AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5452, Տպվել է` 456, Ուղարկվել է էլ.փոստով` 239

ԽԱՉԱԳՈՂ 35

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուշ արթնացանք: Կարծում էի, թե չեմ քնել, բայց նրանց գալը չէի զգացել: Հարբածության հաջորդ առավոտյան այսքան վատ չէի: Ոչ միայն հոգեպես, ֆիզիկապես էի խորտակված: Նրանք կատակում էին, մանրամասնություններ հիշում, չէի լսում, հասկացա, որ լավ խմել են, մնացածը հայտնի չէր: Հավանաբար Կույսը միջոցառում էր կազմակերպելՙ բրիգադների մերձեցման երեկո: Ափսոս, նրա բրիգադում իմ ճաշակով մեկը չկար:

- Հը, Արամ, էս գիշեր դո՞ւ էիր տան հերթապահը,- ձեռ առավ Փայլակը:

Ինքնագոհությունն ակնհայտ էր: Մի՞թե նրա տարիքում ամեն ինչ հաջող էր ստացվել:

- Զզվեցրեց,- մի առանձին պահի բողոքեց Դավիթը,- հազիվ եմ տուն բերել... խմած խոսում էր ափեղ-ցփեղ, չէի թողնի գիշերը մնար... Ես ոչ մեկի մոտ չեմ եղել,- ասաց արդարանալով եւ ուշադրություն դարձրեց,- լավ չես ոնց որ...

- Հոգնել եմ,- իբր անկեղծացա,- տուն եմ ուզում:

- Եթե դու ես հոգնել, մե՛նք ինչ ասենք...

- Ոչինչ, Արամ ջան,- սկսեց հույս տալ Սաքոն,- մենակ դու չես, բոլորի հետ է լինում: Մարդ ենք, միս ու արյուն ենք, բա ոնց... Սեպտեմբերն էլ դիմանանք, հոկտեմբերին եսիմ ինչ կլինի, քանի օր կաշխատենք...

- Ասա մեջը բան լինի,- մեջ ընկավ Փայլակը,- մինչեւ հունվար կմնամ, մենակ թե փող առնեմ:

- Հունվարին հինգ հազարով էլ չեմ մնա,- խռխռալով ծիծաղեց Սաքոն,- ամեն տարի էս է, հոկտեմբերին չեմ դիմանում, քաշում է տունը: Բայց մի բան էլ ասեմ,- բրիգադիրը բացվել էր,- գարնան գլուխ էլ տանը չեմ դիմանում, էս անտերն է քաշում...

- Ուշացանք,- անհանգստացավ Ռազմիկը:

Բրիգադի ամենագործնական մարդն էր, նույնիսկ լրիվ կազմի ժամանակ: Ոչ մի զեղում, ժամավաճառություն: Շախմատիստի հաշվարկով էր ժամանակն ու իր հնարավորությունները կարգավորում: Այդ գործնական կարգավորումը պահանջում էր նաեւ ամբողջովին չտրվել ճգնավորական կյանքին, եւ սեզոնի սկզբից պարտաճանաչորեն հետեւում էր իր առողջությանը:

Օրվա առաջին նորությունը գրասենյակի մոտ հավաքված մարդկանցից էինք լսում, որը հաստատվում կամ հերքվում էր ճաշարանում: Լիզան ամեն ինչ իմանում էր:

Գիշերն այգում վրացու էին սպանել, մեծ մեխ էին մտցրել փորը: Անմիջապես երեկվա հանդիպածի մասին մտածեցի:

- Ամեն շաբաթ մի դեպք լինում է,- ինքն իրեն դժգոհեց Սաքոն,- էս ինչ տեղ դարձավ...

Գնացինք Անտառային:

Հեռվից տեսա, որ Ինան բակում է: Հավանաբար սպասում էր:

Մեր հետեւից միլիցիայի ավտո էր գալիս, կանգնեց մեզ մոտ: Վարորդի կողքին նստած սերժանտը գլուխը հանեց, զննեց մեզ ու դիմեց ինձ.

- Սերգեյի բրիգադի՞ց եք:

- Այո:

- Նստիր մեքենան:

- Ինչո՞ւ,- հարցրեցի ակամա:

- Այնտեղ կիմանաս, նստիր,- հրամայեց:

Տարակուսած նայեցի մերոնց, Ինային, բացեցի հետեւի դուռը:

Երկուսն էին մեքենայի մեջ:

- Կարո՞ղ եմ իմանալ,- փորձեցի հարցնել:

- Դե, այդ վրացու գործով,- ասաց սերժանտը,- ուզում են քեզ հետ խոսել:

Մեր կառուցած տները ցանկապատ չունեին: Քսանութ համարի մոտ «Վիլիսը» դուրս եկավ փողոցից, պտտվելու ժամանակ մոտեցավ Լավրովների բակին: Ինան տագնապած մեզ էր հետեւում: Ներսից նայում էի նրան, կարճ պահ էր, «Վիլիսը» նորից մտավ փողոցՙ արդեն հակառակ ուղղությամբ:

Միլիցիայի շենքում եռուզեռ էր: Ում մոտ որ պետք է մտնեի, զբաղված էր: Սերժանտը մտավ, զեկուցեց, հետո ասաց, որ այդտեղՙ միջանցքում սպասեմ, մայորը կկանչի:

Բարեբախտաբար նստարաններ կային: Ժամից ավելի սպասեցի: Եթե սկզբից իմանայի, որ այդքան երկար է տեւելու, մտածելու ավելի հարմար թեմա կգտնեի: Վերջապես մի քանի հոգի դուրս եկան, վրացիներ էին, կինոյի խումբն էր, դեմքով գիտեի: Մեկը բարեւեց վրացերեն եւ ռուսերեն հարցրեց.

- Դու երեկ տեսե՞լ ես Լեւանին:

- Ձերոնցից մեկին տեսել եմ,- պատասխանեցի,- բայց անունը չգիտեմ:

Դուռը նորից բացվեց:

- Արի,- ասաց մայորը:

Չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ «դու»- ով են դիմում:

Ներսում միայն նա էր:

- Նստիր,- ցույց տվեց աթոռը:

Այսինքն ուրիշ տեղ չէի կարող նստել:

Անուն հարցրեց, ազգանուն, ծննդյան թիվ, բնակության վայր, կրթություն, մասնագիտություն, թեթեւակի զարմանք արտահայտեց: Չէր գրում, խոսում էր դանդաղ, հանգիստ, ընդմիջումներով, քայլում էր, ծխում, նայում ինձ կողքից, դեմից: Ամենեւին չէր շտապում: Մոտ տասը րոպե հարցուփորձ էր անում եւ դեռ վրացու մասին չէր հարցրել: Կարելի էր մտածել, որ ուրիշ գործ չի ունեցել եւ հազիվ հետաքննության առիթ է ստացել: Եթե երեկվա սիրային դրաման չլիներ, կմտնեի խաղի մեջ, առայժմ կարճ պատասխաններ էի տալիս: Վատ տպավորություն չէր թողնում, «դու»-ն էլ ներել էի, առնվազն քառասունհինգ տարեկան կլիներ:

Անցավ բուն նյութին:

- Այդ վրացուն ճանաչո՞ւմ ես:

- Ո՞ր վրացուն, սպանվածի՞ն:

- Ի՞նչ գիտես, որ սպանվել է:

- Առավոտյան ճաշարանում եմ լսել:

- Ճանաչո՞ւմ ես:

- Չգիտեմ, գուցե դեմքով իմանամ:

- Բարձրահասակ, քառասուն տարեկան...

