AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 58. ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ


Տեղադրվել է` 2009-01-12 11:05:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 5065, Տպվել է` 406, Ուղարկվել է էլ.փոստով` 228

ԽԱՉԱԳՈՂ 37

ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Ուրբաթ օրը հիմնարկի աշխատավարձը բաժանեցին: Մեր փողը դեռ պատրաստ չէր, ասաց Սաքոն: Վճարելու էին, մնաց ինչքանի հարցը:

Աշխատավարձը` անորոշ, շաբաթավերջի հանդիպումը` նույնպես: Սեպտեմբերի երկուսին միայն նրա կոշիկներն էի տեսել հեռվից, երբ ավտոբուս էր նստում: Շաբաթ առավոտյան ոտքս կախ գցեցի ճաշարան գնալիս: Սպասում էի խաչմերուկում, որ մինչեւ կանգառ հետը քայլեմ: Եկավ, բարեբախտաբար առանց Տանյայի:

- Բարի լույս,- ուրախացավ նա,- ես էլ քեզ էի ուզում տեսնել:

- Երեկոյան հանդիպելու համա՞ր...

Գլուխն օրորեց,- մյուս շաբաթ:

- Ինչո՞ւ ոչ այսօր:

- Չեմ հասցնում,- խոստովանեց նա,- չեմ կարողանում պատրաստվել դասերին: Չէի կարծում, թե այսքան դժվար է, այնպիսի հարցեր են տալիս... Կիրակին ամբողջովին դրան եմ հատկացնելու, նստեմ պարապեմ...

- Միասին պարապենք, ես կօգնեմ:

- Շնորհակալ եմ, գիտեմ...

- Միանգամայն անշահախնդրորեն, առանց որեւէ հետին մտքի:

Ժպիտը փոխվեց ծիծաղի:

- Քեզ համար վաղը զբաղմունք կա, Բելիկովը հրավիրում է իրենց տուն` շախմատ խաղալու: Խնդրեց հայտնել, որ կեսօրից հետո հավաքվելու են: Բելովն ու ձեր ինժեներն են լինելու:

Տանյայի հորը հարեւաններն էլ էին ինժեներ ասում:

- Իսկ դո՞ւ...

- Ես ամբողջ օրը տանն եմ մնալու: Նրանց տունը ակումբի մոտ է, եթե չգիտես, չհասած խանութներ...

Գնացի ճաշարան, բայց ներս չմտա, մուտքի մոտ սպասեցի: Քանի հնարավոր էր, ուզում էի տեսնել նրան, ավտոբուսը եկավ, նստեց:

Եթե փոխեինք մեր տեղերը, ինձնից կախված լիներ հանդիպելու հնարավորությունը, մի վայրկյան չէի մնա տանը, չէի կարողանա մնալ: Սերը դա էր, ոչ թե տանը նստած մուրաբայով թեյ խմելն ու դասագրքեր թերթելը:

Աշխատանքը թոթափում էր վրդովմունքը, բայց ոչ ցավը: Սովխոզի տան դրսի պատ էինք սվաղում, թեեւ շարքը չէինք վերջացրել, միջնորմները մնում էին: Սա չէինք ծածկելու, ներսի ու դրսի գործ չկար, որ թողնեինք վատ եղանակին, շարքն ու սվաղը խառը անում էինք, ինչպես հարմարվեր:

Շուտ վերջացրինք, հանգիստ կարող էի հասնել ութի սեանսին, դուրս չեկա:

Սպասված շաբաթ գիշերն անցավ մտատանջության մեջ:

Հաջորդ օրը, ճաշարանում լավ ուտելուց հետո, ինչ իմանայի կիրակի օրվա անակնկալները, գնացի շախմատ խաղալու:

Բելիկովի տունը փնտրելու կարիք չեղավ: Փողոցից տեսա նրանց, դրսում էին խաղում, տանտերն ու ինժեները: Բելովը քիչ հետո եկավ: Ժամացույցով էինք խաղում, տարվողը զիջում էր տեղը: Կարծում էի, թե հենց նստեմ, այլեւս վեր կացնող չի լինի, բայց ինքս անմիջապես թռա: Բելիկովն ինձ հաղթելիս հրճվում էր: Նա Բելովին եւս հաղթեց, ինժեներին պարտվեց: Ես նաեւ ինժեներին չկարողացա հաղթել: Մայորի հերթը եկավ, երկուսին էլ հաղթեց: Եթե նրան նույնպես պարտվեի, խայտառակությունս կատարյալ կլիներ: Վերջապես կարողացա կենտրոնանալ, այսինքն Ինայի մասին չմտածել: Արդեն զգում էի սովորական ինքնավստահությունը եւ հաղթելու համոզմունքը: Ոչ ոքի չէր հաջողվել շրջան անել, իսկ ես կրկնեցի: Կշարունակեի հաղթարշավը, բայց անհարմար էի զգում անընդհատ հաղթելուց, մրցակիցներս նկատելիորեն լարվել էին: Զիջեցի ինժեներին: Դրանից հետո լարվածությունն անցավ, խաղում էինք թեթեւ, սխալներին ու պարտություններին առանձնապես ուշադրություն չդարձնելով:

Շախմատը նրանց հավաքի միակ առիթը չէր: Երբ խաղում էի Բելովի հետ, Բելիկովն ու ինժեները զրուցելով շրջում էին բակում, ապա ինժեներն ու մայորն իրար փոխարինեցին: Եռյակի գլխավոր անձը դպրոցի տնօրենն էր, նա էր զրույցները վարում: Պարտությունս խանգարեց նրանց, երկուսը խաղում էին, իսկ ինձ, իհարկե, զրույց-շրջագայության չհրավիրեց: Ինչքան հասկացա առանձին պատառիկներից, նրանց հետաքրքրում էին շրջանային ղեկավարության սպասվող փոփոխությունները: Դժգոհ էին, որ այս տարի նշանակված առաջին քարտուղարը դրսի մարդ է: Չուլկինին նույնպես հիշեցին:

