AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 78. ԻՆՉՈ՞Ւ ՔԵՐԹՈՂԱՀԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5409, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 215

ԽԱՉԱԳՈՂ 19

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջին անգամ շատ քնեցինք: Հրանտի բարությունը բռնել էր, չաղմկեց առավոտյան: Թերեւս անտրամադիր էր, նույնիսկ Շուլային չկպավ լարն իր մահճակալին կապելու համար:

Անառակները տուն եկան, գլխավորը չկար:

Ուտել-խմելու մասին էին խոսում, ինչ կիրակի առանց խորովածի... Անհրաժեշտ էր շուտ փախչել... Նրանք էլ էին դուրս գալու, խորովածըՙ կեսօրից հետո, մինչ այդ ուտել պե՞տք է...

Կիրակի օրվան ռեստորանը կվայելեր, գնացինք կենտրոն: Խանութների հրապարակում փոքր տոնավաճառ էր, բան չառանք, պոկվելու պատրվակ եղավ:

- Ես հասա,- ասացի գարեջրի մոտ կանգնելով, ախորժատես կարկանդակներ էին վաճառում:

- Փող տուր,- պահանջեց Վարդանը:

Ամբողջ գումարը խոթեցի նրա գրպանը:

Ուսանողական օրերը վերապրելուց հետո մոտիկ անցյալին էի անդրադառնալու, կղզում... հուսով, որ Ինային կհամակի նման տրամադրություն: Առանց պայմանավորվելու միայն այստեղ կհանդիպեինք:

Առաջին հերթին սիգարետները թաքցրեցի, թեեւ հեռատեսորեն երկու տուփ էի վերցրել: Ապա լողացի դեպի կղզի, պարելուց հետո այլեւս վախ չէի զգում:

Կետի ձագուկը աչքերը ջրի երեսին խաղացնելով ուրախությամբ դիմավորեց: Հնար լիներ, այդ փոքրիկին հետս տանեի Հայաստան:

Մանկական կառույցները քանդված էին... մենք էինք գլորվում այդտեղ... Շաբաթվա ընթացքում կղզին անձեռնմխելի էր մնացել, ոչ էլ բնությունն էր ջնջել մեր հետքերը, փորձված հետագետը դյուրությամբ կպատկերացներ ինչ է տեղի ունեցել:

Շատ կմնայի կղզում, բայց իմ տեղն ափն էր, տեսադաշտով... Աչքերիս չէի հավատում, զառիթափին, պարզ օդի մեջ ընդգծվել էր Կրե-Մարյանի գլուխգործոցներից մեկը, գզգզված մազեր, սլացիկ կերպարանք կարճ շրջազգեստով... Աչքերով այդ պատկերը բռնած լողում էի կատաղի արագությամբ...

- Ողջույն,- խոսեց ստեղծագործությունը, երբ ջրից դուրս եկա:

- Առաջին անգամ,- ակամա նշեցի:

- Որին չպատասխանեցիր:

Ինչպես երեւում էր, պարապել էր տանը:

- Ողջույն պտղաբերության դիցուհուն,- կարկառեցի ձեռքերս ծնկի իջնելով,- ներքեւից ոտքերդ ավելի գեղեցիկ են երեւում:

- Չտես,- ծիծաղեց Ինան,- հիմա կհանվեմ, նայիր ինչքան սիրտդ քաշի... սպասո՞ւմ էիր:

- Սիրահարները հանդիպում են առանց պայմանավորվելու:

- Սիրո օրրանո՞ւմ:

Հաստատ պարապել էր:

-Հը, լեզուդ կո՞ւլ գնաց,- հրճվեց Ինան,- չպատասխանեցիր, չպատասխանեցիր...

- Ազնիվ խաղ չէր:

- Ինչո՞ւ:

- Կողմնակի բաներով շեղեցիր ուշադրությունս:

- Ո՞րն է կողմնակի բան... ես դեռ կհիշեցնեմ... Արի, ժամանակ չկա, աղջիկները գալու են,- եւ վազեց գետափով:

Այդ կողմ կարելի էր, միայն թե ոչ դեպի գյուղ:

Լքեցինք սիրելի ձագուկին:

Կարծում էր, թե միայն ինքն է արագավազ: Մանկությունս ֆուտբոլի ու բասկետբոլի մեջ էր անցել, չհաշված սար ու ձորը: Մինչեւ ոլորանը վազեցինք: Այստեղ, զառիթափի ներքեւում մի փոքրիկ խորշ կար, երեւի հատուկ այս տեղի համար էր եկել:

- Ափի մոտ կլողանք...

