AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5843, Տպվել է` 498, Ուղարկվել է էլ.փոստով` 214

ԽԱՉԱԳՈՂ 20

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

- Պադ-յոմ:

Սաքոյի բիրտ ձայնը հերթական անգամ ինձ հանեց երազաշխարհից: Ցնցվելով արթնացա, ինչպես ամեն աշխատանքային օր: Կարծես չէի էլ քնել, մի երկու ժամ հազիվ: Վեցը չկար: Արագորեն ուշքի եկա ուրախանալով, որ վերադարձել եմ իրականություն: Թույլ էի եւ քնատ, ջարդված, բայց բավական էր կիսամերկ դուրս գալ, լվացվել սառը ջրով, թեւերս ու կուրծքս շփելով, որ կայտառանամ: Ներսից մի բան թռցնում էր ինձ:

Մյուսները ծանր-ծանր էին հագնվում: Երկուշաբթին ծանր օր էր: Խոհանոցում տեսել էի չհավաքված սեղանըՙ դատարկ շշերով ու խորովածի մնացորդներով: Լավ խնջույք էր եղել:

Իսկ Սաքոն որոշել էր նորից խստություն

մտցնել: Կանգնել էր դռան մոտ ու բանալիների խուրձն էր խաղացնում, ինչպես առաջին օրերին:

- Ավտոն ձեռքիցդ առնում ենք,- ինձ ասաց,- դու գնա Անտառային, նոր տան շարքը պիտի սկսենք, պատրաստություն տես, որ վարպետները գալու են...

Չէի հիշում եւ չէի էլ լսել, թե ինչ նկատի ուներ «պատրաստություն տես» ասելով, բայց դժվար չէր գլխի ընկնելը: Նախորդ տանՙ քսանվեց համարի ավելացած աղյուսները պիտի տեղափոխեի ու ցեմենտը բերեի, շարքի ավազ կար: Անցած շաբաթ առանց ինձ ցոկոլը լցրել էին:

Հույս չունեի, որ այդ ժամին կտեսնեմ Ինային: Հենց առմուտքում, ծածկի տակ անկողին էր գցված: Սեւահեր գլուխ երեւաց եւ մի սպիտակ բան փայլեց: Այս տանը միայն Ալինան սեւ մազեր ուներ, կողքինն էլ ով պիտի լիներ, եթե ոչ աներձագս: Մուշ-մուշ քնած էին: Քնելու ամենալավ ժամն էր, եւ մարդիկ, հատկապես նորապսակները, իրավունք ունեին վայելելու առավոտյան քաղցր քունը Ալթայի մաքրամաքուր օդում:

Աղյուսները շարում էի տախտակի կտորի վրա, սեղմում կրծքիս ու տանում: Այդպիսի մի երթի ժամանակ նորապսակների անկողինը դատարկ տեսա, խանգարել էի նրանց: Այս կողմը երեք պատուհան ունեին: Աչքս գցում էի դրանցՙ ջանալով կռահել, թե որի մեջ կհայտնվի Ինայի դեմքը... կամ գուցե քրոջ: Ինան քնած էր, ինչպես եւ ամբողջ գյուղը:

Մյուս ազգերի բրիգադները այսքան շուտ երբեք դուրս չէին գալիս: Վրացիները որ իննից, տասից նոր սկսում էին աշխատանքը:

Արդեն մտածում էի ճաշարան գնալու մասին: Սերըՙ սեր, բայց սոված էի, երեկվանից:

- Եվ դու կարողանո՞ւմ ես աշխատել...

Ես պատուհաններին էի նայում, իսկ նա ձայն տվեց բակի ծայրից, որտեղ գոմն էր: Կովեր ունեին, պարարտակուրծք, խոզեր, հավ ու սագ: Ճաղերից բռնած նայում էր ինձ ու ժպտում: Հագինը գիշերանոց էր հավանաբար, ծնկներից ներքեւ էր իջնում եւ վերեւում նույնպես ավելի շատ բան էր ծածկում, քան նրա որեւէ ցերեկային զգեստ: Ոչ մի կողմնակի բան, դեմքն ու ժպիտն էին ընդգծվում, չսանրված մազերը, որ եթե սանրեր, նույնն էին երեւալու, աչքերը փայլում էին:

- Ուզո՞ւմ ես, թեյ բերեմ,- հարցրեց շարունակ ժպիտը դեմքին:

- Քեզ եմ ուզում,- ասացի ցածրաձայն, որ միայն ինքը լսի:

- Գժվեցի՞ր:

- Այո:

- Լավ, ես գնամ, թե չէ...

