AZG Daily #24, 23-06-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 5299, Տպվել է` 452, Ուղարկվել է էլ.փոստով` 208

ԽԱՉԱԳՈՂ 22

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչ կիրակի առանց խորովածի եւ... լվացքի: Ես կասեի, ինչ կիրակի առանց գետի: Խորովածին ու գետափին դեռ շատ ժամանակ կար: Մինչ այդ լվացք էինք անում եւ այլն: Կիրակի օրվա ընթացակարգն արմատավորվել էր. ութից ինը վեր կենալ, մաքրություն, ուշ նախաճաշ կենտրոնի ճաշարանում, հանրախանութի մանրակրկիտ ուսումնասիրություն, լավ ապրանքներ լինում էին, ես մի քանի բան գնել էի: Կողքին գրախանութն էր, որտեղ միայն ես էի մտնում: Ապա վերադառնում էին տուն եւ ամբողջովին տրվում խորովածի վայելքին, որի մեջ ոչ փոքր տեղ էր գրավում պատրաստությունը: Շուլայի համար հիմնականը հենց դա էր: Մերկ մեջքը արեւին տված, ինձնից ոչ պակաս սեւացած, հետեւում էր խորովածին, ջուր ցողելով, շուռ տալով, փորձելու ժամանակ մի մեծ բաժակ սառը օղի էր խմում... Կշտացած քաշում էր խորովածը: Ընտիր խորոված էր անում: Ընկերակցեցի նրան կրակի մոտ եւ համոզվեցի, որ դրանից հետո առանձնապես չի ուտվում: Բարեբախտաբար բաժակաճառերը վերացել էին, էլ ընկերության ու ազնվության կենացը չէին խմում:

Վերջապես դուրս եկա: Հրաշալի շոգ օր էր: Ինայենց փողոցով չգնացի, ուրիշ տեղից հասա գետափ: Կոշիկներս հանեցի ու անցա վտակը, շարունակեցի մարգագետնով բոբիկ, իրար կապած կոշիկները գցել էի ուսիս, վերնաշապկիս կոճակներն արձակ, հասնեմ ու կընկնեմ ջուրը:

Մեր խորշը զբաղեցրել էին, զարմանալի չէր, որ այդ հարմար տեղը ուրիշների էլ էր գրավել: Աղջիկ-տղա էին, ձայներից պարզ էր, թե ինչով են զբաղված: Հույս ունեի, որ մինչեւ Ինայի գալը կվերջացնեն իրենց անբարո գործը:

Գետափը լավագույն ժամադրավայրն է: Շուտ էի եկել, բայց սպասելը տանջանք չէր: Կղզու մոտ լողացա: Այստեղ էլ վատ չէր, եթե հյուրեր չհայտնվեին: Հյուրեր գալու էին, Ինան ասաց, լողանալու, եղբայրն ու աղջիկները, գուցե նաեւ ծնողները:

- Լավ, լավ,- մխիթարեց Ինան,- երկու ժամից հազիվ գան:

Ասում էրՙ երկու ժամից, բայց չթողեց, որ գրկեմ, անտրամադիր էր երեւում, թեեւ ջանում էր թաքցնել կարծես, եւ անժպիտ:

- Ուզում եմ լողանալ,- ասաց:

Լողացանք, պառկեցինք: Այստեղ արդեն թույլտվություն չէի խնդրի, սակայն...

- Աղջիկը մերն է, իսկ սա՞ ով է...

Զառիթափի վրա տղաներ էին կանգնած, երեք հոգի, որ ներքեւից գուցե ավելի բարձրահասակ էին երեւում:

Ես շտկվեցի, Ինան ընդոստ վեր թռավ:

- Էյ, սեւամազ, արի վերեւ,- կանչեց մեկը:

Նրանց չէի տեսել, անծանոթ էին:

- Ինչո՞ւ ես կանչում վերեւ,- հարցրեց Ինան,- դու ի՞նչ ես ուզում, Լյոշա:

- Դու սուս,- ասաց մի ուրիշը,- նա մեզ պարտք է:

- Ճանաչո՞ւմ եք իրար,- զարմացավ Ինան:

- Նա մեզ կալիմ պիտի վճարի:

- Կալի՞մ... Ես մուսուլման չեմ,- հիմարություն էր ասածս, բայց պետք է համրությունից դուրս գայի:

- Եթե սրանց առաջ խեղճանաս, ավելի կկատաղեն,- շշնջաց Ինան:

- Քեզ ասում են արի վերեւ,- արհամարհանքով գոռաց երրորդը, ըստ երեւույթին համոզված, որ վախից տակս թրջել եմ,- վճարիր, որ թողնենք մեր աղջկան...