- Չգիտեմ, չեմ կարող ասել: Ես վրացիներից միայն մեկի հետ եմ մի քանի անգամ խոսել:

- Ո՞ւմ հետ ես խոսել:

- Թենգիզ է անունը: Մյուսների հետ շփում չի եղել:

- Իսկ վրացիների ու հայերի հարաբերություններն ինչպիսի՞ն են:

- Ընդհանրապե՞ս, թե՞ այստեղ:

- Դե, ասենք, ընդհանրապես:

- Նորմալ:

- Իրար ինչպե՞ս եք վերաբերվում:

- Նորմալ:

- Իսկ այստե՞ղ:

- Նույնը:

- Ոչ մի միջադեպ չի՞ եղել ձեր միջեւ:

- Ինչքան ես գիտեմՙ ոչ:

- Քո կարծիքով, նրանք իրենց ո՞նց են պահում:

- Ի՞նչ առումով:

- Ինչպիսի՞ մարդիկ են: Լավ, վատ, անկուլտուրական, կոպիտ...

- Ուշադրություն չեմ դարձրել:

- Այսինքն չի՞ եղել այնպիսի բան, որ ուշադրություն գրավի:

- Երեւի:

- Ձերոնց մասին ի՞նչ կասես:

- Աշխատող մարդիկ են, լավն էլ կա, վատն էլ:

- Վատը ո՞րն է:

- Վատը... Երեւի այնքան էլ հաճելի տպավորություն չեն թողնում:

- Ձերոնց մասին ավելի անկեղծորեն ես արտահայտվում: Ձեր բրիգադը մեծ էր, չէ՞: Ինչո՞ւ գնացին:

- Հոգնել էին մարդիկ: Դժվար է մեր աշխատանքը:

Սիգարետ վառեց:

- Ծխո՞ւմ ես,- չառաջարկեց, հարցնում էր:

- Երբեմն:

- Ե՞րբ ես ծխել վերջին անգամ:

Ենթադրում էի, որ հարցերը հենց այնպես չի տալիս:

- Մի քանի օր առաջ:

- Իսկ ես օրը երկու տուփ եմ ծխում: Այսինքն մոտդ ծխախոտ չես պահում:

- Պահում եմ, եթե ծխում եմ:

- Ֆիլտրով սիգարետ ես ծխում հավանաբար, բուլղարակա՞ն:

- Այո:

- «Վեգա՞»:

- «Վեգա» չեմ ծխել, «Օպալ» եւ «Ռոդոպի»:

Քանի որ ակամա ներգրավվել էի խաղի մեջ, փորձում էի զուգահեռաբար հետեւել նրա մտքին եւ արդեն համոզված էի, որ ծխելու մասին խոսակցությունը կապ ուներ դեպքի հետ, գուցե տեղում ծխախոտի մնացուկ կամ տուփ էին հայտնաբերել:

- Երեկ մենա՞կ էիր այգում:

- Ոչ:

- Ո՞ւմ հետ էիր:

- Պարտադի՞ր է ասելը:

- Ոչ: Իմիջիայլոց, ոչ մի հարցի էլ պարտադիր չէ պատասխանելը:

- Շնորհակալություն:

- Վրացիներից որեւէ մեկին տեսե՞լ ես:

- Այո:

- Իմ նկարագրածի՞ն:

- Այո, հավանաբար:

- Ի՞նչ էր անում:

- Կանգնել էր այգու մուտքի մոտ:

- Ձեզ բան ասա՞ց:

- Ոչ:

- Բարեւեցի՞ք:

- Ոչ:

- Դուք ծանոթ չե՞ք:

- Ոչ:

- Ոչ մի բառ չփոխանակեցի՞ք:

- Բացարձակապես:

- Աղջիկների հե՞տ էիր:

Չասացՙ աղջկա, ուրեմն գիտեր, թե ում հետ եմ եղել:

- Այո:

- Պարե՞լ ես երեկ:

- Ոչ:

- Ո՞ւր գնացիր:

- Տուն:

- Մենա՞կ:

- Ամեն մեկըՙ իր տուն:

- Հետո՞:

- Հասա տուն, չկարողացա ներսում մնալ, նորից դուրս եկա:

- Ինչո՞ւ չկարողացար:

- Լավ գիշեր էր, չէի ուզում քնել:

- Վերադարձար այգի՞:

- Այո:

- Ժամը քանի՞սը կլիներ:

- Չգիտեմ, ժամացույց չեմ պահում:

- Շարունակիր:

- Գնացի գետափ:

- Այդ ժամի՞ն:

- Այո, սիրում եմ գետափին նստել:

- Ինչքա՞ն նստեցիր:

- Չգիտեմ:

- Մոտավորապես:

- Մի ժամ, երկու ժամ... չգիտեմ:

- Այդքան երկա՞ր: Հնարավո՞ր է այդքան նստել մենակ:

- Շախմատ էի խաղում:

- Ո՞ւմ հետ:

- Ինքս ինձ հետ:

- Գրպանի շախմա՞տ ունես:

- Ոչ, մտքիս մեջ էի խաղում:

- Կեսգիշերին տնից դուրս էիր եկել, հասել այգի, որ գետափին ժամերով շախմա՞տ խաղաս... մենակ:

- Այո:

Ուշադիր իրար էինք նայում, խաղացողների պես: Ես վախենալու կամ թաքցնելու բան չունեի:

Հեռախոսի զանգը ընդհատեց խոսակցությունը: Խաղալիս չէի վախենում, դադարը որոշակի անհանգստություն ծնեց: Ակնհայտ էր միլիցիայի համար լավագույն ելքըՙ վրացու սպանությունը բարդեն հայի վրա եւ ամեն ինչից պրծնեն: Հանկարծակի ծագած ենթադրությունն ահավոր էր, ո՞վ էր ինձ այստեղ պաշտպանելու:

Շարունակությունը լավատեսության տեղ չթողեց:

- Ես գնալու եմ,- ասաց մայորը,- բայց մենք չենք վերջացրել, կմնաս այստեղ մինչեւ վերադառնամ:

- Այս սենյակո՞ւմ... գուցե գնամ շորերս փոխեմ:

- Ոչ, կմնաս միլիցիայում:

Դուրս եկանք, փակեց դուռը, քայլեցինք երկար միջանցքով, մուտքի մոտ հերթապահության բաժինն էր, ապակե պատով առանձնացված: Մոտեցավ պատուհանին եւ կարգադրեց.

