՞ս: Նա զարմացած, այսպես... նայեց, հանկարծ քրքջաց ու պատասխանեցՙ շաբաթ երեկոյան կասեմ, սիրելիս...

- Ապրես, Տանյա,- խառնեցի նրա մազերը,- հրաշալի աղջիկ ես... մյուսները լսեցի՞ն...

- Ալինան լսեց:

Շարունակեցի փորել: «Շաբաթ երեկոյան կասեմ, սիրելիս»: Ինձ էր հասցեագրված, ուրեմն վերջին բառը նույնպես: Տանյան մնաց, սիրում էինք իրար հետ զրուցել, հարմար առիթ էր, մենակ էի աշխատում:

- Այդ Սաշան սարսափելի տղա է, շարում է աղյուսներն ու շրըխկ... ձեռքով, ոտքով, արմունկով... Կսպանի, եթե այդպես մարդու խփի... Եվ այնպես է բղավում խփելու ժամանակ... Հայրը հանգիստ է, Գրիգորի Ալեքսանդրովիչը, բայց դժգոհ նայում է,- Տանյան յուրաքանչյուրի մասին խոսում էր դեմքի համապատասխան արտահայտությամբ,- իսկ Անգելինա մորաքույրը բարի է, հաճելի...

- Աղջիկները ո՞նց են:

- Նինան մորն է նման, բոլորը նրան գովում են: Ինստիտուտ ընդունվեց: Ինայից գլուխ չես հանի...

- Նա որտե՞ղ է աշխատում:

- Չգիտեմ, խառը գործեր է անում:

- Տոնավաճառում գիրք էր վաճառում:

- Դե նա ամեն տեղ,- երեւի ուզում էր ասելՙ քիթը խոթում է,- դպրոց էլ է գալիս:

Ես չգիտեի, թե որ դասարանում է սովորում ընկերուհիս:

- Փոխադրվել եմ հինգերորդ դասարան,- արժանապատվությամբ ասաց Տանյան:

Մեծ քրոջս փոքր աղջկա հասակակիցն էր:

Ինքնաթափները բերեցին խճավազը: Ենթադրում էի, թե ցեմենտը իմ կամ Շուլայի գլխին կջարդվի, բայց Տոլիկի ավտոն եկավ բարձված: Վարդանն իջավ խնչելով: Գործա-

լքությունից հետո ցեմենտ կուլ տվեց: Հաշվեհարդար չէր եղել, էլ ինչ էր աքլորանում: Մինչդեռ ես ուրախացել էի, որ ազատվում ենք նրանից:

Հիմք լցնելու փորձն ահռելի էր այս տնակի համեմատությամբ, բայց էլի ուշ երեկոյան հազիվ վերջացրինք:

«Վիլիսը» վերադարձավ նույն կազմով: Աչքերս չէի գցում նրանց կողմը, ասված էրՙ «շաբաթ երեկոյան», վերջ, պետք չէր գրգռել Լավրովների պատվախնդրությունը: Եվ առավոտյան այնքան էլ չտխրեցի, երբ Սաքոն ասաց, թե բետոնը հետ ընկավ, թափ տանք... Այլեւս Անտառային փողոցում չերեւացի, համբերատարությամբ բետոն էի լցնում Շուլայի ու Դավթի հետ, համոզված, որ շաբաթը, թեկուզ ուրբաթից հետո, գալու է...

Եվ եկավ:

Ընթրիքից հետո արդեն ազատ էինք, կիրակի նվաճելուց հետո եւս մի փոքրիկ տոն:

Լողացած, սափրված ու փոխված, պիջակով, մտա խոհանոց, բկլիկներն այնտեղ էին: Ճաշարանի ընթրիքը մեզ համար սոսկ նախընթրիք էր:

- Զանգելո՞ւ ես գնում,- հարցրեց Դավիթը,- չմրսես հանկարծ:

- Գրպանների համար եմ հագել,- արդարացա,- շատ բան կա լցնելու:

Կամոն վեր կացավ, բայց հայրը զգուշացրեց,- տեղ չգնաս, մազերդ սարքեմ...