Եվ ձեռքերն արտահայտիչ խփեց իրար:

- Անասուն,- բղավեց Ինան:

- Կամ դու կվճարես, եթե ինքը չի կարող,- ասաց Ինային,- երեքիս...

Ի վերջո, եթե չբարձրանայի, իրենք էին իջնելու: Ծալովի դանակը ջինսիս գրպանում էր, հագնելուց առաջ կարողացա գրպանում բացել: Կտորը ճղվեց, շեղբը մտավ ափիս մեջ, բայց կարեւորն արել էի: Իհարկե, խփելու միտք չունեի, կվախեցնեի: Իսկ եթե չհաջողվեր եւ շարունակեին, չգիտեմ... Ոչ միայն ինձ, Ինային էին սպառնում: Ես դա չէի թողնի, ինչ էլ լիներ:

Քիչ հեռվից բարձրացա, բայց նրանք իսկույն շրջապատեցին ինձ:

- Ի՞նչ եք ուզում,- դեռ ջանում էի մեղմել նրանց Ինայի խորհուրդը մոռացած:

- Օղի ունե՞ս,- հարցրեց կալիմ պահանջողը:

- Չէ, որտեղի՞ց այստեղ...

- Դե որ չունես, էլ ինչի՞ ես ապրում...

Գնելն ասում էրՙ առաջին հարվածը ձվերիդ սպասիր:

Սա իր կարծիքով անսպասելիորեն ոտքն առաջ գցեց, ես կռացա, որ ձեռքով պահեմ հարվածը, անմիջապես հրեց ինձ: Քիչ մնաց զառիթափից ներքեւ գլորվեի: Արագորեն ուղղվեցի, այլապես, գիտեի, քացու տակ կգցեին, եւ դանակը հանեցի:

- Արա՛մ,- ճչաց Ինան:

Հազվադեպ էր անունս տալիս:

- Սրանք միշտ դանակով են ման գալիս,- ասաց վերջինը:

- Ոչ միայն դանակով,- առաջացա:

Նրանք զգուշորեն հետ-հետ գնացին:

- Իմացիր,- ասացի խփողին,- որտեղ էլ լինես, կգտնեմ քեզ: Իսկ եթե ինձ բան եղավ, միայն ձեր շրջանում հարյուրից ավելի հայեր կան, նրանցից չես փրկվի:

- Դե լավ,- հանգստացրեց նա, սփրթնել էր:

«Վիլիսը» երեւաց:

- Ահա միլիցիան էլ եկավ,- Ինան արդեն կողքիս էր:

- Մենք էլի կհանդիպենք,- ասաց խփողը:

- Ես մորդ կասեմ, Լյոշա,- Ինայի ուժը երեւի այդ խեղճ Լյոշային էր պատում, ինձ խփողին եւ մյուսին չէր դիմում:

- Իսկ ես ո՞ւմ ասեմ,- պատասխանեց Լյոշան հեռանալով:

Գնացին:

- Շուտ իջնենք,- արագացրեց Ինան,- արյունդ լվա, քանի մերոնք չեն եկել: Ինչ կատաղի տեսք էիր ընդունել,- ծիծաղեց արդեն ջրի մոտ,- մի՞թե կհարվածեիր:

- Թողնեի, որ քեզ բռնաբարե՞ն:

- Դրանցից ի՜նչ բռնաբարող... հարբեցողներ են... Եթե փորձեին, կսպանեի՞ր...

- Այո,- անվարան պատասխանեցի:

Ափսոս, «հյուրերը» եկան: Կարծես թե արդեն սիրո պահ էր ստեղծվել:

Ալինանՙ նորովի, ինչպես ամեն անգամ, լողազգեստով իջավ մեքենայից: Սաշան հանգիստ բարեւեց ինձ: Մի տղա էլ կար, անունըՙ Ալեքսեյ, այսինքնՙ Լյոշա կամ Լյոխա: Ծնողներն, իհարկե, չէին եկել, Ինան գունազարդումն ինձնից էր սովորել: Եվ Նինան չկար:

Արյունը չէր կտրվում: Ինան Սաշայից դեղատուփն ուզեց, այդտեղից բացվեց պատմությունը:

- Դանակո՞վ ես շրջում,- թեք նայեց Սաշան:

Դանակը գուցե փրկեց քրոջը: Չասացի, ինձ համար Ինայի հայացքը բավական էր, իսկ Ինան այդքանով չբավարարվեց:

- Նա ինձ փրկեց,- հայտարարեց:

Չէի կարծում, թե նրան ձեռք կտային: Թեեւ նրանցից ամեն ինչ սպասելի էր: Անցյալ տարի այդպիսի ջահելները ծեծելով սպանել էին հիվանդանոցի հնոցապանին, որովհետեւ խեղճ մարդը գիշերով չէր կարողացել օղի ճարել նրանց համար:

- Սաշ, միգուցե գնանք,- անհանգստացավ Ինան,- չվերադառնան հանկարծ:

Սաշան ձեռքը թափ տվեց, անուններն իմացել էր, տարեկիցներ էին մոտավորապես: Ինձ խփողի անունը Վասյա էր:

Ալինան ջրից դուրս եկավ եւ մոտեցավ ինձ:

- Այսօր խաղալու ենք,- ասաց,- դրա համար եմ եկել:

Լողազգեստն ինքնին շատ քիչ բան է թաքցնում, իսկ նրանն ավելի շատ ցուցադրում էր, քան թաքցնում, հատկապես կրծկալը: Ես դեռ չգիտեի, որ կրծկալը հենց կուրծքը ցուցադրելու համար են հագնում:

- Ինձ թվում է, մենք արդեն կարող ենք «դու»-ով խոսել:

Չգիտեմ ի՞նձ, թե՞ ամուսնուն դիմեց նա: Հետեւաբար պատասխանի իրավունքը ինձ չվերապահեցի: Հավանաբար ամուսինը նույն վիճակում էր, ձայն չհանեց:

Ալինան կուրծքն առաջ մղելու յուրահատուկ շարժում ուներ, հագուստի մեջ էլ էի նկատել: Կուրծքը կարծես դեմքին էր փոխարինում: Զարմանք, հուզմունք, ուրախություն, տխրություն, ամեն ինչ կրծքով էր արտահայտում: Վերջին վիճակը դեռ չէի տեսել, տխրությունը, երեւի դա ուշ տարիքում կարտահայտվեր:

Հայացքով Ինային աղաչեցի, թե փրկիր, մի բան արա, այլապես պատասխանատու չեմ ինձ համար:

Ալինայից առայժմ պրծանք: Ալեքսեյը մեջ ընկավ, Լյոխան:

Մի արկղ օղի կար «Վիլիսի» մեջ, երկու շիշն էին բերել, բայց նա երկրորդ բաժակից գլուխը կորցրեց: Ձեռք էր գցում Ալինային, փորձում էր կրծկալն արձակել, իսկ երբ Ալինան խալաթը հագավ, դա էր քաշքշում: Գլուխը դրեց գոգն ու համբուրեց բաց փորը: Ալինան ծիծաղելով խուսափում էր: Եվ հանկարծ այդ Լյոխան շուռ եկավ Ինայի կողմը: Ինան կանխեց նրան (եւ ինձ), միանգամից ուժեղ հրեց ծիծաղելով, բայց զգուշորեն ինձ նայելով: Լյոխան նորից անցավ Ալինային:

Սաշան ընդամենը մի անգամ ասաց. «Դե վերջացրու, Լյոխա»:

Չար դեւը սկսեց իր գործը: Այդպես է, դիվահար եմ դառնում, երբ ինչ-որ միտք համակում կամ բռնում է ինձ, եւ չեմ հանգստանա, մինչեւ չհանեմ: Սաշան ընկերաբար, ինչպես Լյոխային, ինձ նույնպես թույլ կտա՞ր խաղալ կնոջ հետ, թե՞ ազգային խտրականություն կդրսեւորեր:

Տեղաշարժվեցի Ալինայի կողմը: Մտածում էի, որ ինքը կսկսի կամ առիթ կտա: Ինան կասկածանքով նայեց ինձ: Նա կարդում էր հոգիս, ինչպես եւ եսՙ իրենը:

- Արի լողանանք,- ձեռքս բռնելով քաշեց, որպեսզի չմերժեմ,- մի ձեռքով կարո՞ղ ես լողալ:

- Քո հետեւիցՙ իհարկե, թեկուզ առանց ձեռքերի,- հիշեցրի լողի առաջին դասը:

Արյունը կտրվել էր, հանեցի վիրակապը, որը խնամքով փաթաթել էր Ինան:

Լողացինք դեպի կղզի: Կառանձնանանք վերջապես: Կարծում էի, թե կղզի տարավ գլխիս քարոզ կարդալու:

- Ես կասկածում եմ,- խորհրդավոր տեսքով շշնջաց նա,- ինձ թվում է, այն երեքին Սաշան էր ուղարկել:

Հնարավոր էր, ինչ-որ ձեւով բացատրվում էր Սաշայի վերջին օրերի վերաբերմունքը: Բայց դրանով Ինային էլ էր վտանգի ենթարկում:

- Իմ ներկայությամբՙ որպեսզի խայտառակվես: Գուցե մտածում էր, որ ինձ թողնես կփախչես: Հիմա էլ առիթ է փնտրում: Բավական է մի երկու խոսք փոխանակես Ալինայի հետ կամ Լյոխայի պես վարվես, վերջդ կտա:

- Իսկ ես արդեն տալիս էի այդ առիթը,- Ինայից ոչինչ չէի կարողանում թաքցնել:

- Դու հիվանդ ես,- առաջին անգամ չէ, որ այդպես անվանեց ինձ, թեեւ հումորս գնահատեցՙ «ազգային խտրականությունը»:

- Ես հիվանդ չեմ,- ասացի,- ինձ հետաքրքրում են բարքերը, սովորությունները, մարդիկ, անհատները: Ես պիտի պարզեմ այդ «ազգային խտրականությունը»...

- Եվ առաջինը ոչ թե Սաշայից, այլ ինձնից կստանաս,- սպառնաց Ինան,- այս անգամ քեզ դանակը չի փրկի:

- Ինձ միայն մի բան կփրկի... Որ հասցնեմ վիզդ համբուրել:

Իրոք, պետք էր միայն փոսիկին հասնել:

- Անկեղծ ասեմ,- դադար տվեցի,- այս ամբողջ պատմությունը ես սարքեցի, որ ինձ կղզի բերես:

- Բայց ո՜նց ես կարողանում ստերդ հարմարեցնել,- ծիծաղեց Ինան:

- Աո՜ւ,- ձայն տվեցին ափից:

- Այդ աղջիկն ուղղակի նախանձ հոգի է:

- Գնանք,- զգուշացավ Ինան,- նրանք հիմա կհարբեն:

Ավելորդ էր Ինայի վախը, Լյոխան վաղուց էր հարբած, քնած էր, միգուցե խմած էր եկել: Իսկ Սաշան լավ խմողներից էր երեւում:

- Կանչեցի, որ խմենք,- արդարացավ Ալինան,- չխանգարեցի, չէ՞,- կարծես ասերՙ եթե խանգարել եմ, լավ եմ արել,- լցրու, Սաշա, այսօր խմելու ենք:

Բարեբախտաբար ամեն մեկիս համար բաժակ կար: Ծխահարած ձկից բացի ուրիշ ուտելիք չէր երեւում: Հաճախ էի լսել, որ չեն սիրում օղուց հետո բան ուտել: Դիմովիչը կարճ եւ ուժեղ արտաշնչում էր բերանին մոտ պահած ձեռքին եւ վերջ:

Ես ընդամենը մի բաժակ էի խմել: Աղջիկների եւ Լյոխայի խմածից ենթադրում էի, որ Սաշան շատ է խմել, շշից ավելի, բայց լուռ էր եւ լուրջ: Նա դատարկեց երկրորդ շիշը, եւս երկուսը բերեց: Երեկոն լրջանում էր:

Մեր բաժակաճառերից դժգոհում էի, բայց դրանք ժամանակ էին շահում, ձգձգում խմելը, իսկ այստեղ չհասկացա, թե ինչպես հաջորդ երկու շիշը հայտնվեց: Ինան Ալինայի չափ չէր խմում, մի բաժակը քանի անգամ մոտեցրեց բերանին, բայց աչքերը կայծկլտում էին, խոսում էր չոր, փոխված ձայնով: Ալինան բացվում էր... բոլոր իմաստներով:

Լյոխան արթնացավ, միանգամայն լուրջ եւ իսկույն շիշը դրեց բերանին: Նրա խմածից երեւի չէինք խմի, մյուսը չորսիս համարՙ ոչինչ: Եթե «Վիլիսում» եղածը չհաշվեինք...