- Կպահեք մինչեւ վերադառնամ:

Դռան մոտ կանգնած միլիցիոները թեւս բռնեց, տարավ ներս: Կարծում էի, թե այդտեղ եմ սպասելու, բայց տեսա բաց ճաղադուռը եւ հասկացա, որ ինձ խուց են գցում: Կարմիր թեւկապով հերթապահը հայացքով ցույց տվեց, որ մտնեմ, փակեց ճաղադուռը: Փոքրիկ, անլուսամուտ խուցը դատարկ էր, կամ պիտի կանգնեի, կամ նստեի հատակին: Գոնե բանվորական շորերով էի: Ճաղերի միջից հերթապահության բաժնի դիմացի պատն էի տեսնում, ուրիշ ոչինչ: Մի օրում զրկվեցի սիրած աղջկանից եւ ազատությունից:

Երեւանում ֆիլմեր տեսել էի, իտալական, ֆրանսիական, թե ինչպես անմեղ մարդուն բանտ են գցում: Սովետական միլիցիայի մասին նման ֆիլմ չէի տեսել, բայց շատ էի լսել, որ հարկ եղած դեպքում «գործ են սարքում»: Անհանգստությունս վաղուց տագնապի եւ ապա խուճապի էր վերածվել:

Հերթապահը ծխում էր, ծուխը լցվում էր խուցը եւ դուրս չէր գալիս:

- Սիգարետ կտա՞ք,- խնդրեցի դռան ճաղերը բռնելով:

Ձայն չհանեց:

Շենքի մուտքը երեւում էր այստեղից: Սաքոն մտավ ներս եւ ապշած կանգնեց ինձ ճաղերի հետեւում տեսնելով:

- Ի՞նչ է եղել, Արամիկ,- տագնապահար հարցրեց նա,- ինչի՞ համար են քեզ բռնել:

Ուսերս թոթվեցի: Սաքոյի գալը ինչ-որ չափով հուսադրեց, գուցե մի բան կարողանա անել: Իզուր չեն ասում, որ խեղդվողը ձեռքը փրփուրներին է գցում:

Նա ապարդյուն հարցուփորձ արեց հերթապահին, գնաց միջանցքով, մի տեղ մտավ, քիչ հետո նորից երեւաց:

- Չվախենաս,- ասաց,- ես էլի կգամ, միլպետի մոտ կմտնեմ:

Ծխախոտ ուզեցի:

Նա տուփն ու լուցկին պատուհանից իջեցրեց հերթապահի սեղանին: Լեյտենանտը գլուխն օրորեց ու ասաց.

- Միայն մի հատ:

- Դե վերցրու քեզ, մեկ-մեկ կտաս,- կատակեց Սաքոն:

Նա գնաց:

Հերթապահը մոտեցավ, մի սիգարետ տվեց, լուցկին վառեց, պահեց մինչեւ կպցրեցի, նորից նստեց, տուփն ու լուցկին դրեց դարակը:

- Դուրս գալիս կվերցնես,- ասաց:

Ուրեմն դուրս գալո՞ւ էի: Սա արդեն հույս էր:

Մայորը վերադարձավ ճաշից հետո, մի ժամի չափ էլ ձգվեց, ինձ տարան նրա մոտ: Հերթապահը խոստումը չէր մոռացել, տվեց ծխախոտն ու լուցկին:

Մայորն առաջարկեց նստել նույն աթոռին, էլի սկսեց իր կողմնակի հարցերը, արդեն չհամբերեցի:

- Ես չգիտեմ իմ իրավունքները, չգիտեմՙ իրավունք ունեի՞ք ինձ բանտարկելու, ընդհանրապես ինչքա՞ն կարող եք պահել ինձ եւ հարցաքննել, սակայն խնդրում եմ կարճ եւ որոշակի ասել, թե ինչու եք պահում եւ մեղադրո՞ւմ եք ինչ-որ բանի համար:

Իսկույն ընդունեց իմ արագությունը:

- Մինչեւ տասներկուսը նրան տեսնող է եղել, հայտնաբերել են ժամը երկուսին, սպանությունը կատարվել է այդ ընթացքում, եւ դու այգում ես եղել:

- Ես բացարձակապես անտեղյակ եմ եւ ոչինչ չեմ լսել: Ի՞նչ անեմ, որ հավատաք ինձ:

- Հավատացնել պետք չէ, ապացուցել է պետք:

- Դուք ապացուցեք, որ ես մեղավոր եմ:

- Կապացուցեմ: Ոչ միայն քո մեղքը, այլեւ անմեղությունը: Եթե դու մեղավոր չես, ես դա կապացուցեմ: Դու էլ օգնիր ինձ: Եթե աղջկա հետ ես եղել եւ չես ուզում անունը տալ, ոչինչ, ասա: Բայց դու հիմարություն ես դուրս տալիս, թե շախմա՜տ էի խաղում:

- Ես ինչո՞ւ պիտի սպանեի միանգամայն անծանոթ մարդուն: Կամ մի՞թե այդ փորձաքննություն կոչվածը միայն կինոներում է լինում: Սպանության վայրում հետքեր չկա՞ն, ինչո՞ւ էիք ծխելու մասին այդքան հարցեր տալիս...

Դուռը բացվեց, Բելիկովը երեւաց, նրա հետեւում Ինան էր կանգնածՙ սարսափահար...

- Անդրեյ Պետրովի՞չ,- ընդառաջ գնաց մայորը,- ինչո՞վ եմ պարտական:

- Քենեդու սպանությո՞ւնն եք քննում,- ծիծաղեց Բելիկովը,- ինչո՞ւ ես մեր երիտասարդին ողջ օրը պահել միլիցիայում:

- Մե՞ր,- կրկնեց մայորը,- իսկ դու ինչո՞ւ ես եկել, Իրինա:

- Ես եկել եմ, որ իմանամ, թե ինչ է կատարվում:

- Միգուցե երեկ դո՞ւ ես եղել նրա հետ:

Ես կարծում էի, թե այդ միլիցիոները ամեն ինչ գիտի:

- Այո,- պատասխանեց Ինան,- ես եւ քույրս:

- Ա՜... երկուսով... Եվ մինչեւ ժամը քանի՞սը...

- Երբ տուն հասանք, տասներկուսն էր:

- Իսկ նա:

- Նա գնաց գյուղտեխնիկա:

- Հետո նա գնացել է այգի:

Ինան սոսկումով նայեց ինձ,- գնացե՞լ ես:

Ես գլխով արեցի:

- Ինչո՞ւ:

- Ուզում էի դրսում լինել:

- Այգի չգնայիր...

Եկել էր ինձ պաշտպանելո՞ւ, թե՞ մեղադրանքը խորացնելու:

- Ասում է,- Բելիկովին դիմեց մայորը,- գետափին նստած շախմատ էի խաղում, մտովի... Կարո՞ղ է այդպես խաղալ:

- Իսկ դու ստուգիր,- խորհուրդ տվեց Բելիկովը:

- Եվ եկել եք, որ միջնորդե՞ք նրա համար:

- Այո,- պատասխանեց Բելիկովը:

- Իսկ դու, Իրինա, երաշխավորո՞ւմ ես, որ նա անմեղ է:

Ինան նայեց ինձ, նայեց մայորին, նորից ինձ, աչքերի մեջ անորոշություն էի տեսնում, կասկած, տատանվում էր: Դա ահավոր իրադարձությունների վերջին հարվածն էր, այդ պահին ես հասկացա ինքնասպանություն գործողին, եւ իմ արածն էլ ինքնասպանություն էր:

- Եթե նա չի հավատում ինձ, չի երաշխավորում, ուրեմն... վրացուն ես եմ սպանել:

Բելիկովը սառեց միանգամից, Ինան ճչաց եւ դեմքը ծածկեց ձեռքերով, իսկ մայորը ժպտաց եւ հանգիստ ասաց.