- Ռազ, մենք էլ չգնա՞նք զանգելու,- ծիծաղեց Վարդանը:

- Տասներկուսին դուռը փակում եմ,- հայտարարեց Հրանտը, որը սառնարանի պարունակությունն էր ուսումնասիրում:

Նա մեծ թասի մեջ կաթ լցրեց, նաեւՙ խտացրած, մի քանի գդալ շաքարավազՙ կասկածի տակ առնելով պետական քաղցրությունը, բրդեց ու գդալն առած այդ թանձր խառնուրդի մեջն ընկավ: Մյուսները տեսան, որ ընդօրինակում եմ Հրանտին, ախորժակի եկան: Շուլան ձվածեղ սարքեց:

- Ինձ էլ նկատի կունենաս,- նախազգուշացրի:

- Ուրիշ ուզող կա՞:

- Սարքի ուտենք,- ասաց Դավիթը,- կարագը շատ դիր:

- Կարագով ձվածեղ,- հեգնեց Հրանտը իր ուտելիքից գոհ,- յուղը որ չտժտժա, էլ ինչ ձվածեղ...

Հրանտի սպառնալիքն էր մտահոգիչ, ուտելիս մի բան մտմտացի, մնում էր Շուլայի հետ պայմանավորվել:

- Աչքիս վրա, Արամ ջան,- համաձայնեց Շուլան բարեհոժար,- երբ կուզես արի...

Շուտ էր, բայց դուրս եկա: Գետափնյա արահետից եւ Կենտրոնական փողոցից բացի կար նաեւ կենտրոն տանող երրորդ ճանապարհը, բանջարանոցների արանքներով դուրս էր գալիս փոստատան եւ հյուրանոցի փողոցը: Գնում էի Երեւանում բնակվող քրոջս հետ խոսելու, ընդամենը մի նամակ էի գրել տուն: Մայրս նեղացել էր, Մանեն հորդորում էր, որ նամակ գրեմ: Փոքր եղբորս հետ էր մի անհեթեթ բան կատարվել: Նա էլ էր ժուռնալիստիկայի բաժին դիմելու: Ես կարծում էի, թե ընդունելության քննություններ է տալիս այս օրերին կամ արդեն տվել է, մինչդեռ... «Հանճարեղ եղբայրդ ավարտական քննությունից կտրվեց,- հայտնեց Մանեն,- չէինք ուզում քեզ ասել: Օգոստոսին պիտի վերաքննություն տա մաթեմատիկայից... Որովհետեւ հիմարաբար դասատուի մոտ հայտարարել է, թե չի սիրում այդ առարկան»:

Պատկերացնում էի մորս վիճակը: Մեր ուսումը նրա համար գերագույն նպատակ էր: Քիչ է, որ Կորյունն առնվազն մի տարով հետաձգեց բուհ ընդունվելը, խայտառակեց գյուղի ամենաուսումնական ընտանիքի անունը: Երեք տղաներից ես էի սակավ խոստումնալիցը: Միջնեկ եղբայրը հեքիաթներում էլ հերոս չէր լինում: Երբ մեծ եղբայրս համալսարանն ավարտելով աշխատանքի անցավ գյուղի դպրոցում ու այդպես շարունակեց, մեր ազգուտակն ինձ շրջանցելով հույսը կապեց Կորյունի հետ, որն իրոք ընդունակ էր, բայց նաեւՙ կամակոր եւ իրասածի:

Երբ այգի մտա, գյուղական պարահանդեսը նոր-նոր սկսվում էր: Ինան այդքան շուտ չէր գա, ստուգելուց հետո նստեցի մի տեղ:

Ուշանում էր, եթե համբերությունս էր փորձումՙ անսահման էր, սակայն լիուլի վարձատրվելու պայմանով:

Հարսի հետ եկավ: Նրան ինչու էր բերել, հո տուն չէինք ճամփի մենակ: Նստարանը մթության մեջ էր, բայց Ինայի աչքից բան չէր սպրդի, ծառուղուց թեքվեց Ալինայի թեւից քաշելով:

- Նստե՞լ ես,- մոտենալով հարցրեց:

Հարսը քաղաքավարի էր, բարեւեց:

- Պարելու համար շուտ է, Ալինա, հիմա այնտեղ ամեն տեսակի խաժամուժ կա, նստենք,- եւ դարձավ ինձ,- ո՞ւր էիր կորել:

- Գյուղտեխնիկայում էի աշխատում:

- Իսկ երեկոնե՞րը:

- Երեկոնե՞րը... շաբաթ օրվան էի սպասում:

Ծիծաղեցին:

- Հրաշալի ամուսին կլինի, չէ՞, Ալինա, խոսքից դուրս չի գալիս... Սուրհանդա՞կդ հայտնեց այսօրվա մասին:

- Այո, սիրելիս...