Հենց դեմս կանգնած գլխի վրայից հանեց շրջազգեստը, անփութորեն գցեց ոտքերի մոտ, բարձրացրեց ձեռքերը եւ հարդարեց մազերըՙ մի պահ անշարժանալով, որպեսզի դրոշմեմ հոգուս մեջ. սկսել էի պատկերներ հավաքել,

ինչպես ալբոմում: Ուրիշ լողազգեստով էր, կանաչ, եւ դարձյալ կպած, ձուլված մարմնին: Նրա անմիջականությունը հենց առաջին օրն էր զարմացրել ինձ, երբ գետափին խցկվեց իմ ու Հրանտի արանքը եւ մեկնվեց աչքերիս տակ իր ողջ հմայքով, այժմ արդեն հաստատեց, որ այդ մարմինը ծանոթ ու հարազատ է ինձ համար, եւ սիրելի:

- Կողմնակի բաներդ հրաշալի են...

- Գիտեմ,- ծիծաղեց Ինան ոտքերին նայելով,- միայն սրա՞նք, չտես մոլագար...

- Վերեւում էլ հրաշալի կողմնակի բաներ ունես,- գլուխս մոտեցրի, կարծես հենց նոր էի հայտնաբերել,- Ալինան թող շատ չերեւակայի իր վարդերով...

- Ի՞նչ...

Ինան մազերս բռնեց ու անսպասելիորեն ծնկահարեց, եղբորից էր սովորել երեւի, այնպիսի տեղի ու պահի, որ ոչ ոք չի դիմանա... Ցավը բռնած պպզեցի:

- Պատահաբար ստացվեց,- ասաց նենգորեն,- օ՛յ...

Ճչաց, որովհետեւ քաշեցի ծնկներից, ես էլ որոշ ձեւեր գիտեի, շրմփաց մեջքի վրա, այստեղ արդեն ձեռքիցս չէր պրծնի... Իսկ ով ասաց, որ ուզում էր պրծնել... Սիրում էինք գլորվել, թե՞ մարմիններն էին բնազդորեն ծածուկ տեղ փնտրում, զառիթափի ստորոտում, երեք կողմից գրեթե փակ, չորրորդում յուրային էր, գետը հարազատ:

Թռիչքով էի զարգացել, հասուն այր, որը լոցմանի կարիք չի զգում: Արդեն ոնց որ շախմատային սեփական տարբերակը լիներ, h4-ով, որը մանրակրկիտ ուսումնասիրել էի եւ գերում էր հատկապես հախուռն գրոհի հնարավորությամբ, դեպի արքայական թեւ եւ կենտրոն միաժամանակ... Շախմատի միակ սխալն է, որ թագուհու փոխարեն թագավորն է գլխավոր նպատակը: Ինան կամովին չէր զիջի նախաձեռնությունը, անակնկալ էի հրամցրել, տնային նախապատրաստություն, անսանձ, փոթորկուն հարձակում, զարմանքի ձայներն էին առհավատչյա եւ խուսափելու ակամա փորձերը: Շուտով, երեւի հիշեց միահեծան իշխանություն շնորհող պայմանը, փրկարարի իրավունքը կամ բնավորության համաձայն խաղի մեջ մտավ առնվազն հավասարեցնելու ձգտումով... Ավելի լավ, որովհետեւ գլխապտույտ արագությամբ սպառնում էի հրաշալի, հինավուրց խաղը վերածել սովորական կայծակնային պարտիայի... Որսացել էի ձգձգելու միտումը եւ որպես ուշիմ աշակերտ ենթարկվեցի պահանջինՙ նոր գիտելիքներ յուրացնելու ակնկալիքով... Այլապես կհայտնվեի գետնին... Մասամբ հայտնվել էի: Զսպելով չէր մոռանում նաեւ խրախուսանքըՙ միառժամանակ ծունկը պատվար պահելով բռնի ներխուժման դեմ...