- Մենք դա քիչ հետո կպարզենք միասին,- մոտեցավ հեռախոսին, զանգահարեց,- Բելովն է,- ներկայացավ, ուրիշ ոչինչ, ըստ երեւույթին նրա զանգին սպասում էին:- Դե, կարող ենք գնալ,- դիմեց մեզ:

- Ո՞ւր ենք գնում,- հարցրեց Բելիկովը:

- Համբերություն, խնդրում եմ, Իրինա: Դու էլ ես գալիս:

Բելիկովը դուրս եկավ, Ինան, նրա հետեւիցՙ ես, դիմացս դեղնասպիտակ շրջազգեստն էր, բաց վիզը, պեպենները, «խոստովանությունից» հետո խուսափում էի նրան նայելուց:

Մայորի «Ժիգուլին» նստեցինք, ես ու Ինանՙ հետեւում: Հավանաբար ոտքերը բացվել էին:

- Հիվանդանո՞ց ենք գնում,- ճանապարհին կռահեց Բելիկովը,- դիարա՞ն:

- Ոչ, վրացու մոտ,- այդ մասնագիտության տեր մարդիկ սիրում են շշմեցնել,- նա ողջ է եւ ուշքի է եկել:

Հիվանդասենյակի դռան մոտ միլիցիոներ էր կանգնած, պատիվ տվեց:

Վրացին աչքերը փակ անշարժ պառկած էր, մի հոգի, դիմագծերով նրան նման, նստել էր մահճակալի մոտ դրված աթոռին:

Վրացին աչքերը բացեց:

- Միայն մի բառ,- ասաց մայորը,- այո կամ ոչ, կամ գլխով կանես,- եւ մատը ահեղ դատավորի պես կրծքիս դնելով հարցրեց,- նա՞ է...

Իսկ եթե վրացին ասի «այո» կամ գլխով հաստատի ու մեռնի՞...

Վրացին երկու անգամ գլուխն օրորեց:

Լսեցի Ինայի հոգոցը:

- Վերջ, գնացինք,- ասաց մայորը:

Դրսում մի պահ կանգնեցինք: Բելովը պիտի վերադառնար վրացու մոտ, ներողություն խնդրեց Բելիկովից եւ... գովեց ինձ:

- Զարմանալի ինքնատիրապետում է,- ասաց,- այդ տարիքում... Մեկ ուրիշը լացուկոծ կգցեր: Մինչդեռ մարդասպանության մեջ էր մեղադրվելու:

- Շախմատի՜ստ է,- ձգեց Բելիկովը:

- Միայն վերջում թուլացավ... Թեեւ դա ուրիշ հողի վրա էր... կարծես:

- Այդ դեպքում չես կարող ասելՙ թուլացա՞վ, թե՞...

Նրանք ծիծաղեցին, մենք էլ: Անցավ սարսափելի լարվածությունը, այդպես անընդհատ կքրքջայիՙ մայորի կարծիքը փոխելու վտանգին ենթարկվելով:

- Մենք դեռ շախմատ կխաղանք,- ասաց նա:

Պիտի ասեի. «Խորհուրդ չեմ տա, որովհետեւ ես Ձեզ ոչ թե կհաղթեմ, այլ կջախջախեմ պարզապես», բայց բերկրանքն այնքան ուժգին էր, որ ժպտացի միայն: Չհնչեց նաեւ մեղադրանքը, որ ամբողջ օրը խմորվում էր, թե ինչպե՞ս կարելի է անմեղ, անտեղյակ մարդուն հանկարծակի բերել միլիցիա, ժամերով պահել, հոգեբանական խաղերով ճնշել, հասցնել հուսահատության: Եթե մի քանի օր շարունակվեր, գուցե նաեւ ծեծեր...

Բելիկովն էլ հեռացավ: Իհարկե, խորին շնորհակալություն հայտնեցի:

Մնացինք երկուսով, լուռ:

Մոռացել էի, որ ծխախոտ ունեի: Երբ վառեցի ու ծուխը ներս քաշեցի, ասացՙ նախանձում եմ:

- Խնդրեմ, կարող եմ հյուրասիրել:

- Ոչ, երեխաներ կան,- ապա հարցրեց,- կթողնե՞ս, որ ծխեմ:

- Ինչո՞ւ ոչ:

- Մի ժամանակ արգելում էիր եւ... փոխարինում...

- Դա մի ժամանակ էր:

- Ընդամենը երեկ: Ի՞նչ փոխվեց:

- Գիշերը ագռավները կռկռում էինՙ Իռռռա եւ Կիռռռա, Իռռռա եւ Կիռռռա,... կիռ, կիռ...

- Ուրեմն նրա համա՞ր ես վերադարձել այգի... վերադարձել ես, որ սպանե՞ս...

Այս աղջիկն ինձ չհասկացավ:

- Երբ Բելովը հարցրեց, թե երաշխավորո՞ւմ եմ քո անմեղությունը, չկարողացա խոսել...

- Որովհետեւ տատանվում էիր:

- Ես շշմեցի իմանալով, որ գիշերը նորից այգի ես գնացել: Եվ այդ պահին հիշեցի դեմքիդ արտահայտությունը, երբ վրացին Նինային էր նայում:

- Ի՞նչ արտահայտություն էր:

- Ճիշտ գետափի օրվա պես էր, երբ դանակով նետվում էիր կռվելու, կատաղի...

- Դու ինձ չես ճանաչում:

- Այո, չեմ ճանաչում: Եթե ճանաչեի, անմիջապես կասեի, որ դու չես կարող սպանել... Չեմ ճանաչել, բայց սիրել եմ...

- Առանց ճանաչելո՞ւ:

- Մի՞թե ճանաչելով են սիրում: Ճանաչելով հիասթափվում են,- կարճ ծիծաղեց Ինան:- Չէ՞ որ դու էլ ինձ ես սիրել առանց ճանաչելու:

- Սիրե՞լ եմ:

- Այո, սիրել ես, այլեւս չե՞ս սիրում:

- Ագռավներին հարցրու: Նրանք ամեն ինչ տեսնում են վերեւից:

Հենց այդ պահին ծառի վրա մեկը կռկռաց:

- Ի՞նչ ասաց,- ծիծաղեց Ինան,- թարգմանիր:

- Չլսեցի՞ր, կիռ, կիռ, կիռ...

- Վերջացրու, խնդրում եմ: Այստեղից կարճ ճանապարհով կարող ենք դուրս գալ տատի տան մոտ, արի գնանք, կհանգստանաս...

- Ոչ, մերոնք հիմա ամեն ինչ կմտածեն, գնամ, հասնեմ:

- Նինան էլ էր անհանգստանում, շա՜տ անհանգիստ էր... Երեկոյան կգա՞ս տատի տուն:

- Ինչի՞ համար:

- Ի՞նչ է պատահել, Արամ,- նա սկսում էր բարկանալ:

Վրացիների խումբը գալիս էր հիվանդանոց, ինչպես միշտՙ ձայները շատ բարձր էին:

- Քայլենք,- ասացի:

Երբ անցնում էինք վրացիների կողքով, չերեւաց, թե նրանից որեւէ մեկը կասկածանքով է նայում ինձ: Ընդհանրապես բոլոր դրսեկներըՙ հայերը, վրացիները, ադրբեջանցիները, չեչենները եւ ուրիշներ, թեեւ միմյանց հետ շփվելու հակում չէին ցուցաբերում, բարեւում էին եւ մի երկու բառ փոխանակում, ջանում էին միջադեպի առիթ չտալ, հանդուրժողականություն կար: Մինչդեռ տեղացիների հանդեպ ագրեսիվ էին, ամբարտավան, հատկապես վրացիներն ու չեչենները: Վերեւից նայելու, սեփական գերազանցության զգացողություն կար: Ադրբեջանցիները նկատելի զգուշավոր էին, տափուկ մի ձեւի:

Այս խումբն էլ եկավ, անցավ նեղ փողոցը բռնած, նույնիսկ ավտոներին ճամփա չէին տալիս: Գուցե ընկերոջ հետ կատարվածից էին կատաղել:

- Դրանց բոլորին հարկավոր է քշել այստեղից,- Ինայի բարկությունը շեղվեց ինձնից,- ճիշտ է անում Պետրոն, որ...