Մի շաբաթ պտտվում էր լեզվիս վրա...

Ինան աչքերը շլեց, ես, իհարկե, լուրջ էի, եւ գլուխ չհանելով բզեց,- սիգարետ տուր,- մեկն էլ Ալինային փոխանցեց:

Պարտաճանաչորեն մոտեցրի Շուլայի նվիրած վառիչը: Միանգամից ներս քաշեց ծուխը եւ հազաց: Ալինան խաղում էր սիգարետով: Թեւս թիկնակին հենած կողքից դիտում էի Ինային: Խղճահարություն զգացի, զարմանալի էՙ ինչո՞ւ... կարծես Դիմովիչի զրկվածներից ու մերժվածներից մեկը լիներ, թեեւ ոչ մեկը չէր... գուցե եւ... Ի՞նչ գիտեի նրա մասին: Նստել էր, թեթեւակի բեկված ցուցամատի պես, անփույթ, անտարբեր թողած տպավորության ու արտաքինի հանդեպ, որը բարեբախտաբար հոգածություն չէր պահանջում, ոտքը ոտքին գցած, ինչ-որ չստիկներով, որոնք ուզած պահի կարելի էր շպրտել ու բոբիկ վազել: Մեկի ներբանը զատվել էր կոշտացած կրունկից: Բարակ, հասարակ, կարճաթեւ շրջազգեստ, ներքեւում ծալծլված, կոնքերին կպած, իրանը մեղմորեն պարուրող եւ թեւատակից ձգվելով ուռչող... Շուրթերն ամուր սեղմված էին, գզգզված մազերը կախվել էին աչքի վրա...

- Ի՞նչ ես նայում,- հարցրեց:

Ձայն չհանեցի:

- Պարելո՞ւ ես այսօր:

Ուսերս թոթվեցի անորոշ: Նրա ասած խաժամուժի մեջ նաեւ հայեր կային:

- Դե, գնացինք,- կանչեց ու կողքանց ժպտալով ցածրաձայն ավելացրեց,- խեղդվելուց չվախեցար, պարելուց կվախենա՞ս...

Էհ, այս խորխորատն էլ հաղթահարենք... Եթե մրցանակը համապատասխանի...

Աղջիկների հետեւից քայլելիս ակամա համեմատություն է առաջանում: Ինան իր կազմվածքով քառասուն տարեկանում էլ դեռատի աղջիկ կթվար հետեւից: Ալինան փափկորեն էր քայլում, կատվային բան կար... Լույսի տակ նա շքեղ երեւաց, մարմնին կպած գործովի զգեստը պարզորեն ցուցադրում էր գեղեցիկ կուրծքը, որը կրծկալի պես փակել էին երկու լայնաբաց վարդեր, ծաղկած մարմնից... Գայթակղիչ նախշ էր...

Նաստյան դեմս ելավ:

- Որտե՞ղ է աշակերտս,- ժպտուն բարկությամբ հարցրեց նա:

- Քննության է պատրաստվում:

- Ե՞րբ է քննությունը:

- Դուք եք ընդունելու, որոշեք:

- Վաղը վերջին օրն է, եթե չներկայացավ, «բաց դռների» հույս չունենա:

- Հուսով եմ, անաչառ քննություն կլինի,- ավելացրի տեսնելով, որ չի հեռանում:

- Նայած ովքեր միջնորդեն...

Այս աղջիկն Ինայից չի վախենում:

Մոտեցավ, բախտս բերեց, մի տղա հետեւից գրկեց նրան ու քաշեց պարի մեջ: Այդ ընթացքում Ինայից արդեն փրկվել էի, կար երրորդ սպառնալիքը...