Գետափը շախմատի պես միայն մի թերություն ուներՙ ծածկոց չկար: Երկուսս էլ խուսափում էինք ներքեւ նայելուց, թեեւ որպես գեղեցկության սիրահար մեղանչում էիՙ մարմինը գնահատելու համար: Նույնիսկ ֆիլմերի գեղեցկուհիները մերկանալիս կոնքային մասում կոճղանման տեսք էին ունենում, որից զերծ էր Ինան: Լրիվ մերկ էլ անթերի էր, ոչ մի ավելորդ կամ պակաս գրամ եւ մասնիկ: Նա նույնպես մի երկու անգամ աչքը ծռեց, նրան էլ ինչ-որ բան հետաքրքրում էր:

- Զարմանալի է,- ասաց,- քո սպիտակ տեղերն ավելի սպիտակ են, քան իմը,- ապա հարցրեց,- ո՞նց ես:

Պարտքն էր համարում այդպիսի պահերին որպիսությունս իմանալ, հոգատար էր:

- Ողջ եմ, ինչպես տեսնում ես: Իսկ դու լավ դիմացար:

- Պա՛հ, մանչուկին տես...

- Մանչուկ էի ձեւանում, որ սիրես: Տասնչորս տարեկանից կենակցել եմ...

Ինան ծիծաղեց.- Իսկ այն մե՞կը:

- Փչոց էր, այդ գիշեր մի փութ նիհարեց:

- Դու կարող ես առողջարան բացել:

- Դժբախտաբար քեզ չէին ընդունի:

- Ինչո՞ւ:

- Նիհարելու տեղ չունես:

- Ես նիհա՞ր եմ,- զարմացավ:

- Դու բարակ ես եւ ճկուն:

Գոհունակությամբ գլխով արեց,- իսկ ի՞նչ էիր ակնարկում Ալինայի մասին:

- Նա կարծում է, թե միայն ինքն ունի վարդեր... բեր հոտոտեմ:

- Համբերիր, անկուշտ... տասնչորս տարեկանից... սոված ես մնացել:

- Հնարավոր չէ քեզնից կշտանալ:

- Ուրեմն ես քեզ չե՞մ բավարարում,- լրջորեն անհանգստացավ նա:

- Իհարկե:

- Ի՞նչ իհարկե, կարգին պատասխան տուր:

- Կպատասխանեմ, եթե սկիզբից դու ասես:

- Խուսափո՞ւմ ես:

- Ես համեմատելու բան չունեմ, ո՞նց ասեմ:

- Քո կարծիքով ես ունե՞մ,- ապա որոշեց բարկանալ,- անտա՛շ...

Ես գլուխս մտցրել էի վարդանոցը: Առանձնապես վիրավորված էլ չէր:

- Դե հերիք է, լողանանք:

Այստեղ գետն աստիճանաբար էր խորանում, քայլելով առաջացանք, իհարկեՙ լողազգեստներով արդեն:

- Շատ պետք չէ,- զգուշացրեց Ինան:

Ջուրը կղզուց ձայներ էր բերում:

- Այդ տղան գործից չի հասկացել,- հրճվանքով բացականչեցի, երբ սուզվելուց հետո երես ելա:

- Ո՞վ,- լողալով մոտեցավ Ինան:

- Նա, որ երազում էր ջրից հեռու տեղ...

- Չի հասկացել,- հաստատեց Ինան,- լա՜վ է ջուրը...

- Նեմիսն է լավ, իմ գետն է...

- Երեւանում ի՞նչ ես անելու առանց քո գետի:

- Անհնար է պատկերացնել:

- Մյուս տարի գալո՞ւ ես:

Կոնքերից բռնելով բարձրացրի կիսով չափ, սլկուն մարմինը իջավ ձեռքերիս միջով, կզակը խփվեց ճակատիս:

- Չես գա:

Ըստ խաղի պատասխանը սա էր. «Այո, չեմ գա, որովհետեւ չեմ էլ գնալու»: Խաղ չէր այլեւս: Չխաղալիս միշտ մտածում եմ, հաճախ այնքան, որ պատասխան չեմ գտնում:

- Կճարես լավ աշխատանք, կամուսնանաս...