Նա խոսքը կտրեցՙ աչքի ծայրով ինձ նայելով:

Երկրորդ տատանումը, զգուշության, անվստահության երկրորդ դրսեւորումը: Բելովի մոտ զգուշացավ ինձ երաշխավորելուց, փաստորեն չբացառեց իմ մեղավորությունը, ուրեմն կարող էր եւ դատարանում ցուցմունք տալ իմ դեմ: Այստեղ խոսքը կտրեց, չվստահեց:

Վատ նշան էր, սկսել էի մտքիս մեջ պատասխանել նրան: Կարծես նորից դառնում էի ինքնամփոփ ու լռակյաց, ինչպես մինչեւ նրան ճանաչելն էի: Մինչդեռ սիրային բռնկումների օրերին շաղակրատում էի, բլբլացնում, հրճվում ակնթարթորեն պատասխանելու հնարամտությամբ, թեկուզ հենց երեկ: Ընդամենը մի օր առաջ միասին էինք եւ երջանիկ:

- Որտե՞ղ ես, չե՞ս լսում,- ականջիս հասավ նրա ձայնը, կանգնել էր:

- Իհարկե լսում եմ... Դու ասացիրՙ դրանց հարկավոր է քշել այստեղից: Մինչդեռ պետք է ասեիրՙ ձեզ հարկավոր է քշել այստեղից...

- Ես այդպիսի բան չեմ ասի քեզ, չեմ կարող,- մոտեցավ, մի քիչ, էլի մոտեցավ,- ուզում եմ թեքվել այստեղից, գնամ տատի տուն... հետո կբարձրանամ... Ձերոնք մեր փողոցում են աշխատում... Միգուցե գաս... Ամբողջ օրը ոչինչ չես կերել, տառապալի վիճակի մեջ,- արդեն հպվում էր ինձ, փողոցի մեջ, օրը ցերեկով:

Եթե գնայի տատի տուն, կորած էի, նորից կդառնայի նրա գերին: Բռնեցի ուսերը, կարծեց, թե գրկում եմ, ժպտաց գլուխը կախ եւ հակվեց առաջ, բայց ես հեռացրի նրան:

- Հետո կխոսենք... Հիմա անպայման պետք է գնամ մերոնց մոտ:

Եվ արագորեն հեռացա, փախա:

Մոտ քսան րոպեից «Բելուխայի» կանգառում իջա ավտոբուսից: Ընթրիքի ժամ էր, մերոնք ճաշարանում կլինեին, բայց Նինան այսօր էր գնալու: Չէի ուզում զրկվել նրան վերջին անգամ տեսնելու հնարավորությունից, ամենավերջին անգամ: Ճիշտը ճաշարան գնալն էր, մինչեւ քրոջ գալը դժվար թե մեկներ, բայց ուղղվեցի դեպի Անտառային:

Հոր «Վիլիսը» կանգնած էր փողոցում, իրենց տան դիմաց, բակում մարդ չէր երեւում: Մերոնք չկային, քսանվեց համարի տունն էին դրսից սվաղում, այստեղ էին գործիքները, կալի կեսը տեղն էր: Խառնեցի ցեխը, լցրեցի տաշտակը եւ շարունակեցի պատի կիսատ սվաղը: Տենդագին արագությամբ էի աշխատում, հաճույքով էի ծեփում, լիցքաթափում էր եւ լիցքավորում միաժամանակ: Ցեխի կեսը ծեփեցի, անցա կոկելուն, ապա մնացածը վերջացրի: Վերջում կոկում էի դանդաղ, ծխելով:

Մերոնք եկան, Սաքոն չկար, գնացել էր միլիցիա, անհանգստացել էր ինձ համար: Բրիգադիրի հոգատարությունն ստիպեց, որ ներեմ նրա խարդախությունները:

- Ինչի՞ էիր գիշերով գնում նորից,- նախատեց Փայլակը, երբ պատմեցի գլխիս եկածը:

- Վրացին չասա՞ց ով է խփել,- հարցրեց Դավիթը:

- Մայորը մտավ մոտը, երեւի կիմանա:

- Հիմի արդեն տնից դուրս գալը շատ մեծ վտանգ է,- հայտարարեց Փայլակը:

Նա աչքի էր ընկնում վտանգի բացառիկ զգացողությամբ: Ասենք, աղյուսները գրկած գալիս էր, հանկարծ դրանք գցում էր ու դեմքի սարսափահար արտահայտությամբ ձեռքը խփում գրպանին: Իր ամբողջ փողը միշտ մոտն էր պահում:

- Ի՞նչ ենք անում,- Փայլակը դիմեց Ռազմիկին,- կալ չսարքե՞նք:

- Եկանք, որ ցեխը վերջացնենք, գնանք,- առարկեց Դավիթը,- Արամն արդեն վերջացրել է:

- Հա, գնանք, Արամն էլ կհանգստանա...

Փայլակը հավաքեց գործիքները, ներս մտավ: Սաքոն եկավ, ուրախացած: Միլիցիայում էր իմացել, որ ինձ բաց են թողել:

- Բախտդ բերեց,- ասաց,- վախենում էի, որ քո վրա շուռ կտան:

- Հա, բա,- հաստատեց Փայլակը,- ի՞նչ կանեիր, ի՞նչ պիտի անեինք, օտար տեղ, օտար մարդիկ...

- Բելովին գովում են,- ասաց Սաքոն,- ասում ենՙ շատ խորամանկ է, բայց արդար է:

Երբ հեռանում էինք, իրենց բակից քույրերը դուրս եկան: Վերջապես, հույսս կտրել էի:

- Ես կգամ,- ասացի կանգնելով:

- Խելքի չի գալիս,- փնթփնթաց Փայլակը,-գոնե մի սիրուն աղջիկ լիներ... Երկու բահի պոչի համար խելքը թռցրել է...

Վերադարձա քսանվեց համարի մոտ: Եթե ինձ համար էին դուրս եկել, կմոտենային: Եկան իմ կողմը: Եվս մի պատկեր ալբոմի համար: Գեղեցիկ տեսարան էր, գեղեցիկ էին քույրերը հատկապես միասին, երեկոյան մեղմ արեւաշողերի մեջ, համաչափ ու ներդաշնակ: Փայլակն ի՞նչ էր հասկանում գեղեցկությունից, որ ասածին ուշադրություն դարձնեի, թեեւ նրա հանկարծակի դիտողությունը հիշեցրել էր առաջին օրերի մտածմունքներից մեկը, թե գուցե Ինան իմ աչքին է այդպես գեղեցիկ երեւում: Նինայի ձեռքին նեղ փաթեթ կար: Հավանաբար իրենց խոստացած նվերն էր: Նվերը տվել էր քրոջ ձեռքը, վախենո՞ւմ էր, որ իրենից չեմ ընդունի:

- Ես ամեն ինչ իմացա Ինայից,- մոտենալով ասաց Նինան,- ինչ ահավոր բան է եղել: Շատ ուրախ եմ, որ այդ անհեթեթությունը պարզվեց: Ինչպե՞ս կարելի է մարդուն այդպիսի փորձության ենթարկել...