- Պարե՞նք,- առաջարկեց Ալինան,- Ինան լողալ է սովորեցրել, ես պարուսույց կլինեմ:

Մարդիկ շահագրգռված էին իմ բազմակողմանի զարգացմամբ, ինչպե՞ս կարելի է մերժել, ձեռքերս դրեցի մեջքինՙ կուրանալով վարդերի փթթումից...

- Ավելի համարձակ,- խրախուսեց Ալինան,- այս ոտքն առաջ, լավ է...

Նախկինում գիտեի այդ տարրերը, ձեռքերսՙ որտեղ, ոտքսՙ որտեղ, ընդհանուր ներդաշնակությունն էր պակասում, որն ի հայտ եկավ Ալինայի... թե՞ բան ֆռռացնելու շնորհիվ... Ինայի մարմինը ձիգ ու ճկուն էր, Ալինան փափուկ էր, տաք...

- Պարելու նմա՞ն է,- հարցրեցի:

- Ոչինչ,- վերեւ նայեց նա,- միայն թե աղջկան այդպես չեն գրկում:

Երբեմն ոտքս բախվում էր ազդրերին, մեղավոր էի, կամ կրծքի հպումն էի զգում, ինքն էր մեղավոր, ավելի ճիշտՙ կուրծքը... Կես մետր հետ քաշվեցի:

- Ճիշտ հակառակը,- ծիծաղեց Ալինան վարդանոցը մոտեցնելով:

Ափսոս կեսից էինք մտել: Նստելու տեղ չկար, ավելի լավ, շարունակելու էինք:

- Հիմա իմ հերթն է,- մոտեցավ Ինան:

- Դու ծանոթներ շատ ունես,- բողոքեց Ալինան:

- Իսկ դու ամուսին ունես, ահա գալիս է:

Ժամանակին էր ընդհատվել պարը:

Զույգերը կազմված էին, եղբայրը բացարձակապես ուշադրություն չէր դարձնում ինձ: Դիմովիչը մի լավ խոսք էր ասում... Միացրին երաժշտությունը, տեղական խմբի փոխարեն այսօր նվագարկիչ էր: Ինային գրկել հո գիտեի, եւ հանկարծ, ի լրումն, «Երջանկության արցունքները» հնչեց... Երեւի հայ տղաներն էին տվել:

- Այս ի՞նչ երգ է,- ուշադրությունը լարեց Ինան,- առաջին անգամ եմ լսում եւ ոչ մի բառ չեմ տարբերում:

- Հիմա կթարգմանեմ,- ջանացի աղմուկի մեջ ոչ այնքան հստակ բառերը որսալով հիշել քառյակը:

«Գարնան նման արեւաշող

Վարդերի բույրը ինձ բերիր

Ու շուրթերովդ ինձ այրող

Սրտիս կիրքը հագեցուցիր»:

Ցածր թարգմանում էի ականջի մոտ, վզի վրա, միանգամայն անկաշկանդ պարելով, չափի՜ց ավելի անկաշկանդ... մեջքի վրա ձեռքերս հասել էին իրար, ոչ միայն իմ, այլեւ իր ոտքերի տեղն էի շատ լավ պատկերացնում, քանի որ տարբերություն չկար...

- Օ՜, Ալինան լավ դաս է տվել,- ասաց Ինան:

- Հրաշալի, ինչպես ինքը:

Աչքերը չռեց:

Դեռ շատ էի զարմացնելու նրան: Գեղեցիկ

Ալինայի հետ պարելը հաճույք էր, կիսատ, Ինան ձերբազատեց տարիների գիր ու կապից, շրջապատից, խաժամուժից, վարդերից... աստղերդ հաշվիր, լեյտենանտ...

- Ինչպե՞ս կհրամայես հասկանալ,- գլուխը հեռացրեց Ինան:

Խա՞նդ էր, թե՞ հիշեց, որ տալ է:

- Ձայն հանիր,- ֆշշաց նա,- հենց հիմա Սաշային կասեմ:

- Ալինան հրաշալի է, Իվանի դուստր Օլյանՙ նույնպես, փոստատանն է գեղեցիկ աղջիկ աշխատում... Բոլորը գեղեցիկ են, քույրդ, Տանյան, մութը, երաժշտությունը, գրված էջերը, սիգարետի տուփը, փոփոխությունը, քարհանքի օղին, տոնավաճառի խառնաշփոթը, անփող հարբեցողները, Ալթայի սարերը, գնացքից երեւացող տեսարանները, կարճ մազերը, նիհարած մարմինը... Հրաշալի են երջանկության արցունքները, բայց ավելի հրաշալի են երջանկության համբույրները, փութալը, սպասումը, մեջքդ, մարմինդ, բույրդ, աչքերդ...