- Այդ ի՞նչ օղու պատմություն է,- հարցրեց Բելիկովը ինժեներին:

- Միայն օղին չէ,- պատասխանեց նա,- յուրացումների մեղադրանք կար:

Մայորը երեւի այդպիսի գործերով չէր զբաղվում, այլապես առիթը բաց չէր թողնի ինձ քննելու: Ենթադրում էի, որ յուրացումները շինարարության հետ կապ ունեն:

Ինձ հետ ինժեները զրուցեց, Բելիկովի եւ Բելովի խաղին հետեւելով: Զարմանալիորեն, երկուսս էլ շախմատի սիրահար լինելով, առաջին անգամ էինք խաղատախտակի մոտ հանդիպում: Ուղղակի շփում չէինք ունեցել, բայց կարծես միշտ բարեհոգաբար էր նայում ինձ: Գուցե երեխայի համար էր փոխհատուցում:

- Արամ, զարմանալի է,- ասաց նա,- ինչո՞ւ Սերգեյի հետ միշտ նոր մարդիկ են աշխատում, ոչ ոք երկրորդ անգամ չի գալիս:

- Դուք ավելի լավ կիմանաք,- պատասխանեցի,- նա արդեն հինգ տարի այստեղ է աշխատում, իսկ ես, ինչպես ասացիք, ընդամենը մի տարի...

- Նրանից խոսք չես քաշի,- ծիծաղեց Բելովը,- նույնիսկ ինձ չհաջողվեց...

- Դու իմ մասնագիտությունը մի շփոթիր,- կատակեց ինժեները,- դու ինչպե՞ս հայտնվեցիր նրա բրիգադում,- նորից դիմեց ինձ:

- Երեւանում հանդիպեցի պատահաբար, նա մեր գյուղից է ծագումով: Ես նրան այստեղ եմ ճանաչել, ինչքան որ հասցրել եմ...

- Նա կապ ունի՞ յուրացումների հետ,- հարցրեց Բելովը,- մերո՞նք են զբաղվում:

- Ոչ, շրջկոմը: Չուլկինը հավանաբար նրա միջոցով փողեր է գրել, սակայն չհաստատվեց: Եթե արել են, շատ խորամանկ ձեւով:

Մինչդեռ, իմ կարճ խելքով, բավական էր ընդամենը պարզել, թե ինչքան փող է ստացել մեր բրիգադիրը, ինչքան է բաժանել, եւ մեզ առնչվող յուրացումները որ կբացահայտվեին: Բելովն իսկույն հանգեց դրան:

- Արամը չի՞ կարող օգնել մեզ,- առաջարկեց նա:

- Իհարկե չեմ կարող,- ծիծաղեցի,- ես պատահական մարդ եմ բրիգադում. հետաքրքրության համար եմ դուրս եկել եւ ամենեւին չեմ ուզում ինչ-որ պատմության մեջ ընկնել:

Բարեբախտաբար ինժեների հերթը հասավ: Դրանից հետո առիթ չեղավ զրուցելու, թեեւ բավական խաղացինք:

Նրանք շարունակելու էին ներսում: Կռահելով, որ ճաշկերույթ է լինելու, ես հեռացա: Եթե խմեի, նորից Սաքոյին կանդրադառնային, գուցե Բելովը մի անգամ եւս փորձեր համոզել ինձ, որ վրացուն ես եմ խփել:

Ամբողջ ժամանակ հույսը մլմլում էր ներսումս: Ինան գիտեր տեղս, գուցե մտքով անցներ անակնկալ մատուցել, ինչպես Բելովի նշանակած ժամադրավայրում էր հայտնվել:

Նորաբաց գարեջրատունը մտա, չեչենների սարքածն էր: Խանութներում օղու վաճառքը դեռ արգելված էր, գարեջուր թույլ տալիս էին, չէր կարելի մարդկանց լիովին զրկել: Նստելու տեղ չկար, եւ վաճառասեղանի մոտ էին խմբված: Չխմողներն ավելի շատ էին, անորոշ հույսով նստածները, թե բախտը կժպտա հանկարծ...

- Ձեր մերը,- գոռգոռում էր տարեց վաճառողուհին,- ով չի խմում, թող քաշվի գնա...

Սպասելն անիմաստ էր, սեւագլուխներ մտան:

Եթե օղի ճարեի, Դիմովիչին կայցելեի:

Մթերային խանութում նոր աշխատողներ էին: Դիվինոյում շուտ-շուտ փոխում էին վաճառողուհիներին: Առաջին անհաջող փորձից հետո մյուսներին չմոտեցա: Ստիպված էի հասնել գյուղտեխնիկա, սեփական պաշարս պիտի վերացնեի:

Մերոնք տանը չէին, սկսել էին կիրակիներն արդյունավետ անցկացնել:

Թղթե տոպրակը թեւիս տակ վերադարձա կանգառ, քիչ հետո ավտոբուսը եկավ: Չնայեցի էլ Անտառային փողոցի կողմը: Հարբելու պահանջ էի զգում:

Դիմովիչը տանն էր եւ անտրամադիր, որովհետեւ կիրակին հենց այնպես անցնում էր: Իսկույն սեղան բացեց, մի քանի կտոր հին հաց ու խոզաճարպ բերեց նույն ափսեի մեջ: Կարեւորը զուլալ ճերմակն էր: Առաջին իսկ բաժակը սրբեց տարավ դառնությունն ու տաղտուկը ոչ միայն իմ, այլեւ Դիմովիչի հոգուց: Մենք իրար արժանի բաժակի ընկերներ էինք: Խմելու տակտիկան յուրացրել էի, մի քանի բաժակ խմեցինք ու հանդարտվեցինք որոշ ժամանակ` ծխելով ու զրուցելով: Հենց այդ պահն էր հարբելու սկիզբը: Սաշան շատ էր խմում ու չէր հարբում, որովհետեւ գրեթե չէր խոսում: Դիմովիչը հարբում էր մենակ խմելիս, որովհետեւ չէր խոսում: Իսկ եթե խոսում էր, հաճելի արարողություն էր դառնում նրա համար:

- Ինչո՞ւ ես որոշել խմել,- հարցրեց Դիմովիչը:

Սա էլ էր սիրում հոգի քրքրել:

- Աշուն է,- ասացի,- սիրում եմ աշունը:

- Հա՜... աշունը խմելու եղանակ է:

- Չխմելու եղանակ կա՞, Դիմովիչ:

- Ամենալավը ձմեռն է, իսկական խմելու համար է, գործ չկա, ցուրտ, ձյո՜ւն... Աշունը դե լավ է, ինքդ գիտես, ամառն էլ ոչինչ, շոգին միայն օղին է հովացնում: Գարունը չեմ սիրում...

Գարունը Ինայի ո՞ր մասն էր... կուրծքը ծաղկափթիթ, շատ էի սիրում...

- Գարնանը սիրտս չի դիմանում,- Դիմովիչի ձայնի մեջ վախ կար,- ես գարնանը կմեռնեմ... խմած, աստված տա:

- Դու մեծ չես, Դիմովիչ,- մխիթարեցի,- եւ լավ առողջ տեսք ունես, ինչո՞ւ ես շտապում:

- Չեմ շտապում,- կարծես արդարացավ,- ծերանում եմ... ծերացել եմ արդեն:

- Քանի՞ տարեկան ես:

- Հիսունինը... կամ վաթսուն, նայած ոնց կհաշվես... Բեր այդ շիշը դատարկենք, չեմ սիրում, երբ տակը մնում է:

Երեւի խոսակցությունը փոխելու համար ասաց: Ինձ հետաքրքրում էր նրա կյանքի պատմությունը, բայց հարցեր չէի տալիս: Դիմովիչը խոսքասեր էր, եթե հարկ համարեր, կպատմեր: Այդքան ժամանակ իր մասին բառ չէր ասել:

- Չե՞ս ուզում ուտել,- խմելուց հետո առաջարկեց: Ինքը խոզաճարպ գցեց բերանը, հացից կծեց:

- Ես ճաշարանում կերել եմ:

Արդեն չորրորդ բաժակն էի խմում առանց ուտելու: Դա առնվազն անմտություն էր:

- Կուշտ ժամանակ լավ չի խմվում:

Դիմովիչն ամեն ինչ կապում էր խմելու հետ:

Վառարանի մոտ էինք նստած: Առաջին անգամ էի վառարան տեսնում չորս կողմից բաց, կարող էի ուսումնասիրել:

- Հրաշալի է հին ռուսական վառարանը,- ասացի,- այդ բառերից մարդ արդեն տաքանում է:

- Հա, սա ինձ փրկում է, շուտով կվառեմ, ցուրտ է գիշերը:

- Լավ տաքացնո՞ւմ է:

- Շոգ... տաքացնելուց բացի, կրակը ընկեր է, զբաղմունք:

- Մենք էլ ենք ունեցել այդպիսի վառարան, բայց պատի մեջ էր: Գյուղում միայն մեր տանը կար, քանդել է հայրս, շատ տեղ էր բռնում: Ասում էին, որ մտնում էի ծակուծուկերը:

Բացեցի երկաթե դռնակը, մոխրի վրա տաշեղներ կային եւ կնոջ ոտքն էր այդտեղ:

- Ուզում ես վառե՞լ, Դիմովիչ, ես սա տեսել եմ,- ասացի ոտքը հանելով,- տուր ինձ, եթե վառելու ես:

- Վատ է ստացվել, դե լավ, թող մնա, կմշակեմ, հետո կտամ... Ուրեմն դո՞ւ ես ինձ ներս բերել, ես էլ կարծում էի, թե երազ եմ տեսել... գեղեցկուհիների հետ...

- Իսկ ես կարծում էի, թե դու հարբած ես եղել,- ծիծաղեցի,- մինչդեռ ամեն ինչ հիշում ես...

Ոտքը մաքրեցի մոխրից, դրեցի դազգահ-սեղանին, որի ծայրին շիշն ու բաժակներն էին:

- Եթե մշակելու ես, խնդրում եմ, փոքր-ինչ նրբացրու, սա թմբլիկ է...

- Հա, գիտեմ,- մռթմռթաց ծերուկը,- դու նիհարներին ես սիրում:

- Ոչ թե նիհար, այլ նուրբ...

- Նուրբ ու փխրուն... ցողի կաթիլից ճկված ցողունի պես... Հիմա ցույց կտամ նուրբ ու փխրունը...

Դիմովիչը պահարանի դարակից մի հին թղթապանակ հանեց, թղթերի մեջ դրված խունացած նկարներից մեկն առանձնացրեց ու տվեց ինձ: Իրոք նուրբ ու փխրուն էր, դպրոցական աղջիկ...