- Լավ, ճառդ ավարտիր,- ընդհատեց Ինան,- ժամանակ չկա:

Նինան նեղսրտած նայեց նրան: Քույրերը շատ էին սիրում միմյանց, բայց հակաճառությունն ու հանդիմանանքը նկատելի էին նրանց խոսակցություններում: Իմ ու Ինայի միջեւ նույնպես գժտության ու սիրո բռնկումներն իրար էին հաջորդում:

- Սիրելի Արամ,- կարծես ի հեճուկս քրոջ ասաց Նինան:

Ինայի աչքերը, բնականաբար, չռվեցին, ես զմայլված էի:

- Սիրելի Արամ,- ակնհայտորեն գոհ կրկնեց Նինան,- շնորհավորում ենք քեզ նորից, ինչպես նաեւ եղբորդ: Իսկ անձամբ ես շատ եմ ցանկանում, որ դու երջանիկ լինես:

Նինան կիսաբաց փաթեթը տվեց ինձ, չինուհու արձանիկ էր, սեւ, փայլուն մազերով, ողորկ դեմքով:

- Շնորհավորում եմ,- միացավ Ինան,- անձամբ ես նույնպես շատ եմ ցանկանում, որ դու երջանիկ լինես:

Քույրերը հեգնում էին միմյանց:

- Դե, հրաժեշտ տուր նրան,- շարունակեց Ինան,- հայրիկը սպասում է:

Նինան կարկամեց, ժպտաց ու ասաց.

- Ինձ թվում է, սա մեր վերջին հանդիպումը չէ:

- Իհարկե,- անմիջապես արձագանքեցի,- դու ինձ խոստացել ես ամենավերջին պարը, չմոռանաս:

- Ինչո՞ւ ամենավերջին, վերջինը ե՞րբ եք պարել,- կասկածամտորեն հարցրեց Ինան:

- Դա քո գործը չէ,- ծիծաղեց Նինան դեղձան մազերը ցնցելով: Իրոք լույսի շող էր նա:

Քույրերը գնացին: Փոքրիկն այդպես էլ չհամբուրեց ինձ:

Չէի ուզում հեռանալ, թեեւ նախաճաշից հետո բերանս բան չէի դրել սիգարետից բացի: Խոպանիստին չի կարելի այդքան սոված մնալ: Մտա ներս, լուսամուտից նրանց բակի մի մասն ու «Վիլիսը» երեւում էին: Տեսա հրաժեշտի արարողությունը: Տատն ու մայրը բաց չէին թողնում Նինային, փոխնիփոխ համբուրելով, երկու կողմից գրկած պահելով ուղեկցեցին նրան մինչեւ մեքենա: Փոքրիկին շատ էին սիրում: Դժվար թե Ինային երբեւէ այդպես հրաժեշտ տված լինեին: Խղճացի նրան: Ես էլ տան առաջնահերթ սիրված երեխաներից չէի եւ փոքր տարիքում հաճախ էի զգացել մանկական խանդի ցավերը:

Գնաց Նինան, Դիվինոն մթնեց:

Միջանցքի հատակի մի մասը չէինք խփել, տանտերերն այդտեղ գործ ունեին անելու: Նստեցի ոտքերս կախած, հարմար էր ծխելու համար, կարծես թոնիր կախված լինեի:

- Ծխո՞ւմ ես...

Դռան բացվածքի մեջ Ինան էր կանգնած:

Չպատասխանեցի, ինչպես ասում ենՙ մութ չէր, տեսնում էր, որ ծխում եմ:

- Ինձ էլ տուր:

Հանեցի տուփը:

Նստելու տեղը փոքր էր, քսվեց ինձ: Եթե խոսելու համար էր եկել, հեռու պիտի մնար:

- Գլուխս պտտվեց,- գցեց սիգարետը: Ուրեմն վաղուց չէր ծխել:

Ես շարունակում էի ծխել:

- Ինչո՞ւ չես խոսում,- հարցրեց:

Ինքն էր եկել, ինքը պիտի խոսեր:

Սկիզբը չէր ստացվում, բայց վերջը շատ լավ էի պատկերացնում, անխուսափելի էր: Եթե այսպես նստած մի քիչ էլ մնայինք, հետզհետե իրար մոտենալով, ոչ մի սկիզբ պետք չէր լինի, ոչ էլ շարունակություն: Բավական էր ձեռքս կիսածալ մեկնել, որ գրկեմ մեջքը, բավական էր թեթեւակի քաշել նրան, որ իսկույն կիսապառկի գրկիս մեջ, բավական էր հպվել մաշկին, որ խորասուզվեի ու խեղդվեի, ինչպես մի անգամ արդեն խեղդվել էի գետում... եւ բավական էր հիշել հանկարծ Կիռա կոչվածի դաջվածապատ թեւերը, որ ցնցվեի ու թողնեի նրան...

- Չեմ կարող,- ասացի հուսահատ,- այդ տղային տեսնելուց հետո չեմ կարող քեզ ձեռք տալ:

Ինան ճկվելով, գրեթե ոլորված, դեմքը շրջեց վերեւ:

- Բայց ես քեզ եմ սիրում,- շշնջաց չորացած շուրթերով,- հասկանո՞ւմ ես, ես քեզ սիրում եմ: Երբեք չեմ ասել այդ բառերը,- նա շուրթերը սեղմեց բերանիս, բայց ուշքի չբերեց, փայտացած նստել էի,- դու խանդում ես անցյալի համա՞ր:

Անցյալ թե ներկա, կարեւոր չէր, երբ նրան գրկում էի, աչքերիս առաջ այդ տղան էր:

- Սա ինչ-որ հիվանդություն է,- հետ քաշվեց Ինան,- դու ոչ միայն սիրո հիվանդ ես, այլեւՙ խանդի... բայց դա ծիծաղելի է...

Կարող էր բերանը բացել ու հռհռալ:

- Ո՞ւր էիր,- շարունակեց Ինան,- ծնվեիր Ալթայում, ինձ չորս տարեկանից հսկողության տակ առնեիր, որ ոչ մեկի հետ չշփվեմ... Ես ի՞նչ իմանայի, որ որտեղից որտեղ, հեռավոր երկրից գալու ես դու...

Ամեն ինչ ճիշտ էր:

- ՉԷ՞ որ դու գիտեիր, չէիր կարող չիմանալ: Ինչո՞ւ մինչեւ հիմա ծպտուն չէիր հանում, հենց նրան տեսար, գժվեցիր...