Ականջի ու վզի միջակայքում էի ասում, երբ հասա աչքերին, թեքվեցի, որ տեսնեմ...

Տագնապով ինձ էր նայում:

- Գնանք գետափ,- ասացի:

- Հիվանդացա՞ր,- շշնջաց նա:

- Այո, գնանք գետափ:

- Օ՜ ոչ...

- Եթե չեկար, հենց այստեղ շորերդ կհանեմ:

Ինան պոռթկուն ծիծաղեց:

Մատներս ուժգին սեղմվեցին մեջքին:

- Հանգստացիր... կգնանք...

Անմիջապես թողեցի նրան, որ դուրս գանք:

- Պարի կեսի՞ց,- Ալինան էր:

Ամբողջ ժամանակ մեր կողքի՞ն էին պարել:

- Մենք շուտով կգանք,- ասաց Ինան:

Փոխանակ ասիՙ մեզ չսպասեք:

- Հրաշալի երաժշտություն է, չէ՞, Սաշա, սիրելիս...

Այս գործի մեջ, ինչքան հասկացա, Ալինան իր առաջադրանքն ուներ:

Թումբն անցնելով իջանք տոնավաճառի բացատը, որին անտառի նեղ շերտն էր հաջորդում, այդտեղից համբուրվելով գնացինք գետափ:

- Ե՞րբ հասունացար,- շունչ առավ Ինան:

- Արդեն մի շաբաթ է:

- Ուրեմն մի շաբաթակա՞ն ես:

- Այո, քո շնորհիվ:

- Եվ լավ պարում էիր:

- Քո շնորհիվ:

- Թե՞ Ալինայի...

- Միայն քո...

- Դե թող... հասկացիր: Ամեն րոպե եղբայրս կարող է գալ:

- Դնքստե՞ց քեզ այն անգամ:

- Պա՛հ... ասիացի:

Ալթայի բնակիչն ինձ էր ասիացի անվանում:

Նստեցինք պառկած ծառին, ջրին մոտ:

- Մրսո՞ւմ ես,- պիջակս վերջապես նպատակին կհասնի:

- Ոչ,- զարմացավ Ինան,- տաք է:

- Հատուկ քեզ համար եմ հագել,- ասացի հանելով:

Ինան ծիծաղեց, ինչպես քիչ առաջ, պոռթկուն, հանկարծակի, բայց ոչ բարձր,- հրաշալի է,- այդ բառը մեր ուղեկիցն էր դառնում,- կարելի՞ է գրպանները քրքրել,- թույլտվության չսպասելով անցավ հետազոտման,- դանա՞կ ես պահում...

- Պահածո բացելու համար:

- Օ՜... ծոցատետր, այս ինչ տառեր են, սա՞ է հայերենը:

- Ծածկագիր է, ինձնից բացի ոչ ոք չի կարող կարդալ:

- Լրտե՞ս ես... Հապա թարգմանիր սա:

- «Նա փրկեց ինձ խեղդվելուց, որ իր գրկի մեջ խեղդի»:

- Ճի՞շտ... Այստեղ ինչ է գրված:

- «Անկարելի է որոշել աչքերի գույնըՙ կանա՞չ է, ցանկությա՞ն գույն, թե՞ Նեմիսի ջրի»:

- Աչքերս փիրուզագույն են,- մանկական ինքնագոհությամբ ասաց Ինան,- չնայելով թարգմանում ես, գուցե փչում ես...