- Աղջիկս է,- ասաց Դիմովիչը քնքշանքով եւ ցավով,- հիմա ինքն ունի այս տարիքի աղջիկ:

Դարձյալ հարցեր չտվեցի, թող այդպես, կաթիլ-կաթիլ բացվի ծերուկը:

Առանց ուտելիքի խմած օղին ուժեղացնում էր ազդեցությունը, դեռ մի ամբողջ շիշ մեզ էր սպասում: Ինքս էի եկել, չէի կարող հրաժարվել: Այնուամենայնիվ կերա խոզաճարպը, կարծես յուղեց ուղիները, հաջորդ բաժակը լավ փափուկ գնաց: Իսկ երբ նորից սիգարետ վառեցի ու ծուխը խոր ներս քաշելով հետ ընկա աթոռի վրա, ամեն ինչ լավ ու հաճելի թվաց: Ամենալավը` երեկոն սահմանափակված չէր որեւէ պարտադրանքով, ազատ էի կատարելապես:

- Այս շիշը հարկավոր է դանդաղ խմել,- զգուշացրեց Դիմովիչը, երբ լցնում էի բաժակները:

- Ամեն մեկիս` մի շիշ: Մի՞թե դրանից շատ պիտի խմեինք...

Օղու հաշվարկը ոչ մի կերպ ճշգրիտ չէր ստացվում:

- Չէ, լավ է...

Ծերուկը երեւի մենակ մնալուց էր խուսափում, կամ իրոք սիրտն էր անհանգստացնում:

- Օղին որտեղի՞ց ես ճարել,- հարցրեց:

- Մոտս կար, վաղուց էի գնել:

Հարբում էի, բայց ոգեւորությունը չկար, որ զգացել էի մի քանի անգամ: Գալիս-գնում էր, երբեմն էր համակում եւ արագորեն չքվում: Երեւի արդեն հարբեցող եմ դառնում, մտածեցի տագնապով: Ամբողջ օրը տաղտուկի եւ սրտնեղության խառը, մաշող զգացողությունն անպակաս էր ինձնից: Նույնիսկ շախմատը չփարատեց, որը նախկինում կլանում էր ամբողջովին: Դրանից ազատվելու միակ ձեւը գուցե գիտակցությունը կորցնելու աստիճան հարբելն էր: Մի քանի բաժակը սոսկ սրում էր այդ զգացողությունը:

Դիմովիչի զգուշացմանը հակառակ շուտ հեռանալու ցանկություն առաջացավ, բայց ենթարկվեցի նրան` ցույց տալով, որ հաճույքով խմում եմ եւ այստեղ հաճելի է: Ծիծաղելի էր թվում օղու փնտրտուքը եւ անիմաստ` այս ամբողջ կոնծաբանությունը: Եթե մերժված, անհույս սիրահար լինեի, այո, վիշտս թաղեի խմիչքի մեջ, բայց աղջիկն ինձ սիրում էր, ես նրան էի սիրում, փոխանակ նրան հասնելու եւ պահելու ձեւը գտնելու, խմում եմ նվնվան ծերուկի հետ: Չէ՞ որ ինքն ասաց` եթե կարողացար պահել, կմնամ: Մի անգամ էլ, շատ շուտ, ասաց` համառ չես դու: Դրանից հետո համառության բազմաթիվ օրինակներ էի ցուցաբերել եւ միշտ հաջողության էի հասել, բայց հարյուր հաղթական պահերը նսեմանում են մեկ թույլ արարքի հիշողությունից: Նոր միայն հստակորեն զգացի նրա խոսքերի իմաստը. «Քեզնից է կախված, կարողացար պահել, կմնամ»:

- Ես գնում եմ,- ասացի շուրթերս լիզելով:

- Ինչո՞ւ, ի՞նչ եղավ,- ծիծաղեց Դիմովըչը:

- Ես գնում եմ,- կրկնեցի ճոճվելով, բայց դա վերագրեցի հանկարծակի եւ կտրուկ վեր կենալուն,- ինձ վեհ գործեր են սպասում:

- Ա՜... հասկանում եմ: Չխմե՞նք սա,- Դիմովիչը վերցրեց բաժակը:

- Իհարկե, անպայման:

Խմեցի, որովհետեւ ուզում էի ճշտել, թե օղին երբ է սկսում ազդել` խմելու պահի՞ն, բաժակը դատարկելուց հետո՞, թե՞ ավելի ուշ: Փոքր ժամանակ այդպես քրտնելուս էի հետեւում եւ երբեք սկիզբը չտեսա: Ամեն ինչ կրկնվում է...

- Շշի միջինը թող մնա, Դիմովիչ,- ասացի մատս տնկելով,- առավոտյան կխմես:

- Հե-հե... առավոտյա՞ն... Ինչքան էլ լինի, չի մնա մինչեւ առավոտ,- հայհոյեց Դիմովիչը:

Նրա բառերը մեկումեջ զտելու դեպքում կարգին նախադասություններ էին ստացվում:

Դիմովիչը երկու մեծ բաժակ բերեց:

- Այ սա բանի նման է, թե չէ քունս տանում էր,- հոխորտացի, թեեւ սիրտս կանգնել էր:

Այսպիսի բաժակով հաստատ կբռնեի ազդելու պահը: Կարծես էլեկտրական հոսանք էր լցվում կոկորդս:

Դժվարը փողոց հասնելն էր, հետո` մենակ հեշտ կլիներ:

- Ո՞նց ես գնալու,- բակի դռնակի մոտ հարցրեց Դիմովիչը:

- Ամենակարճ ճանապարհով...