- Այո,- գլխով հաստատեցի,- թե չէ...

Հայրը դուրս եկավ, կարծես խոժոռ նայեց, բայց բարեւեց:

- Շուտ եք սկսում աշխատանքը,- դրվատանքի երանգ կար ձայնի մեջ, ղեկավար մարդ էր, կուսակցական,- թե՞ գիշերներն էլ եք աշխատում,- կատակեց:

- Այո,- խոստովանեցի,- գիշերն էլ...

Ինան աստիճանների վրա էր, աչքի ծայրով նայեց ուսի վրայից ու մտավ ներս: Նրա ջղայնանալն ու զվարճանալը երբեմն (կամ ավելի հաճախ) չէի տարբերում: Հավանաբար ինձ նախատինք էր սպասում: Եթե հանդուրժում էր, որ եղբորը ձեռ առնեմ, գուցե հաճույք էր զգում դրանից, դժվար թե թույլ տար անհարգալից վերաբերմունք հոր հանդեպ:

Ճաշարան գնալիս Տանյային տեսա: Նստել էր փայտե աստիճանների վրա, ծնկները գրկած եւ կզակով դրանց հենված: Երազանքների կամ մտորումների համար լավագույն տեղն անկողինն է, բայց աղջնակը գերադասում էր մաքուր օդը:

- Բարի լույս, Տանյա,- ձեռքով արեցի:

-Բարեւ Ձեզ,- պատասխանեց դեմքը վեր հանելով,- նորից մեր հարեւանությա՞մբ...

- Այո:

- Շատ հաճելի է:

- Ինձ համար նույնպես:

Օրը լավ էր սկսվում:

Երբ վերադարձա ճաշարանից, Հրանտն ու Փայլակը 22 համարի մոտ հատակի տախտակներն էին թափում Տոլիկի ավտոյից, իսկ 28-ի մոտ Ռազմիկն ու Ոսկանն էին ինձ սպասում: Կամոն էր նրանց հետ: Մի ավտոկռունկ եկավ, կանգնեց 26 համարի մոտ: Սաքոն ու վարորդն իջան, կանգնելու տեղն ընտրեցին: Քիչ հետո պանելներ բարձած կցասայլով «Կամազ» մոտեցավ: Եռում էր շինարարությունը Անտառային փողոցում:

Կամոն մնաց վարպետների մոտ, հեշտ էր նրա գործը իմ պատրաստությունից հետո: Սաքոն ինձ կանչեց եւ երկու խոսքով բացատրեց, թե ինչ եմ անելու: Նա բարձրացավ մի պատի վրա, ձեռքին երկար փայտ կար, եսՙ մյուսի վրա, նույնպես փայտով: Պատերը բարձր չէին, բայց ուրիշ բան էր դրանց վրա նստելը կամ թեկուզ քայլելը, ուրիշՙ ձգվելով ու ծռվելով պանելին հետեւելը: Կռունկավարը վստահ էր աշխատում եւ առաջին պանելը հմտորեն մոտեցրեց: Հետո այլեւս բարդություն չկար, դրա վրա ազատորեն շարժվում էինք: Սաքոն բթամատով ցուցումներ էր տալիս կռունկավարինՙ վերեւ, ներքեւ, կողմ, իջեցնել: Կռունկավարը նրան լավ հասկանում էր, բայց Լավրովների բակում հաճախակի շարժում էր նկատվումՙ կինը, տատը, զինվորականը, երեք գեղեցիկ աղջիկներ... Գուցե այդ պատճառով Սաքոն հնչեղ ձայնով երբեմն բղավում էրՙ վի՜ռա... մայնա... Տարեցներն էլ են տրվում տղամարդկային թուլությանը:

Ծածկից հետո ինձ ուղարկեց ավազի: Մինչեւ ճաշ մի ավտո ավազ պիտի բերեի, հրաշալի է, կլողանայի սիրելի գետում, ճաշից հետոՙ քարհանք: Դիմովիչի ընկերակցությունը հաճելի էր, բայց Անտառային փողոցից էի զրկվում: Եվ երեկոյան ավազով վերադառնալու էի այստեղ: Վերջինն ինձ ավելի մտահոգեց: Արդեն համոզվել էի, որ Սաքոյի հանձնարարությունները որոշակի հաշվարկով են պայմանավորված, լավ աշխղեկ էր: Եթե այդքան ավազ էր բերել տալիս, ուրեմն հաջորդ օրերին ինձ համար այլ աշխատանք էր ծրագրել:

Նախաճաշից հետո կային թուլության նշաններ, Ինայի հարեւանությամբ, պարզ է, չէի զգա, հետո էլ գետում լողանալը փրկեց: Բայց ճաշից հետո նույնիսկ սովորական օրերին էի ծանրանում:

Տոլիկի խցիկում, քարհանքի ճանապարհին աչքերս փակվում էին: Հուլիսյան շոգը սաստկանում էր, Ալթայի ամառը հասել էր գագաթնակետին: Դիմովիչը սովորականի պես երկուշաբթի օրերին լավ չէր աշխատում: Ոչ էլ փիլիսոփայելու կամ պատմելու ցանկություն ուներ: Ավելի լավ, ինքս ինձ կմնայի, ես դեռ շատ էի վերապրելու անցած շաբաթ-կիրակի օրերը:

Երկու մեքենա քար եղավ: Երկրորդին վերադարձա: Շուլայի դրությունը լավ չէր, խեղճ էր ընկերներից: Գրիգորը թույլ էր, Դավիթը գլուխ պահող չէր, բայց բահով աշխատելու հմտությունը չյուրացրեց: Վարդանի մասին խոսելն ավելորդ է: Առաջ էլ նա բանվորական աշխատանքներից խուսափում էր, կռվից հետո լրիվ աջ քաշեց: Դավիթն էր բնորոշել: Այդպես էլ անհայտ մնաց, թե նա ու Սաքոն ինչպես էին պարզել իրենց հարաբերությունները:

Օգնեցի նրանց բացած կալը լցնելու, ապա գնացինք գետափ: Տենդագին արագությամբ բարձեցի ավազը: Տոլիկը քնելու հույս ուներ եւ ապշած նայեց, երբ մտա խցիկը:

- Ինչ է, դու էքսկավատո՞ր ես,- անշուշտ հայհոյանքով, որ գովասանք էր արտահայտում:

Ընթրիքն էլ մեջ ընկավ, որից չէի կարող հրաժարվել, ես դեռ գիշերը պարի էի գնալու:

Մի ժամ աշխատեցի Անտառայինում: Ավազը շատ էր, աղյուսը վերջացավ, վարպետները լավ էին շարել: Շարքի ամենահեշտ տեղն էր, գետնի վրա, աղյուսներն էլ մոտիկ լցրած:

Ութն էր, ոչ այնքան հարմար ժամ: Արդեն իննին, ինն անց կես բանթող էինք անում, թեեւ մինչեւ տասը օրալույս էր: Ոսկանը մի դույլ ցեխ վերցրեց, անկյուններն էր կապում: Ռազմիկը ծխելով չափումներ էր անում: Նկատել էի արհեստավորների այդ սովորությունը. պարապ ժամանակ չափումների էին անցնում, հաճախ անկարեւոր: Ապա գնացին Հրանտին ու Փայլակին օգնելու, թեեւ այնտեղ այդքանի համար աշխատանք չկար:

Բաքի ջուրը լավ տաքացել էր: Ձեռքերով հենված պառկեցի ծորակի տակ, տաք ջրի շիթը լցվում էր ծոծրակիս, մեջքիս: Համարյա Նեմիս:

Եթե Ինան տանն էր, անպայման դուրս կգար: Չմոտեցավ ցանկապատին, բակից դուրս եկավ փողոց, դանդաղ, հանգիստ քայլելով մոտեցավ: Հագա վերնաշապիկս:

Գիշերանոցից կրկնակի փոքր էր հագի շորը: Դիվինոյում սովորական էր կարճ զգեստը, կտոր էին խնայում: Ընդհանրապես պարզ էին հագնվում: Երեւանի պճնագեղ աղջիկներից հետո տարբերությունը նկատելի էր: Եվ անփույթ էին: Ահա, Ինան մոտենում էր, եւ նրա մտքով ամենեւին չէր անցնի, որ իր բաց ոտքերը ինչ-որ մեկին հունից հանում են, կամ որ արեւի տակ ազդրերը պարզորոշ գծագրվում են ծածկված տեղում: Ծովափնյա բարքեր էին, գուցե ամռան թելադրանքն էր:

- Որտե՞ղ էիր ամբողջ օրը,- հարցրեց:

- Մենք տարբեր տեղերում ենք աշխատում,- պատասխանեցի:

Բառերը պետք են հենց այնպես ինչ-որ բան ասելու համար: Իրականում մեզ պետք էր մոտենալ եւ նայել միմյանց աչքերի մեջ: Երկար նայում էի եւ անվերջ կնայեի:

- Ինչո՞ւ ես այդպես նայում,- ծիծաղեց,- կարծես մտնում ես մեջս:

- Ճիշտ,- ասացի,- չգիտեի, որ աղջկա աչքերի մեջ նայելը համբուրվելու պես բան է:

- Օ՜... դու դեռ շատ առաջ կգնաս:

Ալինան երեւաց աստիճանների վրա, ձեռքով արեց ու մտավ: Նինայի գլուխը տեսա պատուհանի մեջ: Տղամարդիկ չէին երեւում, կանայք մեր կողմը չէին նայում:

- Եղբայրդ տանը չէ՞:

- Հորս հետ գնաց Լեռնային Ալթայ, այսօր չեն վերադառնա, չվախենաս...

- Մի՞թե վախեցել եմ:

- Ոչ, իհարկե,- ծիծաղեց:

- Ուրեմն այսօր չե՞ք գա պարելու:

- Ինչո՞ւ, առանց եղբոր ավելի լավ չէ՞:

- Լավ է ոչ թե առանց, այլ քեզ հետ:

Անկապություն էր, բայց դուր եկավ նրան:

- Լավ, դե գնա, որ հասցնես:

- Կինոյի՞ն,- ճշտում էի:

-Կինո երեխաներն են գնում,- ծիծաղեց եւ ավելացրեց,- սիրահարները հանդիպում են առանց պայմանավորվելու:

Գիշերային հանդիպման հեռանկարը դրդեց բաժանվել: Արդեն անելիքս գիտեի: Առաջին մտահոգությունս Կամոն էր, մտածում էի, որ կխանգարի ինձ: Նա գալու միտք չուներ, հայրն էր արգելել, բայց խնդրեց փոխանցել Նաստյային, որ շուտով կերեւա:

Չէի շտապում, հանգիստ ընթրեցի: Սափրվեցի, գլուխս լվացի:

- Ամեն օր թրաշվո՞ւմ ես,- զարմացավ Հրանտը,- երեսդ կփչացնես:

Ձայն չհանեցի, հագա կոստյումս ու փողկապ կապեցի: Շուլան հենց նոր վառել էր «Լիգերոսը», խեղդվեց ծխից: Տնից բերած «Ավրորան» վերջացնելուց հետո անցել էր այս սիգարետին: Խանութում մի օր տեսավ, փորձեց ու հավանեց, կուբայական, թունդ ու անֆիլտր, բայց երկար:

- Դու լրիվ ձեռից գնացել ես, Արամ,- ասաց հազալով:

- Թող հագնի, բա ոնց,- բարկացավ Հրանտը:

Մութն ընկել էր, կարող էի դուրս գալ: Այս հանդերձանքով հենց իմ աչքին ուրիշ էի: Այստեղ առաջին անգամ կոստյումս հագա, որը նիհարած ու ձգված մարմնիս վրա նախկինից շատ ավելի լավ էր նստում:

Գնացի փոստատուն, պարբերաբար Երեւան զանգահարելը պարտականություն էր դառնում: Նամակ չգրելս փոխհատուցվում էր:

Տասնմեկից հետո նոր մտա այգի:

Վերջերս հայերը քիչ էին երեւում: Սովխոզի բրիգադում ու մարտունեցիների մեջ ջահելներ չկային, քյավառցիների օթեւանը գյուղից դուրս էր, հեռու, չաշխատող գործարանում էին տեղավորվել: Արսենի ջահելներն էլ չկային, երեւի ճնշում էր նրանց հեծանիվի դեպքից հետո: Վրացիների մի խումբ միշտ այդտեղ էր: Ադրբեջանցիները կինո գալիս էին, պարի տաղավար չէին մտնում: Մի ադրբեջանցի էլ մարտունեցիների հետ էր աշխատում:

Սիգարետ վառեցի, դանդաղ առաջանում էի ջանալով հեռվից գտնել նրանց:

Ծխելու պահանջ կամ ցանկություն չէի զգում, չէր ձգում ինձ ծխախոտը, բայց կոստյումի եւ փողկապի հետ պետք էր կարծես:

Սկզբում Ալինային տեսա եւ նրա շուրջը Ինային էի փնտրում ապարդյուն: Նա պարում էր Պետրոյի հետ: Պետրոն ձախ ձեռքով գրկել էր Ինայի մեջքը, իսկ աջը կախ էր գցել կոնքի երկայնքով, կարծես շոյում էր: Ես ուշացել էի:

Այլեւս չմտա տաղավար: Սիգարետն օժանդակ տարրից վերածվել էր անհրաժեշտության: Գիտեի, թփերի հետեւում նստարան կար: Ծիծաղելի էր ոգեւորությունս, կոստյում, փողկապ... Երկար չկարողացա մնալ, համբուրվողների տեղն էր:

-Սա՜ ինչու է այստեղ նստել մենակ,- ասաց մի աղջիկ:

Հաջորդ զույգը պարզապես նստեց եւ անցավ իր գործին:

Գնացի գետափ, թեեւ պետք է միանգամից տան ճամփան բռնեի:

Գետափին նստեցի պառկած ծառի վրա: Այստեղ եղել էինք ես եւ Ինան: Հաջորդ սիգարետը տհաճ թվաց, ինչո՞ւ եմ ծխում, «Օպալի» տուփը ճմռթեցի եւ շպրտեցի գետը: Հազիվ սկսած թողեցի ծխելը: Քսաներեք տարի չեմ ծխել, նո՞ր պիտի սկսեմ:

Այդտեղ էլ հանգիստ չգտա, մի եռյակ օղու շիշն էր դատարկում, լողացողներ կային, մի աղջիկ սիգարետ ուզեց ինձնից, ուշացել էր: Կգնայի գետափով, բայց չուզեցի Ինայի հետ եկած ճանապարհը նորից անցնել, թեկուզ եւ հակառակ ուղղությամբ:

Տաղավարը հեռվից շրջանցելով դուրս եկա այգուց: Մուտքի մոտ, փողոցում աղջիկներ էին խմբվել:

- Շախմատիստին տես, ինչպես է զուգվել,- լսեցի:

- Բայց ինչո՞ւ է այսքան շուտ գնում... եւ մենակ...

Նախկին ամաչկոտ պատանին չէի, հանգիստ մոտենում էի նրանցՙ ամեն մեկին ուշադիր զննելով: Նինան էլ էր նրանց մեջ եւ զարմացած նայում էր:

- Բարեւ Ձեզ,- դիմեցի նրան ու անցա առաջ:

Լսեցի նրա պատասխանը: Ապաՙ փռթկոց: Հավանաբար ինքը չէր, բայց դա նշանակություն չուներ: Աղջիկ էր, փռթկացրեց: Դիվինոյում չարաճճի աղջիկները շատ էին:

Գոնե այսօր շուտ կքնեմ:

Մերոնք դեռ արթուն էին, տեղավորվել էին մահճակալներին:

- Շուտ եկար, զանգեցի՞ր,- հարցրեց Դավիթը զարմացած:

- Հա, շուտ միացրին:

Պառկեցի: Քիչ անց սենյակում բազմաձայն խռմփոցը սկսվեց: Սովորականի պես օրվա պատկերը հառնեց, բայց ջնջեցի, հիշելու բան չունեի...

Թող էլի պարեր, բայց ձեռքը այդպես...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.