Բայց արկղը բերել էին այստե՞ղ խմելու համար: Լողանալո՞ւ էին եկել, թե՞ հարբելու:

Խմում էին, մի երկու բառ փոխանակում, սիգարետ վառում, խմում, ձկան ոսկոր կծմծում-ծծմծում, խմում... Չէին կարող այդպես անընդմեջ երկար խմել, վերջապես եկավ դադարի պահը: Ոչ ոք դեռ հարբած չէր, նույնիսկ Լյոխան, նույնիսկ ես, թեեւ երբեք այդքան օղի չէի խմել: Զգում էի, որ քթիս ծայրն է բթանում: Հաճելի էր ամեն ինչ, Ինան ու Ալինան շողշողուն էին ու գրգռիչ, Լյոխային դիտում էի որպես գրական կերպարի, տողեր էին ձեւավորվում, եւ Սաշանՙ քչախոս ու ինքնամփոփ: Հարազատ էին բոլորը թվում:

Աղջիկներն իմ «Օպալը» վերջացրին, անցանք Սաշայի «Պրիմային»: Անֆիլտր սիգարետ չէի ծխել, ծխախոտը լցվում էր բերանս, թքոտում էի, թունդ էր եւ յուրահատուկ համով:

- Ե՞րբ ենք խաղալու,- ինձ հարցրեց Ալինան:

- Այսօր ոչ մի խաղ,- ուշադիր ինձ նայելով պատասխանեց Ինան: Նա իրեն իրավունք էր վերապահել որոշելու եւ պատասխանելու իմ փոխարեն:- Մենք շուտ ենք գնալու:

Խմիչքը չէր բթացրել նրա զգոնությունը, իսկ հայացքն ինձ հուշում էր, որ չի կարելի մոռանալ Սաշայի վտանգը: Այնուամենայնիվ Սաշայից չէի հավատում:

- Ի՞նչ եք խաղում,- հարցրեց Սաշան:

Ալինան բացատրեց:

- Ես էլ կխաղամ,- ասաց, որպես շախմատիստ լավ կխաղար, ավելացրեց,- մենք շախմատ չխաղացինք:

- Ոչ մի շախմատ,- կտրեց Ալինան,- մեր օրը չփչացնեք:

Մինչ Լյոխայի զարթնելը Ինան ու Ալինան էին խոսում, ես ու Սաշան կարճ պատասխաններ էինք տալիս: Ալինան ինձ էր դիմում, Ինան Սաշային էր խոսեցնում: Լյոխան սկսեց անեկդոտներ պատմել: Բոլոր անեկդոտները սեռական թեմայով էին, գործողություն, անդամներ, կարողանալ-չկարողանալ, ծիծաղելի վիճակներ, ամենայն անկեղծությամբ, գռեհկությամբ եւ բառացի: Այդ տղան փչացրեց օրը, բայց ծիծաղում էին, նույնիսկ Սաշան զվարթացավ:

- Ինչո՞ւ չես ծիծաղում,- դիմեց ինձ Ալինան:

Ուսերս թոթվեցի, պիտի ասեիՙ գռեհիկ են, ասացիՙ սրամիտ չեն:

- Դու պատմիր,- առաջարկեց նա:

- Նույն թեմայո՞վ, չգիտեմ:

- Փորձ չունե՞ս:

- Պատմելո՞ւ:

- Կյանքի:

- Պատմողն առանց ապրելու էլ կպատմի:

- Եվ կբռնվի:

- Կարեւորը ծիծաղն է:

- Մի՞թե վատ է:

-Սովորական է դառնում:

- Ավելի լավ:

- Սրբությունն է գռեհկացվում:

- Սեքսը սրբությո՞ւն է:

- Գեղեցկություն է:

- Բայց մենք ինչո՞ւ անցանք սեքսին:

- Բնական ընթացքով:

- Ինքնաբերաբա՞ր:

- Եվ այդպես էլ կհեռանանք:

- Ո՞վ է ստիպում:

- Ներքին ձայնը:

- Կարելի՞ է սիգարետ վառել:

- Անշուշտ, եւ որպեսզի ժամանակ չկորցնեք, ես կվառեմ:

Ապշած Լյոխան երկխոսության կրակոցների հետ գլուխն աջ ու ձախ էր տանում, քույր ու եղբայր հասկացել էին, որ խաղն սկսված է, ուշադիր հետեւում էին:

- Իմ թարթիչներն ինձ համար ավելի կարեւոր են,- Ալինան լռել էր կպցնելու ժամանակ:

- Այո, դրանք գեղեցիկ են:

- Միայն դրա՞նք:

- Այդպես խաղալը շատ հեշտ է:

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ ես առնվազն մի տասը գեղեցիկ բան կարող եմ նշել:

- Օրինակ:

- Ձեր աջ ոտքի թաթը:

Ալինան իսկույն ի ցույց բոլորի ոտքն առաջ բերեց, իրոք գեղեցիկ էր:

- Հետո՞:

- Ձեր ձախ ոտքի թաթը:

- Հետո՞:

- Ձեր աջ ոտքի կրունկը:

- Դուք ալպինիզմով չե՞ք զբաղվել:

- Չի կարելի ոչինչ բաց թողնել:

- Բայց դա շատ երկար կտեւի:

- Նայած, թե նպատակը որն է:

- Ուր որ տանում են բոլոր ճանապարհները:

- Եվ մենք չպիտի՞ խմենք,- ցուցադրելով արհեստական ատամները կատաղած ընդհատեց Լյոխան:

- Քեզ ո՞վ է խանգարում, ապուշ,- ջղայնացավ Ալինան:

Լավ խաղ չէր ստացվել, ուրախ էի, որ ընդհատվեց: Գլուխս դժժում էր: Խմածության հաճելի պահն անցել էր: Կամ պիտի ամեն ինչ նորից սկսեինքՙ շարունակեինք խմել, կամ լողանայինք ու գնանք: Նրանք ընտրեցինՙ լողանալ եւ խմել:

Ալինան ու Ինան մոտեցան ջրին: Ես դեռ նստած էի եւ նորից ակամա համեմատում էի նրանց: Ինան, անշուշտ, ավելի բարեկազմ էր, բայց պարզ էր: Երկար, գեղեցիկ ոտքեր, սահուն կոնքեր, բարակ իրան, նուրբ ուսեր: Նրբագեղությամբ հանդերձ ճկուն էր եւ ուժեղ: Գյուտ կլիներ Կրե-Մարյանի համար, նրբագեղ կանանց էր նկարում, որոնք նաեւ գեղեցիկ կրծքից զուրկ չէին: Պարզ ու որոշակի էր, որ Ինան գեղեցիկ է: Ալինան բարդ էր, ոչ միայն էությամբ: Կոնքերն ավելի լայն էին եւ մսոտ, բայց մսոտՙ Ինայի հետ համեմատած: Մեջքն էլ էր մսոտ: Ինչ-որ անհամաչափություն էր զգացվում, կամ իրանն էր կարճ, կամ գուցե Ինայի կատարյալ բարեկազմությունն էր ստվերում նրան: Մի խոսքով, չէի կարողանում որոշելՙ նա գեղեցի՞կ էր, թե՞ ոչ, եւ հենց այդ անորոշությունն էր որոշակի հետաքրքրություն առաջացնում: Որոշելու համար ժամանակ էր պետք, չափուձեւ անել, համեմատել, գուցե էլի ինչ-որ բան: Այդ մի քանի րոպեն, որ նրանք կանգնեցին ջրի մոտ, շատ քիչ էր: Մինչ այդ, նստած ժամանակ կամ առաջ, երբ աչքերս հառում էի Ալինային, Ինան իսկույն միջամտում էր հայացքով: Հիմա էլ, ջրի մեջ կանգնած, կարծես թիկունքով զգաց, որ Ալինային եմ տնտղում, ուսի վրայից հետ նայեց: Խղճի խայթ զգացի եւ ամոթ, կարծես դավաճանության մեջ էի բռնվել, նա էլ տառապագին ու անողոք հայացքով մեղադրում էր ինձ:

- Դու չե՞ս լողանում,- հարցրեց Սաշան գետի կողմը գնալով:

Թվաց, թե նա էլ է բռնել հայացքս: Սաշան մկանուտ էր, բայց փոքրամարմին:

Լողանալու ցանկություն չկար: Զգում էի, որ ուրիշ միջավայրում եմ: Նրանք ուրիշ մարդիկ էին: Այդ խոսքը մի անգամ գյուղտեխնիկայում էի լսել, մեր մասին: Նույնը ես էի զգում:

Երկար չմնացին ջրի մեջ: Նստած սպասում էի աչքերս փակ: Մի պայման էի կապել ինքս ինձ: Եթե առաջինը Ինան մոտենար ինձ, գուցե եւ շարունակեի սերը, իսկ եթե Ալինան մոտենար, դա կփարատեր անորոշությունը:

- Ինչ-որ բա՞ն է պատահել:

Ինան էր, հարցական նայում էր դեմքիս: Մի՞թե ուզում էի, որ Ալինան լիներ:

- Գնալ է պետք,- ասացի:

- Ուզում ես գնա՞լ:

- Այո:

- Լավ չէ՞ր մեզ հետ:

- Չգիտեմ:

- Ուզո՞ւմ ես գամ հետդ:

Կարծես ստուգելու համար հարցրեց:

- Իհարկե ուզում եմ:

Ակնթարթորեն պատասխանեցի, որ չմտածեմ: Բայց անմիջապես իջավ գլխիս, որ կարող ենք մտնել մեր սարքած տունը կամ անտառի խորքը:

- Այո, շատ եմ ուզում,- կրկնեցի հաստատակամորեն:

-Ինչ սարսափելի է,- հանկարծ ասաց նա,- դու ինքդ չես զգում քո փոփոխությունները...