Ծպտուն հանել էի, չէր հիշում: Իսկ գժվելու մասին ճիշտ էր ասում: Մինչ այդ վանել էի նման մտքերը, ենթադրությունները: Գիտեի, որ եղել է ինչ-որ մեկը... կամ եղել են: Բայց դա ուրիշ աշխարհ էր, իրական չէր, ես չէի տեսնում, իսկ այս Կիռան հայտնվեց իմ աշխարհում:

Նա նորից պառկեց գրկիս մեջ, փաթաթվեց, սեղմվեց կրծքով, լիովին նախահարձակ, իսկ ես արձանացած էի:

- Ես քեզ սիրում եմ,- կրկնում էր շուրթերով վիզս շոյելով, ինչպես ես էի նրան անում,- դու իմ սեւուկ մանչուկն ես: Դու ինձ սեր տվեցիր, ստիպեցիր, որ ես էլ սիրեմ, զգամ սերը...

Բանվորական շորերս հանելը հեշտ էր: Վերնաշապիկս երկու տեղով էր կոճկված ընդամենը, արձակելու նեղություն չտվեց իրեն, քաշեց պոկեց, կարծես ինքն էր կարելու կոճակները: Նա արդեն վարարել էր, ես զսպում էի ինձ: Տեսնենք, թե ինչ ես անելու առանց ինձ, մտածում էի չարախնդալով, սեր չսպասես ինձնից այս անգամ...

Պառկեցրեց ինձ թարմ, նոր խփված հատակին, տաշեղներ ընկան մեջքիս տակ: Արձակեց գոտիս, լարված շարունակությանն էի սպասում, բայց միանգամից քաշեց տարավ շորերս... Ամեն ինչ պատրաստ էր նրա համար,... Համաձայն չէի այդ հնազանդ ու ստորակա դիրքին, կամակատար էի դառնում, մասամբ դիտորդ: Կտրուկ նստեցի ու կանգնեցի, նրան գրկած բարձրացնելով:

- Լուսամուտներից կերեւանք,- շշնջաց:

- Գնանք տատի տուն...

Ինքս չտարբերեցի բառերը, բայց նա հասկացավ:

- Ուշ է,- խեղդված ծիծաղեց,- չենք հասցնի...

Անհատակ մասը արկղի պես տեղ էր, փափուկ հողը թումբ էր դարձել: Իջանք այդտեղ, ես ծնկի եկա, նա հայտնվեց գոգիս մեջ: Միայն կոնքերի վերին մասով էր հենվել հողին, կարծես բազմոցի վրա լիներ, միայն թե առանց թիկնակի: Ձիգ էր եւ ճկուն, կարող էր ուսերն ու գլուխը պահել, մեջքը բռնել էի ամուր, մնացածն էլ ապահով տեղում էր...

Կիսամութ էր, երբ հագնվեցինք: Ոչ մի անգամ այսպես թուլացած չէի եղել: Ահավոր օրը ջլատել էր ինձ, սոված, որը պակաս կարեւոր չէր, եւ սա սոսկ մերձեցում չէր, բախում էր, գուցե հանգուցալուծում... Հանկարծակի հարվածների տարափից ուշքի չեկած...

- Այդ զգեստը քեզ շատ է սազում, միլիցիայում նկատեցի,- բառերը դանդաղորեն էի ասում, ծնոտներիս թեթեւ շարժումից ականջներիս մեջ ղռռոց կամ կրճտոց էր լսվում:

- Առաջին անգամ ինձ նման բան ասացիր,- ժպտաց,- ես էլ եմ սիրում սա, առաջին կուրսում եմ հագել: Քանի տարի անցել է, բայց նույն ձեւի է նստում, չեմ փոխվել բացարձակապես:

Նորից տեղավորվեցինք հատակի վրա, ոտքերս կախած: Նստեց ու սեղմվեց ինձ:

- Փոքր երեխա էի, տատիս հարցրեցի. «Ի վերջո սեր գոյություն ունի՞»: «Իհարկե ունի,- անմիջապես պատասխանեց նա, մի վայրկյան չտատանվեց, հետո ավելացրեց,- բայց պիտի անձամբ զգաս, որ հավատաս»:

- Հավատացե՞լ ես, թե՞ ստուգում ես:

- Մի՞թե կասկածում ես,- Ինան թեւս բռնեց, կուրծքը սեղմեց ուսիս,- միլիցիայում կատարվա՞ծը նկատի ունես...Երբեք չեմ ների ինձ այդ պահի համար:

- Կարող եմ ուրիշ օրինակներ բերել:

- Դե,- ուղղվեց նա աչքերն ինձ հառելով:

- Պետրոյի մասին խոսքդ կիսատ թողեցիր, կարծես բերանից թռցրել էիր, չվստահեցիր:

- Ուրի՞շ...

Հիշեցրի «ի հեճուկս»-ին նախորդող նրա եւ Նինայի արտահայտությունները:

- Ինչպես երեւում է, շախմատ խաղալ պիտի սովորեմ,- ընկճված ծիծաղեց նա:

- Շախմատ խաղալ սովորելով գուցե կարողանաս չասել նման բաներ, թաքցնես...

- Դու թաքցնո՞ւմ ես:

- Ոչ, բայց ջանում եմ ցավ չպատճառել:

- Հաճախ պատճառում ես:

- Ես գրոսմայստեր չեմ:

- Իսկ հենց նոր...

- Ի՞նչ եմ արել,- չհասկացա:

- Ինչո՞ւ էիր այդպես չարացած, կարծես ուզում էիր ոչնչացնել ինձ:

- Մի՞թե կոպիտ եմ եղել,- քրթմնջացի ամոթահար, ուսը գրկելով,- կներես... խնդրում եմ, դու ինձ զգուշացրու...

- Երեւի ամեն ինչի մեղավոր ինձ էիր համարում:

Գուցե ճիշտ էր ասում, ե՛ւ չարություն էի զգացել, միայն թե ոչ ցավ պատճառելու կամ պատժելու մտադրությամբ, ե՛ւ ինքնագոհություն, որ կարողացա ճնշել ու ենթարկել նրան... Ամենեւին էլ մեր սիրաքնքուշ մերձեցումներից չէր, դրանք յուրովի տարբեր էին լինում, բայց քնքշությունն ու հոգատարությունն անպակաս էին, երկուստեք...

Ազատ ձեռքով սիգարետ հանեցի:

- Կթողնե՞ս ծխեմ,- հարցրեց:

- Փորձո՞ւմ ես ինձ:

- Այո, գլխի ընկար:

- Խոստացել ես չծխել:

- Դու էլ էիր խոստացել:

- Ես միլիցիայում չդիմացա, հուսահատության մեջ էի ընկել:

- Մայորը գովում էր քեզ:

- Գուցե թվացել է: Խցում անցկացրած ժամերն ահավոր էին, երբ հանկարծ մտածեցի, որ միլիցիային պարզապես ձեռնտու է ինձ մեղավոր հանելը: Ամենասարսափելի պահը հիվանդանոցում էր: Ի՞նչ էր լինելու, եթե վրացին մայորի հարցին ի պատասխան գլխով աներ, որ ես եմ խփել, եւ մեռներ:

- Դե ոչ, անմեղ մարդու բանտ չեն գցի:

- Ոչ ոք չի տեսել խփողին, ես այդ ժամին այգում եմ եղել, բայց որեւէ տեղում չեմ երեւացել: Ինչպե՞ս ապացուցեի անմեղությունս: Եթե դու էիր կասկածում, մայորը չէ՞ր կասկածի:

- Նորից...