- Անգիր գիտեմ:

- Ամեն տեղ իմ մասի՞ն է,- նորից կասկածանքով նայեց եւ մի երկու էջ հետ շրջեց,- կարդա:

- «Ամեն մի վայրկյան դու այլ ես»: Հենց սա է հատկապես քո մասին,- ասացի նրան մոտեցնելով, պիջակս ընկավ գետնին, փույթ չէ, գրքույկս ձեռքին է, չի կորի, սեղմեցի շուրթերս պարանոցին...

- Բավական է,- ընդհատեց Ինան,- պետք է գնալ, մերոնք ի՞նչ կմտածեն...

- Մեկ է, մտածելու են...

- Ո՜չ,- վանեց,- զարմանալի է, դպրոցից հետո չէի համբուրվել...

Գիտեր ինձ սառեցնելու ձեւը:

- Ուրիշների հետ առանց համբույրի՞...

Նա կարճ ծիծաղեց:

Պետք է ավելացնեիՙ իսկ կղզո՞ւմ... Բերանս չէր բացվում: Եվս մի բացված շախ: Անուրջները մանչուկների համար են: Սիրում էր այդպիսի բացված շախերով սթափեցնել ինձ, հասունացնել: Մինչդեռ դրանք ինձ սպանում էին: Ակնթարթային սպառում եւ լիակատար դատարկություն հորձանքից հետո: Երեւի այդպես է մահը գալիս...

- Դե լավ, բավական է, ձեռքը կրծքիս դնելով ասաց փաղաքշանքով,- ազնիվ խոսք, երեք տարի քեզ էի սպասում, բավարարվա՞ծ ես:

- Եթե երեքի փոխարեն քսաներեք ասեիր:

- Երեք տարեկանի՞ց,- քրքջաց նա:

Տարիքն իմացա:

- Իսկ դու թույլ կողմդ ցույց ես տալիս,- շարունակեց սրտացավությամբ,- հեշտությամբ կարելի է քեզ խոցել: Առաջին անգամ չէ, կաթվածահար ես լինում կարծես...

- Փոքր տարիքում էլ էր այդպես: Երբ ինձ վիրավորում էին, ձգտում էի մտնել անկողին, վերմակը քաշում էի գլխիս ու փակվում, ամփոփվում... Այո, դու ինձ կործանելու ձեւը գիտես, միայն թե չանես,- հագա պիջակս, գրքույկը վերցրեցի մատների արանքից,- այդպես էլ նկարը չտեսար:

- Կա՞, տուր տեսնեմ, Արամ,- հաճելի հնչեց անունս շուրթերից:

Գրպանիկից, որը փակել էի կողաթերթով, Լուսիկի նկարը հանեցի: Թող զգա տարբերությունը: Երկար զննում էր լուսնի լույսի տակ, նույնիսկ վառիչը վառել տվեց:

- Սա՞ է քո հրեշտակը:

- Այո:

- Ի՞ր հետ...

- Ոչ:

- Ուրիշի՞:

- Ոչ մեկի: Մի անգամ... չստացվեց:

- Ինչպե՞ս,- ակնհայտորեն հետաքրքրվեց:

- Չկարողացա:

- Մանրամասն պատմիր:

- Ըստ երեւույթին դու հիվանդ ես:

- Հիվանդը դու ես, որ չես կարողացել: Ինչպիսի՞ աղջիկ էր:

- Տգեղ:

- Էլ ինչո՞ւ էիր հասել անկողին:

- Փորձելու համար:

- Չանպատվե՞ց:

- Ասացիՙ քննությունների ժամանակ ընդարմացնող դեղեր եմ օգտագործում, որ հանգիստ պարապեմ:

- Հավատա՞ց:

- Կոնֆետիկներ ունեի, հաբերի նման, ցույց տվեցի: Դու կանպատվեի՞ր:

- Ինձ հետ չկարողանայի՞ր,- այնպես քմայքով զարմացավ, որ անկարելի էր հանգիստ մնալ:

Այս անգամ հազիվ ազատվեց:

- Մի՞թե չես հասկանում,- հեւիհեւ նախատեց:

- Հասկանալը հասկանում եմ,- հոգոց հանեցի ամոթահար:

- Ոնց որ մոլագար լինես...

- Հենց մոլագար եմ, որ կամ,- մռթմռթացի հետեւելով նրան:

Տաղավարը մասամբ թեթեւացել էր, Սաշան դրսում էր, տղաների մեջ:

- Այնքան պարեցինք,- գոհաժպիտ ասաց Ալինան,- լողացա՞ք...