- Այս խոսակցությունն առանձին տեղ է պահանջում...

- Որպեսզի ուզածդ անե՞ս... Հիվանդ, սեռական մոլագա՛ր... Բայց քո արածն ընդամենը դա կլինի, հասկանո՞ւմ ես, մինչեւ հաջորդ անգամը, մյուսը, ապաՙ վերջ... Եվ ոչինչ չմնաց քեզնից:

Առաջին անգամ չհասցրեցի պատասխանել, անարդարությունն ապշեցրել էր ինձ: Որտեղի՞ց գտավ եւ երեսիս խփեց այդ մեղադրանքը, մի՞թե համոզված էր...

Ալինան եկավ:

- Ինչո՞ւ ես տաքացել,- ասաց Ինային,- ջղայնացրե՞լ է քեզ... Որովհետեւ շատ ես երես տալիս: Թող իր գործն անի եւ հեռանա, իսկ դու հիմարանում ես...

Սրանց ինչ-որ բան էր եղել: Կամ լողանալիս էին պայմանավորվել, որ գլխիս խաղ սարքեն, կամ խմիչքի պակասից էին գժվել... Բայց խմիչք ունեին ինչքան ասես:

Ալինայի ճչան ձայնը Սաշային մոտ բերեց:

- Ի՞նչ է պատահել,- հարցրեց սպառնագին:

Ահա հանգուցալուծումը, մտածեցի, հիմա չորսով ջարդս կտան: Մտածելու ժամանակ չկար, գտա ճիշտ պատասխանը:

- Ես ուզում եմ խմել, իսկ նրանք չեն թողնում:

Սաշայի համար դա սրբապղծություն էր:

- Ինչպես թե չեն թողնում,- ջղայնացավ նա,- իհարկե խմելու ենք:

Ընդամենը մի-մի բաժակ եւ ամեն ինչ վերականգնվեց, ջերմությունը, աղջիկների շատախոսությունը, իմ հուզագրգիռ վիճակը... կարծես թե... բայց դա կարեւոր չէր, կարեւորը խմելն էր, ամենակարեւորը, ոչ միայն նրանց համար:

Մութն իջնում էր, դա նշանակում էր իննից տասը: Գետն ուռել էր, մութ խշշում էր սեւ ջուրը, կղզին մռայլ էր: «Դու այստեղից տուն չես գնա,- ասացի ինքս ինձ,- որովհետեւ հարբած ես»:

Օղին միշտ զզվանքով էի խմել, բայց հիմա ջրի պես էր խմվում: Ես ցույց կտամ, որ կարող եմ նրանցից լավ խմել: Եթե հայհոյել են սիրում, այնպիսի բազմահարկ հայհոյանք շարեմ, որ բերանները բաց մնան, ես ձեր... Իսկ նրանք հրճվում էին, գուրգուրում ինձ: Սաշան ու ես համբուրվեցինք, եղբայրացանք: Քիչ անց նույնիսկ երազանքս իրականացավ, գլուխս դրել էի Ալինայի ազդրին ու գրկել էի կոնքերը: Շատ տաք էին ու փափուկ, ավելի տաք, քան Ինայինը, եւ առաձգական, թեեւ մսոտ էին երեւում...

- Թողնենք այստե՞ղ,- լսեցի հանկարծ:

- Բռնեք, տանենք,- Սաշայի ձայնն էր, նախորդըՙ աղջկա ձայնը չէի տարբերել,- տանենք «Վիլիսի» մեջ:

Ինձ էր վերաբերում, որովհետեւ իմ ոտքերն էին բռնել:

- Թողեք,- բղավեցի եւ վեր թռա: Նույն պահին տապալվեցի, ահավոր էր սեւ պտույտը: «Ոչ մի կտրուկ շարժում,- կարծես մեկն ասաց ներսից,- դանդաղ, հանգիստ, անշտապ»: Համբերեցի մինչեւ պտույտը հանդարտվեց, դանդաղորեն շտկվեցի: Պտույտը նորից բռնեց, աչքերս փակ սպասեցի, զգում էի, որ ճոճվում եմ: Երբ աչքերս բացեցի, Նինային տեսա, Ինայի քրոջը: Նա ե՞րբ էր հայտնվել այստեղ: Սքանչելի էր Նինան, մեծ, կապույտ աչքերով ինձ էր նայում: Ոչ թե նեղ, սովորական, ինչպես տեսնում էի ամեն քայլափոխի, այլ մեծ, հայուհու աչքերի պես, սակայն կապույտ, անհավատալի էր...