- Ինքդ էիր ուզում, որ սիրեն ինձ:

- Ուզում էի, որովհետեւ չէի մտածում, թե ես էլ կարող եմ,- իսկույն ծիծաղեց,- անհավատալի է, մի՞թե վարակեցիր...

- Սիրո՞ւմ ես ինձ:

- Այո, սեր իմ:

Ինչքան էլ ծաղրեր, ինչ-որ բան կլիներ, թեկուզ սեր չկոչվեր...

Ջուրը հրաշալի էր, բայց ափը կանչում էր: Բարկ օր էր: Մեր գյուղի ամառն էր կարծես: Սակայն մեր գյուղում միայն քարեր ու փոշի էին, իսկ այստեղՙ ջուր եւ առատ բուսականություն:

Շորերով մի փոքր ծածկ հարմարեցրի, որ գոնե գլուխներս ստվերի մեջ մնան: Պառկեցինք իրար սեղմված, փաթաթված, դեմքը սեղմել էր սրտիս: Զսպանակվող մազերը երբեմն քիթս էին լցվում ու խուտուտ տալիս: Քիթը ուղիղ էր, սուրուլիկ, շուրթերըՙ նուրբ, պարանոցըՙ քնքուշ, բարակ եւ լեցուն, կուրծքըՙ նույնպես... պարզապես նրա մաշկը փոքր էր մարմնի համար: Մատով խփեի կրծկալին, ծիծաղի պես կպոռթկային ստինքները: Վերջապես պարզել էի պեպենների հանելուկը: Կուրծքը մաքուր էր... կամ զուրկ էր դրանցից: Եվ ինքը պարզեց, որ ձախ քունքիս մոտ պեպենների մի բույլ կա, հինգ կոպեկանոցի չափ տեղ էր գրավում, գրեթե ամբողջովին մազերիս մեջ:

Շուտով չորացանք, արեւն սկսեց ընդարմացնել, բայց դրա համար չէ, որ ջրից դուրս էինք եկել: Էլ ո՞վ էր ուշադրություն դարձնում արեւին կամ անհանգստանում ինչ-որ մեկի հանկարծակի հայտնվելուց...

Բնականաբար պիտի լողանայինք, այս անգամՙ հանգիստ, խելոք, ինչպես ամուսիններ: Լողանալը ծիսակատարության պարտադիր տարր էր դառնում: Հրաշալի էր ջուրը, մաքրագործում էր, կազդուրում ու թարմացնում: Իսկ թե մինչեւ երեկո քանի անգամ մտանք ջուրը, արդեն խառնեցի: Ինչպես որ չէի գտնում սկիզբը, անչափ երկար օր էր: Նախորդի անմիջական շարունակությունն էր, բայց այդքան ժամանակն էլ շատ կարճ էր թվում ապրածի համեմատ: Ինան միշտ անբաժան էր եղել ինձնից, չկար Երեւանի ու Ալթայի տարանջատումը, այնքան հարազատ էր նա:

Մարդիկ չէին երեւում, ոչ ոք չէր խանգարել մեզ, բայց նոր զգացինք շրջապատի անդորրը: Արեւը վաղուց էր մտել, իրիկնաշաղը զգուշացնում էր, որ լողանալու համար թերեւս ուշ է

Կրե-Մարյանի սիրո դասերը հիշեցի. «Մինչեւ երեսուն տարեկանը սեր չկա,- ասում էր նա,- ի՞նչ սեր, երբ ամեն դուր եկած աղջկա ցանկանում ես: Կիրքը խեղդում է սերը: Մինչեւ քառասունն էլ դժվար թե լինի:¬ Համենայն դեպս վերապահումով էր ասում,- երեսունից քառասունը վայելքի տարիք է: Իսկական սերը գալիս է քառասունից հետո: Եթե կարող ես, դիմացիր մինչ այդ»:

Ես նրա ամբողջ տեսությունը մի օրվա մեջ տեղավորեցի: Մի օրում անցա փոթորկալի կրքի, սիրախաղի վայելքի ու ազնվացնող սիրո միջով, այսինքն արդեն քառասունն անց տղամարդ էի...