- Խաղում էինք...

- Արգելված խաղե՞ր...

- Թող ինքն ասի, իր խաղն է:

- Խոսելախաղ է,- ասացի,- հարց ու պատասխան, արագ զրույց, ով լռեց, ձգձգեց կամ պատասխանեց անկապ, պարտված է:

- Փորձե՞նք:

- Խնդրեմ, նոր խաղացողի հետ միշտ հաճելի է:

Ինան շուրթը կծեց:

- Ո՞վ է սկսում,- ուղղվեց Ալինան, վարդերն իրար անցան:

- Արդեն սկսված է:

- Զարմանալի է, երբեմն այնքան մտքեր են գալիս, իսկ հիմա չգիտեմ ինչ ասեմ:

- Դուք երկար նախադասություն ասացիք, որն այս խաղին հարմար չէ, պետք է հակառակորդի հաշվին խաղալ:

- Դուք նույնպես ձգեցիք:

- Որպեսզի ընտելանաք:

- Գնդացրի պես վրա եք տալիս:

- Դուք էլ կվարժվեք:

- Վաղո՞ւց եք խաղում:

- Հինգ տարեկանից:

- Հետո ի՞նչ խաղեր սովորեցիք:

- Բազմաթիվ:

- Եվ պետտի՞նգ:

Ինան ծիծաղեց:

- Անծանոթ անուն է:

- Ուզո՞ւմ եք սովորել:

- Եթե չզլանաք:

- Ե՞ս,- ծիծաղն այլեւս չզսպեց Ալինան,- ինձ թվում է, Ինան կսովորեցնի...

- Ուզում ես նրան վերջնականապե՞ս հիվանդացնեմ,- քրքջաց Ինան:

Մոտավորապես կռահում էի, բայց խաղը կիսատ թողնել չի կարելի:

- Իսկ ինձ թվում է, որ երկուսից ավելի շուտ կսովորեմ:

- Դե վերջ տուր,- բացականչեց Ինան:

- Ձեր վերջին խաղը,- շարունակեց Ալինան:

- Ինչո՞ւ, երկուսով չե՞ք կարող,- պատասխանեցի Ինային, ապա դարձա Ալինային,- նույնպես Դուք եք սովորեցրել:

- Բավական է,- լռեցրեց Ալինային Ինան,- նա հիվանդ է, ինչքան խոսես, կպատասխանի:

Ալինան աչքերը հառեց ինձ:

- Այո,- հաստատեցի,- խոսքը երբեք անպատասխան չեմ թողնի... քաղաքավարությունից դրդված:

- Եվ քաղաքավարությունից դրդվա՞ծ շնորհակալություն հայտնեցիր:

Մտահոգված էի, թե ուշադրություն չի դարձրել տպավորիչ հրաժեշտին:

- Երբեք չեմ թերանում:

- Իսկ ես կարծում էի, թե ինձ է ուղղված:

- Լոկ բառո՞վ:

- Մեխանիզմ, աստված իմ, մեխանիզմ,- Ինան քունքերը բռնեց,- միացնում է ու չխկչխկացնում: Գոնե ռուսերեն լավ չիմանայիր:

- Հրաշալի լեզու է:

- Ի դեպ, Արամ,- միջամտեց Ալինան,- վերջին հարցը, Ինա, խնդրում եմ... Խոսելիս Դուք մտածում եք հայերեն եւ թարգմանո՞ւմ:

- Այո:

- Բայց շատ արագ եք պատասխանում:

- Խաղալիս, ինչպես Ինան նկատեց, չեմ մտածում:

- Մի բան ասեք ձեր լեզվով:

- «Բոլոր գեղեցիկ աղջիկների աչքերը գեղեցիկ են»:

- Հայհոյեց,- ասաց Ինան:

- Ամեն մարդ յուրովի է չափում:

- Թարգմանիր,- գազազեց Ինան:

- Խնդրեմ...