- Ես քեզ եմ սիրում,- ասացի Նինային,- կարծես ձայնս չհնչեց, կրկնեցի,- ես քեզ եմ սիրում...

Երկու ձեռքով բռնեցի նրա ձեռքը եւ համբուրեցի:

- Արի,- թեւիցս քաշեց Սաշան,- նստենք «Վիլիս», տանենք քեզ գյուղտեխնիկա:

- Ոչ մի գյուղտեխնիկա... Ես տուն եմ գնում...

- Հայաստա՞ն,- հարցրեց Ինան:

Վերջապես երեւաց, ո՞ւր էր մտել:

- Ոչ, տուն եմ գնում... ոչ մի «Վիլիս» եւ ոչ մի լեյտենանտ...

- Էյ, էյ,- կատակով սպառնաց Սաշան:

- Կորչեն բոլոր լեյտենանտները եւ աստղերը... քառասուն հազար լեյտենանտներ իմ սերը չարժեն, թեկուզ ավագ լեյտենանտներ...

Կարդացել կամ լսել էի այդ արտահայտությունը, բայց տեղը չէի բերում:

Կարծում էին, թե դուրս եմ տալիս, բայց պոկվեցի նրանցից ու քայլեցի խոտերի վրայով:

- Դե թող գնա...

Շպրտեց Ինան, ամբողջ հոգով: Դա վերջին բաժակն էր:

Գնացի դեպի կամուրջը: «Վիլիսը» եկավ, անցավ մոտ քսան մետրից, երեւի չտեսան ինձ: Ավտոյի ճանապարհը վտակի սաղր տեղով էր անցնում, կամուրջը նեղ էր, միայն մարդկանց համար... ինչպես նաեւՙ ձիերի ու կովերի:

Կամուրջն անցնելով տատանվեցիՙ ո՞ւր գնալ: Մի ժամանակ ինչ-որ մեկի հետ այդտեղ նույն ընտրության առաջ էի կանգնել: Այն ժամանակ գնացինք դեպի կենտրոն, այգի, այժմ նույնպես թեքվեցի աջ: Գնամ այգի, կպարեմ, շատ են գեղեցիկ աղջիկները Դիվինոյում, հավատարիմ ընկերս հետս է, գրպանում, շեղբը բաց, թող մեկնումեկը փորձի բան ասել ինձ...

Վտակը այգու մոտ էր միանում գետին, իսկ չհասած այգի «աղջկա փոսն» էր, որտեղ խեղդվել էր Սամոն: Աղջիկների փոսերը եւ հատկապես փոսիկները խիստ վտանգավոր են, չի կարելի գայթակղվել, կխեղդեն... Ես հիմա կմտնեմ այդ փոսը, տեսնենք կքաշի՞ ինձ ներքեւ...

Հանեցի շորերս, նույնիսկ լողազգեստս, հազիվ չորացել էր, նորից չէի թրջի, եւ մտա ջուրը: Սառն էր գիշերային գետը, ահավոր էր, բայց շարունակեցի քայլելով առաջ գնալ, մինչեւ այն տեղը, ուր պիտի փոսը լիներ մոտավորապես: Ամուր հատակ էր, քարքարոտ, փոս չկար, ոչ էլ տիղմ: Վերադարձա լողալով, մի քանի անգամ սուզվեցի, սառը ջուրը ողողեց գլուխս, միանգամայն սթափ դուրս եկա ափ եւ սրթսրթալով հագնվեցի:

Թերեւս չպիտի մոտենայի պարի տաղավարին: Ապշած եւ վախեցած ինձ էին նայում: Գուցե ջրահեղձի ուրվականի տեղ էին դրել: Թե ում էի փնտրում, չգիտեմ, բայց ինձ պահող բան չկար այնտեղ: Առանց մտնելու հեռացա... գետափի ճանապարհով: Հասա Անտառային փողոց, թեքվեցի, 30 համարի լույսերը չէին վառվում, քնա՞ծ էին խենթ ու հեզ քույրերը եւ խենթ ամուսինները, թե՞ դեռ տուն չէին եկել, գուցե ի՞նձ էին փնտրում... Չէի տնկվի այդտեղ մինչեւ լուսաբաց, որ պարզեմՙ տա՞նն են, թե՞ թրեւում են դեռ զուլալ ճերմակի կապույտ մշուշում... մշուշ եւ գրգիռ...

Գյուղտեխնիկան իմ տունն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.