- Ամենալավ պատասխանը,- արագորեն արձագանքեց եւ օրորվելով վերադարձավ տուն:

Ամենակարճ ճանապարհը մինչեւ տատի տունն էր: Լույսը չէր վառվում` առաջին հուսախաբությունը: Երկրորդը` լուսամուտը չէր բացվում: Համբերությունս չհերիքեց մյուս լուսամուտները փորձելու, արմունկով թեթեւակի կպա, ծլնգաց, ծեծված շան ձայն հանեց խեղճ ապակին: Ներս մտնելն ավելի հեշտ էր: Մեր գյուղում բոլորը պարտադիր լուսամուտներին ճաղեր էին քաշում, այստեղ այդպիսի բան չկար: Վառեցի լույսը եւ սիգարետը: Նույն դրությունն էր, ինչ թողել էինք ես ու Ինան: Իսկ իմ հիվանդ երեւակայությունը սարսափազդու տեսարաններ էր պատկերել, ասենք` խառնշտված անկողին... Հանգստացա, նույնիսկ լրջացա:

Բացեցի հեռախոսագիրքը եւ հեշտությամբ գտա նրանց համարը: Առաջին հերթին արտագրեցի գրքույկիս մեջ, նաեւ տատի տան համարը: Ապա եռանդով թրջելով եւ իրար քսելով շուրթերս, որ կարողանամ պարզ ու հանգիստ խոսել, զանգահարեցի:

- Այո, լսում եմ Ձեզ:

Կին էր, բայց Ինան չէր, մայրը պիտի լիներ:

- Բարի երեկո,- ասացի ամենայն քաղաքավարությամբ:

- Բարի երեկո,- պատասխանեց:

- Ինային եմ խնդրում, եթե կարելի է:

Հատուկ ուշադրություն էի դարձնում, որ առոգանությունս չզգացվի:

- Նա տանը չէ, ո՞վ է հարցնում:

Տանը չէ՞... սա ավելի մեծ բաժակով էր:

- Ո՞վ է հարցնում,- կրկնեց,- ո՞վ է խոսում:

- Ներեցեք,- ասացի սառած ու դրեցի հեռախոսը:

Լավ է, որ մեր երկրում համար գրանցող սարքեր չկան, կամ միայն միլիցիան ունի, թե չէ այդ կինը լեղաճաք կլիներ:

Որտե՞ղ էր, եթե տանը չէր: Դուրս եկա միջանցք, կարծես այնտեղ էի փնտրում, ոչ, խմելու բան էի ուզում, բերանս չորացել էր, սիրտս շատ արագ էր բաբախում, այդպես խփում էր Ինայի մոտիկությունից, երբ ուզում էի գրկել նրան, բայց դեռ չէի գրկում... Սառնարանում կոնյակի կիսատ շիշը տեսա: Մեկը ասել էր, թե կոնյակը սառնարան չեն դնում: Հիմա՛ր, ինչո՞ւ չեն դնում, քեզ ինչ, դու պիտի՞ որոշես... Կոնյակն էլ կդնեմ, գարեջուրն էլ, հատկապես որ տնական գարեջուր է... Կոնյակը չեմ խմի, բայց գարեջուրը կխմեմ... Նինայի կենացը... Կներես, սիրելի քույրիկ, կոնյակի փոխարեն գարեջրով եմ կենացդ խմում... Շատ լավ սառն է, արժե քո կենացը մի անգամ էլ խմել: Հիմա կգնամ քույրիկիդ փնտրելու...

Դանակս տեսա: Հավատարիմ բարեկամս էլ է այստեղ, գիշերը ինձ պետք կգա հավանաբար, կներես, այդ չար վհուկը մեզ բաժանել էր իրարից... Ես դեռ կվերադառնամ այստեղ... երկուսով կամ մենակ...

Դուրս եկա լուսամուտից, փակը չգցեցի, միայն ծածկեցի: Փողոցում անխուսափելի երկմտանքը բռնեց` գետափո՞վ, թե՞ փողոցով: Ինան այս մթանը դժվար թե գետափը նախընտրեր, եթե հանկարծ գար տատի տուն: Սուրացի փողոցով: Դիմովիչի լույսը վառվում էր: Ինչո՞ւ չես քնում, այ ծերուկ, վաղը պիտի թթվես քացախի պես ու հառաչես` երկուշաբթին ծա՜նր օր է: Ճանապարհին ծորակ կար, լծակը մի քանի անգամ թափահարեցի, ջուրը ֆշշալով թափվեց: Լվացվեցի, ծոծրակով, ծոցով, որոշ չափով զգաստացա, ժամանակավորապես: Համենայն դեպս գիտակցությունս տեղն էր, նույնիսկ ավելին:

Ակումբի մոտ դանդաղեցրի քայլերս: Հանգիստ, հիմա ամենակարեւորը ինքնատիրապետումն է: Զարմանալի է, ասաց Բելովը Ինայի ներկայությամբ, այդ տարիքում... Այսօր այնքան էլ լավ չխաղացի, ոչինչ, դեռ կհանդիպենք: Այգու մուտքի մոտ աղջիկները հավաքված էին, առանց Նինայի... Նրանք ինձ ուշադրության չարժանացրին, բայց դա տեւելու էր մինչեւ անցնելը: Մեկը չկար, գրազ գայի, որ հիմա փռթկոց է լսվելու:

Անցա նույն ճանապարհով, որը կրկնել էի Ինայի եւ Բելովի ուղեկցությամբ: Մինչեւ տաղավար հասնելը սիգարետ վառեցի, պետք էր պատրաստ լինել բոլոր անակնկալներին:

Տաղավարում միայն դեղին ու կարմիր եւ այդ գույների երանգներով գլուխներ էին: Ոչ մի սեւ գլուխ չերեւաց: Բայց դա չէր նշանակում, թե Ինան այդտեղ էր, մեկ-մեկ զննեցի բոլորին, չկար: Շրջվեցի եւ տեսա նրանց: Գալիս էին իմ ճանապարհով, ըստ երեւույթին նոր էին դուրս եկել հատող ծառուղուց: Իռան եւ Կիռան: Ոչ թեւանցուկ, ոչ էլ իրար հպված, կողք կողքի, լուռ...

