ԽԱՉԱԳՈՂ 27 ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ Լույսը չփոխեց նրանց միտքը: Հույս էլ չունեինք: Սպասում էինք Տոլիկի զարմանքին, հայհոյանքը չհապաղեց: - Ես ձեր մե՜րը,- ճամպրուկներն ու պայուսակները տեսնելով բացականչեց նա,- բոլո՞րդ եք գնում: Բաժանվեցինք գրկախառնվելով: - Իրար կպահեք,- պատվիրեց Շուլան,- չորսով իրար կբռնեք: Հրանտն ու Շուլան մտան խցիկը, փոքրակազմ Գրիգորը թափքում թաքնվեց, ճամպրուկների միջեւ: Այդպես կատաղի արագությամբ օգոստոսյան հուսալքությունը մաշեց բրիգադը: Մնացինք չորսը, Սաքոյին չհաշված: - Ի՞նչ անենք,- շվարած հարցրեց Փայլակը: - Գնանք ճաշարան,- առաջ ընկավ Դավիթը,- ուտենք, կերեւա: Սաքոն ճաշարանի դռանը կանգնած էր: - Գնացի՞ն,- հուսախաբ եղավ այդքանիս տեսնելով: - Հա,- պատասխանեց Ռազմիկը,- չհամոզվեցին,- ապա ավելացրեց,- դու ճիշտ արեցիր, ապրես: - Է՜,- ձեռքը թափ տվեց Սաքոն,- եղածը եղած է: Իմ խնամին ու ազգականս հետս մնացողներն են: Սովխոզի տան շարքը սկսեցինք: Հիմքը եւ ցոկոլը լցրել էինք: Երեք հոգով մի վարպետի էինք սպասարկում, խեղճ Գրիգորը չտեսավ նման բան: Ռազմիկը ծխելով անկյունները կապեց, լարը գցեց եւ հուսահատ ասաց. - Բերեք, բերեք տեսնեմ ինչ եմ անում... Առատորեն ապահովում էինք նրան ու նստում ստվերում: Դավիթը պատմում էր վարորդական կյանքից, հեռավոր երթերից, կովկասյան ճանապարհներից... Ռազմիկը ցեխ ուզեց, Դավիթը փնչացնելով տարավ երկու դույլ: - Երկու հատ մի բեր,- նեղսրտեց Ռազմիկը,- նստում է տակը: Պարապ չնստելու համար գնացի աղյուս մոտեցնելու: Դավիթը դատարկ դույլը շպրտեց ավազի վրա եւ մի գիրկ աղյուս լցրեց Ռազմիկի մոտ: - Կամա՜ց,- բղավեց Ռազմիկը կրունկը բռնելով: - Մի ճղի քեզ,- ծիծաղեց Դավիթը,- ճղողները գնացին, դո՞ւ ես սկսում: - Ճամփին են, հա,- ակամա նախանձով ասաց Ռազմիկը,- բա մենք երբ ենք գնալու... - Ո՜ւխ,- հառաչեց Դավիթը: - Ամենալավը գիտե՞ս երբ է,- շարունակեց գրգռել Ռազմիկը,- ինքնաթիռից իջնում ես, Փարաքարի քամին խփում է երեսիդ... - Բայց ե՞րբ,- բղավեց Դավիթը: - Ալթայում հոկտեմբերի կեսից աշխատել չի լինում: Որ մինչեւ հոկտեմբեր հասնենք, լավ է... - Ուրեմն ամենաշատը մինչեւ հոկտեմբերի կե՞սը, երկու ամի՞ս... - Հա... - Տո շարի է,- բղավեց Փայլակը,- գործ չարինք... -Մենակ ինչքա՞ն շարեմ, որ հինգ հոգու փող հանեմ,- ջղայնացավ Ռազմիկը: Փայլակը հանկարծ դարձավ ինձ,- գնա դու էլ շարի: - Ե՞ս,- ապշեցի: - Հա, համալսարան ես ավարտել, բա ինչի՞ համար ես ավարտել, գնա շարի: - Արի, Արամ,- համաձայնություն տվեց Ռազմիկը,- մենակ գործ չի լինի, մի բան պիտի անենք... Նա իր սկսած պատը տվեց ինձ, լարը երեք շարքի համար էր գցել, իջեցրեց մեկ շարքի: - Հանգիստ կշարես, ուշադիր, որ ուղիղ լինի, թե չէ ոնց