- Այդ պահին, անկեղծ ասած, հուսահատությունը խեղդեց ինձ: Տպավորի՞չ էր «խոստովանությունը»:

- Հիմա է տպավորիչ թվում, այն ժամանակ սարսափելի էր, շունչս կտրվեց:

- Հավատացի՞ր:

- Ժամանակ չեղավ մտածելու: Ինձ Բելովի ծիծաղը սթափեցրեց: Զգացի, որ նա չհավատաց քո ասածին:

- Երեւի նա հենց սկզբից էր համոզված, որ ես մեղավոր չեմ:

- Բայց ամբողջ օրը պահեց, քննեց...

- Նման հոգեբան քննիչները սիրում են մարդկանց տնտղել: Մեկ էլ տեսարՙ մի ուրիշ հանցանք հայտնաբերվեց:

- Չհարցրե՞ց, թե ինչու ես գիշերը նորից գնացել այգի:

- Պատասխանեցի նույնըՙ ուղղակի ուզում էի դուրս գալ:

- Իսկ ինձ կասե՞ս, թե ինչու գնացիր:

- Կարծում էի, թե Նինային տուն հասցնելուց հետո վերադարձել ես այգի:

- Լո՞ւրջ ես ասում:

- Գրեթե համոզված էի:

- Ատո՞ւմ ես ինձ:

- Եթե ատեի, ինչո՞ւ պիտի գնայի այգի:

- Իսկ ես իրոք ուզում էի վերադառնալ:

Զգացել էի:

- Ուզում էի վերադառնալ ու ասել նրան, որ սիրում եմ քեզ:

- Եվ ինչո՞ւ չգնացիր:

- Նինան չթողեց: Գուցե քույրս փրկեց ինձ ու Կիռային: Պատկերացնում եմ, միասին այգում նստած ենք, հայտնվում ես ծառերի միջից...

Ծաղրո՞ւմ էր:

- Հիմա դեմքիդ նույն արտահայտությունն է: Այդպիսի պահերին քեզնից վախենում եմ, լրիվ ուրիշ մարդ ես դառնում, չեմ ճանաչում քեզ: Քիչ առաջ էլ էր կարծես նույն արտահայտությունը, երբ ուղիղ նայում էիր աչքերիս: Հիմա եմ հիշում զարմանքի զգացումը, որ պատեց ինձ այդ պահին: Փոխված էիր, միանգամայն ուրիշ մարդ: Դրանից առաջ միշտ հոգատար ես եղել, ուշադիր: Զարմանում էի, թե որտեղից այս անփորձ տղային այդպիսի ասպետական վերաբերմունք, երեւի բնազդաբար էր ստացվում... կամ քո էությունից էր բխում... Իսկ այս անգամ չար էիր եւ ծանր...

- Կներես,- կրկնեցի հուսահատ,- մտքովս չի անցել, երեւի ահավոր օրն է եղել պատճառը...

- Հավատում եմ, ի վերջո սարսափելի պահեր հաղթահարեցիր: Խոստովանում եմ, նույնիսկ ուրախացա, որ կարողանում եմ այդ չարությունդ թե բարկությունդ թափելու հնարավորություն տալ քեզ:

Ըստ երեւույթին նա ավելի շատ էր սիրում ինձ, քան եսՙ իրեն, եւ ամաչեցնում էր:

- Չգիտեմ,- ասացի դեմքս մազերին սեղմելով,- չարություն, բարկություն, ուրիշ ինչ... Եղել են, թե ոչ, այդ ամենն անցավ... Սա է ամենալավ բուժումը, սրբում է ամեն ինչ... Ափսոս, եթե գետում լողանայինք, կատարյալ կլիներ...

- Իմացա ոնց բուժեմ քեզ, հենց վատ տրամադրության մեջ լինես,- ծիծաղեց Ինան:

- Այո, ես ասել եմ, դու ինձ կործանելու ձեւը գիտես, հիմա փրկելունն էլ իմացար, այնպես որ կյանքս փաստորեն քո ձեռքերում է...

Սովորական կատակախառը խոսակցության էր վերածվել, բայց եթե ծիծաղը, շշնջոցներն ու համբույրները չլինեին, այդ բառերը լսեի առանց որեւէ շեշտադրության եւ երանգի կամ կարդայի անշունչ թղթի վրա, միանգամայն լուրջ կընդունեի:

- Իսկ ի՞նչ էիք խոսում,- հարցրեցի:

- Կիռայի հե՞տ:

Այնպես էլ մտերմաբար էր ասում անունը:

- Այո, ի՞նչ էին խոսում Իռռան ու Կիռռան:

Հեգնանքս չզգաց կամ չզգալու տվեց, ռ-ները քիչ էի ասել ըստ երեւույթին:

- Հարցրեց, ոնց եմ, ի՞նչ եմ արել այս տարիներին...

- Նա որտե՞ղ է եղել:

- Բանտում,- զգուշաբար նայեց Ինան,- կռիվ էր արել: Քո մասին հարցրեց, ասացՙ ո՞վ է այդ տղան: Պատասխանեցիՙ ընկերս է:

- Հենց այդպե՞ս:

- Այո: Ծիծաղեց, ասում էՙ այդ երեխա՞ն:

Գրկեցի նրան, բարակ շորի տակից ջերմությունը վաղուց էր ինձ փոխանցվում:

- Ահա եւ քեզ երեխա,- ծիծաղեց Ինան ավելի մոտենալով,- ճի՞շտ հասկացա:

Թիկունքով սեղմվեց կրծքիս, թեւերիս մեջ ամփոփված:

- Հետո՞:

- Կարեւոր բան չենք ասել: Չխոսենք դրա մասին...

Նորից լավ էր, նորից միասին էինք եւ անկարող բաժանվելու: Անվերջ կմնայինք իրար գրկի մեջ: Իզուր չգնացինք տատի տուն, տանջալից օրն ավարտեինք անկողնում միասին քնելով: Մենակ մնալով էլի պիտի ընկնեի մտատանջության մեջ, այսպես արբեցնում էր, ընդարմացնում...

Եկավ բաժանողը կամ տուն կանչողըՙ հանգիստ, համբերատար ու զուսպ, բայց համառ ու պահանջկոտ Գամբիտը:

- Եկավ իմ հետեւից,- Ինան ծիծաղելով ձեռքը դրեց շան գլխին, քորեց ականջների հետեւը, ուժգին տրորելով մռութն աջ ու ձախ էր տանում,- տխրել է Նինայի գնալուց հետո, առաջ ինձ մոտ չէր գա, նրա հետ էր խաղում միշտ:

-Երրորդը,- ասացի,- եւ ամենաբարյացակամը... Գետափին եղբայրդ հայտնվեց, ամենակարեւոր պահին, տատի տանըՙ քույրդ, երկու անգամ: Ահա եւ Գամբիտը, բարեբախտաբար ուշ եկավ կամ այնքան բարեկիրթ էր, որ սպասում էր պատուհանի տակ, թեեւ ինձ չի սիրում:

- Փորձիր ձեռք տալ:

Փորձեցի, շունը լուռ հետ-հետ գնաց: Չվստահեց... տիրուհու պես:

Նրանք գնացին: Մի քանի րոպեից ես էլ դուրս եկա, արձանիկը գրկած, սոված, հոգնած, ուժասպառ եւ անորոշության մեջՙ ի՞նչ է լինելու վերջը: Շարունակությունը տեսնում էի, վերջը չէի գտնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.