Հավասարվեցին ծառին, որի տակ կանգնած էի, եւ անցնում էին... Իռռան եւ Կիռռան...

- Հրաշալի երեկո է,- ասացի ցածրաձայն, կարծես ինքս ինձ:

Իռռռան ցնցվեց, արձանացավ, Կիռռռան շուրջը նայեց, ես դուրս եկա ստվերից ու մոտեցա: Ձախ ձեռքով էի ծխում, աջ ձեռքս պիջակիս գրպանում էր, դանակը բռնած, չէի բացել, կարող էի կոթով խփել դեմքին: Միայն թե լեզուս չդավաճաներ, կարողանայի հանգիստ խոսել: Կարծես թե ստացվեց:

- Բարեւ Ձեզ,- ողջունեցի,- ինչպե՞ս եք, Իրինա Գրիգորեւնա, ինչպե՞ս անցավ առաջին դասը... Ա՛հ, ներեցեք, սխալվեցի, Դուք Իրինա Գրիգորեւնան չեք, Դուք Իռռռան եք... Իռռռռան...

- Դու հարբած ես,- ասաց նա ձեռքերն իրար խփելով:

- Իհարկե հարբած եմ, իսկ դու ի՞նչ էիր կարծում,- չհասկացա, թե ինչու ասացի վերջին բառերը,- իսկ սա հավանաբար Կիռռան է, Կիռռռան...

- Հանգիստ,- սպառնալի ասաց Կիռռան հայացքը աջ ձեռքիցս չկտրելով:

Ինան հետեւեց նրա հայացքին եւ հանկարծ առաջ նետվելով փաթաթվեց թեւիս: Կիռռայի մտքով չանցավ այդ պահին հարձակվել, չէի կարողանա պաշտպանվել այդպես կաշկանդված, կամ չհասցրեց: Տաղավարից տղաների խումբը դուրս թռավ եւ առանց աղմուկի, իրարանցման շրջապատեց մեզ: Կենտրոնում, իհարկե, Պետրոն էր, իսկ նրա կողքին Վասյային տեսա, գետափի երեքից մեկին:

- Ի՞նչ է եղել,- հարցրեց Պետրոն:

- Վախեցնում էր մեզ,- պատասխանեց Կիռռան,- կոպտեց...

Պետրոն մոտեցավ, օղակը սեղմվեց: Ինան գունատվել էր, դողում էր: Դու անվախ ես քամու պես, ասել էր նա: Եթե իմ սիրած աղջիկն ինձ այդպիսի բան է ասում, ես իրոք կդառնամ անվախ... Առաջին հերթին պետք էր նրանից ազատվել: Ինձ ու Պետրոյին ընդամենը մի քայլ էր բաժանում: Պատկերացնում էի շարունակությունը` նա տապալում է ինձ, մյուսները վրա են տալիս շնագայլերի պես: Սարսափելի էր նրանց ծեծը. գցում էին քացու տակ եւ ջարդում անխնա: Վասյայի չարախինդ, բայց զգուշավոր դեմքն էի տեսնում, նրա աչքերը նույնպես սեւեռված էին աջ ձեռքիս:

- Իմ բոլոր թշնամիներն այստե՞ղ են,- հազիվ կարողացա արտաբերել չորացած բերանով, շարունակությունը ինքնաբերաբար ստացվեց,- իսկ ո՞ւր է մետաղալարը...

- Խելոք մնա,- շշնջաց Ինան նորից թեւս բռնելով:

Պետրոն ոտքից գլուխ չափեց ինձ, նայեց Ինային հարցական, աչքերը նորից հառեց ինձ ու քմծիծաղով ասաց.

- Խմած է, թող գնա, հետո կխոսենք:

Ինան ժամանակ չտվեց, կարծես գիտեր, թե Պետրոն ինչ է ասելու, իսկույն ինձ քաշեց տարավ: Այգու մուտքի մոտ թողեց, այստեղ աղջիկները դեռ խմբված էին: Նրանցից անցանք եւ գնացինք դեպի գյուղտեխնիկա կամ Անտառային փողոց: Գայթեցի, Ինան նորից թեւս մտավ:

- Համլե՞տ էիր խաղում,- շպրտեց երեսիս,- իմ բոլոր թշնամիներն այստե՞ղ են,- տնազ արեց ծամածռվելով,- դու նրա մանկական դեմքին մի նայիր, բոլորը նրանից վախենում են:

Նստած-ելած Կիռռան պատրաստակամորեն զեկուցում եր Պետրոյին:

Ջղայնացնում էր, սիրտս սկսեց արագ եւ ուժգին բաբախել: Հենց իր բռնած թեւով օղակեցի մեջքը, մյուսով քաշեցի գլուխը եւ համբուրեցի շուրթերը...

- Թո՛ւհ, թո՛ւհ,- այս անգամ անկեղծորեն եւ միանգամայն իրավացիորեն թքոտեց նա,- ինչ գարշելի հոտ է, օղի, սիգարետ...

- Եվ գարեջուր,- ավելացրի:

- Գարեջո՞ւր,- կասկածեց,- ստուգեմ...