սովորեցիր, կգնա: Սաքոն մինչեւ հիմա ուղիղ շարել չգիտի, որովհետեւ հենց սկզբից հուպ է տվել: Մնացածը գիտես... Գիտեի, տեսել էի եւ ուսումնասիրել նույնիսկ, թե ինչպես են շարում կամ սվաղում: Դժվար չէր թվում, բայց, ինչպես ասում են, միայն անելով են սովորում: Լավ գիտեի, թե սկզբից ինչ եմ անելու: Մալայով պատին թխկթխկացնելով, ինչպես անում էին մեր վարպետները, բղավեցիՙ ցե՜խ: - Բերեմ, բերեմ,- վեր թռավ Փայլակը: Խառնեցի դույլի ցեխն ու թոնթորացի Վարդանի պես,- էս ինչ ցեխ ես բերել, կարգին ցեխ բեր: Փայլակը վրնջաց ծիծաղից: - Դու շարի, կբերեմ, ինչ ուզում եսՙ կբերեմ... Երկու շարքից հետո Ռազմիկը եկավ ստուգելու: - Չեղավ, Արամ,- գլուխն օրորեց,- հետեւը շատ ես ուռեցրել... - Շատ լավ է,- բղավեց Փայլակը,- հետեւ է, պիտի ուռի, բա ոնց... չհավանողը բոզի տղա է, հուպ տու: Փայլակը չէր հասկանում, որ այդ պահին չհավանողը Ռազմիկն էր: - Հուպ տալով չէ,- հանդիմանեց Ռազմիկը,- սվաղը շատ ցեխ կուտի: - Թող ուտի, ցեխ տվողը ես եմ... - Չշարե՞մ,- հարցրեցի Ռազմիկին: - Շարի, ուզած-չուզած պիտի սովորես: Դա իմ առաջին դասն էր, ես հասկացա, որ պատը երկու կողմ ունի: Ռազմիկը կանչեց իր մոտ: Նա դույլը դատարկում էր պատի վրա, հարթում, դրսի կողմը շարելով առաջանում: Ես ներսի կողմն էի շարում, դա կոչվում էր պատը լցնել: Վաթսուն սանտիմետր լայնությամբ խուլ շարք էր, խարամ չէինք լցնելու: Որպես բանվոր գիտեի, թե ինչքան աղյուս ու ցեխ է խլում այդպիսի պատը: - Պատը չլայնացնես,- զգուշացրեց Ռազմիկը,- իրար կպած դիր: Արագությամբ կհասցնեի, չէի կասկածում, շարածն էլ կարծես ոչինչ: - Լավ է,- գոհ ասաց հոգնած Փայլակը: Սաքոյի բացակայությամբ իրեն բրիգադիրի պես էր պահում: Երեկոյան տուն գնացի ծռված մեջքով: Մինչ այդ համոզված էի, որ աշխատանքի ծանրությունը հիմնականում բանվորն է քաշում, սակայն շարքն ավելի դժվար էր ինձ համար: Բանվորությանը վարժվել էի, ծանր էր իսկապես, բայց վարպետին ապահովելուց հետո մի երկու րոպե ազատ էի մնում: Շարքն անընդհատ շարժում էր պահանջում, կռանալ բարձրանալ օրական քանի հազար անգամ: Անվարժությունից էր իհարկե: Ինչեւէ, նոր զբաղմունք էի գտել ու տարվել դրանով: Հաճելի էր չմտահոգվել, որ ցեխը վերջանալուն պես նոր կալը պիտի պատրաստ լինի, աղյուս է հարկավոր մոտեցնել, Ռազմիկի կարգադրությունները վերաբերում են Փայլակին ու Դավթին: Սաքոն չէր աշխատում: Կես ժամ կամ մի դժվար պահի միանում էր մեզ, մնացած ժամանակ չէինք տեսնում: Նույնիսկ ճաշարան չէր գալիս մեզ հետ: Ստամոքսի ցավերից շատ էր գանգատվում, սկսել էր հատուկ դիետայով սնվել: Փաստորեն, եթե ես չշարեի, ստիպված պիտի աշխատեր: Իսկ նա, գոնե իր ներկայացնելով, անընդհատ ինչ-որ բան ճարելու, գործ դասավորելու մեջ էր: |