- Շնորհակալություն,- իրեն վերագրեց հաճոյախոսությունը Ալինան:

- Լեզուդ չորանա,- պառավի պես անիծեց Ինան, սակայն շուրթերին ժպիտ կար:

Ես արագորեն մատներով մի քանի արտահայտիչ շարժում արեցի, որ խուլհամրերի լեզվով պիտի նշանակերՙ լեզու չունե՞մ, ձեռքեր ունեմ, ձեռքե՞րս կտրեք, անօգուտ է, կրծքիցս կժայթքի խո՜սքը հորդաբուխ...

Ալինան մարել էր, Ինայի աչքերը հրաշալի էին:

- Բարի գիշեր,- ասաց նա:

- Բարի գիշեր,- անհապաղ պատասխանեցի ու վեր կացա:

- Հանկարծ խելքիդ չփչի Սաշային էլ բարի գիշեր մաղթել:

- Նա չի՞ քնում:

- Էլի սկսեց:

- Լավ, խոստացիր, որ կփոխանցես:

- Խոստանում եմ, գնա...

- Գնում էի, դու պահեցիր:

- Գնա՜...

- Բարի գիշեր:

- Բարի, բարի... Գնա:

- Ուրիշ...

- Ուրիշ ի՞նչ,- լրջորեն էր զգուշացնում:

- Տանյային բան չունե՞ս ասելու:

- Տանյայի՞ն... ոչ...

- Հրաշալի է, սիրահարները հանդիպում են առանց պայմանավորվելու...

Անզուսպ ցնցվում էին վարդերը, Ինան ինչ-որ բան էր որոնում... Ես արդեն տեսել էի, միակ առարկան, որ կարող էր շպրտել, կոշիկն էր... ճողոպրեցի...

Դուրս գալիս մեջս մի բան խլվլաց, Ինայի նախազգուշացումն էր սադրել, բայց կիսված աղյուսը խոսուն հակազդակ էր, աղջիկների աչքի առա՞ջ... բավարարվեցի հիշողությամբ, թե ինչպես շնորհակալություն հայտնեցի «Վիլիսից» իջնելիս, եւ ինչպես էր ժպտում Ինան խցիկի անկյունում...

Սովորաբար երաժշտությունը լսելի էր մինչեւ փայտաշեն կամուրջը, այսօր «Երջանկության արցունքները» հասավ գյուղտեխնիկա եւ շարունակվելու էր քնելիս...

Միանգամից մոտեցա իմ ու Շուլայի լուսամուտին: Մարդը չէր մոռացել, կախված էր երկաթալարը: Մեկ, երկու անգամ քաշեցի, ապարդյուն: Շուլան այսքան խոր չէր քնում, երրորդին վախի ձայն հնչեց. Հրանտն աղաղակեցՙ երկրաշա՜րժ... հաջորդեց իրարանցումը, դխկոց-շխկոց, լույսը վառվեց...

- Դիվոտա՞ր,- լսեցի Շուլայի ձայնը:

Փախա մտա խոհանոց: Մի քանի րոպե մթության մեջ մնացի սսկված, հետո գլխի ընկա, որ պարապ նստելու փոխարեն կարելի է սնվել: Հազիվ էի պահածոն բացել, կիսամերկ Հրանտը մտավ, հետեւիցՙ ովքեր տանն էին գիշերել, որը զայրացած, որը թամաշի ակնկալությամբ...

- Սոված չե՞ս, վարպետ,- հարցրեցի ձկան մսեղիքը հացի վրա դնելով:

- Տո, զոքանչիդ...

- Զգույշ, վարպետ Հրանտ,- ի՞նչ իմանաս զոքանչս ով կլինի...

- Հլը դրան տես... այ տղա, էդ ժանգոտ լարը ինչի՞ էիր կապել մահճակալիս...

- Շուլան ո՞ւր է... այ տղա,- կրկնակի մեծ էր ինձնից, ես Հրանտի խոսքն էի փոխանցում,- մաքուր լար չգտա՞ր, ժանգոտը կապեցիր...

- Լավ, մարդու հացը մի հարամի,- ասաց Շուլան ձեռի հետ մի բան գցելով բերանը...

Այդքանով ավարտվեց նրանց արշավանքը, չհաշված, որ միահամուռ լավ պնդացանք ու քնելու գնացինք:

Ես միացրի «Երջանկության արցունքները»...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.