Երկար համբուրեց, որպեսզի պարզի, թե օրվա ընթացքում ուրիշ ինչ եմ կլանել... մինչեւ կարողացավ սողոսկել գրպանս եւ հանել դանակը:

- Սա ի՞նչ է...

Ինչքան էլ մութ լիներ, կերեւար, որ դանակ է:

- Որտեղի՞ց ես վերցրել:

Այդ հարցի պատասխանը նույնպես հայտնի էր նրան:

- Ե՞րբ ես վերցրել:

Սա պատասխանի կարիք ուներ:

- Այսօր:

- Այնտեղի՞ց էիր գալիս:

- Այո:

- Ինչպե՞ս էիր մտել, ես լուսամուտները ներսից փակել էի:

- Արմունկս պատահաբար կպավ ապակուն:

- Քո կյանքում ամե՞ն ինչ է պատահաբար լինում:

- Այո:

- Պատահաբար մտար այգի:

- Այո:

- Մեզ չէիր սպասում, պատահաբար տեսար:

- Այո:

- Պատահաբար կխփեիր Կիրային:

Սեղմեցի ուսերը, ճչաց:

- Առաջին անգամ ձեռքերիդ ազատություն տվեցիր,- շշնջաց:

- Այդ անունը ինձ մոտ չտաս: Այդ մարդը պիտի ջնջվի իմ կյանքից... եւ քո կյանքից...

Նա ինձ հանգստացնելու ձեւին լավ էր տիրապետում:

- Լավ, վերջ,- շշնջում էր համբույրների արանքներում,- բայց պիտի ասեմ, թե ինչ ենք խոսել.. Ես նրան ասացի, որ քեզ սիրում եմ...

- Ինձ:

- Այո: Իսկ ինքն ասաց, որ ոտքերս չի ընկնի: Գնալու է գյուղից: Նա հիմա ամենից շատ նորից բանտ ընկնելուց է վախենում: Իսկ հիմա, ուզո՞ւմ ես, գնանք տատի տուն: Այստեղից էլ կարող ենք դուրս գալ գետափ: Գնանք, տեսնենք, ուրիշ ինչ ավերածություն ես արել:

- Տատի տուն չեմ գա,- մերժեցի հաստատակամորեն:

Ինան ապշեց,- քեզ հետ ի՞նչ է կատարվում, դու հրաժարվե՞ս...

- Չեմ ուզում հարբած հղիացնել քեզ:

Հանկարծակի եւ սրտաբուխ քրքիջ, ինչպես միշտ` պոռթկուն եւ կարճ:

- Արի գնանք, չեմ հղիանա,- գայթակղիչ ժպիտով շշնջաց նա:

Շուրթերի ձեւից եւ ընդհանրապես ձեռքերիս մեջ գրկվող մարմնից զգում էի, որ իրոք ուզում է: Դեմքս սեղմեցի վզին, միայն երկուսս մնանք, ոչ մի Կիռա, քանի ռ-ով ուզում է լինի, ոչ մի խմիչք եւ սիգարետ, միայն երկուսս, երկուսով` մենակ...

Մտանք նեղ փողոցը: Այնքան ուշ չէր, որ բոլորը քնած լինեին:

- Ես եկել էի,- ասաց Ինան պատշաճ հեռավորություն պահպանելով,- խաղում էին դրսում, դու չկայիր: Որտե՞ղ էիր խմում:

- Դիմովիչի տանը:

- Ի՞նչ ես գտել այդ ծերուկի մեջ:

- Մեղք է, խղճում եմ նրան:

- Իսկ այգում ո՞ւմ էիր սպասում, ո՞վ էր ինձ փոխարինելու:

- Հենց քեզ էի սպասում:

- Ես քեզ ասել էի, որ տանն եմ մնալու:

- Զանգահարեցի ձեր տուն...

Զարմանքի հերթական ձայնը:

- Դու ինձ այսօր միայն ապշեցնում ես,- վերջապես կարողացավ խոսել:

- Ինչու միայն այսօր,- ինքնագոհ պատասխանեցի,- ես հենց առաջին օրվանից անընդհատ ապշեցրել եմ քեզ:

- Դա թողնենք, հետո կպարզենք,- Պետրոյի պես ասաց նա,- ո՞ւմ հետ ես խոսել:

- Հավանաբար մայրդ էր:

- Հուսով եմ` բարեւեցիր:

- Իհարկե:

- Բառ առ բառ կրկնիր,- հրահանգեց Ինան:

Դժվար չէր:

- Իսկ ինչո՞ւ չես ներկայացել... եւ բարի գիշեր չես մաղթել:

- Ընդունում եմ, ես էլ անթերի չեմ: Ինձ քո բացակայությունն էր ապշեցրել:

- Տատի տուն չենք գնում,- հանկարծ հայտարարեց:

«Ինչի» հերթը իմն էր: Հաջորդ պահին խույս տվեց ձեռքիցս:

- Կամաց, հարբած,- ցածրաձայն ծիծաղեց,- ընկար, չեմ օգնի:

- Դու գիտես... Ես ուզում էի տատի տուն գնալ, որ ապակու չափը վերցնեմ:

- Ո՞րն ես ջարդել:

- Որից որ մտնում էինք, դրսի փեղկի ներքեւի ձախ շրջանակի...

- Ոնց էլ հիշում է հարբածը... Դրանից սարայում պիտի լինի: Մյուս կիրակի կգցենք:

- Իսկ եթե կատու մտնի կամ շուն...

- Լավ, ես վաղը դպրոցից կգնամ:

- Աղջիկը ապակի՞ գցի...