Ակամա ծիծաղեցի, եւ Ինան իսկույն բացատրություն պահանջեց:

- Էլի՞ պատմվածք,- հարցրեց, երբ մի երկու խոսքով պատմեցի Կրե-Մարյանի եւ նրա տեսության մասին:

- Ամենաիրականը իմ հարեւաններից: Նկարիչ, տարօրինակ եւ հետաքրքիր մարդ, գիշերային կյանքով ապրող: Ասենք, իմ գրեթե բոլոր ծանոթներն էին գիշերակյացներ: Նրա հետ ծանոթացա, երբ գիշերը, երեքի-չորսի կողմերը դուրս էի եկել ուտելիք ճարելու: Շուկան մոտ էր, այնտեղ էի գնալու, բայց պտուղ-բանջարեղենի խանութը ձմերուկ էր ստանում, փռից էլ տաք հաց գնեցի: Վերադարձին, երբ անցնում էի նրա տան մոտով, մութ պատշգամբից ձայն տվեց. «Ձմերուկը մենա՞կ ես ուտելու»:

- Հետո՞, շարունակիր,- խնդրեց Ինան:

- Հետաքրքրե՞ց:

- Ձայնդ եմ ուզում լսել, շատ հաճելի է:

- Հիսուն տարեկան, ճաղատ, կարճահասակ, ամրակազմ, ուժեղ: Նկարում է, մարզվում, սիրում եւ խմում: Անհրաժեշտությունըՙ հենց այս հերթականությամբ: Առաջին երկուսը ամեն օր պարտադիր էր, իսկ սիրելըՙ երբ որ ստացվեր... Որովհետեւ նա կարողանում էր սիրել նաեւ նկարելով: Սքանչելի են նրա նկարների կանայք... Քեզ տանեմ Երեւան, Կրե-Մարյանը նկարի:

- Մե՞րկ:

- Ոչ, ես կնկարագրեմ, թող այդպես նկարի:

- Խանդո՞ւմ ես:

- Այո:

- Խանդոտներին չեմ սիրում:

- Արդեն սիրել ես:

- Ճի՞շտ,- ծիծաղեց,- համոզվա՞ծ ես:

Պատասխանի փոխարեն համբուրեցի այտը, ապա թեքվեցի դեպի վիզը: Մի տեղ կար, շատ էի սիրում, նա էլ հալվում էր, հենց համբուրում էի, պարանոցի ձախ կողմում, անրակի փոսիկը եւ քիչ վերեւ:

- Օ՜, ոչ,- սարսափահար ասաց,- ինձ թվում է, պետք է գնանք, մթնում է արդեն, ինչքա՜ն մնացինք, աստված իմ...:

- Ոտքո՞վ... եղբայրդ այսօր չի՞ գալու մեր հետեւից:

- Դու մի օր լեզվիդ պատճառով ծեծ կուտես: Սաշան կատակներ չի սիրում:

- Կտեսնենք,- հոխորտացի:

- Անխելք, նրա դեմ խաղ չկա, լավ հիշիր...

- Ոչինչ, միայն թե քո ներկայությամբ չլինի... հետո քույրիկից վրեժս կհանեմ:

- Եթե ողջ մնաս:

- Ձեզնից ո՞վ է մեծ:

- Սաշան մի տարի փոքր է:

Քայլելիս էլ կարող էի համբուրել նրան, հենց նույն տեղը: Իրար փաթաթված, համբուրվելով, որ երբեմն ծիծաղով էր ընդհատվում, անցանք կամուրջը: Ձախ կողմում լայն ծառաշերտն էր, որը գյուղից դուրս գալով միանում էր անտառին, աջումՙ դեպի այգի տանող արահետը, դիմացը գետափից թեքությամբ բարձրացող եւ ապա ուղիղ շարունակվող Ինայենց փողոցն էր, որտեղ տներ էինք կառուցում:

- Ո՞ւր գնալ,- հարցրեց Ինան:

- Ուր կուզես, թեկուզ վերադառնանք:

- Գժվեցի՞ր:

- Այո:

- Գնա՞նք պարելու:

Եվ ինձ միանգամից ձգեց Ինայի հետ պարի տաղավարում երեւալու գայթակղությունը:

Հոգնած էինք, խնձորի ծառի մոտ նույնիսկ նստեցինք Ինայի առաջարկով եւ շատ երկար մնացինք: Այս անգամ պարանոցի մյուս կողմն էի փորձում: Զարմանալի էր, ձախ կողմը յուրահատուկ էր: Ասացի Ինային: Նա առաջարկեց մի քանի տեղ համբուրել, որ ինքն էլ զգա տարբերությունը, եւ վստահ հայտարարեց, որ այո, հենց այդ տեղը համբուրում եմ, իրեն շատ է դուր գալիս:

- Արի մանրամասն ուսումնասիրենք ու հայտնաբերենք քո բոլոր էրոգեն գոտիները,- առաջարկեցի պատրաստակամորեն:

- Պետտինգի մասնագե՞տ ես դարձել:

- Դա Ալինայի գաղտնի քայլն էր, որ չբացատրեցիք:

- Մի օր գործնականում կսովորեցնեմ:

- Դե ասա գոնե, որ նորից խայտառակ չլինեմ: Թե՞ ինքդ էլ չգիտես:

- Կարծեմ այսպես. սիրախաղ առանց սեռական գործողության, համբուրվել, սիրել, գուրգուրել, ով երկար դիմացավ, հաղթում է:

- Դա իմ սիրած խաղն է, սկսե՞նք:

- Ո՞ւմ հետ պիտի մրցենք:

- Զույգերո՞վ են մրցում: Ավելի լավ, ես ու դու եղբորդ ու Ալինայի հետ կմրցենք:

- Բայց դու արդեն լկտիանում ես:

Հանուն կատակի միշտ չափն անցել եմ:

- Գնանք,- վեր կացավ նա,- ուզում եմ քեզ հետ մարդկանց մեջ երեւալ:

- Ցուցադրո՞ւմ ես ինձ:

- Այո, հպարտությամբ: Թեեւ մերոնք չեն սիրում հայերի հետ ման եկողներին:

- Հայերի՞ն չեն սիրում, թե՞ նրանց հետ ման եկողներին:

- Երկուսին էլ:

- Հայերին ինչո՞ւ չեն սիրում:

- Շատ անշնորհք են, ահավոր վատ են պահում իրենց:

Գիտեի, որ մերոնք մի բարի պտուղ չեն, բայց բանվոր, գյուղացի մարդիկ էին, անտաշ, անկիրթ, ասենք թե: Չէի կարծում, թե ռուս կամ ուրիշ որեւէ ազգության տրակտորիստները եւ հենց նույն շինարարները նրանցից կուլտուրական կլինեին:

- Մի Ռաֆիկ կա, բոլորի հետ կռվում է:

- Նա չեչեն է:

- Իսկ այն կարմրադեմ մեծքթանին, մի փոքր էլ ճաղատ է, իրեն այնպես է պահում, կարծես մեր գյուղի տերը լինի:

- Թենգի՞զը... Նա վրացի է:

- Չգիտեմ... մեր գյուղում բոլոր եկողներին հայ են ասում:

- Ուկրաինացիների բրիգադ կա, նրա՞նց էլ...

- Նրանց տարբերում ենք:

- Մի քանի տարի առաջ այստեղ երկու աղջկա են բռնաբարել եւ իբր հայերն են արել, ճի՞շտ է:

Սաքոն էր պատմել:

- Այո, ճիշտ է, բոլորն ասում էին, որ հայերն են արել:

- Այդպես էլ մնա՞ց, որ հայերն են արել:

- Այո, ես ուրիշ բան չլսեցի:

- Բայց հայերը չեն արել, ադրբեջանցիներ են եղել:

Մենք խոսում էինք քայլելով: Արահետը նեղ էր եւ ձգվում էր զառիթափի եզրով: Այդ ոչ սիրային խոսակցությունը վարելով ես ուշադիր էի եւ ամուր գրկել էի մեջքը:

- Լիմոնադի գործարանում ովքե՞ր են աշխատում,- հարցրեց նա:

- Այնտեղ հայեր են:

- Հեծանիվով մտել էին պարի հրապարակ...

- Կան վատ բաներ, դեմ չեմ, բայց չի կարելի ընդհանրացնել:

- Ձերոնք, ընդհանրապես այդ եկողները, կարծես չտես լինեն, աղջիկ չեն տեսել... Սոված հայացքով տղամարդիկ... Ասում են, որ դուք գալիս եք հենց դրա համար: Եվ ջահել տղաները, 20-25 տարեկան տղաները 50-60 տարեկան պառավների մոտ են գնում: Միայն դա արդեն գարշելի է:

Միանգամայն համամիտ էի:

- Չէ՞ որ դու էլ,- շարունակեց Ինան ականջիս մեջ,- զուրկ էիր մնացել... Չնայած ես ուրախ եմ դրա համար...