- Մի խոսքով, շատ ես խոսում,- եզրափակեց նա,- գնում ենք տուն:

Հասանք գետափ: Կարծես թե երկմտանքի տեղ չէր մնացել, այնուամենայնիվ հարցական նայեցի` ձախ, աջ:

- Ուզում եմ գնալ դեպի ձախ,- խոստովանեց Ինան,- բայց պետք է գնալ դեպի աջ:

- Ինքդ առաջարկեցիր:

- Այդ պահին ամեն ինչի պատրաստ էի հանուն քեզ:

- Ուրեմն միայն այդ պահին:

- Էլ բառերից չկառչես, խնդրում եմ:

Բայց չէի կարող չշարունակել:

- Եվ ի՞նչ սարսափելի զոհաբերություն էիր անում, որ հանուն ինձ ամեն ինչի պատրաստ էիր:

- Օֆ, աստված իմ,- հառաչեց Ինան,- ազատվիր այդ հիվանդությունից: Ոչ ոք իր խոսքը քանոնով չի չափում: Ամեն խոսքի հազար ու մի առարկություն կարելի է գտնել: Դրա համար է Բելովը հավանել քեզ: Նրանը մասնագիտություն է, նա մարդկանց խոսքից կառչելով բանտ է տանում, իսկ քոնը հիվանդագին կասկածամտություն է,- եւ դադարից հետո ավելացրեց,- որը կսրվի, եթե շարունակես հարբել... հարբեցող ես դառնում...

- Ե՞ս... Ես խմում եմ, որպեսզի չտարբերվեմ:

- Դու չէիր խմում, չէ՞, ընդհանրապես:

- Ուսանողական տարիներին խմել եմ, բայց ոչ այդպիսի հեղեղումներով...

- Կարելի է մտածել, թե ուսանողական կյանքից բացի մի երեսուն տարվա հասուն կյանք ես ունեցել:

- Այո, ունեցել եմ: Ես ոչ թե օրերով, ժամերով եմ հասունացել,- ասացի մոտենալով: Այս մթանը, նեղ, անհարթ ճանապարհին, գետի գիշերային խորհրդավոր ձայնի ներքո ինչպե՞ս կարելի է թողնել, որ աղջիկն ինքնուրույն քայլի:- Հիշիր, ես շուտ կմահանամ, որովհետեւ շատ արագ եմ ապրում: Այս երկու ամիսը քսան տարվա կյանք է տվել ինձ:

Շարունակեցինք ճանապարհը գրկված: Արդեն մեր սովորական գետափնյա ուղեւորությունն էր բոլոր համապատասխան տարրերով, եւ հույս ունեի դանդաղ գնալու ռեկորդը եթե ոչ գերազանցել, գոնե կրկնել: Պատահել էր, այգուց մինչեւ նրանց տուն երկու ժամում էինք հասել: Բայց գգվանքին տրվելով հանդերձ նա կանգ չէր առնում: Երեւի այս անգամ ընթացքում համբուրվելու հաճույքն էր վայելում: Այնպես որ, հաշվի առնելով համբույրների երկարատեւությունը, գրեթե ակնթարթորեն հասանք Անտառային փողոց:

- Վաղուց այսքան արագ չէինք եկել,- շեշտեցի դժգոհությունս:

- Ոչինչ, մի անգամ էլ այսպես,- պատասխանեց Ինան,- առանց այդ էլ քո պատճառով էլի չկարողացա նախապատրաստվել:

- Իմ պատճառո՞վ...

- Հիմա չսկսենք նորից,- պաշտպանվեց Ինան,- ասա ինձ բարի գիշեր, սիրելիս, եւ գնա:

- Սիրելիս, բայց դու չասացիր, թե ինչպես են անցել դասերը, սեպտեմբերի մեկը...

- Մի հիշեցրու... սեպտեմբերի մեկը ահավոր էր: Դասարանում մեղքը վրայիցս թափվում էր: Կարծես գիտեին, թե գիշերն ինչով եմ զբաղվել: Ամոթ էր, ուսուցիչը պետք է մաքուր եւ հանգիստ հոգով մտնի դասարան:

- Դրա համա՞ր ես փախչում ինձնից:

- Նաեւ դրա համար,- ծիծաղեց նա:

- Ուրեմն շաբաթ երեկոյան պիտի հանդիպենք, որ հասցնենք կիրակի օրը մաքրագործվել:

- Ոչ, գիշերը չենք մնա, կգաս կիրակի, տասնմեկին, տասներկուսին...

Գամբիտը ցանկապատին հենված մեզ էր սպասում: Նա ընդունում էր, որ մինչեւ բակի դռնակը Ինան իմն է: Կարծես տարակուսում էր, որ այսքան շուտ ենք վերադառնում, ծմծմացնում էր նախատաբար:

Լուսավորված պատուհանում գլուխ երեւաց: Ինան փութաց մտնել բակ:

- Դանակս մնա մո՞տդ,- ցածրաձայն կանչեցի հետեւից:

Նա առանց շրջվելու ձեռքը շարժեց թեթեւակի բարձրացնելով: Շունը ընդունել էր տիրուհուն ինձնից, դունչը սրունքներին քսմսելով ուղեկցեց մինչեւ տան մուտքը: Մի բան էլ ասացի, որից չկարողացավ ծիծաղը զսպել.

- Դրան ասա, դունչը շատ վերեւ չհանի...

Առմուտքում կանգնեց, լրջացավ եւ նոր մտավ:

Վաղուց չէի հաշվում, թե որերորդ անգամ եմ գիշերով անցնում այս ճանապարհը` գետափ-Անտառային-գյուղտեխնիկա:

Սկսվեց շաբաթավերջի սպասումը, առանց գիշերվա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.