- Բայց ես պառավների մոտ չգնացի, ես էլ իմ պառավին գտա,- համբուրելու պահին ամեն ինչ կարելի է ասել: - Դու ինձնով մի որոշիր, ես աղջիկների հետ քիչ եմ շփվել: Բնավորությունից է գուցե:

- Այո, ասում են, որ դու ուրիշ ես: Ասում ենՙ այդ տղան կարծես հայ չլինի:

- Ես հպարտ եմ, որ հայ եմ:

Այս անգամ նա նախաձեռնեց հերթական ընդմիջումը, հակառակըՙ խոսակցություններն էին ընդմիջումները:

- Այսօր չենք հասնի այգի,- ասաց Ինան:

- Իհարկե այսօր չենք հասնի, կեսգիշերն անց կլինի:

- Պարելու ամենալավ ժամն է, գնանք:

Իսկ ես հոգնածություն էի զգում եւ նոր չէի զգում: Պարզապես ամեն անգամ համբույրն ինձ ուժ էր տալիս: Մնացած ճանապարհն անցանք համեմատաբար արագ: Իրոք լավագույն ժամն էր այգում: Կինոն ավարտվել էր, դրսեկներից շատերը քաշվել էին իրենց կացարանները, նույնիսկ ազատ նստարաններ կային:

Սիգարետ վառեցի, որ շփոթված չերեւամ, ծանոթների կհանդիպեի հավանաբար:

Առաջին անակնկալը. մտնելիս Նինային հանդիպեցինք, ընկերուհիների հետ դուրս էր գալիս: Նրանց խումբը այդպես, ժամանակ առ ժամանակ անհետանում էր այգում, հետո վերադառնում: Նրա համար, ըստ երեւույթին, ավելի մեծ անակնկալ էր, ապշած մեզ էր նայում:

Երկրորդ անակնկալը. Ալինան անմիջապես ուղղվեց մեր կողմըՙ ամուսնուն հետը բերելով: Անակնկալը փոփոխությունն էրՙ բոլորովին ուրիշ աղջիկ, նոր սանրվածք, ուրիշ տեսք եւ ոճ:

Երրորդ անակնկալը. Սաշան պատասխանեց բարեւիս:

Չորրորդ անակնկալը. տաղավարում ոչ մի հայ չկար: Եվ ամենալավը դա էր:

Դադարն ավարտվեց, միացրին երաժշտությունը:

- Ո՞վ ում հետ է պարում,- հարցրեց Ալինան:

- Դե հո քույր ու եղբայր իրար հետ չենք պարի,- ծիծաղեց Ինան, որը, կանխելով հնարավոր ոտնձգությունները, բաց չէր թողել ինձ:

Ես ձգտում էի դեպի մութը, բայց Ինան ինձ տարավ լուսավոր տեղը եւ պարում էր չափից ավելի անձնվիրաբար, հենց բառացի:

- Ինչո՞ւ ես եղբորդ անհարմար վիճակի մեջ դնում,- նախատեցի նրան:

- Դու վա՞տ կզգայիր նրա փոխարեն:

- Այո:

Մութ կողմը գնացինք: Սա էր ուզածս: Վստահորեն գրկեցի նրան, իսկույն մոտ եկավ: Գրեթե մի հասակի, մի քիչ էի բարձր նրանից, երեք-չորս սանտիմետր, բոլոր մարմնամասերով իրար համապատասխան, հրաշալի զույգ էինք: Հրաշալի օրվա վերջին հրաշալի ակորդը, պարը լրացրեց գետափի բոլոր հաճույքները: Լավ յուրացրած պարի եւ ընդհանրապես աղջկա հետ շփվելու ամենակարեւոր դասը, որ անպայման պետք է ականջին մի բան ասել, շուրթերս մոտեցրի ու շշնջացի լեզվիս եկածըՙ սիրում եմ քեզ: Պատահաբար հենց ձախ ականջն էր, իսկ այդտեղից մինչեւ հայտնի փոսիկն ընդամենը մի քանի սանտիմետր էր: Այդ սանտիմետրերն էլ հաճելի էին, ես դեպի նպատակն էի գնում անշտապ, դանդաղորեն, բայց անշեղորեն:

Վերջապես հասա, կարծես այնքան տեւեց, ինչքան իրենց փողոցից մինչեւ այգին էր: Այնպես էի գրկել նրան, որ մատներս հասել էին արմունկներիս:

Այս անգամ նա սթափության կոչ արեց:

- Ուրեմն գնանք,- ասացի:

- Գնանք,- համաձայնեց:

Հեռանում էինք աննկատ: Այդպես էինք կարծում:

- Ընդամենը մի պա՞ր,- իհարկե Ալինան էր:

- Մենք մեր պարը պարեցինք, - ասաց Ինան:

Սաշայից գլուխ չէի հանում, անտարբեր նայում էր մեզ, քիչ մնաց բարի գիշեր մաղթեր, կարծես թե:

- Գետափո՞վ, թե՞ փողոցով,- հարցրեցի:

- Ուզում եմ շուտ հասնել, գնանք փողոցով:

Ինան իր հարազատ գյուղին ծանոթ չէր, գետափի ճամփան անհամեմատ կարճ էր: Թե՞ ինձ էր լավ ճանաչում եւ իրեն: Գիտեր, գետափով լուսաբացին հազիվ հասնեինք: Փողոցն էլ կարծես երկարել էր: Մոտ տասնհինգ րոպե էր տեւում մինչեւ «Բելուխա» խանութը, մի ժամում հասանք իրենց խաչմերուկը: Ես պիտի գնայի հակառակ ուղղությամբ, դեպի գյուղտեխնիկա:

- Բարի գիշե՞ր,- հարցնելու պես ասաց Ինան:

Առանց այդ էլ ուղեկցելու էի նրան:

Իրենց փողոցում առանձին էինք քայլում: Անցանք այն տունը, որի կտուրն էր կապել Հրանտը, նույնիսկ գիշերով փայլում էին թիթեղները, ինժեների տունը, նույնպես աչքի ընկնող, պատերն սպիտակեցրել էին:

- Լավ, այստեղից վերադարձիր,- ձեռքերը դրեց ուսերիս, մի համբույր պարգեւեց ու ասաց,- բարի գիշեր:

Իսկ ես գրկեցի նրան, ոչ թե ինձ սեղմելով, այլ ուղղակի պահեցի ձեռքերիս վրա եւ գնացի դեպի մեր կիսակառույցը:

- Գժվեցի՞ր,- հարցրեց:

- Այո:

- Հետո՞:

- Հիմա կիմանաս:

Անցա շեմի կամրջակի վրայով թեթեւորեն, սենյակների դասավորությունը խառնել էի, չէի հիշում, թե որն է ննջարանը: Հենց նախասենյակում իջեցրի նրան, գրկած պահելով եւ համբուրելով:

Ամեն ինչ արել էինք, ամեն ինչ տեսել, ի՞նչ էի ուզում նրանից:

Նույն հարցը Ինան տվեց:

- Քեզ,- պատասխանեցի,- քեզ եմ ուզում:

Ոտնաձայներ լսվեցին, Նինան էր վազելով գալիս:

- Նինա, սպասիր,- դռան միջից ցածրաձայն կանչեց Ինան, նորից մոտեցավ ինձ,- չփչացնենք այս օրը, այս հրաշալի օրը,- ձեռքը քսեց երեսիս, ծոծրակիս, նորից համբուրեցՙ մխիթարելով խռոված մանչուկին,- հրաշալի օր էր, անմոռանալի...

Գնաց, քույրերը մտան տուն:

Քայլեցի դեպի գյուղտեխնիկա եւ զգացի, որ ուժասպառ եմ եղել ամբողջովին:

Հրաշալի օր էր, անմոռանալի, ասաց Ինան:

Մեր աշխատանքային օրերն այնքան երկար էին տեւում, որ շարունակվում էին գիշերները, քնիս մեջ, համապատասխան ձայներով: Այդ գիշեր, մինչեւ լուսաբաց գետի խշշոցն էր ականջներիս մեջ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.